Երկու տարի առաջ այս օրը նա մոտեցավ ինձ ու հրավիրեց իր մոլորակ։ Տարավ ինձ այնտեղ, որտեղ ամեն ինչ հավասար էր անհավասարին, որտեղ սերն ու ատելությունը միմյանց կողմ էին և դեմ՝ ու երկուսն էլ կատարյալ էին, որտեղ տխրությունն ու ուրախությունն անվերջ խաղ էին խաղում, որտեղ կատուներն ու շները, հասկանալով, չէին հասկանում իրար, որտեղ ամեն ինչ շուռ տված էր՝ այնքան, որ ճիշտ էր դառնում։
Նա ինձ այնտեղ տարավ ու սովորեցնում էր՝ համբերատար ու հանգիստ։ Նա սովորեցնում էր, ես սովորում էի։ Ու անհամբեր սպասում հաջորդ ճամփորդությանը։ Ոչ ոքի չէի լսում, ոչ ոք ինձ չէր հասկանում, ինձ ասում էին, որ կորչում եմ, բայց ես անցա կյանքիս ամենահետաքրքիր ճամփորդությունը։
Նա ամենալավ վատն էր, նա անհասկանալի մի երևույթ էր, որին ես չափազանց շատ էի սիրում, որն ինձ չափազանց շատ էր սիրում…
01 նոյեմբերի 2020։ Նինայի ֆեյսբուքյան գրառումից։
Լավ վատը
Խոսոյին երեք անգամ եմ տեսել։ Բոլոր անգամները՝ Նինայի հետ, պատահաբար ու միշտ՝ Սարյանի այգում։ Վերջին անգամ կամ ուշ գարնանն էր, կամ վաղ ամռանը։ Կարծեմ մեզնից մեկը շտապում էր։ Մի երկու խոսք փոխանակեցինք ու բաժանվեցինք։
Ինձ բռնեցրի այն բանի վրա, որ Նինայի ընկերոջից նույն զգացողությունն ունեմ, ինչ նախորդ անգամներին․ ասես նրան մի թաղանթ է շրջապատում՝ միաժամանակ թափանցիկ ու մութ, փոշոտ սարդոստայնի նման։ Ուզում ես և՛ շուտ դուրս պրծնել այդ դաշտից, և՛ միաժամանակ անցք բացել դրա մեջ ու տեսնել, թե ինչ է թաքնված ներսում։
Բայց Խոսոն շատ քչերին էր թույլ տալիս դա անել։ Ամենից շատ, երևի, Նինային։
— Խոսոն միշտ ձգտում էր ավելի վատը երևալ, քան կար։ Ես նրանից ահռելի դրական էներգիա էի ստանում, իսկ ընկերներս ասում էին, թե նրանից միայն բացասականն է գալիս,— ասում է Նինան։ Ու ծիծաղում։

Ձմեռ է։ Նստած ենք Կասկադի բացօթյա սրճարանում՝ պատերազմից հետո անհուսորեն փոխված աշխարհում։ Կոնաձև գազային տաքացուցիչն ամբողջ ուժով փորձում է տաքացնել մեզ։ Նինան սև սպորտային բլուզով է, եղունգներին՝ սև լաք։ Նինան սիրում է սև գույնը՝ դրանով իրեն պաշտպանված է զգում։ Ձեռքերը թեթև դողում են։ Նրա առջև դրված խնձորի թեյը ևս մի ժամ կմնա անձեռնմխելի։
Նինան 19 տարեկան է, մի ամսից կլինի 20։ Նինային ճանաչում եմ նրա 8-9 տարեկանից։ Փոքրիկ գանգրահեր Նինային, որին ձի հեծնել էի սովորեցնում, որը մեքենայից դուրս էր թռչում ու «Ո՜նց էի կարոտել» բացականչելով՝ նետվում գիրկս, հետո քրքջալով փորձում ոտքի վրա մնալ մեր ալաբայ Ասլանի սիրառատ ցատկերի տակ։
Առջևս նստած աղջկա մեջ փորձում եմ որսալ ծանոթ, հավերժ երեխա Նինուկին։ Բայց ծանոթ բաներից մնացել է միայն նրա անսովոր ծիծաղը։ Այն միանգամից է սկսվում՝ առանց բերանի անկյունների վեր սողալու, առանց նախնական ժպիտի, ու միանգամից էլ ավարտվում է։ Աչքերի անկյուններում հայտնվող «ծիծաղակետերը» ցրվում են, երբ ծիծաղը դադարում է։
— Նա մարդկանց մեջ սիրում էր ծաղրածություն անել։ Երբ հարցնում էի, թե ինչու է իրեն այդպիսի վատ ու անհաս տղայի տեղ դնում, կարծես դիտմամբ մարդկանց իրենից վանում, պատասխանում էր․ «Որ չկապվեն։ Որ ոչ ոք ինձ չսիրի, թե չէ հետո վատ են լինելու»։
— Կարծում ես՝ զգո՞ւմ էր, որ շուտ է հեռանալու։
— Հիմա հասկանում եմ, որ միշտ զգացել է։ Անցած Նոր տարին նշում էինք նրա ընկերոջ ամառանոցում՝ մեր սիրելի վայրում։ Հյուրերից հետո, խնջույքից հոգնած, երկուսով նստած զրուցում էինք։ Ու նա հանկարծ ասաց․ «Սա իմ վերջին Նոր տարին է»։ Այն ժամանակ անհոգ խնդրեցի, որ հիմարություններ չասի, իսկ նա կրկնեց․ «Իրոք գիտեմ, սա իմ վերջին տարին է, կարծես այս աշխարհի համար չեմ»։
Նրա զոհվելուց հետո արդեն Խոսոյի ընկերները Նինային ցույց տվեցին հրաժեշտի երեկույթի տեսանյութը, որը կազմակերպել էին նրան պատերազմ ճանապարհելիս։ Տեսանյութում ընկերը հարցնում է․ «Ո՞ւր ես գնում, Խոս»։ Խոսոն մատով ցույց է տալիս երկինքը ու պատասխանում․ «Վերև»։

Նինան երեկույթին չէր եղել։ Խոսոյի հետ բաժանվել էին պատերազմի սկսվելուց մեկ ամիս առաջ։ Վատ էին բաժանվել՝ երկար վեճերից հետո։ Փողոցում պատահական հանդիպումների ժամանակ Նինան կասեցնում էր խոսելու նրա փորձերը։ Խոսոյի՝ կամավոր առաջնագիծ մեկնելու նախօրեին ընկերները Նինային փոխանցեցին, որ նա ուզում է տեսնվել։ Նինան որոշեց, որ դեռ պատրաստ չէ հանդիպելու, թող բարով-խերով վերադառնա, այդ ժամանակ անպայման կհանդիպեն ու ամեն ինչի մասին կխոսեն։
Նինան պատրաստվում էր ԱՄՆ գնալ՝ Դիսնեյի ստուդիայում անիմացիայի դասընթացների։ Ուզում էր առաջ գնալ, իր կյանքը կառուցել, վախենում էր հիմար վեճերով նախկին առօրյային վերադառնալուց։ Խոսոն ընկերներին ասել էր․ «Ոչինչ, այ կվերադառնամ, կնշանվենք, դեռ կտեսնի»։
Սեպտեմբերի 26-ին Նինան ու ընկերները հավաքվել էին ակումբում՝ նրա հրաժեշտի երեկույթին։ Ողջ գիշեր զվարճացել էին, լուսադեմին հոգնած՝ քնելու փլվել մտերիմ ընկերուհու տանը։ Նինան արթնացավ գոռոցներից։ Կողքի սենյակում քնած ընկերը գոռաց, որ պատերազմ է սկսվել։ «Ո՞վ։ Ո՞ւմ հետ»,— քնաթաթախ հարցրեց Նինան։ «Մենք, մենք պատերազմի մեջ ենք»,— պատասխանեց նա։
Ներկայություն
Չի կարելի ասել, թե պատերազմ գնացած Խոսոն հաճախ էր հայտնվում Նինայի մտքերում։ Բայց հոկտեմբերի 25-ի երեկոյան աղջիկը տագնապ զգաց։ Ողջ գիշեր չկարողացավ քնել։ Լուսադեմին սկսեց նայել իրենց համատեղ լուսանկարները, միացրեց այն երաժշտությունը, որը երկուսով էին լսում։
Առավոտյան 8-ին վերջապես հաջողվեց քնել։ Երկու ժամ անց Նինան վեր թռավ, ասես վատ երազից, միանգամից բացեց նոթբուքը, ու առաջին բանը, որ տեսավ, Խոսոյի լուսանկարն էր՝ ընկերոջ տեղադրած․ «Մեր Խոսոն էլ լույս դարձավ» գրությամբ։
— Աչքերիս առաջ մթնեց։ Գնացի, արթնացրի մայրիկին, ասացի, որ Խոսոն այլևս չկա։ Մայրիկը գրկեց ինձ ու լաց եղավ։ Ընդհանրապես ծնողներս երբեք չեն խրախուսել մեր հարաբերությունները, բայց Խոսոյի մահը շատ ծանր են տանում։ Պատերազմում մանկության ընկերոջս եմ կորցրել, դասընկերներիս, շատերը սարսափելի վիրավորումներ են ստացել։ Չեմ պատկերացնում՝ ինչպես կկարողանայի դիմանալ առանց ծնողներիս հզոր աջակցության։

Թե ինչպես անցավ օրը, Նինան աղոտ է հիշում։ Գիշերն արթնացավ տարօրինակ թրթռոցից։ Նայեց հեռախոսին՝ չէր թրթռում։ Սենյակում ինչ-որ սև բան նկատեց։ Ամուր փակեց աչքերը, իսկ երբ բացեց, սևն անհետացել էր։ Իսկ մի քանի օր անց Նինան երազ տեսավ։
— Գևի հետ ինչ-որ տեղ նստած էինք, խմում էինք, Խոսոյին հիշում ու ծիծաղում։ Ու հանկարծ նա հայտնվեց։ Ասաց, որ եկել է ինձ տուն ուղեկցելու։ Սկսեցի հարցուփորձ անել՝ այնտեղ ինչպե՞ս է, ինչպե՞ս է կարողացել վերադառնալ, հետո ի՞նչ է լինելու։ Պատասխանեց․ «Դու խելացի աղջիկ ես, ինքդ գիտես», գրկեց ինձ, ու ես արթնացա։
Նինան հիմա էլ է զգում Խոսոյի մշտական ներկայությունը։ Երբեմն լարում է, բայց ընդհանուր առմամբ լավ զգացողություն է։
— Օրինակ՝ երբ ուզում եմ լաց լինել, ինքս ինձ ասում եմ՝ Նինա, վերջ տուր, Խոսոն կբարկանա։ Նա տանել չէր կարողանում, երբ լաց էի լինում։ Ու չեմ լացում։ Նաև, եթե երեխայական մի բան էի անում, ասում էր․ «Էս երեխեքը որտեղի՞ց են հայտնվում»։
Անցած Նոր տարուն Նինան Խոսոյին մի կատվի ձագ էր նվիրել՝ բրիտանական ու վանա կատուների խառնուրդ։ Խոսոն որոշել էր նրան Ռուդոլֆ անվանել՝ ի պատիվ Ռուդոլֆ Հեսի (գերմանացի քաղաքական գործիչ, մինչև 1941 թվականը՝ նացիստական կուսակցության առաջնորդ, ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում, դատապարտվել Նյուրնբերգյան դատավարության ընթացքում, ինքնասպան եղել 1987-ին — Կալեմոն)։ Կատուն մեծացավ ու հսկա հաստլիկ դարձավ։ Քնում է բացառապես Խոսոյի անկողնու վրա։
Խոսոյի զոհվելուց մի քանի օր անց Նինան ու նրա քույրը նստած էին նրա սենյակում, լուսանկարների ալբոմներն էին թերթում։ Պատից ժպտում էր Խոսոն՝ կարմիր հուդիով, որով մեկնել էր ռազմաճակատ․ հազվադեպ լուսանկար, որտեղ ժպտում էր։

Ռուդոլֆին հաջողվել էր դուրս պրծնել չկողպված դռնից։ Երկար փնտրտուքներից հետո Նինան նրան հայտնաբերել էր ձեղնահարկում՝ ճաղավոր դռան հետևում։ Ստիպված էին փնտրել բանալի ունեցող հարևանին, որ դուռը բացեն ու կատվին ազատեն։
— Այս ամենը երևի մի 40 րոպե տևեց։ Ռուդոլֆի հետ վերադարձա սենյակ՝ շնչակտուր, գզգզված մազերով, նստեցի բազմոցին։ Նայում եմ՝ Խոսոն լուսանկարում բացահայտ ծիծաղում է վրաս։ Ասես նորից հարցնում է․ «Էս երեխեքը որտեղի՞ց են հայտնվում։ Մի կատու չեն կարողանում բռնել»։
Վալհալլայում նարդի են խաղում
Խոսոն կռվում էր Հադրութում։ Ջոկատի ամենափոքրն էր՝ 25 տարեկան։ 40-50 տարեկան տղամարդիկ անընդհատ փորձում էին հոգ տանել նրա մասին, հեռու պահել ծանր մարտերից, իսկ նա անընդհատ նետվում էր ամենաթեժ կետը։
— Նա միշտ ասում էր, որ առաջինը կգնա, եթե պատերազմ սկսվի։ Ասում էր․ «Որ թուրքն ինձ իմ տանը չսպանի»։
Խոսոն Հադրութ էր գնացել Գևի հետ։ Միանգամից պայմանավորվել էին, որ կփորձեն իրարից հեռու մնալ, որպեսզի, եթե մի բան պատահի, գոնե երկուսի հետ միաժամանակ չպատահի։ Գևը մասնակցել էր Ապրիլյանին, ի տարբերություն Խոսոյի՝ նա գիտեր, թե ինչ է պատերազմը։
Գևը լսել էր ականանետի արկի պայթյունը։ Վազել էր այդ կողմ։ Հասնելով՝ տեսել էր ընկերոջ մարմինը՝ դեռ բաբախող սրտով։ Երկու րոպե անց սիրտը լռել էր։
Նինայի հետ մեր հանդիպման հաջորդ օրը Խոսոյի քառասունքն է։ Ընկերները դեռ փորձում են Հադրութ վերադառնալու ու նրա աճյունը բերելու միջոց գտնել։
Գևը Խոսոյից ընդամենը 7 տարով էր մեծ։ Բայց առանց հոր մեծացած ընկերոջը որդու պես էր խնամում։ Այդպես էլ ասում էր․ «Իմ տղան»։ Նինան ասում է, որ հիմա Գևի հետ անհնար է խոսել։ Անընդհատ կրկնում է․ «Չպահեցի իմ տղային, նա Վալհալլայում իմ տեղը զբաղեցրեց»։ Հենց այնտեղ էր Խոսոն երազում հայտնվել մահից հետո։
Խոսոն զոհվել էր Գևի ծննդյան օրը։
Նրանց 60 հոգանոց ջոկատից միայն յոթն էին վերադարձել։
Երբ Նինան ու Խոսոն բաժանվել էին, երեխայի պես իրար հեռացրել էին ֆեյսբուքյան ընկերներից։ Այն օրը, երբ Նինան իմացավ նրա մահվան մասին, ընկերության հայտ ուղարկեց նրան։ Դժվար է ասել՝ ինչու։ Կամ հիմար հույս կար, վերլուծում է նա, կամ… Անորոշ ուսերն է թոթվում։
Երբեմն Նինան բացում է Ֆեյսբուքը, նայում «friend request sent»-ին, ինքն իրեն կրկնում, որ իր հայտը երբեք չի ընդունվելու։ Դա անհարմարություն է առաջացնում։ Հետո իրեն հիշեցնում է՝ նա այստեղ է, վերևում, կողքին, մենք առանց այդ էլ շփվում ենք։
— Եթե բաժանված չլինեինք, երևի ինձ համար ավելի ծանր կլիներ, չգիտեմ։ Առաջին շաբաթը շատ վատ էր, քայլում էի… ինչ-որ սպիտակ, դատարկ։ Հսկայական մեղքի զգացում կար, որ մեկնելուց առաջ հետը չէի տեսնվել։ Հետո ինձ հավաքեցի, ինքս ինձ հրամայեցի դիմանալ՝ չեմ տեսել, ուրեմն այդպես էր պետք։
Անընդհատ պատկերացնում եմ, թե ոնց է հիմա այնտեղ Օդինի հետ ժամանակ անցկացնում, ասենք՝ նարդի են խաղում։ Երբեք չէի մտածել դրա մասին, երբեք ինձ որևէ կրոնի չէի դասել։ Բայց հոգուս խորքում երևի հավատում եմ, որ մահից հետո ինչ-որ բան կա։
Հասցնել ապրել
Նինան մի կում է անում արդեն սառած թեյից։ Իմ միջով ժպտում է կողքով անցնող ծանոթին։ Շատ երկար եղունգներ ունի։ Նինան չի սիրում դրանք կարճացնել։ Մազերն էլ չի սիրում կտրել, նույնիսկ ճյուղավորված ծայրերը։
— Ինձ թվում է՝ դրանց մեջ է իմ ամբողջ էներգիան, ու երբ նույնիսկ մազերիս ծայրերն են կտրում կամ թեկուզ մի քիչ խարտում եղունգներս, դատարկված եմ զգում։ Ասես ինչ-որ կարևոր բան հեռանում է ինձնից։ Մտածում էի, որ երբ պատերազմն ավարտվի, կգնամ, մազերս կկտրեմ, որ ազատվեմ այն ամենից, ինչ կուտակել են մազերս, բայց հետո հասկացա, որ ամբողջ վատի հետ այնքան տեղեկություն եմ ձեռք բերել, այնքան ուժեղ եմ դարձել, որ եթե մազերս կտրեմ, այդ ուժն էլ կհեռանա։ Այնքան անգամ է ինձ թվացել, որ թույլ եմ, չեմ դիմանա, իսկ հետո դիմանում էի ու առաջ գնում։
Ու մի քիչ լռելուց հետո․
— Խոսոն շատ էր սիրում ճակատիս ցցված մազիկները։ Ասում էր՝ նայի՛ր, Նինել, փոքրիկ արևների նման են։ Ինձ Նինել էր ասում։
Խոսոն դադար չուներ։ Առավոտյան վեր էր կենում ու անմիջապես սկսում մտածել, թե այսօր ինչ անսովոր, հետաքրքիր բան անի։ Նրա կյանքի ամեն վայրկյանը պետք է հագեցած լիներ, վառ։ Ասես ձգտում էր հասցնել հնարավորինս շատ ապրել։
Խոսոն ինքնաբուխ էր։ Կարող էր գիշերվա երեքին զանգել ու ասել՝ հավաքվի՛ր, Սևան ենք գնում։ Ու գնում էին։ Ու անպայման արկածների մեջ ընկնում։ Եթե ուրիշ ոչինչ էլ չպատահեր, բենզինն անպայման ճանապարհին վերջանում էր։

Նինայի շրջապատը Խոսոյին չէր հավանում։ Մերթ իր մարդը չէր, մերթ բավականաչափ հասուն չէր, մերթ բավականաչափ կրթված չէր։ Խոսոն բարձրագույն կրթություն չուներ, նույնիսկ դպրոցը կարգին չէր ավարտել։ Անհետաքրքիր էր նրան ձանձրալի դասերին հաճախելը։ Բայց Նինայի քննություններին անհամբեր էր սպասում՝ նրա համար մակետներ էր նկարում ու գծագրեր անում (Նինան սովորում է դիզայներ-ճարտարապետ դառնալու համար)։
Խոսոյի ամբողջ մարմինը դաջվածքների մեջ էր։ Շատ տարբեր։ Աջ ձեռքին՝ հնդկական աստվածություններ Շիվան ու Կալին, փորին՝ «Outlaw» գրությունը։ Ոտքին ինքն իրեն ագռավ էր դաջել։ Ագռավներին սիրում էր խելքի ու այն բանի համար, որ կարողանում են երկար ապրել։ Գլխին Օդինն էր բնակվում՝ ռուներով, պարանոցին՝ հավերժության նշանն ու «Fuck the world» գրությունը։
Չորս սվաստիկաներն ու արծիվը՝ Երրորդ ռայխի խորհրդանիշը, նույնպես շատ մարդկանց էին վանում։ Նինայի հետ պայմանավորվել էին չշոշափել նրա համոզմունքների ու համակրանքների թեման․ երկուսն էլ գիտեին՝ վեճով կավարտվի։
Խոսոն Նինային քաջվարդեր էր նվիրում՝ նրա «ամենա-ամենամեծ թուլությունը»։ Խոսոյի հետ Նինան զբոսնում էր Սարյանի այգում՝ նրա սիրելի վայրում։ Նրա բութ մատից բռնած․ «Նա երբեք ամբողջ ձեռքը չէր տալիս»։ Խոսում էին բացառապես բարձր բաներից։ «Մենք նույնիսկ չգիտեինք, թե որն է իրար սիրելի գույնը, նույնիսկ այդպիսի թեման չափազանց առօրյա էր մեզ համար»,— ծիծաղում է Նինան։
Խոսոն սիրում էր կարդալ։ Սիրելի գիրքը «Մարտական ակումբն» էր։ Իսկ Նինան չի սիրում կարդալ։ Արագ կապվում է ու ծանր տանում, երբ գիրքն ավարտվում է, և հերոսները լքում են իրեն։
Խոսոն երաժիշտների համար տեսանյութեր էր մոնտաժում։ Ինքը մրցարշավորդ էր, երազում էր մի ավտոտնակի մասին, որտեղ մեքենաների ու մոտոցիկլների վրա ոսկերչական նրբությամբ աշխատանքներ կարվեին։ Ու որ ավտոտնակի վերևում փաբ լիներ, որտեղ կհնչեր իր սիրելի երաժշտությունը։ Խոսոյի էկլեկտիկ հոգում խաղաղ համակեցություն էին գտնում, օրինակ, Rammstein-ը, Cypress Hill-ը, ռուսական պանկ-ռոքի լեգենդ Ստուպինն ու ռաբիսային Խատուբան։
Ստուպինի «Երբ ես մեռա» երգը Խոսոն իր էջում դրել էր պատերազմի սկսվելուց 16 օր առաջ։
Երբ ես մեռա, մնացին միայն կատուներն ու բվերը։
Եվ շնաձկներն ու վրձնալողակ ձկները
Շների պես ափ դուրս եկան։
Ոհմակներ կազմեցին, ոհմակներ կազմեցին, նեգրերի էին խժռում,
Երբ ես մեռա, երբ ես մեռա։
Նեկրոֆիլները հողից հանեցին Ցոյին՝ Յոկո Օնոյի արտամուսնական որդուն,
Ու սրբապատկերները լաց եղան, երբ ես…
Հիմա չափազանց փոքր եմ
Նոյեմբերի 9-ի գիշերը Նինան գիշերում էր ընկերուհու տանը։ Ընկերուհին անջատվել էր «խաղաղության» ու մեկ այլ «պատերազմի»՝ Ազգային ժողովի շենքի մոտ սկսվելուց մի քանի րոպե առաջ։
— Դղրդոց ու գոռոցներ էի լսում։ Ինչ-որ բաներ էին կոտրում, ընտիր հայհոյանք էր հոսում։ Վախենում էի, որ գազազած ամբոխը մեզ մոտ էլ կներխուժի։ Սարսափելի զզվելի էր՝ այնքան տղաներ են զոհվել, մենակ ես այնքան մարդ եմ կորցրել այս պատերազմում, իսկ դուք ի՞նչ եք անում։ Մեր մեջ որտեղի՞ց այսքան ագրեսիա, այսքան ատելություն իրար հանդեպ։ Պատերազմից առաջ նկատում էի, որ մարդկանց դեմքերին ժպիտներ են հայտնվել, ինչ-որ ջերմություն է վերադարձել իմ սիրելի քաղաք։ Այդ գիշեր հասկացա, որ սկսվում են ազգային լացի, տառապանքների, դավաճանված, ոչնչացված զոհի համախտանիշի ևս մի 20-30 տարիներ։
Լաց լինելու փոխարեն, կարծում է Նինան, լավ կլիներ, որ մարդիկ հավաքվեին, մաքրեին իրենց ներքին կեղտը, դրսից փրկիչների չսպասեին, ամեն մեկն իրեն հավաքեր, թափ տար ու առաջ գնար։

«Ինձ միայն Երևանին էի վստահում»,— այսպես է Նինան բնութագրում քաղաքի հանդեպ իր վերաբերմունքը։ Հիմա ուզում է որոշ ժամանակով հեռանալ քաղաքից։ Գուցե նորից Ամերիկա փորձի (պատերազմի սկզբին, երբ հիվանդանոց էին բերել ծանր վիրավորված մեկ այլ ընկերոջ, Նինան վերադարձրել էր տոմսը)։ Հիմա իրեն չափազանց փոքր է զգում՝ ոչ տարիքային առումով, ճշտում է, որպեսզի գլոբալ ինչ-որ բան փոխի։ Ուզում է կենտրոնանալ իր վրա, հասկանալ իրեն, իր հնարավորությունները, նորերը ձեռք բերել։ Ու միայն հետո օգնել Հայաստանին հարություն առնել։
— Միտք է առաջացել, որ հայերն ընդհանրապես ավելորդ են այսօրվա իրականության մեջ, այս աշխարհում տեղ չունեն։ Ապրում ենք անցյալով, իրականությունից ամբողջովին կտրված։ Փակ խմբերով կուտակվում ենք ու մեկուսանում մնացած աշխարհից։ Միայն միասին լաց լինել գիտենք, ուրախանալ՝ երբեք։
Չեմ ուզում լաց լինել, անօգուտ է։ Խոսոյի հետ շատ էինք խոսում, թե ինչպիսին եմ ուզում լինել, ինչպիսին է նա ուզում ինձ տեսնել։ Նրա համար նստել-լաց լինելու փոխարեն ամբողջ ուժերս կներդնեմ այդ մարդը դառնալու մեջ, որ նրան այնտեղ ուրախացնեմ։
Նինան ասում է, որ առաջին օրերին հատկապես ծանր էր ամենուր ցավակցող հայացքների հանդիպելն ու Խոսոյի մասին հարցուփորձով հաղորդագրություններ ստանալը։ «Ինչո՞ւ ես, ինչո՞ւ ինձ»,— ինքն իրեն հարց էր տալիս նա։ Հետո հասկացավ՝ նույնիսկ չնայած բաժանմանը՝ իրենք միմյանց համար ամենամտերիմ մարդիկ էին։ Ու բոլորը գիտեին դա։
Խոսոյի զոհվելուց հետո առաջին օրերին Նինան համատեղ լուսանկարներ էր տեղադրում, գրում իր հույզերի մասին, ասես ներում էր խնդրում կամ գուցե փորձում ցավն իր միջից դուրս հորդեցնել։
— Բայց միայն լավի, դրականի մասին էի պատմում։ Առաջ շատ դեպրեսիվ էի։ Հետո հասկացա, որ կարող եմ զտել, որսալ ամբողջ լավը, որ իմ կյանքում կա, աշխարհում կա, ինձ համար պահել ու ուրիշներին տալ։ Դրական էներգիաս կվերջանա՝ կառանձնանամ, կլցվեմ, կվերադառնամ, նորից կտարածեմ։ Ինձ համար որոշել եմ, որ ավելի լավ է վառ արև լինել, քան պղտոր ջուր։
Խոսո․ Ուզում եմ հասկանալ, թե ինչ դեր ես խաղում իմ կյանքում։
Նինա․ Ժպտացող անցորդի։
Խոսո․ Պատահակա՞ն անցորդի։
Նինա․ Անցորդի, որը պատահաբար ճիշտ տեղում էր հայտնվել ճիշտ ժամանակին։ Հանկարծ ինչ-որ տեղից դուրս թռավ ու տեսավ քեզ։ Գիտե՞ս՝ ինչու է նա ժպտում։
Խոսո․ Ինչո՞ւ։
Նինա․ Որ դու էլ ի պատասխան ժպտաս։ Նրան հաճելի է, որ իր ժպիտը քեզ ժպտացնում է։
Խոսո․ Քո ժպիտն ինձ ժպտացնում է…
11 նոյեմբերի 2019։




