Նախկին արևելյան ճակատից Հակոբի զանգը հուզմունք է բերում պատերազմի մեկ ամսվա ընթացքում ծխախոտով ներծծված մեր սենյակ։ Մինչև հիմա զբաղվում էինք բաց տվյալներ հավաքելով և մի քանի հարցազրույց էինք արել փախստականների հետ՝ այստեղ, Արցախի սահմանից 180 կիլոմետր հեռու, ապահովության մեջ։
Հիմա Հակոբը զանգել է Հասմիկին ու ասել, որ կազմակերպում է մարդկանց և նրանց իրերի տարհանումը տարածքներից, որոնք ուր որ է անցնելու են Ադրբեջանին։ Եթե ուզում ենք արձանագրել վերջին ժամերը՝ մինչև հայկական հողի վրա ադրբեջանական դրոշ կբարձրացնեն, հիմա ճիշտ ժամանակն է։
Մեկ օրում նորոգում ենք մեր ջարդված մեքենան, որ դրանով գոնե մի ուղղությամբ հասնենք, բայց բախտներս բերում է. պարզվում է՝ Հակոբին օգնության արդեն գնում է Մոսկվայի հայ համայնքի ղեկավար Դավիթը, որը պատերազմի մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ սաղավարտներ, զրահաբաճկոններ և մարդասիրական օգնություն է հավաքել ու ուղարկել Արցախ։ Հանդիպում ենք Երևանում, ևս երկու ընկեր նստում են մեքենան, ու ճանապարհվում ենք Մարտակերտ։
