«Սլոյան» ազգանունը հայտնի դարձավ ամբողջ Հայաստանին 2016 թվականի արցախյան պատերազմից հետո։ Ադրբեջանցի զինվորականները գլխատեցին 20-ամյա ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանի դին, ապա նկարահանեցին ու համացանցում հրապարակեցին, թե ինչպես էին գլուխը՝ որպես «հաղթական ավար», շրջեցնում ադրբեջանական գյուղերով։
Երկու տարի անց Քյարամի կրտսեր եղբայրը՝ Հրաչը, գնաց բանակ ծառայելու, թեև զինկոմիսարիատում առաջարկում էին նրան ազատել ծառայությունից։ Ավագ եղբայրը՝ Ամիկը, առաջնագծում կռվում է Քյարամ Սլոյանի անվան եզդիական կամավորական ջոկատի կազմում։
***
Լուռ ծխում ենք Արտաշավան գյուղում՝ Սլոյանների տան մաքուր հավաքած բակում։ Արևը, հոկտեմբերին բոլորովին ոչ բնորոշ, կկոցել է տալիս մեր դեմքերը։ Ճնճղուկներն են ծլվլում։ Երեք սպիտակ հավիկներ, կեր փնտրելով, կարևոր տեսքով ճեմում են բակով, մի վայրկյան տատանվում ցածր պատի մոտ, որտեղից կարելի է ցատկել պտղատու այգու մեջ, ու հետ դառնում։
Տան ճակատի՝ տեղ-տեղ թափված ծեփի տակից երևում է կապույտ ցանցը՝ ջերմամեկուսիչով՝ հանքային բամբակով։
— Տունը խղճով են կառուցել, ապրեն բոլոր օգնողները, — ասում է Մեծ մարդը։ Այդպես եմ մտքումս կոչում արջի պես վիթխարի Գոռին՝ Սլոյանների ընտանիքի բարեկամին, որը մեզ հետ է եկել։

Երբ Քյարամին բանակ տարան, նրա ընտանիքը նոր էր սկսել տուն կառուցել։ Շինարարությունը դանդաղ էր ընթանում, փողը չէր բավականացնում։ Քյարամը խոստացել էր ծառայել, վերադառնալ, աշխատանքի անցնել ու ավարտել տան շինարարությունը։ Նրա զոհվելուց հետո ծանոթ ու անծանոթ մարդիկ՝ թե՛ եզդիներ, թե՛ հայեր, հավաքվեցին ու կատարեցին նրա խոստումը։
Ֆյոդորն ու Մեծ մարդը պատրաստվում են տուն վերադառնալ՝ «սերվիզի բաժակներից» սուրճ խմելու՝ խմորեղենով ու կոնֆետներով։ Եզդիական հյուրընկալության անխախտ կանոնն է՝ նախ հյուրասիրություն, հետո հարցազրույց։ Ես որոշում եմ մի քիչ էլ նստել արևից տաքացած քարին՝ վճռականություն հավաքել։ Այս օրերին խոսակցությունները դժվար են տրվում, հատկապես՝ մայրերի հետ։
***
Տնից դուրս է վազում Ամիկի որդին։ Նրան հորեղբոր պատվին են անվանակոչել։ Տղան երկու տարեկան է, նոր-նոր է սկսել առանձին բառեր արտասանել։ Հորն անունով է կանչում։ Ժպտում եմ նրան։ Նա հետ է վազում տուն՝ անվստահ հետաքրքրությամբ շրջվելով ու ինձ նայելով։
Մի քիչ անց մենք կընկերանանք ու կխաղանք մանկությանս սիրելի խաղերից մեկը՝ պատառաքաղներով մարտը։ Փոքրիկ Քյարամը հետ է մղում իմ «հարձակումները», ինքն էլ հարվածներ հասցնում, նրա պատառաքաղի ատամները խրվում են իմի ատամների մեջ։ Գլուխը հետ է գցում ու քրքջում։ Ես էլ եմ ծիծաղում։ Թող պատառաքաղը կյանքիդ ամենասարսափելի զենքը լինի, փոքրիկ։
— Իմ տղան որ մեծանա, քաջ զինվո՞ր է դառնալու, — Ամիկը համբուրում է նրա գլուխը։
— Չէ՛, — պատասխանում է տղան։
— Թող մինչև նրա մեծանալն այլևս պատերազմներ ու զինվորների կարիք չլինեն, — ասում եմ ես։ Կարծեմ կյանքումս առաջին անգամ մարմնիս բոլոր բջիջներով զգում եմ այս ծեծված արտահայտության տեղին լինելը։
— Է՜հ, երբ ես փոքր էի, մեծերն էլ էին այդպես ասում, — ասում է Մեծ մարդը։ — Հետո մենք էինք մեր երեխաներին ասում, նրանք էլ՝ իրենց երեխաներին են ասում։ Իսկ պատերազմները շարունակվում են։
Մեծ մարդն անցել է առաջին ղարաբաղյան պատերազմով։ Հիշում է այն վայրերի բոլոր ծակուծուկերը, որտեղ կռվել է, առաջնագծից կարճ ժամանակով վերադարձած տղաներին հարցնում է գրեթե ամեն թփի մասին։ Այն ժամանակ ուրիշ պատերազմ էր։ Ազնիվ՝ դեմ առ դեմ։ Այն ժամանակ ջոյսթիկի հրամանով երկնքից մարդկանց գլխին մահ չէր ընկնում։
Մեծ մարդու նախապապը վերականգնել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Քրիստոս Ղազանչեցոց մայր տաճարը (տաճարը, որը 2020-ի հոկտեմբերին ենթարկվեց double-tap հարձակման, երբ նույն վայրը երկու անգամ են գնդակոծում՝ մի քանի րոպեի կամ ժամի ընդմիջումով, որպեսզի խոցեն ոչ միայն սկզբնական թիրախը, այլև դեպքի վայր ժամանած փրկարարական խմբերին — Կալեմոն), պապը՝ Գառնիի հեթանոսական տաճարը։

***
— Ինչո՞ւ որոշեցիր կամավորագրվել, — հարցնում եմ Ամիկին։
— Որովհետև պատերազմ սկսվեց, — պարզ պատասխանում է նա։ — Իմ արյունը մյուսներինից կարմիր չէ։
Ամիկը 32 տարեկան է։ Մինչև ռազմաճակատ գնալը կյանքում զենք չէր վերցրել ձեռքը։ Բանակ զորակոչվելուն մեկ ամիս էր մնացել, երբ ընկերների հետ լուրջ վթարի ենթարկվեց, որից հետո նրա ոտքը մաս-մաս հավաքեցին ու ծառայությունից ազատեցին։ «Բայց ես ընդունակ աշակերտ եմ, արագ սովորեցի», — ծիծաղում է նա։
Երբ հրամանատար Ռզգանը հավաքեց եզդի կամավորների ջոկատը, Ամիկն առաջիններից էր, որ գրանցվեց։ «Մեր ջոկատում 42 հոգի ենք՝ 38 եզդի ու 4 հայ, բոլորը՝ «առյուծ տղերք»», — հպարտությամբ ասում է նա։ Եվ անվախ բուժքույր Դիլբարը՝ Հոկտեմբերյանից մի եզդի կին։ Ջոկատի խնդիրն էր գիծը պահել՝ նահանջի դեպքում յուրայիններին պաշտպանել ու հարձակման ժամանակ թիկունքին աջակցել։
Ամիկը պատմում է, որ ռազմաճակատում ամբողջ ջոկատը, իմանալով, որ նա Քյարամի եղբայրն է, գաղտնի «պահպանում» էր նրան, որպեսզի մայրը ևս մեկ որդի չկորցնի։ Ամիկի հետ հանդիպում ենք մի քիչ հանգստանալու համար տուն վերադարձած նրա ջոկատի՝ նորից ռազմաճակատ մեկնելուց մի քանի օր առաջ։

***
— Ամիկ, ի՞նչ է հայրենիքը։
— Հայրենիքը հայրական մի մեծ օջախ է, որը միշտ պետք է վառվի։ Իսկ մենք բոլորս դրա մեջ փայտ ենք դնում՝ ամեն մեկս մեր ուժերի չափով։
— Ինչպե՞ս քաջ լինել պատերազմում։
— Պատերազմ գնալուց ու սպանվելուց վախենալը բնական է։ Բոլորն էլ վախեր ունեն։ Պետք է պարզապես ընդունել դա ու սովորել հաղթել վախին, որպեսզի վախը քեզ չհաղթի։
— Քո ամենամեծ վա՞խը։
— Անիմաստ մահը։ Առաջնագծում անցկացրած բոլոր օրերին վախենում էի, որ կզոհվեմ՝ ինձ հետ այն աշխարհ չտանելով ոչ մի թշնամու։ Երբ քո առջև զոհված տղաներ ես տեսնում, իհարկե, վրեժի ծարավն էլ է ուժեղանում։
— Ի՞նչ է հաղթանակը։
— Նրանք (թուրքերը) ուզում են նվաճել մեր հայրենիքը, իսկ մենք որոշել ենք, որ այն նրանց չենք թողնելու։ Սա արդեն հաղթանակ է։
Այն մեզ բաժին է հասնում մեր տղաների արյան գնով, ամեն կորուստ մեզ համար մեծ ցավ է։ Մեր գյուղում երկու զոհ ունենք՝ Դերենիկն ու Հարութը։ Դերոն Քյարամի մանկության ընկերն է, Հարութը՝ իմ հասակակիցը։ Երկուսն էլ ոչ թե պարզապես հարևաններ են, ոչ թե պարզապես ինչ-որ մեկի զավակներ, այլ իմ եղբայրները։ Մենք նրանց հաղթանակ ենք պարտք։ Պատերազմը վատ բան է, բայց ի՞նչ անես, եթե քեզ բաժին են ընկել արյունարբու հարևաններ, որոնք ուզում են քեզ ոչնչացնել։
— Ինչպիսի՞ն է մեր թշնամին։ Չի ստացվում «հակառակորդ» ասել։
— Մեզ ամենաանհաջողն է բաժին ընկել։ Ի՞նչ կարելի է ասել մարդկանց մասին, որոնք մեր դիակների դեմ են կռվում։ Նրանք մեզնից վախենում են, նույնիսկ երբ մենք մեռած ենք։ Այլ կերպ չեմ կարողանում դա բացատրել։ Երբեմն մտածում եմ՝ հետաքրքիր է, ի՞նչ նյութից են նրանք պատրաստված, մարդն ախր չի կարող իրեն այդպես պահել։ Կարծես բոլորը դոզայի տակ լինեն։
— Ցանկություն ունեցե՞լ ես նրանց հետ նույնն անել, ինչ նրանք արել են քո եղբոր հետ։
— Այս ամբողջ չորս տարիների ընթացքում մի օր չի եղել, որ չմտածեմ՝ միայն թե ձեռքս ընկնեք՝ ողջ թե մեռած։ Բայց այնտեղ (առաջնագծում) հասկացա, որ ոչինչ չեմ անի։ Սպանել՝ կսպանեմ ամեն մեկին, ով կփորձի ձեռք տալ իմ հողին, մեր զինվորներին։ Թեև խաղաղ կյանքում ես այն մարդն եմ, որը հավ մորթելիս շրջվում է։ Բայց դիակներն այլանդակել՝ ոչ։ Նույնիսկ վիրավորին ծաղրել չեմ կարող։ Դրանով էլ տարբերվում ենք նրանցից։
Իմ երկու տարեկան երեխային չեմ պատմում, թե ինչ են արել նրա հորեղբոր հետ։ Կմեծանա, կիմանա։ Բայց երեխայի մեջ ատելություն աճեցնելը սխալ է։ Դա առաջին հերթին հենց իր կյանքը կթունավորի։
Ամիկը բաց դեմք ունի ու անշտապ ձայն։ «Ներքին հակասություններ ու կասկածներ չունեցող մարդ», — ոչ առանց նախանձի մտածում եմ ես։ Բնության պարզ ու իմաստուն մարդ։ Երբ հեռանում էինք, նա ասաց. «Ուրախ եմ, որ եկաք։ Ես կյանքումս միշտ շրջապատի հոգին եմ, բոլորին ուրախացնում եմ, իսկ հիմա կարծես ներսումս վերք լինի, բառերը դուրս չեն գալիս։ Իսկ հիմա խոսեցինք, մի քիչ ցրվեցի»։

***
Ամիկի մայրը՝ Նվարդը, 25 տարեկան էր, երբ ամուսնուն ճանապարհեց առաջին ղարաբաղյան պատերազմ։ Նրան սպասում էր սկեսրայրի տանը՝ երկու փոքր երեխաների՝ Ամիկի ու Նվերի հետ։
Նվարդն ինքը Աբովյանից է։ Ամուսնուն ճանաչել է արդեն հարսանիքից հետո. նրանց ամուսնությունը «պայմանավորված» էր, ինչպես այն ժամանակ ընդունված էր թե՛ հայերի, թե՛ եզդիների մոտ։ «Բայց ոչ մի անգամ չեմ փոշմանել, — ասում է նա, — տեսեք՝ ինչ երեխաներ ենք ունեցել (4 որդի ու մի աղջիկ), բոլորը քաջ ու ուժեղ են»։
Այդ պատերազմի ժամանակ էլեկտրականությունն անջատեցին, գազը դադարեց գալ, սննդամթերքի մեծ պակաս կար, մարդասիրական օգնություն էր գալիս։ Ճաշը եփում էին օջախների վրա։ Նվարդը մորի էր հավաքում, դաշտում աշխատում, փորձում երեխաներին կերակրել։ Սոված էլ են մնացել, բայց դուրս են պրծել։ Երեխաները փայտի կտորներից ատրճանակներ էին սարքում ու պատերազմ խաղում։
Նվարդի ամուսինը՝ Քյալաշը, պատերազմից վերադարձավ ոտքի վերքով ու արիության երկու մեդալով։ Բայց նրան երկու տարի էր սպասել։ Այն ժամանակ ո՛չ սոցիալական ցանցեր կային, ո՛չ բջջային հեռախոսներ, ի՜նչ բջջային՝ քաղաքային հեռախոսակապն էլ էր խափանված, ու լուրերը դանդաղ ու երկար էին տեղ հասնում։ Բայց Նվարդը չէր վախենում։ Եվ երբ Քյարամին, ապա կրտսեր որդուն բանակ էր ճանապարհում, իսկ ավագին՝ պատերազմ, նույնպես չէր վախենում։
— Իսկ վախենալու օգուտը ո՞րն է, — ասում է նա։ — Դրանից մի բան կփոխվի՞։ Դրանից պատերազմը կվերջանա՞։
Նստած եմ ցածր աթոռակին՝ նրա բազկաթոռի դիմաց։ Պատից ինձ են նայում երկու Քյարամ՝ մեկը կանգնած՝ ամբողջ հասակով, մյուսը՝ նստած, կիսադարձ։ Բաժակներից, ափսեներից, հուշանվերներից՝ լուսանկարներով, գուաշով ու յուղաներկով արված նկարներով ինձ է նայում մեծ, տխուր աչքերով մի տղա, որն ընդմիշտ մնացել է ինձնից գրեթե երկու անգամ փոքր։ Մեծ հյուրասենյակի այս պատը Քյարամի անկյուն են կոչում։
Այստեղ է նաև Քյալաշի՝ նույնպես մեծ չափի դիմանկարը։ Ապրիլյան պատերազմի հերոսի 52-ամյա հայրը մահացել է որդու զոհվելուց մեկ տարի անց՝ նույն ամսին։

Իմ թիկունքում մեծերն ու երեխաները՝ եզդիների տները միշտ լի են ազգականներով, կիսաշրջան են կազմել, ասես ներկայացման լինեն, ու շունչները պահած լսում են մեր զրույցը։ Նրանց թվում է՝ ներկա են կարևոր լրագրողի կարևոր աշխատանքին։
Իսկ «կարևոր լրագրողը» կծկվել է, պստիկ-պստիկ դարձել ու մտածում է, որ սա իր կյանքի ամենավատ հարցազրույցն է։ Եվ որ եզդիական «Խիրատ» մեդիա հարթակի գործընկերները չեն ունենա այն նյութը, որն ինքը նրանց համար այդքան անխոհեմորեն առաջարկել էր նաև տեսախցիկով նկարահանել։
Նվարդին հիմար հարցեր եմ տալիս, կարճ պատասխաններ ստանում։ Ձայնագրությունը վերծանելիս ձայնագրիչում դադարներն ավելի շատ կլինեն, քան բառերը։ Մտածում եմ այն մասին, որ մենք նրանց՝ հերոսների ընտանիքների մոտ ենք գալիս, երբ պետք է հարցազրույց ձայնագրենք կամ ինչ-որ օգնություն փոխանցենք։ Մարդասիրական։ Հետո բարեհաջող մոռանում ենք նրանց՝ մեր սեփական կյանքի ու սեփական խնդիրների եռուզեռի մեջ։
Ես ինքս քանի՞ անգամ նորից կհաղթահարեմ Արտաշավան տանող մղձավանջային ճանապարհը, որի վրա քիչ էր մնում մեքենան ջարդեինք (մայրուղու վրա ասֆալտ են փռում), ու կգամ այս կնոջ մոտ՝ պարզապես նստելու, նրա հուշերը լսելու, միասին լաց լինելու ու ծիծաղելու։
Մտածում եմ այն մասին, որ նրա ուժն ինձ վախեցնում է։
— Ես միշտ այսպիսին չեմ եղել, ես ուժեղ դարձա Քյարամից հետո։

Լսելով այն անունը, որը կրում է իր երբեք չտեսած հորեղբոր հետ միասին՝ վազելով գալիս է Նվարդի թոռն ու պահանջում, որ տատիկը դադարի իրեն անհասկանալի բաներ խոսել ու ուշադրությունն իրեն դարձնի։ Ես պատրաստակամորեն անցնում եմ երեխային։ Ժպտում եմ նրան ու նրա մասին հարցեր տալիս։ Նվարդն ասում է, որ թոռն Ամիկի մանկության ճիշտ պատճենն է, բայց ականջները պապիկից են, և Քյարամին էլ է նման։
— Մեր տունը կիսակառույց էր, երբ իմ Քյարամը բանակ գնաց։ Հետո… Նրա հետ այդպես պատահեց… Շատ շնորհակալ ենք այն մարդկանց, որոնք օգնեցին մեզ, մեր կողքին կանգնեցին, — ասում է նա իմ հերթական ապուշ հարցին ի պատասխան, որը բոլորովին էլ որդու մասին չէր։ Չեմ դիմանում։
— Չեմ ուզում ձեզ այս անիմաստ հարցերը տալ, իրականում ուզում եմ այստեղ նստել ու անվերջ կրկնել՝ ներեցեք։ Որ չկարողացանք ձեր տղային պահպանել։ Մյուս տղաներին, — ինքս էլ ինձնից անսպասելի ասում եմ ես։ Չեմ կարողանում ձայնս զսպել՝ նրան էլ լացեցնելով։
Բայց Նվարդը սրբում է արցունքները։

— Մենք՝ թիկունքում, պետք է ուժեղ լինենք, պետք է մեր տղաների հենարանը լինենք։ Նրանք այդքան անվախ են, որովհետև մենք ենք նրանց քաջություն տալիս։ Ես ինքս եմ Ամիկին պատերազմ ճանապարհել։ Նա գիտի, որ ես միշտ իր հետ եմ ու իր կողմն եմ։ Ես ինքս էլ նրա հետ կգնայի։
— Մաման տանկ լավ է վարում, — ծիծաղում է Ամիկը։
— Չէ՛, տանկ վարել չգիտեմ, բայց ինձ համար հաստատ գործ կգտնվեր։ — Նա էլ է ծիծաղում։ — Պետք է մի քիչ էլ դիմանանք, ու կհաղթենք, զգում եմ։
— Մաման Վանգայի քրոջ թոռն է, — դիտավորյալ լուրջ տեսքով գլխով է անում Ամիկը։ Բոլորս ծիծաղում ենք։
Փոքրիկ Քյարամը բակ է բերում երկու գնդակ՝ փորձելով միաժամանակ երկուսն էլ պահել։ Ավելի մեծ մի աղջիկ՝ երևի ազգական, հետևում է նրան քայլ առ քայլ, որպեսզի ճիշտ պահին բռնի, եթե հանկարծ որոշի գնդակի հետևից ներքև՝ այգի վազել բետոնե բարձր աստիճաններով։ Սա մի տուն է, որտեղ սարսափելի վիշտ է պատահել, բայց կյանքը շարունակվում է։ Եվ հերոսներ են ծնվում։




