— Իմ անունը Մելանյա է։ Ես 25 տարեկան եմ։ Երկու երեխա ունեմ․ Արենը 4 տարեկան է, Լենան՝ 2։ Ես Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից եմ։ Բուժքույր եմ, ամուսնացած… Արդեն այրի։
Մելանյան սա ասում է հանգիստ ձայնով․ միայն աչքերը, որոնցում, ինձ թվում է, միշտ ծիծաղի կայծեր էին խաղում, ինչ-որ տեսակ դատարկվում են։ Իսկ բարակ, աշխատանքից մի փոքր կոշտացած, կարճ կտրված եղունգներով մատները սեղմվում են նրա ծնկներին։ Վզին բարակ շղթա է կախված՝ ամուսնու անվան առաջին տառով՝ «К»։
Խաղասենյակում նստած ենք մանկական ցածր աթոռակների վրա։ Մտածում եմ, որ նա բրազիլացի ֆոտոմոդելի դեմք ու դեռահասի նիհարիկ մարմին ունի։ Եվ գարնանային առվակ հիշեցնող ձայն։ Լեռներից իջնող ձնհալի ջրի բարակ առվակ։
Մելանյան, ինչպես ինքն է ասում, և՛ արցախցի է, և՛ հայաստանցի։ Ծնողները Մասիս քաղաքից Արցախ են տեղափոխվել, երբ նա 5 տարեկան էր։ Այնտեղ մանկապարտեզ է գնացել, ավարտել դպրոցը, ապա՝ բժշկական քոլեջը։ Հիվանդանոցում բուժքույր է աշխատանքի անցել։
Մի օր գործընկերուհին աղջկան խնդրել է տանը իրեն ներարկումներ անել։ Ամեն անգամ հերթական ներարկումն անելու գնալիս Մելանյան կնոջ տանը հանդիպել է նրա երիտասարդ ազգականին՝ Կարենին։ Պարզվել է՝ գործընկերուհին իրականում աղջկատես էր կազմակերպել։
— Ինձ տնասեր ու աշխույժ աղջիկ էին համարում։ Դե, այնպիսին, որ մեծերին հարգում է, բոլորին օգնում, չի հակաճառում։ Մեր ընտանիքում 6 երեխա ենք, ծնողներս աշխատում էին, ինձ տատիկս է մեծացրել ու այդպես դաստիարակել։ Կարենի հետ սկսեցինք շփվել, բայց մեր առաջին իսկական ժամադրությունը հատուկ օր տեղի ունեցավ՝ հունվարի 6-ին։ Մենք հարսանիք չենք արել, նա ինձ փախցրել է, — ծիծաղում է Մելանյան, և ծիծաղի կայծերը վերադառնում են նրա աչքերին։ — Բայց հետո մեծ նշանադրություն արեցինք ու պսակադրվեցինք։

Հեռավոր ազգականները ժամանակավորապես նորապսակներին են տրամադրել իրենց տունը։ Կարենը պայմանագրային զինծառայող էր, Մելանյան շարունակում էր բուժքույր աշխատել։ Կենցաղային դժվարությունները քիչ չէին, բայց միասին հաղթահարում էին։
2016-ի պատերազմի ժամանակ, որը Քառօրյա են անվանում, թեև այն շատ ավելի երկար է տևել, Կարենն առաջնագծում էր։ Մելանյան սպասում էր իրենց առաջնեկին։
Կարենը համոզում էր նրան հեռանալ Իվանյանից, բայց նա կտրականապես հրաժարվել էր։ Երբ Աղդամի ուղղությամբ կրակում էին, իջնում էր ռմբապաստարան, մնացած ժամանակ զբաղվում էր տնով ու մի ամբողջ ամիս սպասել է ամուսնու առաջին զանգին։
Վերջին երեք տարին Մելանյան բուժքույր էր աշխատում մանկապարտեզում՝ նույնքան լուսավոր ու գեղեցիկ, որքան հիմա նրա ժամանակավոր տունն է։ Ամուսինը, զինծառայությունից զորացրվելուց հետո, տարբեր գործեր էր անում։
— Նա անվախ էր, միշտ հասնում էր իր ուզածին, միշտ օգնում էր կարիքավորներին, նրա բառապաշարում «ոչ» բառ չկար։ Դժվար մանկություն է ունեցել։ Հայրը լքել է ընտանիքը, երբ նա 4 ամսական էր։
Կարենն ուզում էր, որ իր երեխաներն ունենան այն ամենը, ինչ ինքը չէր ունեցել։ Ոչ մի աշխատանքից չէր խորշում․ քար էլ էր հանում, — շինարարության համար մի տեսակ սպիտակ քար է, չգիտեմ՝ ինչ է կոչվում, — դաշտերում էլ էր աշխատում։ Երբեք տուն չէր գալիս առանց երեխաների համար նվերների, թեկուզ մի փոքր բան միշտ բերում էր նրանց։

Սեպտեմբերի 27-ի կիրակնօրյա վաղ առավոտյան Մելանյան տան գործերով էր զբաղվում, երբ ուժեղ պայթյունի նման ձայն լսեց։ Դուրս վազեց։ Ստեփանակերտի կողմից թանձր ծուխ էր բարձրանում։ Մելանյան արագ հավաքեց երեխաներին ու վազեց նկուղ։
— Ինչ-որ կերպ միանգամից հասկացա, որ սա պատերազմի ձայնն է։ Հիշում էի այն 2016 թվականից։ Ճիշտ է, այն ժամանակ պայթյուններն այսքան մոտ չէին լսվում։ Այն ժամանակ քաղաքներն ու գյուղերը չէին ռմբակոծում։
Մոտ մեկ ժամ անց ադրբեջանական ԶՈւ-ն արդեն նրա գյուղն էր հրետակոծում։ Մելանյան երեք հարևան ունի։ Ամեն բակ մի արկ էր ընկել։ Մի տուն ու բակում կանգնած մեքենան այրվել էին։ Երկու արկ չէր պայթել, բայց վնասել էին իրենց ու հարևանի տունը։
Մի քանի օր Մելանյան ու երեխաները հիմնականում նկուղում են անցկացրել՝ անդադար պայթյունների տակ, որոնք, թվում էր, ամեն կողմից էին լսվում։ Հոկտեմբերի 3-ին Կարենը համոզել է նրան հավաքել իրերն ու երեխաների հետ տեղափոխվել Հայաստան։ Ինքն է նրանց բերել Երևան, խոստացել, որ չի գնա կամավորագրվելու, ու հետ է գնացել։
Հաջորդ օրը զանգել է, աշխույժ ձայնով հայտնել, որ իրեն զորակոչել են, բայց թող կինը չանհանգստանա․ իր տեղակայման վայրը իրենց տնից հեռու չէ, ու առաջնագծում՝ «վտանգավոր տեղերում», ինքը չի լինելու։
— Հոկտեմբերի 8-ի երեկոյան նորից զանգեց, ասաց․ «Ինձ համար մի՛ անհանգստացիր, ինձ մոտ ամեն ինչ լավ է, անվտանգ տեղ եմ։ Երեխաներին ուշադիր եղիր։ Մենք անպայման հաղթելու ենք»։ Տրամադրությունս բարձրացավ, հենց այդ ժամանակ հեռուստատեսությունից էին եկել մեզ մոտ, ես ուրախ ձայնով հարցազրույց էի տալիս նրանց, ոգևորված խոսում մեր մոտալուտ հաղթանակի մասին։
Հոկտեմբերի 9-ին Կարենն այլևս չկար։ Նա զոհվել է հրետակոծության տակ։ Հենց այն «վտանգավոր տեղում», որտեղ կատաղի մարտեր էին ընթանում։ Նա 29 տարեկան էր։
— Նա ինձ խաբել էր, հենց սկզբից առաջնագծում էր։ Իր կյանքը տվեց՝ հայրենիքը պաշտպանելով։
Իր կյանքը տվեց՝ հայրենիքը պաշտպանելով։ Մեր զրույցի ընթացքում Մելանյան այս արտահայտությունը շատ անգամ է ասում։ Հայացքն ուղղած ոչ մի տեղ։ Ասես փորձում է կա՛մ ինչ-որ կերպ արդարացնել մահը, կա՛մ անվերջ կրկնելով՝ ինքն իրեն հասու դարձնել կատարվածը։

Մելանյան ասում է, որ Արենը շատ է նման հորը։ Քայլվածքով, խոսելու, նեղանալու ձևով։ Երբեմն իրեն թվում է, թե փոքրիկ Կարենն է ժպտում իրեն։
— Տունը, որտեղ ապրում էինք, մերը չէ․ հեռավոր ազգականները ժամանակավորապես թույլ էին տվել ապրել։ Կարենն ասում էր, որ շատ կաշխատի ու մեզ համար տուն կկառուցի։
Նաև մեքենաների հանդեպ մեծ սեր ուներ։ Ինձ էլ էր ուզում մեքենա վարել սովորեցնել։ Ասում էր՝ ինչո՞ւ բոլորը պիտի ունենան, իսկ դու՝ ոչ։ Որդուն խոստանում էր մեքենա գնել՝ այնպիսի մեծը, որ կարելի է քշել։ Իսկ հիմա ահա՝ գնաց պատերազմ ու զոհվեց հայրենիքի համար, որ իր երեխաները խաղաղ ապրեն։

Երկհարկանի մանկապարտեզի մեծ խաղասենյակում աղմկոտ է։ Եվ շատ լուսավոր։ Հանկարծ ինձ թվում է, թե մեր գլխավերևում կինոյի լուսարձակներ են կախված։ Շուրջը հավաքված մարդիկ նկարահանող խումբն են, իսկ ես ու Մելանյան նստած կարդում ենք մեր մենախոսությունները՝ ինչ-որ մեկի գրած սցենարով։ Շուտով կհնչի՝ ստոպ, նկարահանված է, ռեժիսորի օգնականը կշրխկացնի չխկանը, ու պատերազմը կվերանա։ Եվ նրա ամուսնու մահը կվերանա։
Մելանյան բարձրաձայնում է կատարվողի անիրականության նույն զգացումը, որն ես ունեմ։
— Առաջին օրը՝ իմանալուց հետո, տղաս հարցնում էր՝ ինչու եմ լացում, պապան որտեղ է։ Ես պատասխանեցի, որ պապան Սարդի [Սարդ-մարդու] մոտ է աշխատանքի ընդունվել։ Դա նրա սիրելի կերպարն է։ Իսկ չի զանգում, որովհետև Սարդը նրա հեռախոսը կոտրել է, որ գործից չշեղվի։ Չգիտեմ՝ ինչպես ասեմ նրան։ Ի՞նչ ասեմ։ Որ նրա պապան հերոսաբար զոհվել է, որպեսզի իր գլխավերևում խաղաղ երկինք լինի՞։ Ինչպե՞ս կարող եմ ասել նրան, եթե ինքս էլ դեռ չեմ հասկանում՝ ինչ է պատահել։ Անընդհատ թվում է՝ հիմա կզանգի։
Ձայնը դողում է, աչքերը լցվում են արցունքներով, բայց նա կամքի ուժով թույլ չի տալիս, որ դրանք աչքերից թափվեն։ Ես կամքի ուժ չունեմ։ Նույնիսկ այնքան, որ վեր կենամ ու պարզապես գրկեմ նրան։ Ես կարող եմ ինձ թույլ տալ աթոռին լաթի պես թուլանալ ու արցունքներս չսրբել․ չորս տարեկան որդին ինձ չէ, որ վազելով մոտենում է, իմ աչքերին չէ, որ անհանգիստ նայում է։
Մելանյան ժպտում է նրան, շոյում գլուխը, ու տղան վազում է խաղալու։ Նրա աղջիկը, որը մինչ այդ մայրիկի թիկունքից զգուշավոր հետաքրքրությամբ ուսումնասիրում էր ինձ, բարձրանում է նրա ծնկներին։ Աղջիկը մոնղոլական աչքեր ունի ու ականջներին՝ ոսկե ականջօղեր։

Առաջնագծում են Մելանյայի հայրը, պապը, ամուսնու կրտսեր եղբայրը։ Մայրը՝ քույրերի ու տատիկի հետ, նույնպես տեղափոխվել է Հայաստան ու տեղավորվել ազգականների տանը։ Ազգականների տունը փոքր է, իսկ Մելանյայի հետ նաև նրա ծնողներից մեկի եղբոր կինն է եկել՝ երեխաների հետ․ բոլորը չէին տեղավորվի։
— Ուրախ եմ, որ հենց այստեղ ենք եկել։ Այստեղ տաք է, հարմարություններ կան, երեխաները խաղալու բան ունեն։ Շատ շնորհակալ եմ համայնքապետարանին, մանկապարտեզի տնօրենին, մեզ ամեն ինչով ապահովում են։
Ինչ կլինի հետո՝ Մելանյան չգիտի։ «Միայն թե խաղաղություն լինի, միայն թե մեր տղաները դադարեն զոհվել, մնացած հարցերում Աստված կօգնի, ինչ-որ դուռ անպայման կբացվի», — կամաց ասում է նա։ Սիրելի գյուղ այլևս չի ուզում վերադառնալ․ այնտեղ ամեն ինչ հիշեցնում է ամուսնու հետ իրենց երջանիկ կյանքը, այնտեղ երեխաներն անընդհատ հարցեր են տալու։
— Ես շատ ծանր ճանապարհ ունեմ անցնելու։ Գիտեմ, որ ուժեղ եմ։ Գիտեմ, որ պիտի հաղթահարեմ՝ աստիճան առ աստիճան, բայց առայժմ գաղափար չունեմ՝ ինչպես։ Գիտեմ, որ մարդը, որին սիրում եմ, այլևս չկա։ Ինձ ասացին, որ նրա մարմինն այրվել է այնտեղ՝ մարտի դաշտում։ Բայց սիրտը չի ուզում դա հասկանալ, սիրտն ուզում է, որ ողջ լինի։ Թող առանց ձեռքի կամ ոտքի վերադառնար, միայն թե վերադառնար։




