Հունվարյան այն գիշերները

Մանկության հիշողություններ Բաքվի 1990 թվականի կոտորածի մասին։

Баку 1990

Իվան Բելկովը՝ Իսպանիայում ապրող նկարիչը, այս պատմությունը Facebook-ում հրապարակեց 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի առաջին օրերին, քանի որ Ադրբեջանից սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր սկսել էին ասել, թե Բաքվի ոչ մի ջարդ չի եղել, և դրանք հայերն են հորինել։ Օգտագործելով #MyFamilyToo հեշթեգը՝ Իվանը մի շարժում սկսեց, որին միացան նաև նույնը վերապրած ուրիշ մարդիկ։

Facebook-ն արագ հեռացրեց սկզբնական գրառումը, քանի որ այն պարունակում էր «Ազեր» բառը, որը սոցիալական ցանցն ադրբեջանցիների համար վիրավորական է համարում, թեև այս դեպքում Ազերը պատմության հերոսներից մեկի իսկական անունն է։ Կալեմոնը հրապարակում է Իվանի պատմությունը՝ փոքր խմբագրումներով։

1990

Մայրիկը մեզ պառկեցրեց քնելու, իսկ ինքը գնաց ննջարան՝ քնին պատրաստվելու. նրա համար դա մի ամբողջ ծես է։ Հորս դեռ հոկտեմբերին գործուղման էին ուղարկել։ Ինչպես հետո իմացանք, մեր շենքի տղամարդկանց մեծ մասն այդ ժամանակ գործուղումների մեջ էր կամ պահակակետերում. այնտեղ սպաների ընտանիքներ էին ապրում։

Արթնացա նրանից, որ մայրիկը փորձում էր ինձ հատակին քաշել՝ պայթյունների ու պատուհանի ապակիների զրնգոցի ձայներից գլուխն ուսերի մեջ սեղմելով։ Քույրս ձեռքը մեկնեց դեպի լամպը, բայց մայրս կտրուկ կանգնեցրեց նրան. «Մի՛ միացրու։ Նրանք կրակում են այն պատուհաններին, որոնցում լույս կա»։ Մայրիկը սողաց դեպի սենյակի դուռն ու նշան արեց, որ հետևենք իրեն։ Այդպես երեքով սողացինք մինչև հյուրասենյակ, որն ավելի մեծ էր, և որտեղ կարող էինք պատուհաններից ավելի հեռու մնալ։

Մայրիկը մեզ թողեց այնտեղ, իսկ ինքը գնաց ննջարան՝ փաստաթղթերը հավաքելու, եթե տարհանում լինի։ Լսում էի, թե ինչպես էր մեկ աղոթում, մեկ անիծում՝ մթության մեջ ցնցելով պահարանը, որի մեջ թղթեր էր փնտրում։ Երբեմն ճչում էր, երբ ինքնաձիգի հերթական կրակահերթն անցնում էր շենքի պատի վրայով։

Վերջապես նա վերադարձավ մեզ մոտ։ Մի ձեռքում փաստաթղթերով պայուսակն էր քարշ տալիս, մյուսում՝ մեր հագուստը, որպեսզի ես ու քույրս փոխվենք ու պատրաստ լինենք։ Երբ նախապատրաստություններն ավարտվեցին, միացրինք ռադիոն, եթե հանկարծ տարհանման ժամը հայտարարեն, ու նստեցինք հատակին՝ բազմոցի մոտ, մայրիկին սեղմված։ Ռադիոյով ուրախ երաժշտություն էր հնչում։ Հիմա էլ հիշում եմ դրա կրկներգը. «Սարա Բարաբու, նա մի կով ունի՝ Մու…» («Սեկրետ» խմբի՝ 1984 թվականին գրված երգը — Կալեմոն)։ Այդ գիշեր այն շատ հաճախ էին կրկնում, մինչև ռադիոն լռեց։ Մինչև առավոտ ո՛չ ռադիոն, ո՛չ հեռուստացույցը չէին աշխատում։ Մենք չգիտեինք՝ ինչ է կատարվում պատերից այն կողմ։

Քնած էի՝ գլուխս մայրիկի ծնկներին դրած։ Նա այդպես նստած մնաց ամբողջ գիշեր՝ սպասելով, թե արդյոք ռադիոյով ինչ-որ բան կասեն։ Երբ առավոտը բացվեց, ու ռադիոն սկսեց աշխատել, լսեցինք հաղորդավարների առույգ ձայները, որոնք պատմում էին մեծ երկրի «նվաճումների» մասին և թռուցիկ նշում, թե «Ադրբեջանում հակամարտությունը կարգավորված է»։ Եվ նորից ուրախ երաժշտություն հնչեց։

Այդ ընթացքում կրակոցները շարունակվում էին, թեկուզ և մեծ ընդմիջումներով։ Որևէ տեղ զանգով կապվելն անհնար էր. կապ չկար։

Շուտով շենքի գնդակոծությունը վերսկսվեց։ Կրկին դողացին սպասքապահարանի գավաթներն ու ափսեները՝ հենց նրանք, որ ամեն ընտանիք պահում է «կարևոր առիթի» համար։

Մենք ապրում էինք Իվան Կռիլովի փողոցում՝ «Գիտությունների ակադեմիա» մետրոյի կայարանից ոչ հեռու. հիմա չգիտեմ՝ ինչ է կոչվում այդ փողոցը։ Մեր շենքը կանգնած էր երկու բարձրահարկերի միջև, որոնց տանիքներից էլ ադրբեջանցի զինյալները կրակում էին մեզ վրա։ Երբ դադարում էին կրակել, ինչ-որ սև պաստառներ էին թափահարում ու ինչ-որ բան գոռում։ Եթե մեկը դուրս էր գալիս պատշգամբ՝ սովորաբար կանայք էին լինում, ու խնդրում դադարեցնել կրակը, նրան անմիջապես ինքնաձիգով գնդակահարում էին։

Մեր շենք ավազակների ամբոխներ չէին ներխուժում թալանելու ու սպանելու համար, ինչպես ուրիշ շենքերում։ Գուցե այն պատճառով, որ զինյալները սպանում էին շենքին մոտեցող ամեն մեկին. նրանց համար միևնույն էր՝ ում վրա կրակել։ Մոտակա շտապօգնության շենքից շտապօգնության մեքենաները փորձում էին մեզ մոտ գալ, բայց ոչ մի մեքենա մեզ չհասավ. նրանց վրա էլ էին կրակում։ Գնդակոծված շտապօգնության մեքենաներից մեկը զինյալները գլորելով բերեցին բակի կենտրոն։ Մեքենային մոտեցող ամեն մեկին տանիքներից գնդակահարում էին։ Սպանված բժիշկների մարմինները դրանից հետո ևս մի քանի օր ներսում մնացին։

Երեկոյան դռան կամաց թակոցը մեզ հանեց ընդարմացումից։ Հարևանուհին էր եկել աղջկա հետ ու խնդրում էր մեզ մոտ մնալ. շատ էր վախենում։ Ավելի ուշ մեկ ուրիշ հարևանուհի եկավ։ Այդպես բնակարանը սկսեց լցվել մարդկանցով։ Մյուս բնակարաններում էլ մարդիկ սկսեցին կանանցից ու երեխաներից կազմված «կոմունալ բնակարաններում» միավորվել, ընդ որում՝ բոլոր ազգություններից։ Բոլորին միավորում էր վախը։ Այդպես սկսվեց երկրորդ գիշերը։ Մարդիկ քնում էին հատակին՝ սենյակներում ու խոհանոցում։

Երեխաների ուշադրությունը շեղելու համար մայրիկը հացի չորուկներով մի մեծ կտորե պարկ հանեց։ Նա հաճախ էր չորացած հացը խորանարդիկներով կտրատում ու չորացնում։ Թե ինչու՝ չգիտեինք և միշտ ծիծաղում էինք Պլեմխոզում նրա կոլտնտեսային մանկության վրա (գյուղ Վոլգոգրադի մարզում — Կալեմոն)։ Բայց հիմա պարկը շատ տեղին էր։ Չէ՞ որ ուտելիք պատրաստել էլ չէր ստացվում. հենց պատուհանի կողքին՝ սալօջախի մոտ, մարդու կերպարանք էր հայտնվում, շատ չանցած՝ սկսում էին կրակել այդ պատուհանին։ Խանութ գնալու մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Վերջացնում էինք այն ամենը, ինչ կար սառնարաններում ու պահեստավորված էր մառաններում։ Որքա՜ն համեղ էին թվում այն ժամանակ տատիկի՝ աշնանն ուղարկած չորացրած խնձորները։

Կանայք գնում էին հարևան «կոմունալ բնակարանները» և երբեմն տխուր լուրեր բերում վիրավոր ու սպանված հարևանների մասին։ Մեկին մոլորված գնդակն էր դիպել։ Մեկը մոռացել էր իրեն ու պատուհանի մոտ ամբողջ հասակով կանգնել։

Մայրիկս քիմիկոս-կենսաբան է և բժշկությունից ավելի խոր գիտելիքներ ունի, քան մյուսները՝ կենսագործունեության անվտանգության դպրոցական դասերից։ Այդ պատճառով բժշկական խորհրդի համար միշտ նրա մոտ էին գալիս։ Այն հարևանները, որոնց մոտ վիրավորներ ու սպանվածներ կային, մեր բնակարան էին գալիս՝ օգնություն խնդրելու, մայրիկը վերցնում էր դեղատուփն ու գնում օգնելու։

***

Հաջորդ օրը մեր բակ մի զրահափոխադրիչ եկավ ու սկսեց պտտվել շենքի շուրջ՝ պարբերաբար կրակելով այն շենքերի տանիքներին, որոնցից կրակում էին խաղաղ բնակիչների վրա։ Ավելի ուշ Ալիևը ստելու է, թե խորհրդային բանակն առանց պատճառի կրակում էր բնակելի շենքերին։

Երբ գնդակոծությունները հանդարտվեցին, որոշ հարևանների հետևից սկսեցին ազգականները գալ ու նրանց տանել։ Բնակարանում մնացինք մենք ու այն առաջին հարևանուհին՝ աղջկա հետ։ Այդ ժամանակ մայրիկն արդեն հասկացել էր, որ մեզ ոչ ոք չի տարհանելու։ Իրավիճակը բոլորովին չհասկանալով՝ մնացինք բնակարանի հատակին նստած, ինքներս մեզ թողնված՝ երկու կին ու երեք երեխա։ Երեկոյան կողմ մեր դուռը բարձր թակեցին։

Բոլորը ցնցվեցին։ Դռան հետևից լսվող ձայնը ծանոթ դուրս եկավ. մայրիկի ծառայակիցն էր՝ Ազեր անունով։ Նրանք միասին աշխատում էին ծովային սահմանապահ ուղեկալում։ Մայրիկը բացեց դուռն ու արցունքներով սկսեց հարցնել, թե ինչ անենք։ Ազերն ասաց, որ նա արագ հավաքվի, միայն փաստաթղթերը վերցնի, և ինքը մեզ բեռնատարով ուղեկալ կտանի։

Մայրիկը նայեց հարևանուհուն։ Նա դստերը սեղմել էր իրեն, աչքերն արցունքներով էին լցված։ Մայրիկը շրջվեց դեպի Ազերն ու ասաց, որ առանց նրանց չի գնա։ Տղամարդը սկսեց բացատրել, որ մեքենան լիքն է, իսկ ուղեկալում կարող են լրացուցիչ խնդիրներ լինել։ Մայրիկը սկսեց աղաչել, և տղամարդը տեղի տվեց։

Կինը խլեց փաստաթղթերով իր պայուսակը, բռնեց աղջկա ձեռքն ու աստիճաններով մեր հետևից սլացավ։ Մուտքի մոտ բեռնատար էր կանգնած, ինքնաձիգներով երկու նավաստիներ օգնեցին մեզ բրեզենտի տակ բարձրանալ՝ մարդկանցով լեփ-լեցուն թափքը, ու մեքենան սլացավ դեպի ծով։

Շուտով ինչ-որ փողոցից ադրբեջանցիներով երկու մեքենա դուրս թռավ, և նրանք սկսեցին կրակել թափքին։ Թափքի հետևը բաց էր, ու երևում էր, որ մեքենան կանանցով ու երեխաներով է բեռնված։ Նավաստիները սկսեցին պատասխան կրակ բացել ու կարողացան մեքենաները հեռավորության վրա պահել։ Բեռնատարը նետվում էր նրբանցքներով՝ փորձելով պոկվել նրանցից, բայց կարողացավ դա անել միայն սահմանապահ ուղեկալի դարպասների մոտ։ Հրաշք է, որ մարդկանցով լեփ-լեցուն մեքենայում միայն մի կին թեթև վիրավորվեց։

Բազայում մեզ կերակրեցին։ Սկսեցինք մեզ ավելի հանգիստ զգալ։ Ճիշտ չեմ հիշում՝ որքան ժամանակ անցկացրինք այնտեղ։ Հիշում եմ, որ երկար քնեցինք։

Ուղեկալում լաստանավ էին պատրաստում՝ մարդկանց անվտանգ վայր տեղափոխելու համար։ Լեփ-լեցուն լաստանավը մեկնեց առանց մեզ, բայց արագ վերադարձավ, որովհետև նրա վրա սկսեցին կրակել ադրբեջանցի զինյալների կողմն անցած Կասպիական ծովային նավագնացության ընկերության նավերից։

Վաղ առավոտյան մեզ արթնացրին։ Ասացին, որ մեքենաներով տարհանում է սկսվել, և Բաքվից դուրս գտնվող օդանավակայանում մեզ ինքնաթիռ է սպասում։ Հավաքվեցինք, դուրս եկանք բակ, որտեղ արդեն կանգնած էին զինվորներ՝ ինքնաձիգները ձեռքներին։ Ազերը բացատրեց, որ ուղեկալն էլ են սկսել գնդակոծել, և այնտեղ մնալն այլևս անվտանգ չէ։ Մեզ նստեցրին բեռնատարը՝ կրկին բրեզենտի տակ՝ ուրիշ ընտանիքների հետ։ Սկսեցինք սպասել մեկնելուն։

Հանկարծ եկավ Ազերն ու մեզ հարևանուհու հետ մեկ այլ մեքենա տարավ, իսկ այն մեքենան հեռացավ։ Ավելի ուշ Ազերը պատմեց, որ այդ մեքենան ուղեկցում էր մի ռուս սպա՝ առանց ինքնաձիգի։ Զինված մարդիկ կանգնեցրել էին բեռնատարն ու գնդակահարել նրան այնտեղ եղած բոլորի հետ։ Ողջ մնացածների մասին տեղեկություն չկար։ Իսկ մեզ հենց Ազերն է տանելու, և նա «նման դեպքի» համար ինքնաձիգ է վերցնելու։ Նաև այս անգամ մեքենայի թափքը պինդ փակեցին բրեզենտով։

Երբ դուրս եկանք բազայի տարածքից, արդեն ցերեկ էր։ Բաքվի կենտրոնում մեր մեքենան ևս մի քանի ընտանիք վերցրեց։ Մեր բեռնատարը միացավ մեքենաների մի փոքր շարասյան։ Բրեզենտի փոքր անցքերից նայում էինք Բաքվին ու հրաժեշտ տալիս մեր երբեմնի սիրելի քաղաքին։ Շարասյունը դանդաղ էր շարժվում, ասես գաղտագողի։ Հեռվից առանձին կրակոցներ էին լսվում։

Ճանապարհին զինյալները մեզ հաճախ էին կանգնեցնում անցակետերում։ Բոլորը սեղմվում էին թափքի հատակին, լռում ու լսում Ազերի ձայնը։ Նա ինչ-որ մեկի հետ վիճում էր, երբեմն ադրբեջաներեն գոռում։ Այդպես գնացինք մինչև երեկո։ Հերթական կանգառին մեքենայի կողին թակոց լսվեց ու մի գոռոց. «Դո՛ւրս եկեք»։ Բրեզենտը հետ գցեցին, իջեցրին մեքենայի կողապատը, և բոլորս տեսանք մի մեծ, չասֆալտապատված դաշտ։ Մեքենան կանգնել էր հռնդացող Իլ-76 ինքնաթիռի մոտ։ Ամբողջ տարածքում՝ որքան աչքը կտրում էր, ո՛չ ցանկապատ կար, ո՛չ շենքեր, ո՛չ էլ նույնիսկ մի խցիկ։ Ամայի տարածք էր։

Հրաժեշտ տվեցինք Ազերին, շնորհակալություն հայտնեցինք փրկելու համար ու մտանք ինքնաթիռ։ Ինքնաթիռը ուղևորատար չէր, այլ բեռնատար՝ տեխնիկա փոխադրելու համար նախատեսված երկհարկանի մի «հանգար», որի երկրորդ հարկում քիչ թվով նստարաններ կային։ Երկրորդ հարկն արդեն զբաղեցրել էին ուրիշ մեքենաներով մեզնից առաջ եկած մարդիկ, մեզ բաժին ընկավ առաջին հարկի հատակը։ Նստեցինք կենտրոնում։ Օդ բարձրացանք ուշ գիշերով։ Այդ ամբողջ ընթացքում ընտանիքներով ու վիրավորներով նորանոր մեքենաներ էին գալիս, իսկ ինքնաթիռը շարժիչները չէր անջատում՝ պատրաստ լինելով ցանկացած պահի օդ բարձրանալ։

Թռիչքի պահին ինքնաթիռն սկսեց ուժեղ ցնցվել, ու մարդիկ գլորվեցին հատակի վրայով, քանի որ անվտանգության գոտիներ չկային։ Քանի որ նստածներից ամեն մեկը հենված էր մեկ ուրիշին, ալիքներով էինք գլորվում։ Գլորվում էինք նաև թռիչքի ընթացքում, երբ օդային փոսերի մեջ էինք ընկնում, ու ավելի ուժեղ՝ վայրէջքի ժամանակ։ Ոչ ոք առանց հուշ մնացած քերծվածքի չհեռացավ։

Ինքնաթիռը վայրէջք կատարեց, պոչամասում դարպասները բացվեցին։ Տեսանք ավտոբուսների անվերջ շարք։ Մեզ ցույց տվեցին մոտակա «Իկարուսը», և մենք վազեցինք դեպի այն։ Արդեն ավտոբուսում մայրիկը համազգեստով վարորդին հարցրեց. «Որտե՞ղ ենք»։ Տղան ժպտալով պատասխանեց. «Մոսկվայում»։

Մենք կորցրինք ամբողջ ունեցվածքը՝ բնակարանը, հագուստը, կահույքն ու այն սպասքը՝ «ավելի լավ ժամանակների համար», բայց պահպանեցինք մեր կյանքը։ Ավելի ուշ «Ընտանիքում զոհեր չկան» ձևակերպմամբ մեզ մերժեցին փախստականի կարգավիճակ տալ։

Բաքվից փախստականներ
Բորիս Յուրչենկո/AP

Մեր բախտը բերեց. մենք տուն ունեինք, ուր կարող էինք գնալ։ Իսկ խառն ադրբեջանա-հայկական ընտանիքները փախչելու տեղ չունեին. նրանց չէին ողջունում ո՛չ Բաքվում, ո՛չ Երևանում։ Շատերը մնացին Բաքվում ու աղոթում էին, որ անվնաս մնան։

Այսօր, երբ տեսնում եմ լուրերը [Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին], հիշում եմ իմ վախն ու ցավով կարեկցում բոլոր այն հայերին, որոնք կրկին այս մսաղացի մեջ են հայտնվել։ Այս պատմությունը երեսուն տարի իմ մեջ եմ պահել ու պատմել միայն ամենամտերիմ մարդկանց։ Սա մանկությանս ամենահեշտ հիշողությունը չէ։ Խուսափում էի այս ամենի մասին հրապարակավ խոսելուց, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։

Բաքվում շահիդների ծառուղի կա. այդպես են նրանք կոչում իրենց այն մարդկանց, որոնք զոհվեցին, երբ խորհրդային զորքերը մտան քաղաք։ Բայց չկա այն օրերին ադրբեջանցիների սպանած հայերի ու ռուսների ծառուղին։

Կուսակցությունն ասաց՝ լռել

Ինքնաթիռից իջնելուց ու ավտոբուսներ նստելուց հետո մեզ տարան մերձմոսկովյան զինվորական զորանոցներ։

Զորանոցները կոկիկ էին, մեծ ու լուսավոր սրահներում շարքերով շարված էին հարդարված մեկտեղանոց մահճակալներ։ Սպաների հանգստի սենյակները երեխաների խաղասենյակներ էին դարձրել։ Անընդհատ նոր խաղալիքներ ու սեղանի խաղեր էին բերում։ Մի մասը թողնում էին մանկական սենյակներում, իսկ մի մասը նվիրում երեխաներին։ Այդպես ես նվեր ընտրեցի մի մեծ պլաստմասսե Բուրատինո ու վազեցի՝ քրոջս ու մայրիկի մոտ պարծենալու։

Զբոսնելու դուրս չէինք գալիս, քանի որ ձմեռային հագուստ չունեինք։ Բաքվից փախել էինք աշնանային բաճկոններով ու վերարկուներով։

Այդ բոլոր օրերին մեր ճակատագրի մասին չգիտեին ո՛չ հայրս, ո՛չ մայրիկի ծնողները։ Հորս հետ զորամասում հեռախոսով կապվելն անհնար էր։ Այդ պատճառով մայրիկը փորձում էր իր ծնողների հետ կապվել փողոցային հեռախոսից ու հեռագրատնից։ Ով գոնե մեկ անգամ այնտեղ եղել է, հիշում է հերթերն ու սարսափելի կապը։

Բազմաթիվ փորձերից հետո մայրիկը վերջապես լսափողում լսեց տատիկի ձայնն ու գոռաց. «Մամա՛, մենք ո՛ղջ ենք։ Մենք Մոսկվայո՛ւմ ենք»։ Բայց կապը կրկին ընդհատվեց։ Մայրիկը կախեց լսափողը, դուրս եկավ շքամուտք ու նստեց աստիճաններին՝ դեմքը ձեռքերով փակած։ Եվ այդ պահին շենքից դուրս վազեց հեռախոսավարուհին ու գոռաց. «Կի՛ն, ձեր համարին կապվել եմ, կապը լավն է, վազե՛ք խցիկ»։

Մայրիկը վեր թռավ ու վազեց նշված խցիկը։ Մյուս ծայրում լսեց հարազատ ձայներ, հասցրեց միայն նորից ասել. «Մենք ողջ ենք, մենք Մոսկվայում ենք, ու Սերգեյին հայտնեք…», դրանից հետո ոչ ոք այլևս չէր կարողանում նորմալ խոսել։ Բոլորը քթները քաշում էին ու լացում։

Զորանոց վերադառնալուց հետո մայրիկը նստեց մահճակալին ու մեզ մի բառ ասաց. «Կապվեցի»։ Եվ խորը քուն մտավ։

Մայրիկը հավաքեց զորանոցի ակտիվ կանանց, ու նրանք գնացին Օստանկինո՝ պահանջելու, որ հեռուստատեսությամբ ճշմարտությունը ցույց տան։ Բայց հսկիչ անցակետից այն կողմ նրանց չէին թողնում։ Բոլոր թղթակիցները, որոնք այն ժամանակ քաղաքական հաղորդումներ էին վարում, նույն բանն էին պատասխանում. «Ադրբեջանի մասին խոսելն արգելված է»։

Բավական արագ մեզ համար Վոլգոգրադի տոմսեր գնեցին։ Տոմսերը չտվեցին. պարզապես ցուցակով ինքնաթիռ էին նստեցնում։ Ընտանիքներին ուղարկում էին միայն այնտեղ, որտեղ նրանց ամենամոտ ազգականներն էին ապրում։ Մայրիկի ծնողները Վոլգոգրադի մարզում էին ապրում, դրա համար էլ մեզ Վոլգոգրադ ուղարկեցին։ Տեղ հասնելուց հետո գնացինք ավտոկայարան ու տոմսեր գնեցինք Կոտովո մեկնող ամենամոտակա ավտոբուսի համար։

Ավտոկայարանում մեզ դիմավորում էին պապիկն ու տատիկը։ Երկար ժամանակ չէին ուզում մեզ բաց թողնել, գրկում էին ու համբույրներով ծածկում։ Մինչև հիմա հիշում եմ այն սառնամանիքն ու նրանց արցունքներից թաց այտերս։

Երբ ինձ ու քրոջս ընդունեցին տեղի դպրոցը, չէի կարող չհիշել Բաքվի իմ դասարանը։ Այնտեղ տարբեր ազգությունների երեխաներ էին սովորում, բայց մեծ մասն ադրբեջանցիներ էին։ Դասարանը համերաշխ էր. կիսվում էինք տնից բերած նախաճաշերով, իրար թողնում էինք ստուգողականներն արտագրել։ Մի աղջկա մայրիկն ամեն շաբաթ քաղցր կարկանդակներ ու փախլավա էր պատրաստում, աղջիկը դրանք դասարան էր բերում ու բոլորին հյուրասիրում։ Այո՛, համեղ բաներ բոլորն էին բերում, չէ՞ որ սա Կովկասն է, որտեղ չեն կարող երեխաներին քաղցրավենիքով ու մրգերով չերես տալ, բայց ամենից շատ հենց այն փախլավան եմ հիշել։

Հայրս արձակուրդ եկավ, կյանքն սկսեց իր հունով ընթանալ։ Մի երեկո լուրերով, այնուամենայնիվ, ցույց տվեցին փախստականներով զորանոցները։ Ըստ երևույթին կանայք հասել էին իրենց ուզածին, սակայն այդ ռեպորտաժում խոսում էին այն մասին, թե ինչով են կերակրում փախստականներին, որքան երջանիկ են երեխաները նոր խաղալիքներով, բայց ոչ մի բառ չհնչեց ջարդերի ու այն մասին, թե ինչից էին փախել հենց այդ՝ Բաքվից եկած փախստականները։

Մայրիկը շարունակում էր բոլոր ատյաններին գրել՝ խնդրելով մեզ փախստականի կարգավիճակ տալ, քանի որ առանց դրա հնարավոր չէր ո՛չ աշխատանքի տեղավորվել, ո՛չ բնակարանի հերթագրվել։ Պատասխանը մեկն էր. «Ձեզ չի հասնում, դուք Բաքվում բնակարան ու աշխատանք ունեք»։ Անհեթեթություն է, բայց մայրիկին պարտավորեցնում էին մինչև աշխատանքից ազատվելը երկու շաբաթ իր աշխատավայրում աշխատել։

Ելք չկար, և մայրիկը գնաց Բաքու։ Ես ու քույրս ոռնոց բարձրացրինք ու սկսեցինք աղաչել, որ մեզ էլ վերցնի։ Բաքվում էին մեր ընկերները, մեր սև կատուն՝ Տիմկան, որին տվել էինք առաջին հարկի հարևաններին։ Բայց մայրիկն անդրդվելի էր։

Մայրիկը մեզ պատմում էր Բաքու այդ վերադարձի մասին։ Փողոցներում շատ մարդիկ էին շրջում սև հագուստներով, ինչը նախկինում հազվադեպ էր։ Մեր բնակարանին դեռ չէին դիպել, այդ պատճառով նա այնտեղ մնաց։ Հորս հետ պայմանավորվել էին, որ բնակարանը կվարձակալեցնեն զինկոմիսարիատին ու իրերը կտանեն։

Գիշերներից մեկին, երբ մայրիկն արդեն քնած էր, շենքի մոտ ինքնաձիգի կարճ կրակահերթ հնչեց։ Այն ժամանակ բնակչության ձեռքին արդեն բավական շատ զենք կար, և երբեմն ինչ-որ մեկը հենց այնպես օդ էր կրակում։ Այդ կրակոցները բավական եղան, որ մայրիկն ուժեղ վախ ապրի, որը մարմնի մասնակի կաթված առաջացրեց։

Առավոտյան մայրիկը դժվարությամբ հասավ հեռախոսին ու զանգեց Ազերին։ Նա մայրիկին տարավ սպաների հոսպիտալը, որը ժողովրդական խոսքում «ԿԳԲ-ականների հոսպիտալ» էին կոչում։ Այնտեղ շատ հայեր կային Սումգայիթից ու Բաքվից, և քիչ թվով ռուսներ։ Այն պատմությունները, թե ինչպես էին նրանք այնտեղ հայտնվել, չէին օգնում, որ նա ապաքինվի։

Բաքվից փախստականներ
Ռոբերտ Աթայան/ՏԱՍՍ

Հայրս թռավ եկավ, և ծնողներս որոշեցին, որ պետք է հավաքել ամենաանհրաժեշտն ու անմիջապես հեռանալ ինքնաթիռով։ Նրանք Մարի Էլի տոմսեր գնեցին ու շուտով մեկնեցին։ Հայրս մայրիկին գրկած էր տանում մուտքից մեքենա, մեքենայից օդանավակայան, և այդպես՝ ամբողջ ճանապարհին։ Մայրիկին մի հիվանդանոց պառկեցրին, հետո՝ մյուսը, փորձում էին վերականգնել նրա առողջությունն ու վերացնել շոկի հետևանքները։

Ուշ աշնանը, երբ մայրիկն արդեն կարող էր երկար ժամանակ առանց օգնության մնալ, հայրս միայնակ Բաքու գնաց՝ իրերը վերցնելու ու բնակարանը վարձով տալու։

Նա վերադարձավ դատարկ աչքերով՝ հետը քիչ իրեր բերելով։ Հարցուփորձին կարճ պատասխանեց. «Զորամասն այլևս չկա։ Բնակարանում ուրիշ մարդիկ են ապրում։ Բերեցի այն ամենը, ինչ բնակարանի նոր տերերը թույլ տվեցին վերցնել»։ Մինչև այսօր, երբ Բաքվի բնակարանի մասին խոսք է բացվում, հայրս անմիջապես լռում է։ Այնտեղ մի բան է պատահել, որի մասին նա ոչ մի կերպ չի ուզում պատմել։

Վերադառնալուց հետո հայրս զինկոմիսարիատ դիմեց՝ փախստականի կարգավիճակի համար։ Նկարագրեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Բայց նրա վրա սկսեցին ճնշում գործադրել, թե մեր ընտանիքն արժանի չէ կարգավիճակի, քանի որ ընտանիքում ոչ ոք չի զոհվել։ Հայրս գրում էր զորամասի ղեկավարությանը՝ կցելով պահպանված փաստաթղթերը, բայց անօգուտ։ Հորս վերադասները սկսեցին նրան պարտադրել թղթեր ստորագրել, որոնցից հետևում էր, թե ծնողներս ամեն ինչ երևակայել են։ Հայրս հրաժարվեց։

Հորս ազատեցին բանակից։ Երկու տարբերակ առաջարկեցին՝ ազատում կամ տրիբունալ՝ խորհրդային բանակի անունն արատավորող կեղծ տեղեկություններ տարածելու համար. ճշգրիտ ձևակերպումը չեմ հիշում։ Այդ օրվանից ծնողներս դարձան քաղաքացիական անձինք՝ առանց աշխատանքի, առանց բնակարանի, բուժման ու օգնության իրավունքի։

Մայրիկը շարունակում էր ատյաններ գնալ՝ բնակտարածք խնդրելով։ Բայց ամեն տեղ մերժում էին։ Մի հաստատությունում մի կին՝ դեպարտամենտի ղեկավարը, գոռաց մայրիկի վրա. «Գիտեմ քո նմաններին, երևի քարտուղար-պոռնիկ ես աշխատել։ Առաջին ինքնաթիռով թռել ես, հիմա էլ մուրում ես։ Քեզ բնակարան չի՛ լինի»։ Մայրիկը տուն եկավ, փակվեց լոգարանում ու երկար լաց եղավ։ Երեկոյան հորս հետ փակվեց խոհանոցում ու ցածր ձայնով պատմեց այդ մասին։ Բայց մենք ամեն ինչ լսում էինք՝ գաղտագողի դռան մոտ գնացած։ Գիտեինք, որ երբ նրանք խոհանոցում առանձնանում են, Բաքվի մասին են խոսում։

Ուշ երեկոներին մայրիկը նստում էր խոհանոցում ու ձեռքով արտագրում նույն նամակը, որը հետո ուղարկում էր այն ժամանակ գոյություն ունեցող բոլոր լրատվամիջոցներին։ Նա ուզում էր պատմել Բաքվի իրադարձությունների մասին։ Բայց երբեք պատասխան չէր ստանում։ Կարծում եմ՝ «Կոմսոմոլսկայա պրավդայի» ինչ-որ խմբագրության արխիվում մինչև հիմա ընկած է նրա նամակը՝ արդեն դեղնած թղթերով։ Իսկ գուցե ոչ։

Տարեցտարի ընտանիքում Բաքվի մասին խոսակցություններն ավելի ու ավելի էին պակասում։ Եթե մեկը հարցնում էր, սովորել էինք կարճ պատասխանել. «Այո՛, Բաքվում ապրել ենք։ 1990 թվականին հեռացել ենք»։ Եթե մեկը ցանկանում էր ավելին իմանալ հեռանալու պատճառների մասին, պատասխանում էինք. «Հորս ուրիշ զորամաս տեղափոխեցին»։ Ծնողներս չէին հավատում, որ որևէ մեկը կհավատա այս պատմությանը։

Ավելի ուշ Ռուսաստանում հայտնվեց «հատուկ ռիսկի ստորաբաժանումը», որտեղ ընդգրկվում էին չեռնոբիլցիներն ու Սեմիպալատինսկ-21-ի (Ղազախստան) փորձարկողները։ Քանի որ ծնողներս միջուկային զենք էին փորձարկել Սեմիպալատինսկ-21-ում, որտեղ, ի դեպ, ես էլ եմ ծնվել, նրանց ընդունեցին այնտեղ։ Մի քանի տարի անց՝ 1997 թվականին, այդ աշխատանքի շնորհիվ մեր ընտանիքին բնակարան հատկացրին։

Հիմա ծնողներս թոշակի են։

Հայրս՝ որպես ռուսական բանակի սպա և «Հատուկ ռիսկի ստորաբաժանման» մասնակից, ստանում է 17 000 ռուբլի (185 եվրո)։ Մայրս ստանում է 15 000 ռուբլի (163 եվրո)։ Ինձ թվում է՝ այս թվերը ցանկացած խոսքից լավ են ցույց տալիս, թե երկիրն ինչով է հատուցել նրանց իրենց ծանր ճակատագրի ու անձնուրաց աշխատանքի դիմաց։

Վերջաբան

Արդեն 30 տարի է անցել, բայց ես հիշում եմ նաև բաքվեցիների բարությունը։ Նրանց ավանդույթները։ Հարսանիքները, որոնց ժամանակ բակերում մեծ վրաններ էին տեղադրում ու ուրախ էին ներս մտնող ամեն մեկի համար։ Նրանց անչափ մեծ սերը երեխաների հանդեպ, այն, որ մեզ միշտ հենց այնպես մրգեր ու քաղցրավենիք էին հյուրասիրում՝ այն բանի համար, որ կայինք։ Փողոցներում մայրիկի գեղեցկության հանդեպ անթաքույց հիացմունքը, որը մի փոքր նյարդայնացնում էր հայրիկին, բայց շոյում մայրիկին։ Քնքուշ ծովը։ Ու մրգերով և ժպտացող մարդկանցով լի բակերը։

Եվ նաև հիշում եմ մեր բակի հսկայական դափնին։ Ճաշի ժամին մոտ բոլոր ազգությունների տանտիկիններն իջնում էին նրա մոտ՝ թարմ տերևներ պոկելու ու հարևանուհիների հետ զրուցելու, կիսվում էին բաղադրատոմսերով, խոհարարական գաղտնիքներով ու շուկայի վերջին բամբասանքներով։ Ժամանակ առ ժամանակ Շայթանի ծոցն ուղարկելով մեզ՝ մոտակայքում վազվզող ու զիլ ճչացող երեխաներիս։ Այդ ծառն իմ հիշողության մեջ մնաց որպես այն Բաքվի խորհրդանիշը, որը ես սիրում էի։