— Երբ կինն ասաց, որ իր երեխան տասնհինգ տարի արև չի տեսել, ներսումս ամեն ինչ կտոր-կտոր եղավ։ Նայում էի նրան ու մտածում՝ հասկանում եմ, որ Մարտունին հետ ընկած տեղ է, բայց քսանմեկերորդ դարն է, իսկ տղան իր ամբողջ կյանքում նույնիսկ բակ դուրս չի եկել։ Կատաղած էի, պատրաստ էի հոշոտել բոլորին՝ մորը, հիվանդանոցին, հարևաններին, պաշտոնյաներին։ Շրջանակն անընդհատ ընդլայնվում էր, ու հանկարծ հասկացա, որ ես ինքս էլ այդ շրջանակի մեջ եմ։ Ես մի հասարակության մասն եմ, որը չի մտածում շփվելու և շարժվելու հնարավորությունից զրկված մարդկանց մասին։
Ինքս ինձ հարցրի՝ ի՞նչ կարող եմ անել այս երեխայի համար հենց հիմա։ Նրա նման մյուս երեխաների համա՞ր։ Ինտեգրում՝ ահա թե ինչ է նրանց պետք առաջին հերթին։ Մի գիշերում գրեցի մի ծրագիր, որն անվանեցի «Արվեստը դռներ է բացում»։ Դրամաշնորհային հայտ գրելու իմ առաջին փորձն էր։ Ստացվեց։ Այդ տղան՝ Վահեն, իր հսկայական, կենդանի աչքերով ներթափանցեց հոգուս մեջ ու ամեն ինչ փոխեց։ Իսկ ես սկսեցի փոխել ուրիշներին։
— Ձեր հարմարավետ վերականգնողական սենյակում տեսել եմ Վահեի ու նրա մոր ուրախ դեմքերը։ Մայրն այնպիսի հպարտությամբ էր պատմում որդու ձեռքբերումների մասին։ Դժվար է պատկերացնել, որ սա այն կինն է, որը տասնհինգ տարի իր երեխային փակված է պահել։
— Այո, Վահեն, կարելի է ասել, «Ոսկեփորիկի» խորհրդանիշն է, բայց մեր լավագույն ձեռքբերումը ես կհամարեի նրա մոր հետ տեղի ունեցած փոփոխությունները։ Նա կենդանի ապացույց է, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ Այո, երեք տարվա տքնաջան աշխատանք պահանջվեց, բայց արժեր։
— Վերադառնանք երեք տարի առաջ։ Դու ստեղծել ես մի վայր, որը փոխում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքը, այլև նրանց ընտանիքների ու նախապաշարմունքներով համակված հասարակության աշխարհայացքը։ Ինչպե՞ս օպերային երգչուհին որոշեց զբաղվել հաշմանդամություն ունեցող երեխաներով, այն էլ՝ Մարտունիում։
— Բոլորովին պատահաբար, եթե այս աշխարհում որևէ բան պատահաբար է լինում։ Բայց այդ դեպքում պետք է վերադառնանք ոչ թե երեք, այլ տասնմեկ տարի առաջ։
Կոնսերվատորիայի ուսանողուհի էի։ Ֆիլմում գլխավոր դեր էի խաղում, օպերայում գլխավոր դերերգն էի կատարում, կյանքս հագեցած էր, ու չէի պատրաստվում որևէ բան փոխել դրանում։ Եվ ահա մի օր երթուղայինով գնում եմ, հետևի նստարանին ռիթմիկ վերուվար անելով, ու զանգ եմ ստանում համակուրսեցուս ծնողներից մեկի եղբորից՝ մի կոմպոզիտորից, որն առաջարկում է երաժշտության ուսուցչուհի աշխատել նախադպրոցական տարիքի երեխաների քոլեջում։
Ինձ ասացին, որ մոտ ութ երեխա է լինելու, բայց սկզբում դարձան քսանութ, հետո՝ հիսունութ։ Գրեցի իմ մեթոդաբանությունը, որը հետագայում վերցրեց Մանկավարժական համալսարանը։ Այն հիմնված էր այն բանի վրա, որ ցանկացած երեխա, նաև մեծահասակ, ի վիճակի է զարգացնելու իր երաժշտական ընդունակությունները։

Չի լինում, որ երեխան «երաժշտական լսողություն չունենա»։ Եթե երեխան լսում է, ուրեմն կարող է երգել։ Եթե չի երգում, նշանակում է՝ հոգեբանական արգելքներ ունի։ Ինձ հաջողվում էր դրանք վերացնել, ու երեխան սկսում էր երգել։
Այն, ինչ այն ժամանակ բնազդով էի անում, հենց թերապիա էր։ Իմ այն երեխաներն այժմ 14-15 տարեկան են, հետևում եմ նրանց՝ շատերն ընտրել են երաժշտական կարիերա, ու հետաքրքիր է, որ ընտրել են հիմնականում այն երեխաները, որոնց մոտ սկզբում ընդունակություններ չէին բացահայտվել։
Մեկ տարի անց ինձնից անկախ խնդիրներ առաջացան, ու հեռացա քոլեջից։ Որոշումը մեծ դժվարությամբ տրվեց։ Գնացի Գերմանիա սովորելու՝ վոկալս զարգացնելու, բայց մտքիս մեջ միշտ կար մի օր երեխաների մոտ վերադառնալը։
— Վերադարձար, և ի՞նչ։
— Դեռ Երևանի կոնսերվատորիայում ծանոթացել էի Անի անունով մի աղջկա հետ, որը Սիբիրից եկել էր վոկալ սովորելու։ Նա չորս տարեկանում Մարտունուց տեղափոխվել էր այնտեղ։ Երբ նա ընդունվեց, ես ավարտում էի։ Բայց այդպես պատահում է՝ տեսնում ես մարդուն ու միանգամից հասկանում, որ քոնն է։
Շատ մտերմացանք, միասին ելույթ էինք ունենում, գնացինք Սիբիր՝ նրա ընտանիքի մոտ։ Անին ավարտեց կոնսերվատորիան, ծնոտի հետ կապված խնդիրներ ունեցավ, պետք է բրեկետներ կրեր, ու ժամանակավորապես չէր կարող երգել։ Որոշեց այդ ընթացքում ապրել Մարտունիում։ Այնտեղ փորձեց աշխատանք գտնել, փորձեց դպրոցում աշխատանքի անցնել, բայց ոչ մի բան այն չէր։
Եվ ահա մի օր ճաշում ենք, ու ես իմիջիայլոց ասում եմ. «Լսի՛ր, տասնչորս տարի առաջ մեթոդաբանություն եմ գրել, գուցե Մարտունիում կենտրոն բացենք, դրանո՞վ աշխատես»։
Սեպտեմբերի հինգին որոշեցինք, հոկտեմբերի հինգին արդեն բացեցինք նախադպրոցական տարիքի երեխաների «Ոսկեփորիկ» գեղագիտական զարգացման կենտրոնը։ Այնտեղ վճարովի պարապմունքների էին գալիս «սովորական» երեխաները։ Երկու ամսում մեր նկարչության, պարի ու թատրոնի խմբակներում 120 երեխա եղավ, ու ամբողջությամբ հետ բերեցինք սենյակի վերանորոգման, նյութերի ու կահույքի ձեռքբերման համար ներդրած գումարը։
Կես տարի անց որոշեցինք մշտադիտարկում անել՝ հասկանալ, թե Մարտունիում ինչպես են մեզ վերաբերվում, որքան լավ են մեզ ճանաչում։ Սկզբում և՛ Անիի հարազատները, և՛ քաղաքապետարանի աշխատողները մեր գաղափարին բավական թերահավատորեն էին վերաբերվել, թե՝ դուք տեղացիներին չգիտեք, մեզ մոտ սա [ինտեգրումը] չի աշխատի։

Պատահական ընտրությամբ տնից տուն էինք գնում, ծանոթանում, պատմում «Ոսկեփորիկի» մասին, բուկլետներ բաժանում։ Եվ ահա մի դուռ եմ թակում, բացվում է, ու շեմին կանգնած է մի տղամարդ՝ ձեռքերին ինչ-որ անհասկանալի բան։ Նրա հետևից մի կին է հայտնվում ու արագ շրխկացնում դուռը։ Հասցնում եմ հասկանալ, որ նրա ձեռքերին մարդ էր՝ ամբողջովին կուչ եկած, հսկայական, գիտե՞ս, կանչող աչքերով։ Ու ես գնացի այդ կանչին ընդառաջ։ Դռան հետևից սկսեցի բացատրել, թե ով եմ, խնդրում էի բացել, ասում էի, որ նրանց վնաս չեմ պատճառի։
Դուռը նորից է բացվում, կինը խնդրում է իրենց հանգիստ թողնել՝ բառերի տարափ թափելով վրաս. «Սա մեր խաչն է, մենք այն կրում ենք, մեզ ոչինչ պետք չէ, պարզապես մեզ հանգիստ թողեք։ Տասնհինգ տարի ոչ ոք չի մտահոգվել՝ մեր երեխային որևէ բան պե՞տք է, ոչ մի բժիշկ չկարողացավ մեզ օգնել, մենք մուրացկան չենք, ձեր օգնությունը մեզ պետք չէ, երեխան նույնիսկ անձնագիր չի կարող ստանալ»։
Այսինքն՝ մեկ րոպեից էլ քիչ ժամանակում սեղմ ստանում եմ այդ տասնհինգամյա տղայի խնդիրների ամբողջ շրջանակը, իսկ նա ութ տարեկանի տեսք ունի։
Դա հենց Վահեն էր։ Ի վերջո մեզ տուն թողեցին, ու ես նորից տեսա նրան։ Բացի աչքերից՝ ոչինչ չէր շարժվում, բոլոր մկանները չափազանց լարված էին։ Շարժվելու կարիք էլ չուներ։
— Երևի չգիտեր էլ, որ այդպիսի կարիք պետք է լինի։
— Դե այո, նրան վերցնում էին, տեղից տեղ դնում, կերակրում, ամեն ինչ անում նրա փոխարեն, արդեն ուժեղ սպաստիկություն էր առաջացել, ի՞նչ շարժվելու մասին է խոսքը։ Սկսեցի շփվել նրա հետ, ու տղան սկսեց ժպտալ։ Միայն աչքերով, առանց դիմախաղի։ Սառույցը կոտրվեց։ Մի րոպե անց մենք բոլորս՝ մայրը, հայրը, տատը, ես, մեր խումբը, արդեն նստած բարձրաձայն լաց էինք լինում։ Իսկ ժպտացող Վահեն նայում էր մեզ։ Սյուրռեալիստական պատկեր։
Հենց այդ պահին ներսումս ինչ-որ բան կտտաց։ Մինչ այդ նրա ոլորված մարմինն իմ մեջ այն վախն էր առաջացնում, որը շատերն ունեն՝ չգիտես ինչպես մոտենալ, ինչ անել։ Գիտեմ՝ շատերի մեջ այդ վախից թելադրված՝ շրջվելու ու հեռանալու ցանկություն է առաջանում։ Ես հանկարծ ցանկացա գրկել նրան։
— Առաջին անգա՞մ էիր այդքան մոտիկից հաշմանդամություն ունեցող երեխա տեսնում։
— Ֆիզիկական հաշմանդամությամբ՝ այո։ Մինչ այդ աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատելու փորձ ունեի, բայց ամեն ինչ բավական մակերեսային էր։ Աշխատում էի միայն ինձ համար հարմարավետ գոտում, երբեք ինձ սթրեսի չէի ենթարկում։ Երբեք մտքովս չէր էլ անցել աշխատել «այդպիսի» երեխաների հետ։
Բայց երբ Վահեի մայրն ասաց՝ տասնհինգ տարի իմ երեխան արև չի տեսել, հետդարձի ճանապարհ այլևս չկար։ Նստեցի ու գրեցի իմ ծրագիրը։ «Արվեստը դռներ է բացում», որովհետև արվեստն իմ ուղին է, մեր բոլոր ծրագրերը դրա հետ էին կապված, նույնիսկ «Ոսկեփորիկ» կենտրոնը բացվեց իմ «Արտիսսիմո» ՀԿ-ին կից, որը ստեղծվել էր որպես մի վայր, որտեղ հավաքվում էին համարձակ ու տաղանդավոր մարդիկ ու արվեստով զբաղվում։

Դեռ «Ոսկեփորիկից» առաջ իրականացնում էինք «Լուսատուներ» ծրագիրը, որը համավարակի պատճառով ժամանակավորապես դադարեցվեց։ Մարզերից երեխաների՝ նկարիչների ու երաժիշտների էինք ընտրում, նրանց համար հանդիպումներ, աշխատարաններ, իրենց կուռքերի հետ համատեղ ելույթներ կազմակերպում, հնարավորություն տալիս տեսանելի ու լսելի լինելու, գեղագիտական զգացողություն դաստիարակում։ Երեխաների միջև մրցույթներ չունեինք, միայն ելույթներ ու ցուցահանդեսներ։
Այդ ծրագրի շրջանակում ցուցադրեցի աուտիզմ ունեցող մի տղայի նկարները։ Նա մի երեխա էր, որի համար դժվար էր շատ մարդկանց մեջ լինելը, բայց հաշվետու համերգին բոլորի հետ բեմում կանգնած էր։
Արվեստն այն տարածքն է, որտեղ բոլորը հավասար են, որտեղ բոլոր երեխաները կարող են շփվել ու հարաբերություններ կառուցել։ Բացի այդ, Մարտունիում դրանից զրկված են նաև «սովորական» երեխաները։ Չորս ամսվա ընթացքում, քանի դեռ տևում էր «Արվեստը դռներ է բացում» ծրագիրը, Երևանից արվեստի տարբեր ուղղությունների մարդկանց էինք հրավիրում, ու նրանք շփվում էին երեխաների հետ։ Ծրագրում 500 «սովորական» երեխա կար, ու մենք ընդգրկեցինք ևս 12 հաշմանդամություն ունեցող երեխայի։
Մարտունեցիների մեջ «անսովոր» երեխային ընդունելու նույն ներքին հակասությունը կար, ինչ իմ մեջ՝ մինչև Վահեն։ Առաջին քայլը մի տարածք ստեղծելն էր, որտեղ նրանք կհանդիպեին, նրանց միջև երկխոսություն կկայանար։
Կարողացանք շատ ուրախ ու դրական մթնոլորտ ստեղծել՝ առանց խղճահարության ու առանց արցունքների։
Չորս ամսում շատ երաժիշտներ, նկարիչներ, տիկնիկագործներ, աճպարարներ եղան մեզ մոտ, ընդ որում՝ բոլորն անվճար էին գալիս։
Հանդիպումներն անցկացնում էինք ոչ թե մեր փոքրիկ հարմարեցված սենյակում, այլ Մարտունու մշակույթի տան երկրորդ հարկում, որտեղ սայլակների համար ոչ մի հարմարություն չկար։ Ու տեղացի «ուժեղ» տղաները գալիս էին ու սայլակները բարձրացնում երկրորդ հարկ։ Շատերը գալիս էին «թասիբից» ելնելով (հայ տղամարդկանց շրջանում տարածված պատվի պատկերացում — Կալեմոն)։ Իսկ արդեն հետո ներգրավվում էին, վերաիմաստավորում ու վերադառնում ուրիշ մարդիկ դարձած։ Խոսում եմ մարտունեցի տղամարդկանց մասին, որոնք այնքան փակ են, որ բացառում են իրենց հետ երկխոսության ցանկացած հնարավորություն։

— Ո՞ր երեխաներն ընդգրկվեցին ծրագրում։ Վախենալու չէ՞ր՝ առանց փորձի։
— Թեև ծրագրի մղիչը Վահեն էր, մենք նրան փորձնական ծրագրում չընդգրկեցինք։ Հասկացանք, որ առայժմ նրա հետ աշխատելու համար բավարար գիտելիք ու գործիքներ չունենք։ Մի երեխայի, որի ամենաակտիվ մկանը կոպի մկանն էր, այն ժամանակ ոչինչ չէինք կարող տալ։ Մենք ընդհանրապես չգիտեինք՝ նրա հետ ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ։
Ունեինք մանկական ուղեղային կաթվածով, մտավոր հետամնացությամբ, աուտիզմով, խոսքի զարգացման խանգարումով երեխաներ։ Մեր առաջ այսպիսի մարտահրավեր դրեցինք՝ կկարողանա՞նք շատ տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հավաքել ու չորս ամիս պահել ծրագրում։ Ստացվեց։
Մեծ աշխատանք արեցինք ծնողների հետ։ Ինտեգրումն առաջին հերթին ընտանիքում պետք է տեղի ունենա։ Նախ ծնողը պետք է ընդունի իր երեխային. եթե ինքն էլ ներքին հակասություն, սթրես, մեղքի զգացում կամ «իմ խաչն եմ կրում» վիճակ ունի, կփակվի ու չի կարողանա նույնիսկ իրեն օգնել, էլ ուր մնաց՝ երեխային։
Հրավիրեցինք հոգեբանների, որոնք աշխատում էին մայր-երեխա կապի վրա, մորը «ուժեղացնելու» վրա։ Դրանք մայրեր էին, որոնք միանգամից «այո» էին ասում՝ հենց լսում էին կախարդական «անվճար ծրագիր» բառերը, բայց չէին պատկերացնում դրա ինտենսիվությունն ու դրանում իրենց պատասխանատվության աստիճանը։
Այդ տասներկու մայրերին ես զորացրվածներ եմ անվանում։ Նրանց մեջ մեր ներդրածը մինչև հիմա հարյուրապատիկ հետ ենք ստանում։ Նրանց մեջ կան մարդիկ, որոնք պատրաստվում են բուհ ընդունվել՝ ֆիզիոթերապևտ, էրգոթերապևտ, հոգեբան դառնալու համար, և դրանք այն մայրերն են, որոնք կյանքում ոչինչ չէին տեսել, բացի իրենց բանջարանոցից ու սկեսուրի մեղադրանքներից, թե «այդպիսի երեխա ես ծնել»։
— Անընդհատ «մայրեր» ես ասում։ Ինչո՞ւ հայրերը դուրս մնացին ծրագրից։
— Մեր ծրագիրը «երեխա-մայր-ընտանիք» էր, այսինքն՝ տատիկ-պապիկներն ու մյուսներն էլ էին ներկա։ Բայց հայրերի մեծ մասը մեկնում էր արտագնա աշխատանքի։ Սա լուրջ խնդիր է Մարտունիում – քիչ տներ կգտնվեն, որտեղ տղամարդը սեզոնին Ռուսաստան չի մեկնում։ Մյուսների համար էլ այս թեման պարզապես գոյություն չուներ։
Շատ լավ հայրեր էլ կային, բայց նրանց ավելի ուշ հայտնաբերեցինք։ Այն տասներկու հոգուց անմիջական կապ ունեինք միայն մայրերի հետ։ Կանայք հոգեպես թույլ էին, ձայնի իրավունք չունեին, սեփական կարծիք չունեին, ըստ էության՝ մոլորված, ընկճված աղջիկներ էին։
Օրինակ՝ մի դեպք եղավ, երբ մայրերը պետք է դասընթացների մասնակցեին. չէինք ասում, որ իրականում դա հոգեբանական թերապիա է, որպեսզի այդ բառով չվախեցնենք, ու նրանցից մեկը զանգեց ու ասաց. «Պետք է բանջարանոցում աշխատեմ, չեմ կարող գալ»։ Հավաքեցի մյուս մայրերին ու դասընթացավարներին, ու բոլորս գնացինք նրա բանջարանոցը։
Ասացի՝ նախ սեմինարը կլսես, հետո քո կարտոֆիլը կհանի՛ս, ոչ մի տեղ չի փախչի։ Ու նա լսեց։
— Վահեի պատմությունը միակը չէ, չէ՞։ Գյուղերում մինչև հիմա ամաչում են հաշմանդամություն ունեցող երեխաներից ու թաքցնում նրանց՝ հիմնականում, որպեսզի գենետիկայի մասին բամբասանքները չխանգարեն մյուս երեխաների ամուսնությանը։ Երբեմն ստիպված ես լինում երեխային գրեթե ուժով դուրս կորզել՝ վերականգնման տանելու։ Ե՞րբ ծնողներն իրենք սկսեցին ձգվել դեպի կենտրոն։
— Այստեղ քիչ դեր չխաղաց Վահեի մայրը։ Նրա կյանքը հիմնովին փոխվեց՝ նա տնից դուրս է գալիս, մկանները սկսել են շարժվել, ուրախությամբ կենտրոն է գալիս, մերսում, ֆիզիոթերապիա, էրգոթերապիա է ստանում, մասնակցում է բոլոր միջոցառումներին ու բոլորից լայն ժպտում։
Նա ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ զգում, հույզեր արտահայտելու հսկայական ձգտում ունի։ Տեսնում եմ, թե ինչպես է օրեցօր բացվում։ Ամենակարևորը, որ անում ենք, նրան սիրելն ու ընդունելն է։ Հենց այն պահից, երբ գրկեցի նրան։ Մեզ մոտ ամբողջ աշխատանքն այդպես է կառուցված՝ յուրաքանչյուր երեխա ու յուրաքանչյուր ծնող պետք է գրկված լինեն։

Այսպիսով, Վահեին ընդգրկեցինք ծրագրի երկրորդ մասում, որտեղ արդեն 48 երեխա ու նույնքան մայր էինք հավաքել։ Ծրագրի վերջում՝ ծնողների համար կազմակերպված սեմինարին, Վահեի մայրը մոտեցավ ինձ ու ասաց, որ ուզում է բոլորին մի բան ասել։ Զարմացա՝ նա ոչ միայն քչախոս է, այլև շատ փակ։ Եվ ահա սեմինարի վերջում վեր է կենում՝ խիստ լարված, ձեռքերն այնպես սեղմած, որ ինձ թվում է՝ հիմա մատների ճռճռոցը կլսվի, ու ասում. «Աղջիկնե՛ր, ինձ պես չլինեք»։
Ու նստեց։ Բոլորը գիտեին Վահեի պատմությունը, բոլորը հասկացան՝ ինչ նկատի ունի։ Ես կարող եմ նրանց համար հազարավոր սեմինարներ անցկացնել, բայց որքան էլ ինձ սիրեն ու վստահեն, միշտ նրանց համար օտար եմ լինելու, իսկ այստեղ ներսից մեկը՝ «իրենց արյունից», ասաց դա։ Նրա կարճ նախադասությունն ավելի ուժեղ էր, քան ցանկացած սեմինար։
Ծնողներն իրականում առանձնապես չէին էլ դիմադրում։ Այո, փորձում էին խուսափել՝ բանջարանոց, սկեսուր, ուրիշ մի բան, բայց շնորհակալ էին, երբ իրենց կամքին չէի ենթարկվում, այլ ինքս էի առաջնորդում։ Նրանց վստահությունը գիտակցված քայլ չէր, նրանք ինձ չէին ընտրել, այդպիսի ընտրություն չկար էլ՝ դատարկության մեջ ինչ-որ բան հայտնվեց, ու նրանք սկզբում անվստահությամբ, հետո ավելի ու ավելի հեշտությամբ ձգվեցին դեպի դա։
Մի ընտանիք ունեինք, որի երեխայի հետ աշխատանքը մեկ տարով հետաձգվեց, որովհետև նախ պետք է ծնողներին դաստիարակեինք՝ հենց այդպես, չեմ վախենա այդ բառից։ Երեխաներին սայլակներ էինք նվիրում, զանգեցին, ասացին, որ իրենք հաշմանդամություն ունեցող երեխա ունեն, ու նրան էլ է սայլակ պետք։ Գնացինք ծանոթանալու։
Տեսանք մի տուն, որի բակում երկու ջիպ էր կանգնած, ևս երկու ավելի փոքր՝ խաղալիք ջիպ տանն էր՝ «առողջ» երեխաների համար, իսկ մանկական ուղեղային կաթվածով մեր յոթնամյա Դավիթը մենակ նստած էր փոքրիկ գորգի վրա՝ մի սենյակում, որտեղ ամբողջ օրն էր անցկացնում։
— Չգիտեի՞ն, որ նա էլ կարող է խաղալ, թե՞ նրա կարիքները նրանց չէին մտահոգում։
— Նրանք շատ ուժեղ հոգեբանական սթրեսի մեջ էին, որն իրենք չէին գիտակցում։ Հիմա ներսումս ծնողներին դատապարտելու ոչ մի կաթիլ չկա, ոչ մի դեպքում, խղճահարություն էլ չկա, այդ ամենի միջով արդեն անցել եմ։ Ես էլ էի նրանց հետ սովորում ու փոխվում։ Բայց այն ժամանակ ինձ պարզապես սպանեցին նրանց խոսքերը. «Մենք հիասթափված ենք։ Ամեն ինչ փորձել ենք, ու ոչինչ չի օգնել»։
Ու այս երեխան պետք է այսպես ամբողջ կյանքը նստի գորգի վրա ու ձեր հիասթափության բե՞ռը կրի։ Կարծես նրա մեղքն է, որ չի քայլել, չի խոսել, չի արդարացրել իր վրա ծախսած գումարն ու ջանքերը։ Ծնողներին հարցրի՝ ինչի համար է իրենց սայլակ պետք։ «Դե, մերը կոտրվել է, իսկ դուք անվճար եք տալիս, ինչո՞ւ ոչ»։ Այդ օրը ոչինչ չասացի նրանց, պարզապես գնացինք։

Հետո մայրը սկսեց անընդհատ զանգել ու սայլակից հարցնել։ Մի օր չդիմացա ու հողին հավասարեցրի նրան։ Ասացի. «Ձեր մեքենայի մի անիվի գնով կարող եք սայլակ գնել»։ Ու ուղարկեցի մի տարի մտածելու՝ հրաժարվելով երեխային ծրագրում ընդգրկել։ Սիրտս կտոր-կտոր էր լինում, բայց գիտեի, որ ճիշտ եմ վարվում։ Մի տարի անց զանգում է, ասում. «Ուզում ենք մասնակցել։ Ու սայլակ ունենք»։
Երբ նոր էինք սկսում, «կպչում էի» վերականգնողական կենտրոնների, ՀԿ-ների ղեկավարներին, անվերջ հարցնում՝ ինչպես ճիշտ անել։ Երբ ասացի, որ անպայման ուզում ենք մայրերին ներգրավել իրենց երեխայի վերականգնման աշխատանքներում, գրեթե բոլորն էլ թշնամաբար ընդունեցին դա ու խիստ ասացին, որ մայրերին պետք է հանգստանալու հնարավորություն տալ։
Քիչ էր մնում դա ընդունեի, բայց հետո մտածեցի՝ մի րոպե, ո՞ր մայրերի մասին է խոսքը։ Մարտունեցի մայրերի՞, որոնք, եթե կով չեն կթում, ուրեմն բանջարանոցն են քաղհանում։
Երեխային կենտրոն բերելուց հետո ո՞ւր է գնալու հանգստանալու։ Հո սրահ կամ ակումբ չի՞ գնալու։ Իսկ այսպես նրա համար էլ է տնից դուրս գալու, ուրիշ մթնոլորտում հայտնվելու հնարավորություն ստեղծվում։
Չեմ հոգնի կրկնելուց, որ ամենակարևորը ծնողներին կրթելն է, սովորեցնելը, որ ընդունեն իրենց երեխային, նրա առանձնահատկությունները, կարիքները։ Պետք է անընդհատ աջակցել ծնողներին, որպեսզի չհոգնեն իրենց երեխաներին սիրելուց։
— Գործնականում ինչպե՞ս է լինում ծնողներին սիրել ու ընդունել սովորեցնելը։
— Մի տարի առաջ Խաղաղության կորպուսի հետ սկսեցինք «Անընդհատ սեր» ծրագիրը, որի նպատակն էր ծնողներին սովորեցնել խնամել իրենց երեխաներին, նրանց համար տարրական վերականգնողական աշխատանք անել։ Երեք ամիս աշխատեցինք 56 ընտանիքի հետ։
Մեր կենտրոնն այսօր վերականգնման տարբեր ծառայություններ է տրամադրում՝ ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, զգայական ինտեգրում, բուժական մերսում, երաժշտաթերապիա, սուրդոմանկավարժություն, լոգոպեդիա, հոգեբանական օգնություն, անցյալ տարի սկսեցինք հիպոթերապիա։ Ու ծնողները ներգրավված են վերականգնման այս բոլոր աշխատանքներում։ Ամենաակտիվ մայրերին տանը պարապելու համար գույք նվիրեցինք։

— Երեխաներից որևէ մեկը դպրոց գնո՞ւմ էր։
— Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող, բայց չտուժած մտավոր կարողություններով բոլոր այդ երեխաները տառերը չգիտեին, այսինքն՝ նրանցից ոչ մեկը դպրոց չէր գնացել ու գրել չգիտեր։
2018-ին «Արվեստը դռներ է բացում» փորձնական ծրագրում հայտնաբերեցինք Գեղհովիտ գյուղից մի երեխայի։ Ֆիզիկական խնդիրների պատճառով ոչ ոք նրանով չէր զբաղվել, տառերը չգիտեր։ Արդեն 14 տարեկան է, դպրոց չի գնալու, բայց երազում է գրել սովորել, համակարգչով ընկերների հետ նամակագրվել։
Մի տղա ունենք, որը ոչ կարդալ գիտեր, ոչ գրել։ Պառկում էր հատակին ու մանկավարժին խնդրում հեքիաթ պատմել։ Մայրը նրանով զբաղվելու ժամանակ չունի, փոքրիկ ունի։ Ու նա սկսեց ինքն էլ հորինել։ Ձեռքերը վատ են, բայց աշխատում են։ Պարզապես պետք է նրան գրել սովորեցնել։
Այդպես կարելի է բացահայտել երեխաների ընդունակություններն ու առանձնահատկությունները և նրանց այնպիսի հմտություններ տալ, որոնք կկարողանան կիրառել կյանքում։ Օրինակ՝ եթե պահպանված մտավոր կարողություններով երեխային գրել-կարդալ սովորեցնես, ինտերնետի հասանելիություն տաս, մաթեմատիկա սովորեցնես, նա կարող է ծրագրավորմամբ զբաղվել։
— Դուք զբաղվում եք նաև երեխաների ախտորոշմամբ, նրանց համար վիրահատություններ եք կազմակերպում։ Նրանք ընդհանրապես ախտորոշումներ չունեի՞ն։ Հաշվառվա՞ծ են։
— Մեծ մասը չուներ։ Կամ նրանց առաջին ու վերջին անգամ զննել էին ծնվելիս։
Մեր խնամքի տակ զարգացման առանձնահատկություններ ունեցող 249 երեխա կա։ Հիմնականում՝ հենաշարժողական խանգարումներով ու մտավոր խնդիրներով։ Գումարած մոտ հազար «անխնդիր» երեխա։ Մարտունիում հաշվառված հաշմանդամություն ունեցող երեխաները 307-ն են։ Հաշվի՛ր, որ իրականում երկու անգամ ավելի շատ են։
Առողջապահության ոլորտ մտնելու մեր պատմությունն առանձնահատուկ է։ Խաղաղության կորպուսից մեր կամավոր Քելսին ոտքը վնասեց, ու նրան ուղարկեցին «Վիգմոր» կլինիկա՝ ֆիզիոթերապիայի։ Նա ամերիկուհի է, որը մաքրամաքուր հայերեն է խոսում։ Այնտեղ սկսում են հարցուփորձ անել՝ ինչով է զբաղվում, պատմում է «Ոսկեփորիկի» մասին։ Հենց այդ ժամանակ աշխատում էինք ֆիզիոթերապիայի սենյակ բացելու վրա։ Կլինիկայում ցանկություն են հայտնում հանդիպել ինձ։
Ես ու Քելսին գնում ենք հանդիպման։ Ու հենց առաջին վայրկյանից տեսնում եմ երկու երիտասարդի՝ այնպիսի վառվող աչքերով, որ թերևս միայն ինքս ինձ նայելիս էի տեսել հայելու մեջ (ծիծաղում է)։ Այդպես սկսվեց մեր համագործակցությունը։
Այսօր «Վիգմորում» մեր երեխաներին վիրահատում են։ Արժեքի մոտ մեկ երրորդը հատկացնում է պետությունը, մնացածը «Վիգմորը» հայթայթում է իր ֆոնդերից։ Լինում է՝ բժիշկները հրաժարվում են աշխատավարձից։ Ու ես անսահման շնորհակալ եմ նրանց։ Շատ արդյունավետ համագործակցություն ունենք։ Հանգիստ վիրահատում են՝ իմանալով, որ մենք պատշաճ հետվիրահատական վերականգնում կկազմակերպենք։ Մեզ մոտ այդպես չի լինում՝ երեխային քսան րոպե էրգոթերապիա արեցիր ու վերջ, հաջորդը։
— Բայց «հոսքագծով» աշխատող կենտրոններում բացատրում են, որ այդպես կհասցնեն աշխատել տասը երեխայի հետ, իսկ իրենց պետք է՝ հարյուրի։ Բացի այդ, երբ հենց նույն վերականգնողական ծրագրերի համար դրամաշնորհային հայտեր ես ներկայացնում, առաջին հերթին հետաքրքրվում են ծրագրի շահառուների թվով։ Դա ինչ-որ չափով կապում է ձեռքերդ։
— Այսօր «Ոսկեփորիկ» օրական մոտ 30 երեխա է գալիս։ Նրանց հետ աշխատող թերապևտներն ընդամենը վեցն են։ Բայց այս բոլոր երեխաները գալիս են մայրերի հետ։ Ու երբ մասնագետներն սկսում են աշխատել 30 նոր երեխայի հետ, առաջին 30-ի մայրերն արդեն գիտեն՝ ինչ պետք է անեն։ Նրանք մշտապես հսկողության տակ են, բայց ֆիզիոթերապևտի հետ երեք ամիս աշխատելուց հետո գիտեն՝ ինչպես պահել, շրջել, մերսել իրենց երեխաներին, ինչ անել, ինչ չանել։ Ցանկացած պահի կարելի է մտնել մեր փոքրիկ թերապիայի սենյակը՝ ու այնտեղ ամեն թախտի մոտ, ամեն ներքնակի վրա մայր է աշխատում։
Գուցե այն կենտրոնները, որոնք մայրերին հանգստանալու հնարավորություն են տալիս, ճիշտ են։ Նրանց դիրքորոշումն էլ եմ ընդունում՝ այդ կազմակերպություններից գրեթե բոլորը ստեղծվել են հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կողմից։ Մեր մայրերը հաճախ զարմացած ինձ հարցնում էին՝ իսկ քեզ ինչի՞ է սա պետք։ Չէ՞ որ քեզ չի դիպել։

Բայց ես հավատում եմ մեր մեթոդաբանությանը։ Պետք է տեսնել՝ ինչպես է մեզ մոտ նոր մայր գալիս։ Ինչպես են մեր «փորձառու» մայրերը, որոնք բոլորովին վերջերս ամաչկոտ ու տագնապած էին, իրենք դիմավորում նորեկին, քաջալերում, թերապևտներից առաջ վազում երեխաների մոտ, սկսում աշխատել արդեն իմացածով։
Այն մայրը, որը չէր ուզում բանջարանոցից դուրս գալ, հիմա բերում է վերջերս վիրահատված որդուն, ասում՝ ահա դու, ահա թախտը, աշխատի՛ր, ես պետք է մյուս երեխաների հարցում օգնեմ։ Ու դա հրաշալի է՝ և՛ նրա, և՛ երեխայի համար։ Նա ինքնուրույնություն է ձեռք բերում, մայրն ազատ է թողել իր երեխային, ոչ թե կպել նրան ու ամեն ինչ նրա փոխարեն է անում, օգնում է ուրիշներին, իրեն պետքական է զգում։
— Ի դեպ, քեզ ինչի՞ է սա պետք։
— Հսկայական հաճույք եմ ստանում բացասականը դրականի վերածելուց։ Ու ավելի ու ավելի եմ ճանաչում ինքս ինձ՝ զգացմունքներս, հնարավորություններս, համառությունս, համբերությունս։ Իսկ բացասականը Մարտունիում չափազանց շատ է, այնպես որ դեռ գործս գլխիցս վեր է։
Առաջին հերթին ուզում եմ, որ երեխաները դուրս գան։ Խոսում ենք գյուղերի մասին, ուր ձմռանը մեքենայով չես հասնի։ Բնությունն ինքը տարվա մի քանի ամիս այս երեխաներին վանդակի մեջ է փակում։ Գոնե մնացած ժամանակ պետք է դուրս գան։ Իսկ մենք պետք է նրանց օգնենք։
Սա իրականում շատ ծանր աշխատանք է։ Ու վտանգավոր։ Դու նրանց ստիպում ես քեզ ընտելանալ, կարծես թե ընտելացնում ես, իսկ հետո հանկարծ դադար է լինում, տեխնիկական խնդիր, որի պատճառով պետք է աշխատանքը ժամանակավորապես ընդհատել, ու դա – աղետ է երեխայի համար։ Եթե նախկինում չգիտեր, որ իր պատից այն կողմ աշխարհ կա, հիմա գիտի, ու նրա համար շատ ավելի դժվար է։ Այդ պատճառով ոչ մի վայրկյան չպետք է թուլանամ՝ ո՛չ մարդկային ռեսուրսների որոնման, ո՛չ զարգացման, ո՛չ այն միջոցների հարցում, որոնցով այս ամենն իրականացվում է։ Միշտ պետք է փող գտնեմ։
— Ինչպե՞ս են դասավորվում ձեր հարաբերությունները տեղի քաղաքապետարանի հետ։
— Երբ երեխաներին անվասայլակներ էինք նվիրում, զանգեցի քաղաքապետին ու առաջարկեցի մեզ հետ տներով շրջել, անձամբ ծանոթանալ երեխաների հետ։ Նա պատրաստակամորեն համաձայնեց։
Սովորաբար ինչպե՞ս է լինում այն միջոցառումներին, ուր քաղաքապետերի են հրավիրում։ Կանգնում է հանդիսավոր՝ կոստյումով, փողկապով… Իսկ այստեղ գալիս է ու տեսնում, որ բեռնախցիկներից սայլակներ ենք հանում, ու այդ սայլակները պետք է բարձրացնել ու ցեխի, անճանապարհության միջով տուն հասցնել։ Հիմա շատ լավ ընկերներ ենք ու հաճախ կատակում ենք, որ քաղաքապետը եկել էր իր անձով պատվելու միջոցառումը, իսկ նրան ստիպեցին սայլակներ քարշ տալ։
Առաջին տուն դեռ որպես քաղաքապետ էր մտնում, այդպես պաշտոնական, իսկ հետո տեսնում էր՝ երեխան ինչպես է ընդունում այն, ինչն այսուհետ հնարավորություն է տալու տնից դուրս գալու, ինչպես է ծնողը շնորհակալություն հայտնում… Նրա մեջ նույն ապրումներն էի տեսնում, ինչ իմ մեջ էին եղել։
Մեր քաղաքապետը մնացած բոլոր տներով լուռ անցավ։ Նույնիսկ չեմ հիշում՝ հեռանալիս հրաժեշտ տվե՞ց։ Հաջորդ օրը զանգեց, ասում է. «Սա՞ էիր ուզում»։ Պատասխանեցի. «Այո»։ Քանի դեռ կտոր-կտոր չես եղել, ինքդ չես փոխվել, ոչինչ չես փոխի։
Դրանից հետո մեր առաջացած բոլոր խնդիրներով զանգում էի նրան, ու միշտ օգնում էր։ Հիմա նրա ընտանիքի բոլոր անդամները, առանց իրար հետ պայմանավորվելու, մեր հովանավորներն են։
— Լինո՞ւմ է, որ թևաթափ լինես՝ թվում է՝ կազմակերպություններ են ստեղծվում, ինտեգրման ծրագրեր գրվում, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն փոխում հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակն ու հասարակական գիտակցությունը։
— Լինում է։ Որովհետև դա պետական մակարդակով տեղի չի ունենում։ Որովհետև մեր կրթությունը բոլոր ոլորտներում թույլ է։
Իրականում չեմ կարող ասել, թե փոփոխություններ չկան, որովհետև փոփոխությունները սկսվում են քեզնից ու ինձնից։ Մի կետից են սկսվում։ Պետք է նկատել փոքր տեղաշարժերն ու գիտակցել, որ դրանք նաև քո շնորհիվ են տեղի ունեցել։
Որպեսզի փոփոխություններն ամբողջ երկիրն ընդգրկեն, պետք է պետական մտածելակերպը փոխվի, իսկ հետո թելադրվի։ Քանի դեռ դա չկա, միակ ելքն այն է, որ առանձին նվիրյալներ շարունակեն իրենց աշխատանքն ու լսելի լինեն։
— Վախենամ՝ վաղ թե ուշ կսպառվեն։
— Ուրիշները կգան։ Հենց նույն «Ոսկեփորիկն» այսօր ուրիշ սերունդ է դաստիարակում՝ ապագա տնօրեն, հաշվապահ, թերապևտներ ունենք։ Նույնիսկ եթե հենց հիմա այս ամենը թողնեմ, գիտեմ, որ իմ գործը տասը տարի անց էլ այնտեղ ապրելու է։

Երեխաների այս սերունդը մի կտոր հաց է կիսում, խաղում, շփվում հաշմանդամություն ունեցող երեխայի հետ։ Եթե նույնիսկ քսան երեխա ուրիշ մտածելակերպ ունենա, մեր ջանքերն արդեն անօգուտ չեն։ Մենք պարզապես կետ առ կետ լույս ենք տարածում, քանի դեռ դա մեր ուժերի սահմաններում է, և այնքանով, որքանով մեր ուժերի սահմաններում է։
Ես հենց հիմա համընդհանուր փոփոխություններ ու ընդունում չեմ սպասում։ Իմ լավագույն ցուցիչը, որ ամեն ինչ ճիշտ է ընթանում, ծնողներն ու կամավորներն են։ Եթե սկսել ենք Մարտունուց, այսօր ամբողջ տարածաշրջանն է մեզ մոտ գալիս։ Ու մյուս տարածաշրջաններից էլ։
«Ոսկեփորիկն» այս պահին միջինից բարձր աշխատավարձ ստացող տասներկու աշխատող ունի։ Մեր մանկավարժներից վեցն անցել են զգայական ինտեգրման ութամսյա դասընթացներ։ Արդեն չորս հիանալի մասնագետ ունենք, որոնք անմիջապես աուտիզմի հետ են աշխատում։ Վաղը նրանք իրենք նոր թերապևտներ են պատրաստելու։
Ավելին ասեմ։ Շուտով ուզում ենք Եղեգնաձորում թև բացել։ Հիմա թիմ ենք ստեղծում, ծնողների հետ աշխատում, սենյակ կահավորում։ Արմավիրից էլ պահանջ կա։ Չեմ ասում մասնաճյուղ, այլ հենց թև՝ սկզբում մի թևը բացեցիր, հետո՝ էլի մեկը, էլի։ Հավակնոտ ցանկություն ունեմ՝ ամեն մարզում մի «Ոսկեփորիկ» ունենալու։
— Ինչո՞ւ հենց Եղեգնաձորում։
— Եղեգնաձորում մի ֆանտաստիկ կազմակերպություն կա՝ հոգեբանական աջակցության կենտրոն, որը քսան տարի երեխաների է օգնել։ Ինտեգրումը նրանց գլխավոր նպատակը չէր, ավելի շուտ՝ սոցիալական օգնությունը, բայց նրանց շուրջ էին հավաքվել տարածաշրջանի բոլոր խոցելի խմբերը։
Նրանք ժամանակակից SMM-ի ու դրամահավաքի գործիքներ չունեն, բայց այս ամբողջ քսան տարին այդ երեխաների համար արել են ամեն ինչ, ինչ կարողացել են։ Եղեգնաձորում շեշտը դրվելու է աուտիզմի վրա, այդ խնդիրն այնտեղ շատ արդիական է։
Նաև ինձ համար բացահայտեցի Խաչիկ գյուղը (Հայաստանի հարավում՝ Վայոց ձորի մարզում — Կալեմոն)։ Սա [Ադրբեջանի հետ] սահմանամերձ գյուղ է, ու շատ բնակիչներ իրենց մասին սահմանին ապրող հերոսների պատկերացում են ձևավորել՝ ու դրա համար բոլորն իրենց պարտավոր են ողորմություն տալ։ Այդպես մարդիկ վերածվում են ծույլերի ու մուրացկանների։
Ուզում եմ այնտեղ գյուղատնտեսությունը զարգացնել։ Ուզում եմ մարդկանց կրթելով՝ օգնել նախ ստեղծել, հետո վաճառել՝ սովորեցնել, թե ինչպես ճիշտ աճեցնել, փաթեթավորել, ներկայացնել իրենց արտադրանքը։ Որ այնտեղ աճեցված մթերքը վերամշակելու գործարան ունենան։ Վստահ եմ՝ եթե ճիշտ ռելսերի վրա դնենք, մոտ հինգ տարի անց սահմանամերձ գյուղերի ապրանքների լուրջ բրենդ կունենանք։
Վերջերս Խաչիկում սառը մամլման կտավատի ձեթ հայտնաբերեցի, որը տեղացի մի բնակիչ արդեն երկար տարիներ է պատրաստում։ Փորձեցի, հավանեցի, գրառում արեցի ու մեկ շաբաթում քառասուն լիտր ձեթ վաճառեցի Երևան։ Իսկ դու ասում ես՝ սպառվել։ (Հրապարակման պահին Էկան Խաչիկ գյուղից Երևան ընդհանուր առմամբ արդեն ավելի քան երկու տոննա սխտոր էր «արտահանել» — Կալեմոն)։
— Համավարակը ծանր հարված հասցրեց ՀԿ ոլորտին՝ և՛ հոգեբանորեն, և՛ ֆինանսապես։ Ինչպե՞ս հաղթահարեցիք։
— Մինչև կարանտինը կենտրոն էր գալիս օրական առնվազն քառասուն երեխա։ Արտակարգ դրության ժամանակ դադարեցրինք բոլոր խմբային պարապմունքները, բայց որոշ անհատականներ շարունակեցինք։ Երեխաներ կային, որոնք վերջերս բարդագույն վիրահատություններ էին տարել, և դրանցից հետո ֆիզիոթերապիան կենսականորեն անհրաժեշտ էր արդյունքն ամրապնդելու համար։

Մեր գլխավոր դոնորը՝ «Ամկոր» կազմակերպությունը, որն առաջինը հավատաց մեզ, երբ նոր էինք սկսում, շարունակում էր հովանավորել տարածքի վարձակալությունն ու վարչական ծախսերը։ Եթե նրանք մեզ չաջակցեին, չէինք կարողանա հոգալ տարածքի վարձն ու մնացած ամեն ինչը։
Նաև առցանց էինք աշխատում ամեն տեղ, որտեղ հնարավոր էր։ Զարգացման ծրագրեր էինք իրականացնում, խմբային պարապմունքներ անցկացնում։ Բայց այդպիսի պարապմունքներն ավելի շատ տիպիկ զարգացմամբ երեխաների համար են։
— Երեխաներն առցանց պարապմունքների հետ կապված դժվարություններ չունեի՞ն։ Բոլորն ինտերնետ ու սարքեր ունեի՞ն։
— Ինտերնետի հետ կապված դժվարություններ հիմնականում հեռավոր գյուղերում ապրող երեխաներն ունեին, ու նրանց ընթացքը դանդաղեց։ Բայց հովանավորների ներգրավեցինք, ավելին ասեմ՝ տեղացի գործարարների, հասարակությունն էլ համախմբվեց։ Նույնիսկ եթե ինչ-որ խնդիրներ չլուծվեցին, դրանք տեսանելի դարձան, իսկ դա արդեն հսկայական քայլ է։
Երբ չես կարողանում ու չես սիրում տառապել, ելք ես փնտրում, լուծում, հենարան՝ իրավիճակից դուրս գալու համար։ Այստեղ ամենակարևորը հենման կետը փոխելն է։
Նաև մեր աշխատողների ամբողջ կազմն ակտիվ ուսուցման մեջ էր։ Գրեթե բոլորը մասնակցում էին որակավորման բարձրացման տարբեր առցանց դասընթացների ու համաժողովների։ Մեզ մոտ այսպիսի խիստ կրթական կարանտին ստացվեց (ծիծաղում է)։
— Կարանտինն ամենացավոտը ո՞ւմ հարվածեց։
— Ինձ թվում է՝ աուտիզմ ունեցող երեխաներին։ Իմ կարծիքով՝ վիրտուալ պարապմունքները բացարձակապես հարմար չեն աուտիզմ ունեցող երեխաների համար։ Աուտիստների հետ գլխավոր աշխատանքը զգայական ինտեգրումն է։ Դա չես կարող վիրտուալ անել։ Էլ չեմ խոսում վարքի շտկման կամ լոգոպեդի աշխատանքի մասին, բայց զգայական ինտեգրումը, իմ կարծիքով, ամենակարևորն է, որովհետև մնացած գրեթե բոլոր խնդիրները զգայական դեզինտեգրման պատճառով են առաջանում։
Իսկ տեսողական գերզգայունությամբ երեխաներին, օրինակ, չի կարելի երկար նստել էկրանի առաջ։ Միակ բանը, որ այստեղ կարելի է անել, ծնողներին կենցաղային հմտությունների վիրտուալ դասեր տալն է, որոնք կարող են երեխաների հետ կիրառել։ Մեր հոգեբանները, ի մեծ ուրախություն ինձ, ակտիվորեն գլուխ էին հանում դրանից, մայրերն էլ։ Ահա թե որտեղ լիովին պետք եկավ այն, որ մայրերին կրթել էինք։

Գուցե տարօրինակ հնչի, բայց կարանտինի ընթացքում «տիպիկ» ընտանիքներն ավելի շատ տուժեցին, քան «ատիպիկները»։ Ու ես նույնիսկ ուրախ եմ, որ «տիպիկները» հնարավորություն ունեցան հասկանալու, որ կան մարդիկ, որոնց համար կարանտինը հավերժ է տևում։
Մեր «տիպիկ» հասարակությունը, ըստ էության, ամենախոցելին է, հենց նա հիմա սոցիալականացման կարիք ունի։ Մեր երեխաների համար առանձնապես ոչինչ չփոխվեց, այո, նրանք կտրվեցին «Ոսկեփորիկից», բայց «Ոսկեփորիկը» նրանց կյանքում վերջին երկու տարին է, իսկ մինչ այդ ամբողջ կյանքը մեկուսացման մեջ են ապրել։ Նրանք վերադարձան իրենց բնական ռիթմին՝ ի տարբերություն «տիպիկ» մարդկանց։ Հին իրականությանը վերադառնալու մի քանի ամիսն այնպիսի ժամկետ չէ, որ վախենանք անդառնալի կորուստներից։
Իհարկե, մեր ֆանտաստիկ միջոցառումները չեղարկվեցին, բայց ո՞վ ասաց, որ դրանք չի կարելի մի փոքր ուշ անցկացնել։ Պարզապես հետաձգել ենք, սարսափելի ոչինչ չկա։
— Քո լավատեսությունը շփոթեցնում է, ուզում եմ չարաճճիորեն հարցնել՝ ո՞րն է ծուղակը։
— Այն անհիմն չէ, ու ծուղակ չկա։ Մի պատմություն պատմեմ։ Կարանտինի առաջին երկու շաբաթում նույնիսկ իմ կայուն հոգեկանն ընկրկեց համընդհանուր վախի ու անորոշությունից ծնված խուճապի առաջ։ Երկու շաբաթ կենտրոնում չէի երևում՝ վախենում էի հիվանդանալ, չիմանալ դրա մասին ու մեկին վարակել։ Բայց հետո ինձ հավաքեցի ու գնացի Մարտունի՝ բոլոր նախազգուշական միջոցներով՝ դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելով։
Պետք էր հավաքվել, իրավիճակը քննարկել, թերապևտների աշխատանքը վերակազմակերպել։ Թերապևտներից մեկը ժողովի եկավ իր տասնամյա տղայի հետ։ Նստած քննարկում ենք մեր գործունեությունը նոր պայմաններում։ Հանկարծ նկատում եմ, որ երեխան չկա։ Դուրս եմ գալիս փնտրելու, իսկ նա հարևան թերապիայի սենյակում է։ Կանգնած ուշադիր նայում է սենյակում դրված դատարկ անվասայլակին։
— Շուտով կարանտինը կվերջանա, ես դպրոց կգնամ, իսկ նրանք կարծես միշտ կարանտինի մեջ են… — ասում է նա։ Աչքերը լայն բացված են, ձայնի մեջ ուժեղ հուզմունք կա։
Այս տղան արդեն երկու տարի շփվում էր մեր անվասայլակներով երեխաների հետ։ Նա մեր փորձառու կամավորն է։ Ամեն ինչում օգնում է՝ տարածքը մաքրելու, մեր ավանդական հրեշտակիկները պատրաստելու, երեխաներին Երևանի կլինիկա հետազոտության ուղեկցելու հարցում։
Երկու տարի անընդհատ տեսնում էր նրանց, բայց միայն հիմա, երբ իր իսկ տեղաշարժը սահմանափակվեց, կյանքի սովորական ընթացքը փոխվեց, հանկարծ հասկացավ, որ իր համար ժամանակավոր այս դժվարություններն այդ երեխաների համար ամբողջ կյանքն են տևում։ Որ կան մարդիկ, որոնք հավերժ մեկուսացման մեջ են։
— Գիտե՞ս, երբ կարանտինը վերջանա, — լռությունից հետո ասաց տղան, — բոլորին է՛լ ավելի ամուր եմ գրկելու։
Աչքերիս արցունքներ հայտնվեցին։ Ահա՛ այն, իմ հաղթանակը, ահա՛ այն՝ գիտակցված ինտեգրումը, որին ձգտել էի այս երկու տարին, ինչի համար, ըստ էության, բացել էի այս կենտրոնը։ Այսօր այդ տղան էր։ Վաղը նրա նման փոքրիկներն ավելի շատ կլինեն։ Մեծերն էլ։




