Երիկամ՝ բնակարանի դիմաց

Մերիին ու նրա՝ հաշմանդամություն ունեցող երկու երեխաներին մայիսի վերջին կվտարեն իրենց թվով տասներեքերորդ վարձով տնից։ Երկու տասնամյակ նա ապարդյուն փորձում էր պետությունից բնակարան կորզել։ Հիմա Մերին դրամահավաք է կազմակերպել և հավատում է, որ ոչ անտարբեր մարդկանց օգնությամբ վերջապես կկարողանա տուն ունենալ։

Почку за квартиру

Գլուխ I. Մերի՝ օրական քսանչորս ժամ մայր

Մերին զարթուցիչը դնում է առավոտյան ժամը հինգին։ Ամեն 10 րոպեն մեկ զարթուցիչը հիշեցնում է, որ պետք է վեր կենալ։ Վեցին հնչում է վերջին հիշեցումը, և այդ ժամանակ Մերին վեր է կենում։ Քնի մեջ անընդհատ նորից ընկնելու այս մեկ ժամը թերևս օրվա միակ ժամանակն է, որ Մերին անցկացնում է ինքն իր հետ մենակ։

Իր երեխաների մասին խոսելիս Մերին միշտ օգտագործում է «մենք» դերանունը։ Բայց սա մեծացած երեխաներին իրենից առանձնացնելու մայրական անկարողություն չէ։ Ոչ, նրա երեխաներն իսկապես իրենից կախված են գրեթե ամեն վայրկյան։

Ինքը հապճեպ լվացվելուց հետո Մերին դստերը տանում է լոգարան։ Վերջին յոթ տարում Սիրանույշը, որը մինչ այդ տեղաշարժվում էր անվասայլակով, սկսել է քայլել՝ դանդաղ, ծանր հենվելով մոր ձեռքերին։ Սիրանույշի լոգարանային առօրյան կարող է մի ամբողջ ժամ տևել. նրանց բնակարանում, ինչպես, ի դեպ, բոլոր նախորդներում, լոգարանները հարմարեցված չեն հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց։

Մերի
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Երբ մեր սեփական տունն ունենանք, ասում է Մերին, և աչքերը փայլում են, առաջին հերթին կքանդեմ անհարմար լոգարանը, նեղ դռնատեղը և նորը կսարքեմ՝ դստերս համար բոլոր հարմարություններով։ Խոհանոցի համար ցածր սեղանածածկեր կպատվիրեմ, իսկ պատերին բռնաձողեր կլինեն։

Եվ այդ ժամանակ Սիրանույշը կկարողանա ինքն իրեն սպասարկել և ինքնուրույն տեղաշարժվել տանը։

Հետո վեր է կենում որդին՝ Սամվելը։ Մինչ նա լվացվում է, Մերին երեխաների համար նախաճաշ է պատրաստում։ Դրանից հետո Սամվելի հետ ամբողջ օրով գնում են պարապմունքների՝ ընդմիջումներին տուն վերադառնալով արագ մի բան ուտելու։ Երբեմն Սիրանույշին էլ են իրենց հետ տանում, բայց ավելի հաճախ նա տանն է մնում՝ երաժշտական պարապմունքների ու գրքերի հետ։

***

Կիրակի օրերին անպայման գնում են մոտակա եկեղեցի՝ պատարագի։ Ծխականները երբեմն Մերիին գումար են առաջարկում և խնդրում այն երեխաների վրա ծախսել։ Առաջ Մերին անհարմար էր զգում ու հրաժարվում էր, բայց քահանան ասաց նրան, որ մարդիկ ի սրտե են իրենց օգնությունն առաջարկում, և պետք չէ մերժումով վիրավորել նրանց։ Եվ Մերին սկսեց ընդունել դրամական նվերներն ու դրանք ծախսել երեխաների համար հաճելի մի բանի վրա։

Օրինակ, եթե եղանակը լավն է, պատարագից հետո նրանց սրճարան է տանում։ Հատկապես սիրում են «Պոնչիկանոց» գնալ։ Այնտեղ համեղ է, էժան, և աշխատակիցները երեխաներիս շատ լավ են վերաբերվում, ժպտում է Մերին։ Ամենից շատ այնտեղ Սամվելին են սիրում. նա միակն է, ով իր հետևից միշտ հավաքում է սկուտեղն ու պլաստիկ բաժակներն ու ափսեները նետում աղբամանը։

Սամվել
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Ծննդյան օրերից բացի, ընտանիքն անպայման նշում է երկու տոն՝ Սուրբ Ծնունդն ու Զատիկը։ Ամեն տարի նրանք իրար ձեռք են բռնում և երազանք պահում, որ հաջորդ տոնն արդեն իրենց սեփական տանը նշեն։ Այս ձմեռ երեքն էլ ծանր հիվանդացան քովիդով. Մերին ուժ չուներ վեր կենալու և դստերը խնամելու, էլ ուր մնաց՝ Սուրբ Ծնունդը նշելու։ «Այս տարի տան երազանք պահելը բաց թողեցինք, բա հիմա ի՞նչ կլինի»,— շատ էր վշտացել Սամվելը։

Մերին ասում է, որ ամեն անգամ, երբ ձմեռային հագուստը դնում է վերնապահարաններում՝ ամառայինը հանելու համար, Սամվելը խուճապահար հարցնում է. «Նորի՞ց ենք տեղափոխվում»։

***

21 տարվա ընթացքում Մերին, որը երեխաներին միայնակ է մեծացրել (հայրը հեռացել է ընտանիքից, երբ երեխաները փոքր էին, և ընտանեկան կյանքին մասնակցել է միայն ալիմենտով՝ մինչև նրանց չափահաս դառնալը), երեք կառավարությունների օրոք թակել է բազմաթիվ կազմակերպությունների ու պետական կառույցների դռները։ Երկու տասնամյակում Մերին սովորել է պայքարել, սովորել է օրենքներն ու իր իրավունքները։

Այդուհանդերձ, տարբեր ատյաններին ուղղված՝ իրեն ու երեխաներին բնակարան տրամադրելու խնդրանքներն առավել հաճախ տարակուսանքի էին հանդիպում։ Կնոջը կա՛մ խորհուրդ էին տալիս երեխաներին հանձնել մասնագիտացված հաստատություն, կա՛մ ձեռքերը տարածում էին՝ իբր հաշմանդամություն ունեցող մարդկանց համար բնակարանային որևէ ծրագիր չկա։ Պետական կառույցներում, այնուամենայնիվ, հուսադրում էին, որ եթե իրեն մի բան պատահի, պետությունն անպայման հոգ կտանի իր երեխաների մասին։ Օրինակ՝ տեղավորելով հոգենյարդաբանական տուն-ինտերնատում։

Մի անգամ, այնուամենայնիվ, նրան «բնակարան» առաջարկեցին։ 24 քառ. մ. խցիկ՝ առանց խոհանոցի և փոքրիկ լոգարանով, Վետերանների տանը։ Երբ գնացին բնակարանը տեսնելու, Սամվելը սարսափահար դուրս թռավ «այդ բանտից» ու հրաժարվեց վերադառնալ այնտեղ։

Սամվել
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Երեք տարի առաջ Մերին դիմել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին։ Նրա խոսքով՝ այնտեղ խոստացել են մի քանի ամսում լուծել իր բնակարանային հարցը, իսկ մինչ այդ պարտավորվել են վճարել իր բնակարանի վարձը։

— Ասացին, որ երկու ընտանիք են վերցրել իրենց հոգածության տակ՝ մերը և ևս մեկը՝ տասներեք երեխայով։ Բնակարանի տերն իմացավ, որ Աննա Հակոբյանի հիմնադրամն է վճարում իմ վարձը, և այն 90 000-ից հասցրեց 200 000 դրամի։ Ստիպված եղանք այնտեղից տեղափոխվել։ Երեք ամիս անց նրանք (հիմնադրամը) հայտարարեցին, որ առայժմ բազմազավակ ընտանիքներով են զբաղվում, իսկ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ծրագիրն իրենց մոտ նախատեսվում է 2027-ին, խորհուրդ տվեցին այդ ժամանակ դիմել։ Սակայն այդ բազմազավակ ընտանիքի բնակարանի հարցն էլ չլուծեցին։ Հիմա բարի մարդիկ դրամահավաք են կազմակերպել, որ նրանց համար տուն գնեն։

***

Մերին պատմում է, որ փորձում է կազմակերպել երեխաների մշակութային կյանքը, որ բոլոր հնարավոր միջոցներով նրանց համար տեղացի ու արտասահմանցի արտիստների համերգների տոմսեր է ձեռք գցում։ Որ ամեն ամիս մի քիչ մի կողմ է դնում հաշմանդամության ամսական նպաստներից (ընդհանուր՝ 56 000 դրամ), իսկ ամռանը երկու-երեք օրով նրանց տանում Հայաստանի որևէ հանգստյան տուն։ Որպեսզի իրենց զրկված չզգան։

Լսում եմ նրան ու մտածում տներում փակված հաշմանդամություն ունեցող երեխաների մասին՝ հեռու հարևանների աչքից՝ իրենց անսխալ որոշմամբ, թե «գենետիկորեն վարակիչ է, ասենք, մանկական ուղեղային կաթվածը, չէ՞ որ այս երեխաների «հեռանկարային» եղբայրներն ու քույրերը դեռ պետք է ամուսնանան։ Մտածում եմ այն երեխաների մասին, որոնց փողոց չեն թողնում, որ շրջապատողների վերաբերմունքից չվշտանան։

— Ինչ լավ մայր եք դուք,— այս ամենը մտածելով՝ հիանում եմ նրանով։

— Ոչ,— առարկում է Մերին,— ես հիմար մայր եմ։ Պետությունը հաշմանդամություն ունեցող երեխայի համար կենսաբանական ծնողին ամսական 28 000 դրամ է վճարում, իսկ խնամակալին՝ ամսական 150 000 դրամ։ Պետությանը չի մտահոգում, որ մայր ունեցող երեխաները, իսկ մի օր նա այլևս չի լինելու, տուն ունենան։ Իսկ մանկատներից դուրս եկածներին բնակարան է տրամադրում։

— Լավ մայր լինեի, երեխաներին մանկատուն կտայի, երբ փոքր էին։ Իսկ ինքս կշարունակեի աշխատել։ Չէ՞ որ ռուսերենի ու անգլերենի մասնագետ եմ։ Մինչև երեխաների ծնվելը լավ դպրոցներում եմ աշխատել, լավ մանկատանը։ Ընկերուհիներս խորհուրդ էին տալիս հրաժարվել երեխաներից, որևէ ազգականի խնդրել նրանց խնամակալությունը ձևակերպել, ու թող պետությունն այդ գումարները վճարեր։ Հիմար էի, չհամաձայնեցի։ Հիմա տուն կունենային։

***

Մերին պատմում է, որ մի անգամ բնակարանի փող աշխատելու «շատ հաջող միջոց» էր մտածել՝ վաճառել իր երիկամը։ Հայաստանում դա արգելված է, բայց սև շուկան ոչ ոք չի վերացրել։ Այդպես Մերին գտավ մի տղայի, որը շտապ փոխպատվաստման կարիք ուներ։ Նրա ընտանիքը բնակարանն էր վաճառում՝ որդու համար երիկամ գնելու, իսկ Մերին երիկամն էր վաճառում՝ իր երեխաների համար բնակարան գնելու։ Արագ պայմանավորվեցին, Մերին արդեն մտքում կահավորում էր ապագա բնակարանը, բայց պարզվեց, որ որպես դոնոր՝ հիվանդի հետ անհամատեղելի է։ 

Հետո նրա երիկամի մեկ այլ թեկնածու հայտնվեց, և դարձյալ պարզվեց, որ անհամատեղելի են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ անհաջողություն, վշտանում է Մերին։ Ես լուռ եմ։ Փորձում եմ մարսել նրա ափսոսանքը։

Մերի
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

— Մեր այժմյան (վարձով) բնակարանը երկրորդ հարկում է և առանց վերելակի,— իմիջիայլոց ասում է նա՝ վերադառնալով այն թեմային, որը քննարկում էինք երիկամից առաջ։— Աղջկաս բարձրացնում եմ՝ ձեռքերիցս կախված։ 

— Ահա,— կառչում եմ «շանտաժի» հնարավորությունից,— իսկ ինչպե՞ս եք նրան բարձրացնելու մեկ երիկամով։ 

— Կբարձրացնեմ, կբարձրացնեմ։ Ես ամեն ինչ կկարողանամ, ամեն տեղ լուծում կգտնեմ, միայն թե երեխաները տուն ունենան։

***

Վերջին մեկ տարում ընտանիքի բնակարանի վարձը վճարում է Հայ առաքելական եկեղեցին, բայց ժամանակ մնացել է մինչև մայիսի վերջ։ Մերին համոզել է սպասել բնակարանի տիրոջը, որը Ռուսաստանից եկողների ալիքի ֆոնին (ինչպես կարծում է Մերին) հանկարծ հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել բնակարանը, և իրենք պետք է ազատեն այն։ Համաձայնել է մինչև հունիս սպասել, բայց բնակարանի վարձը բարձրացրել է 40 000 դրամով։ Մերին չի պատկերացնում՝ ուր են գնալու հունիսին։

Նա բանկային հաշիվ է բացել և բոլոր ոչ անտարբեր մարդկանց խնդրում է միանալ բնակարան ձեռք բերելու դրամահավաքին։

Բնակարանը պետք է Երևանում լինի, քանի որ երեխաների ամբողջ ուսումն ու վերականգնումը կենտրոնացած են Երևանում։ Եվ անպայման՝ բարձր հարկում։ Սամվելը ցածր հարկերում չի կարող ապրել։ Պատուհանի առաջ այս ու այն կողմ անցնող մարդիկ, ամառային բակում խաղացող երեխաների ձայներն ու մինչև ուշ գիշեր թուղթ կամ նարդի խաղացող մեծերի բարձր կանչերը նրա վրա չափազանց վատ են ազդում։ Մի անգամ առաջին հարկում էին ապրում։ Կես տարի անց ստիպված եղան փոխել բնակարանը. Սամվելը տանը գլխարկով ու ականջակալներով էր շրջում և իրենց բնակարանն անվանում էր «նկուղ»։

Իմ երեխաները, ասում է Մերին, սիրում են նայել երկնքին, արևածագերին ու մայրամուտներին։ Իմ երեխաները, ինչպես և ես, մինչև կյանքի վերջ երախտապարտ կլինեն այն մարդկանց, որոնք բարի գործ կանեն և կմասնակցեն դրամահավաքին, ավելացնում է նա։

Գլուխ II. Սամվել՝ ENDO աշխարհի ստեղծողն ու բազմալեզու ծրագրավորողը

Սամվելի փայտե կոնստրուկտորները, որոնք բնակվում են մի քանի փայտե դարակների վրա, տեղափոխությունների ժամանակ ամենամեծ գլխացավանքն են։ Մերին դրանք մի քանի հատով դնում է սկուտեղի վրա և զգուշությամբ տանում տնից տուն. բարեբախտաբար, բոլոր տասներեք բնակարանները մինչ այժմ իրարից ոտքով հասնելու հեռավորության վրա են եղել։

Երբ մեր սեփական տունն ունենանք, ասում է Մերին, այս բոլոր փայտե կենդանիներին, թռչող սարքերին, նավերին ապակու հետևում կդնենք։ Թե չէ չեք պատկերացնում, ծիծաղում է նա, թե ինչ դժվար է դրանց փոշին մաքրելը։

Վերջերս Սամվելը սառել է փայտե ֆիգուրներ հավաքելու հանդեպ։ Ավելի շատ կոմիքսներ է նկարում՝ մեծ ու փոքր դպրոցական տետրերում։ Երբեմն զվարճանալու համար, բայց ավելի հաճախ՝ ցանկությամբ, ասում է Սամվելն ու բացատրում. «Զվարճանքն այն է, երբ անելու բան չունես, վերցնում ու քեզ համար ինչ-որ բան ես նկարում։ Իսկ ցանկությունն այն է, երբ ուզում ես ու սրտից ես նկարում»։

***

Սամվելը բացում է հաստ վանդակավոր տետրը և ինձ տանում ENDO աշխարհ։ Սա մի հրաշալի աշխարհ է, որը փրկվել է բազմաթիվ այլ աշխարհների կործանումից հետո։ Այնտեղ ծառերն աճում են, ու ծաղիկները ծաղկում այնպես, ասես հավերժ գարուն լինի։ Այնտեղ ապրում են մարդիկ և «անսովոր մարդիկ» (դրանք կա՛մ կենդանիներ են, կա՛մ ռոբոտներ), որոնք արտաքին թշնամիների՝ եղջյուրավոր հրեշների դեմ կռվում են իրենց հողի վրա ազատ ապրելու իրավունքի համար։

ENDO աշխարհում շատ աղջիկներ կան՝ անպայման երկարամազ, երկարոտն ու փարթամ կրծքերով։ Նրանց դերերը խիստ բաշխված են. կա՛մ անմեղ աչքերով ու համեստորեն ծալած ձեռքերով, «ծաղիկներ սիրող» արքայադուստրեր են, կա՛մ խիստ հայացքով ու զենքը ձեռքներին ռազմուհիներ։ Եվ մեկը՝ նուրբ թևերով ու վճռական հայացքով. հրեշները կոտորել են նրա՝ հրեշտականման մարդկանց ցեղը, միայն նա է ողջ մնացել ու ապաստան գտել ENDO աշխարհում։

Սամվելը թերթում է էջերը։ Անցնելով հանդերձյալ աշխարհից ENDO-ի բնակիչներին սպառնացող վտանգի կողքով՝ ասես դժոխքի կաթսայից մեկնված ձեռքերի տեսքով, և վանականների ցեղի կողքով՝ հասնում ենք հսկա ռոբոտին։ Նրա կողքին չափերով շատ ավելի փոքր ռոբոտ է։ Փոքր ռոբոտը մեծ ռոբոտի տունն է, բացատրում է Սամվելը։

Սամվելը սեղանի մոտ
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

— Բայց ինչպե՞ս է նա այնտեղ տեղավորվում,— աչքերս լայնացնում եմ ես։
— Այ այսպիսի տարօրինակ ձևով,— իմ անհասկացողության վրա զարմանում է Սամվելը։— Երբ հսկա ռոբոտին պետք է տուն գնալ, նրա արհեստական բանականությունը լարով տեղափոխվում է այս տուփի՝ փոքր ռոբոտի մեջ։

Տուն ունի ոչ միայն հսկա ռոբոտը։ Սամվելի էջերի բոլոր կերպարների հետևի պլանում տներ են։ Մանրակրկիտ պատկերված պատուհաններով, երեսպատմամբ ու այլ մանրամասներով։ Բոլոր նկարները սև-սպիտակ են։

— Գույներ սիրում եմ, բայց չեմ ուզում իմ աշխատանքը փչացնել ոչ պրոֆեսիոնալ գունավորմամբ,— բացատրում է Սամվելը։

***

Սամվելը բարձր է խոսում՝ հստակ արտաբերելով ամեն տառը, և ոչ մի անգամ աչքերիս չի նայում։ Եթե չցանկանա, ընդհանրապես չի խոսի, եթե հոգնի՝ խոսակցությունը կեսից կդադարեցնի ու կհեռանա։

Սամվելն աուտիզմ ունի։ Դժոխքի բոլոր շրջաններով եմ անցել, ասում է Մերին, մինչև նրան ախտորոշեցին։ Առաջին անգամ ախտորոշումը հնչեց 8 տարեկանում։ Մինչ այդ երեխայի մոտ վարքային խնդիրներ էին նկատվում. չէր խոսում, գոռում էր, գլուխը պատերին էր խփում։ Բժիշկները, որոնց մոտ Մերին նրան տանում էր, կա՛մ ձեռքերը տարածում էին, կա՛մ արտասանում «շիզոֆրենիա» բառը։

Բոլոր մանկապարտեզները հրաժարվում էին նրան ընդունել։ Միայն մեկը համաձայնեց։ Մերին ստիպված եղավ բժիշկներին վճարել, որպեսզի տեղեկանք տան, որ իր երեխան առողջ է, «նորմալ» է և կարող է սովորական մանկապարտեզ հաճախել։ Նույն դժվարություններով և միայն մոր համառության շնորհիվ Սամվելն ու քույրը դպրոց ընդունվեցին։

Ագրեսիայի նոպաներ կարող են առաջանալ նաև հիմա, երբ Սամվելն արդեն 21 տարեկան է։ Բայց հիմա կողքին կան մասնագետներ, աուտիզմ ունեցող այլ երեխաների ծնողներ, որոնք աջակցում են միմյանց, վիտամիններ, որոնք նա ընդունում է ամբողջ տարին։

Կոմիքսներ նկարելը նրա համար լավագույն թերապիայի պես է, ասում է Մերին։ Դրանց միջոցով նա իր միջից դուրս է բերում լարվածությունը, ագրեսիան, իր ցանկությունները։ Այն ամենը, ինչ չի կարող կամ չի ուզում իրագործել արտաքին աշխարհի միջոցով, Սամվելն արտահայտում ու ապրում է կոմիքսների միջոցով։

Սամվելի ձեռքերը
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Սամվելը նաև հանգստանում է երաժշտություն ստեղծելով։ Նստում է դաշնամուրի մոտ ու նվագում։ Բայց դրա մասին չի կարելի խոսել, ինչպես նաև իր սիրած երաժշտության մասին։ Դա անձնական է, զգուշացնում է նա։

******

Սամվելը հագեցած կյանք ունի։ Մերին ցույց է տալիս օրագիրը, և աչքերս պատահական բառեր են որսում՝ անգլերեն, արմսոֆթ, կիբեր, Թյուրինգ, Դպրոց 42։ Այս ամառ Սամվելը պատրաստվում է ընդունվել պոլիտեխնիկական համալսարան՝ ծրագրավորող դառնալու։ Պետք է ամեն ջանք գործադրել, որ անվճար ընդունվի։ Ինչպես նրա քույրը՝ Սիրանույշը, որը մեզ համբերատար սպասում է հյուրասենյակի բազմոցին։ Բայց նրա մոտ ստացվեց, որովհետև թե՛ իր երաժշտական բաժնում մրցույթը փոքր էր, թե՛ ուղեղային կաթված ունեցող աղջկա հաշմանդամության աստիճանն առաջինն է։ Իսկ Սամվելը կարմիր դիպլոմ ունի, բայց հաշմանդամության երկրորդ աստիճան, և նրա ֆակուլտետ ընդունվել ցանկացողները շատ ավելի շատ են։ Նրան 50% զեղչ է հասնում։

Իսկ առայժմ Սամվելը հաճախում է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետին կից Թյուրինգի դպրոց, որտեղ ծրագրավորողները ծրագրավորման տարբեր լեզուներ են սովորում, և հենց ազատ ժամանակ է լինում՝ Դպրոց 42։ Սա ծրագրավորողների միջազգային դպրոց է, որը Հայաստանում արդեն երկրորդ տարին է գործում։ Այնտեղ ընդունվելու համար Սամվելը ստիպված է եղել բարդ քննություններ հանձնել և հարցազրույց անցնել։

***

Մերին բոլոր պարապմունքներին նստում է Սամվելի հետ։ Նա իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում անծանոթ վայրերում, օտար մարդկանց հետ, նրա համար դժվար է կենտրոնանալ։ 

Սամվելը տպավորիչ ինքնակենսագրական ունի, որտեղ, ի թիվս այլ բաների, նշված են ծրագրավորման բոլոր՝ կարծես թվով տասը լեզուները, որոնց տիրապետում է։ Մերին ու Սամվելն ինքնակենսագրականն ուղարկում են տարբեր կազմակերպություններ։ Գործատուները Սամվելին առաջադրանքներ են տալիս, հետո կանչում հարցազրույցի՝ լիովին վստահ, ծիծաղում է Մերին, որ իրենց մոտ կգա «հասուն մի տղամարդ, ոչ թե քսանմեկամյա երիտասարդ»։

Սամվելը հայտնվում է հարցազրույցին, և մարդիկ անմիջապես հասկանում են, որ նա իրենց նման չէ։ Եվ մինչ նրանք շփոթված դժվարանում են խոսակցություն սկսել, Սամվելի հուժկու թիկունքի հետևից դուրս է սուզվում Մերին ու արագ-արագ ասում. «Բարև ձեզ, մենք աուտիզմ ունենք։ Բայց մեզ համար դա խնդիր չէ, ձեզ համար էլ չի լինի»։

Սամվելի ձեռքի աշխատանքները
Սամվելի ձեռքի աշխատանքները։ Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Սակայն այդ բառը նրանց առաջ շրխկոցով փակում է անգամ ամենահյուրընկալ դռները։

— Վախենում են,— ասում է Մերին։— Կարծում են, որ աուտիստները մարդիկ են, որոնք չեն շփվում։ Նա մեզ պես չի էլ շփվում։ Շատախոսել չի սիրում։ Իսկ եթե հետաքրքիր լինի իրեն, կմիանա խոսակցությանը, հարցեր կտա։ Բայց գործատուներն ասում են, որ իրենց «կորպորատիվ անհատներ» են պետք։

Գլուխ III. Սիրանույշ՝ ոսկով շողացող մազերով գրքընթերցողը

Հյուրասենյակի սպասքապահարանի վրա Սիրանույշի լուսանկարներն են Ջորջ Քլունիի, Շառլ Ազնավուրի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնի և այլ հայտնի մարդկանց հետ։

— Նա (ցույց տալով Հեֆերնին) այնքա՜ն հրաշալի մարդ է։ Բռնում էր աղջկաս անվասայլակից ու նրան պտտեցնում Երևանի փողոցներով։ Տեսեք՝ ինչ կապեր ունենք, բայց 20 տարի անտուն ենք,— ծիծաղում է Մերին։

Սիրանույշը նստած է բազմոցին ու ժպտում է։ Նրա առաջ՝ փոքրիկ սեղանին, Ռյունոսկե Ակուտագավայի «Ռասյոմոն դարպասը» պատմվածքների ժողովածուն է։

— Ես գրքընթերցող եմ,— նկատում է Սիրանույշը։— Գիրք սկսելուց առաջ երկար ուսումնասիրում եմ հեղինակի կենսագրությունն ու այն, թե ինչն է նրան ոգեշնչել վեպը կամ պատմվածքը գրելու։

Եվ մինչ ես թերթում եմ գիրքը, նա երկար, մանրամասն պատմում է, թե ինչպես են Ակուտագավայի կյանքի իրադարձություններն արձագանքել նրա ստեղծագործությանը. «ահա, օրինակ, վերջին պատմվածքից կարելի է դատել նրա կյանքի ծանր ժամանակների, ես կասեի՝ անհուսության մասին», անսպասելի զուգահեռ է անցկացնում Ակուտագավայի և Պուշկինի ստեղծագործությունների միջև։ Մայրը նրան ընդհատում է այն պահին, երբ Սիրանույշը ոգևորված սկսում է վերլուծել Իսիգուրոյին։ Զուտ գրական, վեհաշունչ ռուսերենով։

Սիրանույշ
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

— Եթե չկանգնեցնես,— ժպտում է Մերին,— կարող է ժամերով խոսել։ Ամբողջ գիրքը կպատմի՝ ամենաաննշան կերպարների անուններով, ամենափոքր մանրամասների մասին դիտողություններով։ Նա հաճախ օրերով չի շփվում մարդկանց հետ, օրինակ՝ երբ պետք է քննության պատրաստվի։ Ու կարդում է, կարդում։ Դրա համար էլ բաց չի թողնում կարդացածի մասին իր մտքերն ու տպավորությունները կիսելու հնարավորությունը։

Իսկ Սիրանույշը, իմ սպորտային բլուզի վրա նկատելով կորգիի տեսքով կրծքազարդը, արդեն ինձ է մատուցում կորգիների արքայական ծագման ամբողջ պատմությունը։ Եվ քանի որ խոսքը շների մասին է, առիթը բաց չի թողնում վերադառնալու սիրելի Ճապոնիային՝ «Հաչիկո» ֆիլմի հիմքում ընկած իրական պատմության տեսքով՝ բոլոր տարեթվերով, բարդ անուններով ու տեղանքների աշխարհագրական անվանումներով։

***

Սիրանույշը հեռակա սովորում է Մանկավարժական համալսարանի դաշնամուրի և վոկալի բաժնի երկրորդ կուրսում։ Դասախոսները Սիրանույշի նվագն այսպես են լսում. Մերին հեռախոսով ձայնագրում է և ուղարկում նրանց։ Իսկ տեսությունը կոնսպեկտավորում է, ու միասին սովորում են։

Երաժշտության մեջ Սիրանույշը հայտնվել է, կարելի է ասել, պատահաբար։ Տարրական դասարանների աշակերտուհու լարված մատներն անգամ մատիտ պահել չէին կարողանում։ Դպրոցում խորհուրդ տվեցին երեխային դաշնամուրի տանել՝ մատները բացելու համար։ Երեք տարի սովորելուց հետո Սիրանույշը ոչ միայն հանգիստ պահում էր գրիչն ու մատիտը, այլև նվագում էր։ Հետո եղան երաժշտական դպրոցը, ուսումնարանը, կարմիր դիպլոմը և միանգամից՝ համալսարանի երկրորդ կուրսը։

— Երեք տարի անց գնացի երաժշտական դպրոց,— ասում է Սիրանույշը։
— Ոչ թե քայլելով գնացիր, այլ սայլակով,— ծիծաղելով բացականչում է մայրը։

Այդ ժամանակ Սիրանույշը տեղաշարժվում էր բացառապես անվասայլակով։

Մերի
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Սիրանույշը մեզ համար երգում է։ Նա բացարձակ լսողություն և մաքուր, մշակված ձայն ունի։ Մեկ այլ երկրում, ասում է Մերին, նա Կոնսերվատորիա էլ կընդունվեր։ Բայց այստեղ, համոզված է նա, ոչ ոք ժամանակ չի ծախսի հատուկ մոտեցման վրա մի աղջկա հանդեպ, որը բոլորի պես չի երգում ու նվագում. Սիրանույշը նստած է երգում, իսկ դաշնամուր նվագում է առանց ոտնակների։

***

Սիրանույշը 22 տարեկան է։ Երբ ծնվեց, բժիշկներից ոչ ոք չէր հավատում, որ գոնե երկու օր կապրի։ Նա վաղաժամ էր ծնվել՝ 1.2 կգ քաշով, կապույտ, անշարժ մի կծիկ՝ ինքնուրույն աշխատել չկարողացող թոքերով ու սրտով։ Բժիշկները Մերիին ասացին, որ երեխան գրեթե մահացել է, ու մխիթարեցին՝ դեռ երիտասարդ ես, ուրիշը կծնես։

Աղջկա մոտ թողեցին միայն այն ժամանակ, երբ նոր ծննդաբերած կինը վեր թռավ աթոռից և սկսեց գոռալ ու պահանջել իր երեխային։ Մորն ու աղջկան մեկ ամիս պահեցին հիվանդանոցում և մատը քունքին պտտեցնում էին, երբ Մերին իր փոքրիկ կապոցով քայլում էր հիվանդանոցի միջանցքներում ու աղջկա համար երգում աշխարհի բոլոր այն լեզուներով, որոնցով կարողանում էր երգել։ Մեկ ամիս անց բժիշկներն առաջարկեցին երեխային անջատել խողովակներից ու դեղերից և տուն տանել՝ դեռևս մեռնելու։

Մերին պատմում է, որ հարազատներն էլ սկզբում համակարծիք էին բժիշկներին։ Բայց երբ նրա մայրը եկավ հիվանդանոց ու տեսավ ոսկե մազերով, կապույտ աչքերով աղջկան, վազեց մանկական շապիկներ կարելու. չէ՞ որ խանութի սովորականները շատ մեծ էին մեկ կիլոգրամանոց փոքրիկի համար։

— Մազերս դեռ երկար ժամանակ ոսկեգույն էին, հետո մգացան,— միջամտում է Սիրանույշը։— Հիմա ոսկով փայլում են միայն այն ժամանակ, երբ դրանց վրա արևի լույս է ընկնում։

***

Այն մասին, որ աղջիկը մանկական ուղեղային կաթվածով էր ծնվել, ծնողներն իմացան գրեթե երկու տարի անց, պատահաբար, երբ այդ ընթացքում ծնված երկրորդ երեխային՝ Սամվելին, տարան նյարդաբանի մոտ, և նա Սիրանույշի կողմը նետեց. «Դժվար է լինելու ձեզ համար ՄՈՒԿ ունեցող երեխայի հետ»։

16 տարեկանում Սիրանույշին առաջին անգամ գլխի ՄՌՏ արեցին և երրորդ փորոքի կոլոիդ կիստա հայտնաբերեցին։ Դա մի այնպիսի գոյացություն է, որը կարող է ամբողջ կյանքում չաճել ու չտեղաշարժվել, իսկ կարող է մեկ վայրկյանում պոկվել, որևէ անցուղի փակել, և մարդը կմահանա։

Սիրանույշ
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Բժիշկները ենթադրել են, որ ուռուցքը կարող է Սիրանույշի հենաշարժողական խնդիրների պատճառը լինել, և որ եթե ուռուցքը հայտնաբերվեր ծնվելիս, հնարավոր կլիներ վիրահատել այն։ Բայց հիմա ոչ մի բժիշկ չի կարող ասել՝ ուռուցքը ծննդից ի վեր եղել է, թե հետո է առաջացել։

Սիրանույշն իր ուռուցքի մասին չի մտածում։ Ցավեր չունի, վախ էլ չունի։ Ի տարբերություն Մերիի, որը մշտապես հարցնում է դստեր ինքնազգացողության մասին, հետևում նրա շնչառությանը, «նույնիսկ գիշերն է արթնացնում ինձ, որ համոզվի՝ ողջ եմ, լավ եմ»,— քրքջում է աղջիկը,— ամեն կես տարին մեկ ՄՌՏ ու էնդոկրինոլոգի ստուգում է ձեռք գցում. Սիրանույշը նաև խպիպ ունի։

Վերջաբան

Վերջերս Մերին ավելի ու ավելի հաճախ է մտածում, թե ինչ է լինելու իր երեխաների հետ, երբ ինքն այլևս չլինի։ Անտուն լինելու դեպքում նրանց կտանեն մասնագիտացված գիշերօթիկ հաստատություն, բայց եթե բնակարան ունենան, միասին ինքնուրույն գլուխ կհանեն, համոզված է նա։ Նկատում է, որ Սամվելն արդեն հիմա իրեն ընտանիքի տղամարդն է զգում, հասկանում է, որ պետք է հոգ տանի քրոջ մասին։ Երկու երեխաների մտավոր կարողություններն էլ պահպանված են, և Մերին տհաճությունից կծկվում է, երբ մարդիկ, հանդիպելով Սամվելին ու Սիրանույշին, հաճախ իրեն հարցնում են. «Իսկ նրանք խոսել գիտե՞ն»։

Մերին պատմում է, որ վերջին երկու տասնամյակների ամբողջ ընթացքում պայքարել է, որպեսզի հասարակության վերաբերմունքն իր երեխաների և առհասարակ հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ փոխվի։ Եվ ավելացնում է, որ հետագայում էլ իր մեջ պայքարելու ուժ կգտնի, միայն թե բնակարանի հարցը ստացվի, թե չէ հիմա ուրիշ ոչ մի բանի մասին մտածել չի կարող. աչքի առաջ նշմարվում է մեկուկես ամսվա ժամկետը, որից հետո գնալու տեղ չունեն։

Ուշ գիշերը, երբ երեխաները կերակրված են, լվացված ու քնած, Մերին նստում է համակարգչի առաջ։ Երկու սվիտերի վրայից նաև ժակետ է գցում. բնակարանը տաքացնելու փող չկա, ստիպված է մի քանի շերտ հագուստ հագնել, իսկ ձմռանը՝ նույնիսկ ձեռնոցներ,— սոցիալական ցանցերում մեծ լսարան ունեցող ինֆլյուենսերների է գտնում, ընկերության հայտեր ուղարկում, ուրախանում ուրիշների ձեռքբերումներով և գրառումների տակ մեկնաբանություն գրում. «Թող Աստված պահապան լինի ձեզ։ Խնդրում եմ, օգնեք հաշմանդամություն ունեցող երկու երեխայի բնակարան ձեռք բերել»։

Մենք, որպես կանոն, համակարգային օգնության կողմնակից ենք։ Սակայն այս դեպքը կանոններից հազվադեպ ու զարմանալի բացառություն է։ Մերիի ընտանիքն արժանի է սեփական տուն ունենալուն, իսկ նրանց շատ քիչ ժամանակ է մնացել։ Կցում ենք Մերիի բանկային տվյալները, որպեսզի նվիրատվություն անելու հնարավորություն ունենաք։

INECOBANK

MERI MARTIROSYAN
2050059400491001 AMD
2050059400491020 USD
2050059400491040 EUR
2050059400491041 RUB
2050059400497001 ArCa

AMERIABANK

MERI MARTIROSYAN
1570004424570400 VISA

IDRAM
626121282