Հրթիռի պոչի տակ
Նախկին արևելյան ճակատից Հակոբի զանգը հուզմունք է բերում պատերազմի մեկ ամսվա ընթացքում ծխախոտով ներծծված մեր սենյակ։ Մինչև հիմա զբաղվում էինք բաց տվյալներ հավաքելով և մի քանի հարցազրույց էինք արել փախստականների հետ՝ այստեղ, Արցախի սահմանից 180 կիլոմետր հեռու, ապահովության մեջ։
Հիմա Հակոբը զանգել է Հասմիկին ու ասել, որ կազմակերպում է մարդկանց և նրանց իրերի տարհանումը տարածքներից, որոնք ուր որ է անցնելու են Ադրբեջանին։ Եթե ուզում ենք արձանագրել վերջին ժամերը՝ մինչև հայկական հողի վրա ադրբեջանական դրոշ կբարձրացնեն, հիմա ճիշտ ժամանակն է։
Մեկ օրում նորոգում ենք մեր ջարդված մեքենան, որ դրանով գոնե մի ուղղությամբ հասնենք, բայց բախտներս բերում է. պարզվում է՝ Հակոբին օգնության արդեն գնում է Մոսկվայի հայ համայնքի ղեկավար Դավիթը, որը պատերազմի մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ սաղավարտներ, զրահաբաճկոններ և մարդասիրական օգնություն է հավաքել ու ուղարկել Արցախ։ Հանդիպում ենք Երևանում, ևս երկու ընկեր նստում են մեքենան, ու ճանապարհվում ենք Մարտակերտ։
Որքան հյուսիս ենք գնում, այնքան ցրտում է։ Դա կարելի է հասկանալ և՛ այստեղ-այնտեղ հայտնվող ձյունից, և՛ լցակայանի սառնամանիքային օդից, որտեղ դուրս ենք գալիս՝ գազի բալոնը մինչև վերջ լցնելու։ Չգիտենք՝ հաջորդ անգամ երբ կհաջողվի լիցքավորվել։ Քելբաջարի շրջանը, որով գնալու ենք Արցախի արևելքում գտնվող Մարտակերտ, նույնպես շուտով անցնում է Ադրբեջանին։
Արցախ մտնելուց քիչ առաջ, դեռ հարթավայրում, հանդիպում ենք ենթադրաբար «Տոչկայի»՝ խորհրդային մարտավարական հրթիռային համալիրի այրված կմախքին։ Դրան հարվածել է մարտական անօդաչուներից մեկը, որոնք մի քանի անգամ մտել էին Հայաստանի տարածք։

Լեռները հանկարծ են սկսվում։ Բառացիորեն աճում են հողի տակից։ Միաժամանակ այնպիսի մառախուղ է սկսվում, որ մի քանի մետր այն կողմ գրեթե ոչինչ չի երևում։ Նայելով զառիթափ ճանապարհին՝ ուրախանում եմ, որ գնացել ենք ամենագնացով, ոչ թե հավատարիմ, բայց, այնուամենայնիվ, պստլիկ գոլֆով՝ իր մեկուկես լիտրանոց շարժիչով։
Ճանապարհը մի քանի ժամ է տևում։ Զրուցում ենք։ Ճանապարհին հանդիպում ենք մի կամրջի, որին արկ է դիպել, բայց կարողացել է քանդել միայն մի կողմը. մյուս կեսով, շրջանցելով անցքն ու դուրս ցցված ամրանների մատները, մեքենաները հեշտությամբ անցնում են։
Մի քանի ժամ անց, արդեն Մարտակերտին մոտենալիս՝ նույն մառախուղի մեջ, մեքենան կտրուկ կանգ է առնում։ Քիչ էր մնում վրաերթի ենթարկեինք հենց ասֆալտից ցցված «Սմերչի» չպայթած հրթիռը։ Դուրս ենք գալիս լուսանկարելու. ի վերջո, սա առաջին հրթիռն է, որ տեսնում եմ ինքս, անձամբ։ Զգուշորեն դիպչում եմ դրան՝ չգիտես ինչու պատկերացնելով, որ տաք կլինի։ Իհարկե՝ ոչ։ Մետաղի սառը, հաստ շերտը սարսափ է ներշնչում նույնիսկ հիմա, երբ հրթիռը վաղուց արդեն ոչ մի տեղ չի թռչում։
Մտածում եմ՝ այսպիսի հրթիռի մի կտորով թեկուզ գլխին խփես՝ ուռուցք կառաջանա։ Եվ դժվար է պատկերացնել, որ իրականում այս երկաթը ընդամենը կոնֆետի թուղթ է, որը պատռվում է թղթի պես, երբ միջուկը պայթում է։ Հողից դուրս ցցված հրթիռի պոչը մեծ է, բայց միայն տանը, համացանցը միացնելուց հետո եմ իմանում, որ իրականում դա դրա փոքր մասն է, իսկ հրթիռն ինքն արդեն մի քանի մետր խորացել է հողի մեջ։

Հասնում ենք Մարտակերտ։ Քաղաքը թաղված է մթության մեջ։ Գրեթե միակ լույսը մի երկու բաց խանութներն են ու տեղի քաղաքապետարանի լամպերը, ուր էլ գնում ենք։ Այդ խանութները հանկարծ են հայտնվում թանձր խավարի մեջ։ Թվում է՝ հասել ենք աշխարհի ծայրին, իսկ սրանք սահմանապահներն են անդունդի եզրին։ Հիմա դուրս կգան ու կհարցնեն՝ վստա՞հ ենք, որ մեզ պետք է ավելի առաջ գնալ։
Վերջապես կանգնեցնում ենք մեքենան։ Աստիճաններով՝ վերև, դեպի քաղաքապետարանի կոտրված ապակիները։ Քաղաքում մերձամարտեր չեն եղել, ամբողջ ավերածությունը հրետանու և անօդաչուների հարվածներից է։ Աստիճանների վերջում մեզ ինչ-որ մարդիկ են դիմավորում։ Ինչ-որ մեկը, կարծես, հարցնում է՝ ով ենք, բայց, ընդհանուր առմամբ, դա քչերին է հետաքրքրում։ Աշխարհի ծայրին ամեն ինչ կորած է։
Լուն և Աստված
Քաղաքապետարանի ներսում ուժեղ քամի է, ցուրտ, գեր կատուներ։ Արագ գտնում եմ մայրիկին՝ իհարկե, հղի, և ընտանիքի հորը։ Մայրիկն անհանգիստ շրջում է, մլավում։ Ձագերին հաշվել չի լինի։ Նրանք մասնակցում են և՛ ռազմական խորհրդակցություններին, և՛ մեր հարցազրույցներին։
Մուտքի մոտի փոքր սենյակում գրեթե նույնքան ցուրտ է, որքան դրսում։ Երեք շիկացած ձողերով տաքացուցիչ է աշխատում։ Ձողերից մեկը կիսված է։ Վառարանի լարերը տանում են դեպի ինքնաշեն հարմարիչը՝ իրար խճճված ու վերազոդված լարերի և սխեմաների մի կույտ։ Թշնամին հաստատ գլուխ չի հանի։
Փաստաթղթերի պահարանին անվտանգության կանոնները հիշեցնող պաստառ է կախված։ Ո՛չ, ոչ հրետակոծության ժամանակ։ Կորոնավիրուսի օրերին շփվելիս։ Սեղանին անկանոն թղթեր են թափված, ծխախոտի մնացորդներով պնակներ, չորացած սուրճով փոքր բաժակներ։ Հենց այդ մնացորդներից ու սուրճից, ոչ թե հողից դուրս ցցված արկերից եմ սկսում հասկանալ, որ այստեղ գտնվելը հեշտ չի եղել։
Փորձում ենք կապվել Հակոբի հետ։ Հեռախոսի բարձրախոսի խռխռոցից, որով զանգում է վարչակազմի ղեկավարի տեղակալ Գարիկը, կռահում եմ, որ կապը գրեթե բացակայում է։ Հակոբն ինչ-որ տեղ այնտեղ է՝ ծայրի մթության մեջ։ Գարիկը զանգում է առաջին մարդուն, երկրորդին, մինչև գտնում է մեկին, որը նրա կողքին է հայտնվել և կարող է հեռախոսը փոխանցել։
Մեկ կամ երկու ժամ անց Հակոբը մտնում է մեր սենյակ։ Տեսքը հոգնած է, վշտացած ու զայրացած. բեռնատարը, որը մեծ դժվարությամբ և ահռելի գումարով է պատվիրել՝ կիլոմետրը հազար դրամ, կամ երկու դոլար, արդեն լիքն է և չի կարող վերցնել վերջին խաչքարը գյուղից, որը կեսգիշերին պետք է անցնի Ադրբեջանին։
Ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում են բոլոր մասունքները, որոնք հայերը թողնում են իրենց հետևում, որպեսզի Ղարաբաղում նրանց ներկայությունից հետք անգամ չմնա։ Նույնը կատարվում էր Նախիջևանում, որտեղ հարյուրավոր այդպիսի խաչքարեր ոչնչացրին։ Դրանք հողից հանում էին, կոտրում ծանր մուրճերով ու էքսկավատորներով, իսկ ստացված քարակույտերը նետում ջուրը։
Ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի կառավարությունները ոչինչ չեն արել պատմական հուշարձանները պահպանելու համար։ Հակոբի նման կամավորները դրանով ինքնուրույն են զբաղվում։
Հակոբը պատմում է իր խաչքարերի մասին՝ ձեռքերը թափով շարժելով։ Հետո կտրուկ լռում է, մեր միջով սեղմվելով անցնում դեպի ռադիատորը, կռանում ու տաքացնում սառած ձեռքերը։
Ծխով լի սենյակից դուրս եմ գալիս՝ ծխելու։ Ծխախոտի ծուխն արագ քաշվում է դռներից դուրս՝ փողոց, դատարկության մեջ։ Էլեկտրական լույսը ծխին կյանք ու ծավալ է տալիս, քանի դեռ այն ներսում է։ Բայց ահա մի վայրկյան, ու այն տարրալուծվում է գիշերվա մեջ։ Փողոցային լապտերները չեն վառվում, և քաղաքապետարանը կարծես կտրված է ինքնաթիռներից ու գրադներից ավերված քաղաքից։

Որոշում ենք հենց հիմա գնալ։ Դավիթն առաջարկում է օգնել խաչքարը հանել և մտածել՝ ինչպես այն տեղափոխել։ Ժամը 22:30 է։
Շարժվում ենք դեպի Մարտակերտից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Հովտաշեն գյուղը։ Ուղևորները նստած են իրար վրա. արդեն վեց հոգի ենք։ Հասմիկը փորձում է գրառումներ անել նոթատետրում։ Շուրջը նախկինի պես մառախուղ է։ Ոչ ոք ճանապարհը հստակ չգիտի։ Հակոբից բացի բոլորս առաջին անգամ ենք այստեղ, բայց հենց Հակոբն էլ այնտեղ հայտնվել է միայն այսօր։ Գիշեր է, ցուցանակներ գրեթե չկան, իսկ ճանապարհները ճյուղավորվում են։
Անընդհատ բզզացնում ենք պատուհանները՝ մեկ սա բացելով, մեկ մյուսը։ Փնտրում ենք։ Իրար նման հողե ճանապարհներից գրողը տանի՝ ո՞նց հասկանաս, թե որն է պետք։
Այս ամբողջ ընթացքում մտածում եմ, որ օտար զորքերը շատ մոտ են կանգնած։ Չգիտենք՝ երբ են «մտնելու» և ինչ են անելու։ Անվտանգության ոչ մի երաշխիք չկա. կիլոմետրերով ոչ մի հայ զինվորականի չենք հանդիպել։ Զգացողություն է, թե մերձճակատային գոտին դատարկվել է։
Ոչ ոք չի վերահսկում հրադադարը, ոչ ոք չի հետևում, որ նոր գերիներ ու կտրված ականջներ չլինեն։ Մենք մենակ ենք, և միայն իրենց իրերը շտապ հավաքող տեղացիների հազվադեպ մեքենաներն են ցրում այս մենությունը։ Ամեն ինչ կախված է «զինադադար» բառի բարակ թելից, չկրակելու և լուռ մնալու՝ ինչ-որ մեկի պայմանավորվածությունից։
Պատերազմի տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են։ Հայերն իրենց մաշկի վրա դա զգացին, երբ արդեն ուշ էր որևէ բան փոխելու համար։ Քանի դեռ մեքենայի մեջ ենք, մտածում եմ նաև դիպուկահարների, ականանետների, անօդաչուների մասին։ Եթե արկը մեզ դիպչի, այս մեքենայից ոչ ոք դուրս չի պրծնի։ Դա անարդար է։ Եթե մեկը ռևոլվեր ունի, կարող եմ հավասարեցնել մեր հնարավորությունները՝ մեկ ուրիշ ռևոլվեր գնելով։
Բայց այստեղ ինչ-որ մեկը կառավարման վահանակի վրա կոճակ ունի, որով, Աստված խաղալով, կարող է պարզապես «լու ճզմել»։ Չգիտեմ՝ հիմա իմ գլխավերևում այդ «Աստվածը» կա՞, և արդյոք կուզենա՞ ինձ ճզմել։ Լու լինելը տհաճ է, բայց «Աստվածը» երբեք իմ կարծիքը չի հարցնի։
Երբ կեսգիշերին ընդամենը կես ժամ է մնում, գտնում ենք պետք եղած գյուղը։ Դուրս եմ գալիս մեքենայից ու կանգնում հայկական հողի վրա, որը կես ժամից ադրբեջանական է դառնալու։ Այսինքն՝ հետ ակնհայտորեն արդեն ադրբեջանական ճանապարհով ենք գնալու։ Google-ի քարտեզների մշակողները երևի հիմա երջանիկ են։ Էլ պետք չէ այս բոլոր անունները կրկնօրինակել հայոց անհասկանալի այբուբենով։

Առջևումս գերեզմանոց է, կողքին՝ մարող տուն։ Մթության մեջ այն վայրենի, սխալ, սարսափելի տեսք ունի։ Մխում է ինչպես մռայլ ամանորյա լուսաշղթա՝ առանց մարդկանց տարօրինակ տոնի ժամանակ։ Սև նոր տարի։
Ճանապարհի մյուս կողմում հենց այդ խաչքարն է։ Հին քարը սպիտակ լույսով փայլում է լապտերի ճառագայթում։ Անշարժելի մի ժայռաբեկոր. փորձում ենք ջարդել հիմքը, տակը փորել, տեղից շարժել, բայց ամեն ինչ անիմաստ է։ Մինչ խաչքարի շուրջը խլվլում ենք, լսում եմ՝ ինչպես են թխկթխկալով անցնում թանկագին րոպեները։
Ասում են՝ արյան մեջ ադրենալինի ներհոսքը կարող է տասնապատկել մարդու ուժը։ Կարծես հիմա բոլորն էլ ադրենալին ունեն։ Բայց նայում եմ այս քարին ու հասկանում. փայտով հիմքը չես փորի, լոմիկով չես ջարդի։ Այն գյուղում, որտեղ ապրում ենք, սովորել եմ ծանր աշխատանք անել անհամապատասխան գործիքներով, ուստի արագ հաշվում եմ, որ այս տեմպով խաչքարը կկարողանանք հանել մոտ չորս ժամից։
Տղաներից մեկը՝ Կառլենը, լարված ժամացույցի պես կրկնում է. «Հիմա կստացվի։ Արդեն շարժվում է, հիմա արդեն կհանե՛նք»։ Վերցնում եմ լոմիկը և որպես վերջին տարբերակ՝ ուժով հարվածում քարի հաստ հիմքին՝ ցանկանալով ստուգել՝ արդյոք այն ավելի փխրուն նյութից է պատրաստված, և արդյոք թույլ տեղեր ունի։ Իհարկե, դատարկ ձեռնարկ է։ Խաչքարը հոյակապ են պատրաստել՝ ու դարերի համար։

23:40։ Չենք կարողանում այս քարը հանել։ Նաև չգիտենք՝ երբ են ադրբեջանցիներն այստեղ մտնելու։ Ամբողջ ճանապարհին ոչ մի զինվորականի, ոչ մի անցակետի չենք հանդիպել։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ դրանք չկան նաև այնտեղ՝ մյուս կողմում, որտեղ ադրբեջանական համազգեստով մարդիկ են կանգնած։ Ոչ ոք ոչինչ չգիտի, ու չկա մեկը, ումից հարցնենք՝ երբ են գալու մեզ սպանելու, մորթելու, գերեվարելու։ Մենք մենակ ենք մեզ հետ։
Մտնում ենք այրվող տուն՝ այնտեղից հանելու տանտերերի թողած ձմեռվա պաշարները և տալու զինվորներին։ Տանը առաջին բանը, որին ուշադրություն եմ դարձնում, մանուշակագույն հողաթափերն են։ Հետո տեսնում եմ շամպուններ, քսուքներ և լոգարանի այլ պարագաներ։ Տեսնում եմ լոգարանը, հյուրասենյակը, պատուհանի սարդոստայնը, որը սպիտակից դարձել է թավ, սև՝ ծխի պատճառով։
Ինձ չի լքում այն զգացողությունը, որ ներխուժել եմ ինչ-որ մեկի տուն և խախտել դրա ինչ-որ մտերմիկ մթնոլորտը՝ ուրիշի բնակարան բացած սեյֆագողի պես։ Բայց հենց սա է պատերազմի անարդարությունը. ցանկացած տուն, որտեղից մարդիկ փախել են, ինչ-որ մեկի թալանված, պղծված տաճարն է, գերության մեջ լքված մարդ։ Ինչ-որ օրինաչափորեն սխալ բան կա սրա մեջ։





Շարունակում ենք ճանապարհը։ Հակոբն ուզում է մեզ ինչ-որ բան ցույց տալ։ Երբ դուրս ենք գալիս, տեսնում եմ նոր փորված գերեզմաններ՝ դատարկ։ Այս պատերազմում զոհված զինվորների հարազատները հանել են նրանց մարմինները, որպեսզի թշնամին չպղծի դրանք։
Կեսգիշերից արդեն շատ է անցել։ Այստեղ այլևս անելիք չունենք։ Նստում ենք մեքենաներն ու փորձում հետ վերադառնալ, բայց մառախուղը նորից խանգարում է։ Մեքենան այս ու այն կողմ է սլանում, շրջվում, հետ գնում ու նորից փորձում գտնել ճիշտ արահետը։ Լարվածությունը չի թուլանում, մինչև տեսնում ենք ճանապարհին, ըստ երևույթին, բեռնատարից ընկած մահճակալը՝ նույնը, որ տեսել էինք գնալիս։
Այս մահճակալն ինձ հարազատ է թվում։
Վերադառնում ենք Մարտակերտ։ Քաղաքի մուտքի մոտ հանդիպում ենք երիտասարդ հայ տղեկներով մի անցակետի։ Ընդամենը մի քանի հոգի են, անցակետը հապշտապ է սարքված։ Մեզ թողնում են անցնել, ու արագ հասնում ենք քաղաքապետարան։ Այնտեղ գիշերում ենք սառը նկուղում. քաղաքում հոսանքն անջատում են, և մեր փոքր տաքացուցիչը դադարում է աշխատել։
Ամեն ինչ նորմալ է
Առավոտյան վարչակազմի շենքը դատարկ է։

Գնում ենք տեսնելու, թե պատերազմն ինչպես է փոխել քաղաքը։ Փողոցներում գրեթե ոչ ոք չկա՝ միայն հազվադեպ հանդիպող զինվորական համազգեստով տղամարդիկ։ Ոչ ոքի հետ չենք խոսում, եթե չհաշվենք հոգեկան հիվանդ տղամարդու ընտիր հայհոյանքները լսելն ու մեքենայի վարորդին բացատրելը, որը շփոթել է ինձ Սեմյոն Պեգովի հետ և ուզում է տանել «ավելի հետաքրքիր տեղ»։

Մի տեղ արկի առաջացրած ձագարափոս ենք տեսնում։ Ասֆալտի փշրանքներն ու աղբը գորգի պես ծածկել են հողը շուրջը՝ շատ մետրերի վրա։ Ճանապարհի եզրերին նռնենիներ ու արքայանարնջի ծառեր են աճում։ Նռները վաղուց ճաքել են։ Ոչ ոք դրանք չի հավաքում։
Վերադառնում ենք քաղաքապետարան՝ տղաներին սպասելու և նորից գյուղեր գնալու. բեռնատարով տանելու այն ամենը, ինչ կարող ենք, գյուղի դպրոցի շենքից և նորից փորձելու փրկել խաչքարը։
Շենքի կողքի այգում ինչ-որ մեկի կովերն են արածում։

Նորից նստում ենք մեքենան։ Հակոբը փնտրում և երկար պայմանավորվում է մի մարդու հետ, որը շրջանցիկ ճանապարհ գիտի։ Շրջանցիկ ճանապարհ՝ նշանակում է, որ այնտեղ հայկական անցակետ չի լինի, որտեղ մեզ հաստատ չեն թողնի անցնել։ Եվ կկարողանանք հանգիստ մտնել ադրբեջանական հող։
Այդպես էլ լինում է։ Ճանապարհին տեսնում ենք անօդաչուից այրված մարտական տեխնիկա, անվերջ նռան այգիներ, էլի անտառներ ու բլուրներ, հողից ցցված արկեր, ինչպես նաև լքված հայկական բլինդաժ, որտեղից վերցնում ենք զինամթերքով մնացած արկղերը։


Երեկվա գյուղերում ավելի աշխույժ է, քան գիշերը. մի քանի մեքենայի ենք հանդիպում։ Հակոբն ու Դավիթը մարդկանց խնդրում են օգնել խաչքարը հանել։ Հիմա, երբ ութ կամ տասը հոգի ենք, գործն ավելի արագ է գնում։ Տղամարդիկ հանում են խաչքարը, կոտրում ցանկապատն ու իջեցնում ներքև, որ հետո բեռնատարով վերցնեն։





Հաջորդ կանգառը Նոր Այգեստան գյուղի դպրոցն է։ Սկզբում չեմ հավատում, որ շենքից հանելու ենք նստարաններն ու աթոռները։ Իրեն զգացնել է տալիս մշակույթի և մտածողության տարբերությունը. այն, ինչ ինձ համար ծախսվող նյութ է, որն ափսոս չէ նետել, այս տղամարդկանց համար հնարավորություն է՝ ինչ-որ ուրիշ դպրոց անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու։ Այն ամենով, ինչով պետությունը չի ապահովի։

Օգնում եմ դուրս բերել կահույքն ու գրքերը, բայց պարբերաբար կանգ եմ առնում՝ նայելու դպրոցի քարացած կյանքին։ Ուսուցչանոցի սեղանին շամպայնի և կոնյակի շշեր են։ Գուցե տոն է եղել, իսկ գուցե վերջին անգամ են խմել։ Դարակներում շարադրություններով, տնայիններով ու ստուգողական աշխատանքներով տետրեր են։ Տետրերը կարմիր գրիչով գծված են։ Իմ բացած էջին գրված է՝ 10։ Հինգ։
Գրեթե բոլոր դասասենյակների պատերին երեխաների նկարած պաստառներ են կախված՝ քարտեզներով, գրողների կենսագրություններով և կենդանիների կենսաբանական կառուցվածքով։ Երկրորդ հարկում, ինչպես ինձ է թվում, արյան չորացած հետքեր են։ Ձգվում են աստիճաններով ներքև՝ մինչև ելքը։ Այնտեղ անհետանում են։

Դպրոցի կողքի հարևան բակում շներ ենք տեսնում։ Հասմիկն ինձ խնդրում է ջարդել երկաթե ցանկապատը, որպեսզի կարողանան դուրս գալ։ Վերցնում եմ ծանր մուրճը և փոքր բացվածք անում։ Պարզվեց՝ իզուր չէր։ Մի քանի րոպե անց լսում ենք կենդանու սրտաճմլիկ ճիչը։ Պարզվում է՝ շները բռնել ու փորոտում էին բակում մնացած միակ հավին։
Հավանաբար թաքնվել էր, երբ տանտերերը տանում էին մնացած բոլոր կենդանիներին։ Հենց նոր արված բացվածքով ներս ենք սողոսկում։ Ես բռնում եմ հավին, Հասմիկը թելով կապում է ոտքերն ու թևերը, որպեսզի թռչունը ճանապարհին ինքն իրեն չվնասի։
Մեկ ուրիշ բակում տղաների հետ թթուների ու կոմպոտների բանկաներ ենք գտնում։ Այնտեղ նաև հատուկ տակառներ կան, որոնց մեջ խաղող է խմորվում. տանտերերը սկսել են գինի պատրաստել, բայց չեն հասցրել ավարտել։

Բեռնատարը դանդաղ է պատվում իրերով։ Ամենադժվարը գրքերն իջեցնելն է։ Դրանք դնում ենք Հակոբի տված մեծ կանաչ կտավի վրա և իջեցնում բեռնատարի մոտ։ Միայն դրա համար մի քանի ժամ պահանջվեց։





Բավական նյարդայնանում եմ։ Արևը մայր է մտնում, ադրբեջանցիները դեռ չեն երևում, բայց չեմ ուզում ճանապարհին մի տեղ նրանց դեմ առնել։ Սակայն հենց դա էլ տեղի է ունենում։ Սկզբում Հակոբին զանգում են ու ասում, որ նրանց շարասյուներն արդեն մտել են այս գյուղերը։ Սկսում ենք գնալ, և որքան արևը ցածր է իջնում, այնքան արագ ենք գնում։
Ճանապարհին ադրբեջանական համարանիշներով երկու մեքենայի ենք հանդիպում։ Իրավիճակի սյուրռեալիզմը շունչ է կտրում։ Մեր մեքենայի բեռնախցիկում զինամթերք է, Հասմիկի ծնկներին՝ հավը, մեր կողքով անցնում են մեքենաներ, որոնց համարանիշները նախկինում կարող էինք տեսնել միայն համացանցի լուսանկարներում։ Գնում ենք մի հողով, որն այլևս մերը չէ, և չգիտենք՝ ինչպես դրան կվերաբերվեն նրանք, ում այն հիմա պատկանում է։ Պլաստիկ տոպրակից սուշկիներ եմ ուտում ու մտածում՝ ինչ համեղ են, երբ «վերջին անգամ» ես ուտում։
Սակայն ոչ ոք մեզ չի կանգնեցնում։ Դավիթը մեքենան անխնա քշում է անճանապարհ տեղանքով։ Առջևի բեռնատարից պահեստային անիվն է պոկվում ու հիմա հավասար ընդմիջումներով ցատկոտում շղթայից կախված։ Ճանապարհին հանդիպում ենք վերջին փախստականներին. մի քանի տղամարդ ձիերով ու տրակտորով դեգերում են ճանապարհով։ Օգնությունից հրաժարվում են։ Ասում են՝ ամեն ինչ նորմալ է։
Հասնում ենք հայկական զորամաս՝ ճանապարհին խաչքարը չվերցրած։ Հանձնում ենք զինամթերքը։ Հակոբը խոսում է բոլոր զինվորականների հետ՝ փորձելով հասկանալ՝ դեռ հնարավո՞ր կլինի հետ վերադառնալ։ Բոլորը պատասխանում են՝ չի կարելի։
Երբ հանդիպում ենք ռուս խաղաղապահների հետևակի մարտական մեքենային, նորից կանգ ենք առնում։ Իհարկե՝ լուսանկարվելու և, իհարկե, խաչքարի մասին իմանալու։ Հակոբը պարզում է, թե ղեկավարներից ում հետ կարելի է այդ մասին պայմանավորվել։ Ես տղաներին հարցուփորձ եմ անում, թե մարտական կիրառության մեջ հետևակի մարտական մեքենան ինչով է տարբերվում մոտալիգայից՝ թրթուրավոր ամենագնացից, որով բանակում էի շրջում։ Պարզապես՝ խոսակցությունը շարունակելու համար։
Հետո նորից Մարտակերտն է լինելու, զինվորականներին հրաժեշտն ու երկար ճանապարհը դեպի տուն։ Ճանապարհին տեսանք հալված տանկ, որի տակ քարացած մի ջրափոս էր՝ երբեմնի զրահը, հեռախոսային մալուխները կտրող ու անտառը հատող մարդկանց, լքված քաղաքներ ու գյուղեր։ Հայաստանից առաջ վերջին կանգառը Դադիվանքն է, ուր մտանք հրաժեշտ տալու։

Առաջին անգամ Դադիվանքը տեսել եմ գիշերով՝ մի ամբողջ օր ավտոստոպով ճանապարհ գնալուց հետո, երեք տարի առաջ։ Երկրորդ անգամ՝ հիմա, նորից գիշերով։ Վանքը ոչ մի կաթիլ չի փոխվել. նույնքան հարազատ ու ժամանակից դուրս է, նույնքան կարեկից մարդուն և միաժամանակ ինչ-որ աստվածային վեհությամբ նրա վրա խոյացող։ Ներս եք մտնում, դիպչում պատերին ու սկսում լաց լինել։




