Վալերիանան ոտքի կկանգնեցնի
Կյանքիս երեսունմեկ տարիներից յոթն անցկացրել եմ մի ախտորոշմամբ՝ դեպրեսիա։ Տարածված մի թյուր կարծիք կա, թե դա ինչ-որ քմահաճույք է՝ հորինված դեռահասների ու հիստերիկ կանանց համար, որոնք չափից շատ ազատ ժամանակ ունեն։
Դեպրեսիան ինձ համար կապվում էր ֆիլմերի ու գրքերի մռայլ հերոսների հետ, որոնք բուռ-բուռ հակադեպրեսանտներ էին կուլ տալիս և անպայման փխրուն էին, թույլ, խոցելի։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. չէ՞ որ նրանք չէին կարողանում ինքնուրույն գլուխ հանել իրենց խնդիրներից։
Ինձ միշտ թվում էր, որ անգամ երկարատև տխրության համար ժամանակ չունեմ, քանի որ ես՝
- Ուժեղ եմ
- Դրական եմ տրամադրված
- Երազկոտ եմ
- Նպատակասլաց եմ
- Երջանիկ եմ
Մի խոսքով՝ դեպրեսիան «իմ մասին չէ»։
Երբ քսանն անց էի, դիպլոմային էի գրում։ Այդ ժամանակ նկատեցի, որ պարբերաբար անսովոր անտարբերություն է համակում ինձ այն ամենի հանդեպ, ինչ անում եմ, ու այդ պահերին ոչնչով չէի զբաղվում։ Ուսանողների շրջանում նորմալ է համարվում երբեմն «պրոկրաստինացնելը»՝ իրար հետևից կատվի ձագերի տասը տեսանյութ դիտելը, անվերջ մեմերով ու ճաշատեսակների բաղադրատոմսերով լրահոսը թերթելը կամ «Պատառաքաղը բռնելու տասը ձև, որոնց մասին անգամ չէիք էլ կռահում» ոճի ժամանակ խժռող հոդվածներ կարդալը։
Ես չէի պրոկրաստինացնում։ Ժամերով նստում էի էկրանի առաջ, որի վրա դատարկ էջ էր՝ բազում դատարկ էջերից մեկը։ Հեռախոսս կողքիս էր, անձայն ռեժիմով, որպեսզի ոչ ոք չկարողանար որևէ բան հարցնել, խնդրել, պահանջել կամ այլ կերպ ստիպել ինձ խոսել։
Սկզբում քնում էի գիշերվա մեկին, հետո՝ երեքին, իսկ հետո արդեն բոլորովին առանց քնելու լուսացնում էի՝ երկու տուփ ծխախոտ ծխելով։ Ինձ թվում էր, թե ծխախոտն օգնում է հավաքվել, որովհետև այդ պահին այն միակ հաստատուն բանն էր կյանքումս։ Ես գիտեի՝ ինչպես բացել տուփը, պոկել թղթե փաթեթավորումը, հանել սիգարետը, վառել այն, ու գիտեի՝ ինչ է լինելու հետո։ Հաճույքի կարճ ալիքներ՝ մշտական ընկճվածության զգացման ֆոնին։ Ես ավելի ու ավելի էի խրվում այդ վիճակի մեջ, դիպլոմայինս՝ ինձ հետ։ Ես զայրանում էի։
Իհարկե, ես ոչ մի տեղ օգնության չդիմեցի։ Ո՞վ իր խելքով մեկ լինելով՝ բժշկի կդիմի, երբ պարզապես դիպլոմային գրելու ոգեշնչում չունի։ Վալերիանա, առյուծագի, նովո-պասիտ, տառապելով գրել պահանջվող քանակի էջերը, թոքերը ձյութով սևացնել, իսկ հետո ամառը կգա, ու ամեն ինչ կկարգավորվի։ Չկարգավորվեց։
Դիպլոմայինը գրվել ու հանձնվել էր, վալերիանայի օգտագործումը՝ նվազել, բայց եկած ամառն անցկացրի անսովոր կերպով՝ ուշքի գալով վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց հետո, ուր ինձ հասցրել էր վատացած առողջությունս, և դրան հաջորդած շտապ վիրահատությունից հետո, ինչպես նաև վերապրելով սիրելի ու եկամտաբեր աշխատանքից հեռանալս։ Փորձում էի ուրախ ու զվարթ երևալ, ինչպես մեկը, որին ճակատագիրը երկրորդ հնարավորություն է տվել. չէ՞ որ տվել էր։ Զբաղվում էի ֆիզիկական վերականգնմամբ, նոր «հետաքրքիր նախագիծ» փնտրում ու շրջապատիս համոզում, որ ամեն ինչ լավ է։
Գուցե ինքս էլ էի դրան հավատում, մինչև եկավ նոյեմբերը։ Բանն անգամ այն չէ, որ երբեք չեմ սիրել մոսկովյան աշունը, որն իր սառը խոնավությամբ լվանում-տանում է ջերմությունը, ինչպես բնակարանի կաթացող առաստաղը։ Ամեն տարի, հենց սկսվում էին անձրևներն ու ցեխաջուրը, դժվարությամբ էի վեր կենում անկողնուց, որ օրը սկսեմ, իսկ հանգստյան օրերին կարող էի ընդհանրապես վեր չկենալ։

Աշունը հարբուխն ու անգինան են, հագուստի ծալքերի տակ սողոսկող նյարդայնացնող ցուրտը, ցերեկային կարճ լույսն ու Դոստոևսկու սյուժեները։ Երբեք չեմ սիրել Դոստոևսկուն։ Վրա հասնող ձմեռն ամեն տարի քշում-տանում էր մելամաղձությունս, ասես այն չէր էլ եղել։ Բայց ինչպես ամառը թեթևություն չբերեց, այնպես էլ ձմեռը չօգնեց։
Բարև ձեզ, ես շատ վատ եմ
Արդեն անցել էին առաջին ձյունը, երկրորդը, երրորդը և դրանց հաջորդած չորս ամիսները, որոնց ընթացքում գրեթե տնից դուրս չէի եկել։ Գիշերները նստում էի հեռուստացույցի առաջ, մինչ բոլորը քնած էին, ու կինո նայում՝ տասնյակ, հարյուրավոր սերիալներ ու ֆիլմեր։ Ցերեկը քնում էի։ Երբեմն, սթափվելով, թույլ փորձեր էի անում վերլուծելու իրավիճակը, բայց արագ հանձնվում էի։ Չէի կարողանում հասկանալ՝ ինչու եմ այսքան վատ, ու սուզվում էի հերթական ֆիլմի մեջ, որը թույլ էր տալիս չմտածել։
Ինչ-որ հրաշքով այդ ժամանակ ռադիոյում աշխատանք գտա։ Իմ միակ խնդիրը ուղիղ եթերում ուղիղ մեկ ժամ եռանդուն լինելն էր, բայց անգամ դա մեծ դժվարությամբ ու ահռելի ջանքերի գնով էի կարողանում։ Փրկում էր այն, որ եթերի խմբագիրն ու համահաղորդավարս իմ ընկերներն էին։ Շատ վատ օրերին, երբ մտքերս սովորականից էլ ավելի էին խառնվում, նրանք իրենց վրա «քաշում էին» եթերը, իսկ ինձ մնում էր տեքստը թղթից կարդալ։ Իհարկե, դրանից էլ էի խուճապի մատնվում, բայց փրկում էր լավ մշակված ձայնս։ Եթերներից հետո տուն էի վերադառնում՝ ֆիլմերիս մոտ։
Հիմա դժվար է դրան հավատալ, բայց այդ ստուդիան գրեթե միակ տեղն էր, ուր տնիցս դուրս էի գալիս՝ մեկ ժամով։ Նույն ընկեր-համահաղորդավարս մեքենայով գալիս էր հետևիցս, երբեմն նաև գիշերներն էր գալիս ու պտտեցնում ինձ ձյունածածկ քաղաքում։ Նա գիտեր ու տեսնում էր, որ խնդիրներ ունեմ, և ենթադրում էր, որ այդպես կկարողանամ ցրվել։
Այդպիսի զբոսանքներից մեկից լուսանկարներ ունեմ։ Փողոցի մեջտեղում թռչկոտում եմ՝ դանդաղ իջնող ձյան մեջ, դեղին լապտերը լուսավորում է հետևից, ժպտում եմ տեսախցիկին։ Ձյան փաթիլներ, վարդագույն վերարկու, փայլփլող ձմեռային ծառեր ու ես՝ կարծես երջանկությամբ լեցուն… Ատում եմ այդ լուսանկարը։ Այդ պահին ամենից շատ ուզում էի ոչ թե ձևացնել, որ մեր զբոսանքներն ինձ ավելի երջանիկ են դարձնում, այլ հնարավորինս շուտ տուն գնալ։ Բայց չէի ուզում վշտացնել ընկերոջս, որը փորձում էր օգնել, ու մինչև վերջ դիմացա զբոսանքին։
Դիմացա, որպեսզի նորից նստեմ սենյակումս, ևս քսան սիգարետ ծխեմ ու մոլեգնորեն կուլ տամ հերթական սերիալի ևս տասը սերիա։ Ես «տխուր» չէի, ոչ էլ «ձանձրանում էի». բոլոր ցանկություններս կորել էին։ Այս դատարկված վիճակը ժամանակի մեծ մասում չէր լքում ինձ, բայց երբեմն արմատախիլ արված բոլոր հույզերը միանգամից, միասին էին վրա տալիս՝ միշտ անսպասելի ու ամենաանհարմար պահին, այսինքն՝ երբ ուրիշ մարդիկ կարող էին ինձ տեսնել։ Այդ հույզերը միշտ նույնն էին՝ անտանելի ցավ այն բանից, որ ես անհաջողակ եմ, որը կորցրել է այն ամենը, ինչ իր համար թանկ էր։

Այդ ժամանակ սիրեցի խուզարկուների մասին ամերիկյան սերիալները. դրանք երկար էին՝ տասնհինգական եթերաշրջանով։ Կարելի էր սեփական կյանքը փոխարինել հերոսների կյանքով, հասցնել սիրել նրանց ու նոր աշխարհում քեզ յուրային զգալ։ Դա հաջողությամբ բթացնում էր միտքս, և բացասական մտքերն ու զգացումները ժամանակավորապես դադարում էին տանջել ինձ։ Սակայն ամեն հաջորդ փորձն ավելի դժվար էր տրվում, ու ինքս ինձ խաբելն այլևս նույնքան արդյունավետ չէր ստացվում։
Գուցե որոշ ներքին խնդիրներ ավելի վաղ էլ կարող էի լուծել, բայց ժամանակի ընթացքում դրանք մեծանում ու ավելի սարսափելի էին դառնում, իսկ սեփական ոչնչությանս զգացումը, օրեցօր զանգված հավաքելով՝ սարից ցած սուրացող ձնագնդի պես, սպառնում էր ճզմել ինձ։ Կարծես օգնություն խնդրելու ժամանա՞կն է։
Նախապես ամաչելով դրանից, թաքցնելով թե՛ մայրիկիցս, թե՛ ընկերներիցս՝ գրանցվեցի ճգնաժամային կենտրոնում։ Պարզապես Գուգլում գրեցի «հոգեբան անվճար Մոսկվա» ու ընդունելության գրանցվեցի։ Այնտեղ գնացի մենակ, մետրոյով՝ ամբողջ քաղաքը կտրելով։ Հիշում եմ՝ արևի լույսը ծակում էր աչքերս. չէ՞ որ սովորել էի գիշերներով գոյություն ունենալ։ Շատ էի ուզում շրջվել ու հեռանալ։ Բայց եթե արդեն վճռել եմ, նահանջելու համար ուշ է։
Նստեցի հոգեբանի աշխատասենյակի բազկաթոռին ու առանց նախազգուշացման լաց եղա։ Միայն հասցրի ասել. «Բարև ձեզ, կարծես ես շատ վատ եմ»։
Առաջին քառասուն րոպեն լաց եղա։ Կենտրոնի հոգեբանն իմ հեծկլտոցների տակ ճոճում էր նարնջագույն, շեղանկյուններով գուլպայով ոտքը։ Կարծես դա քիչ էր, շեղանկյունների վրա պարզ երևում էին մանուշակագույն գծերը։ Նայում էի դրանց, լաց լինում ու ինձ վատ ֆիլմի սյուժեի մեջ զգում։
Երբ աչքերս ուռեցին, և շարունակել լաց լինելն արդեն ցավոտ էր, սկսեցի պատմել։ «Երազանքի աշխատանքի» մասին, որն այլևս չի լինելու, «չկրակած» նախագծի մասին։ Կիսվեցի մոտալուտ անփողության մասին մտքերով ու կյանքի «եզրից դուրս մնալու», սեփական հույսերն իսկ չարդարացնելու վախով։
Պարզվեց՝ դարձել էի սեփական վախերիս ու հիասթափություններիս կուտակատուփը, որոնցից շատերը մտացածին էին, բայց դա նրանց չէր խանգարում սնվել ինձնով՝ մաշկիս տակ ներսից կրծելով ինձ, ինչպես փայտակեր բզեզները։ Ինձ միայնակ էի զգում՝ անհաջողությունների տակ ճնշված։
Ես միշտ շատ եմ աշխատել, լավ սովորել ու բոլոր ուժերս գործադրել, որպեսզի միջիցս ծեծելով դուրս հանեմ մանկուց իմ մեջ եղած ամաչկոտ լռակյացին, և աստիճանաբար նրան փոխարինել եմ իմ նոր տարբերակով՝ եռանդուն ու ձեռներեց։ Այս դեպքերից մեկ տարի առաջ փոքր հեռուստաալիքի գլխավոր խմբագիր էի, հեռուստահաղորդավար, անձնական կյանք ունեի, բավական բարձր աշխատավարձ ու վարձով բնակարան՝ կենտրոնում։ Եվ մտածում էի, որ միշտ այդպես է լինելու։
Բայց այդ հարաբերությունները քանդվեցին, նորերը՝ փլվեցին, դիպլոմայինս թեև «հինգի» գրեցի, բայց այն դատարկության զգացում թողեց։ Հեղինակավոր աշխատանքս փոխարինեցի ոչ ոքի պետք չեկող պետական ռադիոկայանի եթերով։
Չնայած ինձ նյարդայնացնող գուլպաներին՝ հոգեբանն այն երկու սեանսի ընթացքում, որոնց կարողացա դիմանալ, հասցրեց ախտորոշում դնել։ Այդպես իմացա, որ կլինիկական դեպրեսիան իսկական հիվանդություն կամ խանգարում է, և այն չեն հորինել քսանմեկերորդ դարում, որպեսզի մարդիկ զբաղմունք ունենան չսիրած աշխատանքների, կյանքի իմաստի փնտրտուքների ու հեռախոսին նայելու արանքում։
Իմանալ՝ իմացա, բայց բժշկի իրավացիությունը մինչև վերջ ընդունելուն պատրաստ չէի։ Չնայած դրան՝ առաջին քայլն արել էի, կողմնորոշիչ ստացել ու պատրաստ էի գործելու։ Բավական արագ նոր աշխատանք գտա, վերականգնեցի ֆինանսական ցուցանիշներս ու որոշեցի, որ աշնանը Մոսկվայում ապրել չեմ ուզում։ Հենց այդ ժամանակ մեկ այլ երկիր գործուղման մեկնելու հնարավորություն ընձեռվեց, ու ես համաձայնեցի, միակողմանի տոմս գնեցի և հաջորդ օրը թռա։
Թվում էր՝ ծրագիրս աշխատեց։ Տեղում չէի նստում, կյանքն ինքն էր ճամփորդելու հնարավորություններ տալիս, և մի քանի երկիր ու ամիս անց հայտնվեցի Հայաստանում, որտեղ, իմ զգացողությամբ, աշուն գրեթե չի լինում։ Դեպրեսիան չպետք է հասներ հետևիցս։
Հերթական նոր աշխատանքը, նոր տունն ու դրա վերանորոգումը, նոր հանդիպած ընկերները, փոխված շրջապատը, նոր ընկերը՝ այս ամենն ինձ պտտեցրեց ու իր հորձանուտը տարավ։ Հիացած էի կյանքովս, քաղաքով, որտեղ հայտնվել էի, ու այլ մշակույթով։ Երջանկությունից կայծկլտում էի, դրանով վարակում շրջապատիս ու լուռ, ինքս ինձ հետ հպարտանում, որ ինքնուրույն գլուխ հանեցի՝ առանց հակադեպրեսանտների ու հոգեվերլուծության։
Փոխված ապրելակերպիս հետ այս մեղրամիսը տևեց երեք տարի։ Ես նորից իմ զվարթ ու վառ եսն էի, որը տոկունորեն տանում էր մարդու առօրյային բնորոշ սովորական սթրեսները։

Ճագարներով գիշերազգեստ
Ծնողներիս թոշակի անցնելը։ Ընկերոջիցս բաժանվելը։ Աշխատանքից հոգնածությունը։ Առողջական խնդիրները։ Չգիտեմ՝ ինչն էր պատճառը, կամ ընդհանրապես պատճառ կար արդյոք, բայց նորից սկսեցի ցած սահել։ Ուրախանալու կարողությունս աստիճանաբար մարեց, ու սկսեցի լաց լինել։ Սկզբում՝ միայն առիթով, հետո՝ ամեն մի դատարկ բանից։ Թե՛ մարդկանց մեջ, թե՛ ծննդյանս օրը, թե՛ Ամանորին։ Դա կարող էր պատահել ցանկացած պահի՝ փողոցում, մեքենայում, սրճարանում կամ ռեստորանում։ Ապատիայի շրջաններին փոխարինում էին ուժի ու եռանդի պոռթկման կարճ շրջաններ, որոնք հետո բերում էին ավելի խոր ապատիայի։ Եվ այդպես՝ շրջանաձև։
Երբ դադարեցի տնից դուրս գալ, կարդալ ու երաժշտություն լսել, նախագծերի վերջնաժամկետներին հետևել ու ընդհանրապես աշխատանքի մասին հոգ տանել, հասկացա՝ կոտրվել եմ։ Հաճույքով ինձ պատկերացնում էի վակուումի մեջ, ոչնչի մեջ։ Չստացվեց դեպրեսիայից փախչել մեկ այլ երկիր ու քաղաք։ Թեկուզ ուշացումով, բայց այն հասավ հետևիցս։
Այդպես պատահում է բոլորի հետ։ Դրանից չես փախչի, ու այն ինքն իրեն չի անցնի։ Չես կարող գլուխդ թողնել օվկիանոսի հատակին կամ դուրս նետել ինքնաթիռի պատուհանից։ Ինձ թվում էր, թե խնդիրն իմ մեջ չէ, որ պետք է միջավայրը փոխել, ու ամեն ինչ կստացվի. այդ պատճառով էլ պարտվեցի։
Շուրջս եղած մարդիկ ասում էին, որ պետք է հավաքվեմ ու դադարեմ տխրել, որ պետք է ստիպեմ ինձ տնից դուրս գալ։ Բայց ֆիզիկապես չէի կարողանում դա անել, և նման խորհուրդները նյարդայնացնում էին։ «Ցրվել ու ուշքի գալ». սա ասելով՝ ընկերներն ու հարազատները հաճախ փորձում են օգնել դեպրեսիայի փակուղում հայտնված մարդկանց։ Բայց նրանք, ի տարբերություն մասնագետի կամ մեկի, որն ինքը եղել է այնտեղ, չեն կարող հասկանալ՝ ինչ է դա, երբ ուզում ես ինքդ քո միջից դուրս գալ։
Որպեսզի ոչ ոքի չվշտացնեմ, գլխով էի անում ու ամեն ինչին համաձայնում։ Իսկ գլխումս իմ սեփական ձայնը գոռում էր. «Ինձ մոտ չի ստացվում»։ Ասես չէի կարողանում բարձր պատ հաղթահարել։
Հետո սկսվեցին խուճապային գրոհները։ Առաջին անգամ դա պատահեց ցնցուղի տակ, այն ժամանակ նշանակություն չտվեցի դրան։ Օդը չէր հերիքում, ուզում էի վազել, գոռալ ու օգնություն խնդրել, բայց ասես հատակին մեխված լինեի։ Պատերը ճնշում էին, ցնցուղի վարագույրը կպչում էր ինձ ու խեղդում, ձայները հասնում էին կարծես բամբակի միջով, իսկ թոքերիցս օդը դուրս էին քաշել։ Վախն ինձ կաշկանդել էր. կոնկրետ ինչի՞ հանդեպ՝ չգիտեի։
Սա սկսեց կրկնվել՝ փողոցում ու նույն ցնցուղի տակ։ Դադարեցի վարագույրն օգտագործել ու պատուհանները լայն բացում էի։ Հետո գրոհները սկսվեցին ննջասենյակում, և վախենում էի անկողնուց վեր կենալ։ Գոյությանս շրջանակը նեղացավ՝ հասնելով մահճակալի ուղղանկյանը՝ իմ փոքրիկ լաստին, որը շրջապատված էր շնաձկներով լի մոլեգնող օվկիանոսով։ Բայց ի վերջո գրոհներն այնտեղ էլ հասան ինձ։
Այլևս թաքնվելու տեղ չկար։ Դարձել էի թուլացած ու անուշադիր, առօրյա տարրական գործերի ուժ անգամ չունեի։ Տասնութ ժամ քնում էի, բայց արթնանում ավելի հոգնած։ Քունն ու արթուն մնալը ցիկլեր չունեին ու կախված չէին օրվա ժամից։ Բավականաչափ չէի հոգնում, որ քնեմ, բայց միևնույն ժամանակ անընդհատ ուժասպառ էի զգում ինձ։

Խոսում էի միայն ծնողներիս հետ, այն էլ միայն այն պատճառով, որ թոշակի անցնելուց հետո իրենք էին տեղափոխվել ինձ մոտ։ Հասկանում էին, որ փոխվում եմ, տեսնում էին, որ նորից վատ եմ, բայց փորձում էին ինձ «չքաշքշել»։
Այդ Ամանորը քնած անցկացրի։ Մայրիկն արթնացրեց ինձ, երբ ժամացույցն արդեն խփում էր տասներկուսը։ Դուրս եկա, մի գավաթ շամպայն խմեցի, նայեցի ծնողներիս անհանգիստ դեմքերին ու նորից գնացի քնելու։ Մայրիկը ծածկեց ինձ վերմակով ու առաջին անգամ ասաց, որ մասնագետների օգնության կարիքն ունեմ, քանի որ դեռ երբեք այսքան վատ չէի եղել։ Բայց ես անգամ չկարողացա պատասխանել։ Պարզապես շրջվեցի դեպի պատն ու փակեցի աչքերս։
Գիշերը ընկերներս զանգեցին ու ստիպեցին գնալ իրենց մոտ։ Եկան ու ինձ դուրս քաշեցին սենյակից։ Տոն էր, չէ՞։ Ուժ չունեի անգամ շորերս փոխելու. այդպես էլ գնացի ճագարներով գիշերազգեստով՝ միայն ջինս հագնելով։ Երևի նրանք այն ժամանակ շատ լավ հասկանում էին, որ ինչ-որ բան այն չէ, բայց նրբանկատորեն լռում էին։ Եվ իզուր։
Լռությունը վայելելը
Ժամացույցը գարուն է ցույց տալիս, պատուհանից այն կողմ առավոտից երեկո թռչունների ուրախությունն է, իսկ այս կողմում ես եմ, որ ուզում եմ անհետանալ։ Առանց հույզերի մի վիճակ, մի տեղ, որտեղ մտքերս ինձ չեն գտնի. դրա համար դժոխք էլ կիջնեի։ Մի մասնիկս դա շատ էր ուզում, իսկ մյուսը սարսափելի վախեցած էր։ Նրանից, որ մի օր կարող եմ սկսել ինքնասպանության մասին մտածել։ Իսկ եթե այդ մտքերն ինձ դո՞ւր գան։
Դժվար է ասել, թե որ պահին հասա այն կետին, որը կարելի էր անվանել «բոլորովին վատ», բայց մի օր հասա դրան։ Դա այն օրն էր, երբ որոնման համակարգում գրեցի «դեպրեսիա» բառը ու սկսեցի կարդալ։ Ախտորոշումն արդեն մի քանի տարի կախված էր գլխիս, բայց ես ձեռք էի թափ տալիս դրա վրա. ինչպե՞ս պայքարել մի բանի դեմ, որի գոյությունը ժխտում ես։
Ընկերներիս խորհրդով հոգեբան գտա։ Զանգեցի, հանդիպում պայմանավորվեցի ու մայրիկին խնդրեցի գալ ինձ հետ։ Մենակ չէի կարողանա։

Սեանսի ընթացքում պատերը վրա էին գալիս՝ սենյակից դուրս մղելով օդը։ Չեմ հիշում՝ ինչի մասին էր խոսում հոգեբանը, բացի նրանից, որ ինձ «պետք է խոսել, սիրտս դատարկել», բայց նա դրա հնարավորությունը չէր տալիս։ Հոգեբանն ինձ թեթև հանգստացնողներ խորհուրդ տվեց՝ վալերիանայից մի փոքր ավելի ուժեղ, ու տուն ուղարկեց։ Դեղահաբերը գնեցի, բայց չօգնեցին։
Նախորդ անգամ՝ չորս տարի առաջ, այդ վիճակից դուրս գալու համար բավական էր Մոսկվայից միակողմանի տոմսը։ Հիմա, կարծես, ինձ այնքան էի բարձիթողի արել, որ ծանր հրետանի էր պետք։ Մայրիկը, առանց ինձ ասելու, զանգեց ընկերներիցս մեկին, որը Մոսկվայում հոգեբույժ էր աշխատում։ Նա կապվեց ինձ հետ ու կարողացավ հարցերն այնպես տալ, որ ներսիս պատնեշը քանդվեց։ Շատ էի խոսում ու անկեղծ՝ ոչինչ չթաքցնելով ու ինձ չզսպելով, հատկապես այն մասին, թե ինչքան վախեցած եմ։
Հոգեբույժն ասաց, որ այն, որ դա ինձ վախեցնում է, լավ նշան է։ Նշանակում է՝ առայժմ հիվանդանոց պետք չէ, և կարելի է գլուխ հանել ամբուլատոր բուժմամբ։ Դա ինձ մի փոքր հանգստացրեց։ Թեթևացա նաև այն բանից, որ այլևս պարտավոր չէի ամբողջ բեռը մենակ քարշ տալ, և որ ինչ-որ մեկը գործողությունների հստակ ծրագիր ուներ, որին պարզապես պետք էր վստահեի։
Այդպես կյանքումս հայտնվեցին հոգեբույժը, հակադեպրեսանտները, խթանիչները, օրվա ու սննդի ռեժիմը, ինչպես նաև նորությունների, կինոյի ու գրքերի արգելքը։ Դա օգնեց ամեն ինչ իր տեղը դնել։ Առավոտյան իննին վեր էի կենում, նախաճաշում, դեղահաբերս ընդունում, յութուբում կենդանիների մասին հաղորդումներ կամ խոհարարական ալիքներ միացնում, հետո նորից ուտում էի, դեղահաբեր ընդունում, վերադառնում էկրանին, և այդպես՝ շրջանաձև։

Օրական մի քանի տուփի փոխարեն սկսեցի մի քանի սիգարետ ծխել, դադարեցի սուրճ խմել։ Դեղահաբերից երեկոյան իննին կտրված ծառի պես ընկնում ու քնում էի, և սկսեցի երազներ տեսնել՝ դեղերի տհաճ ազդեցությունը։ Ասես գիշերային մի ռեժիսոր օրվա ցավոտ ապրումներից սարսափելի, գունավոր, իրատեսական ֆիլմեր էր կարում։ Փորձում էի դրանք ընդունել որպես թերապիայի մի մաս։
Դեղահաբերից նաև ձեռքերս էին դողում, ու անընդհատ սիրտս խառնում էր։ Երբ դա սկսեց խանգարել աշխատելուն, անժամկետ արձակուրդ վերցրի։ Գլխումս եկավ երկար սպասված լռությունը։ Այլևս վակուում չէի փնտրում. ես դրա մեջ էի։ Սա կարող է վախենալու հնչել, բայց երջանկությունից մի պարզած ձեռքի հեռավորության վրա էի։ Հոսանքազրկված ուղեղս չէր կարողանում բացասական մտքեր գեներացնել։ Մեկի համար, ով երկար ժամանակ մշտապես էլեկտրական լիցքով հագեցած հուսահատության մեջ էր եղել, դա իսկական հանգիստ էր ու թուլանալու հնարավորություն։
Ներքին բոլոր գործընթացները սառել էին, արձագանքները՝ դանդաղել, իսկ ես չէի հագենում դրանից։ Մինչ ոչ մի վատ բանի մասին չէի մտածում, բորբոքված, հյուծված ուղեղածալքերս, ըստ երևույթին, ապաքինվում ու առողջանում էին։ Շուտով սկսեցի ծիծաղել, անկեղծ ժպտալ, նույնիսկ տնից դուրս գալ։
Ընդամենը մի քանի ամիս անցավ, և կարողացա աշխատանքի վերադառնալ։ Մարմինս վարժվել էր բուժմանը, դողն ու սրտխառնոցն անցել էին։ Հոգեբույժն ասաց, որ եթե ավելի վաղ սկսած լինեի թերապիան, ամեն ինչ շատ ավելի արագ կընթանար։ Ես հոգեկանս մաշել էի ու հիմա ստիպված էի դրա համար ամբողջությամբ հատուցել։ Բայց միևնույն է՝ ահավոր գոհ էի։
Գրեթե մեկ տարի հակադեպրեսանտներ էի ընդունում։ Եվ շատ էի վախենում դրանք դադարեցնելուց, վախենում էի, իհարկե, որ ձեռք բերած հանգստությունս ու գիտակցվածությունս չեն հերիքի, որ գլուխ չեմ հանի, ու ախտանշանները կվերադառնան։ Չափազանց շատ էի սիրում այն փափուկ սենյակը, որին էր վերածվել գլուխս, որտեղ չէիր կարող ցավոտ հարված ստանալ ու վատ մտքերով քեզ վնասել։ Ամեն ինչ զգում էի, բայց խլացված։ Ինձ հնարավոր չէր ցավեցնել։ Կարծում եմ՝ եթե նախկին ընկերս կատվիս կտոր-կտոր աներ, անգամ այդ ժամանակ չէի կարողանա վշտանալ։

Հակադեպրեսանտներից դուրս գալը բարդ, երկար փուլ է, որը երկու անգամ հետաձգեցի՝ հոգեբույժին խնդրելով վերականգնվելու համար մի քիչ էլ ժամանակ տալ։ Սովորեցի դեղահաբերը բաժանել սկզբում կեսերի, հետո՝ քառորդների, հետո էլ… ութերորդիկների։ Հիմա կյանքում ամեն ինչ իմ ուժերի սահմանում է. կարող եմ մի պստիկ դեղահաբը ութ հավասար մասի կտրատել։ Թեև հուսով եմ՝ այլևս հարկ չի լինի։
Դուրս գալը տևեց մոտ մեկ ամիս։ Չնայած ամեն ինչ բավական հեշտ ու մեղմ անցավ՝ հոգեբույժի հետ մշտական կապի մեջ էի։ Ցանկացած վատ ինքնազգացողության կամ նոր կողմնակի ազդեցության ի հայտ գալու դեպքում նա ճշգրտում էր դեղաչափը։ Ինչ-որ բան պակասեցնում էր, ինչ-որ բան՝ ավելացնում։ Երբ դրա կարիքը չկար, պարզապես հանգստացնում էր ինձ ու քաջալերում։
Դեպրեսիայի բուժման ընթացքում հոգեբույժը դարձավ իմ լավագույն ընկերը, իմ մայրիկն ու հայրիկը։ Նա փոխարինեց իմ չունեցած ողջամտությունն ու կամքի ուժը։ Դեպրեսիան առանց հոգեբույժի բուժելը գրեթե անհնար է։ Համենայն դեպս, եթե ինձ պես ձեզ հասցրել եք տխրալի բանջարեղենի վիճակի։
Որովհետև բժիշկն այն մարդն է, որը իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքն է վերցնում։ Հիվանդը պետք է պարզապես թուլանա ու լողա հոսանքի ուղղությամբ։ Զգացի՝ ասես ինչ-որ մեկը գլխիս մեջ բացել է փականներ, որոնց գոյության մասին անգամ չէի կասկածում։ Ճնշումն ընկավ։ Թեթևացավ։
Կյանքը հետո
Ես վերադառնում եմ կյանքին։ Արդեն կարող եմ խոստովանել. այո՛, դեպրեսիա եմ ունեցել, բայց հաղթահարել եմ այն։ Այն կարող է վերադառնալ, ու դրա դեմ ոչինչ չես անի։ Բայց այս անգամ հաստատ պատրաստ կլինեմ։
Իհարկե, փոխվել եմ ու այլևս չեմ կարող դառնալ այնպիսին, ինչպիսին «առաջ» էի։ Դեռ էլի երբեմն դժվարանում եմ հեռախոսին մոտենալ կամ հաղորդագրությանը պատասխանել։ Նախընտրում եմ տանը նստել, ոչ թե ընկերներիս հետ զվարճանալու գնալ։ Շփման շրջանակս էլ է նեղացել։
Նորից նորություններ սկսեցի նայել դեղերի ընդունումը դադարեցնելուց գրեթե կես տարի անց միայն։ Մի անգամ պատահաբար համացանցում հանդիպեցի դրանց, կարդացի, հասկացա, որ կարող եմ դիմանալ, ու սկսեցի ժամանակ առ ժամանակ ամփոփագրեր կարդալ։ Առաջ ամեն օր ու հսկայական քանակությամբ նորություններ էի կլանում։ Հիմա առանց դրանց կյանքը միայն լավացել է. բոլորին խորհուրդ եմ տալիս։
Փոխված մյուս բաներից՝ ավելի ընկալունակ եմ դարձել սթրեսի հանդեպ, և երբեմն թեթև խուճապային գրոհներ եմ ունենում։ Սակայն դրանք այլևս չեն որոշում կյանքս. սովորել եմ վերահսկել դրանք։ Եվ փորձում եմ ավելի շատ խնայել ինձ՝ թույլ չտալով, որ դժվարություններն ու անախորժությունները լրջորեն ազդեն վրաս։
Դա ավելի հաջող անելու համար անընդհատ վերլուծում եմ տրամադրություններս։ Եթե տրամադրությունս վատ է, այն պետք է պատճառ ունենա։ Կամ ապատիան. սա իրո՞ք ապատիա է, թե՞ պարզապես հոգնածություն՝ ծանր աշխատանքային օրվանից հետո։ Երբ հասկանում եմ, որ կարող եմ նորից սկսել ցած սահել, մի երկու օր արձակուրդ եմ վերցնում, տանը նստում ու ուժ հավաքում։
Եթե գիտեմ, որ սթրեսային իրավիճակ է սպասվում, նախապես Պերսենի մի քանի դեղահաբ եմ գնում։ Գուցե առողջ մարդկանց էլ արժե այդպես վարվել՝ հաշվի առնելով մեր խելահեղ կյանքի ռիթմը, որը լի է իրար հաջորդող իրադարձություններով ու ամենուրեք հասնող տեղեկատվական աղմուկով։
Հիմա արդեն կարող եմ վերլուծել, թե կյանքիս որ իրադարձություններն ինձ հասցրին հոգեբույժի աշխատասենյակ, և որոնք դարձան դեպրեսիայի հետևանք։ Կարևոր է կարողանալ մեկը մյուսից տարբերել. առաջինը պետք է չկրկնել, իսկ երկրորդը՝ ուղղել։

Նաև գիտեմ, որ ծանոթներիցս շատերը նման խնդիրներ ունեն։ Ոմանք դեղահաբեր են ընդունում, ուրիշները պարբերաբար հոգեբույժի են գնում, իսկ ոմանք անգամ տարին մեկ անգամ կանխարգելիչ նպատակով կլինիկա են պառկում՝ վերականգնվելու։ Նրանց բոլորին միավորում է լռությունը։
Դեպրեսիայի մասին խոսելն անպատշաճ է, ընդունված չէ, որովհետև անգամ դեպրեսիա ունեցող մարդիկ հաճախ այդ հիվանդությունը թուլության նշան են համարում, ինչպես ժամանակին ես էի համարում։ Ես ինքս էլ մասամբ ամրապնդում եմ այդ կարծրատիպը՝ հոդվածը կեղծանունով հրապարակելով. մինչև վերջ բացվելը շատ դժվար է, թեև հասկանում եմ, որ չպետք է ամաչեմ եղածից։
Ուրախ եմ, որ պատմեցի անցածս ճանապարհի մասին՝ համոզվածությունից, որ դեպրեսիան կինոյի հորինվածք է տպավորվող տիկնանց համար, մինչև այն որպես լուրջ հիվանդություն ընդունելը։ Դժվարությամբ, բայց օգնության դիմեցի, դուրս մագլցեցի ու անգամ գրեցի այդ մասին։ Եվ այս տեքստը, կարծես, դարձավ այն կետը, որից հետո արդեն հաստատ կարող եմ ասել. «Ես առողջ եմ»։ Վատ չէ մեկի համար, ով մի անգամ Նոր տարին դիմավորել է գիշերազգեստով։ Ճագարներով։
Դարձեք Պատրոն
Մենք ստեղծում ենք ոչ անտարբեր, ազատ ու անաչառ մարդկանց համայնք։ Եթե ուզում եք աջակցել սովորական մարդկանց անձնական պատմությունների միջոցով սոցիալական խորքային խնդիրները վերլուծելու մեր աշխատանքին, դա անելու լավագույն ձևը մեր Պատրոնը դառնալն է։
Տեքստն ավարտված է, պատմությունը շարունակվում է
Մեր առաքելությունն է նպաստել հասարակության փոփոխություններին՝ կոտրելով տաբուներն ու ազատորեն քննարկելով այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են բռնությունը, աղքատությունը, խտրականությունը, ծնողական ու բժշկական էթիկան և այլն։
Այստեղ պատմված պատմությունները միշտ ազնիվ ու անաչառ կմնան, այդ թվում՝ մեր Պատրոնների շնորհիվ։ Դուք էլ կարող եք միանալ՝ սեղմելով կոճակն ու ընտրելով աջակցության չափը։
Յուրաքանչյուր բաժանորդագրություն՝ սկսած ամսական 2 դոլարից, կօգնի հեղինակներին նոր նյութեր ստեղծել։ Շնորհակալություն։


Այս հոդվածի ստեղծմանն աջակցել է NESEHNUTÍ ՀԿ-ի՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման ծրագիրը (Չեխիայի ԱԳՆ TRANSITION ծրագիր)



