Գրեթե Չեռնոբիլ
Մառախուղի թանձր քողից գիշերային ամայի ճանապարհի վրա լողալով հայտնվում է մի ծեր հովիվ՝ սպիտակ զամբիկի ու շագանակագույն քուռակի հետ։
Հետևում մնաց Զոդի լեռնանցքը՝ ավտոբուսների, բեռնատարների, մարդատար մեքենաների շարանով՝ բեռնված տնային ունեցվածքով ու լցված մարդկանցով, որոնք լքում են իրենց տները Քարվաճառի ու Մարտակերտի գյուղերում։ Նոյեմբերի 19-ի վաղ երեկոն է։ Մարտակերտի յոթ գյուղերը կեսգիշերին կանցնեն Ադրբեջանին, Քարվաճառի շրջանը՝ հինգ օրից։
Առջևում մեզ սպասում են ճանապարհին լքված մեքենաներ՝ իջած անիվներով, կոտրված ապակիներով ու ճմլված մետաղով, ամբողջովին այրված ՈւԱԶ, հողից ցցված չպայթած հրթիռներ, արկերի փոսեր։ Մեքենայի լուսարձակների առջև աղվեսներն արագ վազելով անցնում են մայրուղին։
Մառախուղը Քարվաճառի մշտական մառախուղն է։ Կեղտոտ բեժ վերմակով ծածկում է լեռները՝ հոգատարորեն մի քանի մետր տեսանելիություն թողնելով մայրուղու մեքենաների համար։ Երբեմն փակում է նաև ոլորապտույտ ճանապարհը, բայց արագ ուշքի է գալիս ու, ասես ներողություն խնդրելով, կրկին սողալով նահանջում կիրճերը։


Լեռների հոտի ու այնքան հարազատ քարվաճառյան մառախուղի մեջ ինչ-որ անծանոթ բան է հայտնվել։ Մառախուղը փոքր-ինչ շփոթված է թվում, ասես հարցնում է՝ ճի՞շտ է, որ շուտով ճանապարհ է բացելու ուրիշ՝ իրեն անսովոր մեքենաների համար։ Իսկ գուցե նրա համար մեկ է, ու ես պարզապես մարդկայնացնում եմ իմ ամենասիրելի մառախուղը՝ իմ ապշահարությունը նրա վրա բարդելով։
— Կարծես Չեռնոբիլ մտանք,— ասում է Դավիթը՝ թեքվելով հերթական գալարով։
Դավիթն ապրում է Մոսկվայում։ Լինելով հայ համայնքի նախագահը՝ պատերազմի առաջին օրերից նա կազմակերպել է դրամահավաքներ ու բանակին անհրաժեշտ հանդերձանքի ուղարկումը։ Շուտով եկել է Հայաստան՝ տեղում զինվորներին ու բռնի տեղահանվածներին օգնության մատակարարումն ապահովելու։ Ամենագնացի բեռնախցիկը լի է բամբակաբաճկոններով, տաք գլխարկներով ու ուտելիքով։ Սրահում են Դավիթի նախկին բանակային ծառայակիցը՝ նախկին սահմանապահ Վահրամը, և պաշտոնաթող սպա Կառլենը, ինչպես նաև ես ու Ֆյոդորը, որ պատրաստվում ենք նկարահանել գրեթե ամբողջովին լքված գյուղերի վերջին օրը։
Կանգ ենք առնում լիցքավորվելու։ Գազալցակայանի տիրոջ համար մեկ է, որ շրջանը շուտով անցնելու է Ադրբեջանին, նա չի պատրաստվում հեռանալ։ Դավիթը պատմում է, որ տղամարդը կատակում էր՝ «փոխարենն ադրբեջանցիները շատ են»՝ շահույթն ավելի մեծ կլինի։

Լցակայանում հերթ է։ Մարդկանց են մոտ վազում, քսմսվում ու կերակուր մուրում երկու շուն՝ մեկը մեծ, խաղաղ աչքերով, մյուսը փոքրիկ, տաքսայի նման՝ սև, փայլուն մազերով ու ծուռ թաթիկներով։ Նրանք հմտորեն օդի մեջ որսում են մեր նետած երշիկի կտորները։
— Շուտով ադրբեջանական շներ եք լինելու,— ասում է Կառլենը։
Ես ծիծաղում եմ տխուր կատակի վրա այնպես, կարծես այն աշխարհում ամենածիծաղելին է։ Վերջին մեկուկես ամսում ձեռք բերած բարձր, նյարդային ծիծաղով։ Ծիծաղը գովազդային դադարի պես է այն իրականության մեջ, որն ինձ դեռ ֆիլմ է թվում։ Ափսոս, որ այն անջատել չի լինում։
Հղի կատուն զգուշությամբ շների կողքով անցնում է դեպի իր ապաստանը։ Երշիկից հրաժարվում է, սոված չէ։ Նրա ձագերն էլ արդեն Ադրբեջանում կծնվեն։
Գիշերային վարչակազմը
Շրջկենտրոն Մարտակերտում սպասելու ենք Հակոբին՝ վանաձորցի տղային, որն արդեն գրեթե տասը օր է՝ կազմակերպում է կամավորների աշխատանքն ու Քարվաճառի, իսկ վերջին երկու օրերին՝ Մարտակերտի գյուղերի բնակիչների իրերի և դպրոցական գույքի տեղափոխումը։

Վարչակազմի շենքում ցուրտ է ու կեղտոտ։ Նախասրահում մեծ արկղեր են դրված, դատարկ դարակներ, ծաղկամաններում բույսեր են չորանում։
— Այստեղ վաղուց կանայք չեն եղել,— ներողություն է խնդրում վարչակազմի ղեկավարի տեղակալ Գարիկը,— բոլորին տարհանել ենք դեռ պատերազմի սկզբին։
Ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից Մարտակերտը ենթարկվում էր անդադար հրետակոծության։ Գարիկը պատմում է, որ խաղաղ բնակիչներին արագ պատսպարել են ռմբապաստարաններում, ապա ավտոբուսներով ուղարկել Ղարաբաղի ավելի անվտանգ շրջաններ ու Հայաստան։
— Դրա շնորհիվ քաղաքացիական բնակչության շրջանում ընդամենը երեք զոհ ու մեկ վիրավոր ունենք, այն էլ՝ իրենց հիմարության պատճառով,— նեղսրտած ասում է Գարիկը։— Այդ տղան (վիրավորվածը), նրա ծնողներն ու տյոտյան հրաժարվել էին նկուղ իջնել ու շարունակում էին կանգնել իրենց փոքրիկ խանութի մոտ։ Ահա նրանց էլ արկի պայթյունի ալիքը հարվածեց։
Տարհանված բնակիչներից շատ քչերն են վերադառնում։ Քաղաքում էլեկտրականության, գազի, տեղ-տեղ ջրի մատակարարման խափանումներ կան։ Խանութներում խախտված է մթերքի, հատկապես հացի մատակարարումը։ Վարչակազմի աշխատողները հրաժարվեցին մեզնից մի հաց վերցնել՝ խնդրելով այն հետդարձին տալ նրանց, ում վիճակն ավելի վատ է, բայց թեյի տուփն ուրախությամբ ընդունեցին։
Վարչակազմի շենքում շատ կատուներ են ապրում։ Մեզ դիմավորած սև ու սպիտակ կատուն անընդհատ հազում է։
— Ճիճուներ,— անմիջապես ախտորոշում է Ֆյոդորը։
— Գուցե մա՞զ է կուլ տվել,— շարունակում եմ բժշկական խորհրդակցությունը ես։
Մի քանի կատվի ձագ էլ վազում են նորեկներին տեսնելու ու միաժամանակ պարզելու՝ համեղ բաներ բերե՞լ են, թե՞ ոչ։ Բոլորն անքաշ գալիս են քսմսվելու։ Հաստլիկ դեղին կատուն փոքր-ինչ զգուշանում է մարդկանցից, բայց իր գիրության հետ այնքան է ալարում մեզնից փախչել, որ ի վերջո նախընտրում է վստահել իրեն շոյող ձեռքերին։

Թքած ենք ունենում վարչակազմի փոքրիկ ընդունարանի փակ պատուհանների վրա ու հանում ծխախոտները։ Միջանցքում նույն սառնամանիքն է, ինչ դրսում։ Վարչակազմի արտաքին դուռը չի փակվում, դրա վերևի պատուհանների ապակիները կոտրված են արկերի հարվածային ալիքից։
Գարիկին հարցնում եմ՝ ինչու էր այդքան վատ կազմակերպված յոթ գյուղերի բնակիչների տարհանումը, որոնց ընդամենը երկու օր էին տվել՝ հավաքվելու ու հեռանալու համար։ Վանաձորցի ակտիվիստ Հակոբը փաստորեն ֆեյսբուքյան գրառման միջոցով էր կամավորներ ու բեռնատարների համար միջոցներ հավաքում, ինքն էր գտնում բեռնատարների վարորդներին ու պայմանավորվում նրանց հետ։
— Մենք նրանց այնքան մեքենա ենք տվել, որքան կարողացել ենք։ Մեր ռեսուրսներն էլ գրեթե չկան։ Բացի այդ, այնտեղ այնպիսի խառնաշփոթ է, շունը տիրոջը չի ճանաչում (հայկական արտահայտություն — Կալեմոն),— ձեռքը թափ է տալիս Գարիկը։— Նույնիսկ հիմա պարզ չէ՝ որ գյուղերն ենք հանձնում։ Սկզբում ասում էին՝ միայն Նոր Մարաղան, մնացածը մեզ են մնում։ Հետո՝ չէ, ամեն ինչ տալիս ենք, թե դեռ նոյեմբերի 10-ից պարզ էր, որ բոլոր յոթն էլ անցնում են, քանի որ նախկինում Աղդամի շրջանի մեջ էին մտնում։ Առայժմ ոչինչ հաստատ հայտնի չէ։
«Առայժմ ոչինչ հայտնի չէ» արտահայտությունը վարչակազմի ներկայացուցիչներից ու զինվորականներից լսում ենք երկու օր շարունակ։
Նիհար Գարիկը՝ զինվորական համազգեստով, հոգնած աչքերով ու ճկույթների երկար եղունգներով, պատմում է, որ պատերազմի առաջին օրերից ընդամենը մեկ անգամ է բացակայել Մարտակերտից՝ հիվանդանոց է գնացել Կարմիր շուկայում վիրավորված գործընկերոջը տեսնելու։ Մնացած ժամանակ այստեղ է եղել։ Տուն էր այրվում՝ հրշեջների հետ մարում էին, ռմբակոծությունների տակ հաճախ անհոգ մարդկանց ուժով հանում էին տներից ու տանում նկուղներ։
Պատերազմի օրերին Մարտակերտ շատ մարդասիրական օգնություն էր գալիս, հիմա հոսքը ցամաքել է։ Իսկ վարչակազմը դեռ պիտի մտածի՝ որտեղ տեղավորել յոթ գյուղերի մոտ 1500 փախստականներին։ Ոմանք մեկնել են Ստեփանակերտ կամ Հայաստան, բայց շատերը գնալու տեղ չունեն։
Թուրքերը դեռ մի ամիս չեն գալու
Հակոբը Նոր Այգեստան գյուղից վերադառնում է հոգնած ու զայրացած։ Հազիվ բարևած՝ սկսում է շնչակտուր պատմել վերջին նորությունները՝ ձեռքերը տաքացնելով շատ բան տեսած պարուրաձև տաքացուցիչի վրա։
Երեկվանից նա օգնել է Մարտակերտի գյուղերից դուրս գալ առնվազն տասը ընտանիքի։ Միայն այսօր յոթ բեռնատար է ճանապարհել։ Ինքը գիշերը մեքենայի մեջ է քնել։
Բեռնատարների համար անմարդկային գներ են պահանջում։ Շատերը վախենում են այստեղ գալ։
Մի բեռնատար շրջվել ու գնացել էր, որովհետև ճանապարհի մի հատվածում անիվները ձյան մեջ տեղապտույտ էին տվել, և վարորդը սկսել էր վրդովվել, որ իրեն չեն զգուշացրել, թե տեղ-տեղ ձյուն է լինելու, ու հետ էր դարձել։ Իսկ տների բնակիչներն արդեն կահույքը փողոց էին հանել ու սպասում էին մեծ բեռնատարին։
Գյուղերից մեկի բնակիչը չէր կարողացել իրերը տեղափոխել ու տունն այրել էր դրանց հետ միասին։
Նոր Այգեստանի դպրոցում կահույք ու շատ գրքեր են մնացել, որոնք ոչ ոք չի պատրաստվում դուրս բերել։
Հովտաշեն գյուղում Հակոբը հին խաչքար է գտել, որը ցանկանում է հողից հանել ու տանել։
Նույն գյուղում Հակոբը մի մարդու էր տեսել, որ նստած էր իր տան առջև ու դառնորեն լաց էր լինում։ Նրա որդին արդեն մեկուկես ամիս անհետ կորած էր համարվում, ունեցվածքը դուրս բերելու համար բեռնատար չէր գտնվել, գնալու տեղ չկար։
Մինչ այդ Հակոբը տասը օր անցկացրել էր Քարվաճառում։ Այնտեղ ընկերների հետ բնակիչներին օգնել էր տեղափոխվել, դուրս էր բերել չորս գրադարան, դպրոցական լաբորատորիաներ, բուժկետերի իրեր։
Քարվաճառում մարդկանց էր տեսել, որոնք օգնում էին։ Զբոսաշրջիկների, որոնք սլացել էին Դադիվանքին հրաժեշտ տալու ու խցանումներ էին առաջացնում ճանապարհներին։ Մարդկանց, որոնք վերջին անգամ գրկում էին իրենց տները։ Մարդկանց, որոնք այրում էին իրենց տները։ Թալանչիների՝ հիմնականում Վարդենիսից, որոնք կողոպտում էին տներն ու անտառներն էին տանում վաճառելու։ Բնակիչների կողմից բռնված ու պատժված թալանչիների։ Մարդկանց, որոնք իրենց կողոպտիչ չէին համարում, բայց տեղացիներից անասուններն էին գնում չնչին գներով։
Գարիկը նույն հոգնած արտահայտությամբ լսում է Հակոբին։ Վարչակազմի ղեկավարի տեղակալը ծնվել է Բաքվում։ Երեք ամսական էր, երբ նրա ընտանիքը փախել էր ջարդերից՝ սկզբում Երևան, ապա Մարտակերտ։ Նա չգիտի՝ արդյոք կրկին ստիպված կլինի գաղթել։ Մարտակերտն այժմ երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներով։ Աղդամով դեպի Ստեփանակերտ կարճ ճանապարհի փոխարեն այժմ Դրմբոնով շրջանցիկ ճանապարհն է, որը մի քանի ժամ է տևում։
— Բայց թուրքը դեռ մի ամիս այստեղ չի երևա,— հանգիստ ասում է Գարիկը, երբ Հակոբն ավարտում է։— Սկզբում ռուս խաղաղապահները կգան, հետո նրանց սակրավորները տարածքը կմաքրեն, միայն դրանից հետո զինվորները կմտնեն։
Գալիս ենք Հայաստան, հեռանում Ադրբեջանից
Կեսգիշերին երկու ժամ էր մնացել, երբ որոշեցինք գնալ Նոր Այգեստան ու հարևան Հովտաշեն։
Գյուղերը մեզ դիմավորեցին բոցավառվող տներով։ Շատ բնակիչներ այրել էին իրենց ձեռքով կառուցած տները, որ թշնամուն չմնան։ Ոմանք հանել էին տանիքը, պատուհանները, դռներն ու այն ամենը, ինչ հասցրել էին, ու տարել անհայտություն։

Ճանապարհին հին մահճակալ էր ընկած՝ գուցե բեռնատարից էր ցած ընկել։
Թույլ, ասես դժկամությամբ այրվող տանը տղաները ձմռան պահածոներով լի մառան գտան։ Տանիքի լաստափայտերից թափվող խանձողների տակ բանկաները դուրս բերեցին՝ որքան տեղավորվեց արդեն իսկ նեղ մեքենայի մեջ, որ զինվորներին փոխանցեն։
Հովտաշենում գերեզմանոց ենք գնում։ Պատերազմից չվերադարձած երեք 18-ամյա զինվորներին այստեղ բոլորովին վերջերս էին թաղել։ Երեք կոկիկ ուղղանկյուն փոսերը դատարկ են։ Մարդիկ իրենց հանգուցյալներին հողից հանել են, որ ադրբեջանցի զինվորները նրանց չպղծեն։ Փոսերի մոտ մի կողմ են կոկիկ դրված փոքր-ինչ թառամած ծաղիկներն ու արհեստական ծաղիկներով մի փոքրիկ զամբյուղ։ Հակոբն ասում է՝ երբեք չի մոռանա, թե ինչպես երեկ նրանցից մեկի հայրը կանգնած էր գերեզմանների մոտ, մինչ դագաղները հանում էին, ու դառնորեն լաց էր լինում։
Հակոբին մի տղամարդ է զանգում, որը չի հասցրել տան իրերի մի մասը դուրս բերել։
— Դեռ չգիտեմ, հնարավոր է՝ վաղն էլ լինի գալ,— հոգնած ասում է Հակոբը։
— Կարծո՞ւմ ես։ Դե, քեզնից լավ լուրերի եմ սպասում, ախպեր։
Մարդիկ, որոնց երկու կառավարությունները լքել են, Հակոբից լավ լուրերի են սպասում։

Հին, սպիտակ խաչքարը մթության մեջ կանգնած է ամուր քարե հիմքի վրա՝ շրջապատված մետաղյա ճաղապատով։ Պարզ ու գեղեցիկ։
— Սա հաստատ թողնել չի կարելի,— որոշում են տղաները։— Հենց այստեղ մտնեն, իսկույն կկոտրեն։
Խաչքարի մոտ մի փոքրիկ լինգ է ընկած։ Կառլենը սկսում է հարվածել խաչքարը պահող հիմքին, Ֆյոդորը միանում է նրան՝ փայտի կտորով շուրջը հողը փորելով։ Ես պահում եմ հեռախոսը՝ միացրած լապտերով։ Դավիթը, Հակոբն ու Վահրամը գնում են դեպի տները՝ հուսալով այնտեղ ուրիշ գործիքներ ճարել։
Այս տեսարանն ամուր դրոշմվում է հիշողությանս մեջ՝ գիշերով, հեռախոսի լապտերի լույսի տակ երկու հասուն տղամարդ «մանկական» գործիքներով հողն են փորում, որոնցից մեկը մոլեռանդորեն կրկնում է՝ «պիտի ստացվի, չենք թողնի», իսկ մյուսը դեռ երեք տարի առաջ ընդհանրապես չգիտեր՝ ինչ է խաչքարը։
Կառլենը ժամանակ առ ժամանակ լինգը գցում է ու սկսում քարը ցնցել։ «Նայեք, շարժվում է, մի քիչ, բայց սկսեց շարժվել»,— գոռում է նա։ Խաչքարն իրականում անառիկ է կանգնած։ Ժամը 23:40 է։

Տղաները վերադառնում են առանց գործիքների, բայց ռուսերեն Աստվածաշնչով, որը գտել են բուժկետում։ Որոշում ենք համոզել ռուս խաղաղապահներին, որոնք շուտով այստեղ են մտնելու, և վաղը վերադառնալ խաչքարի ու դպրոցի գույքի հետևից։ Գյուղից դուրս ենք գալիս արդեն կեսգիշերն անց։
— Հայաստան եկանք, Ադրբեջանից ենք հեռանում,— ասում է Վահրամը։ Նա ընդհանրապես ամբողջ ճանապարհին մեզ համար իրականությունից գովազդային դադար է ապահովում՝ ծիծաղ։ Մեր քմծիծաղին լռություն է հաջորդում՝ ամեն մեկը փորձում է մարսել այս տեղեկությունը։
— Եթե ադրբեջանցիները մեզ բռնեն ու գերի վերցնեն, ես բոլորից բարձր եմ գոռալու՝ «Ղարաբաղ Ադրբեջան դիր»,— շարունակում է Վահրամը։ Վերջին բառերն ասում է բարակ ձայնով ու առոգանությամբ։ Իսկապես շատ ծիծաղելի է ստացվում։
Մենք գնում ենք միանման հողե ու քանդված ասֆալտապատ ճանապարհների «փոս ու փոսորակներով»։ Շատ ճամփաբաժաններում ցուցանակներ չկան։
Հանկարծ առջևում մի լույս է առկայծում։ Մարում է, կրկին վառվում։ Ասես ինչ-որ մեկը լապտերն է միացնում ու անջատում։ Մի քանի վայրկյան անց զինվորական համազգեստով ուրվագծեր են երևում։ Դեռ մի երկու ժամ առաջ դատարկ ճանապարհին մետաղից ու անվադողերից հապճեպ անցակետ է գոյացել։
— Ռուս խաղաղապահնե՞րն են։ Հո ադրբեջանցինե՞րը չեն,— անվստահ ասում է մեզնից մեկը։
Դանդաղ մոտենում ենք անցակետին, Դավիթն իջեցնում է ապակին։ Չէ, խաղաղապահներ չեն, հայ զինվորականներ են։ Փոքր-ինչ շփոթված դեմքերով, բայց փորձում են պահպանել զինվորական խստությունը։
— Փաստաթղթեր կա՞ն,— հարցնում է նրանցից մեկը։ Փաստաթղթերի փոխարեն պատուհանից կոմպոտի, մուրաբայի, թթուների բանկաներ են մեկնում։ Զինվորը դիմադրում է, մի քանի անգամ կրկնում, որ իրենք ամեն ինչ ունեն։
— Դեռ ինչքա՞ն եք այստեղ մնալու,— հարցնում եմ։
— Դեռ չգիտենք, ինչքան պետք լինի,— ժպտում է տղան։
Տղեկներ։ Մեկն ընդհանրապես դեռահասի տեսք ունի։ Նրանց աչքի առաջ այս հողում եղբայրներ, ընկերներ են զոհվել, իսկ իրենց հանկարծ եկել ու ասել են՝ հեռացեք, այս հողերն այլևս մերը չեն։
Ժպտացող զինվորականներին բարի ծառայություն ենք մաղթում ու հեռանում։ Գլխումս Ցոյն է․
«Պատերազմը ջահելների գործն է,
Դեղ՝ կնճիռների դեմ»։
Շուշի-Շուշա
Մեզ սենյակ են հատկացրել Մարտակերտի շրջանային վարչակազմի «բունկերում»։ Նկուղային սենյակում սպիտակ պատեր են, չորս երկաթե մահճակալ, երկու աթոռ, երկու աթոռակ, գրասեղան ու գրեթե դատարկ շագանակագույն դարակներ։ Հատակին պոլիէթիլենային տոպրակ է՝ ջրի կեսլիտրանոց շշերով։
Դավիթը, Կառլենն ու Վահրամը մեկնում են Ստեփանակերտի զորամաս՝ զինվորականներին տաք հագուստ ու ուտելիք տալու։
Սենյակում տեղավորվում ենք ես, Ֆյոդորը, Հակոբն ու Գևորգը։ Գևորգը մարտակերտցի սպա է, որը վաղը դիրք է մեկնում։ Կնոջն ու երեխաներին պատերազմի սկզբին տարել է Հայաստան՝ ազգականների մոտ։ Դեռ չի պատրաստվում հետ բերել։

Առավոտյան հինգին պառկում ենք քնելու։ Մահճակալներին բարակ ներքնակներ են՝ առանց վերմակների։ Ծածկվում ենք բաճկոններով։ Հոսանքն անջատվել է, առանց օդատաքացուցիչի, որը Գարիկը բերել էր մեր սենյակ, արագ ցրտում է։ Վարչակազմում աշխատող վայֆայը, բնականաբար, նույնպես անջատվել է։ Մտածում եմ այն մարդկանց մասին, որոնք ապաստարաններում 45 օր անցկացրել են է՛լ ավելի անհարմար պայմաններում։ Պայթյունների ձայների ներքո։
Վերջապես քնում եմ։ Կրկին տեսնում եմ երազը, որը նոյեմբերի 9-ից ամեն գիշեր տեսնում եմ։
Ես Շուշիում եմ։ Մարտ է ընթանում, որին երկու կողմերից նաև կանայք ու երեխաներ են մասնակցում։ Ե՛վ մենք, և՛ ադրբեջանցիները խրամատներում ենք։ Մեզ բաժանում է երկու խրամատները փորելուց գոյացած հողաթումբը։ Մեր ձեռքերին մահակներ են, նրանցը՝ հրացանների կոթեր։ Ադրբեջանցիները բարձրանում են հողաթմբի վրա, ցատկում մեր խրամատը, և մենք սկսում ենք ջարդել իրար դեմքերն ու գլուխները։ Շուրջը շատ դիակներ կան։ Մենք սարսափելի ուժասպառ ենք, բայց գիտենք, որ հաղթանակը մոտ է։
Հանկարծ ինչ-որ տեղից՝ վերևից, անտեսանելի բարձրախոսից ձայն է հնչում՝ «Անմիջապես դադարեցրեք, Շուշին անցնում է Ադրբեջանին»։ Մեքենայաբար արձանագրում եմ, որ ձայնն ասում է «Շուշի»՝ հայկական ձևով։
Շփոթված կանգ ենք առնում։ Նրանք էլ չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Մենք սկսում ենք քննարկել, որ մեզ դավաճանել են, ու սա անարդար է։ Նրանք՝ որ պատմությունը կրկնվում է, որ 28 տարի առաջ իրենք էլ ճիշտ այսպես կորցրել են Շուշան։ Երեխաներն ու տղամարդիկ մռայլ լռում են։ Հայ կանայք հիշեցնում են վերականգնված մզկիթի մասին ու հույս հայտնում, որ մեր եկեղեցիների հետ նույնքան մարդասիրաբար կվարվեն։ Ադրբեջանցի կանայք սկսում են ծոր տալ մեր կողմից «յուրացված»՝ Շուշայի աղվանական եկեղեցիների մասին։
Անընդհատ լսվող «Շուշան» մեջս կատաղի գրգռվածություն է առաջացնում։ «Շուշի»,— ասում եմ ես։ «Շուշի»,— կրկնում են մյուս կանայք։ «Շուշա»,— հակադարձում են ադրբեջանցուհիները։ Մեկ րոպե անց մահակակոթային մարտը նոր ուժով է սկսվում։ Մոռացած ջարդված դեմքերը, դիակները, արյունաքամ լինող վիրավորներին՝ մենք կռվում ենք անվան համար։ Մեր «Շուշի-Շուշա» գոռոցները խլացնում են բարձրախոսի ձայնը, որը երկու կողմերին կոչ է անում դադարեցնել անկարգություններն ու համաշխարհային հանրության խոր անհանգստությունն ու լուրջ մտահոգությունը չառաջացնել…
Ինձ արթնացնում է Գևորգի գոռոցը։ Նա մի վայրկյանում հագնում է համազգեստն ու դուրս վազում։ Ես՝ կիսաքնած, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Հակոբն ասում է՝ պայթյունի նման ձայն է հնչել, բայց կարծես սարսափելի բան չկա։
Հիշում եմ Ստեփանակերտից երեխաներին ու նրանց մորը, որոնք ժամանակավորապես ապրում էին գյուղի մանկապարտեզում ու ցնցվում ամեն անգամ, երբ դուռը շատ ուժեղ էր շրխկում, հիշում եմ Աբովյանի ժամանակավոր կացարանում այն տղային, որը վեր էր թռչում իրենց զվարճացնելու եկած երաժիշտների՝ գործիքները լարելու ժամանակ հնչող ճայթյուններից ու մեղավոր ու շփոթված ժպտում։ Դեռ որքա՞ն են այս մարդկանց ականջներում պայթյուններ հնչելու։
Առայժմ ոչինչ հայտնի չէ
Առավոտյան ժամը 8-ն է։ Հոսանք դեռ չկա։ Գլխարկներն ու շարֆերը հագնում ենք ու Ֆյոդորի հետ փողոց դուրս գալիս։ Հագիս «զինվորական» բրդե գուլպաներ են։ Դրանք Երևանում հրաշալի կանայք էին գործում ու ռազմաճակատ ուղարկում։ Իսկ հետո «խաղաղությունը» վրա հասավ, և գրող Նարինե Աբգարյանի գլխավորած ակտիվիստները կազմակերպեցին նրանց գործած գուլպաների ու գլխարկների, ինչպես նաև ղարաբաղցի կանանց ձեռքով պատրաստած փախլավայի, ժենգյալով հացի ու թթուների վաճառք, իսկ միջոցներն ուղղեցին բռնի տեղահանվածներին օգնելուն։ Ֆյոդորն ինձ գեղեցիկ ու շատ տաք մոխրագույն գուլպաներ գնեց։ Իմ չափից ութ չափ մեծ։
Մարտակերտում, որն իմ հիշողության մեջ գեղեցիկ ու մաքուր էր, հիմա կեղտ ու ավերածություն է՝ բնակելի տների ու խանութների կոտրված ապակիներ, մետաղի կտորներ, գետնին արկերի փոսեր։ Շրջկենտրոնի նկուղների պատուհանները փակված են ավազով պարկերով։ Շենքի առջևի սիզամարգին աղբ է թափված ու շան դիակ է ընկած։ Մեկ ուրիշ շուն՝ կենդանի, շփոթված թափառում է փողոցում։

Արկը դիպել է բնակելի տանը՝ պատի մեջ հսկայական բացվածք թողնելով։ Շենքը հին է՝ փոքրիկ պատշգամբներով, «մոսկովյան» պատուհանները ձմռան համար պլաստիկով են փակված։ Մի պատշգամբիկ մյուսներից տարբերվում է պատերի նուրբ մարջանագույնով ու եվրոպատուհանների շագանակագույն շրջանակներով։ Պատուհանից սպիտակեցրած պատերն են երևում։ Վերանորոգումը, ըստ երևույթին, վերջերս է արվել։ Պատշգամբիկի մարջանագույնն ամբողջ փողոցի միակ լուսավոր բիծն է։
Դիմացի կողմում կոկիկ շարքով շարված են բանջարեղենի խանութը, վարսավիրանոցը, «մսի բարը», երկհարկանի հյուրանոցն ու շինանյութի խանութը։ Խանութի առջև երկաթե աղբաման է՝ ծխախոտի մնացորդների համար նախատեսված մետաղյա տարօրինակ գալարներով։ Դրա վրա վստահորեն ձեռքերն է «տաքացնում» բամբակաբաճկոնով ու բարձրաճիտ կոշիկներով մի մորուքավոր տղամարդ։ Մեզ տեսնելով՝ սկսում է փողոցի մյուս կողմից գոռալ՝ «Գնացեք, ձեր Հայաստանում նկարեք, ձեր մերը, Նիկոլի մերը, Հայաստանի մերը քունեմ, որ մեր Արցախը հանձնեցիք»։ Աչքերը խելագարի պես պտտվում են։
Տղամարդը հետևում է մեզ, երբ նկարահանում ենք ավտոլվացման կետի մոտի հսկայական փոսն ու կամուրջը, որի տակ արդեն պատկառելի քանակությամբ աղբ է կուտակվել, և շարունակում է չարությամբ հայհոյել մեզ, Հայաստանն ու «ծախու կառավարությանը»։

Փողոցներով մարդատար մեքենաներ են գնում։ Գրեթե յուրաքանչյուրում զինվորական համազգեստով մարդիկ կան։ Մի մեքենա կտրուկ շրջվում է։ Ղեկին զինվորական է, ուղևորի նստատեղին՝ սպիտակ մազերով, սպիտակ մորուքով ու հեզ հայացքով մի ինքնատիպ ծերունի։
— Այստեղ նկարելու բան չկա, ինձ հետ Եղնիկներ եկեք (դիրք Ադրբեջանի հետ սահմանին — Կալեմոն), այնտեղ կնկարեք,— զինվորականն իջեցնում է պատուհանն ու, դիմելով Ֆյոդորին, ասում․— Ինձ չե՞ս հիշում, Հադրութում էինք հանդիպել։
Ֆյոդորը պատասխանում է, որ Հադրութում չի եղել։
— Աաա… դու Մոսկվայի՞ց ես,— հույսը չի կորցնում տղան։
— Ես Ուշի գյուղից եմ, Հայաստան։
-Աաա,— կրկին ծոր է տալիս տղան։ Հիասթափված։ Ու հեռանում է։

Վերադառնում ենք վարչակազմ։ Չփակվող դռան մոտ կոստյումներով մի քանի աշխատակից են կանգնած, որոնք դեռ սպասում են, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կասի հանձնել-չհանձնելու մասին ու կնշի իրենց հետագա անելիքները։ Ումից են լուրերի սպասում՝ տղամարդիկ չգիտեն։ Ինչպես և չգիտեն՝ ում է պետք դիմել խաչքարերը դուրս բերելու համար։
Կարմիրավան գյուղից երկու կին՝ մայր ու աղջիկ, եկել են մեքենայի վառելիքի համար 5000 դրամ խնդրելու, որ Երևան հասնեն։ Երեկ ընտանիքն այդպես էլ չէր տեսել իրերը դուրս բերելու համար սպասած բեռնատարին։ Ամբողջ գիշեր երեխաների հետ նստել էին միացրած մեքենայում, որ երեխաները չմրսեն, ու ամբողջ վառելիքը սպառել էին։
Աղջիկը Երևանում մի պստիկ սենյակ է վարձում։ Մյուսները գյուղում էին ապրում։ Այժմ պիտի մտածեն ամբողջ ընտանիքի համար մեծ կացարանի մասին։
— Երևանում ղարաբաղցիներին դժվար է տուն վարձել,— ասում է նա։— Երևանցիները նրանց ատում են։
— Իսկ նրանք՝ երևանցիների՞ն։
— Նրանք էլ են ատում,— ծիծաղում է նա։— Մեզ թուրքեր պետք չեն, ինքներս մեզ բարեհաջող կվերացնենք։
Նրա մայրը 17 տարեկանում ամուսնացել ու Հայաստանից այստեղ է տեղափոխվել։ Ասում է՝ միանգամից սիրահարվել է Արցախին, որ սա իր հողն է, ու անտանելի ցավոտ է այն լքելը։ Շրջվում է, որ արցունքները թաքցնի։
Գորտի շնչառական համակարգը
Որոշում ենք, այնուամենայնիվ, փորձել գնալ դպրոցական գույքի ու խաչքարերի հետևից։
Հովտաշեն ենք մտնում արդեն մեծ լինգով, բրիչով, բահերով։ Տղաները ոչ առանց դժվարության, բայց խաչքարը հողից հանում են։ Մեր կողքով անցնում են տնային ունեցվածքով վերջին մեքենաները։ Վարորդներին խնդրում ենք կանգ առնել ու օգնել խաչքարը ճանապարհի վրա հանել։ Հակոբի վարձած բեռնատարն արդեն սպասում է Նոր Այգեստանի դպրոցի մոտ։ Խաչքարը որոշում ենք հետդարձին վերցնել։
Տղաները ջարդում են այն տնային կենդանիների ներխուժումից պաշտպանող մետաղյա ճաղապատը, որպեսզի խաչքարը հողե վայրէջքով հրեն դեպի ճանապարհը։ Գլխումս հայտնվում է ադրբեջանական լրատվամիջոցների մեկնաբանությունը խաչքարի փրկության մասին՝ «Հայ վանդալները նույնիսկ գերեզմանոցի ցանկապատն են քանդել, որ մեզ չմնա»։


Նոր Այգեստանում դեռ տներ են այրվում։ Ճանապարհին շներ են հանդիպում, որ վազում են մեզ մոտ՝ ուրախանալով մարդու ներկայությունից։ Դաշտում մի բլինդաժի ենք հանդիպում։ Մեջը մի երկու զինվորական համազգեստ կա, կողքին՝ ԱԳՍ-ի արկերով արկղեր։ Մի քանի ծանր արկղ բեռնում ենք բեռնախցիկ՝ որևէ զորամասի տալու համար։
Այգիների ծառերի ճյուղերը կքել են նռան ու արքայանարնջի ծանրությունից։ Նռները, որոնք վաղուց հավաքելու ժամանակն էր, գիշերային ցրտերից ճաքել են, մատների վրա արյունոտ հետք են թողնում։ Հիմա՝ ցերեկով, Նոր Այգեստանում արև է, բայց գյուղին ոչ բնորոշ դատարկություն ու լռություն։ Դպրոցի կողքին երկու շուն հուսահատ հաչոցով մեզնից պաշտպանում են դատարկված տունը, որն այլևս իրենց չի պատկանում։
Ուզում եմ դպրոցական գույքի փոխարեն բեռնել տերերի թողած բոլոր շներին։ Աչքիս առաջ գալիս են տեսանյութերը, որոնցում ադրբեջանցի զինվորները տանջում են հայկական շներին։ Հակոբն ինձ հանգստացնում է, որ մինչև ադրբեջանցի զինվորների գալը (մոտ մեկ ամսից, ինչպես վստահեցնում էին վարչակազմում) նրանք կտեղափոխվեն բնակավայրեր, որտեղ ուտելիք կա։ Գլուխս մի հիմար միտք է գալիս՝ տների պատերին ներկով գրել «Հազվագյուտ աղվանական ցեղատեսակի շներ» ու այդպես նրանց հաշվեհարդարից պաշտպանել։

Երկհարկանի դպրոցի ուսուցչանոցում սեղանին կոնյակի կիսադատարկ ու շամպայնի գրեթե դատարկ շիշ է դրված։ Աթոռի թիկնակին սև շարֆ է գցած։ Լվացարանի մոտ ջազվե է՝ հատակին սուրճի մնացորդով, ու սուրճի ափսե՝ մեղու-կոնֆետով։ Թվում է՝ այստեղ ինչ-որ բան են նշել ու որոշել վաղը հավաքել, բայց «վաղը» որոշել է ուրիշ կերպ գալ։
Դպրոցի գրադարանը հանգիստ կարող էր փոքրիկ ազգային գրադարանի տեղ անցնել։ Բաց գույնի գրադարակները՝ ռուսերեն ու հայերեն դասականներով, գիտական աշխատություններով, առաջին ղարաբաղյան պատերազմի ու դրա հերոսների մասին գրքերով, Աստվածաշնչով, դասագրքերով ու այլ գրքերով, զբաղեցնում են ամբողջ պատը։
Մեկ այլ դասասենյակում անատոմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի պաստառներ են կախված։ Դրանք խնամքով հանում ենք ու դասավորում բեռնատարի թափքում։ «Այս դպրոցը պիտի թանգարանում ցուցադրել՝ որպես օրինակելի»,— ասում է Կառլենը։ Եվ իսկապես, էլ որտե՞ղ կտեսնես այսքան մանրամասն նկարված գորտի շնչառական համակարգ։ Երանի գտնենք այդ ուսուցիչներին ու ասենք, որ իրենց տքնաջան աշխատանքը ոչ թե ոչնչացվել է, այլ մեկ ուրիշ դպրոց է անցնելու։





Տղաները կոտրելով բացում են լաբորատորիայի մետաղյա դուռը։ Այն գրադարանից ոչ պակաս տպավորիչ է։ Արծաթագույն ճամպրուկներ՝ ամենատարբեր չափերի ու ձևերի փորձանոթներով, մանրադիտակներ, ֆիզիկական ու քիմիական փորձերի տարբեր սարքեր, մուլյաժներ, կենսագործունեության անվտանգության հիմունքների դասերի համար ինքնաձիգների մուլյաժներ, ուսումնական նռնակներ։
Գրքերը բեռնելը ժամանակի մեծ մասն է խլում։ Երբ սեղաններն ու աթոռները դուրս են բերված, գնում եմ նռան այգի՝ դպրոցում հայտնաբերված զինվորական արկղի մեջ հավաքելու դեռ չճաքած պտուղները։
Կառլենը մի տեղից արու խոզ է քշելով բերում։ Փորձում ենք բռնել նրան։ Խոզը ճարպկորեն խույս է տալիս վեց տղամարդուց ու ինձնից՝ բերանից բաց չթողնելով հացի կտորը։ Երկար փորձերից հետո ձեռք ենք քաշում խոզից։

Մի քանի ծանր պահարան է մնացել, ու ԿԱՄԱԶ-ի վարորդ Ռոմանը մեզ շտապեցնում է։ Լավ է դուրս գալ մինչև մութն ընկնելը՝ չնայած վարչակազմի հավաստիացումներին, երբեք չգիտես՝ ում կհանդիպես ճանապարհին։
Ռոմանը, որը երևի մոտ 60-65 տարեկան է, մասնակցել է ղարաբաղյան երեք պատերազմներին։ Նրա կրծքավանդակը սպիներով է նկարազարդված, ու տղամարդը վախենում է, որ եթե գերի ընկնենք, իր համար հաստատ վատ է լինելու։
Այս պատերազմի ժամանակ արկը Ստեփանակերտում նրա տան վրա է ընկել, պատուհաններն ու դռները դուրս են թռել, կահույքը կոտրվել է։ Ընտանիքը կիսավեր տանը հատակին է քնում։
Ռոմանի սիրտը շունտավորված է։ Շունտն արդեն փոխելու ժամանակն է, վիրահատությունն արժե 4 մլն դրամ։ Ռոմանն ասում է՝ հնարավոր է՝ իրեն որպես պատերազմի վետերանի զեղչ անեն, բայց միևնույն է՝ վիրահատության գումար չունի։
Գրեթե ավարտում ենք բեռնումը, երբ դպրոցի կողքի այն տան կողմից, որտեղից երկու շուն մեզ վրա հաչում էին, սրտապատառ ճիչ է լսվում՝ ասես մեկին մորթում են։ Վազում ենք այնտեղ։ Ֆյոդորը փոքրիկ, բաց շիկագույն մի հավիկ է գտնում, որին շները, ըստ երևույթին, պատրաստվում էին ընթրիքի համար «մթերել», բայց մեզ տեսնելով՝ փախել էին։ Հավիկի վրա տեսանելի վնասվածքներ չկան։ Լքված գոմում բարակ պարանի կտորներ ենք գտնում, կապում նրա թևերն ու ոտքերը, որ չթպրտա, փաթաթում նույն տեղում գտած կեղտոտ կարմիր ժակետի մեջ ու մեզ հետ մեքենան տանում։





Հանդիպումը
Վերադառնում ենք երեկոյան մոտ ժամը 5-ին։ Առջևից Կամազն է գնում, հետևից՝ մենք ամենագնացով։ Ճանապարհին երկու տղայի ենք հանդիպում՝ ձիերով ու տրակտորով։ Ասում են՝ ամեն ինչ կարգին է, տրակտորի մեջ ջուր կլցնեն ու կգնան։
Հակոբին Գարիկն է զանգում․ նույն անտարբեր ձայնով, որով առավոտյան համոզում էր, որ դեռ մի ամիս այստեղ ոչ ոք չի գալու, ասում է, որ ադրբեջանցիները մտել են Նոր Մարաղա, ու եթե մեզ նրանց շարասյունը հանդիպի, չխուճապենք՝ «ամենայն հավանականությամբ, հանգիստ բաց կթողնեն»։
Չենք հասցնում նրա խոսքերը մարսել, ԿԱՄԱԶ-ի վարորդին զգուշացնել, երբ երկու մեքենա է հայտնվում՝ սպիտակ «Նիվա» ու «Ուրալ»՝ համարանիշներին «AZ» տառերով։ Մեքենաները դանդաղ անցնում են ԿԱՄԱԶ-ի, ապա մեր ամենագնացի կողքով։
Գլխումս իսկույն մի տեսարան է ծնվում՝ նրանք մեզ կանգնեցնում են ու պահանջում բեռնախցիկը բացել։ Մենք դուրս ենք գալիս՝ մեզնից երեքը զինվորական բուշլատներով, ու ասում ենք՝ այնտեղ առանձնապես բան չկա․ ձեզնից ընդամենը մի արկղ նուռ ենք գողացել, մի քիչ զենք, մեկ էլ՝ այ այս հավիկը, ԿԱՄԱԶ-ում պաստառ կա, որ պատմում է՝ ինչպես է կազմված գորտի շնչառական համակարգը, մեկ էլ մեր խաչքարերն ենք ճանապարհին վերցնելու, եթե դեմ չեք։


Բայց ադրբեջանական մեքենաները կանգ չեն առնում։
ԿԱՄԱԶ-ը, որը նրանց տեսնելիս դանդաղել էր, այժմ սլանում է խելահեղ արագությամբ։ Մեքենայի հատակին ամրացված պահեստային անիվը դուրս է պրծնում ու, ընդամենը երկու շղթայով պահված, ցատկոտում ու խփվում է քարքարոտ գետնին։
Մենք սլանում ենք նրա հետևից։ Հակոբը բոլորին կոչ է անում հանգստանալ, ասում է, որ իր հավատն Աստծո հանդեպ այնքան ուժեղ է, որ վստահ է՝ իրեն, հետևաբար՝ նաև մեզ, ոչինչ չի պատահի, ու մենք անպայման պիտի Հովտաշենից խաչքարերը վերցնենք։
Մյուսները, կարծես, «Աստծուն հույսդ դիր, բայց ինքդ էլ ձեռքերդ ծալած մի նստիր» ասացվածքի կողմնակիցներն են։ Այդքան դժվարությամբ դուրս բերված հին խաչքարը թողնելը սոսկալի ափսոս է, բայց մեր գործնականությունը ընտրություն է անում հօգուտ մեքենայի մեջ նստած վեց հոգու անվտանգության։ Մենք չգիտենք՝ նրանցից դեռ քանիսը կմտնեն այստեղ ու քանիսին կհանդիպենք մենք։ Իմ հոգատար գործնականությունն է՛լ ավելի հեռուն է գնում՝ մտածում եմ, թե ինչպես թաքցնել հավին, եթե էլի մեքենաներ տեսնենք ու մեզ կանգնեցնեն, որ հանկարծ մեկի ընթրիքը չդառնա։ Մենք անցնում ենք բետոնե պատին հենած խաչքարի կողքով։
Իրավիճակը թեկուզ փոքր-ինչ լիցքաթափելու համար Վահրամը կրկին փորձարկում է «Ղարաբաղ — Ադրբեջան դիր»-ը, բայց արդեն այնքան էլ համոզիչ չի հնչում։ Ինչ-որ մեկը նրան ու Կառլենին արագ ասում է՝ ամեն դեպքում զինվորական բուշլատները հանել։ Նեղ մեքենայի մեջ, ընթացքի ժամանակ դա անելն այնքան էլ հեշտ չէ։
— Բայց չէ՞ որ այնտեղ անցակետեր կլինեն, հայ զինվորականներ, որ կզգուշացնեն՝ այստեղ գալ չի կարելի։ Հո չի՞ կարող այնպես լինել, որ գնում ես, գնում ու ադրբեջանցիների ես հանդիպում,— միամտորեն հարցնում էր Ֆյոդորը երեկ գիշեր։ Պարզվեց՝ կարող է։
Հասնում ենք մեր անցակետին։ Տղաներն ասում են՝ ադրբեջանցիները շարասյուներով անցել են մոտակայքի ներքևի ճանապարհով։ Նրանց տալիս ենք զինամթերքը։
Շուտով ռուս խաղաղապահների զրահափոխադրիչի ենք հանդիպում։ Մի երկու խոսք ենք փոխանակում։ Տղաներն արդեն հարմարվել են այն գյուղում, որտեղ տեղակայված են, տեղացիների վերաբերմունքն իրենց հանդեպ բարեկամական է։ Վահրամը դուրս է գալիս մեքենայից, ապա վերադառնում մեր պատուհանի մոտ ու խստորեն ու հաստատ ասում․ «Ղարաբաղն Ադրբեջան չէ»։ Նրա աչքերը չեն ծիծաղում։

Վարչակազմում մի երկու ժամ մնում ենք՝ հանգստանալու։ Գարիկը պատմում է, որ գյուղերից մեկում ադրբեջանցիները կանգնեցրել են գյուղապետի որդուն, որը ջրի ցիստեռն էր դուրս բերում, ցիստեռնը պոկել են, իսկ նրան բաց թողել։
Վարչակազմում հավի համար արկղ է գտնվում։ Աշխատողների աչքերում հավիկին փրկելու կապակցությամբ չհասկացողություն ու նույնիսկ, վախենամ, դատապարտում կա։ Գարիկը խորհուրդ է տալիս նրան մի զորամաս տանել ու զինվորներին նվիրել ընթրիքի համար։ Բայց մենք նրա համար արդեն տուն ենք գտել՝ ուրիշ հավիկների հետ Ուշի գյուղում, որտեղ ապրում ենք։ Տուն, որտեղ նա կացարանի դիմաց «վճարելու» է միայն ձվերով ու, հուսով ենք, խոր ծերության է հասնելու։
Իրենց հաշվին
Կառլենն ու Վահրամը նստում են ԿԱՄԱԶ-ը և դպրոցական կահույքը, որի մի մասը կոտրվել է խելահեղ սլացքի հետևանքով, տանում Վարդենիս։ Մենք պատրաստվում ենք ճանապարհին Դադիվանք մտնել, ապա նրանց միանալ։
Մարտակերտ-Քարվաճառ ճանապարհին հանդիպում ենք մի տանկի, որին արկ է դիպել։ Տանկի տակ մետաղի քարացած լճակ է։ Նույնտեղ ևս մի քանի տանկ է կանգնած՝ բառացիորեն հալված այրման հսկայական ջերմաստիճանների տակ։

Գիշերային սառը ճանապարհին մի խումբ զորահավաքված զինվորականներ են կանգնած։ Հերթափոխից հետո նրանց իջեցրել են մինչև ասֆալտապատ ճանապարհը՝ հետո զինվորները պիտի իրենց հաշվին տուն հասնեն։ Նրանցից երկուսը մեզ հետ գալիս են մինչև Ստեփանակերտ-Քարվաճառ ճամփաբաժանը։
Երկուսն էլ Ստեփանակերտից են։ Մեկի տունը ռմբակոծություններից չի վնասվել, մյուսը դեռ պիտի պարզի՝ տունն անվնա՞ս է, թե՞ ոչ։ Նրանց ընտանիքները Հայաստանում են։ Ներողություն են խնդրում, որ ստիպված եղա նստատեղին սեղմվել, ու որ իրենցից խարույկի հոտ է գալիս։
Զինվորականները մեզ հարցուփորձ են անում՝ գյուղերից որոնք են անցել Ադրբեջանին, որոնք մնացել մեզ։ Նրանցից մեկն իր զինվորական ծառայությունն անցել է այժմ արդեն ադրբեջանական Կարմիրավանում, 2016-ին պարգևատրվել է խոցած անօդաչուի համար։

Գազալցակայանում ութ հոգուց բաղկացած մեկ այլ զինվորական խմբի ենք հանդիպում։ Նրանք էլ բախտի քմահաճույքին թողնված՝ պատկառելի գումարով մեքենա են վարձել Երևան հասնելու համար։ Չնայած զինծառայողների բողոքներին՝ Դավիթը վճարում է նրանց մեքենայի համար։
Իմաստություն ու խաղաղություն
Դադիվանքում ռուս խաղաղապահներն են։ Մի քանի հայ զինվորականներ մտել են աղոթելու ու վանքի վանահայր Տեր-Հովհաննեսի օրհնությունը ստանալու՝ դիրքեր մեկնելուց առաջ։ Վանքի դարպասների մոտ շներն անխռով քնած են։
Ռուս խաղաղապահները բաց, ժպտերես դեմքերով երիտասարդ տղաներ են։ Մեկի անունը Նիկիտա է։ Հակոբը գրի է առնում նրա մոր հեռախոսահամարը՝ հենց կապի հասնենք զանգելու ու փոխանցելու, որ որդին լավ է։ Ռուսական սիմ-քարտերով չեն կարող միանալ Ղարաբաղի ցանցին, իսկ այն էլ շուտով այլևս չի լինի։
Փոքրիկ աղոթարան, որտեղ երկար մետաղյա մոմակալ է դրված, մի զինվորական է մտնում՝ գրկում մի խուրձ դեղին մոմ։ Կենտրոնացած դեմքով, մերթընդմերթ քիթը քաշելով, իր մոմերի պատրույգները մոտեցնում է արդեն վառվող մյուս մոմերին, հետո հալեցնում հակառակ ծայրն ու խրում ավազի մեջ։
Ի՞նչ է խնդրում նա Աստծուց։ Որ պաշտպանի հայրենիքն ու զինվորներին, որ ծառայությունը շատ ծանր չլինի՞։ Որ մեզ չլքի ու օգնի տանել այն ծանր փորձությունը, ցավն ու կորուստները, որ հիմա ապրո՞ւմ ենք։ Որ սա վերջին անգամը չլինի, երբ նա այստեղ մոմ է վառո՞ւմ։
Զինվորականը բարձրացնում է ընկած մոմերը, նորից խրում տեղը։ Ես ու Ֆյոդորն էլ ենք բարձրացնում։ Իրար ոչ մի բառ չենք ասում, նույնիսկ չենք բարևել։ Բայց երբեմն նրա կարմիր աչքերը հանդիպում են մեր կարմիր աչքերին, ու զգացողություն է առաջանում, որ մենք հարազատ ենք։ Ես Աստծուց իմաստություն եմ խնդրում, ընդունելու կարողություն ու հոգու խաղաղություն։ Երկրի վրա յուրաքանչյուր առանձին մարդու համար։

Վերջին կանգառում՝ Քարվաճառ քաղաքում, բոլորովին վերջերս կառուցված տներ են վերաբնակների համար։ Դրանք չեն այրել, բոլորը կանգուն են։ Քաղաքի դպրոցից ամբողջ կահույքը դուրս չի բերվել։ Առաջին հարկի սենյակում աղբ է թափված, գրեթե կենտրոնում սև դաշնամուր է կանգնած, իսկ դրա առջև՝ գեղեցիկ փայտե աթոռ։ Ֆյոդորը նստում է կոտրված դաշնամուրի առջև ու հեռախոսի լապտերի լույսի տակ նվագում միակ մեղեդին, որը կարողանում է նվագել՝ Բեթհովենի «Էլիզեին»։ Փայտե աթոռը մեզ հետ ենք վերցնում։


