Գնդացիրով՝ մորեխի դեմ

«Երբ իմացա, որ աչքս կորցրել եմ, մտքումս արձանագրեցի այդ փաստը։ Մտածեցի՝ մյուս աչքը մնացել է, լավ է, կարող եմ տեսնել։ Երբ վերջապես կարողացա իմ ոտքով զուգարան գնալ, հայելու մեջ նայեցի։ Հետաքրքիր էր տեսնել՝ աչքից ինչ է մնացել։ Ես ընդհանրապես սիրում եմ անատոմիան, մարմնի կառուցվածքը»։

Вахагн

— Լսում եմ։ Ոչ, Վահագնն է։ Ինձ նորմալ եմ զգում։ Աչքս կորցրել եմ, գանգոսկրից էլ մի մաս հեռացրել են։ Առջևում աչքի պրոթեզավորման վիրահատություն ու ճակատի պլաստիկա է։ Ուզում եք իմանալ՝ ինչ օգնություն է ինձ պետք, ճի՞շտ հասկացա։ Դեղերի ու հետվիրահատական վերականգնման համար փող պետք կլինի, բայց առայժմ դժվարանում եմ կոնկրետ գումար նշել։ Շատ շնորհակալ եմ։

— Տես է՜, քաղաքապետարանից էին զանգել, — զարմանում է Վահագնը՝ հեռախոսը վայր դնելով։

Պատկերացնում եմ գծի մյուս ծայրում հնչող ձայնի տիրուհուն՝ մոտ 40 տարեկան մի կնոջ, որը հերթով զանգում է քսանամյա տղաներին ու, երևի մի քիչ շփոթված, ճշտում հասցեները, երբեմն անուններն է խառնում, զգուշությամբ հարցուփորձ անում վիրավորման մասին։ Թեթևացած, որ ամենադժվար մասն արդեն անցել է, հարցնում է՝ կոնկրետ ինչ օգնություն է անհրաժեշտ։

Հետաքրքիր է՝ էլի որևէ մեկը նրան պատասխանե՞լ է այդքան առօրյա տոնով՝ արտահայտությունները հստակ դասավորելով մինիմալիստական ֆիլմի կադրերի պես։

Վահագնը թատրոնի և կինոյի դերասան է։ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում «Օնեգինում» Լենսկու դերն է խաղացել։ Մանկուց պաշտել եմ թեթև, ոչ մի բանի վրա առանձնապես չծանրացող Վլադիմիրին՝ ի հակադրություն չափազանց խոր, ինքնավերլուծությամբ զբաղված ու դրա պատճառով կյանքի իմաստն անընդհատ կորցնող Օնեգինի։ Վահագնը նման է կենսուրախ Լենսկուն։

— Ի՞նչն է քեզ դուր գալիս դերասանի աշխատանքում։

— Որ կարող ես մի որոշ ժամանակ դադարել ինքդ լինելուց ու ուրիշը դառնալ։

Ֆյոդորը Վահագնին հարցուփորձ է անում իր ծրագրերի մասին հիմա, երբ վերադարձել է պատերազմից։ Վահագնը սպասում է, որ շուտով առողջական վիճակի պատճառով զորացրեն ու հաշմանդամության կարգ տան։

— Հետո ուզում եմ Պետերբուրգ գնալ, զարգանալ։ Այնտեղ գոնե թատրոնի վիճակը լավ է։

— Ընդմի՞շտ։

— Չէ, ընդմիշտ ոչ մի տեղ չեմ ուզում գնալ։ Աշխատել ու ապրել Հայաստանում եմ ուզում։ Ինքս զարգանամ, վերադառնամ ու այստեղ զարգացնեմ [ոլորտը]։

— Իսկ ինչո՞ւ այստեղ չի լինում զարգանալ։ Հայաստանում կինոարդյունաբերությունն այս պահին ընդհանրապես ի՞նչ է։

— Ծաղրուծանակ։ Մի տեսակ ճահիճ, որի մեջ եթե ընկնես, կկարողանաս կայուն փող աշխատել։ Օճառային օպերաներով։

— Բայց չէ՞ որ լավ ռեժիսորներ ու դերասաններ ունենք։ Ինչո՞ւ չեն կարող հավաքվել ու լավ ֆիլմ կամ ներկայացում ստեղծել։

— Այստեղ առաջ շարժվելու տարածք չկա։ Մեր դասախոսները (Թատրոնի և կինոյի ինստիտուտում) լավն էին։ Բայց նույնիսկ իրենք մինչև վերջ չեն իրացվել։ Աճելու տեղ չկա։ Այստեղ հաստատ Դի Կապրիո չես դառնա։

— Դե, Դի Կապրիոն էլ ամենալավ ֆիլմերից չի սկսել։

— Շատ հայտնի դերասաններ ընդհանրապես պոռնոֆիլմերից են սկսել, — ասում է Ֆյոդորը։

— Ահա թե որն է, պարզվում է, մեր խնդիրը, — ծիծաղում է Վահագնը։ — Հայաստանում պոռնոարդյունաբերություն չկա, որ թափ հավաքենք։

Վահագն
Լուսանկարը՝ Լիլյա Եժևիչկինայի

Միջնադարն ու լոլիկները

Վահագնին բանակ էին տարել օգոստոսի հինգին։ Ծառայում էր Յոթերորդ պաշտպանական կորպուսի՝ «Եղնիկների» տասներորդ գնդում։ Զորամասը մեկուսի կանգնած է անտառում, այնտեղ տանող ճանապարհը ամերիկյան բլրակներ է հիշեցնում, իսկ անձրևին այնպես է լվացվում-քանդվում, որ ամեն մեքենա չի անցնի։

«Եղնիկների» հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանը զորամասում մի փոքրիկ գյուղ էր ստեղծել։ Զինվորները խոզեր էին պահում ու ուտելուց հետո նրանց էին տանում կերակրի մնացորդները։ Դիրքերի մոտ բանջարեղեն էին աճեցնում։ Այսպես «Եղնիկներն» իրեն ապահովում է ներքին միջոցներով, եթե հանկարծ սննդի մատակարարումը կտրվի։ Դրա համար ադրբեջանցիները գնդապետին Քյոխ էին մականունավորել՝ «գյուղի ավագ»։

— Բնությունը՝ ասես միջնադար ընկած լինես։ Ուտելիքն այնքան էլ լավը չէ, կարտոֆիլն ինքդ ես մաքրում։ Զուգարանը գետի վրա մի փայտե արկղ է։ Ծխախոտի համար 116 հոգանոց դասակին մեկ բլոկ «Գառնի» են տալիս՝ ընդամենը մի երկու ծխելու է հերիքում, մնացածը տնից են ուղարկում։ Բայց հենց դժվարությունների շնորհիվ տղաներն այնտեղ ավելի անկեղծ են, ավելի համախմբված։ Այնտեղ իրարից ծխախոտ չեն թռցնում, այլ խնդրում են։

Սկսվեց

— Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 7.20-ին, ծխարանում կանգնած էի։ Մի կում սուրճ խմեցի, բաժակը դրեցի կոճղին, ծխախոտ վառեցի ու սարի մյուս կողմից պայթյուն լսեցի։ Սկզբում մտածեցինք՝ զորավարժություններ են։ Հետո էլի պայթյուն լսվեց, հրաման եկավ՝ զրահաբաճկոնները, սաղավարտներն ու զենքերը վերցնել, մտնել զորանոց ու պառկել մահճակալների տակ։

— Միանգամից հասկացա՞ք, որ պատերազմ է սկսվել։

— Հա։ Բայց մտածեցինք՝ Ապրիլյանի թեթև տարբերակն է լինելու։

— Ֆիլմի զգացողություն կա՞ր։

— Սկզբում՝ հա։ Ես, մի քանի ուրիշ զինվոր ու սերժանտներ նետվեցինք զենքի պահեստ, զրահաբաճկոններ վերցրինք, ամեն մեկս գլխին երեքական սաղավարտ դրեցինք, ձեռքներիս մեջ ինչքան զենք տեղավորվում էր, վերցրինք։ Բաժանում էինք՝ ու հետ։ Դռան կողքով արագ էինք վազում, որովհետև կարող էին արկ արձակել, ու բեկորը դռանը կպներ։

Ոչ բոլորը գիտեին՝ ինչպես պահունակները լցնել։ Երեք-չորս հոգի բոլորի փոխարեն էին լցնում։ Բութ մատս բշտիկներով էր պատվել։ Հետո բոլորին քշում էինք մահճակալների տակ՝ ամեն մեկի տակ երկու հոգի, քանի որ մահճակալները երկհարկանի էին, բոլորին տեղ չէր հերիքի։ Դա ոգևորիչ էր։ Իսկ հետո, երբ արդեն բոլորն ամեն ինչ ունեին, բոլորը հանգստացան, ֆիլմն ավարտվեց։

— Ինչքա՞ն այդպես պառկած մնացիք։

— 11.20-ին կրակելը դադարեց։ Շարվեցինք ու անտառ գնացինք։ Ճանապարհին նորից սկսեցին ռմբակոծել, ժայռի տակ թաքնվեցինք։ Շտապօգնության մի «բուխանկա» մեր կողքով բարձրացավ առաջնագիծ, հետ իջավ ջարդված ապակիներով։ Երկրորդ անգամ անցավ ծակծկված հետևամասով։ Ու այդպես անվերջ՝ մինչև գիշեր վիրավորներին բուժկետ էր տանում, այնտեղից էլ ԶԻԼ-ը տեղափոխում էր հոսպիտալներ։ Զորամասում չորս ԿԱՄԱԶ կար, բայց բոլորը փչացել էին, իսկ վարորդների ձեռքը չէր հասնում նորոգելուն։

ԿԱՄԱԶ-ներ։ Հիշում եմ՝ ինչպես Արագածոտնի մարզպետարանում օգնության իմ առաջարկին պատասխանեցին. «ԿԱՄԱԶ-ներ են պետք։ Ամեն տեղ։ Կարո՞ղ ես ճարել։ Թեկուզ մեկը։ Բայց աշխատող»։

Վահագն
Լուսանկարը՝ Լիլյա Եժևիչկինայի

Սովորական գործեր

— Գիշերն իջանք զորամաս։ Գիշերեցինք զորանոցում։ Շենքը չէր վնասվել, բայց արկերը շարահրապարակում հսկայական ձագարափոսեր էին թողել։ Փոքր եկեղեցուն էին խփել, որի կողքին Ապրիլյան պատերազմում զոհված տղաների հուշարձաններն էին կանգնած։ Երկրորդ արկից հետո լույսն ու կապը կտրվեցին՝ աշտարակին էին խփել։

Հաջորդ առավոտ իրերը, ուտելիքը վերցրինք, գնացինք անտառ, վրանները խփեցինք, տերևներով ծածկեցինք, թեև կամիկաձե դրոններից առանձնապես չէր օգնում։

Պառկած ենք՝ գետնին կպած, ու կամիկաձեն թռչում է։ Արձագանքով «բախ» է հասնում մեզ, ու մտածում ենք՝ ահա, ինչ-որ մեկը մեռավ։ Ու չգիտես՝ ով, որովհետև ռացիաներ չկան։

— Ինչո՞ւ։

— Լիցքը վերջացել էր։

— Պահեստային մարտկոցներ չկա՞յին։

— Դրանց լիցքն էլ էր վերջացել։

Բում ու բաբախ

Սեպտեմբերի 28-ը, ցերեկվա ժամը չորսի մոտ։ Մի պարզ, արևոտ օր։

— Ինձ համար նստած էի երրորդ գծում, ու հանկարծ՝ բաբախ։ Ու ահա, — ասում է Վահագնը։

— Հենց բաբա՞խ, ոչ թե բո՞ւմ, — ճշտում է Գրիգը։

— Ախպեր, բումները 40 մետրի վրա էին։ Մեզ մոտ բաբախ էր։

Բումն այն է, երբ հրետանին մեկ արկ է արձակում։ Բաբախը «Գրադների» համազարկային կրակն է։

— Ավելի լավ է առաջին գծում լինել։ Այնտեղ գոնե կրակում ես, մերձամարտ է։ Երրորդ գծում հիմարի պես կանգնած սպասում ես՝ երբ է բաբախը լինելու։
Մի խոսքով, մի տուփ շոգեխաշած մսի պահածո բացեցի։ Կեսը կերա, մնացածը մեկնեցի ընկերոջս։ Շրջվեցի։ Պայթյուն։ Ինձնից մի քանի մետր հեռու կույտ արած ավտոմատները ցրիվ եկան, շուրջս ամեն ինչ նարնջագույն դարձավ, ինքս թռա գետը։

Մոտ մի րոպե էլ գիտակցությունը պահվում էր։ Ցավ չէր զգում, սկսեց հուսահատորեն շարժել ձեռքերը։ Ձեռքերն էլ չէր զգում, բայց հասցրեց տեսնել, որ անվնաս են, աշխատում են։ Հետո նարնջագույնը փոխվեց սպիտակի։ Գիտակցությունը կորցնելուց առաջ տեսած վերջին բանը ջրի մեջ արյունն էր։

Վահագնը չի հիշում՝ ինչպես են իրեն գետից հանել, մեքենա դրել։ Մեքենայում ժամանակ առ ժամանակ գիտակցությունը վերադառնում էր։ Մոր համարը հիշեց, հեռախոս խնդրեց, զանգեց նրան, նախ նրա որպիսությունը հարցրեց, հետո աշխույժ ձայնով հայտնեց, որ վիրավորվել է, բայց «լուրջ բան չկա, պլաստիկա կանենք, կանցնի»։

Պլաստիկայի մասին Նինան է պատմում։ Վահագնը բողոքում է, թե «պլաստիկա» բառը չի ասել։ Իրականում զանգն էլ չի հիշում։ Ստիպված է հավատալ այն մարդկանց, որոնք կողքին են եղել այդ օրը և հաջորդ 11 օրերին, որոնք անցկացրել է արհեստական կոմայի մեջ։

— Ինձ կոմայի մեջ էին գցել, որովհետև գիտակցությունս միանում-անջատվում էր, ու սարսափելի ցավից ուղեղը կարող էր վնասվել, — բացատրում է Վահագնը։ — Ծրագիրն անջատել էին, որ գերբեռնվածություն չլինի։ Մի պահի քնել եմ, մի ուրիշ պահի՝ արթնացել։ Մեջտեղում ոչինչ չի եղել։

Վահագն
Լուսանկարը՝ Լիլյա Եժևիչկինայի

Կադրից դուրս

Այն 11 օրերին, որոնք Վահագնն անցկացրել է անգոյության մեջ, «կադրից դուրս» շատ բան էր կատարվում։ Այդ մասին Նինան է պատմում։

Նա ու Գրիգը՝ Վահագնի ընկերները, հերթապահում էին հոսպիտալի մոտ։ Հիվանդանոցի մուտքի մոտ խմբվել էին վիրավորների հարազատները։ Ներս չէին թողնում՝ քովիդ։ Ժամանակ առ ժամանակ հիվանդանոցից դուրս էին գալիս ու բարձրաձայն կանչում վիրավոր զինծառայողի անուն-ազգանունը։ Այդպես ընտանիքը տեղեկություն էր ստանում։ Վահագնի դեպքում բժիշկները հարազատներին զգուշացնում էին պատրաստվել վատագույնին։

Հոկտեմբերի 3-ին Նինան տոմսը հետ տվեց։ Հաջորդ օրը պետք է Ամերիկա թռչեր։

— Ես ու Վահագնը հուզականորեն շատ ենք կապված, — ասում է նա։ — Մենք երկար ժամանակ այսպիսի մի ծես ունեինք՝ ամեն երեկո կարծես սեղանին էինք դնում օրվա ընթացքում կուտակած լավ ու վատ էներգիաները և իրար փոխանցում, մինչև մեր էներգիաները մաքրվեին։ Պապս այդպես էր թեյը հովացնում՝ մի բաժակից մյուսը լցնելով։ Ինձ թվում էր՝ եթե հիմա գնամ, ինքը հաստատ չի փրկվի։

Նինան ու ընկերը հիվանդանոցի մոտ նստում էին առավոտյան 7-ից մինչև երեկոյան 10-ը։ Երկու րոպեն մեկ վիրավորներով շտապօգնության մեքենա էր մոտենում։ Հիվանդանոցի մուտքի մոտ կանգնած ոստիկանը գոռում էր մեքենաների վրա, որ չկանգնեն, շտապօգնության մուտքը չփակեն։ Հաջորդ օրը համարյա լաց էր լինում՝ աղաչելով արագ անցնել ու խցանում չստեղծել։

Սպասման օրերից մի օր նրանք տեղափոխվեցին դիմացի դպրոցի աստիճաններին։

— Պահակները մեզ մոտ էին դուրս գալիս, ուտելիք, ջուր առաջարկում։ Մեկն իր մեքենայի հետևի նստատեղերն էր հանել, որ ավելի հարմար նստենք։ Երբ անձրև սկսվեց, ավտոբուսներից մեկի վարորդը (այնտեղ վերջնակայան էր) մեր առաջ դռները բացեց։ Որոշ վարորդներ արդեն ոստիկանին էին օգնում մեքենաներին հեռացնել։

Առաջին օրը, երբ պապաս ասաց, որ Վահագնի վիճակը ծանր է, չդիմացա՝ մի կողմ գնացի ու լաց եղա։ Մի փոքրիկ-փոքրիկ երեխա մոտեցավ ինձ, ոտքս գրկեց ու հարցրեց՝ վա՞տ ես։ Ուզո՞ւմ ես՝ անձեռոցիկ բերեմ։

Այդ օրերին իսկական միասնականություն տեսա։

Նինա
Լուսանկարը՝ Լիլյա Եժևիչկինայի

Կապույտ աչքեր

— Ինչո՞ւ եմ մահճակալին կապված։

— Որ քեզ չվնասես։ Երևանում ես՝ հոսպիտալում։

— Չէ, ինչ-որ բան խառնում եք, ես Ղարաբաղում եմ։

Վահագնն այսպես արթնացավ։ Նրան ասացին, որ աչքը կորցրել է։ Նաև արկի բեկորը ճակատոսկրն էր վնասել։ Վիրահատություն պետք կլինի։

— Ի՞նչ զգացիր, երբ իմացար, որ աչքդ կորցրել ես։

— Մտքումս արձանագրեցի այդ փաստը։ Մտածեցի՝ մյուս աչքը մնացել է, լավ է, կարող եմ տեսնել։ Երբ վերջապես կարողացա իմ ոտքով զուգարան գնալ, հայելու մեջ նայեցի։ Հետաքրքիր էր տեսնել՝ աչքից ինչ է մնացել։ Ես ընդհանրապես սիրում եմ անատոմիան, մարմնի կառուցվածքը։

— Մի՞թե ընդհանրապես «Ինչո՞ւ ես։ Ինչո՞ւ ինձ հետ» հարցը չեղավ։

— Չէ։ Առաջին օրերին շատ ուժեղ սրտնեղություն կար՝ ասես ամեն ինչ կիսատ լիներ։ Դեռ չէիր հասցրել մասնակցել, արդեն վիրավոր պառկած ես։ Իսկ «Ինչո՞ւ ես»-ի մասին հոսպիտալում այսպես էինք մտածում՝ հոսպիտալում ես, ուրեմն փրկվել ես, ողջ ես։ Ուրեմն Աստված քեզ մի ուրիշ բանի համար է թողել, ուրեմն այս աշխարհում դեռ գործեր կան, որ պիտի ավարտին հասցնես։

Իմ բախտը դեռ շատ է բերել։ Պալատում վեց հոգի էինք, երբեմն՝ յոթ, տեղը չէր հերիքում։ Մեր հարկում մեծ մասը բեկորային վիրավորումներով էին։ Ինձ հետ պալատում մի տղա կար, որի ողնաշարը բեկոր էր խոցել, սաստիկ ցավերի մեջ էր, ձեռքերը կաթվածահար էին եղել։ Թավջութակահար էր։

Շուտով Վահագնի աչքը կպրոթեզավորեն, գլխի մեջ տիտանե թիթեղ կդնեն, ու «նորմալ դեմքը հետ կգա»։ Համաձայնում ենք, որ մեզ մոտ աչքի վիրահատությունները լավ են անում։

Մի համակուրսեցի ունեի, որի մի աչքը շագանակագույն էր, մյուսը՝ կապույտ, ապակե։ Վահագնը շատ գեղեցիկ կապույտ աչքեր ունի։ Գեղեցիկ կապույտ աչք։ Մյուսը՝ ոչ իսկականը, նույն տեսքը կունենա։

Ուրախանում ենք, որ մեզ մոտ ինչ-որ բան լավ է։ Պետք է լավի փշրանքներից կառչել, հավաքել ու պահել։

Խոսել

— Ամենամեծ վախը ե՞րբ ես զգացել։

— Երբ աչքիս մեջ ասեղ մտցրին՝ ցավազրկելու, որ կարեն։

— Դա պատերազմի սկզբից ի վեր ամենամե՞ծն էր։

— Երևի՝ միակը։

Բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ ակամա հոգեթերապևտ եմ խաղում՝ հոգեվնասվածքներ եմ փնտրում։

— Պետք չէ փնտրել։ Հոգեվնասվածքներ չունեմ։ Հոսպիտալում մեզ մոտ հոգեբան էր գալիս։ Նստում էր մահճակալի կողքին ու կամաց զրուցում հիվանդի հետ։ Ես հրաժարվեցի նրա ծառայություններից։ Ես այդպիսի մարդ եմ՝ հոգեկանս կայուն է, արագ եմ վերականգնվում։

Սկզբում տարօրինակ էր, երբ հիվանդանոցից դուրս եկա։ Բանակ, համազգեստ, կարգապահություն, կանոնագիրք, հոսպիտալ, ու հանկարծ՝ արդեն Կասկադում նստած սուրճ ես խմում։ Բայց արագ վերակառուցվեցի։ Մի քանի օր բարձր ձայներից ցնցվում էի։ Անցավ։ Շատ սարսափ չէի հասցրել տեսնել, ոչ ոք չգիտի՝ ինչ կլիներ, եթե ավելի երկար մնայի պատերազմում։

— Հոսպիտալում հոգեբաններին ինչպե՞ս էին վերաբերվում։

— Ընդհանուր առմամբ՝ անլուրջ։ «Ուղեղ շտկողներ» էին ասում։ Դե, մեր հասարակության մեջ այդպես է ընդունված։ Կարծում եմ՝ պարտադիր չէ հոգեբան լինել, կարելի է պարզապես գալ, մարդու հետ խոսել, ու նա կթեթևանա։ Ահա ինչպես մենք հիմա խոսում ենք։

Վահագնն ու ընկերները
Լուսանկարը՝ Լիլյա Եժևիչկինայի

Սերունդ

— Ձեր սերունդն ինձ շատ է դուր գալիս, — աշխույժ ասում եմ ես։ — Արագ, գործնական, առանց ավելորդ ռոմանտիկայի, իր ուզածն իմացող։ Հավատում եմ, որ ձեր սերնդին կհաջողվի հրաշալի երկիր կառուցել։

Զգում եմ՝ աչքերս փայլեցին։ Ուրախությամբ արձանագրում եմ այդ զգացողությունը, ինչպես կյանքի ամեն հազվադեպ դրսևորում իմ արդեն գրեթե եռամսյա անկենդանության մեջ։ Ինձ իսկապես շատ են դուր գալիս այս երիտասարդները՝ սերունդն ընդհանրապես և հատկապես իմ առջև նստած երեքը՝ Վահագնը՝ 21, Գրիգը՝ 23, Նինան՝ 19։

— Բայց մեր սերնդին ամբողջությամբ կոտորեցին, — պարզ ասում է Վահագնը, ասես կադր է կառուցում։

Բառերը կացնի բութ կողմով գլխիս հարվածի պես ինձ վերադարձնում են սոսկալի իրականություն, որից օրը մի քանի անգամ դուրս եմ ընկնում։ Նրա սերունդն արդեն պառկած է Եռաբլուրում՝ ծաղիկների կույտի տակ, արցունքների ու քարացած լռության տակ, ցույցերի դոփյունի տակ։ Պառկած է՝ հաջորդ սերնդին լույս աշխարհ գալու հնարավորությունից զրկած։

Հերոս

— Քո հասցեին հաճա՞խ ես լսում «հերոս» բառը։

— Հա, ու դա ինձ դուր չի գալիս։ Ինձ հերոս չեմ համարում։ Ես պարզապես այնտեղ եմ եղել։ Հերոսական ոչինչ չեմ արել։

— Իսկ ո՞վ է հերոսը։

— Հոսպիտալում ինձ հետ մի տղա էր պառկած, որը դիպուկահարի նշանառության տակ իր վիրավոր ընկերոջն էր դուրս բերել։ Գիտակցաբար հնարավոր մահվան էր գնացել, որ ընկերոջը դուրս բերի։ Դա է հերոսությունը։

Կամ երբ գիտես, որ ոչ ոք քեզ կրակով չի պաշտպանում, թշնամին տանկերով առաջ է գալիս, իսկ դու երեք արկով նռնականետ ունես, ու վերջ։ Ընտրություն ունես՝ փախչել, բայց կանգնած ես մնում։ Հերոս։ Փախչողներ էլ շատ եղան։

— Իսկ եթե մեկը փախել է, որովհետև վախեցել է, դատապարտո՞ւմ ես։

— Չեմ կարող նրանց դատապարտել։ Նրանց տեղը չեմ եղել ու չգիտեմ՝ ինքս ինչ կանեի։ Գիտեմ տղաների, որոնց հոգեկանը վնասվել է ընկերների մահերը տեսնելուց, այն գիտակցումից, որ հինգ րոպեից իրենք էլ կարող են այնտեղ պառկած լինել։

Ոչ ոք գործնականում չգիտեր՝ սա ինչ պատերազմ է։ Դրոնների մասին դեռ Ապրիլյան պատերազմից գիտեինք։ Բայց քչերն էին գործնականում պատկերացնում՝ իրականում ինչ է դրոնը։ Իսկ մեր զենքը ոնց որ գնդացիրով մորեխի հետևից ընկնեիր։

Արդարություն

— Ինձ տանջում է այն անարդարության միտքը, որ ոմանց կյանքը պետք է պաշտպանել ուրիշների կյանքի հաշվին։ Ասես քո կյանքն իմից պակաս կարևոր է։

— Իսկ աշխարհում արդարություն չկա։ Ասենք՝ պապս ժամանակին շատ բան է գողացել ու ինձ բանակից ազատել։ Քոնը չի կարողացել, կամ իմը հենց նրանից է գողացել։ Ես բանակից թռել եմ, դու գնում ես բանակ։ Այդպես է ստացվել։

Երբ դադարում ես արդարության մասին մտածել, սպասումների, պատրանքների կարիքը վերանում է։ Միայն քեզնից ես սպասում։ Այդպես ապրելն ավելի հեշտ է։

Դեռ մանկապարտեզում եմ հասկացել, որ արդարություն չկա, երբ մի ուրիշ երեխա խաղալիքս գողացավ, ու դաստիարակները չմիջամտեցին։ Թեև պիտի միջամտեին։ Այդ ժամանակ ընտրություն ունեի՝ ուժով հետ վերցնել խաղալիքը կամ թողնել նրան։ Որոշեցի թողնել։ Խաղալիքը նախընտրեցի տալ, Հայաստանը չեմ տա։

— Չարություն չի՞ առաջացել նրանց հանդեպ, ովքեր այստեղ էին՝ հարմարավետության ու անվտանգության մեջ։

— Ես ընդհանրապես ոչ մեկի հանդեպ չարություն չունեմ։ Նույնիսկ այն ադրբեջանցու, որն իմ վրա արկ է արձակել։ Ո՛չ ինքն է մեղավոր, ո՛չ ես։ Մեզնից ամեն մեկը հրաման էր կատարում։

Ոչ միայն … մասին

— Որտե՞ղ էիր նոյեմբերի 9-ին։ Ինչպե՞ս իմացար, որ պատերազմն ավարտվել է։

— Տանը։ Մամաս համացանցում կարդաց։ Սկզբում չհասկացա՝ ո՞նց, ինչո՞ւ, ինչի՞ համար։ Հետո մտածեցի՝ զոհերն ավելի շատ կարող էին լինել։ Կարող էր ավելի վատ լինել։ Մի տեսակ ընդունեցի, որ հիմա այսպես է։

— Ի՞նչ պետք է անենք։

— Բանակն ուժեղացնենք։ Ներքին արտադրություն։ Փորձենք ինքնաբավ դառնալ։ Հիմա գոյատևման փուլում ենք, բայց մարդիկ չեն ուզում դա ընդունել, ուզում են հարմարավետ ապրել՝ ոչ մի բանի մասին չմտածելով։ Հաշվի չնստելով այն ամենի հետ, ինչ կատարվում է Երևանից, Հայաստանից դուրս։

— Ծառայակիցներիդ հետ շփվո՞ւմ ես։

— Ոմանց հետ՝ հա։

— Ինչի՞ մասին եք խոսում։

— Առայժմ, ցավոք, միայն պատերազմի մասին։ Բայց եթե շփումը շարունակվի, ուրիշ թեմաներից էլ կխոսենք։ Մի օր։ Հիմա բոլորը ցեղասպանության վիճակում են, բայց դա կանցնի։ Անպայման կանցնի։