Երբ ես քսանչորս տարեկան էի, ես ենթարկվեցի մանկաբարձական բռնության: Դրա մասին ընդունված չէ խոսել կամ առհասարակ անվանել բռնություն և ընկալել որպես այդպիսին: Սակայն 2019 թվականի տարեվերջին հրապարակվեց ՄԱԿ-ի հատուկ զեկույցը, որով հռչակվեց, որ մանկաբարձական ագրեսիան մարդու իրավունքների խախտում է, և որտեղ առաջարկվում են միջազգային մակարդակով խնդրի լուծման մեթոդներ: Ծննդաբերության ժամանակ արժանապատիվ ու հարգալից վերաբերմունք ստանալը և մանկաբարձական համապատասխան ծառայություններից լիարժեք օգտվելը կնոջ իրավունքն է: Արդյոք բոլո՞ր մանկաբարձները գիտեն այդ մասին:
Երեկոյան հինգն անց էր, երբ արթնացա ինչ-որ տարօրինակ զգացողությունից: Կանգնեցի ու «ջրերս գնացին»: «Ժամանակն է, — մտածեցի, — բայց ինչու՞ ցավեր չունեմ»: Սուր տագնապ զգացի, վայրկյանների ընթացքում հասցրեցի վատ սցենարի մի քանի տարբերակ պատկերացնել, հետո ինքս ինձ մխիթարել ու քաջալերել։ Փոխեցի հագուստս, տաքսի կանչեցինք ու գնացինք ծննդատուն:
Ճանապարհին կարծես թմբիրի մեջ լինեի. ոչինչ չէի զգում, չէի տեսնում ու չէի լսում։ Շենգավիթ ԲԿ-ն մոտ էր մեր տանը, արագ հասանք, հետո էլ ամեն ինչ շատ արագ կատարվեց: Սակայն այս երեքուկես տարիների ընթացքում այդպես էլ չանցած պոչուկիս ցավը հիշեցնում է, որ դա երազ չէր:
