Իմ մեղքը
Ես տասներեք տարեկան եմ։ Սիրում եմ Ֆրեդի Մերկուրիին։ Ամեն ուրբաթ նստում եմ դեղին ավտոբուսն ու գնում, ինչպես ինձ է թվում, յոթ սարից այն կողմ՝ ամբողջ քառասուն րոպե, մինչև իմ բաղձալի կրպակը՝ Queen-ի ձայներիզներով։ Որոնք աստիճանաբար տեղափոխվում են իմ մեծ տուփի մեջ։
Նստած եմ տոթ ավտոբուսի հետևի նստարանին՝ երկու մեծահասակների արանքում սեղմված, ձեռքս ամուր սեղմել եմ ուսապարկիս կողքի գրպանիկին, որտեղ պահված է ձայներիզի փողը, ու ժպտում եմ։
Կողքիս նստած գեր կինը զրուցում է ընկերուհու հետ, և նրա մարմինը ծիծաղից վեր է թռչում՝ օդ նետելով նաև իմը։ Բայց շուտով ապրիլի համար անսովոր շոգը թմրեցնում է նույնիսկ շատախոսներին, ու լեփ-լեցուն ավտոբուսն ընկղմվում է կիսաքնի մեջ։
Քնաթաթախ գիտակցությանս միջով ծնկիս վրա ձեռք եմ զգում։ Բացում եմ աչքերս։ Իմ մյուս կողմում նստած տարեց մարդու ձեռքն է։ Նա դեռ պապիկի ջերմ ժպիտով ժպտաց, երբ դեպի պատուհանը տեղաշարժվեց՝ ինձ տեղ բացելու։
Կնճռոտ ափը թեթևակի սեղմում է մերկ ծունկս, բարձրանում դեպի շորտս։ Շրջվում եմ դեպի պապիկը։ Նա պատուհանից դուրս է նայում։ Դեմքն անթափանց է։ Ձեռքը կանգ է առնում։ Ձգում եմ ոտքս ու ազատում ափի տակից։ Թաքուն նայում եմ մոտակայքում նստած մարդկանց։ Ոչ ոք ինձ չի նայում։ Ոչ ոք ոչինչ չի տեսել։
Ձեռքը նորից ձգվում է դեպի ծունկս։ Դեմքը թեթև ժպտում է նույն լուսավոր ժպիտով ու կրկին շրջվում դեպի պատուհանը։ Սեղմվում եմ նստարանին։ Սարսափից ափերս քրտնել են։ Ի՞նչ անել։ Խի՞ստ նայել նրան։ Բա որ ինձ թվացե՞լ է։ Իսկ եթե իմ վրդովմունքին պատասխանի նրա զարմացած հայացքը, ու ես ինձ շատ հիմար զգամ։
Նորից ազատել ոտքը։ Որ ոչ ոք չնկատի։ Պետք չէր շորտ հագնել։ Լավ է, որ երկնագույնը չեմ հագել, այն բոլորովին կարճ է։ Իջնել հենց առաջին կանգառում։ Բայց հետո ի՞նչ անել։ Որտե՞ղ եմ։ Երրորդ մասը հեռու մի տեղ է, ամբողջ ճանապարհն անծանոթ է, միայն մետրոյի կայարանը գիտեմ՝ ձայներիզների կրպակով։
Եվ շարունակում եմ գնալ՝ մինչև վերջ, համառորեն ոտքս ազատելով քրտնած, կնճռոտ ափի տակից։ Դուրս եմ թռչում իմ կանգառում ու վազում։ Զզվանքից ու հուսահատությունից շնչահեղձ լինելով։

Ես երկչոտ եմ, պատասխանատվության չափազանցված զգացումով ու մեղքի կայուն համախտանիշով. շուրջս տեղի ունեցող գրեթե ամեն վատ բանի մեջ կարողանում եմ պատիժ տեսնել իմ զանցանքների կամ բացթողումների համար։
Ավտոբուսի դեպքը բացառություն չէ։ Սկզբնական սարսափի հետ մեկտեղ առաջանում է ինքնախարազանման պատրաստակամությունը։ Չէ՞ որ տեղի ունեցածը կարող էր պատահել միայն ինձ ու միայն իմ մեղքով։
Ամբողջ ամառ շորտ եմ հագնում։ Ու կարճ մայկաներ։ Այնքան չեմ դիմանում շոգին, որ ուզում եմ մաշկս էլ պոկել։ Բոլորը, ում հավեսը կա՝ հարևանուհիներ, ազգականուհիներ, առիթը բաց չեն թողնում մամային կշտամբելու, որ նրա աղջիկն արդեն մեծ է, ու ժամանակն է ավելի պատշաճ հագնվելու։ Իրեն պահելու՝ նույնպես։ Իմ ութ տարեկանից սկսած։
Հնազանդություն, համեստություն ու ինչ-որ առանձնահատուկ լռակյացություն՝ հատկություններ, որոնք, նրանց կարծիքով, չունեմ, և որոնք զարդարում են աղջիկներին։ Դրանք պետք է ի ցույց դնել, որպեսզի տղաների ծնողները նկատեն ու հենց քեզ հետ ամուսնացնեն նրանց, երբ մեծանան։ Արտաքին տեսքդ ու վարքդ միշտ պետք է ձևավորես՝ հաշվի առնելով, որ դու ապագա կին ու մայր ես։
Հենց այդ ավտոբուսում ես ինձ հետ ունեմ «սխալ» աղջկա առնվազն մեկ հատկանիշ, որից ինձ զգուշացնում էին՝ չարաբաստիկ շորտը։ Կասկած լինել չի կարող՝ դա իմ մեղքն էր։
Դեռ չգիտեմ, որ ուրիշ՝ բոլորովին տարբեր աղջիկների էլ են ձեռք տալիս, որ նրանք էլ են սեղմվում նստարաններին ու թաքուն նայում՝ հո մեկը չնկատե՞ց։ Գուցե դուք էլ եք նրանց հանդիպել։ Օրինակ՝ այն արդեն մեծացած կանայք են, որոնք հետևում են, որ իրենց դուստրերի հետ աշխատողները՝ լինի լողի մարզիչ, պարի ուսուցիչ թե մերսող, բացառապես կանայք լինեն։
Ամոթ է ու վախենալու
Ես ութ տարեկան եմ։ Հաճախ կանգնում եմ կտրոնով հացի բազմաժամյա հերթերում։ Երբեմն անհամբեր մարդիկ սեղմում են և՛ հետևից, և՛ առջևից։ Տոթ է, շնչելը՝ դժվար, բայց մնացածով սովորական հերթ է։ Ու հանկարծ մի մեծահասակ է հայտնվում, որը հետևից ինչ-որ ոչ այն ձևով է սեղմվում քեզ։ Անհարմար ես զգում։ Դժվար է դա բացատրել, ու վախենալու է նույնիսկ ինքդ քեզ խոստովանել, բայց հաստատ գիտես, որ ինչ-որ բան այն չէ։ Անորոշ անհանգստությանը դժվար է անուն տալ, ու դժվար է հասկանալ՝ ինչ անել դրա հետ։
Ես տասնչորս տարեկան եմ։ Դասարանի աղջիկներով փսփսում ենք քաղաքում հայտնված «մոլագարների» մասին։ Նրանք սարսափելի են, զզվելի ու «այնպիսի բաներ են անում…»։
Ես ամեն անգամ դպրոց եմ գնում Լամբադա կամրջի կողքով։ Քարե ցանկապատի մոտ, ճանապարհին թիկունքով, մի տղամարդ է կանգնած՝ տաբատն իջեցրած, ու ինչ-որ անհասկանալիորեն տհաճ ու սարսափելի բան է անում։ «Ձեռնաշարժություն» բառը դեռ երկար չեմ իմանա։ Ինչպես և սեքսին ու սեռական դաստիարակությանը վերաբերող շատ այլ բաներ։
Գլուխս կախում եմ ու արագացնում քայլերս։ Մյուսները՝ թե՛ մեծերը, թե՛ երեխաները, նույնպես։ Ասես ոչինչ չի կատարվում։
«Մոլագարների» բավական հաճախ եմ տեսնում։ Նրանք տարբեր են, բայց մի տղամարդը բոլորից հաճախ է պատահում։ Մի օր սկսում է հետևիցս վազել՝ առնանդամը դուրս հանած։ Մանկամիտ, ատամները բացած դեմք ունի ու կեղտոտ, մանանեխագույն տաբատ։ Դժվարությամբ եմ վազում, սարսափից ու զզվանքից շնչահեղձ եմ լինում։ Դպրոցից ոչ հեռու գտնվող զորամասի մոտ հետ է մնում։
Մի քանի օր դպրոց եմ գնում տրանսպորտով։ Հետո որոշում եմ, որ չեմ ուզում վախի մեջ ապրել, ու նորից սկսում եմ ոտքով գնալ։ Ճիշտ է, Լամբադա կամրջի մոտ քայլս, կամքիցս անկախ, վազքի է վերածվում։
Մի քանի օր անց նորից տեսնում եմ նրան։ Կրկին հետևիցս է գալիս։ Հազիվ սկսված վախը հանկարծ վերածվում է կատաղության։ Ստորգետնյա անցումի մոտ ծառի հաստ ճյուղ եմ նկատում՝ ավելի բարակ ճյուղավորումներով։ Հենց այդ օրերին կարդում եմ Ռոմեն Ռոլանի «Հմայված հոգու» երկրորդ մասը և ռուս հեղափոխական-ապստամբ Ասյայի ուժեղ տպավորության տակ եմ։
Կանգ եմ առնում, սպասում, մինչև տղամարդը մոտենա, շրջվում եմ ու ամբողջ ուժով հարվածում։
Հարվածում եմ պատահական, առանց նշան բռնելու, բայց դիպչում եմ դուրս հանած առնանդամին։ «Մոլագարը» ցավից ոռնում է, փորձում ձեռքերով ծածկվել, բայց իմ մեջ արթնացած դևը շարունակում է ձաղկել ու ձաղկել՝ ուր պատահի։
Հետո նետում եմ ճյուղն ու վազում։ Երբեք չեմ կարողացել արագ վազել, բայց հիմա թռչում եմ։ Պարզվում է՝ մոլագարներն այնքան սարսափելի չեն, որքան նրանց ներկայացնում են, պարզվում է՝ ես ուժեղ եմ ու կարող եմ ինձ պաշտպանել։
Իմ ուժեղ լինելու էյֆորիան արագ փոխարինվում է ընկճվածությամբ, մեղքի ու ամոթի զգացումով։ Ինչպես այն ժամանակ՝ ավտոբուսում։
Ինչո՞ւ ամբողջ ավտոբուսով մեկ չբղավեցի։ Ամբողջ փողոցով մեկ։ Ինչո՞ւ տուն վերադառնալուց հետո մամային չպատմեցի։ Ամաչում եմ։ Ո՞նց նման բանի մասին ասես։ Ո՞նց սարսափից չմեռնես այն պահին, երբ բացում ես բերանդ ու սկսում նկարագրել… նման բան։
Բացի այդ, քեզ հետ պատահածը բառերի վերածելով, այդ բառերը բարձրաձայն արտասանելով՝ դու՝ երեխա լինելով, անդառնալիորեն ընդունում ես այն փաստը, որ քո աշխարհն այլևս նախկին անվտանգ տեղը չէ։ Այստեղ սարսափելի բաներ են կատարվում։ Ու մյուսները՝ ազգականներն ու ծնողները, նույնպես ստիպված են լինելու ընդունել դա, իսկ ընդունելուց հետո՝ գործել։ Պատկերացնում եմ մամային՝ սրտի կաթիլները ձեռքին, ու պապային, որը սպանել է «մոլագարին» ու ցմահ բանտ նստել։ Ավելի հեշտ է չմտածել, չընտրել ու չխոսել։

Ճանապարհով շատ երեխաներ էին անցնում, բայց «մոլագարը» նորից հենց ինձ կպավ։ Ուզում եմ աղջիկ չլինել։ Առհասարակ ես չլինել։ Ճյուղը ձեռքս վերցնելուց մի քանի վայրկյան առաջ մոլագարը մրթմրթաց. «Ախորժելի մարմին»։ Մինչև վերջ չեմ հասկանում՝ դա ինչ է նշանակում, լավ է, թե վատ, բայց ուզում եմ ազատվել այդ մարմնից, դադարել ինձ նույնացնել նրա հետ։
Սկսում եմ երազել, որ ես չկամ։ Պատկերացնում եմ՝ ինչպես է հոգին լքում մարմինն ու թռչում հեռու-հեռու։ Ճգնաժամային իրավիճակներում մինչև հիմա այդպես եմ ինձ հանգստացնում։
Երբեմն իմ հանդեպ ատելություն է առաջանում։ Վերցնում եմ դանակն ու կտրատում ձեռքերս։ Երակներս չէ, ոչ։ Չեմ ուզում ինձ սպանել։ Պարզապես ցավ եմ պատճառում նրան, ինչն ատում եմ։
Ներսում անվերջ երկխոսություններ եմ վարում։ Ինձ «դու» եմ ասում։ Լավ-եսին, որի հետ ամոթալի բաներ չեն կարող պատահել, բաժանում եմ վատ-եսից։
Քեզ թվացել է
Ես տասնվեց տարեկան եմ։ «Չէ՞ որ դու ինձ սիրում ես»,— հարցնում է տղամարդը։ Նա ինձնից շատ մեծ է, մեր ընտանիքի ամենամտերիմ մարդկանցից մեկն է։ Ծնողներս խնդրել են նրա տուն մի ցանցապարկ հասած դեղձ տանել։ Շփոթվում եմ։ Անհանգստություն է առաջանում։ Միանգամից մտածում եմ, որ շորտ ու մայկա եմ հագել։
«Քո տարիքում արդեն ավելի համեստ հագնվելու ժամանակն է»,— առավոտյան ասաց հարևանուհին՝ աստիճանահարթակում ինձ հանդիպելով։ «Ինչո՞ւ ես միշտ կիսամերկ ման գալիս»,— անհավանությամբ հայացքն անցկացրեց իմ սովորական հագուստի վրայով։ Որովհետև ամառ է։ Ես դեռ էլի չեմ դիմանում շոգին։
Տղամարդը քնքշորեն շոյում է գլուխս։ Ինչ-որ բան է ասում գեղեցիկ մարմնի մասին։ Ու գեղեցիկ շորտի։ Անհանգստությունն ուժեղանում է։ Նորից անհետանալու, չլինելու ցանկություն է առաջանում։ Ինձ դուր չի գալիս այստեղ կանգնելը։ Դուր չի գալիս նրա ժպիտը։ Ուզում եմ շրջվել ու հեռանալ։ Բայց մնում եմ կանգնած՝ լարված մարմնով, քրտնած ափերով, ու հիմարաբար ժպտում եմ։
«Դե ցույց տուր՝ ինչպես ես ինձ սիրում»,— ասում է ինձ ամենահարազատ մարդկանցից մեկը։
Ինձ տապալում է մահճակալին ու վերևից ամբողջ մարմնով ճնշում։ Կորցնում եմ ինձ։ Չեմ հասկանում՝ ինչ անել, ու առհասարակ ինչ է կատարվում։ «Դու թպրտում ես հալածված գազանիկի պես»,— մտքում ես՝ կողքից հետևող լավ-եսը, ասում եմ վատ-եսին։
Այդ ձայնը ստիպում է սթափվել։ Աչքիս առաջ փայլատակում է աղջիկը, որը հաստ ճյուղով կատաղի հարվածում է «մոլագարին»։ Ատամներս խրում եմ դեմքիս մոտ եղած ձեռքի մեջ, չգիտես որտեղից հայտնված ուժով ծնկով հարվածում փորին, վրայիցս հրում գարշելի մարմինը։ Անակնկալից այն դրմփոցով ընկնում է հատակին։
Ցածր առաջին հարկ։ Ամառ։ Բաց պատուհան՝ առանց ճաղավանդակի։ Այն կբերեն միայն հաջորդ շաբաթ։
Ոտքերս դողում են։ Պատուհանագոգին բարձրանալու առաջին փորձը ձախողվում է։ Տղամարդը, ըստ երևույթին դեռ շոկի մեջ, դանդաղ վեր է կենում։ Հուսահատ ցատկով վեր եմ թռչում պատուհանագոգին ու ցած նետվում։
Բակում խաղացող երեխաները վախեցած մի կողմ են ցատկում։ Ձախ կոճս անհաջող վայրէջք կատարեց։ Ցավ։ Սարսափը մի քանի վայրկյան տեղը զիջում է տանջալից անհանգստությանը՝ հո մի բան չնկատեցի՞ն։ Ձեռքս թափահարում եմ երեխաներին՝ իբր ամեն ինչ կարգին է, սա այսպիսի խաղ է, ու կաղալով վազում դեպի կանգառը։
Մինչև այդ մարդու մահը ևս տասներկու տարի ամեն տեսակ պատրվակներ եմ հորինելու՝ ընտանիքիս հետ նրան հյուր չգնալու համար։
Ես այլևս երբեք նրան չեմ տեսնի, նույնիսկ նրա թաղմանը, բայց այդ ամբողջ տասներկու տարին նրան պատահաբար հանդիպելու վախը հետնապատկերում ուղեկցելու է ինձ։
Ինչո՞ւ էի կանգնած հիմարաբար ժպտում։ Ինչո՞ւ չհեռացա հենց այն վայրկյանին, երբ բարձր պատուհանագոգով սենյակում գտնվելն այլևս ինձ դուր չէր գալիս։
Ինչո՞ւ։ Որովհետև դաստիարակված աղջիկների ու տղաների համար մեծահասակն անվիճելի հեղինակություն է։ Պաշտպան։ Որը պատժում է քեզ միայն այն դեպքում, երբ վատ ես վարվել։ Ինչն է «վատը», և ինչը՝ «լավը», նույնպես մեծահասակն է որոշում։
Որովհետև նա գրքի չարագործը չէ, այլ մտերիմ մարդ։ Այն միտքը, որ մտերիմ մարդը կարող է քո հանդեպ ինչ-որ ամոթալի բան զգալ, ինքնին այնքան ամոթալի է, որ շտապ վանում ես այն։
Որովհետև կեղծավորությունը խրախուսող մեր հասարակության մեջ մենք սովոր չենք ապրել մեր զգացմունքներն ու ցանկությունները, առավել ևս՝ հայտարարել դրանց մասին։ Մենք արդարացնում ենք ու արդարանում։ Եվ անհարմար ենք զգում՝ պարզապես «ինձ դուր չի գալիս» կամ «ես չեմ ուզում» ասելու փոխարեն։
Որովհետև և՛ աղջիկները, և՛ նույնիսկ մեծահասակ կանայք հաճախ վախենում են՝ մեկի մարմնական կամ խոսքային ոտնձգությունների դեմ առարկելով՝ ծաղրական «քո մասին շատ մեծ կարծիքի չե՞ս» լսելուց։ Կամ՝ «գուցե քեզ թվացե՞լ է»։
Ու հաճախ չես էլ ապացուցի։ Կարելի է, իհարկե, ասել. «Նույնիսկ եթե ոչ մի վատ բան նկատի չունես, ինձ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ՝ ինչպես ես ինձ նայում/դիպչում ինձ/խոսում ինձ հետ։ Դադարեցրու»։ Առանց ավելորդ բացատրությունների։ Ինձ պարզապես դուր չի գալիս։
Բայց դրան ես հասունացա միայն երեսուն տարեկանի կողմերը։
Ես գլուխ կհանեմ
Ես տասնութ տարեկան եմ։ Անհասկանալի առարկայի տարօրինակ դասախոսը խնդրում է քննությունից հետո օգնել թղթերը տանել իր աշխատասենյակ ու մի քիչ իր հետ նստել։ Հոգնած դեմք ունի։ Փակում է դուռը։ Նստում եմ աթոռին՝ խիստ ոճի շագանակագույն կիսաշրջազգեստով ու սպիտակ բլուզով։ Նա նստում է կողքիս։ Նայում է ինձ ու ժպտում։ Ինձ վատ եմ զգում։ Նորից այդ ցանկությունն է առաջանում՝ անմիջապես հեռանալ։ Բայց սեղմում եմ մատներս ու երկչոտ ժպտում։ Ես դեռ էլի հիմար, միամիտ աղջիկ եմ՝ մարդկության հանդեպ հսկայական հավատով։ Ես դեռ էլի չեմ կարողանում ոչ ասել։
«Լսել եմ՝ նկարում ես»,— ասում է նա։— «Ինձ համար մի բան նկարիր»։
Դողացող ձեռքով, առանց մտածելու, սաղմ եմ գծում։ Այն ժամանակ հաճախ էի սաղմեր նկարում։ Կծկված, իրենք իրենց պաշտպանող դիրքով։ Դասախոսը զարմացած նայում է ինձ։ Նման նկար չէր սպասում։ Ու հանկարծ դեմքս առնում է ափերի մեջ ու սկսում համբուրել։ Եվ խնդրում է չազատվել։ Շնչակտուր խոսում է՝ որքան մենակ է, ու ոչ ոք չունի։ Ու որ ես գեղեցիկ մարմին ունեմ։
Սկսում եմ բռունցքներով հարվածել նրան։ Արագ-արագ, որ չհասցնի ուշքի գալ։ Նա փորձում է բռնել ձեռքերս։ Սեղանից ցած եմ թափում գրքերի դեզն ու էլեկտրական սրճեփը, և նորից կատարվողի սարսափը տեղը զիջում է անհանգիստ մտքին՝ հո մեկը դրմփոցը չլսե՞ց ու այստեղ վազելով չի՞ գա։ Ես ինքս կազատվեմ նրանից, գիտեմ, ես ուժեղ եմ։ Միայն թե մի՛ եկեք ու մի՛ տեսեք ինձ մի վիճակում, որից ամաչում եմ։
Չգիտեմ՝ հարվածներիս գնդացրային հերթի՞ց, թե՞ անակնկալից, տղամարդը թուլացնում է սեղմումը։ Պոկվում եմ, երազի պես վազում դեպի դուռը, դուրս թռչում միջանցք ու վազում։ Տանը, սարսափ ֆիլմերի լավագույն ավանդույթներով, դեմքս պահում եմ ջրի տակ՝ գարշելի զգացողությունները լվանալու համար։ Չգիտեմ՝ ֆիլմերում ոնց է, բայց իրականում այնքան էլ չի օգնում։
Սարսափից ու զզվանքից կաթվածահար գլխում մի միտք է տկտկում. ամառ, արձակուրդ, իսկ հետո ևս մեկ տարի նրա հետ։
Ամբողջ երկու կիսամյակ նրա դասերին չեմ գնալու, իսկ եթե չստացվի ծլկել, կուռքի պես նստելու եմ ու հանկարծ բոլորովին բթանալու։ Նա իրեն ոչնչով չի մատնելու, ինձ հետ վարվելու է այնպես, ինչպես մյուսների։ Ու միայն մի անգամ, երբ շուրջը ոչ ոք չի լինի, աստիճանահարթակում ձեռքիցս կբռնի ու կհարցնի՝ ինչու չեմ գալիս իր դասերին, ու արդյոք ինձ չի նեղացրել։
Կպոկվեմ՝ առանց պատասխանելու։ Այդ դեպքից հետո մեջս վախ կմնա վերելակներից, աստիճաններից ու փակ սենյակներից։

Ուժեղանում է ատելությունը սեփական մարմնիս հանդեպ, որը մարդկանց կարող է մղել միայն «այդ մտքերին»։ Ամառն անցնում է մղձավանջի մեջ։ Մարմինս թաքցնում եմ լայն տաբատների ու ազատ շապիկների մեջ։ Իմ տղա ընկերները չեն հասկանում՝ ինչու եմ սկսել իրենցից խրտնել։ Նույնիսկ ուրիշի մարմնի պատահական ու հպանցիկ հպումը տանջանք է դառնում։ Նույնիսկ ամենամտերիմ մարդկանց գրկելը ծանր պարտք կատարելու պես է։ Միակ թեթևացումը ժամանակ առ ժամանակ հոգիս մարմնից դուրս հրելն է՝ նրան ճամփորդության ուղարկելով։ Որ առանձին գոյություն ունենա։
Շարունակում եմ վստահել միայն մեկ տղամարդու, որին ճանաչում եմ երկար տարիներ, ու որն ավագ, ինձնից շատ ավելի մեծ ընկեր է։ Նա միակ մարդն է, որին շատ եմ ուզում պատմել ինձ հետ պատահածն ու լսել, որ ես մեղավոր չեմ։
Նստած եմ բազմոցին, լսում եմ նրա արկածներով հարուստ կյանքի հերթական պատմությունն ու մտածում, որ աշխարհը քաք չէ, որ «բոլոր տղամարդիկ չեն…», ու որ ես գլուխ կհանեմ։
Մի քանի տարի անց նա ինձ կփակի մի ուրիշ սենյակում ու կպատմի, որ ես միշտ իրեն դուր եմ եկել, ու որ շատ հետաքրքիր եմ՝ և՛ որպես մարդ, և՛ որպես կին։ Ոչինչ, որ ամուսնացած է, ու նրա կինն էլ է ինձ հարազատ. կողքից սիրախաղը միայն ամրացնում է ամուսնությունը, թարմ գույներ ներարկում դրան։ Որ ես գեղեցիկ մարմին ունեմ, ու նա այդ մասին մտածել է մեր առաջին հանդիպումից։ Ու ես այն ժամանակ սարսափով կմտածեմ, որ մեր առաջին հանդիպման պահին ընդամենը տասը տարեկան էի։
Հիշողությանս մեջ հակառակ հերթականությամբ կսլանան այդ տարիները։ Կայծակնային արագությամբ։ Ինչպես ֆիլմերում, երբ հերոսը բարձր տանիքից ցած է թռչում, ու ամբողջ կյանքն անցնում է աչքի առաջ։ Շփում, խոսակցություններ, հպումներ՝ ամեն ինչ կհիշեմ մինչև մանրուքները։ Որքա՜ն կույր էի։
Այդ Հումբերտ Հումբերտի գլուխը ջարդուփշուր անելու ցանկությունը՝ այն էլեկտրական սալօջախին, որի վերևում նա ձեռքերը տաքացնում է՝ այս ամենն ինձ պատմելիս, մի քանի վայրկյան է տևում։ Հետո հոգնածությունն է գալիս։ Երբ արդեն միևնույն է։ Երբ ուզում ես այստեղից կորչել, անհետանալ, պարզապես քնել ու ուրիշ հիշողությամբ արթնանալ։ Կեսից կանգնեցնում եմ նրան, վեր կենում, դանդաղ հագնում բաճկոնս, վերցնում ուսապարկս ու հանգիստ ձայնով պահանջում բացել դուռը։
Նույնքան հանգիստ ասում եմ, որ կնոջը կամ որևէ ուրիշի չեմ պատմի, հանդիպելիս մարդկանց մոտ կբարևեմ, բայց թող չհամարձակվի ինձ անհանգստացնել։ Այդ անտարբեր հանգստությունը նրա վրա ավելի ուժեղ է ազդում, քան ցանկացած արցունք ու ճիչ։ Նա լուռ բացում է դուռը։
Նստում եմ մեքենան ու երկար շրջում գիշերային փողոցներով։ Հոգնածության միջից ուրախություն է երևում։ Որ չկծկվեցի ու չսառեցի պարտադրված վարքականոնների ու տանջալից ամոթի շրջանակներում։ Չշարունակեցի նախկինի պես հիմարաբար ժպտալ, որովհետև ախր նա «ընտանիքի ընկերն» է, որովհետև «ինձ թվացել է» կամ որովհետև «սխալ եմ հասկացել»։ Ես չձևացրի, թե ոչինչ չեմ լսել, ու ամեն ինչ կատակի չվերածեցի։ Վեր կացա ու հեռացա։
Ես այլևս փոքր աղջիկ չեմ։ Հիմա կարողանում եմ ասել «ոչ» ու «ինձ դուր չի գալիս»։ Առանց պատճառները բացատրելու։ Կարողանում եմ շրջվել ու հեռանալ։ Մեջս տրավմաներ մնացե՞լ են։
Այո։ Ֆոբիաների տեսքով, որոնց վրա անընդհատ աշխատում եմ։ Օրինակ՝ մինչև հիմա վառած լույսով եմ քնում։ Երբեմն վախենում եմ փակ տարածքներում գտնվելուց կամ մութ փողոցներով մենակ քայլելուց։ Վախենալու է, երբ քայլում եմ մայթով, իսկ կողքիցս փողոցով դանդաղ մեքենա է գնում։ Նույնիսկ եթե վարորդն ակնհայտորեն կայանելու տեղ է փնտրում, խուճապ է սկսվում։
Ձեր տունը սկանավորում եմ՝ հենց ներս եմ մտնում։ Նույնիսկ եթե դուք տասնչորս տարեկան աղջիկ եք ու տանը ձեզնից բացի ոչ ոք չկա։ Ստուգում եմ՝ պատուհաններին ճաղավանդակ կա՞, հիշում եմ՝ երեք կողպեքներից որով եք փակել դուռը, թեթև լարվում եմ բնակարանների այն հատակագծերից, որոնցում խոհանոցն ու հյուրասենյակը ընդհանուր պատշգամբ են դուրս գալիս։ Ես մշտական լարվածության մեջ չեմ ապրում։ Այս ամենն անում եմ ակնթարթորեն, մեծ մասամբ անգիտակցաբար, տարիներով մշակված սովորությամբ, մինչև կհասցնեմ ինձ արգելել։ Բայց տրավմաների հանդեպ հաղթանակներ էլ կան. օրինակ՝ դադարել եմ գրպաններումս, պայուսակներիս մեջ, մեքենայում ծակող-կտրող առարկաներ պահել։

Դու մեղավոր չես
Մի քանի տարի առաջ սկսեցի ձիերի հետ աշխատել Ուշի գյուղում (Երևանից երեսուն կիլոմետր հեռու)։ Առաջին անգամ գյուղ գնացի հուլիսի վերջին օրը՝ սաստիկ շոգին։ Շապիկ ու շորտ էի հագել։ Ավտոբուսի կանգառից մինչև ախոռ տասնհինգ րոպե քայլելու ճանապարհ էր։
Կանգառի տաղավարում տղամարդիկ փողով թղթախաղ էին խաղում։ Առաջին խանութի մոտ գարեջուր էին խմում ու ծխում։ Մեծ երկհարկանի տան բակում ալարկոտ սղոցում էին ձմեռվա փայտը։
Հանկարծ լռություն տիրեց։ Գյուղը թողեց իր գործերն ու զարմանքով սևեռվեց ինձ։
Մի ամիս անց այն սակավաթիվ կանայք, որոնք ինձ լավ էին վերաբերվում, բարեկամաբար խորհուրդ տվեցին գյուղ գալ ավելի փակ հագուստով։
— Այսքան կարճ միայն մարմնավաճառներն են հագնվում։
— Մենք հո գիտենք, որ դու լավ աղջիկ ես, բայց տղամարդիկ —- համարիր՝ կենդանիներ են։ Նրանց գլխավոր մտածող օրգանն ամենևին էլ գլխում չէ, ու քո շորտը նրանց միայն մի բանի է մղում։
— Մի՞թե կարելի է տղամարդուն մեղադրել իր ցանկությունների ու արարքների համար, երբ նրա առաջ այդ տեսքով ես ման գալիս։ Մի շիշ էլ ձեռքդ վերցնեիր։
Մի խոսքով՝ ստացվում էր, որ, որպես կանոն, կպչում են ու բռնաբարում մինի հագած հարբած պոռնիկներին։
Այսպես ենք պաշտպանվում՝ մեղքը գցելով կնոջ արտաքին տեսքի ու վարքի վրա։ Մենք «լավը» ու «ճիշտը» կլինենք, և մեզ հետ ոչինչ չի պատահի։
Չկա այնպիսի կախարդական փայտիկ, որի շարժումով բոլոր «մոլագարները» կսրբանան կամ կանհետանան երկրի երեսից։ Չկա այնպիսի կին, որն ապահովագրված լինի սխալ ժամանակին սխալ տեղում հայտնվելուց՝ անկախ իր մտավոր, սոցիալական մակարդակից ու վարքից։
Բռնության մեջ մեղավոր է միայն բռնարարը։ Զոհ ընտրելիս նա առաջնորդվում է ոչ թե նրա գրավչությամբ կամ անկաշկանդությամբ, այլ անպատիժ մնալու հաշվարկով։
Բռնարարի ամենագլխավոր պաշտպանությունը զոհի լռությունն է։ Անուղղելին կարող է չպատահել, եթե ծնողներն իրենց փոքրիկ դուստրերին սովորեցնեն իրենց հետ խոսել ցանկացած, ամենանուրբ թեմաներից։ Չվախենալ, որ իրենց չեն հավատա, չեն դիմանա կամ, ընդհակառակը, մեկին կսպանեն։ Ու փոքրիկ գիտակցության մեջ մեղքի զգացում չբնակեցնեն՝ հարցնելով. «Իսկ ինչո՞ւ դա հենց քեզ հետ պատահեց»։
Պատկերացնում եմ՝ որքան սարսափելի է երեխայիցդ լսելը, որ նրան ձեռք են գցել։ Առավել ևս, եթե դա ոչ թե նրբանցքի մի խելագար է եղել, այլ մեկը, որին լավ եք ճանաչում։ Որքան սարսափելի կարող է լինել հասկանալը, որ հետդարձի ճանապարհ չկա, ու պետք է գործել։ Գուցե ուզենաք գլուխներդ ավազի մեջ մտցնել ու խուլ ձևանալ։
Դա ծանր է լինելու, բայց երեխան առանց ձեր վստահության ու պաշտպանության գլուխ չի հանի։
Լավ կլիներ, եթե նման դեպքերում ծնողները դիմեին պրոֆեսիոնալ մանկական հոգեբանի օգնությանը։ Բայց, ցավոք, Հայաստանում չկա մասնագետ, որն աշխատում է սեռական ոտնձգության փոքրիկ զոհերի հետ։
Լավ կլիներ, եթե մարդիկ փոքր տարիքից սովորեին սահմաններ դնել, զգալ ու վստահել իրենց զգացողություններին, չմտածել բառերի ու ձևի վրա և չարդարացնել իրենց «ոչ»-ը։ Ինձ պարզապես դուր չի գալիս։ Ես չեմ ուզում։



