Որպեսզի երազանքներն ապրեն

«Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ քանդեն տաճարներ, որտեղ ամեն վառված մոմը ինչ-որ մեկի երազանքն է»։

Armen Akhmeyan Cover

Արմեն Ախմեյանը 21 տարեկան է։ Նա ապրում է Արմավիրի Երասխահուն գյուղում։ Արմենն ամենակրտսերն է եզդիների կազմավորած առաջին կամավորական ջոկատում, որը մեկնել է պաշտպանելու Արցախը։ Արմենն ու իր ընկերները կես ամիս մնացել են ռազմաճակատում և վերադարձել հոկտեմբերի 15-ին՝ հերթափոխը հաջորդ 15 օրվա համար հանձնելով երկրորդ ջոկատին։ Մի քանի օրից՝ կրկին առաջնագիծ։

Արմենը մտորում է պատերազմի, հայրենիքի հանդեպ սիրո, նվիրականի ու զավեշտալիի, վախերի ու հերոսների մասին։

Շնորհակալություն ենք հայտնում «Եզդիների մարդու իրավունքների կենտրոն» ՀԿ-ին՝ համագործակցության և նյութի ստեղծմանն աջակցելու համար։

Ռազմաճակատ գնալու որոշման մասին

Պատերազմի հենց առաջին օրը ընկերս զոհվեց։ Մենք հասակակիցներ էինք։ Նա ապրում էր Եվրոպայում, բայց որոշեց վերադառնալ հայրենիք ու բանակ գնալ։ Արդեն երկու ամիս ծառայում էր, երբ պատերազմը սկսվեց։ Սեպտեմբերի 27-ին կարդում էի զոհվածների ցուցակը, ու այնտեղ նրա անունն էր՝ Սարգսյան Սարգիս Արմենի։ Արկը դիպել էր նրան, ու այրվել էր։

Անմիջապես որոշեցի կամավորագրվել։ Ինձ երկու անգամ ազատել էին բանակում ծառայելուց. պոլիդակտիլիա ունեմ՝ ոտքերիս 6 մատ։ Երկրորդ անգամ որոշեցի հրաժարվել տարկետումից և երեք տարով պայմանագրային ծառայության գնալ։ Ինձ առաջարկեցին կա՛մ կտրել «ավելորդ» մատները, ինչը չէի ուզում, կա՛մ այդպես գնալ բանակ՝ «կարտոֆիլ մաքրելու»։

Այն ժամանակ հրաժարվեցի, բայց հիմա մտածեցի՝ եթե կռվելու չվերցնեն, կգնամ թեկուզ ճաշ եփելու, թեկուզ վերքերը վիրակապելու. հիմա ամեն տեսակ օգնություն պետք է։ Բայց վերցրին։ Երբ բանակային կոշիկները հագա, ճիշտ է, անհարմար էր, բայց ոչինչ, սովորեցի։

Ծնողների արձագանքի մասին

Երբ իմացա, որ եզդիները կամավորական ջոկատ են կազմում, զանգեցի մեր պատգամավոր Ռուստամ Բաքոյանին ու ասացի, որ ես էլ եմ պատրաստ։ Հավաքվեցի ու գնացի Ակնալիճ գյուղի մեր եզդիական տաճարի մոտ՝ հավաքի («Տաուսե Մալակ և յոթ հրեշտակներ»՝ աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը — Կալեմոն)։

Տանը սկզբում որոշումս լուրջ չընդունեցին։ Երբ հասա Ակնալիճ, մեծերը սկսեցին հարցնել. «Իսկ հայրդ գիտի՞։ Մի զանգի՛ր, խոսենք հետը»։ Զանգեցի պապային, խնդրեցի, որ կամքս չկոտրի։ Պապան չհուսախաբ արեց, հանգիստ ձայնով ասաց. «Ապրե՛ս, տղա՛ս, ես էլ շուտով կգամ, կգրանցվեմ»։ Իսկ երբ տուն վերադարձա, հարցրեց. «Հո լո՞ւրջ չես ասում»։

Ես Ուկրաինայի քաղաքացի եմ։ Հայրս առաջարկեց ինձ այնտեղ ուղարկել, հետո՝ ձյաձյաներիս մոտ՝ Եվրոպա, բայց հրաժարվեցի, ու նա կարծես համակերպվեց։

Սակայն մեկնելուց առաջ՝ վաղ առավոտյան, մաման ու պապան էլի սկսեցին համոզել, որ չգնամ. կարծես պատրաստ էին լաց լինելու. դե, հասկանալի է, ծնողներ են։ Ասացի. «Լավ, էլի կմտածեմ, հիմա մի քիչ դուրս գամ»։ Վերցրի ձեռքիս փոքր պայուսակն ու դուրս եկա։ Մի որոշ ժամանակ անց զանգեցին, հարցնում են. «Որտե՞ղ ես»։ Իսկ ես արդեն տղաների հետ ավտոբուսում եմ։

Իհարկե, այդ 15 օրում շատ անհանգստացան։ Մեր հրամանատար Ռզգանը վերցրել էր հեռախոսները և թույլ չէր տալիս շատ զանգել, որ անօդաչուները մեր տեղը չֆիքսեն։ Երբեմն զանգում էի ծնողներիս, ասում. «Ամեն ինչ լավ է», ու անջատում։ Հետո թուրքերը (Հայաստանում ադրբեջանցիներին հաճախ թուրքեր են անվանում — Կալեմոն) հարվածեցին բջջային կապի աշտարակին, հինգ օրով կապն անջատվեց, ու չգիտես որտեղից մեր ծնողներին լուր հասավ, թե Ռզգանի ամբողջ ջոկատը զոհվել է։ Լավ է՝ ընկերները կարողացան կապվել պատգամավոր Բաքոյանի հետ, ու նա բոլորին հանգստացրեց։

Արմեն Ախմեյան
Լուսանկարը՝ անձնական արխիվից

Նպատակասլացության մասին

Մեր հրամանատարն ինձ «արտիստ» էր ասում։ Որովհետև դերասան եմ։ Սովորել եմ Աբել Աբելյանի անվան արվեստի դպրոցում։ Ինքս եմ ընդունվել, ինքս էլ վճարել եմ ուսմանս համար։

Ընտանիքում կրտսերն եմ, երկու ավագ քույր ունեմ (ամուսնացած են), բայց ինձ երբեք չեն խնամակալել որպես կրտսերի։ Մանկուց ինքս եմ որոշումներ ընդունել։ Օրինակ՝ տնեցիները չգիտեին, որ ընդունվել եմ «Աբելյան»։ Արդեն երկու ամիս դասերի էի գնում Երևան, երբ հայրս հետաքրքրվեց, թե այդ ո՞ւր եմ այդքան հաճախ գնում։ Ասացի՝ սովորում եմ։

Մինչ սովորելը զբաղվում էի սթրիթ վորքաութով՝ մարմնամարզությամբ պտտաձողի վրա։ Մի անգամ մի ձեռքիս դաստակը կոտրեցի, մյուսը՝ հոդախախտ արեցի։ Մինչ սպասում էի, որ ձեռքերս լավանան, ուսման համար փող էի հավաքում, նույնիսկ ծխախոտի վրա չէի ծախսում։

Մանկուց գիտեի, որ ուզում եմ դերասան դառնալ։ Սովորելուց հետո խաղացել եմ Սոս Սարգսյանի անվան թատրոնում, նկարահանվում էի «Իմ կամքից անկախ» գեղարվեստական ֆիլմում։ Նկարահանումներն ընդհատվեցին, երբ քովիդը սկսվեց։ Հուսով եմ՝ կվերսկսենք, երբ պատերազմն ավարտվի։

Նաև սցենարներ եմ գրում։ Քահանաների մասին իմ սցենարով հետաքրքրվել էին Ամերիկայում, ասել էին՝ այնքան լավն է, որ չեն հավատում, թե ես եմ գրել։ Պրոդյուսերներն ուզում էին Հայաստան գալ, բայց կարանտինը սկսվեց։ Ճիշտ է, այնտեղ քահանաներին քննադատում եմ (ժպտում է)։

Արմեն Ախմեյան
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Պատերազմի իրականության մասին

Պատերազմի մասին շատ էի կարդացել, ֆիլմեր նայել։ Բայց իրականությունը բոլորովին ուրիշ է։ Երբ ռազմաճակատ էինք գնում, պատկերացնում էի, որ խրամատներում նստած՝ թուրքերի վրա ենք կրակելու։ Բայց սա «մարդկային» պատերազմ չէ։ Նրանց հետևակն այդպես էլ չհայտնվեց։ Փոխարենը մեզ վրա ամեն տեսակ տեխնիկա էր գալիս՝ հրետանի, անօդաչուներ։

Անօդաչուն սարսափելի զենք է. նույնիսկ 50 մետր հեռավորության վրա բեկորը հարվածային ալիքով կարող է խրվել մարդու մեջ, ու եթե անգամ չի սպանում, սարսափելի վերքեր է պատճառում։

Ձայն ես լսում՝ ահավոր բարձր, հասկանում ես, որ դրոն է, բայց չգիտես՝ երեքից կոնկրետ որը՝ հետախո՞ւյզը, որը նկարահանում է տեղանքը՝ հրետանին ուղղորդելու համար, մարտակա՞նը, որն արկեր է արձակում, թե՞ կամիկաձեն, որը վայր կընկնի ու կպայթի։ Չգիտես՝ կոնկրետ որտեղ կպայթի, բայց հասկանում ես, որ հաջորդ վայրկյանին ընկերներիցդ մեկը կամ հենց դու կարող ես այլևս չլինել։

Այս պատերազմի մեկ ամսվա ընթացքում ևս մեկին կորցրի՝ հարևան գյուղից ընկերոջս, անունը Տիգրան Սահակյան էր։

15 օր ինտերնետ չունեինք, ու ոչ ոք դա չնկատեց։ Քաղաքում բոլորս հեռախոսների մեջ ենք՝ քանի անգամ են լուսանկարդ հավանել, տարածե՞լ են, ընկերներիցդ ով ինչ է հրապարակել։ Իսկ այստեղ ընկերներ են դառնում կողքիդ համազգեստով մարդիկ։

«Կհավանի՞, թե՞ ոչ»-ի փոխարեն՝ «կապրի՞, թե՞ ոչ»։

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Վախի մասին

Ինձ համար վախ չկար։ Մի տեսակ դրա ժամանակը չկար։ Մարդիկ, որոնց դեռ երեկ չէիր ճանաչում, այսօր ընտանիք են դառնում։ Սկսում ես ամեն մեկի համար անհանգստանալ, նրա կյանքի համար վախենալ։ Անհանգստանում ես քեզ ուտելիք բերող տղայի համար։ Մի քիչ ուշանում է, սկսում ես մտածել՝ հո մի բան չի՞ պատահել, հո գնդակոծության տակ չի՞ ընկել։ Այդպիսի բաներ պատահում էին, ու 18-19 տարեկան տղաներ էին զոհվում։ Ուղղակի տանջվելով սպասում ես, որ ողջ հասնի։

Կամ զոհվածի ես տեսնում ու սկսում ես պատկերացնել նրա ընտանիքին։ Ի՞նչ են զգում, արդեն գիտե՞ն, թե՞ հույսով զանգի են սպասում։ Ո՞վ էր նա։ Գուցե միակ որդի՞ն էր։ Գուցե ծնողներն ամեն ինչից իրենց զրկելով են նրան մեծացրել։

Սիրտդ այնպես է ցավում նրանց համար, որ մտածում ես՝ թող թեկուզ հենց հիմա ես զոհվեմ, բայց էլ ոչ ոք, միայն թե պատերազմը կանգնի։

Անօդաչուներ, հրետանային համազարկեր… Մի տեսակ արագ սովորեցի դրանց, վախ չէի զգում։ Միայն մի անգամ մտածեցի՝ ինչի՞ եմ քարշ եկել այստեղ։ Գիշերը ուժեղ անձրև սկսվեց, մինչև շապիկը թրջվել էինք, բայց խարույկ չէինք վառում, որ անօդաչուների ուշադրությունը չգրավենք։ Մեր հրամանատարը գիշերը նույնիսկ ծխախոտ վառել չէր թողնում։ Բոլորս միասին չէինք հավաքվում ու բլինդաժ չէինք մտնում. նրանք հիմնականում թաքստոցներն ու տեխնիկան էին նշանառության տակ վերցնում։ Բայց այ անձրևին սովոր չէի. բանակում չծառայելն իրեն զգացնել տվեց (ծիծաղում է)։

Պատերազմում շատ բան է կախված հրամանատարներից, իսկ մեր բանակում նրանք իրոք լավն են։ Մեր հրամանատար Ռզգանն առանձնահատուկ մարդ է։ Նա կռվել է Ղարաբաղյան առաջին պատերազմում։ Մենք 42 տղամարդ էինք (չորս հայ, մնացածը՝ եզդի), գումարած բուժքույր Դիլբարը, բոլորը՝ 25-ից 60 տարեկան, և բոլորս նրա հետևից կգնայինք՝ ուր էլ հրամայեր։

Արմեն Ախմեյան
Լուսանկարը՝ անձնական արխիվից

Հերոսների մասին

Մեզ մոտ մոտ 26 տարեկան մի տղա կար՝ փոքր-մոքր, նիհարիկ, բոլորովին ոչ «կռվող» տեսակի. անընդհատ մտածում էի՝ ընդհանրապես ինչո՞ւ է այստեղ եկել։ Մեր ջոկատի կեսն առանձնացավ ու մի քանի օր անցկացրեց առաջնագծում՝ օգնելով կասեցնել հարձակումը։ Մարտից հետո երեք զոհ ունեինք և մեկ վիրավոր՝ ուրիշ ջոկատից։

Ադրբեջանցիները, եթե երկուսով են, ու մեկի ոտքին կրակում են, մյուսը շրջվում ու փախչում է՝ միայն թե իր կյանքը փրկի։ Բայց մեր տղաները, այդ թվում՝ այդ տղան, որոշեցին դուրս բերել և՛ վիրավորին, և՛ մարմինները։ Տարածքն ադրբեջանական գնդակոծության տակ էր, նրանք հանգիստ կարող էին զոհվել, մարմիններն էլ միևնույն է արդեն մեռած էին, բայց չէ՛, նույնիսկ մեր զոհվածներին չի կարելի թշնամուն թողնել։ Չէ՞ որ նրանք ծնողներ ունեն. ողջ չդիմավորեցին, թող գոնե մարդավարի թաղեն։

Այդ տղաներն են ինձ համար հերոսներ։

Արմեն Ախմեյան
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Հայրենիքի մասին

Մարդիկ կան, որ ասում են՝ հողերը տվեք, թող մեր արյունն այլևս չթափվի։ Բայց այդպես ասողները չեն հասկանում, որ նրանց Արցախը չէ պետք։ Արցախը կորցնենք՝ Հայաստանը կկորցնենք, կդադարենք լինել։

Այս հողերը պաշտպանելիս այնքան մարդ է զոհվել։ Ինչպե՞ս կարելի է թշնամուն տալ հողը, որը նրանց արյունն է պահում։

Երբ մտածում եմ հայրենիքը պաշտպանելու մասին, աչքիս առաջ առաջին հերթին մեր տաճարներն են գալիս, եկեղեցիները, մեր սրբավայրերը, որոնք նրանք ոչնչացնում էին։ Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ քանդեն տաճարներ, որտեղ ամեն վառված մոմը ինչ-որ մեկի երազանքն է։

Առաջին օրը, երբ դիրքեր բարձրացանք, այնտեղ մարտական տեխնիկայով մի ԶԻԼ էր կանգնած։ Արկը դիպավ դրան, ու այրվեց։ Մոտեցանք ու այրված մեքենայի մեջ ինչ-որ մեկի ոտքը տեսանք։ Պետք է առաջ գնանք, որ այլևս ստիպված չլինենք այս դիակները տեսնել։ Ամեն զոհված ինչ-որ մեկի տան ճրագն էր, ինչ-որ մեկի հույսը։ Պետք է առաջ գնանք, մինչև պատերազմը վերջնականապես կանգնի, ոչ թե այնպես, որ երկու տարի հետո հեռուստացույցով տեսնենք, թե ադրբեջանցիները նորից հարձակվել են մեզ վրա։

Բոլորս խաղաղություն ենք ուզում։ Բայց կարծում եմ՝ պատերազմները չեն ավարտվի, մինչև երեք տարեկան երեխային չդադարեն ներշնչել, որ նա պետք է մեծանա ու մարդասպան դառնա։ Մենք մեր երեխաների մեջ ատելություն չենք աճեցնում։ Մենք սպանում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ վրա հարձակվում են։

Բայց եթե արդեն զենք ենք վերցնում, մեր մարտական ոգին ու փոխաջակցությունն այնպիսին են, որ քիչ չի թվա։ Հանգստի հազվադեպ պահերին պատահում էր՝ երգեր էինք երգում, մեր տների մասին պատմում, հարազատներին ու ընկերներին կարոտում, մտածում՝ երանի շուտ տուն վերադառնանք։ Հիմա վերադարձել ենք ու տեղներս չենք գտնում, ձգտում ենք հետ գնալ։

Անընդհատ մտածում ես՝ իսկ մերոնք այնտեղ ո՞նց են։ Գուցե հետևակն արդեն հարձակվե՞լ է։ Եթե այո, լավ կլիներ, որ մենք էլ այնտեղ լինեինք։ Ինչքան շատ, այնքան լավ։

Արմեն Ախմեյան
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Զավեշտալիի մասին

Մի առավոտ շատ ցուրտ էր, ու որոշեցի երկրորդ տաբատ հագնել։ Մի փողքը քաշեցի, ու հանկարծ՝ բա՛մ, կողքներս արկ ընկավ։ Վազեցինք, մի ձեռքով տաբատի փողքն էի պահում, ահավոր անհարմար էր ու կողքից երևի շատ ծիծաղելի։

***

Ադրբեջանցիները թվիթերում գրել էին, որ հայերի կողմից սիրիացի վարձկաններ են կռվում, ու որպես ապացույց մեր ջոկատի լուսանկարն էին տեղադրել։ Հիմա մազերս կտրել եմ, սափրվել, բայց նայում եմ լուսանկարում իմ ու ընկերներիս երկար մազերին, մորուքներին՝ իսկական մոջահեդներ։

***

Հետս ծխախոտ էի վերցրել, սանր, օծանելիք ու հակաքրտինքային միջոց։ Տղաները ծիծաղում էին վրաս՝ ի՞նչ է, եկել ես կինո՞ նկարահանվելու։ Թե՞ մտածում ես՝ թուրքը կմոտենա, կհոտոտի ու կասի. «Ի՜նչ բուրմունք։ Սրան չեմ սպանի»։

***

Մեզ մոտ մի տղա կար, որ տեսողության խնդիրներ ուներ։ Մի գիշեր էլ մռայլ էր, մութ, դիմացդ ոչինչ չէր երևում։ Մոտենում ես պահակին, նշանաբառեր եք փոխանակում։ Նշանաբառը չի ասում՝ ուրեմն թշնամի է, կրակել։

Ու ահա մեր ընկերը պահակության է կանգնած, ոտնաձայներ է լսում։ Նշանաբառն է պահանջում, իսկ ի պատասխան՝ լռություն։ Կրկնում է կանչը, նորից լռություն։ Ավտոմատը բարձրացնում ու կրակում է։ Եվ ավտոմատի կրակի փայլի տակ տեսնում է, որ դիմացը ցուլ է կանգնած։ Դե ցուլն ի՞նչ իմանա նշանաբառը։

Նրա կրակոցից վեր թռանք։ Մեր մեջ մի մարդ կար, որին ծանուցագիր էր եկել, եկել էր, բայց միևնույն է ահավոր վախենում էր։ Նորմալ է, այդպես էլ է լինում։ Երբ կրակոցը լսեցինք, նա հուսահատ գոռաց. «Գիտեի՛, որ իրարանցում է լինելու»։ Բոլորը սկսեցին ծիծաղել ու արդեն տեղից չէին կարողանում շարժվել. բա պատերազմի ժամանակ ի՞նչ էիր սպասում։

Իսկ ցուլն անվնաս հեռացավ։ Մեծ էր, պարարտ։ Այնտեղ շատ ընտանի կենդանիներ էին թափառում՝ ոչխարներ, կովեր, հավեր, ձիեր։ Ուղղակի իրենց համար շրջում էին, մեկը խոտ էր ծամում, մյուսը՝ հատիկ կտցում։ Շատ էի անհանգստանում նրանց համար։ Մտածում էի՝ երանի արկը չդիպչի նրանց։ Շատ մարդիկ վարկ էին վերցրել, որ գնեին նրանց, մարդկանց համար էի ցավում։ Թող ողջ ու առողջ լինեն, երբ տերերը վերադառնան։ Իսկ նրանք անպայման կվերադառնան։