Մաս առաջին․ Մարալ
— Իսկական, պրոֆեսիոնա՜լ։ Կտա՞ս՝ մի քիչ նկարեմ։
Լուսանկարչական ապարատը փոխանցում եմ Մարալին, և նա այն ուղղում է մարդկանց, շենքերի, փողոցի կողմը՝ փորձելով կադր կառուցել ու հրճվանքից վեր թռչելով, երբ իրեն թվում է, թե ստացվեց։
Մայրիկը խոստացել է փող հավաքել ու նրա համար լուսանկարչական ապարատ գնել, եթե Մարալը լավ սովորի։ Եվ նա ուժերի ներածին չափով ջանում է, որովհետև լուսանկարչական ապարատ է ուզում ունենալ «ավելի շատ, քան կիթառ», իսկ իր գյուղի դպրոցն այնքան ձանձրալի է։ Երևանի դպրոցը, ուր արդեն մի քանի օր է՝ ընկերուհու՝ Լիանայի հետ է գնում նրան ընկերակցելու համար, բոլորովին ուրիշ բան է։

Նկարահանման եմ եկել Ասլանի հետ։ Աղջիկներն իրար հերթ չտալով հիանում են նրանով, շոյում ու խնդրում թույլ տալ՝ վզակապով զբոսանքի տանեն։ Պատմում եմ, որ Ասլանը 13 տարեկան է, սրտային անբավարարություն ունի, մինչև կյանքի վերջ դեղ է ընդունելու և շաբաթը մեկ գնում է կլինիկա՝ որովայնի խոռոչից ու թոքերից հեղուկը պունկցիայով հեռացնելու համար․ այսօր հենց հերթական օրն է, և որ նա երկար չի ապրելու։
Արդեն սկսում եմ զղջալ վերջին խոսքերիս համար։ Սովորաբար դրանք տխուր բացականչություններ կամ արցունքներ են առաջացնում, իսկ ես ուզում եմ, որ Ասլանի կյանքում հիմա հնարավորինս շատ ուրախություն լինի։ Բայց դեռահասները՝ Մարալը 12 տարեկան է, Լիանան՝ 16, զարմանալիորեն հասուն են ընդունում լուրը։ Ասլանին ավելի շատ են փաղաքշում, փորձում են ուրախացնել նրան, դանդաղեցնում են քայլերը՝ հարմարվելով շան քայլվածքին, որի համար արագ քայլելն արդեն դժվար է դարձել։

Ճանապարհը փակ է
Մարալն ապրում է Արցախում՝ Մեծ Շեն գյուղում։ Դեկտեմբերի մեկին նա մայրիկի հետ եկել է Երևան՝ շլությունը շտկելու վիրահատության։ Դեկտեմբերի 14-ին պետք է տուն վերադառնային։
Նրանք արդեն գիտեին, որ ճանապարհը փակել են իրենց «անկախ բնապահպաններ» անվանող ադրբեջանցիները։ Մարալի մայրը՝ Սևանը, խոսել էր Մեծ Շենի ոստիկանների հետ, և նրանք խոստացել էին զգուշացնել հայ զինվորականներին ու ռուս խաղաղապահներին, որ թույլ տան անցնել։ Հայ զինվորականներն իսկապես թողել էին, որ անցնեն, իսկ խաղաղապահները սկզբում արգելել էին շարունակել ճանապարհը։
Սևանը բուժքույր է և Մեծ Շենի միակ բուժաշխատողը։ Խաղաղապահների հետ երկար վիճաբանություններից և երկու անցակետերում երեք ժամ սպասելուց հետո նրան հաջողվել էր մուտքի թույլտվություն ստանալ՝ պայմանով, որ իրենց գյուղ տանող մեքենան հետ կվերադառնա։
— Անցանք [երկրորդ] անցակետը, ու ես սկսեցի դողալ, — ասում է Մարալը։ — Հանկարծ մտածեցի, որ ճանապարհը կարող է երբեք չբացվել, որ կարող ենք կորցնել Արցախը, և շատ անհանգստացա։
Մայրիկը շարունակել է ճանապարհը, իսկ Մարալը հետ է եկել Երևան։ Նա դեռ առնվազն մեկ ամիս պետք է բժիշկների հսկողության տակ լինի։ Հիմա այդքան հեռու ծրագրեր կազմելն անթույլատրելի շքեղություն է։
Այժմ նա ապրում է Արմինե Բարխուդարյանի՝ Լիանայի մայրիկի և «Travelling doctors» կազմակերպության բժշկի տանը․ այդ կազմակերպությունն օգնել է իրականացնել նրա վիրահատությունը։
Նա կարոտում է ծնողներին, ամեն օր զանգում է նրանց ու հարցնում, թե ինչ է պետք։ Նրան թվում է, որ սննդով ու դեղերով ծանրոցը խաղաղապահները հաստատ չեն կարող չփոխանցել։
Բայց մայրիկն ասում է, որ հիմա ամենաօգտակար բանը պիկետի գնալն է՝ այն պիկետի, որ ՄԱԿ-ի շենքի առջև դեռ շրջափակման առաջին օրերին կազմակերպել էր Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Սևանը համաձայն չէ պիկետի համար ընտրված վայրի հետ․ նրա կարծիքով՝ նստացույցն ավելի լավ է կազմակերպել կառավարության կամ Ռուսաստանի դեսպանատան շենքի առջև, բայց համարում է, որ համախմբվելը շատ ավելի կարևոր է։
— Գնում եմ այնտեղ, ու լրագրողներն անմիջապես սկսում են ինձնից հարցազրույց վերցնել։
Ես ամաչկոտ եմ, ու մարդկանց հետ շփվելն ինձ հեշտ չի տրվում, բայց երբեք չեմ մերժում․ որքան բարձր գոռանք, այնքան մեծ է հավանականությունը, որ աշխարհը կլսի։ Իսկ գուցե ես միամիտ եմ, ու աշխարհի համար միևնույն է, բայց ավելի լավ է գնալ [պիկետների], քան ընդհանրապես ոչինչ չանել։ Վերջերս ինձ հետ տեսաուղերձ էին ձայնագրել, ու այն տարածվել էր Թվիթերում։ Արի տեսնենք՝ տեսանյութը քանի հավանում է հավաքել։
Մարալը բացում է Թվիթերն ու բացականչում․
— 12 000, օհո՜։
— Դա լա՞վ է։ Ես Թվիթերից այնքան էլ գլուխ չեմ հանում։
— Ես կասեի՝ շա՜տ։
Ես սովոր եմ պատերազմին
Նստած ենք Արմինեի բնակարանում, որը ժամանակավորապես Մարալի տունն է դարձել, ու թեյ ենք խմում։ Մարալը խոսում է արևմտահայերենի ու արևելահայերենի խառնուրդով՝ խոսքի մեջ հյուսելով անգլերեն բառեր ու մի պտղունց արցախյան բարբառ։
— Վախենո՞ւմ ես, — հարցնում եմ։
— Ինձ համար չեմ վախենում, — մի քիչ մտածելուց հետո պատասխանում է Մարալը։ — Ես սովոր եմ պատերազմին։
— Մի՞թե կարելի է պատերազմին սովորել։
— Կարելի է, երբ մանկուց ես տեսնում այն։ Ես Արցախի երեխաների համար եմ անհանգստանում․ չեմ ուզում, որ նրանք տեսնեն այն, ինչ ես եմ տեսել Սիրիայում։
— Իսկ ի՞նչ ես տեսել։
— Երեխաների դիակներ․ մեկը գլուխ չունի, մյուսը՝ ձեռք, փորները պատռած հղի կանանց, երեխաների, որոնց եռման ջրի մեջ էին գցում։ Մոտ չորս տարեկան էի, բայց մինչև հիմա հիշում եմ։
Մարալը ծնվել է Քեսաբում՝ Թուրքիայի սահմանին գտնվող, հիմնականում հայերով բնակեցված քաղաքում։ 2014-ի մարտին «Ալ-Քաիդայի» զինյալները հարձակվել էին քաղաքի վրա՝ կոտորելով տասնյակ քրիստոնյա հայերի։ Մարալի ընտանիքը փախել էր Լաթաքիա և վերադարձել երկու ամիս անց, երբ սիրիական բանակը Քեսաբում վերականգնել էր հարաբերական անվտանգությունն ու ավերված ենթակառուցվածքները։
Թուրքիայի հետ հենց սահմանին գտնվող նրանց տունը գրեթե չէր տուժել․ Մարալը հիշում է, որ միայն պատերն էին փամփուշտների հետքերով ծակծկված ու ծածկված գրություններով՝ «Ալլահու աքբար» և «Դուք հաջորդն եք։ Մենք ձեր հետևից գալու ենք»։ Թուրքերը քառահարկ տունն օգտագործում էին որպես դիտակետ․ այնտեղից քաղաքն ափի մեջ էր երևում։

Մարալի մայրը զինվորական էր ծառայում։ Աղջիկը պատմում է, որ թուրքերը, առանձնապես չթաքնվելով, սկսել էին հետևել իրեն ու հորը, անծանոթ համարներից զանգել և սպառնալ։
— Երբ ավտոբուսով դպրոց էի գնում, տեսնում էի՝ ինչպես են բարձր տեղերում կանգնած մեզ նայում։ Ավելի ճիշտ՝ նրանց կողմն անցած արաբներ էին։
— Ինչպե՞ս էիր հասկանում, որ արաբներ են։
— Հիմնականում մորուք էին պահում, բայց առանց բեղերի։ Ու մազերը միշտ գզգզված էին։ Բայց մոտ չէին գալիս (խորամանկ ժպտում է), գիտեին՝ Սևանի աղջիկը կռվել գիտի։
Բայց հետո թուրքերը զանգել էին մայրիկին ու ասել, որ եթե նա աշխատանքը չթողնի ու երկրից չհեռանա, կարող է մոռանալ ամուսնու և աղջկա մասին։ Եվ մենք մի քանի ժամվա ընթացքում հավաքեցինք իրերն ու տեղափոխվեցինք Երևան, ինչպես մեզնից առաջ շատ ուրիշ սիրիահայեր։
Երկու տարի, երկու տեղափոխություն
Պատմական հայրենիքը բոլորովին պատրաստ չէր փախստականների հոսքին։ Պետությունը նրանց իրավական կարգավիճակ չտվեց, բնակարանով ապահովելու ծրագրեր չստեղծեց։ Մարալը պատմում է, որ ստիպված է եղել փոխել առաջին դպրոցը, որովհետև իրեն տխրեցնում էր, որ երեխաներն անընդհատ մոտենում էին ու հետաքրքրվում, թե իր ընտանիքն ովքեր են՝ թո՞ւրք, թե՞ արաբ։
Սիրիայում կուտակած գումարով Սևանն ու ամուսինը՝ Գարոն, խորտկարան բացեցին։ Գարոն խոհարար է, Սիրիայում ընտանիքը երկու ռեստորան ուներ։ Սակայն փոքր բիզնեսը քովիդի համավարակի ժամանակ սնանկացավ։ Սևանը հիվանդանոցում բուժքրոջ աշխատանք գտավ, իսկ Գարոն՝ շինարարությունում։
Մեկուկես տարի առաջ Սևանին ընկերներից մեկը զանգեց ու առաջարկեց տեղափոխվել Արցախի սահմանամերձ գյուղերից մեկը՝ բուժկետում բուժքույր աշխատելու։ Մեկ շաբաթ անց Սևանն ամուսնու, աղջկա և երեք կատուների հետ տեղափոխվեց Մեծ Շեն։ Գարոն տեղի դպրոցում գիշերային պահակի աշխատանք ստացավ..
— Հասկանում ես, — իմ զարմանքին՝ նման լուրջ որոշումն այդքան հապճեպ ընդունելու առթիվ, պատասխանում է Մարալը, — հայրենասիրությունը՝ հայրենիք, Հայաստան, Արցախ, Սիս-Մասիս, Սևան, Տատիկ պապիկ, մեզ՝ սիրիահայերիս, մանկուց է պարտադրվում։ Ամեն ինչ՝ հայրենիքի համար, հայրենիքից ու նրան ծառայելուց բարձր ոչինչ չկա։ Երևի ես ինքս այնքան էլ մեծ հայրենասեր չեմ, բայց Արցախն իմ տունն է։ Դա… Ո՞նց ասեմ։ Երբ հասկանում ես, որ աշխարհի ուրիշ ոչ մի տեղ քեզ այսքան լավ չես կարող զգալ։

Մեծ Շենում շատ գեղեցիկ բնություն է, ասում է Մարալը։ Շատերը խոզ ու կով են պահում, ու նա կարող է ժամերով նայել, թե ինչպես են կենդանիներն արածում կանաչ բլուրների վրա։ Բայց գյուղում ընդհանրապես անելու բան չկա։ Շատերը հեռանում են։ Դպրոցում հիմա տասներեք աշակերտ կա․ իր դասարանում՝ չորս, իսկ վերջին երեք դասարաններում ընդհանրապես աշակերտ չկա։ Եվս երեք աշակերտ, որոնք մի ընտանիքում են ապրում, պատրաստվում են հեռանալ գյուղից, ու եթե ինքն էլ նման որոշում կայացնի, երեխաներն այնքան քիչ կմնան, որ դպրոցը գուցե ստիպված լինեն փակել։
— Ես չեմ ուզում հեռանալ Մեծ Շենից, — ասում է Մարալը։ — Ես շատ եմ սիրում Արցախը։ Երևանում մարդիկ մի տեսակ նյարդային են, իսկ այնտեղ՝ ուրախ, հանգիստ։ Բայց գաղափար չունեմ, թե դպրոցն ավարտելուց հետո ինչ եմ անելու գյուղում։ Երբ Երևանում էինք ապրում, ամենատարբեր խմբակների էի գնում՝ պարի, լողի, թատերական, իսկ այստեղ ոչ մի զբաղմունք չկա։
Մեծ Շենում մոտ 50 մարդ է ապրում։ Ամենատարեցը, պատմում է Մարալը, 93 տարեկան է։ Ամեն առավոտ իջնում է գյուղի կենտրոն ու մինչև երեկո այնտեղ նստում։ Երբեմն որդին է գալիս նրան տեսնելու։ Իսկ ամենափոքր բնակիչը ծնվել է անցյալ տարի։ Եվս մի քանի մարդ, որոնք գործերով եկել էին գյուղ և Բերձորի միջանցքի փակվելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ, ժամանակավորապես տեղավորվել են գյուղացիների տներում։
Գյուղում աշխատանքի ընդամենը երկու հնարավորություն կա՝ կա՛մ գյուղապետարանում, կա՛մ դպրոցում։ Մարալի ծնողները երազում են նրան զինվորական ուսումնարան ուղարկել, բայց ընտրությունը թողել են աղջկան։
Նոր ճանապարհը
Մարալն ասում է, որ մինչև գյուղով անցնող՝ Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի կառուցումը Մեծ Շենում կյանքը զգալիորեն ավելի հանգիստ ու անվտանգ էր։ Ճանապարհն անհարթ էր, քարքարոտ, մեքենաները դանդաղ էին անցնում։ Հիմա այն հարթ ասֆալտապատ է, դրանով խելահեղ արագությամբ սլանում են թե՛ մարդատարները, թե՛ բեռնատարները, ու մեքենայի տակ ընկած կենդանիներն արդեն սովորական բան են դարձել։ «Ճանապարհի այն կողմում» ապրող երեխաներն ամեն օր ստիպված են այն վազելով անցնել երկու անգամ՝ դպրոց գնալիս ու վերադառնալիս։
Մայրուղին կառուցում էին ադրբեջանցի բանվորները՝ թուրք աշխղեկների ղեկավարությամբ։ Նրանց հսկում էր ռուս խաղաղապահ Սյոման՝ մոտ 26-27 տարեկան մի երիտասարդ տղա։
— Շատ լավն էր, բոլորս նրան սիրում էինք։ Պատահում էր՝ բանվորները խոսք էին գցում կամ հեռախոսներով նկարում մեր աղջիկներին։ Սյոման վազում էր նրանց հետևից ու ստիպում ջնջել լուսանկարները։ Աշխատանքից հետո կարճ տաբատ էր հագնում ու մեզ հետ վոլեյբոլ խաղում։
Մարալն ասում է, որ շատ բանվորներ փորձում էին ընկերանալ գյուղացիների հետ, ոմանք նույնիսկ մաքուր հայերեն էին խոսում։ Մեծերը չէին արգելում երեխաներին հեռվից շփվել նրանց հետ, բայց մոտենալ թույլ չէին տալիս։ Անատամ պառավները դուրս էին գալիս ճանապարհի մոտ, միայն լնդերով չրթում արևածաղկի սերմերն ու ցածրաձայն, առանց չարության անեծքներ ուղարկում բանվորների հասցեին։

Պատահում էր՝ շինարարները բժշկական օգնության կարիք էին ունենում․ օրինակ՝ արևից այրվածքներ էին ստանում, կամ մեկի ճնշումն էր բարձրանում։ Երբ առաջին բանվորը՝ թուրք աշխղեկը, եկավ Սևանի մոտ ու խնդրեց օգնել իրեն, նա նայեց նրա այրված ձեռքին ու մտախոհ ասաց․
— Կարող եմ թթվով ցողել, է՛լ ավելի սիրուն կդառնա։
Թուրքը կատակը չգնահատեց, վախեցավ ու փախավ։ Բայց Սևանը խաղաղապահին ուղարկեց նրա հետևից ու մշակեց այրվածքները։ Մարալը պատմում է, որ աշխղեկն անվերջ շնորհակալություն էր հայտնում ու հայտարարեց, որ Սևանն այսուհետ իր քույրն է։
— Բայց մայրիկին դա շատ վրդովեցրեց։ Նրան ասաց, որ այլևս չհամարձակվի նման բան կրկնել։ Նրան օգնել է որպես մարդու, որովհետև [Հիպոկրատի] երդում է տվել, բայց ատում է նրան որպես թուրքի ու չի կարող նրա քույրը լինել։ Բայց դա նրան չկանգնեցրեց, — ծիծաղում է Մարալը, — և մինչև վերջ կրկնում էր, թե ինչպես է սիրում ինձ ու մայրիկին։ Ճիշտ է՝ նրա մեջքի հետևում․ մայրիկից բոլորը մի քիչ վախենում էին։
Մարալն ասում է, որ Սյոմայի ղեկավարությունն իմացել է, որ նա երեխաների հետ վոլեյբոլ է խաղում, ու նրան տեղափոխել են։ Ճանապարհաշինության ավարտին նախորդող վերջին երկու օրը գյուղացիներն ադրբեջանցի բանվորների հետ մենակ էին մնացել։
Համեղ ֆալաֆել
Երեկոյան միասին իջնում ենք ՄԱԿ-ի շենքի մոտ։ Մարշալ Բաղրամյան պողոտայում խցանումներ են։ Մարալը պատմում է, որ գյուղում աղջիկ լինելը հեշտ չէ։
— Միայն պահանջներ ու արգելքներ են։ Պարտադիր պիտի զգեստ ու կիսաշրջազգեստ հագնես, նստելիս ոտքերդ իրար մոտ պահես, համեստ ու հնազանդ լինես, թե չէ ոչ ոք քեզ կնության չի առնի։ Մի խոսքով՝ իսկական ձանձրույթ։ Ես զգեստներ չեմ սիրում, սիրում եմ տաբատ հագնել։ Նաև կրակել ու կռվել գիտեմ։
Մինչ մենք մեքենաների հոսքի մեջ դանդաղ առաջ ենք շարժվում, Մարալը պատմում է իր առաջին կռվի մասին, երբ մոտ յոթ տարեկան էր։
— Դա դեռ Սիրիայում էր։ Մեր դպրոցում մի տղա կար՝ Յուսեֆը, որն անընդհատ ինձ ծեծում էր․ տուն էի գալիս մեկ կապտած աչքով, մեկ կոտրված ատամով ու լացում։ Մայրիկը բարկանում էր, ասում՝ ես զինվոր եմ, իսկ աղջիկս իրեն պաշտպանել չգիտի։ Մի անգամ էլ տեսնեմ՝ լացում ես, քեզ կծեծեմ։ Մի օր զզվեցի․ մի կողմից՝ այդ Յուսեֆը, մյուս կողմից՝ մայրիկը, չգիտես՝ որն է ավելի սարսափելի։ Ու երբ այդ տղան հերթական անգամ ինձ պատին դեմ արեց ու այդպիսի մեղրածոր ձայնով ասաց․ «Դե, այսօր ի՞նչ ենք անելու», ինձ համար էլ անսպասելի ասացի․ «Յուսեֆին ենք ծեծելու»։
— Մայրիկն ինձ բռնցքամարտի հնարք էր սովորեցրել՝ ձախ հուկ ծնոտին։ Հարվածեցի, ու նա ընկավ։ Իսկ ես սկսեցի լացել․ կյանքումս առաջին անգամ էի մարդու խփել։ Հետո արդեն սովորեցի, ու ինձ նեղացնողներին պատժելն ավելի հեշտ դարձավ։ Մի անգամ մի տղա կոտրեց այն գրիչը, որ մայրիկն էր ինձ նվիրել։ Իսկ մայրիկը դիրքերում էր, ու արդեն երեք ամիս նրանից լուր չկար։ Աչքերս արցունքով լցվեցին։ Ծնկով հարվածեցի նրա դեմքին։ Աղմուկ բարձրացավ, ուսուցիչը, տնօրենը վազելով եկան։ Բայց ինձ չպատժեցին, իսկ մայրիկը հենց նույն օրը վերադարձավ։ Այդ տղայի հետ հետո ընկերացանք, իսկ Յուսեֆին դպրոցից հեռացրին։
Կենտրոնում մեքենան կայանում ենք բազմահարկի բակում ու շարունակում ոտքով։ Մարալի հետ անհնար է հանգիստ քայլել փողոցներով․ նա ոչ մի անտուն շան կամ կատվի կողքով անտարբեր չի անցնում։ Տեսնելով, թե ինչպես է մի հաստլիկ շեկ կատու անճարակ փորձում անցնել փողոցը՝ թաքնվելով մեքենաների անիվների տակ, աղջիկը վազում է նրա մոտ, գրկում ու տանում ճանապարհի մյուս կողմը՝ ապահով խոտերի մեջ։
Մարալը կարոտում է իր կատուներին, որոնք թեև մի ընտանիք են, բայց բոլորովին տարբեր բնավորություններ ունեն։ Սևուկը, օրինակ, տնակյաց է։ Նրա դուստրեր Միմիին ու Բլոճին թափառական կյանքն է դուր գալիս․ նրանք կարող են օրերով, նույնիսկ ամիսներով անհետանալ, թեև ստերիլիզացված են։
Մարալը հիացմունքով նայում է հագուստի խանութների ցուցափեղկերից ներս։
— Սիրիայում շատ լավ էինք ապրում։ Այնտեղ թե՛ բուժաշխատողները, թե՛ զինվորականները շատ են վաստակում։ Իսկ Մեծ Շենում նեղ պայմաններում ենք ապրում, ու ես հազվադեպ կարող եմ ինձ լավ հագուստ թույլ տալ։ Նույնիսկ ամաչում եմ Լիանայի դպրոց գնալ, որովհետև հագուստս կարգին չէ։
Հասնում ենք ՄԱԿ-ի գրասենյակ։ Ես էլ Մարալի նման վստահ չեմ, թե մեր մասնակցությունն արդյունավետ կլինի, բայց համաձայն եմ նրա հետ․ ավելի լավ է մյուսների հետ այնտեղ կանգնել ու հուսալ, որ դա ինչ-որ բանի կհանգեցնի, քան տանը մաշվել սեփական անզորության զգացումից։
Պիկետում ելույթ են ունենում Արտակ Բեգլարյանը, Արցախի նախկին օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, որը ջերմորեն ողջունում է «Սևանի աղջկան», Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը և ուրիշներ։
Շրջափակման իններորդ օրն է։ Գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվելու է Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը փակելու հարցը, և ելույթ ունեցողները շեշտում են մարդկանց համախմբվելու ու հենց հիմա Արցախին համերաշխություն հայտնելու կարևորությունը։
ՄԱԿ-ի շենքի մոտ շատ ցուրտ է։ Մարդիկ քիչ են, ավելի շատ՝ տղամարդիկ։ Ինձ թվում է՝ հայ տղամարդկանց ոտքին ձմռանը հազվադեպ կտեսնես տաք կոշիկ, դրա համար էլ, երբ միացնում են դեղնասև ջերմային թնդանոթը, հենց նրանք են առաջինը ձգվում դեպի տաք օդի հոսքը։ Մի քանի վայրկյան ոտքերը դեմ են տալիս ու շտապ տեղը զիջում ինձ և Մարալին։ Աղջիկը նստում է աթոռին, ոտքերը մեկնում ջեռուցիչի կողմն ու փչում մատներին իմ փոխ տված տաք ձեռնոցների միջով․ իրենը չէր բերել, դեկտեմբերի սկզբին դեռ բավական տաք էր։
Պիկետում հանդիպում ենք «Իլիկ» սրճարանի տիրուհի Անահիտին ու գնում նրա մոտ՝ նռան ու խնկունու թեյ խմելու և ֆալաֆել ուտելու։ Մարալը, որը Սիրիայից է ու կարոտում է այնտեղի ուտելիքը, խոստովանում է, որ վաղուց այսքան համեղ ֆալաֆել չէր կերել։
Դեկտեմբերի 12-ից Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, փակել են իրենց «անկախ բնապահպաններ» անվանող ադրբեջանցիները։
«Շրջակա միջավայրի պաշտպանները» պահանջում են դադարեցնել «Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների ապօրինի շահագործումը» և իրենց թույլ տալ հանքերում մշտադիտարկում իրականացնել։ Խոսքը Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքերի մասին է, ուր ադրբեջանցիները փորձել էին ներխուժել դեկտեմբերի 10-ին, բայց նրանց կանգնեցրել էր հանքի պահպանությունը։
Ճանապարհի փակվելն Արցախի 120 000 բնակիչների՝ այդ թվում երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող մարդկանց, հատուկ դեղերի կարիք ունեցողների, կտրել է արտաքին աշխարհից, բաժանել երեխաներին ու ծնողներին, որոնք ճանապարհի փակվելու պահին տարբեր կողմերում էին հայտնվել։ Առաջին օրերին Ադրբեջանն ընդհատել էր Արցախի գազամատակարարումը․ գազատարն անցնում է 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքով, ավելի ուշ մատակարարումը վերականգնվեց։
Խանութների դարակներից անհետացել են բազմաթիվ սննդամթերքներ ու առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղատներից՝ կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցներ, մանկական սնունդ, վառելիքի պակաս է զգացվում։
Վերակենդանացման բաժանմունքում սպասում են ծանր հիվանդներ, որոնց անհրաժեշտ է տեղափոխել Երևանի հիվանդանոցներ (հրապարակման պահին մեկ հիվանդ մահացել էր, երկուսին տեղափոխել էին Կարմիր խաչի շտապօգնության մեքենաները)։




