Ոչ այսօր

Կյանքի առաջին իսկ տարիներից նա հրաժարվում էր կռվել շնամարտերում։ Ութ տարեկանում վարակվեց ժանտախտի նյարդային ձևով։ «Վաղուց էր պետք»,— որոշեցին տերերն ու անպետք շանը փողոց հանեցին։ Բայց Բասսիտը դողացող ոտքերով մի կերպ հասավ ճիշտ բակն ու իր համար նոր կյանք ընտրեց։ Եվ երկար ու զարմանալի ապրեց այդ կյանքը։

Не-Сегодня

Լեհաստանում անցկացվող դասընթացների շրջանակում մի ապաստարանում եղա՝ ընդարձակ, գեղեցիկ, լիքը կամավորներով ու տուն փնտրող շներով։ Այնտեղ ծերության պատճառով չէին քնեցնում, այլ մինչև վերջ փորձում էին տեր գտնել։ Բայց եթե նրանց մոտ հղի շուն էր հայտնվում, թողնում էին, որ ծննդաբերի, հետո ձագերին սպանում էին։ Որովհետև, ի պատասխան սարսափից լայն բացված աչքերիս, բացատրեց տնօրենը, ձագերին ավելի մեծ սիրով են վերցնում, և նրանք չափահաս շների հնարավորությունն են խլում։ Իսկ երբ ապաստարան ես ղեկավարում, մասնագիտական որակներդ երբեմն պետք է գերակշռեն անձնական ապրումներիդ, և պետք է որոշումներ ընդունես՝ ելնելով բոլոր շների ընդհանուր բարօրությունից։

Բասսիտը դժվարակայաց ընտրությունների, վա-բանկերի ու խոշոր շահումների մի շղթա է։ Բասսիտին բազմիցս փրկելը հաճախ ի վնաս «Կենտավրի» մյուս բնակիչների էր. նրա համար ուժ ու միջոցներ էինք նետում, որոնցով կարելի էր մի քանի տասնյակ ուրիշ, ավելի երիտասարդ շների փրկել։ Ապաստարանի բոլոր օրենքներով՝ նրան առնվազն երկու անգամ պետք է քնեցրած լինեինք։

Ստացվում է՝ Բասիտը փրկվում ու այսքան երկար ապրում էր մեր՝ որպես ապաստարանի ղեկավարների հրաշալի ոչ պրոֆեսիոնալ լինելու շնորհիվ։

Բասսիտը-դաշտում

Ութ տարի առաջ

Ձիուն տուն եմ տանում

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ փողոցում Տիկային հանդիպեցի։ Ես ու Գոլֆը փրկարարական գործերից հազվադեպ պատահող ազատ օր ունեինք։ Ես նույնիսկ «շնային» ջինսերիս փոխարեն կարճ կիսաշրջազգեստ էի հագել, իսկ Գոլֆը լվացվել էր։ Որպեսզի բոլոր շներն ու կատուները միանգամից հասկանային. այսօր մեքենաների տակ չնետվել ու մեր առջև պղտոր աչքերով կամ սարսափելի վերքերով քարշ չգալ։

Մեքենային թողնելով կայանատեղիում հանգստանալու՝ քայլում էի փողոցով ու ժպտում փետրվարյան արևոտ սառնամանիքին ու անցորդներին։ Հանկարծ ժպիտս սայթաքեց Տիկայի դեմքին։ Այն տխուր էր։ Ժպիտս քարացավ։ Տխուր Տիկայի մեջ միշտ սպառնալիք էր թաքնված՝ հիվանդ, մեռնող, դժբախտ մի շան տեսքով, որին պետք էր անհապաղ փրկել։

Վախերս հաստատվեցին։ Հսկայական գայլախեղդ, հյուծված, անընդհատ գլուխն է թափահարում։ Ոչ մի տաքսիստ նրան չի վերցնում, մինչդեռ ընդամենը պետք է հասցնել մի անասնաբույժի մոտ։ Նա համաձայնել էր զննել շանն ու մի քանի օր պահել կլինիկայում, մինչև նրա համար մի տեղ կգտնվեր։

— Շատ ցավալի է, բայց ես էլ շտապում եմ,— բացեցի բերանս, որ ասեմ։ — Դե, եթե միայն մինչև անասնաբույժը…,— լեզուս ուղեղիցս առաջ ընկավ։

Արդեն մթնել էր, երբ կայանեցինք Էդիտայի՝ շանը գտած աղջկա տան բակում։ Մեքենայից դուրս եկա, ու վրաս ցատկեց մի փոքրիկ ձի և ուրախ դունչը քսեց դեմքիս։ Որն իրականում հսկայական շուն դուրս եկավ։

«Տեսա նրան ու կորա»,— երգում էր Վիսոցկին։

— Մինչև անասնաբույժը կտանեմ ու անմիջապես կգնամ,— հիշեցրի մեքենայում։ Երկու անգամ։ Որպեսզի վստահ լինեմ, որ հաստատ բոլորը հասկացան։ Ես էլ։

Նիհարիկ Տիկան սեղմվում է նստատեղին, դրանից է՛լ ավելի փոքրանում ու հնազանդ գլխով անում։ Սակայն աչքերը չեն կարող թաքցնել գոհունակ ժպիտը։ Ծխախոտ է հանում, սխալ հասկանում իր վրա նետած խիստ հայացքս ու շտապ ծխախոտը հետ խցկում։

Շունը հազիվ է տեղավորվում Ֆոլքսվագենի ընդարձակ բեռնախցիկում։ Լեզուն դուրս է հանել ու գլուխը թափահարում է չինական գլխով անող տիկնիկի պես։ Նրա բարձրաձայն ու քթախռխռոցով շնչառությունից մեքենան թեթևակի ճոճվում է։

Հետին տեսադիտակի մեջ նայում եմ նրան ու մտածում, որ երբեք այսքան հսկայական շուն չեմ տեսել։ Եվ այսքան կատարյալ։ Եվ որ մեզ մոտ առանց այդ էլ չափից շատ շներ կան, ու նորը՝ ո-չ-մ-ի-դ-ե-պ-ք-ո-ւ-մ։ Տեղ էլ չկա. բոլոր ազատավանդակները զբաղված են։

«Ժանտախտի նյարդային ձևն է, առանց թեստի էլ պարզ է»,— դեռ միջանցքում ախտորոշեց անասնաբույժը։ Եվ հրաժարվեց շանը կլինիկայում պահել ոչ միայն մի քանի օր, այլև նույնիսկ մի քանի րոպե։ Շունը մոտ ութ տարեկան է, նրա հետ շփումը մյուս շների համար վտանգավոր է, վիճակը բարձիթողի է, ու ապրելու հավանականությունը մեծ չէ՝ ի տարբերություն դեղերի ծախսերի, և բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նրան քնեցնեն։

— Գիշերը նրա հետ փողոցում կանցկացնեմ, իսկ առավոտյան մի բան կմտածենք,— կամաց ասաց Տիկան։

Չէի կասկածում, որ հենց այդպես էլ կանի։ Փետրվարին։ Տուն տանել չէր կարող. Տիկայի մոտ ապրում է շարպեյ Բլեքին՝ մի շուն, որն աշխարհի ամեն ինչից ալերգիա ունի։

— Ոչ։ Ես նրան վերցնում եմ,— էլի ելույթ ունեցավ լեզուս, հենց որ պատրաստվեցի մտածել, թե ում կարելի է սաղացնել վտանգավոր շանը։

Բասսիտն-ու-Աննան

Աննան արդարացիորեն վրդովվում է

Շան անունը մտածում էինք Աննա Ժամխարյանի հետ միասին։ Եթե ձեզ հետաքրքիր է, թե «Կենտավրում» ոնց այսքան շուն հավաքվեց, ապա ահա՝ հենց այստեղից էլ հավաքվեց։

— Հաս, բարև, զբաղվա՞ծ ես,— հեռախոսից հնչում էր Աննայի ձայնը, ու ես լարված կուլ էի տալիս թուքս։ — Մի շուն է պետք Ա կետից Բ կետ տանել, մեքենա չեմ գտնում, կօգնե՞ս։ Միայն տանել, ու վերջ։

Ու թեև այդպիսի հինգ շնից չորսը ինձ համար անհասկանալի կերպով Բ կետի փոխարեն Ուշիում էին հայտնվում — ընդ որում՝ ես ի՛նքս էի առաջարկում դա — այդպես էլ ոչ մի անգամ չկարողացա այս կնոջը «ոչ» ասել։ Հանուն արդարության պետք է նշել, որ այդ բոլոր «ժամանակավորների» սննդի կամ բժշկական ծախսերի մասին երբեք մտահոգվելու կարիք չեմ ունեցել. Աննան ամեն տեղից փող ճարելու հազվագյուտ ունակություն ուներ։

Մի անգամ, օրինակ, կոտրված թաթով մի շան վիրահատության համար վճարեցինք՝ մաքրելով Աննայի պատշգամբն ու հանձնելով գարեջրի շշերը, որոնց պարունակությունը նա ու ամուսինը խմել էին վերջին մի քանի տարվա ընթացքում։ Մի ուրիշ անգամ Աննայի հավատարիմ շքախումբը՝ ի դեմս ինձ, Աննա Վարդանյանի ու Տիկայի, ընկճված կանգնած էր անասնաբույժի սեղանի մոտ՝ էնտերիտով հիվանդ, մի-թաթն-արդեն-գերեզմանում չորս ձագի հետ։ Անասնաբույժի նշած գումարի ծանրության տակ գլուխներս կախել էինք, ու մեզնից առնվազն մեկը թաքուն հույս ուներ, որ գոնե սրանց Աննան կքնեցնի, բայց չէ՛։ Նա արքայական շարժումով դաստակից արձակեց ոսկե բարակ ապարանջանն ու հրամայեց վազել մոտակա գրավատունը։

Բայց այսօր Աննան կատաղած էր իմ «անփույթ ու անպատասխանատու» արարքի պատճառով։ Նրա տանը նստած, վեցերորդ գավաթ թեյը խմելով՝ հնազանդ սպասում էի հարմար պահի, որ հարցնեմ՝ ի՞նչ է մտածում Վաբի-Մանիդո (Սպիտակ ոգի) անվան մասին։ Շատ էի ուզում շանը հնդկացիական անուն տալ։

— Հասկանո՞ւմ ես,— այդ ընթացքում որոտում էր Աննան՝ ծխախոտը ծխախոտի հետևից վառելով,— դու մոտ հարյուր շուն ունես («Ընդամենը տասը»,— ուղղեցի ես, բայց Օստապն արդեն թափ էր առել)։ Սրան որտե՞ղ ես պահելու, որ մյուսների հետ չշփվի։ Բա որ այս մի շան պատճառով բոլորի՞ն կորցնես։ Ինչո՞վ էիք մտածում՝ թե՛ դու, թե՛ Տիկան։ Փրկել պետք է խելքով, ոչ թե ի վնաս մյուսների։

Ըստ էության՝ նա ճիշտ էր։ Ժանտախտը ամենավտանգավոր վիրուսային հիվանդություններից մեկն է, իսկ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը՝ ժանտախտի ամենածանր ձևը։ Վիրուսը մի շնից մյուսին փոխանցվում է մեզի, արյան կամ թքի հետ անմիջական շփման միջոցով, այսինքն՝ շունը կարող է վարակվել գրեթե ամեն ինչից։ Մահացու ելքի հավանականությունը, հատկապես չպատվաստված շների համար, շատ մեծ է։

Մեր շները պատվաստված չէին։ Նրանց մոտ արդեն բավական ուժեղ բնական իմունիտետ էր զարգացել, նրանց մեջ ձագեր չկային, բայց, միևնույն է, ժանտախտը ժանտախտ է։ Մյուս կողմից՝ նույնիսկ եթե շունն ապրեր, կարող էին բարդություններ առաջանալ՝ տեսողության կամ լսողության կորուստ, շարժումների կոորդինացիայի խանգարում, վարքագծի փոփոխություն, էպիլեպտիկ նոպաներ։ Իհարկե, պետք էր կշռադատել բոլոր կողմ ու դեմ փաստարկներն ու մտածել հնարավոր հետևանքների մասին։ Բայց Աննայի համար հեշտ էր խոսելը. նա շանը չէր տեսել։

— Ուրեմն ի՞նչ ես առաջարկում,— հարցրի ես։ — Ուրիշ ոչ ոք նրան չի վերցնում։

— Քնեցնել,— կտրեց Աննան։

Ձևացրի, թե հավատացի, ու խիստ վրդովվեցի։ Աննայից պետք էր խնամքով թաքցնել, որ տեղյակ ես նրա անսահման բարությանն ու զգայունությանը։ Աննան քիչ էր մնում անասնաբույժից պահանջեր վերակենդանացնել մի շան, որն արդեն մի քանի ժամ էր՝ մեռած էր, էլ ուր մնաց ինքն ընդուներ քնեցնելու որոշումը։

Կեսգիշերին նա հանդարտվեց, իսկ շունն անուն ստացավ։ Ոչ թե հնդկացիական, այլ արամեական (Աննայի ամուսինն ասորի է, ու նա արամեերեն է խոսում)՝ Բասսիտ։ Որը նշանակում էր վստահող ու թեթև։ Որպեսզի բուժումը թեթև անցնի, ու շունը շուտ լավանա։

Փիղը բնակություն հաստատեց սպասքի խանութում

Մեր բոլոր տասը շները ցերեկներն ազատ վազվզում էին, իսկ գիշերները փակվում ձիերից դատարկ մնացած երեք ախոռաբաժիններում։

Մենք ինքներս՝ թերապևտներս ու մարզիչներս, գիշերում էինք թրեյլերում, ավելի ճիշտ՝ Կարմիր խաչի մեքենայի 2.5 x 1.5 մետր չափերով կցորդում։ Թիթեղապատ, բաց յասամանագույն ներկված երկու պատի երկայնքով նեղլիկ թախտեր էին ամրացված, իսկ դրանց միջև՝ երրորդ պատի ամբողջ երկայնքով, պահարաններ էին ձգվում։

Այս «սենյակիկը» Բասսիտի տունն էր դառնալու առաջիկա մի քանի… ոչ ոք չգիտեր՝ շաբաթների՞, թե՞ ամիսների համար։ Ոչ մի երաշխիք չկար, որ Բասսիտն ընդհանրապես դուրս կգա այդ վիճակից։

Ամբողջ օրը նրա ձգված նիհար մարմինը թախտին փռված կիսաքուն էր։ Աշխուժանում էր միայն կերակրվելու ու անհամար սրսկումների ժամերին։ Բասսիտը մի թափով մարմնի վերին մասը գցում էր հատակին, ուր դնում էին մսով ու բրնձով թասը, հետևի ոտքերը մնում էին թախտին, ու ագահորեն կուլ տալիս կերը։

Երբ Բասսիտը պառկելուց ձանձրանում էր ու իր փոքրիկ տան մեջ «տեղաշարժվում», դարակներից բաժակներ էին ընկնում, իսկ կախիչներից հագուստ էր թռչում։ Բայց Բասսիտը նույնիսկ կոտրվող գավաթի ձայնից չէր շրջվում. բրիտանական թագուհու գվարդիականին վայել զսպվածություն ու սառնասրտություն։

Մեր տնակի պատերն ընդհանրապես մեկուսացում չունեին։ Գիշերները անվտանգության նկատառումներից ելնելով անջատում էինք պարույրով էլեկտրասալիկը, որով տաքացնում էինք տնակը, ու պատահում էր՝ առավոտյան ապակե սափորի ջուրը սառչում էր, իսկ վերմակի տակից դուրս մնացած գլուխդ ցրտից ցավում էր։ Հիմա արդեն կարելի էր թախտին Բասսիտի կողքին մի կերպ տեղավորվել, գրկել նրան ու տաքուկ քնել։ Կարևորը պատից բռնվելն էր, որ նեղ թախտից չընկնես։

Օրը երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան, բոլոր շներին փակում էինք, մեկուկես մետրանոց շանը գրկած տանում մեր տարածքից հեռու ու վզափոկով զբոսանքի հանում։ Բասսիտը դանդաղ էր շարժվում, օրորվում ու անընդհատ գլուխը թափահարում։

Ուշի գյուղում մինչև ծնկները ձյուն էր կուտակվել։ Բասսիտը աղմուկով, հետաքրքրությամբ ներս էր քաշում ձիերի անսովոր հոտը, վայելում այն, ինչից քթանցքները լայնանում էին, իսկ վերին շուրթը ծիծաղելի վերուվար էր անում, ընտելանում ու նույն աղմուկով օդը դուրս թողնում։ Թավալվում էր, բերանով ձյուն բռնում՝ մի մասը կուլ տալով, մյուս մասը դուրս թքելով, փորձում էր պոչը բռնել ու թուլությունից ընկնում։ Ժամանակ առ ժամանակ ձախ հետևի ոտքն էր ցնցվում, կամ ամբողջ օրը փսխում էր։ Եվ անընդհատ գլուխն էր թափահարում։

Մի օր Բասսիտն ընկավ։ Սովորականի պես վազվզում էր՝ բերանը ձյուն լցնելով, բայց հանկարծ կանգնեց, երերաց ու ընկավ։ Մի քանի վայրկյան ջղաձգվեց, հետո անվստահ ոտքի կանգնեց ու չհասկացող հայացքով նայեց քարացած մեզ։

Մեկ ժամ անց Բասսիտն արդեն պառկած էր կլինիկայի հատակին, ու անասնաբույժը փորձում էր նրանից արյուն վերցնել։ Ինչը այնքան էլ հեշտ չէր։ Ասեղը տեսնելիս Բասսիտի երակները «թաքնվում» էին, իսկ ինքը, դեռ կես ժամ առաջ թուլացած, չգիտես որտեղից հայտնված ուժով դիմադրում էր անասնաբույժին։

Վերջապես հաջողվեց արյունը հավաքել փորձանոթի մեջ։ Անասնաբույժը թեթևացած շունչ քաշեց, վերցրեց կափարիչը, բայց հենց այդ պահին փորձանոթը ձեռքից դուրս թռավ, ու Բասսիտի արյունը շատրվանի պես բոլոր կողմերը ցայտեց։ Ստիպված եղանք ամեն ինչ նորից կրկնել։ Պետք էր շտապել. լաբորատորիան փակվում էր։

Փակվելուց տասը րոպե առաջ ներխուժեցի ընդունարան ու շնչահեղձ գոռացի.
— Արյուն կվերցնե՞ք։

Ընդունարանում գտնվող երկու կանայք սարսափած նայեցին ինձ։ Միայն այդ ժամանակ նկատեցի, որ բաց գույնի բլուզս ամբողջովին Բասսիտի արյունով է ցողված։

Բասսիտը որոշում է ապրել

Հերթական հետազոտությունը ցույց տվեց, որ ժանտախտը, այնուամենայնիվ, Բասսիտին պարգևել էր անեմիա, վնասված լյարդ ու սիրտ, ամբողջովին քայքայված մի թոք, ու մյուսը՝ կիսով չափ աշխատող։

Հաբերի ու սրվակների թիվն ավելացավ։ Որոշակի ժամերի, խստորեն ըստ հրահանգի։ Դեղնավուն կամ ալ կարմիր հեղուկով ներարկիչը տեսնելիս Բասսիտը խոտերի մեջ ցատկոտող հսկայական մորեխ էր ձևանում։ Նրա շնորհիվ տեգ նետելու մեջ վարժվեցինք. հաճախ ներարկիչը բառացիորեն պետք էր նետել նրա ոսկրոտ ազդրի վերին մասի մեջ։

Բասսիտի թաթին կաթետեր կար, որով դեղը երակի մեջ էր լցվում։ Բասսիտը մեկը կրծելով հանում էր, ու օրը մեջ պետք էր նրան կլինիկա տանել՝ նորը դնելու։ Ամեն անգամ ամեն տեսակ համոզելով ու սպառնալով հաղթահարելով նրա հակակրանքը մեքենայի նկատմամբ։ Փղիկին կլինիկայում թողնել հնարավոր չէր. տեղը չէր հերիքի։

Գիշերները ականջ էինք դնում նրա շնչառությանը։ Զարկերակն էինք հաշվում, լարված նայում փակ աչքերին, մինչև խեղճը մեր կպչուն ուշադրությունից արթնանում էր։ Նետվում էինք նրա մոտ, հենց որ Բասսիտը սկսում էր խոտերի վրա թավալվել, չափազանց արագ ուտել կամ, հակառակը, չափազանց դանդաղ, իրեն չափից շատ հանգիստ կամ կասկածելի անհանգիստ պահել։ Կոլապսները կրկնվում էին երեք օրը մեկ։ Ամեն գիշեր կարող էր կյանքի ևս մեկ օր բերել կամ վերջինը դառնալ։

Շունչ քաշեցինք միայն վեց ամիս անց. անասնաբույժը հայտարարեց Բասսիտի կյանքի համար պայքարի ավարտը. ժանտախտի նյարդային ձևը հանձնվել էր։ Հետագա յուրաքանչյուր տարի նա պետք է լիարժեք հետազոտություն անցներ, բայց նրա կյանքին այլևս ոչինչ չէր սպառնում։ Բասսիտը տնակից տեղափոխվեց ախոռ։

Բասիտը հանդիպում է իր կյանքի սիրուն

Բասսիտը բոլոր շների հետ հաշտ էր։ Ավելի ճիշտ՝ անտարբեր էր նրանց նկատմամբ։ Մեր ծերիկ սենյակային շնիկ Քեթթին, որը նույնպես շներին առանձնապես չէր սիրում, Բասսիտի հանդեպ կրքոտ սիրով բռնկվեց. ամեն տեղ հետևից քայլում էր ու թմբլիկ ոտքերի վրա ցատկոտում՝ ջանալով դունչը լիզել։ Բասսիտն արժանապատվորեն ընդունում էր պաշտամունքն ու նույնիսկ ինքն էր համակրանք դրսևորում Քեթթիի հանդեպ. երբեմն երկար հոտոտում էր նրան։ Բայց նրանց գործը դրանից այն կողմ չգնաց։

Մեգգին մեզ մոտ հայտնվեց ձմեռային նույնպիսի ձյունառատ մի օր, ինչպիսին Բասսիտը՝ մեկ տարի առաջ։ Կովկասյան հովվաշան մոտ արգանդի արտանկում էր եղել. կամավորների հավաքած գումարով նրան վիրահատել էին, իսկ տիրոջը զգուշացրել, որ այսուհետ նա կարող է ծննդաբերել միայն կեսարյան հատումով։ Տերը, դատելով, որ վաճառքի համար սերունդ ապահովող ևս երկու առողջ էգ ունի, ու գնահատելով կեսարյանի ծախսերը, հրաժարվել էր նրանից։

Մեգգիին վերցնելու գնացինք ես ու Աննան։ Որովհետև «Շունը մեծ է, ու էլ մարդ չկա։ Թող Ուշիում մնա, իսկ մենք արագ նրա համար տեր կգտնենք»։

Նեղ, սառցակալած ճանապարհով իջնում էինք ձորը։ Աննան ոտքերը դրել էր ձեռնոցների խցիկին, ինչպես սիրում էր անել, ծխում ու հայհոյում էր Մեգգիի տիրոջը։ Մեքենան սահում էր ձորի գլխին, անվադողերը ձմեռային էին, բայց ոչ առաջին թարմության, ես վախենում էի ու ատում բոլորին՝ և՛ Մեգգիին, և՛ տիրոջը, և՛ Աննային։

— Արգելակները չեն պահում,— դողացող ձայնով ատամներիս արանքից ասացի ես։

— Դու կկարողանաս,— նույնիսկ իմ կողմը չնայելով՝ հանգիստ ասաց Աննան՝ նախորդ ծխախոտից հաջորդը վառելով։ Եվ կարողացա. էլ ի՞նչ անեի։

Շան անունն իրականում Մեգա էր։ Տերը նրան նստեցրեց հետևի նստատեղին, կողքին մի կտոր շոր դրեց, հուզված ասաց, որ շորն իր ազատավանդակից է, որ շունը շատ չնյարդայնանա, պատվիրեց, որ լավ խնամենք նրան, որովհետև հրաշք շուն է։ Ի բախտ նրա՝ Աննան արդեն նստել էր մեքենան ու այդ խոսքերը չէր լսում։

Շրջվելու համար հետ տալով՝ հետին տեսադիտակի մեջ տեսա Մեգայի աչքերը. այն թախիծը, որով նա հայացքով ուղեկցում էր հեռացող տղամարդուն, սիրտս ճմլեց։ Քեզ համար ամենալավ տերը կգտնենք, աղջիկս։

Դեռ ճանապարհին նրա անունը փոխեցի՝ Մեգգի։ «Փշերի մեջ երգողները» ստեղծագործության հերոսուհու պատվին։ Մի քանի օր անց Բասսիտը Մեգգիին թաթն ու սիրտն առաջարկեց, ինչպես ասում էր մեր մարզիչը, և նա համաձայնեց։ Մեգգին մոռացավ իր տիրոջը, իսկ նորին փնտրելու մասին, բնականաբար, այլևս ոչ ոք չէր էլ մտածում։

Մեգգին Բասսիտից կարճ էր, բայց ավելի լայն։ Մեր ախոռի կողքով ամեն օր կովերին արոտ տանող հովիվը գյուղում լուր էր տարածել, թե մենք ձանձրույթից մեզ համար առյուծ ենք պահում։ Մեգգին իսկապես էգ առյուծի էր նման՝ և՛ շիկավուն գույնով, և՛ հզոր կրծքով, և՛ նույնիսկ քայլվածքով։ Նրա աչքերի մեջ ինչ-որ անկախ-անվախ բան կար, որից երբեմն անհարմար էիր զգում։

Երբ կոլապսից հետո ուժասպառ Բասսիտը պառկած հանգստանում ու ուշքի էր գալիս, Մեգգին լուռ պառկում էր կողքին ու լիզում կաթետերի հետքերով թաթը։ Նրանք միշտ միասին էին։ Հենց որ Բասսիտը մի քիչ հեռանում էր, Մեգգին սկսում էր անհանգիստ աչքերով փնտրել նրան։

Մի անգամ հերթական նոպայից հետո ուշքի եկող Բասսիտի վրա հարձակվեց չգիտես որտեղից հայտնված մի դեղին գամփռ։ Երիտասարդ, ուժեղ շունը Բասսիտին գետնին տապալեց ու սկսեց ատամներով բզկտել նրան։ Մեգգին մի ցատկով նետվեց գամփռի վրա, նրան գետնին գցեց ու ամբողջ ծանրությամբ սեղմեց կոկորդը։ Երբ վազելով հասանք նրանց մոտ, գամփռն արդեն չէր շնչում։ Մեգգիի սաթագույն աչքերում տիրոջը հնազանդվելու պատրաստակամություն կար, բայց և զղջման բացարձակ բացակայություն ու Բասսիտին այսուհետ ևս պաշտպանելու լիակատար վճռականություն։

Երբ Բասսիտն ուժեղացավ, Մեգգին դադարեց նրան պաշտպանել, ընդհակառակը՝ ասես տեղավորվեց նրա ուսի տակ, թեթևացած շունչ քաշեց, որ կարելի է մի քիչ եղնիկ-կին լինել՝ քմահաճ ու քնքուշ։ Եթե շներից մեկն իրեն շատ էր ձանձրացնում, տեղից չբարձրանալով՝ կամաց մռնչում էր, ու Բասսիտն անմիջապես վազում էր՝ կպչուն չորքոտանու հարցերը լուծելու։

Բասսիտն-ու-Մեգգին

Բասսիտը թերապևտ է դառնում

Երեխան չէր տեսնում ու գրեթե չէր քայլում։ Ախտորոշումը՝ մանկական ուղեղային կաթված ու աուտիստիկ ախտանիշներ, ստիպված ինքներս դրեցինք. Աստծուն խորապես հավատացող ու բժշկությանը բացարձակ չհավատացող ընտանիքը նրան երբեք բժիշկների չէր տարել։ Ամեն կիրակի երեխային եկեղեցի էին տանում ու աղոթում նրա հրաշքով ապաքինման համար, իսկ վերջին չորս տարիներին մայրը աչքերը մեղրաջրով էր լվանում, «որ տեսնեն»։ Սակայն ձիերի հետ թերապիան փորձելուն մայրը համաձայնեց։

Մարդկանց հանդեպ Բասսիտը նույնքան անտարբեր էր, որքան շների։ Համբերատար թողնում էր, որ շոյեն իրեն, հուզվեն ու հիանան իրենով, բայց ինքը շփման չէր ձգտում։ Մենք նոր ախոռ ու շների ազատավանդակներ էինք կառուցում, իսկ առայժմ գիշերներն ու թերապիայի ժամերին Բասսիտին ու Մեգգիին կապում էինք հսկայական բեռնատարի տակ։

Երեխայի՝ ձիու հետ առաջին պարապմունքի ժամանակ բեռնատարի տակ ննջող Բասսիտը արթնացավ ու ուշադիր նայեց նրան։ Մեքենայի տակից դուրս եկավ, ինչը շոգին երբեք չէր անում։ Պարապմունքի ավարտից հետո սկսեց տղայի կողմը ձգվել ու ձագի պես նվնվալ։

Մայրը խնդրեց թույլ տալ, որ տղան շոյեր շանը։ Երեխան շոշափելով գտավ Բասսիտի գլուխը, շոյեց, թեթևակի սեղմեց ու ծիծաղեց։ Ձայնով։ Խոսքային հմտությունների պակասը աուտիզմի գլխավոր ախտանիշներից մեկն է։ Երբեմն դա արտահայտվում է հույզերի ձայնային արտահայտման լրիվ բացակայությամբ։ Նույնիսկ ծիծաղն է անլսելի։ Այդ օրը իննամյա երեխան առաջին անգամ «ձայնավոր» ծիծաղով ծիծաղեց։

Բասսիտը համբերատար սպասեց, մինչև երեխան շոյեց իրեն, հետո գլուխը բարձրացրեց ու… լիզեց նրա աչքը։ Անակնկալից երկու ձեռքով բռնեցի Բասսիտի վզկապից։

— Թող լիզի,— Բասսիտին հեռացնելու փորձս կանգնեցրեց տղայի մայրը։ — Լսել եմ շան թքի բուժիչ հատկությունների մասին։ Իսկ գուցե…

Բասսիտը, ասես միայն հավանության էր սպասում, ջանասիրաբար սկսեց լիզել տղայի աչքերը։ Ամեն անգամ հիպոթերապիայից հետո երեխան իջնում էր ձիուց ու խնդրում, որ իրեն Բասսիտի մոտ տանեն։ Ծեսն օրեցօր չէր փոխվում. նա շոյում էր Բասսիտի գլուխը, հետո Բասսիտը լիզում էր նրա աչքերը։

Ձիու վրա երկու ամիս պարապելուց հետո երեխան սկսեց քայլել՝ ձեռքից բռնած, ևս մեկ ամիս անց առաջին ինքնուրույն քայլերն արեց։ Մկանային հիշողության ձևավորման համար նա պետք է հնարավորինս շատ քայլելու վարժություններ աներ։ Դեռ իր ուժերին անվստահ տղան դժկամությամբ էր ենթարկվում. մի երկու քայլ էր անում ու ընկնում ձեռքերի մեջ։ Սակայն կախարդական «իսկ հիմա գնանք Բասսիտի մոտ» խոսքերից նրա դեմքը լայն ժպիտով էր ողողվում, հավասարակշռությունը պահելու համար մի քիչ առաջ էր թեքվում ու դանդաղ, բայց վստահ գնում անհամբեր նվնվոցի ձայնի կողմը։

Հրաշքը տեղի ունեցավ չորսուկես ամիս անց։ Թերապիայից հետո, ինչպես միշտ, գնացինք ախոռ՝ ձիերին խնձոր ու գազար տալու։ Օրն ամպամած էր, ախոռում մի քիչ մութ էր, ու ես լույսը վառեցի։ Երեխան ցնցվեց ու հետ-հետ գնաց։ Իր հետևից ախոռ մտած շնից վախեցավ, որոշեցինք մենք, մոր հետ բռնեցինք նրա ձեռքերից ու սկսեցինք նկարագրել՝ շուրջը ով ու ինչ կա։

Մայրը մի տեսակ տարօրինակ նայեց ինձ, իսկ երեկոյան զանգեց ու ասաց, որ նա նույն կերպ ցնցվեց, երբ լոգարանում լույսը վառեց՝ նրա ձեռքերը լվանալու համար։ Եվ երբ երեկոյան հյուրասենյակում ջահը վառեցին։

— Իրեն այնպես էր պահում, կարծես լույսից էր վախեցել,— ասաց նա։

Մորը երկար համոզելու կարիք չեղավ, որ տղային ակնաբույժի տանի։ Բժիշկը հաստատեց մեր երկչոտ հույսերը։ Երեխան սկսել էր լույսն ու ստվերը տարբերել։

Սա հենց այն պահն էր, երբ ձիաբուժության կենտրոնում մտածեցին, որ շներին էլ է պետք ներգրավել վերականգնողական գործընթացում։ Բասսիտով ծնունդ առավ շների միջոցով թերապիան Հայաստանում։

Եվս մի քանի ամիս անց երեխան արդեն որոշակի անկյան տակ տարբերում էր առարկաների ուրվագծերը։ Եվ սարսափելի վախենում էր տեսնելու նոր, նախկինում անծանոթ կարողությունից։ Մոտենում էր Բասսիտին, գլուխը դնում նրա մեջքին ու քարանում։ Բասսիտը երեխայի հետ միասին անցավ նրա բոլոր վախերի միջով։

Տղայից հետո Բասսիտը սկսեց երեխաներին ավելի ջերմ վերաբերվել, առնվազն հիմա նրանց նկատում էր, բայց այլևս ոչ մեկի հետ այդպիսի կապվածություն չունեցավ։

Բասսիտ-թերապիա-երեխայի-հետ

Բասսիտը հանդիպում է անցյալին

Հսկայական ջիպից իջան երեխայի հայրը, մայրը, տատն ու հոր երկու ընկերները։ Մայրը փոքրիկ տղային զգուշորեն դրեց գետնին, ծնողները բռնեցին նրա ձեռքերից, ու երեխան կաղալով եկավ մեր կողմը՝ դժվարությամբ քարշ տալով թույլ, դողացող ոտքերը։

Մանկական ուղեղային կաթված։ Ծնողները եկել էին հիպոթերապիայի գրանցվելու։

— Ինձ պետք է, որ տղաս քայլի, դրա համար ոչինչ չեմ խնայի, եթե պետք լինի, ամեն օր կգանք,— ասաց հայրն ու շարժեց հաստ վիզը՝ հաստ ոսկե շղթայով։

Նրա ձայնից Բասսիտը բեռնատարի տակից դուրս եկավ։

— Սա հո եղբորս շո՛ւնն է,— բացականչեց տղամարդը,— էստեղ ի՞նչ է անում։

— Փողոցում ենք գտել,— ասացի ես։

— Ապրեք, որ վերցրել եք,— հավանություն տվեց տղամարդը,— կարծում էի՝ արդեն սատկել է։ Մի բանով հիվանդացավ, հազիվ էր քայլում։ Եղբայրս տարավ քաղաքից դուրս ու բաց թողեց։ Միշտ էլ խոտան էր։ Հայրն ու եղբայրները բոլորն էլ չեմպիոններ են, շնամարտերում առաջին տեղերն են զբաղեցնում, իսկ սա միշտ վախենում էր կռվել, կողքի է ընկնում ու պառկում։

— Բայց դա վաղուց էր, երկու տարի հաստատ կլինի,— ավելացրեց նա։

— Հա, ես էն ժամանակ հղի էի,— հաստատեց կինը։

Լսում էի տղամարդուն ու ջանում չմտածել, որ իմ առջևի անուշիկ փոքրիկ երեխայի ոտքերը դողում են այնպես, ինչպես Բասսիտինը, երբ նրան առաջին անգամ տեսա։

Ծնողներին ազնվորեն ասացի, որ երեխայի քայլելու ոչ մի երաշխիք չեմ կարող տալ։ Պետք է գոնե մի ամիս փորձել, տեսնել՝ երեխայի մկաններն ինչպես են արձագանքում ձիու մկանների աշխատանքին։ Հայրը հիասթափված էր։ Ասաց՝ կմտածեն ու կզանգեն։ Այլևս նրանց չտեսանք։

Շնամարտերի ու Բասսիտի վախկոտության մասին։ Այսքան ազնվական շուն կյանքումս չեմ տեսել։ Բասսիտը երբեք հենց այնպես շների հետ չէր կռվում։ Նրանց հանդեպ նրա վերաբերմունքը շատ հետևողական է։

Նոր աղջիկ տեսնելիս Բասսիտը գործնական շարժումով քիթը խոթում է նրա հետույքը։ Եթե մոտալուտ կտղուցի թեկուզ չնչին ակնարկ կա, Բասսիտը բարեկիրթ սիրահետում է, հրավիրում իր հետ կիսել ազատավանդակը, իր կերն է զիջում։ Իսկ ստերջացված շունն արժանանում է կովկասցի կոմսի զարմացած-դժգոհ հայացքին. տիկին, դուք ի՞նչ է, իսկապե՞ս չեք հասկանում, որ ժամանակս խլում եք։

Խոշոր արուներին Բասսիտը ահեղ մոտենում է ու նայում։ Սովորաբար նրա հայացքը բավական է, որ եկվորը հասկանա՝ ով է այստեղ տերը։ Փոքրիկ տղաներին Բասսիտը չի նկատում։ Եթե մեր տարածք է մտնում մի օտար, որից Բասսիտը վտանգ է զգում, նա վայրկենապես հարձակվում է։ Բայց նույնիսկ այդ ժամանակ ազնվականությունը նրան չի լքում։ Հենց որ մյուս շունն ի նշան անձնատվության պարտվողի պես ատամներն է ցույց տալիս, Բասսիտը նրան բաց է թողնում։

Երբ արդեն տեղափոխվել էինք ազատավանդակներով նոր հողատարածք, ու ձմեռը գայլերն իջնում էին ներքև, մեր շները վախից սկսում էին փոքր երեխաների պես լաց լինել։ Եվ միայն Բասսիտն էր գայլային ոռնոցով պատասխանում ու ազատավանդակի ճաղերը պատռում. բաց թողեք, կոկորդները կպատռեմ։

Երբ տղամարդը նշեց, որ Բասսիտը գետնին էր պառկում ու չէր բարձրանում, հազիվ զսպեցի ժպիտս։ Այն, ինչ տերերը վախկոտություն էին համարում, իրականում Բասսիտի խորամանկ հնարքն է։ Մեր բոլոր շները «տեղդ» հրամանից վազում են իրենց ազատավանդակները։ Իսկ Բասսիտն ամեն անգամ անկեղծ զարմանքով շուրջն է նայում՝ ասես ասելով. «Հո ինձ չե՞ք դիմում»։

Եթե Բասսիտը չի ուզում ազատավանդակ մտնել, իսկ նա երբեք չի ուզում, գետնին է փլվում ու ձևացնում, թե հենց նոր շտապ մեռել է։ Նույնիսկ աչքերն է փակում։ Մի քանի վայրկյանից հոնքերի տակից նայում է՝ հավատացի՞ն, կհեռանա՞ն։ Հեռանում ես, անմիջապես վեր է թռչում ու փախչում։ Հետևից վազում ես, բռնում, վզկապից քաշում, Բասսիտը նորից գետնին է տապալվում ու դիակիկ դառնում։ Մինչև շունչդ կտրվի, ու իրեն հանգիստ թողնես։

Բասսիտը-պառկած-է-խոտին

Մեգգին վազում է անտառով

Հուլիսյան շոգ օր էր։ Սպասում էինք հիպոթերապիայի եկող երեխային։ Մեգգին ու Բասսիտը սպասումով նայում էին իրենց բեռնատարի տակից։ Երազներով տարվել էի, որ նոր տեղում Բասսիտն ու Մեգգին հսկայական ազատավանդակներ ու դաշտեր կունենան՝ ուզածի չափ վազելու համար։ Երազներից ինձ հանեց զանգը. երեխայի մայրը ներողություն էր խնդրում, փոքրիկը կամակորություն էր արել, ու իրենք մի ժամ կուշանան։

Այսպիսի շոգին ուզում էիր պառկել ու մեռնել, բայց երեխայից հետո ուրիշ երեխաներ են գալու, ու գամփռերին զբոսանքի տանելու ուժ չի մնա։ Ավելի լավ է օգտագործել ազատված ժամը։

Դաշտում, մարդկանցից հեռու, նրանց վզափոկերն արձակեցի։ Բասսիտն ու Մեգգին ուրախ սլացան առաջ, մեր մնացած շներն էլ հետևներից կպան։ Ճանապարհին հսկայական ջրափոս կար. երևի ինչ-որ մեկն իր բանջարանոցը ջրելիս մոռացել էր ջուրը փակել, ու այն փոքրիկ լճակ էր կազմել։ Շոգից թուլացած շները թրմփացին ջուրը։ Նախանձով նայեցի նրանց, անցա ջրափոսից ու սուլելով կանչեցի։

Դաշտում երկար չդիմացանք։ Շոգն իսկապես անհավատալի էր։ Հետդարձի ճանապարհին փոքրիկ շներն անսպասելիորեն շրջանցեցին ջուրը։ Ես Մեգգիի ու Բասսիտի հետ հետևից քարշ էի գալիս։ Բասսիտն իր սովորության համաձայն ամեն հսկայական քարի վրա կղում էր։ Այնպիսի անհավանական դիրքեր ընդունելով, որոնց լեռնային այծերը կնախանձեին։ Այդպես է նա նշում իր տարածքը։ Կղանքով։

Ջրափոսի մոտ մի վայրկյան տատանվեցի՝ ոտքերս կեղտոտ ջրի մե՞ջ մտցնել, թե՞ շոգից ոտքերս մեկնել, ու որոշեցի՝ կմտնեմ, իսկ տանը ոտքերս կլվանամ։

Ոտքս օդ բարձրացավ, որ մի վայրկյան անց իջնի ջրափոսի մեջ։ Չորս մետր հեռու գտնվող Մեգգին մի ցատկով նետվեց վրաս, ինձ գետնին գցեց ու ինքը ջուրը թռավ։

Մի վայրկյան անց գնդակի պես դուրս թռավ, երկու անվստահ քայլ արեց ու ընկավ։ «Շոգից է»,— հիմարաբար մտածեցի ես։ Գնացի նրա մոտ, անցա նրանից, կանչեցի։ Գիտակցությանս հասավ։ Որ ընկել է։ Որ չի բարձրանում։ Որ հազիվ է շնչում։

Մինչ ես զանգում էի մերոնց ու գոռում, որ մեքենան բերեն, մինչ մեքենան, անճանապարհ տեղանքով ջարդուփշուր լինելով, սլանում էր դեպի մեզ, Բասսիտը լուռ կանգնած էր կողքին ու շփոթված աչքերով նայում էր։

Հետո արդեն մեռած Մեգգիին կլինիկա էինք տանում։ Արդեն մեռած սրտի մեջ ադրենալին էինք ներարկում՝ փորձելով վերակենդանացնել։ Դիահերձում եղավ ու մահվան պատճառ՝ օձի խայթոց։ Դարևսկու իժ։ Սպանում է գրեթե ակնթարթորեն։

Մեգգիին մի հեռավոր անկյունում թաղեցինք։ Հաջորդ օրը Բասսիտը հրաժարվեց կերից, երկրորդ ու երրորդ օրն էլ։ Գիշերը Մեգգիի հաչոցը լսեցի։ Նրա առյուծային մռնչյունը ոչ մի ուրիշի հետ հնարավոր չէր շփոթել։ Տնակից դուրս եկա։ Բասսիտը կանգնած էր բեռնատարի մոտ ու լարված ինչ-որ տեղ էր նայում։ Աչքերը լայն բացված, մազերը՝ բիզ-բիզ։ Հաջորդ առավոտ թուլացած, բայց կերավ։

Երեկոյան նրան զբոսանքի տարա։ Բասսիտը շեղվեց ճանապարհից, անսխալ գտավ այն տեղը, որտեղ Մեգգիին էինք թաղել, դանդաղ գնաց այնտեղ ու պառկեց նրա գերեզմանին։ Մեկ ժամ անց բարձրացավ ու դանդաղ տուն գնաց։ Եվ այդպես՝ ամեն օր։

Մեգգիից հետո Բասսիտը ագրեսիվ ու ինքնամփոփ դարձավ։ Մեկ բոլորի վրա էր նետվում, մեկ ժամերով անշարժ նստում։ Երբեմն այնպիսի կարոտի նոպաներ էր ունենում, որ չէի համարձակվում մոտենալ։ Մեգգին զոհվեց՝ ինձ փրկելով։ Մեղքի ու ցավի զգացումը շատ ամիսների ընթացքում ինձ էլ Բասսիտի պես ագրեսիվ դարձրեց։

Բայց մի օր երազ տեսա։ Վազում էինք ցորենի հասկերի միջով՝ ես, Բասսիտն ու Մեգգին։ Երազն աշնան խելահեղ գույներով էր, մեր երջանկությունը արձագանքներով տարածվում էր դաշտերում։ Հանկարծ դաշտը վերջացավ, ու անտառ սկսվեց։ Մեգգին վազեց ծառերի միջով խորքը, Բասսիտը պատրաստվում էր հետևել նրան, բայց Մեգգին կանգ առավ, նայեց նրան, ու Բասսիտը կանգնեց։ Մեգգին երկար հայացքով նայեց նրան, ինձ, դաշտերին ու անհետացավ անտառում։ Մի վայրկյան անց, կարծես դանդաղեցված նկարահանմամբ, տեսնում էի, թե ինչպես է Մեգգին վազում անտառով՝ թեթև, ասես գետնին չդիպչելով։ Օդի մեջ արևադեղին գույնով ուրախություն տարածվեց։

Արթնացա երկակի զգացումից՝ միաժամանակ սիրտ ճմլող ու լուսավոր։ Նստեցի խոտին՝ Բասսիտի կողքին, գրկեցի նրա՝ մեծ երեխայի գլուխը ու երկար պատմում էի երազի մասին, այն մասին, որ Մեգգին լավ է, հոգիների մասին, որոնց պետք է բաց թողնել, որ երկինք սլանան՝ դեպի բացարձակ ազատություն։ Շտապ-շտապ էի պատմում, որ չհասցնեմ կասկածել իմ ասածին։ Աղի արցունքներս ընկնում էին նրա դնչին, բայց Բասսիտը չէր հեռանում։ Ուշադիր լսում էր։ Հաջորդ օրը նա թույլ տվեց Քեթիին մոտենալ իրեն ու նույնիսկ հոտոտեց նրան։

Նրան դեռ սպասում էին հսկայական գզգզված աղջիկ Սաննին, որը Բասիտին կյանք վերադարձրեց, ու փոքրիկ Աչերիկը, որը տեղափոխվեց նրա ազատավանդակ ու նրա հետ ապրեց մինչև կյանքի վերջը։ Սաննին մեզ մոտ մի քանի օրով էր եկել, որպեսզի կարողանար ակտիվ ժամանակ անցկացնել ու նիհարել։ Բասսիտը ժամերով վազում էր նրա հետ ու ասես երիտասարդացել էր։ Երբ նա գնաց, Բասսիտը նորից սկսեց մյուս աղջիկներին հոտոտել ու իրեն «համաազատավանդակից» ընտրեց Աչերիկին՝ չնայած նրան, որ ստերջացված էր ու իրենից շատ ավելի երիտասարդ։ Բայց Մեգգին ընդմիշտ մնաց Բասսիտի միակ մեծ սերը։

բասսիտ-կիսադեմ
Լուսանկար՝ Արթուր Սախկալյան

Գրեթե երկու տարի առաջ

Բասսիտը հրաժարվում է բարձրանալ

Աշխատողը հանգստյան օր ուներ, ու շաբաթ առավոտ շներին ես էի կերակրում։ Բասսիտը կերին չնայեց։ Ազատավանդակի բաց դռնով դուրս չվազեց։ Փորձեց բարձրանալ, երբ վզկապից քաշեցի, բայց հետևի ոտքերը չէին ենթարկվում։

Մինչ Ֆյոդորն ու Հանսը նրան մեքենա էին տանում, ես շորերս էի փոխում։ Ընտրում էի՝ որ ականջօղը դնեմ ականջիս։ Որոշում՝ կոշիկնե՞ր հագնեմ, թե՞ սպորտայիններ։ Ինձ համար գործեր էի հորինում ու ձգում այն ժամանակը, որտեղ կարծես դժբախտությունը դեռ չէր պատահել, ու պետք չէր մտածել՝ ինչ անել դրա հետ։

Անասնաբուժարանում ստիպված եղանք սպասել. մեր անասնաբույժ Միհրանը բարդ վիրահատություն էր անում։ Բասսիտը փռվեց ընդունարանի անցումում՝ մի բան պահանջելով՝ իրեն հանգիստ թողնել։ Մարդիկ իրենց կենդանիներով զգուշորեն վրայից էին անցնում։

Կլինիկայում մի խուզած պուդել իր տիրոջն էր սպասում։ Եվ փորձում էր դուրս վազել՝ Բասսիտի հետ ծանոթանալու։ Անհայտ պատճառով արու պուդելները միակ շներն էին, որոնց վրա խաղաղասեր Բասսիտը միշտ հարձակվում էր։ Պուդելին նույնիսկ չնայեց։

Երբ վիրահատությունն ավարտվեց, Բասսիտին ռենտգեն արեցին, ու նա իր ախտորոշումը ստացավ։ Դիսկոսպոնդիլիտն այն է, երբ միջողնային սկավառակը վարակի ազդեցությամբ քայքայիչ փոփոխությունների է ենթարկվում։ Բասսիտի մոտ գրանուլյացիոն հյուսվածք էր առաջացել, որը հանգեցրել էր ողնուղեղի ու նյարդարմատների սեղմման։

Ռենտգենյան պատկերի վրա բնական ողնաշարի տակ հստակ երևում էր երկրորդ՝ «արհեստականը»։ Սրանք ցավեր են, որոնք ուժեղանալու են։ Սրանք ոտքեր են, որոնք ավելի ու ավելի են հրաժարվելու աշխատել՝ մինչև լիակատար կաթված։ Վիրահատության ոչ մի հնարավորություն։ Հայաստանում շներին ՄՌՏ անելու հնարավորություն չկա։ Նման վիրահատությունների փորձ էլ չկա։

Պուդելին տարան։ Նոր անհետաձգելի հիվանդներ էին գալիս։ Անասնաբույժը նրանց հետ անհետանում էր կլինիկայում։ Ես ու Ֆյոդորը նստած էինք ընդունարանում։ Նայում էի սպորտային կոշիկիս վրայի կեղտի փոքրիկ բծին ու մեծ հաճույքով նյարդայնանում։ Ասես կեղտոտ կոշիկը ինձ հետ պատահած ամենամեծ խնդիրն էր։ Գլխումս ուրիշ ոչինչ չկար՝ միայն բիծն ու նյարդայնությունը։

Հետո վախը եկավ։ Եվ հուսահատությունը։ Դրանց հետ խառնված՝ հայտնվեցին առաջին աղոտ կառուցողական մտքերը։ ՄՌՏ ունեցող հիվանդանոց գտնել ու համոզել, որ շանը ներս թողնեն։ Գլխումս գլխավոր բժշկի հետ զրույցի համար ծանրակշիռ փաստարկ ձևավորվեց. «Սա թերապևտիկ շուն է, երեխաներին է օգնում»։ Մի քանի տարի առաջ, երբ անասնաբուժարաններում դեռ ռենտգենյան սարքեր չկային, մենք շներին մեծ սպորտային պայուսակներով թաքուն մտցնում էինք մարդկանց հիվանդանոցներ ու ռենտգենի համար հնգապատիկ ավելի վճարում։ Բասսիտին թաքուն ներս չես տանի։ Նույնիսկ հսկայական ճամպրուկով։

Գուցե ՄՌՏ-ն ցույց տա, որ կարելի է վիրահատել, թեկուզ Բասսիտը տասնչորս տարեկա՞ն է։ Եվ այդ ժամանակ մարդկանց վիրահատող վիրաբույժ գտնել, որը կհամաձայնի մեր անասնաբույժի հետ վիրահատությունն անել։

Բասսիտին ցավազրկող ներարկեցին, ու նա, դեռ անցումում փռված, թեթև խռմփացնում էր։ Մեր անասնաբույժը չհամարձակվեց «քնեցնել» բառն արտասանել, բայց ակնարկեց, որ առանց հիստերիաների լինի։ Գայլախեղդները սովորաբար այսքան երկար չեն ապրում։ Բասսիտն այնպիսի կյանք է ապրել, որ շատ շներ երազում էլ չեն տեսել։ Եվ պետք չէ նրան բուժումներով ու վիրահատություններով տանջել։

Շանը քնեցնելու համար մի րոպե է պետք, բայց քնեցնելն անվերադարձ է։ Ինչպե՞ս հասկանալ՝ որ որոշումն է ավելի ճիշտ՝ ընդմիշտ կորցնել Բասսիտի՞ն, թե՞ թողնել նրան կաթվածից ջարդված ոտքերով։

Ցավազրկողը Բասսիտին թույլ էր տալիս առանց ցավի ապրել մինչև հաջորդ երեկո, իսկ մեզ՝ մտածել որոշման մասին։

Գիշերը չէի քնում։ Նստեցի նոութբուքի առաջ ու Միհրանին երկար, հուզական նամակ գրեցի այն մասին, թե որքան շատ բան է ինձ համար նշանակում Բասսիտը, ու որքան կարևոր է նրա համար բուժում մտածել։ Լավ, մի կույտ նամակ։ Ֆյոդորը համացանցում ուսումնասիրում էր հիվանդությունն ու բուժման հնարավոր տարբերակները։ Գիշերվա երեքին նա արդեն հանգիստ կարող էր դիսկոսպոնդիլիտի մասին փոքրիկ ատենախոսություն պաշտպանել, իսկ ես Միհրանից տեղեկություն ստացա հրաշքի՝ «Պրևիկոքս» ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցի մասին։ Միհրանը խոստովանեց, որ շատ չի ուզում նշանակել «քոքսը», ինչպես շուտով քնքշորեն սկսեցի անվանել մեր փրկությունը, որը ցավերից կազատի, բայց կարող է շարքից հանել Բասսիտի՝ առանց այդ էլ ոչ լավագույն վիճակում գտնվող երիկամները։ Դեղը Հայաստանում չկա, ստիպված պիտի Մոսկվայից պատվիրենք, ու ամսական վաթսուներկու դոլար կնստի մեզ վրա։ Մեզ համար գումարը փոքր չէ։

Բասսիտ-դիմանկար
Լուսանկար՝ Արթուր Սախկալյան

Բասսիտը լեզու է ցույց տալիս

Հաջորդ օրը Բասսիտը նորից հրաժարվեց կերից։ Ցավազրկողի նոր չափաբաժին ստացավ։ Բարձրանում էր միայն միզելու համար ու անմիջապես՝ հետ ազատավանդակ։ Աղջկա պես էր միզում՝ ոտքը չբարձրացնելով, հազիվ մնալով դողացող հետևի ոտքերի վրա։ Ուզում էի շատ-շատ փոքր դառնալ, մի տեղ փախչել ու թաքնվել։ Եվ որոշումներ չընդունել։

Իսկական հոգատարության ու կորստի ցավը չզգալու եսասիրական ցանկության սահմանն այնքան բարակ է։ Ներխուժում ես շան կյանք, դրա համար պատասխանատվություն ստանձնում ու ընտրություններ անում։ Ինչպե՞ս իմանաս, որ ճիշտ են։ Դիսկոսպոնդիլիտն ու երիկամային անբավարարությունը հավասարապես սարսափելի էին հնչում։

Մի քանի տարի առաջ կենդանիներին օգնող կամավորական խմբի աղջիկները փողոցում կոտրված ողնաշարով շուն էին գտել։ Շանը պահում էին իրենցից մեկի նկուղում ու համոզում մեր անասնաբույժին հավաքել նրա կոտրված ողնաշարը։ Իսկ ես գնացի նրանց համոզելու՝ չտանջել շանն ու քնեցնել։

Մտա նկուղ ու տեսա Բասսիտի ճշգրիտ պատճենը։ Աղջիկ։ Մարմինը կաթվածահար էր, ու նա կարող էր միայն գլուխը շարժել։ Մենք Բասսիտի հետ հենց նոր էինք հաղթել սարսափելի հիվանդության դեմ պայքարում։ Բոլորը խորհուրդ էին տալիս նրան քնեցնել, իսկ մենք հաղթել էինք։ Բասսիտն ութ տարեկան էր, նրա իգական պատճենը՝ տասը։

Երևի միտքս մթագնեց, ու մտածեցի, որ այս շանը քնեցնելը կնշանակի զրկել նրան այն հնարավորությունից, որը Բասսիտը կես տարի ստանում էր, ու գրեթե հավասար կլինի հենց Բասսիտին քնեցնելու որոշմանը։ Ես էլ միացա փորձելու հորդորներին։ Գումար էինք հավաքում հսկայական տակդիրների ու թանկ դեղերի համար։ Հերթով նրա մոտ հերթապահում էինք։ Մեզ տեսնելիս շունն ուրախ գլուխը վեր էր հանում ու ճիշտ Բասսիտի պես հարձակվում կերի վրա։ Կյանքի այդպիսի ախորժակ ունեցող շանը քնեցնելը սոսկալի էր։

Քիչ էր, որ շանն ահռելի քանակությամբ դեղեր էինք ներարկում, դեռ անասնաբույժին էլ ստիպում էինք գալ ու գնահատել մեր փոքրիկ հաջողությունները. երեկ գլուխն ավելի ուժեղ շրջեց, այսօր հայացքով ցույց տվեց, որ էլ մի քիչ, ու հաստատ ոտքի կկանգնի։

«Նույնիսկ եթե կես տարի անց ինչ-որ հրաշքով առջևի թաթերն աշխատեն, ինչը տեղի չի ունենալու, դա չարժե դրան»,— ասաց անասնաբույժն այն օրը, երբ հայտարարեց, որ սա իր վերջին այցն է, ու ինքը հրաժարվում է մասնակցել ծեր շան հանդեպ մեր ինկվիզիցիոն խոշտանգումներին։ — «Մարդուն կարելի է բացատրել, որ պետք է կես տարի տանջվի, իսկ հետո, հնարավոր է, լավ լինի։ Կենդանին միայն մի ժամանակ ունի՝ ներկան։ Շունը չի հասկանում՝ ինչ է նշանակում «մի քիչ դիմանալ»»։

Այդ խոսքերը հոգուս մեջ մնացին։ Այնքան, որ առանց մյուսներին հարցնելու՝ շանը տարա քնեցնելու։

Պատկերացրի Բասսիտին՝ գետնին քարշ եկող թաթերով։ Ոչ, դա երբեք չի լինի։ Մենք միայն կփորձենք։ Չստացվի՝ ինքս նրան էվթանազիայի կտանեմ։

Գոնե ինչ-որ որոշում ընդունելուց թեթևացա։ Մեր էջում գրառում արեցի՝ Բասսիտի բուժման համար օգնություն խնդրելով։

Նյարդայնանում էի։ Հեշտ է գումար հավաքել երիտասարդ շան համար, որն արնաքամ է լինում կամ հյուծվածությունից մեռնում, կամ վիրահատական միջամտության կարիք ունի։ Մի երկու «նախապես-ներողություն-եմ-խնդրում-ձեր-նյարդային-համակարգից» լուսանկար, հուզական տեքստ, ու պատրաստ է։ Ուրիշ բան է՝ «օգնեք մեզ տասնչորսամյա շան համար դեղ գնել, որը նա ամեն օր ամիսներով պիտի խմի, և որը նրան կփրկի կաթվածից, բայց կարող է երիկամներն անջատել»։

Տեքստից հանեցի «թերապևտիկ» բառը։ Ստացվում էր, որ Բասսիտի համար այդպիսի ծախսերն արդարացվում էին նրա օգտակարությամբ, այլ ոչ նրանով, որ նա ընտանիքի անդամ է, ու նրա համար պետք է պայքարել այնպես, ինչպես մարդու համար կպայքարեինք։

Գրառման արձագանքները շատ էին ու տարբեր երկրներից։ Ֆինանսական օգնության առաջարկներով, խորհուրդներով ու արտասահմանյան անասնաբույժների խորհրդատվություններով։

Բայց ուրիշներն էլ կային՝ վրդովմունքով ու պահանջներով՝ կեղծ բարության անվան տակ ծեր շանը չտանջել ու անհապաղ քնեցնել։ Կամ մտածել՝ որքանով է նպատակահարմար ամեն ամիս մի շան համար ծախսել մի գումար, որը բոլոր երեսունհինգ շներին մի քանի օր կերով կապահովեր։

Մեր ընկերները Մոսկվայից «Պրևիկոքս» բերեցին։ Ախտանիշները վերացան երեք օրվա ընթացքում։

Երեք օրվա ընթացքում Բասսիտը սկսեց ուտել, քայլել, վազել, ոտքը բարձրացնելով միզել։

Մի քանի ամիս անցավ։ Բասսիտը ձագի պես վազում ու ցատկոտում էր։ Ձիու պես վզափոկը ձեռքիցդ քաշում։ Երիկամները կարգին են։ Ճիշտ է, ամեն օր նրա ազատավանդակին դանդաղ ու սիրտը կանգ առած մոտենալու սովորությունը մնաց։ Եվ թեթևացած շունչ քաշելը, երբ գլուխը վեր է հանում ու ոտքի թռչում՝ զբոսա՜նք։ Եվ մտովի լեզու ցույց տալը գերանդիով պառավին։ Դեռ ժամանակը չէ։ Ոչ այսօր։

Բասսիտը տասնչորս տարեկան է։ Ոչ մի բուժում նրան չի երիտասարդացնի։ Ոսկրային հյուսվածքին չի ստիպի նորից սերտաճել։ Մենք այս ճանապարհի վերջը չգիտենք։ Նույնիսկ հաջորդ հատվածը չգիտենք։ Բայց նրան ցավազրկողների վրա չենք պահում, անվերջ սրսկումներ չենք անում։ Նա օրական ընդամենը մեկ հաբ է կուլ տալիս։

Ինձ ավելի ու ավելի շատ մարդիկ են գրում ու հարցնում՝ որտեղից «Պրևիկոքս» ճարեն։ Ավելի ու ավելի շատ անասնաբույժներ են նշանակում այս հրաշալի դեղամիջոցը, որը Հայաստանում հայտնի դարձավ Բասսիտի շնորհիվ։

Անասնաբույժի մոտ գնալ, գրառումներ անել, փող ճարել, ուրիշ երկրից դեղի առաքումը կազմակերպել. այս ամենը ժամանակ ու ջանք է պահանջում։ Բայց երբ այս հսկայական հավերժ երեխան վազելով գլխով խփում է կողիդ ու համբերատար սպասում, մինչև կրկին շնչելու կարողություն ձեռք բերես, շրջվես դեպի իրեն ու վիզը քորես, հասկանում ես, որ արժե։

Առջևից Բասսիտն է վազում

Բասսիտը մահացավ փետրվարի տասնհինգին։ Այդ օրվա ցերեկը նյարդայնացնող քամոտ էր, իսկ գիշերը՝ մեղմ ցուրտ։ Մենք կողքին չէինք, Միկկի Մուկի հետ թերապիայի էինք գնացել մանկատուն, ու ես հույս ունեմ, որ նա հանգիստ է հեռացել, իսկ ավելի լավ է՝ քնի մեջ։ Դիահերձման միտքը միայն մի վայրկյան առկայծեց ու անցավ. Բասսիտը տանել չէր կարողանում մեքենայով գնալը, գուցե հիմար է հնչում, բայց ինձ թվաց, որ հիմա նրան մեքենա դնելը մեծ անհարգալից վերաբերմունք կլինի։

Բասսիտը 16 տարեկան էր։ Գայլախեղդներն այսքան չեն ապրում, հատկապես այսպիսի ախտորոշումներով. մենք սա լսում էինք նրա տասը տարեկանից։ «Պրևիկոքսի» շնորհիվ նա ապրում էր ակտիվ ու առանց ցավի։ Բայց մի օր նույնիսկ այս հրաշք դեղը կդադարեր նրան օգնել, Բասսիտը կսկսեր տանջվել ուժեղ ցավերից, կամ ոտքերը կդադարեին աշխատել, ու մենք ստիպված կլինեինք նրան քնեցնել։ Եվ եթե մեր գլխավերևում ինչ-որ մեկը կա, ես նրան շնորհակալ եմ, որ Բասսիտն ինքնուրույն գնաց։

«Ոչ այսօր»,— ասում էի ամեն անգամ, երբ Բասսիտի վրա հերթական «մահացու հիվանդությունն» էր թափվում։ Նա չի մեռնի, ոչ այսօր, մենք դուրս կգանք այս վիճակից։ Եվ դուրս էինք գալիս։

«Ոչ այսօր», ասում եմ նաև հիմա։ Ոչ այսօր կնստեմ, ինքս ինձ հետ կխոսեմ ու կընդունեմ նրա մահը։ Ոչ այսօր։ Դեռ չի ստացվում։ Կյանքն առանց Բասսիտի նման է նրան, որ մարդն ապրեր, օրինակ, Ճապոնիայում՝ ծովափին, հետո հանկարծ ցունամի լիներ, նրա տունն ու ամբողջ քաղաքն ավերվեին։ Նրան տարհանեին, ասենք, Փարիզ։ Եվ ահա տարիներ են անցնում, մարդը կենտրոնում բնակարան ունի, լավ աշխատանք, ընկերներ, գուցե ընտանիք։ Նրան դուր է գալիս Փարիզում ապրելը։ Բայց միշտ-միշտ նրա հետևից գալիս է այն գիտակցությունը, որ երբեք չի վերադարձնի ծովափի այն ճապոնական տունը, չի վերադարձնի իր այդ կարևոր մասը։

«Առջևից Բասսիտն է վազում, հետևից՝ հինգ մետր բացված ձիու լոնժան, շնչահեղձ ես ու ազատ ձեռքիս մեջ ցատկոտող հեռախոսը, որը լուսավորում է մեր ճանապարհը։ Բասսիտը երբեմն վազելիս շրջվում ու ինձ նայում է ինչպես դաստիարակչուհու՝ շաբաթվա մեջ ութերորդին, որին, ի մեծագույն ափսոսանք իրեն, նույնպես ստիպված է լինելու ազատել աշխատանքից։ Քառատրոփից անցնում է վարգի, դիրք ընդունում ու աղիները դատարկում ուղիղ լոնժայի վրա։

Ճանապարհին միայնակ մի կտոր փրփրապլաստ է ընկած։ Կամաց հայհոյելով՝ փորձում եմ դրանով լոնժան մաքրել։ Կարծես ստացվում է։ Բասսիտն արդեն նորից քառատրոփ սլանում է։ Անպատեհ քամի է բարձրանում, ու փրփրապլաստը որոշում է մեր հետևից ցատկոտել՝ գիշերային լուռ դաշտում սարսափելի քերծող ձայն հանելով։ Բասսիտը կանգ է առնում, դանդաղ շրջվում ու հայացքով չափում փրփրապլաստը. «Այս անփույթ աշխատակցին էլ ազատել աշխատանքից»։

Վերադառնում ենք։ Շների բակում քարի վրա նստած՝ շունչս տեղն եմ բերում։ Բասսիտի պետքն էլ չէ։ Ասես տասնչորս տարեկանն ինքը չէ։ Հսկայական գայլախեղդը պստիկ շնիկի արագությամբ նետվում է Արիանուրի ազատավանդակի կողմն ու փորձում ճանկերով կտղուցի մեջ գտնվող շանը դուրս քաշել ցանցի փոքրիկ քառակուսու միջով։ Ցանկության ուժով Արիանուրին փոքրացնել Բասսիտին չի հաջողվում։ Նա պառկում է նրա ազատավանդակի մոտ, կարոտով նայում նրան ու այնպես հառաչում, որ սիրտն ուր որ է կպատռվի։

Իմն էլ պատռվում է՝ քնքշանքից։ Այն հրաշքին հպվելուց, որ նա նորից վազում է, հառաչում, շնչում»։

Սա այն տեքստն է, որը գրել եմ մեկուկես տարի առաջ։ Դրա տակ՝ մեկնաբանություններում, հավաքվել էինք մենք՝ մարդիկ, որոնք իրար ճանաչում էին դեռ «Ժամխարյանական ժամանակներից», երբ Աննան դեռ Հայաստանից չէր մեկնել, մարդիկ, որոնք ցրվել էին աշխարհով մեկ, վաղուց չէին շփվել կամ շփվում են միայն վիրտուալ, ու նրանք, որոնք հետո էին ծանոթացել։ Բասսիտը նման է երկու դարաշրջանների միջև կամրջի։

Մահվան մեջ ամենաանտանելին կենդանության օրոք արված ծիծաղող լուսանկարները նայելն ու մահացածի մասին անցյալ ժամանակով խոսելն է։ Թող ձեր հիշողության մեջ Բասսիտը մնա այն ներկայում, որտեղ ինձ հետ դաշտերով սլանում է ու մեր համատեղ սելֆիներում ծիծաղելի դեմքեր անում։

Բասսիտն-ու-Հասմիկը-Սելֆի

Դարձեք Պատրոն

Մենք ստեղծում ենք ոչ անտարբեր, ազատ ու անկողմնակալ մարդկանց համայնք։ Եթե ուզում եք աջակցել սովորական մարդկանց անձնական պատմությունների միջոցով խորքային սոցիալական խնդիրները վերլուծելու մեր աշխատանքին, դա անելու լավագույն միջոցը մեր Պատրոնը դառնալն է։

Տեքստն ավարտված է, պատմությունը շարունակվում է

Մեր առաքելությունն է նպաստել հասարակության փոփոխություններին՝ կոտրելով տաբուներն ու ազատ քննարկելով այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են բռնությունը, աղքատությունը, խտրականությունը, ծնողական ու բժշկական էթիկան և այլն։

Այստեղ պատմվող պատմությունները միշտ ազնիվ ու անկողմնակալ են մնալու, այդ թվում՝ մեր Պատրոնների շնորհիվ։ Դուք էլ կարող եք միանալ՝ սեղմելով կոճակն ու ընտրելով աջակցության չափը։

Յուրաքանչյուր բաժանորդագրություն՝ սկսած ամսական 2 դոլարից, կօգնի հեղինակներին նոր նյութեր ստեղծել։ Շնորհակալություն։


Այս հոդվածի ստեղծմանն աջակցել է NESEHNUTÍ ՀԿ-ի՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման ծրագիրը (Չեխիայի ԱԳՆ TRANSITION ծրագիր)