Անցնում ենք մի գյուղի մուտքի մոտ գտնվող անցակետը․ սեպտեմբերին գյուղը հանկարծ սահմանամերձ է դարձել*։ Անցակետից սպիտակ «վեցնոց» է դուրս գալիս ու հետևում մեզ՝ լուսարձակներով թարթելով։ Կանգ ենք առնում։ Մեր մեքենային են մոտենում երկու համազգեստավոր տղամարդ՝ մեկը զինվորական, մյուսը՝ ոստիկանական համազգեստով։
(*Սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի վրա։ Գնդակոծվել են քաղաքներ ու գյուղեր, հարձակման են ենթարկվել ՀՕՊ համակարգերն ու հրետանին։ Երկօրյա մարտերի հետևանքով Հայաստանը զգալի տարածքային կորուստներ է կրել։ Զոհվածների և անհետ կորածների ցուցակներում 207 մարդ է։ — Կալեմոն)
— Ոստիկանություն,— ներկայանում է Առաջինը։— Ո՞վ եք, ո՞ւր եք գնում։
— Լրագրողներ ենք։ Գյուղ ենք գնում։
— Ամերիկացի՞ է,— շեղ նայում է Ֆյոդորին, որի ձեռքին տեսախցիկ կա։
— Ռուս է։
— Անցակետն էր նկարում, ասեք՝ լուսանկարը ջնջի։
— Լավ։ Իսկ ձիերին կարելի՞ է,— գլխով ցույց եմ տալիս մոտակայքում՝ խանձված դեղին արտերում արածող կենդանիներին։
— Ձիերին կարելի է,— համաձայնում է ոստիկանը և սկսում երկար ու ուշադիր ուսումնասիրել փաստաթղթերս՝ չստուգելով, թե արդյոք Ֆյոդորը ջնջել է լուսանկարը։
— Պետք է գեներալին զանգեմ,— վերջապես ասում է նա,— իմանամ՝ թույլ կտա՞ մտնել։ Այստեղ սպասեք։
Մինչ նա զանգում է գեներալին, գործընկերը դժգոհ հայացքով զննում է մեր մեքենան։ Մեր «Գոլֆը», որն առանց այն էլ կյանքից մաշված է, վերջերս մեխանիկի կայանատեղիում բետոնախառնիչի հարձակմանն է ենթարկվել․ վերջինս, առանց երկար մտածելու, սկսել է աշխատել հենց մեքենայի հետևում։
Արհեստանոցի աշխատողները փորձել են շտկել դրությունը՝ ջրի շիթն ուղղելով մեքենային, և հիմա այնպիսի տեսք ունի, կարծես բետոնն անմիջապես վրան են խառնել։
— Իսկ ինչո՞ւ մեքենայի վրա «Press» գրված չէ։ Ինչո՞ւ պետական համարանիշներ չունի։ Եվ ընդհանրապես, ձեր խմբագրության մեքենան փոխելու ժամանակն է,— մեկնաբանում է Երկրորդ ոստիկանը, մինչ Առաջինը մեր մասին զեկուցում է մեկին, որը կարող է անմիջապես կապվել գեներալի հետ՝ արդեն մոռացած մեր պարբերականի՝ իր ականջին անսովոր անունը։
Խոսուն հայացք եմ գցում նրանց «Լադային», որի վրա ոստիկանական տարբերանշաններ չկան։
Առաջին ոստիկանը վերադարձնում է փաստաթղթերս և կարգադրում իրենց հետ անցակետում սպասել գեներալի որոշմանը։ Մեր կողքով մեքենաներ են անցնում, որոնց ոչ ոք չի կանգնեցնում։
— Պիտի տեսախցիկը թաքցնեինք, հանգիստ կանցնեինք,— նեղսրտում եմ։
— Հա՛ էլի, ինչո՞ւ որոշեցիք տեսախցիկը հենց անցակետում հանել,— համաձայնում է Երկրորդ ոստիկանը՝ ցրտից կծկվելով ու ոտքից ոտք փոխադրվելով տարվա այս եղանակի համար չափազանց թեթև կոշիկներով։
— Մենք ընդհանրապես չէինք մտածում, որ այստեղ մարդ կա, ոչ ոք չէր երևում։
— Ախր սարսափելի ցուրտ է, դրա համար էլ մեքենայի մեջ էինք նստել։

Ցորենի արտերի հետևում երկար, փոքր-ինչ գոգավոր պատի պես շարված գրանիտակապույտ լեռների վրա ադրբեջանական դիրքերն են։
— Երբևէ վախենո՞ւմ եք,— հարցնում եմ։
Առաջին ոստիկանը զարմացած նայում է ինձ։
— Բոլորովին,— վճռական պատասխանում է՝ կա՛մ զարմացած, կա՛մ վիրավորված այդքան անհեթեթ հարցից։ Ծխախոտը դնում է շուրթերի արանքը, ափերն իրար մոտեցնում և բութ մատով փորձում կրակ ստանալ քամուց մարող կրակայրիչից։
Ծուխը ներս քաշելուց հետո հարցնում է, թե ինչու ենք գյուղ գնում։
— Մեկ շաբաթ առաջ կարճ ժամանակով գյուղում էի, ու այն ճնշող տպավորություն թողեց ինձ վրա։ Ինչպե՞ս նկարագրեմ։ Կարծես ապոկալիպսիսն իր արշավանքը հենց այդ գյուղից է սկսել։ Կարծես այնտեղ միաժամանակ երկրաշարժ, ցունամի, փոթորիկ ու միջուկային պատերազմ են եղել։ Ավերակները, աղքատությունը, անհուսությունը ցնցեցին ինձ։ Շատ էի ուզում վերադառնալ՝ այնտեղ մի լուսավոր բան գտնել, թոթափել մնացած ճնշող ծանրությունը։
Չէ՛, զսպում եմ ինձ ու այսպես չեմ պատասխանում․ հանկարծ ինքն այդ գյուղից է, ու վիրավորե՞մ նրան։ Պարզապես ասում եմ, որ մարդկային պատմություններ ենք գրում։
— Իսկ դրանք ինչ-որ կերպ օգնո՞ւմ են,— հարցնում է նա։
— Ինչի՞ն են օգնում։
— Դե, որ մարդիկ կարդան ու փող տան այն խեղճերին, որոնց մասին գրում եք։ Կամ տանիքը նորոգեն, ի՞նչ իմանամ, երեխաների հագուստով օգնեն։ Թե չէ ձեր պատմություններն ո՞ւմ են պետք։
Ու ծխախոտի մնացորդը գցում է գետնին։
Կես ժամ է անցնում։ Գեներալի կողմից չեն շտապում հետ զանգել։ Այլևս չեմ զգում ականջներիս ծայրերն ու ոտքերիս բութ մատները։ Արևը պայծառ շողում է, բայց նրա ուժը կոտրում է այս կողմերում սովորական սառը քամին։
Ճանապարհի մյուս կողմի եզրին մի ԶԻԼ է կանգնում։ Վարորդը ցատկում է մեքենայից՝ դուռը բաց թողնելով, ու վազում դեպի մեզ։
— Տղե՛րք, ջուր տվեք,— ժպտում է նա՝ մոտենալիս երկուսի ձեռքն էլ սեղմելով։— Եռաց, անիծվածը։
Թափքում երեք կով են միահամուռ կանգնած՝ ասես քանոնով շարած, մայրամուտից առաջ վարդագունող լեռների ֆոնին։ Մինչ վարորդը զբաղված է ոստիկանների հետ զրույցով, որոշում եմ լուսանկարել նրանց։
Մի երկու քայլ եմ անում դեպի մեքենան, ու հենց այդ պահին բեռնատարը դանդաղ շարժվում է տեղից։
Ուրեմն վարորդն այս տղամարդը չէ։ Վարորդը երևի մեքենայում է մնացել։ Բայց չէ՛, ահա բաց դռնից ղեկը երևում է։ Դե, հավանաբար նրա ընկերը ուղևորի նստատեղին է, հիմա մեքենան կկանգնեցնի։
Չգիտեմ՝ ինչու եմ քարանում և ջանասիրաբար հետևում գլխումս ծագող հիմար ենթադրություններին։ Դրանց պատճառով կորցնում եմ թանկարժեք երկու-երեք վայրկյան։ Մեքենան անվստահ շրջվում է ձախ՝ հայացքը հեռացնելով առջևում կայանած մյուս բեռնատարից, ու արագ թափ հավաքելով՝ գլորվում դեպի ձորը։ Այստեղ գալու ճանապարհին նկարել էի այդ ձորը՝ կիսաչոր, լայն առվակ հիշեցնող գետով։
Ուշքի եմ գալիս ու գոռում․
— Մեքենան շարժվե՜ց։
Տղամարդիկ շրջվում են իմ գոռոցից։ Վարորդը ջրի շիշը գցում է ու վազում դեպի մեքենան՝ բարձրաձայն հիշելով ինչ-որ մեկի մորը։
— Արագացրո՛ւ,— հետևից գոռում են ոստիկանները։— Հասի՛ր։
Բայց վարորդը չի հասցնում։ ԶԻԼ-ը քշում-տանում է մետաղյա ցանկապատը և նետի պես խրվում գետի հատակը։ Ինձ թվում է՝ լսում եմ կովերի գլուխների՝ մեքենայի կողապատին խփվելու ձայնը։
Վազում ենք դեպի գետից ցցված կմախքը։ Կովերի վզերը բարակ պարաններով կապված են թափքի կողապատին․ այդպիսի պարաններով խոտի հակերն են կապում։ Առանձնապես հոգատար տերերը կովերին այսպես են տեղափոխում։ Անհոգատարները կենդանիներին պարզապես կանգնեցնում են թափքում։


Առաջին կովը պառկած է թափքի հատակին։ Երկրորդն ընկել է նրա վրա, և երկուսով ճզմել են Երրորդին։ Նրա ռունգերին արյուն կա, ծանր է շնչում։ Պարանը սեղմում է վիզը։
— Մեկդ դանակ տվեք՝ կովերին արձակեմ,— գոռում է վարորդը, որն արդեն թռել է թափքի մեջ։
Ոչ ոք դանակ չունի։ Առաջարկում եմ կրակայրիչը նետել նրան, բայց այդ պահին երկու տղամարդ են հայտնվում՝ դեմքերով ասես հենց «Նրանց որոնում է միլիցիան» վահանակից իջած։ Երևի կողքով անցնելիս են եղել։ Երկուսն էլ ծալովի դանակ ունեն։ Վարորդը, կամաց ու միալար հայհոյելով, սկսում է կտրել պարանները։
Առաջին կովը փռված է հատակին, շնչում է հազվադեպ ու ասես դժկամությամբ։ Թվում է՝ գիտակցությունը կորցրել է․ կա՛մ գլուխն է ուժեղ խփել, կա՛մ Երկրորդն է ճզմել նրան։
Եվս երկու մեքենա են կանգնում։ Մարդիկ դուրս են գալիս ու օգնություն առաջարկում։
— Օգնեք կովերին իջեցնենք,— խնդրում է վարորդը։
Տղամարդիկ նրան հետ են պահում այդ մտքից․ եթե նույնիսկ կովերը կանգնեն ու իրենք ցատկեն, ոտքերը կկոտրեն։
— Բա ինչո՞ւ փոխանցման վրա չթողեցիր,— առանց չարության կշտամբում է վարորդին Երկրորդ ոստիկանը։— Ո՞վ է վայրէջքի վրա մեքենան չեզոք փոխանցմամբ թողնում։
— Ո՞ւմ մտքով կանցներ։ Ախր մի վայրկյանով էի՝ ջուր վերցնելու։
Արդեն տասը տարուց ավելի է՝ գյուղում եմ ապրում։ Մենք՝ ես ու Ֆյոդորը, ձիեր ենք պահում, և ամեն տարի մի քանի բեռնատար մեզ խոտ է բերում։ Քչերն են մեքենան փոխանցման վրա թողնում։ Քչերն են առհասարակ շարժիչն անջատում։ Վարորդները սովորաբար փորձում են մեքենան վայրէջքի վրա կայանել, որ հետո հրելով գործի գցեն։
Հսկայական մեքենաները տարեցտարի տեխզննում են անցնում ու ստանում բաղձալի թուղթը՝ չնայած թե՛ վարորդի, թե՛ շրջապատողների համար վտանգավոր բազմաթիվ անսարքություններին։
ԶԻԼ-ին մի տրակտոր է մոտենում․ երևի ինչ-որ մեկն է կանչել հարևան գյուղից։ Կանգնած մեքենաներից մեկի վարորդը տրակտորիստին պողպատաճոպան է տալիս՝ ասես աղբամանից հանած մետաղյա մի կտոր, կոշկաքուղի պես մի քանի տեղից կապկպված։ Տրակտորի առաջին իսկ քաշելուց այն դուրս է պրծնում։
— Բա ի՞նչ անենք,— վարորդը ձեռքերով գլուխն է բռնում։
— Նախ և առաջ սրա կոկորդը կտրեք,— հավաքվածներից մեկը գլխով ցույց է տալիս Առաջին կովին։— Ապրողը չի։
Ներսից ցնցվում եմ, բայց լռում։ Մի քանի տարի առաջ կբողոքեի՝ աղմուկով ու արցունքներով, կերդվեի՝ գետնի տակից էլ լինի անասնաբույժ գտնել, որը նրան անպայման կփրկի։ Բայց գյուղում երկար տարիների կյանքը սովորեցրել է ճանաչել կովերի՝ այլևս չապրելու նշանները, որոնցից մեկը ամբողջ մարմնի ուժեղ փքվածությունն է։
Լծային երակը պետք է կտրել, որ միսը չկորչի․ եթե կովն ինքն իրեն սատկի, միսն այլևս լավ գնով չի վաճառվի։
Տրակտորիստը ոստիկաններին ասում է, որ մեծ մեքենա է պետք։ Նրանք անօգնական տարածում են ձեռքերը։
Զանգում եմ 911։ Հասցեն ասում եմ, խնդրում՝ գան բեռնատարը դուրս քաշեն։ Օպերատորը լրացնում է տվյալներս ու խոստանում, որ «տղաները շուտով կզանգեն»։ Մի քանի րոպե անց մի «տղա» հետ է զանգում, և մեր միջև այսպիսի խոսակցություն է տեղի ունենում։
— Ձեզ ինչ-որ տրակտոր է մոտեցել,— ասում է նա։— Դուրս կքաշի։
— Չկարողացավ։ Ավելի ծանր մեքենա է պետք։ Եվ շուտ։ Մեջը կովեր կան։
— Հասկանում եմ։ Բայց մենք ԶԻԼ-ը դուրս քաշելու տեխնիկա չունենք։
— Ինչպե՞ս կարող է ԱԻՆ-ը տեխնիկա չունենալ։
— Այ հենց այդպես։ Իսկ վարորդն ո՞ւր է։ Նրան բան չի՞ եղել։ Եվ ընդհանրապես, ձեր կողքին տղամարդիկ կա՞ն։ Հեռախոսը նրանց տվեք, թող իրենք բացատրեն։
— Դուք ի՞նչ է, ծաղրո՞ւմ եք։ Ախր ես ձեզ ամեն ինչ բացատրում եմ։
— Վարորդին տվեք։
— Վարորդը թափքում է, փորձում է կովերին ոտքի կանգնեցնել,— արդեն գոռում եմ։— Ինչո՞ւ են ձեզ տղամարդիկ պետք, եթե ես պատմում եմ ամեն ինչ այնպես, ինչպես կա։
— Որ հասկանանք՝ ինչ մեքենա է, կոնկրետ ինչ տեխնիկա է պետք…
— Ախր ասում եմ՝ ԶԻԼ է, մեջն էլ երեք կով կա։ Ձեզ ուրիշ ի՞նչ տեղեկություն է պետք։
— Դե, եթե կարծում եք, որ հասկանում եք,— շարունակում է «տղան» թեթև զրույցի անկաշկանդ տոնով,— ուրեմն ասեք՝ մեր կարապիկը առավելագույնը մեկ տոննայի համար է նախատեսված, կհերիքի՞։
— Իհարկե ո՛չ։ Ախր ԶԻԼ է,— քիչ է մնում զայրույթից լաց լինեմ։
— Դե տեսնո՞ւմ եք, ասում եմ՝ տեխնիկա չունենք։ Այ եթե մարդկային կյանքին վտանգ սպառնար՝ մեքենայում մնացած լիներ, վիրավոր լիներ, այն ժամանակ դիմեք, մի ակնթարթում կհասնենք։
Կատաղած սեղմում եմ անջատելու կոճակը։ Առաջին ոստիկանը մոտենում է ինձ։
— Դու լավ կանես՝ քո Ֆյոդորին վերցնես ու գնաք,— ասում է նա։— Մենք մի բան կմտածենք։
Առաջարկում եմ խորհուրդների փոխարեն ինձ ծխախոտ տալ։ «Ավազակները» ինչ-որ մեկին են զանգում, մեքենա փնտրում։ Տղամարդիկ սկսում են շեղ նայել ծխախոտիս, ու ես անցնում եմ ճանապարհի մյուս կողմը։
Ինձ է վազելով մոտենում մի բեժ շուն՝ անցակետի շունը, որը մինչ այդ կա՛մ քնած էր, կա՛մ քրքրում էր մոտակա արտերի աղբակույտերը։ Նիհար է, հաճախ կկոցում է աչքերը․ դրանց մեջ նոր սկսվող թարախ կա։

Ինչ-որ բանով հիվանդ է, սովորության համաձայն արձանագրում եմ, բայց չեմ կարողանում կենտրոնանալ ախտանշանների ու հավանական հիվանդության վրա։ Կքանստում եմ։ Շունը մեջքը հարմարեցնում է ձեռքիս տակ, սեղմվում ինձ, ու նայում ենք ճանապարհի մյուս կողմի բեռնատարին։
Մեր հետևում ցորենի օքրան է և մայրամուտի լեռները՝ արդեն կիսով չափ վարդագույն։ Մտածում եմ, որ երբ էլ այս կողմերը գամ, սկսում եմ տագնապել ու ուզում եմ անմիջապես հեռանալ։ Չարագուշակ-անհույս, անդառնալիորեն լքված մի բան կա բազմաթիվ կիսակառույց տների, ծռմռված մետաղի կույտերի, կոտրված պղտոր ապակիներով լքված գործարանների շենքերի մեջ, մութ ակնակապիճներից ժանիքների պես դուրս ցցված բեկորների մեջ։
Նույնիսկ լեռների սուր, սառը գծերը, նույնիսկ լազուր ամպերի տակ հերկված հողը ուժ չեն տալիս․ թվում է՝ դրանք անտարբերորեն հեռու են մարդկանցից ու սերմերի պես ցրված նրանց տնակներից։
Ծխախոտի մնացորդը հանգցնում եմ գետնին ու դնում գրպանս։ Նորից անցնում եմ ճանապարհը՝ դեպի բեռնատարը, որին մեկ ուրիշ ԶԻԼ է մոտեցել։ Շունը փորձում է հետևել ինձ, բայց միտքը փոխում է ու վերադառնում ճանապարհի եզրը։
Երկու բեռնատարների վարորդները քննարկում են կովերին մի մեքենայից մյուսը տեղափոխելու ձևը։ Նոր եկած վարորդը անտարբեր առաջարկում է օգնել, որ կովերը ցատկեն գետնին, հետո բարձրացնել իր բեռնատարը։ Տղամարդկանցից մեկը լեզվով չխկացնում է, մատը բարձրացնում ու նրան ասում՝ մեքենան հետընթացով մոտեցնի, թափքը՝ թափքին, որ կովերին քաշելով տեղափոխեն։


Հավաքված գյուղացիները նորից պնդում են, որ Առաջին կովին պետք է մորթել։ Տերը ափսոսանքով նայում է նրան ու ձեռքի մեջ շուռումուռ տալիս դանակը՝ կարծես հույս ունենալով, թե կովը միտքը կփոխի ու չի սատկի։
Երկրորդ ԶԻԼ-ը կիպ մոտենում է առաջինին։ Տղամարդիկ բարձրանում են թափքը և սկսում քաշելով տեղափոխել Երկրորդ Կովին։ Մի երկու չնչին քերծվածքից բացի՝ տեսանելի վնասվածքներ չունի, բայց հրաժարվում է ոտքի կանգնել։ Տղամարդիկ քաշում են եղջյուրներից, պոչից, ոտքերից։ Նրա հսկայական հղի փորը հրելով տեղափոխում են երկրորդ մեքենան, ուռած կրծի պտուկը մի պահ խրվում է երկու բեռնատարների նեղ արանքում, հետո կուրծքն էլ անհետանում է երկրորդ բեռնատարի կողապատի հետևում։
Երրորդ կովին հաջողվում է ոտքի կանգնեցնել։ Նա չհասկացող հայացքով նայում է շուրջը, հետո մի քայլ անում, գլուխը խոնարհում ու… սկսում ծամել թափքի հատակին փռված չոր խոտերը՝ խոտը, որ դրել էին, որպեսզի գոմաղբի վրա չսահեն։
Բայց նրան էլ են դժվարությամբ երկրորդ մեքենան մտցնում։ Դանդաղ անցնում է մեջքի վրա պառկած Առաջին Կովի վրայով։ Հետևի ոտքերով դիպչում է նրան, սայթաքում ու ընկնում կենդանու վրա։ Պոչից բարձրացնում են ու քշում առաջ՝ դեպի բեռնատարը։ Վարորդը մի փոքր առաջ է գնում, ցատկում մեքենայից ու փակում թափքի հետնապատը։
Կողքով անցնող մեքենաները, հաճախ ահռելի արագությամբ՝ կովերով զբաղվող տղամարդիկ ատամների արանքից հայհոյում են դրանց, որ իրենց մեջ միակ կնոջ ականջը չվիրավորեն, այլևս չեն դանդաղեցնում ընթացքը։ Անցնում եմ ճանապարհը՝ բեժ շանը նայելու, որը կանգնած մեքենաներից մեկի հետևում թաքնվել է աչքիցս։ Նա պառկած է արտում ու լիզում է թաթը։


Շոյում եմ նրան ու վերադառնում բեռնատարի մոտ։ Այնտեղ մնացել են Առաջին կովն ու նրա տերը։ Մեքենայի հատակի ու կողապատի արանքից բարակ, բայց արագ հոսքով գետն է լցվում ալ կարմիր հեղուկը։ Վարորդը կտրել է Առաջին կովի կոկորդը։
Մեզ է մոտենում մի ՈՒՐԱԼ ու ամրացնում պողպատաճոպանը։ ԶԻԼ-ի վարորդը թողնում է կովին և բարձրանում վարորդի խցիկ։ Նրան հաջողվում է գործի գցել շարժիչը, որը կիսով չափ ջրի մեջ է։ ՈՒՐԱԼ-ը սկսում է քաշել։ Առաջին փորձը ձախողվում է․ կամրջի ցանկապատի բեկորները պահում են մեքենայի տակը։ Վարորդն անջատում է շարժիչը, ցատկում ջուրը, որ ցանկապատը հանի գետի տիղմից։ Երկրորդ անգամ ԶԻԼ-ն այլևս չի գործարկվում, բայց ՈՒՐԱԼ-ն ինքնուրույն էլ է քաշում․ սկզբում՝ դանդաղ ու ծանր, հետո հանկարծ ԶԻԼ-ը խցանի պես դուրս է թռչում ճանապարհի եզրը։
Թափքում կովեր ունեցող ԶԻԼ-ի վարորդը մոտենում է տիրոջը հարցնելու, թե ուր տանի կովերին։ Տերն առաջարկում է օգնել իրեն մեքենայից իջեցնել արդեն սատկած Առաջին կովին ու հենց տեղում մսատել։ Ոստիկանները վրդովվում են և պահանջում, որ իր տան բակը կեղտոտի, ոչ թե անցակետը։ Վարորդը դժկամ ենթարկվում է։
Մեր բեռնախցիկում շան կեր կա։ Լցնում եմ բեժ շան համար։ Անմիջապես ինչ-որ տեղից մի սպիտակ լակոտ է վազելով գալիս։ Կերը լցված է երեքլիտրանոց պլաստիկ շշի մեջ։ Կատաղի թափահարում եմ այն։ Շները՝ երկուսն էլ նիհար, դուրս ցցված կողերով, հարձակվում են շագանակագույն եռանկյունիների վրա։
Մեզ է մոտենում Երկրորդ ոստիկանը, հավանությամբ ժպտում շներին կերակրելուն ու հայտնում․
— Գեներալն ասաց՝ ոչ։
Ուսերս թոթվում եմ․ հիմա ո՞ւմ է պետք այդ գեներալը։

Նստում ենք մեքենան ու հեռանում։ Ֆյոդորին խնդրում եմ Գրեբենշչիկով միացնել։ Նա միացնում է առաջին պատահածը։ «Վիճակված չէ»-ն է։
…Գալիս է պահը,
Եվ ձեռքերն այլևս չեն կարող պահել
Ճակատի քարե ծանրությունը։
Մեր իսկական եսերը այստեղ չեն էլ եղել
Մի ակնթարթից ավելի…
Գրեբենշչիկովին ընդհատում է հարևան գյուղի մի կնոջ զանգը, ում ցերեկը հյուր էինք գնացել։ Հարցնում է՝ հաջողվե՞ց հասնել այն գյուղը, ուր ծրագրում էինք գնալ։ Պատմում եմ կովերի մասին։ Խեղճ մարդ, տխրում է նա։ Գյուղացիների կյանքն առանց այդ էլ հեշտ չէ, հիմա էլ վնաս է կրել։ «Խեղճ մարդը»՝ կանգնած մահացող Առաջին կովի կողքին, ճիշտ նույն կերպ էր վշտանում․ կարծես ինքը չէր անփութություն դրսևորել, այլ «չար բախտն» էր միջամտել ու սպանել իր կովին։
Որոշ ժամանակ լուռ ենք գնում։ Մտածում եմ, որ բոլորից մոտ էի բեռնատարին․ եթե քարացած չմնայի ու վազեի, կհասցնեի թռչել մեջը և սեղմել արգելակը։ Եվ Առաջին կովը ողջ կլիներ։ Բայց գուցե չհասցնեի։ Դա այլևս չենք իմանա․ վթարները, ինչպես ցանկացած պատմություն, պայմանական եղանակ չեն հանդուրժում։
Մեր տունը 180 կմ հեռու է։ Այդ ճանապարհն անցնում ենք թանձր խավարի մեջ․ անվերջ ձգվող, տեղ-տեղ շատ նեղ ճանապարհներին ոչ մի լապտեր չկա։




