Այն օրը, երբ եկավ զանգակ աղջիկը
Վրան մկնիկ ու կատու նկարված կապույտ պայուսակը տեսնելուն պես բազկաթոռից վեր թռա ու վազեցի դռան մոտ։ Կապույտ պայուսակը նշանակում է գեղեցիկ վզկապ՝ կանաչ, ծաղիկներով, կամ կապույտ՝ կախված թիթեռնիկով, մանկական գրկախառնություններ և լիքը համեղ բաներ։
Ինչպես միշտ, նա սենյակով մեկ այս ու այն կողմ էր նետվում՝ հավաքելով իմ պայուսակը։ Հետևի թաթերիս վրա բարձրանալով ու գլուխս ձգելով՝ հետևում էի, որ Հասմիկը մեջը հնարավորինս շատ շան սրտիկ-կոնֆետներ դնի՝ գույնզգույն դոնդողով։
Ընթացքում նա՝ ջուր լցրեց տանը մնացող շների ու կատվի համար, կրիայի ակվարիումի մեջ կեր լցրեց, գոռաց, որ ուշանում ենք, ստուգեց խոհանոցի դուռը, որպեսզի Փուչուրը՝ երիկամային անբավարարություն ունեցող ու խիստ սննդակարգի վրա գտնվող մեր կատուն, չմտնի խոհանոց ու որևէ վնասակար բան չխժռի, վերջին վայրկյանին հասկացավ, որ իր այսօրվա ինքնազգացողությանը, այնուամենայնիվ, կիսաշրջազգեստն է համապատասխանում, ոչ թե շորտը, և վազեց հագուստը փոխելու։
Չդադարելով աղաղակել, թե ուշանալու ենք՝ խփվեց դռան կողափայտին, պատուհանից տեսավ առավոտից անհետացած Լոտտա կատվին, որի աչքերին պետք է արհեստական արցունք կաթեցնել, քանի որ ինքն արցունք արտադրել չի կարող, արտաբերեց մի բառ, որը ես՝ իբրև դաստիարակված շուն, ինձ թույլ չեմ տա կրկնել, սլացավ հետ՝ խոհանոց, ու սկսեց դեղերով երեք հսկայական տոպրակների մեջ խարխափել՝ կաթիլները փնտրելով…
Ես ու Ֆյոդորը նստել էինք պատուհանի մոտի փայտե սնդուկին ու, փորձից իմաստնացած, լուռ սպասում էինք, մինչև Հասմիկի բուռն գործունեությունը մարի, և կարողանանք տեղավորվել մեքենայում։
Մանկատան նեղ սպիտակ դռնով ներս մտանք ուղիղ տասներկու րոպե ուշացումով ու անմիջապես վազեցինք տաղավարի մոտ, որտեղ երեխաներն էին սպասում։ Թե՛ երեխաները, թե՛ դաստիարակները ըմբռնումով վերաբերվեցին մեր ուշացմանը. բոլորը գիտեն, որ մենք լիքը ամենատարբեր կենդանիներ ունենք, ու տանից դուրս պրծնելն այնքան էլ հեշտ չէ մեզ համար։

Ինձ շրջապատեցին, ու միանգամից մի քանի ձեռք նետվեց ինձ շոյելու։ Ես արդեն լրջորեն սկսում էի վախենալ, որ ինձ կտոր-կտոր կանեն, բայց այդ պահին հայտնվեց Մանեն։
Նա վստահորեն ինձ գիրկն առավ՝ իսկական մեծի պես։ Երեխաները հաճախ վզիս տակից սեղմում են՝ խեղդելով ինձ։ Նրանց թաթիկները փոքր են ու թույլ, իսկ ես նրանց համար մի քիչ ծանր եմ։ Իսկ նա ճարպկորեն վերցրեց ինձ ու նստեցրեց իր ծնկներին։ Թուլացա ու աչքերս կիսախուփ արեցի. որքան էլ սիրեմ երեխաներին, նրանց հետ երբեմն դժվար է, հատկապես, երբ ամբողջ խմբով են վրա տալիս, բայց այս աղջկա հետ լավ է ու հանգիստ։ Նա հասկացավ, որ ինձ դուր է գալիս, ու համբուրեց գագաթս։
Նա տասնհինգ տարեկան է ու չի տեսնում։ Նա շոշափում է ինձ։ Ոչ թե շոյում է մյուս երեխաների պես, այլ հենց շոշափում։ Մեր առաջին հանդիպմանը խնդրեց պատմել իմ մասին՝ կոնկրետ որտեղ եմ մեղրագույն, որտեղ՝ սպիտակ, հարցրեց՝ մորթիս խուզե՞լ են, թե՞ ի ծնե է այդքան կարճ, թե կոնկրետ ինչ ծաղիկներ կան իմ վզափոկի վրա, ու արդյոք ժպտո՞ւմ եմ։
Մանեն միշտ չէ, որ մանկատանն է ապրել։ Մի ժամանակ նա ընտանիք ու շուն է ունեցել, որի հետ նույն օրն են ծնվել։ Մանեն ասաց, որ տխրում էր ու շատ էր կարոտում իր շանը, բայց ինձ հետ ծանոթանալուց հետո շատ ավելի ուրախ է դարձել։
Տաղավարում, որտեղ նստած ենք, զով է։ Մանեն ափը մեղմորեն անցկացնում է դեմքիս վրայով ու ասում. «Շունը ժպտում է, իսկապես, իսկապես»։ Ու ծիծաղում է։ Զանգակի պես։
Երեխաները շրջապատել են ինձ, իրար հրում են, փորձում շոյել։ Ես նորից կիսախուփ եմ անում աչքերս ու սկսում մինչև տասը հավի ոսկոր հաշվել։ Դա օգնում է գոյատևել ապաստարանի անկանոն աղմուկի մեջ։ Հավի ոսկորները իմ սիրած ուտելիքն են նախկին կյանքից, երբ դեռ թերապևտիկ շուն չէի։ Հիմա ինձ չեն թողնում ուտել դրանք։ Որովհետև կարող եմ թա.. թա… թափածակում ունենալ, այ այդպես։

Աշխատում եմ չնայել Հասմիկի ուսից կախված սև գրպանիկին, որի մեջ հյուրասիրություններ կան։ Որ չմտածեն, թե ուտելիքի համար եմ աշխատում։ Ո՛չ, ո՛չ, բացառապես սիրուց։ Բայց մի քիչ ուժ հավաքելը չէր խանգարի. արդեն տասնվեցերորդ րոպեն է՝ աշխատում եմ։
Մանեն իրավիճակն իր ձեռքն է վերցնում։ Խիստ հայտնում է բոլորին, որ այսպես ինձ սեղմելով սպանելու են, այնպես որ հիմա թող հերթով մոտենան։ Երեխաների հնազանդությունը երկար չի տևում, բայց ես երախտապարտ եմ նրան։
Մեզ մոտ նոր տղա կա, ու նա վախենում է ինձնից։ Մանեն շոշափելով գտնում է նրա ձեռքը՝ մեղմ ու կամաց համոզելով, որ պարզապես մատով դիպչի ինձ։ Բռնում է նրա մատիկն ու զգուշորեն անցկացնում մեջքիս վրայով։ Մի րոպե անց քրքջացող երեխան արդեն ամբողջ ափով շոյում է ինձ։
Վալյան շատ է ուզում ինձ հետ զբոսնել, բայց նա սայլակով է։ Մանեն առաջարկում է նրան տանել։ Վզափոկս գցում են Վալյայի ձեռքին, իսկ Մանեն հրում է սայլակը։ Ընդ որում՝ հաճախ դուրս է գալիս ճանապարհից, ու Հասմիկն ասում է, որ ականջ դնի թաթերիս տփտփոցին և զգա, թե որ ուղղությամբ է ձգվում վզափոկը, քանի որ ես ուղիղ գծով եմ գնում ու աշխատում եմ չնայել խոտերին, որտեղ մեծ մորեխը կարծես խնդրում է իրեն խժռել։ Դաստիարակություն։
Որքան էլ ուզեմ, չեմ կարող Մանեին վերադարձնել տեսողությունը, բայց օգնում եմ նրան զգալ շրջապատող տարածությունը, ինչպես նաև իրեն՝ այդ տարածության մեջ։
— Ո՞վ է ուզում կերակրել Միկի Մուկին,— վերջապես նվիրական արտահայտությունն է ասում Հասմիկը։
Մանեն մյուս երեխաներին թողնում է ինձ հետ շփվել, իսկ ինքը գնում է Ֆյոդորի մոտ։ Նա պատմել է նրան իր երազանքի մասին՝ սովորել լուսանկարել, և Ֆյոդորը հանձն է առել սովորեցնել։ Նրանց նայելը ահավոր հաճելի է. Մանեն աշխատում է ավելի հեշտ հայերեն բառեր ընտրել, որպեսզի Ֆյոդորը հասկանա իրեն, իսկ Ֆյոդորը փորձում է այնպես բացատրել, որ նա զգա այն, ինչ չի կարող տեսնել։ Դատելով իմ լուսանկարից, որը նա արել է՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ կստացվի նրանց մոտ։

Այն օրը, երբ ինձ մի կտոր շոկոլադ հյուրասիրեցին
Այսօր ընդամենը վեց րոպե ուշացանք, այն էլ՝ որովհետև ձիապանը լավ չէր փակել Սորբոննայի դուռը, նա դուրս էր վազել ու, ինչպես միշտ, սկսել շներին ամբողջ մանեժով մեկ քշել՝ աջ ու ձախ քացիներ բաժանելով։ Սորբոննան անձնագրով ձի է, բայց մենք՝ շներս, մեր մեջ նրան շեկ փնթփնթան ենք ասում. այնքան է մեզ զզվեցնում։ Սորբոննային բարեհաջող իր տեղը վերադարձրին, ու մենք գնացինք ապաստարան։
Երեխաները կիսաշրջանով նստել էին՝ ոմանք իրենց սայլակներում, մյուսները՝ խոտերին, ու սպասում էին մեզ։ Այսօր պետք է աշխատեի նրանց բոլորի հետ, բայց հատկապես՝ Սյուզիի, Նարեկի ու Վարդուհու։
Սյուզին, ինչպես միշտ, ճյուղեր էր հավաքում ու դրանցից «մատներ» սարքում։ Սյուզին աուտիզմ ունի։
Նա ապրում է իր՝ մյուսների համար ոչ միշտ հասկանալի աշխարհում, որից դժվարությամբ է դուրս գալիս։ Նա միայն իր ուզածն է անում, հակառակ դեպքում սկսում է գոռալ։
Գոռալ նա կարող է երկար ու բարձր՝ այնքան, որ ականջներդ խլանում են։ Վերջին երեք պարապմունքներին Սյուզին համառորեն չէր նկատում ինձ։ Նրա հայացքն ընդհանրապես ոչ մի բանի վրա կանգ չէր առնում։
Մեկ ուրիշը վաղուց նրան հանգիստ թողած կլիներ, բայց ես որոշեցի չհանձնվել ու պարզապես ամենուր հետևել նրան։ Երբ արդեն գրեթե հուսահատվել էի, Սյուզիի թափառող հայացքը հանկարծ կանգ առավ։ Նա նայեց ինձ ու տեսավ։ Սյուզին ժպտաց, ու ձեռքը մեկնվեց՝ ինձ շոյելու։ Վերջապե՛ս։ Կարծես դուր եկավ։ Նա նույնիսկ հաճույքից ծիծաղեց։ Բա ո՛նց։ Իզուր չէր, որ Հասմիկն ամբողջ առավոտ մորթիս գեղեցկությամբ ու փափկությամբ էր զբաղված՝ քիչ էր մնում մաշկս քերթեր ինկվիզիտորական գործիքով, որին նա խոզանակ է ասում, իսկ գործընթացին՝ սանրում։
Երբ Սյուզին նայում է աչքերիս, շոյում է ինձ ու ծիծաղում, ինձ թվում է՝ օգնում եմ նրան դուրս գալ մեր աշխարհ։ Հնարավորինս անցավ։

Նարեկը հետևում էր Սյուզիի հետ աշխատանքին ու մի փոքր շինծու ժպտում։ Նա առաջին անգամ պետք է մենակ շոյեր ինձ՝ առանց դաստիարակի։ Նարեկը ուղեղային կաթված ունի։ Նա լարվում է ցանկացած ուժեղ հույզից՝ թե՛ ուրախ, թե՛ տխուր, թե՛ վախեցնող։ Մեր առաջին հանդիպմանը նա ընդհանրապես հրաժարվում էր շփվել ինձ հետ։ Վախեցած դեմք էր ընդունում, քաշում դաստիարակի թևքից ու անընդհատ կրկնում. գնանք այստեղից։ Հետո համաձայնեց շոյել ինձ, բայց միայն դաստիարակի հետ միասին։
Այսօր դաստիարակն արձակուրդում էր։ Ապաստարանի հատուկ մանկավարժը խոստացավ տեսանյութ նկարել ու ցույց տալ նրան, թե Նարեկն ինչ լավ է մենակ գլուխ հանում։ Տղային դա դուր եկավ։ Նա այնքան լավ սկսեց շոյել ինձ, որ իմ թիմը որոշեց. ժամանակն է Միկիին Նարեկի ծնկներին նստեցնել։
Իմ թիմը Արդեմն է, Հասմիկն ու Ֆյոդորը։ Արդեմն ապրում է Կանադայում, այստեղ ընդամենը երեք ամսով է եկել։ Նա գիտի, որ լավ աշխատելու համար պետք է լիարժեք սնվենք ու հարմարավետ վոլիերներում ապրենք, դրա համար էլ օգնում է մեզ կերով ու շնային կենցաղի ամեն տեսակ հարմարություններով։ Նա նաև ուղեկցում է ինձ ու մեր մյուս շներին թերապիայի գնալիս և ընդհանրապես ավելի լավն է դարձնում մեր կյանքը «Կենտավր» կենդանաթերապիայի կենտրոնում։ Իսկ մենք էլ հոգ ենք տանում ապաստարաններում ապրող երեխաների մասին։

Սիրում եմ նրա հետ մեքենայով մի թերապիայից մյուսը գնալ։ Նա նրբանկատորեն է տեղավորվում նստատեղին, չի հրմշտում ու միշտ շատ տեղ է թողնում ինձ, որ ինչպես հարկն է փռվեմ։ Ես վրան լիքը մազ եմ թողնում, բայց նա միայն ժպտում է։
Ֆյոդորը հոգ է տանում մեր մասին, մեզ լուսանկարում ու տեսագրում է, օգնում է երեխաներին հաղթահարել իրենց անվստահությունը և պատասխանում է նրանց միշտ հուզող հարցին. ինչո՞ւ է ինքը տղամարդ, բայց մազերը երկար են։
Հասմիկը հետևում է, որ քիչ զվարճանամ ու շատ աշխատեմ։ Լուրջ։ Եթե մեր գնալուց հետո թեկուզ մի երեխա շարունակում է շներից վախենալ, նրա օրը փչանում է։
Հասմիկն ու Ֆյոդորը մեզ հետ են ապրում ու սիրում են մեզ։ Ամենից շատ՝ երբ քնած ենք։ Ես, օրինակ, հանգիստ եմ։ Այդպիսիներս երեքն ենք։ Բայց մնացած երեսունհինգը պաշտում են երեկոյան կամ վաղ առավոտյան ոռնոցների համերգներ կազմակերպել։ Իմ կարծիքով՝ ոչինչ, բայց մարդիկ պնդում են, որ կամաց-կամաց խելագարվում են։
Եվ ահա այս սիրելի մարդիկ որոշեցին ինձ նստեցնել Նարեկի ծնկներին, ինչին ո՛չ ես, ո՛չ տղան բոլորովին հավանություն չտվեցինք։ Երբ Նարեկը լարվում է, ասես ինքն իրեն դուրս է հրում սայլակից։ Վախենում եմ՝ չկարողանամ հավասարակշռությունս պահել։ Իսկ Նարեկին վախեցրեց ինձ հետ այդքան մոտ լինելու հեռանկարը. սա հո ձեռքդ պարզել ու շոյել չէ։
Բայց ո՞վ էր մեզ հարցնողը։ Ինձ վերցրին ու նստեցրին սայլակի մեջ։ Տղայի դեմքը դժբախտացավ, մկաններն արդեն պատրաստ էին զսպանակի պես ձգվելու, բայց նա շատ էր ուզում, որ դաստիարակը հպարտանա իրենով։ Աչքի պոչով նայեց հեռախոսին. նկարո՞ւմ են։ Զգուշորեն շոյեց ինձ, հետո էլի, էլի։ Ես թաթերս տեղաշարժեցի, հարմար դիրք գտա հավասարակշռությունը պահելու համար. Նարեկի սայլակն այնքան էլ երկուսի համար նախատեսված չէ։

Նարեկն ավելի ու ավելի էր համարձակվում։ Շուտով մի ձեռքով գրկել էր ինձ, իսկ մյուսի ափից կերակրում էր։ Հետո գրկեց ու համբուրեց ճակատս։ Նրա մկանները լիովին թուլացած էին։ Իմ կարծիքով՝ վատ չստացվեց։
Վարդուհու հետ ամեն ինչ ավելի բարդ էր։ Նա սարսափելի վախենում է, որ կկծեմ իրեն։ Հենց Արդեմն ինձ գիրկն առավ ու մոտեցրեց նրան, նա բռունցք արեց ձեռքերն ու դրանցով ծածկեց դեմքը։ Եվ ամուր փակեց աչքերը, որ չտեսնի իմ «սարսափելի երախը»։
Հասմիկն ինքը շատ երկար վախենում էր շներից և ընդհանրապես բոլոր կենդանիներից։ Նա միշտ երեխաներին պատմում է, թե ինչ վատ էր ինչ-որ բանից այդքան ուժեղ վախենալը, և թե որքան ուրախ է, որ հաղթահարել է իր վախերը։
Դա լավ է աշխատում։ Մարդը, որը երբեք մեզնից չի վախեցել, չի կարող լիովին հասկանալ, թե ինչից են վախենում մյուսները, և հաճախ հիմարություններ է ասում։ Օրինակ՝ «Դու հո տղա ես, չե՞ս ամաչում» կամ՝ «Այսքան մեծ ես, իսկ պստլիկ շնից վախենո՞ւմ ես»։ Իհարկե, նման մոտեցումը ոչ ոքի չի օգնի։
Հիմա էլ Հասմիկը մտախոհ նայեց Վարդուհուն ու այնպիսի տոնով, ասես իսկապես կասկածում է, հարցրեց. «Իսկ դու մա՞րդ ես, թե՞ ոսկոր»։ «Մարդ»,— պատասխանեց մի փոքր շփոթված Վարդուհին։ Հասմիկը թեթևացած շունչ քաշեց ու աղջկան վստահեցրեց, որ կարող է չանհանգստանալ. չէ՞ որ Միկի Մուկը, այսինքն՝ ես, ոսկորներ է սիրում։ Ես արդեն սովորել եմ խաղակցել այս ներկայացմանը և ցույց տալ, թե բացարձակապես հետաքրքրված չեմ երեխայով՝ որպես ուտելիքի։ Վարդուհին բացեց բռունցքներն ու շոյեց ինձ։

Թերապիայից հետո գնացինք Կասկադի մի սրճարան, որտեղ ինձ դեմքով ճանաչում են ու միշտ ջրով աման դնում։ Ինձ համեղ բաներ հրամցնելու նրանց բոլոր փորձերը, ցավոք, հանդիպում են Ֆյոդորի ու Հասմիկի ահեղ հայացքներին։ Բայց այսօր ես շոկոլադե տորթի հսկայական՝ նրանց չափանիշներով, մի կտոր ստացա՝ մարդու կես մատի չափ։ Ազնվորեն վաստակած։
Այն օրը, երբ մենք մտքեր էինք փոխում
Այսօր երեխաներն ինձ հետ շատ զբոսնեցին։ Ինձ զբոսանքի տանելը նրանց սիրած զբաղմունքն է։ Իմն էլ կլիներ, եթե իմ մարդիկ չլինեին։ Նրանք աչալուրջ հետևում են, որ հանկարծ չծլկեմ խոտերի մեջ կամ չվազեմ ստուգելու՝ ցանկապատի մոտ մկան բներ չկա՞ն։ Համոզված եմ՝ եթե վզափոկս հանեին, բոլորի համար շատ ավելի հեշտ կլիներ։ Ես երեխաներին մուկ բռնել կսովորեցնեի։
Քանի որ քիչ հավանական է, թե ուրիշ շներ կարդան օրագիրս, կբացեմ գաղտնիքը, թե ինչպես եմ դա անում։ Մկան բները երկու անցք ունեն՝ մուտք ու ելք։ Գլուխս մտցնում եմ մի անցքն ու ուժեղ փռշտում։ Բարձրացած փոշուց ու աղմուկից մկնիկը սարսափած դուրս է թռչում մյուս անցքից, ու հենց այդ պահին էլ բռնում եմ նրան։ Համոզված եմ՝ երեխաները շատ կզվարճանային։ Բայց իմ թիմն այս հարցում այլ կարծիքի է, ու ես ու երեխաները պատշաճ կերպով զբոսնում ենք։
Նարինեն նստած էր իր անվասայլակին ու տխուր նայում էր մեզ։
— Ուզո՞ւմ ես Միկի Մուկի հետ զբոսնել,— հարցրեց Հասմիկը։
— Չեմ կարող։
— Ինչո՞ւ։
— Միգուցե չես հասկացել, բայց ես իմ հաճույքի համար չեմ այստեղ նստած։ Ես չեմ կարող քայլել։
Նարինեն շատ քնքուշ է, բայց նաև շատ համառ ու կամային։ Երբեմն կարող է կտրուկ լինել։ Բացի այդ, եթե որևէ բանում նախաձեռնությունն իրենը չէ, ոչինչ չի անի։ Մի քանի պարապմունք անցավ, մինչև հասանք նրան, որ նա նախ դիպչի ինձ, հետո էլ՝ շոյի։
Առաջին օրը նա հրաժարվեց նույնիսկ նրանից, որ պարզապես մոտենամ իրեն։ Սկզբում ասաց, որ շներ չի սիրում, հետո՝ որ տանել չի կարողանում, երբ հագուստի վրա մազ է մնում։ Նարինեն մռայլ տեսք ուներ և գուցե տխուր էր։ Նա նոր էր վերադարձել տնից, որտեղ ընտանիքը ոչ մի կերպ չէր կարողանում որոշել՝ վերջնականապե՞ս հրաժարվել նրանից, թե՞ «հետ վերցնել»։ Ժամանակ առ ժամանակ նրան իրենց մոտ են տանում, իսկ մի քանի օր անց՝ վերադարձնում։
Հիմա ինձ տեսնելուն պես ժպտում է։ Գրկում է, կերակրում և ստոյիկաբար տանում, եթե հյուրասիրությունը վերցնելիս պատահաբար լիզում եմ մատը։ Նա այնքան էլ չի սիրում շան թուքը։ Ես դրան ըմբռնումով եմ վերաբերվում ու աշխատում զգույշ լինել։

Հասմիկն ասաց նրան, որ ինքը չգիտի էլ, թե որքան բան կարող է անել։ Եվ որ ինձ հետ կարելի է զբոսնել նաև սայլակով։ Երբ երեխաներին հարցրեց՝ ով է ուզում օգնել Նարինեին, այնքան կամավոր հայտնվեց, որ ստիպված եղան քասթինգ անել ու հերթ սահմանել։ Մինչ Նարինեն բռնել էր վզափոկս, մի երեխա հրում էր սայլակը, մյուսը հետևում էր, որ անիվը չանցնի թաթիս վրայով, երրորդը քաշում էր Ֆյոդորի թևքից ու ցույց տալիս տեսախցիկը՝ նկարի՛ր։
Թեև սովորաբար յուրաքանչյուրին ինձ հետ ընդամենը մեկ շրջան զբոսնել է հասնում, որպեսզի բոլորը հասցնեն, որպեսզի ես շատ չհոգնեմ, այս անգամ բոլորը համաձայնեցին, որ դեպքն առանձնահատուկ է, ու կարելի է բացառություն անել։ Ես ու Նարինեն երեք շրջան անցանք։
Նրա հայացքն ինչ-որ կերպ փոխվել էր։ Սովորաբար, երբ մեկն ինձ հետ զբոսնում էր, մյուսները հետևից վազում էին, քաջալերում, չափում շրջանը, հետևում, որ ուրիշներին ավելի շատ չհասնի։ Դա նրանք էին, ովքեր կարողանում էին քայլել։ Իսկ սայլակով երեխաները տաղավարում նստած սպասում էին, որ իմ հերթական ուղեկցող խումբը վերադառնա ու պատմի իրենց, թե ինչքան հավես էր։ Սպասում էին առանց տրտնջալու, ոչ միայն հաշտված իրողության հետ, այլև նույնիսկ չմտածելով, որ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։
Բայց Նարինեն հնազանդվողներից չէ։ Ինձ հետ զբոսնելիս նա այն հավաքույթի մասն էր, որին առաջ տաղավարից էր նայում և որի մեջ ուզում էր լինել։
Նրա հայացքում զարմանք կար ու ազատ, անթաքույց ուրախություն՝ հանկարծակի հասկանալուց. եթե կարող է մյուս երեխաների պես ինձ հետ զբոսնել, ուրեմն հաստատ լիքը ուրիշ բաներ էլ կան, որոնք նույնպես կկարողանա անել, եթե ցանկանա։
Շատ առանձնահատուկ օր էր։ Սովորաբար Նարինեի հետ հուզական առումով շատ եմ հոգնում, բայց այսօր թեթևություն էի զգում։ Գիտե՞ք՝ ինչու։ Երեխայի դեմքին ժպիտ առաջացնելը կամ մկանները թուլացնելը, իհարկե, կարևոր է։ Բայց օգնել նրան նորովի մտածել իր ու իր հնարավորությունների, իր «կարող եմ»-ի ու «չեմ կարող»-ի մասին. ահա՛ թե ինչու ենք այս թերապիան անում։ Այդ օրվանից սկսեցինք զբոսնել նաև սայլակով երեխաների հետ։

Կարծում եմ՝ այդ օրն էլ, երբ Նարինեի մտքերն էի փոխում, կարելի էր ինձ շոկոլադե տորթ հյուրասիրել, բայց այդպես, ցավոք, միայն ես էի մտածում։ Մյուսները լրջորեն անհանգստանում էին լյարդիս ու աչքերիս համար, որոնք կարող են քաղցրից վնասվել։
Թերապիայից հետո գնացինք Երևանի փողոցներում մտքեր փոխելու։ Տուն գնալուց առաջ փողոցներով զբոսնելը վաղուց սովորություն է դարձել մեզ համար։ Հասմիկը դա դաստիարակչական գործընթացի մի մասն է անվանում։
Մեր երկրում մարդիկ միշտ չէ, որ լավ են վերաբերվում կենդանիներին։ Դա հիմնականում անտեղյակությունից է լինում։ Շատերը համոզված են, որ մենք միայն կծել գիտենք։ Եվ որ իրենք բոլորն այնքան համեղ են, որ մենք անպայման կուզենք համտեսել նրանց։ Նաև մտածում են, թե աշխարհով մեկ շրջում ենք՝ ամեն տեսակ վարակներ հավաքելով, որպեսզի հետո, երբ արդեն մեր ներքին պահեստները լցվեն, դրանց մեծ մասը փոխանցենք մարդկանց։
Այնպես որ շատ մարդիկ մեզնից վախեցած մի կողմ են թռչում, պահանջում դնչկալներ հագցնել մեզ ու հեռու տանել։
Մեր դաստիարակչական գործընթացն այն է, որ ի պատասխան չհաչենք նրանց վրա, այլ բարեկամաբար ժպտանք ու խոսենք։ Օրինակ՝ այն մասին, որ մենք թերապևտիկ շներ ենք, որ երբեք չենք կծում, որ կանոնավոր անասնաբույժի ենք գնում, որ օգնում ենք մարդկանց։ Մարդկանց համար շատ կարևոր է, որ բոլորն իրենց օգուտ տան։ Հետո արդեն կարելի է ասել, որ մենք բոլորս նախկին փողոցային ենք, գրեթե բոլորս՝ ոչ ցեղական։
Կարևորը՝ ականջները սրեն։ Հետո անպայման կընդունեն ու կսիրեն, և գուցե այդ ընդունելությունը տարածվի նաև մյուս խառնածին շների վրա։ Մի անգամ փողոցում մի մայրիկ ինձ թույլ տվեց գլուխս մտցնել մանկասայլակի մեջ ու լիզել իր երեխային։ Այստեղ ագրեսիայով ոչնչի չես հասնի։

Հետո գնացինք մի շատ հաճելի տեղ, որտեղ Հասմիկն ու Ֆյոդորը մեզ համար կեր են գնում, և որտեղ տերը միշտ մեզ համար հյուրասիրություն է պահած լինում։ Քանի որ հետևի ամբողջ նստատեղը պարկերն էին զբաղեցրել, ես տեղափոխվեցի առջև՝ Ֆյոդորի մոտ, ու գնացինք տուն։ Գլուխս հանել էի բաց պատուհանից, քամին էի կուլ տալիս ու, ինչ թաքցնեմ, ինքս ինձնից շատ գոհ էի։

Այն օրը, երբ բոլորս այնպիսին էինք, ինչպիսին կանք
Այսօր նկատեցի, որ երեխաներն ավելի հոգատար են դարձել միմյանց հանդեպ։ Միշտ ինքնամփոփ Քրիստինան հանկարծ սկսեց սիրտը բացել իմ առաջ, իսկ Արչին ընկերացավ յասամանագույն փղիկի հետ։
Դա դժվար ընտանիքների երեխաների ճգնաժամային կենտրոնում էր։ Ընդհանրապես մենք շաբաթը երկու օր թերապիայի ենք գնում։ Մենք ունենք երկու մանկական ապաստարան, մեկ ճգնաժամային և մեկ վերականգնողական կենտրոն՝ երեխաների համար։ Տարին մի քանի անգամ գնում ենք մանկական տարբեր ճամբարներ։
Սիրում եմ աշխատանքս, բայց այն հեշտերից չէ։ Երեխաներս ամենատարբերն են։ Ոմանց շատ մեղմ ու համբերատար մոտեցում է պետք։
Երեխան կարող է վախենալ, գոռալ, փորձել ոտքով քացի տալ քեզ, իսկ դու պետք է հանգիստ պառկես ու չհամարձակվես ի պատասխան կծել (երբեմն շատ ես ուզում)։
Հաչել էլ չի կարելի։ Ստիպված ես համբերել նույնիսկ այն ժամանակ, երբ քթիդ առաջ կատու է երևում։ Ո՛չ, ես կատուներին հրաշալի եմ վերաբերվում, մեր տան կատուներից մեկը նույնիսկ վրաս է քնում։ Ես նրանց չեմ ուտում, բայց շատ եմ սիրում քշել։ Բայց չի կարելի։ Աշխատանքից հետո՝ ինչ ուզում ես, իսկ թերապիայի ժամանակ՝ խիստ կարգապահություն ու անվերջ համբերություն։
Մենք՝ շրջիկ շուն-թերապևտներս, վեցն ենք։ Մյուսները մեր տանն են թերապիայով զբաղվում։ Բոլորս էլ դժվար կյանքի համն առել ենք, և բոլորս էլ ինքներս թերապիա ենք անցել, նախքան երեխաներին օգնել սկսելը։ Մեծահասակների մոտ էլ ենք մտադիր գնալ, բայց ապագայում. հիմա չունենք բավարար թվով մարդիկ, որոնք մեզ հետ կգան ամեն տեղ, որտեղ մեր կարիքն ունեն։

Ապաստարանների մեր երեխաները, որպես կանոն, ծանր ֆիզիկական հաշմանդամություններ ունեն։ Ճգնաժամային կենտրոնի երեխաները հիմնականում չունեն դրանք, բայց լիքը հոգեկան վերքեր ունեն, որոնք օգնում ենք բուժել։ Այստեղ երեխաները ժամանակավոր են ապրում, մինչև լուծվեն նրանց ընտանիքների դժվար իրավիճակները։
Առաջին օրերին երեխաները փորձում էին ինձ իրար ձեռքից «խլել», հրում ու քացի էին տալիս. ամեն մեկն ուզում էր հասցնել ինձ հետ շփվել։ Եվ ահա այսօր արդեն իրար զիջում են, հետևում, որ նույնիսկ ամաչկոտ փոքրիկները մոտենան ինձ։ Եթե մեկն ինձնից վախենում է, անմիջապես հայտնում են Հասմիկին ու ամբողջ խմբով օգնում վախերից ազատվելու։
Կարծում եմ՝ միմյանց հանդեպ նրանց հոգատարությունը սկսվեց իմ հանդեպ հոգատարությունից։ Դե, ինքներդ նայեք։ Առաջին հերթին պետք է ամանս ջրով լցնեն ու ամբողջ սեանսի ընթացքում հետևեն, որ այն լիքը լինի։ Մենք խոտերի մեջ ենք խաղում, ու մորթուս մեջ կարող են փշեր խճճվել, որոնք պետք է հանել։ Իսկ սեզոնին ես այնքան մազ եմ թափում, որ որոշ երկարամազ շներ էլ իրենց նման բան թույլ չեն տալիս։ Երեխաներն ինձ սանրում են։ Եթե հոգնել եմ, ոչ մի զբոսանք. բոլորը գիտեն, որ ինձ պետք է տանել ստվերում պառկելու։

Երեխաները նաև մեր ուսուցմամբ են զբաղվում։ Նրանք շատ բան են տեսել իրենց դժվար ընտանիքներում։ Հաճախ իրենց անպետք ու անվստահ են զգում։ Եվ հանկարծ նրանց կարևոր գործ են վստահում՝ օգնել վարժեցնել թերապևտիկ շանը։ Նրանց ինքնավստահությունն իսկույն բարձրանում է։
Օրինակ՝ անցյալ շաբաթ թմբլիկ Տատիկի համար, որին նիհարելու համար պետք է շատ շարժվել, այսպիսի խաղ մտածեցին. երեխաները բասկետբոլի դաշտում մեծ շրջան էին կազմում՝ յուրաքանչյուրն իր բռունցքի մեջ հյուրասիրություն պահած։ Հերթով կանչում էին Տատիկին և, երբ նա մոտ էր վազում, հյուրասիրում էին։ Կարծում եմ՝ համեղ բաներն իսկույն վերականգնում էին վազելու ընթացքում Տատիկի ծախսած կալորիաները, բայց իմ կարծիքը, ինչպես միշտ, ոչ ոքի չէր հետաքրքրում։ Բացի այդ, դա համարվում է գործի մեջ անձնական շահագրգռվածություն ունենալ։

Այսօր պարզվեց, որ Արչին մահու չափ վախենում է մեծ յասամանագույն փղիկից, որը կանգնած էր զբոսանքի արահետի մեջտեղում։ Ես անմիջապես հասկացա, որ փղիկն իսկական չէ, բայց Արչիի իրականությունը աղավաղված է. նա միշտ իր երևակայությունները շփոթում է իրականության հետ։

Եթե շները ծիծաղել կարողանային, ծիծաղից կթավալվեի՝ նայելով, թե ինչպես է երեխաների կեսը փոքրիկ քայլերով Արչիին մոտեցնում փղիկին, իսկ մյուս կեսը՝ փղիկին Արչիին։ Հասմիկի ղեկավարությամբ, որն անընդհատ ասում էր. «Լավ փղիկ է, նայի՛ր, Արչի՛, թե ինչպես եմ շոյում փղիկին»։ Նրանց մոտ ստացվեց։ Օրվա վերջում Արչին լիզում էր փղին, քսմսվում նրան ու ոչ մի կերպ չէր ուզում հեռանալ։
Ինձ համար էլ Հասմիկը, նկատելով, որ տասը մետր հեռվից շրջանցում եմ երկաթե սահարանները, որոնց վրա երեխաները բարձրանում ու կապիկների ճարպկությամբ ցած են սուրում, իսկական փորձություն մտածեց. երեխաներն ինձ աստիճաններով բարձրացնում են սահարանի վրա, իսկ նա կանգնում է ներքևում ու կանչում ինձ։ Եվ նրա մոտ հասնելու միակ ճանապարհը սահարանով ցած սահելն է։
Իմ կարծիքով՝ սա շանտաժի է նման, իսկ Հասմիկի կարծիքով՝ թերապևտիկ շունը չպետք է ինչ-որ սահարանից վախենա։ Եվ գիտի էլ, չէ՞, որ իր մոտ եմ գնալու. տանել չեմ կարողանում, երբ նա հեռու է։

Իսկապես վախենալու էր։ Սկսեցի լեզուս մանր-մանր դուրս հանել ու լիզել շուրթերս։ Սթրեսի մեջ միշտ այդպես եմ անում։ Տանել չեմ կարողանում անկայունությունն ու բարձրությունը։ Բազկաթոռից բարձր չլինի, խնդրում եմ։ Երեխաներն ինձ քաջալերում էին։ Շրջապատել էին ու ցույց էին տալիս, որ ամեն կողմից ապահովում են ինձ, թեև ընկնելու տեղ չկար։ Ի վերջո համարձակվեցի։ Աստվա՜ծ ի՜մ։ Հասմիկն ինձ բռնեց, ու բոլորը ծափահարեցին։ Եվ ինձ լիքը հյուրասիրություն հասավ։
Մի քանի անգամ էլ փորձեցինք։ Այնպես չէ, որ արդեն բոլորովին չեմ վախենում, ո՛չ, վախենում եմ ու ձևեր չեմ թափում, չեմ թաքցնում սարսափս, բայց սահում եմ ցած՝ հաղթահարելով վախը։ Իմ կարծիքով՝ հենց դա է իսկական քաջությունը։
Հետո Քրիստինան երկար զբոսնեց ինձ հետ, իսկ վերջում նստեցինք ծառի տակ՝ խոտերին։ Նա ինձ գեղեցիկ սանրեց, հետո գրկեց ու երկար պատմեց իր կյանքի, իր ապրումների մասին։ Քրիստինան շատ է սիրում ինձ ու մեր մյուս շներին, այնքան է համբուրում, որ մորթու վրա փոսիկներ են մնում։ Նա գրեթե ամբողջ կյանքում մի մանկական հաստատությունից մյուսն է գնացել։ Նրա հետ զրուցելիս կարող է թվալ, թե Քրիստինան սիրում է մանիպուլացնել ու կարեկցանք առաջացնել։ Բայց ես գիտեմ. իրականում նա ուշադրություն ու սեր է ուզում, որոնք շատ քիչ է ստացել, երբ փոքր էր։
Բայց ինձ հետ Քրիստինան ձևանալու կարիք չունի։ Նա գիտի, որ թե՛ ես, թե՛ մյուս շները կընդունենք իրեն այնպիսին, ինչպիսին կա։ Որ մեզ համար կարևոր չէ, թե մարդն ինչ խնդիր ունի։ Որ մեզ խորթ է խղճահարությունը, որն այդպես վիրավորում է ֆիզիկական կամ հոգեկան վնասվածք ունեցող մարդուն։ Մենք պարզապես ընդունում ենք։ Քրիստինան գրկում է ինձ, և նրա համար ավելի հեշտ է դառնում պարզապես պատմել՝ առանց ուրիշ մեկը ձևանալու։

Այն օրը, երբ մտածում էի իմ կյանքի մասին
Երբ ութ տարեկան ես, այսինքն՝ արդեն պատկառելի տարիքի, ժամանակ առ ժամանակ քեզ այցելում են ամեն տեսակ մտորումներ կյանքի, գոյության իմաստի ու դրանում քո տեղի մասին։
Ես փախա։ Երբեմն այդպես անում եմ, երբ ինձ բակ են թողնում զուգարանի համար։ Որովհետև շատ եմ սիրում դաշտամկներ բռնել, իսկ տանը դրանք չկան։ Բայց այսօր իջա առվակի մոտ ու պարզապես պառկել էի այնտեղ ու մտածում էի։ Երբեմն սիրտ ճմլող թախիծ է իջնում վրաս։ Թվում է՝ շատ երկար եմ ապրում ու հաստատ արդեն մի քանի կյանք ապրել եմ։
Առաջին կյանքում քոթոթ էի։ Ապրում էի քաղաքի մի հարուստ տանը, տիրուհուս ձեռքից էի ուտում ու բազմոցին քնում։ Մի անգամ նրա շքեղ մեքենայով գնում էինք ու ճանապարհին կանգ առանք խնձոր գնելու։ Ճամփին մի թուփ կար, ու ինձ հետաքրքրեց՝ ինչ կա այնտեղ։ Մինչ տիրուհիս վճարում էր, սահեցի դուրս՝ բաց դռնից։ Նա դա չնկատեց, ու մինչ ես կլանված ամեն ինչ հոտոտում էի, մեքենան գնաց։
Այնտեղ խնձոր վաճառող տղան ինձ գիրկն առավ ու տարավ իր տուն։ Այդպես սկսվեց իմ երկրորդ կյանքը։ Սկսեցի հսկել այդ տունն ու շուրջը եղած ևս յոթ տուն։ Տերերը կարող էին գնալ ու դռները չկողպել, քանի որ ոչ ոքի մտքով չէր անցնի քիթը խոթել նրանց մոտ։ Սկզբում տխրում էի ու կարոտում բազմոցս, բայց հետո սովորեցի։
Հիմա բակում էի ապրում, ու բոլորն ինձնից վախենում էին։ Լուրջ։ Երբ տերերիս հյուրեր էին գալիս, ինձ կամ կապում էին, կամ նկուղում փակում, որ ոչ ոքի չուտեմ։ Այնինչ ես պարզապես հաչում էի օտարների վրա, ինչպես պետք է անի ցանկացած նորմալ շուն։

Մի ձմեռ տերերս ինձ՝ հղի, փակեցին նկուղում ու մոռացան։ Մի քանի օրով գնացել էին ուրիշ գյուղ՝ հարազատների մոտ։ Ես ծնեցի ու սպանեցի քոթոթներիս։ Մենք՝ կենդանիներս, երբ զգում ենք, որ մեր ձագը չի գոյատևի կամ տառապանքների է դատապարտված լինելու, չենք ստիպում նրան ապրել։ Ես ո՛չ ջուր ունեի, ո՛չ կեր, հետևաբար՝ նաև կաթ, որ կերակրեի քոթոթներին։
Երբ մարդիկ վերադարձան, աննկարագրելի սարսափի մեջ ընկան։ Տերս ինձ պարանով կապեց ու քարշ տվեց կիսաքանդ գոմի մոտ։ Հենց այստեղ էլ նրան տեսավ կողքով անցնող Հասմիկը։ Տերս նրան ասաց, որ ինձ պատժելու համար է սյանը կապում. «Թող սովից սատկի, որովհետև նորմալ մայրը մի՞թե այդպես կվարվեր»։
Հասմիկն ինձ խլեց նրանից՝ ասելով, որ ինձ համար լավ է լինելու, իսկ ահա իր համար վատ կլինի, որ այսքան սիրուն շնից զրկվեց։ Բայց հաջորդ առավոտ տերս չկարողացավ վեր կենալ. մեջքը մի ամբողջ շաբաթ կծկված մնաց, ու նա բոլորին պատմում էր, որ Հասմիկն իրեն թուղթուգիր է արել։ Մեր դռան առաջ մարդկանց հերթ գոյացավ, որոնք հարցնում էին՝ ինչպես ճիշտ հոգ տանեն իրենց շների մասին։ Նրանք վախենում էին, որ Հասմիկն իրենց էլ թուղթուգիր կանի։ Հասմիկը նման համբավին դեմ չէր. շներին դրանից միայն ավելի լավ էր։
Այդպես սկսվեց իմ երրորդ կյանքը։ Ամենուր հետևում էի նոր տիրուհուս։ Բայց հենց նա տեսադաշտիցս անհետանում էր, անմիջապես փախչում էի։ Նախկին տուն։ Ներս չէի մտնում, այլ պառկում էի դարպասի առաջ ու պարզապես նայում։ Ճիշտն ասած՝ միայն մի մարդու էի կարոտում. տիրոջս որդուն, որն ինձ գտել էր։ Մենք ընկերներ էինք։ Բայց նա այդ ժամանակ բանակում էր ու ոչ մի կերպ արձակուրդ չէր գալիս։ Այդպես երևի կես տարի փախչում էի հին տունս, հետո դադարեցի։

Սկզբում տանն էի միզում ու կղում՝ չհասկանալով, որ նման գործերը դրսում է պետք անել։ Բայց հետո սովորեցի։ Միայն բազմոցին չցատկել չսովորեցի։ Պիտի խոստովանեմ՝ հենց բոլորը քնելու են գնում, իսկույն փռվում եմ փափուկ բազմոցին։ Երբեմն առավոտյան չեմ հասցնում ցած թռչել, ու ինձ բռնում են հանցանքի վայրում։ Բայց մարդկանց երկար բարկանալ չի հաջողվում. իսկույն պառկում եմ մեջքիս վրա ու թաթերս վեր բարձրացնում (երեխաներից եմ սովորել մանիպուլացնել), ու բոլորը հալվում են։
Մի անգամ կյանքս քիչ մնաց ընդհատվեր։ Թունավորված մկներ ուտելով՝ մեծ քանակությամբ առնետի թույն կերա։ Դողում էի, ինձ այս ու այն կողմ էր շպրտում, մկաններս լարվել էին, ու չէի կարողանում թուլացնել։ Գիշեր էր։ Մենք այդ ժամանակ մեքենա չունեինք։ Հասմիկն արթնացրեց Աշտարակի մեր լավ տաքսիստին ու խնդրեց շտապ գալ։
Տաքսիստը մահու չափ վախենում է շան մազից։ Նա համոզված է, որ ամեն մազ էխինոկոկի աղբյուր է։ Նաև տանել չի կարողանում գիշերը քշել, հատկապես, երբ արդեն քնելու է պառկել, ու իրեն արթնացրել են։ Բայց նա եկավ, ու մենք գնացինք կլինիկա։ Բերանիցս սարսափելի գարշահոտ էր գալիս, Հասմիկը փորձում էր միաժամանակ պահել դողացող մարմինս, պոլիէթիլենային տոպրակը՝ եթե հրաշք լիներ, ու սկսեի փսխել, և հեռախոսը, որով զանգում էր անասնաբույժին ու խնդրում շտապ գալ կլինիկա։
Վարորդը հանեց ձյունաճերմակ թաշկինակն ու դրանով փակեց բերանն ու քիթը։ Թաքուն, որ չնեղանամ։ Իմ ուշքն ու միտքը դրան չէր, ընդհանրապես վատ էի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց չէի էլ նեղանա. գարշահոտն իսկապես սարսափելի էր, ու ամեն մեկը չէր, որ ինձ տեղ կհասցներ։
Կլինիկայում ասացին, որ շանսերը քիչ են, բայց կփորձեն։ Այնտեղ երկու գիշեր անցկացրի։ Ինչ պատահում էր՝ սրսկում էին ինձ ու չէին թողնում ուտել։ Սարսափելի էր, բայց ես ողջ մնացի։
Հիմա տանն եմ ապրում, իմ բազկաթոռն ու համեղ ուտելիքն ունեմ։ Ամեն ինչ լավ է, բայց ինչ թաքցնեմ՝ խուճապի եմ մատնվում, երբ Հասմիկն ինձ թողնում ու գնում է։ Նույնիսկ հինգ րոպեով։ Գիտեմ, որ ինձ չի լքի, բայց, միևնույն է, խուճապի եմ մատնվում ու իսկույն սկսում ջղաձգորեն լիզել շուրթերս։ Դա ցնցում է, որի արձագանքներից դժվարանում եմ ազատվել։ Ապաստարանի երեխաներն էլ այդպիսի գիծ ունեն։ Ամեն անգամ ճշտում են. «Մյուս շաբաթ հաստա՞տ կգաք»։ Կարդա՝ «Թե՞ դուք էլ եք ժամանակավոր»։

Այն օրը, երբ քիչ մնաց թաթերս կախ ընկնեին
Երբեմն լինում է այնպես, որ պարզապես ուզում ես չլինել։ Հոգում հուսահատություն է բույն դնում, որին ո՛չ մկան որսով կարող ես հաղթել, ո՛չ համեղ բաներով։ Այսօր ապաստարանում նոր երեխա ունեի՝ Մարիան, և հենց այդպիսի օր էր։
Մարիան բարակ, անարյուն մատիկներ ունի։ Սառը՝ չնայած բավական ուժեղ շոգին։ Հասմիկը ստիպված է երկար շոյել դրանք ու թեթև խփել դաստակին, որ սպաստիկությունից բռունցք դարձած մատները բացվեն ու դիպչեն ինձ։ Ես համբերատար սպասում եմ Արդեմի գրկում։
Մարիան սիրում է ինձ շոյել։ Դրա մասին նրա աչքերն են ասում։ Միայն աչքերը։ Մարիան չի կարող քայլել, չի կարող շարժել ձեռքերը, նա դեմքի միմիկա չունի։ Բայց լիովին պահպանված բանականություն ունի։ Ունի շրջապատող աշխարհից եկող ազդակները զգալու ու ընկալելու, վերապրելու և մշակելու ունակություն։ Եվ միայն աչքեր՝ ներսում ապրածն աշխարհին հաղորդելու համար։
Ոչ ոք երբեք նրան չի ասի, թե ինչ փոսիկներ ունի այտերին, երբ ծիծաղում է։ Որովհետև նա չի ծիծաղում։ Երբեք ոչ ոքի դուր չի գա նրա սիրուն ծամածռությունը, որովհետև նա ծամածռություններ չունի։
Նրա կենդանի աչքերի հետևում հսկայական աշխարհ է, որը գուցե նույնիսկ հարյուր տարում չբացվի մեզ համար։
Ո՛չ ես, ո՛չ ուրիշ որևէ մեկը չենք կարող դա փոխել։ Որքան ուզում ես՝ քեզ պատռիր։ Մարիան իմ առաջին երեխան է, որի հետ ինձ անզոր եմ զգում։ Հասմիկն ասում է նրան՝ ապրե՛ս, նայում է նրա անհավանական աչքերին, շոյում ուսն ու ժպտում։
Ավարտում ենք թերապիան, նստում մեքենան։ Ճանապարհին լոլիկ ենք գնում՝ վառ, հյութեղ, արևով լի, մարդիկ քննարկում են ճանապարհի վարորդներին, ասես դա է հիմա ամենակարևորը, մտնում ենք ընկերների մոտ, այնտեղ ծանոթանում եմ ուրիշ շների հետ, որոնք միահամուռ ինձ անմարդամոտ են համարում։
Ինչքան ուժ ունեմ՝ ջանում եմ, բայց շփվել չի ստացվում։ Իմ մարդիկ մի թեմայից մյուսն են թռչում՝ ասես վախենալով լռելուց։ Երևի լռության մեջ տխուր մտքեր են ծնվում։
Մենք ջանասիրաբար ձևացնում ենք, թե ամեն ինչ լավ է։ Իսկ այնտեղ՝ ապաստարանում, մնաց Մարիան։ Որը միայն աչքեր ունի։ Եվ ներսում ամեն ինչ գրողի ծոցն է գնում՝ փլվում։ Մարդկանց համար հեշտ է. իրենց համար աստվածներ են հորինում, որ լինի մեկը, ում վրա կբարդեն դժբախտությունները կամ ումից պաշտպանություն կխնդրեն։ Մենք՝ շներս, այդպես չենք կարողանում։ Ուզում եմ փախչել մի մութ անկյուն ու երկար, թախծոտ ոռնալ։
Թերապևտիկ շուն լինելը երբեմն ահավոր դժվար է։ Պետք է սիրտդ պատրաստես նրան, որ միշտ չէ՝ ստացվելու է, որ այսպիսի օրեր էլ կլինեն, սովորես չտրվել վհատությանը։ Վաղը ես այս ամենը կասեմ ինքս ինձ, բայց այսօր չեմ կարող։ Այսօր շատ տխուր եմ։

Այն օրը, երբ բախվեցինք խղճահարության համաճարակին
Այսօր հաստատ Արչիի աստեղային ժամն էր։ Նա իմ լրիվ հակապատկերն է։ Օրինակ՝ ես այդպես էլ չհասկացա՝ ինչու պետք է թաթ տալ կամ պառկել, հենց որ մեկի խելքին փչի դա տեսնել։ Ճիշտ շփումն այն է, երբ իրար աչքերի մեջ եք նայում ու լռում։ Կամ գրկախառնված նստած եք, ու ձեզ լավ է, և լուռ ձեր մեջ եք առնում այդ «լավը»։
Իսկ Արչին չափից շատ աղմկոտ է ճիշտ շփման համար։ Մեկ այսպես է պտտվում, մեկ այնպես, բոլորի հետ պետք է փաղաքշվի ու համբուրվի։ Թե՛ նստում է, թե՛ թաթ տալիս, թե՛ պառկում, երբեմն նույնիսկ գլուխկոնծի է տալիս, միայն թե իրեն շոյեն ու շնային համեղ բաներ հյուրասիրեն։
Այսօր ապաստարանում Լեոյի հետ էինք աշխատում։ Լեոն Դաունի համախտանիշ ունի, նրա զգայական ընկալումը գերզարգացած է, և նոր «նյութի» ցանկացած հպում կարող է վնասող լինել նրա համար։
Լեոն ինքն իր թերապևտն է։ Սկզբում գալիս էր, մոտակայքում նստում ու ինձ նայում։ Հետո հետույքի վրա սողալով՝ ավելի էր մոտենում։ Բայց հենց մի շարժում էի անում դեպի նրան, անմիջապես փախչում էր։ Նորից՝ հետույքի վրա։ Նա գիտակցում է իր վախը, բայց շատ է ուզում հաղթահարել այն։ Եվ այդպես՝ քայլ առ քայլ, իր տեմպով գնում է դեպի դա։

Անմիջապես զգուշացրի Արչիին, որ Լեոյի հետ պետք է համբերատար լինել ու միանգամից չխցկվել նրա մոտ։ Բայց Արչին, իհարկե, դա ականջի հետև գցեց։ Օրն օր չէ, եթե թեկուզ մի մարդ անտարբեր է մնացել իր հանդեպ։ Ուստի վստահ մոտեցավ Լեոյին ու դնչով դիպավ նրա ծնկին։
Անակնկալից Լեոն տեղում քարացավ։ Հետո բանտիկի պես հավաքած մատները մոտեցրեց դեմքին ու շոգենավի պես գվվաց. անհավանական շփոթության նշան։ Ուշքի գալով՝ Լեոն ուզում էր փախչել, բայց կամքի ուժով ստիպեց իրեն մնալ։ Եվ նույնիսկ ձախ ձեռքով բռնեց Արչիի վզափոկը։ Արչին պառկեց կողքին։ Այդպես որոշ ժամանակ իրար ուսումնասիրում էին։ Մի քանի րոպե անց Լեոն հետույքի վրա դանդաղ սողաց Արչիի մոտ ու հանկարծ մատով խփեց կողքին։ Հետո նորից հուսահատ գվվաց ու արագ-արագ մի կողմ սողաց՝ ամբողջ դեմքով ու մատներով ցույց տալով. ապշեցուցիչ բան պատահեց։
Ճգնաժամային կենտրոնում մի նոր, պստիկ-պստիկ աղջիկ կար, որը առավոտից՝ իրեն բերելու պահից, մի բառ չէր ասել, չէր ժպտում ու ոչ ոքի հետ չէր ուզում շփվել։ Ավելի մեծ երեխաներն ու դաստիարակները խորհուրդ տվեցին այսօր նրան հանգիստ թողնել՝ ենթադրելով, որ գուցե խոսել չգիտի։ Շնիկին շոյելու Հասմիկի առաջարկին աղջիկը հուսահատ գլուխն օրորեց։ Բայց ահա ներսում գույնզգույն դոնդողով շան թխվածքաբլիթներին նայելու հեռանկարը նրա մեջ թույլ, բայց հետաքրքրություն առաջացրեց։
Աղջկա ձեռքին թխվածքաբլիթ տեսնելով՝ Արչին ձևականությունների հետևից չընկավ, վեր թռավ ու լիզելով վերցրեց այն նրա ափից։ Աղջիկը նայեց Արչիին ու հանկարծ բարձր ծիծաղեց։ Արչիին աղջիկը դուր եկավ, ինչի մասին էլ ոգևորությամբ հայտնեց նրան՝ լիզելով ձեռքերն ու դեմքը։ Աղջիկն ավելի բարձր ծիծաղեց, սկսեց անդադար շոյել Արչիին, ջուրը մոտեցրեց նրան, սանրեց ականջները (ինչն Արչին արիաբար տարավ), կերակրեց ու ասաց, որ «շնիկը լավն է»։

Երբ վերջապես հասանք քաղաքի կենտրոն ու Հյուսիսային պողոտայով սկսեցինք իջնել, Արչին այնքան էր համակված սեփական կարևորության ու պետքականության գիտակցությամբ, որ աջ ու ձախ ինքնագրեր կբաժաներ, եթե գրել իմանար։ Բայց քաղաքը նրան բոլորովին այլ կերպ դիմավորեց, քան սպասում էր։
Արչիի առջևի թաթերը ծռված են՝ հետևանք կալցիումի հետ կապված խնդիրների, որոնք ունեցել է փոքր ժամանակ։ Երբ մեզ մոտ հայտնվեց, արդեն ուշ էր որևէ բան անել, ու քանի որ դրա պատճառով Արչին հազիվ էր ոտքերը քարշ տալիս, Հասմիկը նրա հետ ֆիզիոթերապիայի երկար կուրս անցկացրեց։
Հիմա քայլում է, վազում, ցատկում։ Միայն հողը չի կարող փորել, ինչպես մենք ենք սիրում անել, երբ շոգ է։ Բայց Արչին քնով ընկած շուն չէ։ Սպասում է, մինչև մեկն իր փոսիկից դուրս գա ջուր խմելու կամ, հակառակը, միզելու, և անմիջապես զբաղեցնում է թափուր տեղը։ Նաև պետք է քայլելուց ավելի շատ հանգիստ տալ նրան, քան մյուս շներին։ Ըստ էության՝ այսքանը։
Բայց մարդիկ այս ամենը չգիտեն։
Կարծես նրանց համար ինչ-որ պատճառով կարևոր է խղճալ Արչիին ու իրենց բարի և աշխարհի տառապանքներին հաղորդակից զգալ։ Ոմանք էլ Հասմիկին «շնորհակալություն» են ասում, որ խեղճ հաշմանդամին վերցրել է։
Արչիի թքածը դրա վրա, իհարկե, բայց Հասմիկին նման խղճահարությունն ահավոր կատաղեցնում է։ Այսօր քաղաքը հատկապես սենտիմենտալ տրամադրություն ուներ։
— Աստվա՛ծ իմ, շնիկը հազիվ է քայլում, իսկ նա ստիպում է,— տնքաց մի աղջիկ ընկերուհուն, երբ Հասմիկը, վազքից արդեն շնչակտուր, փորձում էր կանգնեցնել առաջ՝ հեռվում զբոսնող պուդելի կողմը ձգվող Արչիին, որին անպայման պետք է լպստել հանդիպած բոլոր շներին։
— Վա՜յ, մամա ջան,— մրմնջաց մանկասայլակով մի տատիկ, գլուխը թեքեց ուսին ու… ատամներով բռնեց զգեստը։ Մի քանի մետր անց մեկ ուրիշ կին նույնն արեց։ Այդ շարժումը նշանակում է՝ թող այս սարսափը, ասենք, իմ երեխայից հեռու մնա։
— Խեղճ շնիկ։ Տանջվում է։ Հիվանդ է։ Բայց արժե՞ շանն այս վիճակում պահել։ Սա արդեն սեր չէ, այլ եսասիրություն,— մեր կողքով անցնելիս մտորում էր ինչ-որ մեկը։
— Քոռանա՛մ ես,— աչքերը չռելով՝ համազգեստով մի աղջիկ շշնջաց նույնպես համազգեստով ընկերուհուն։
— Քոռանալ պետք չէ,— սաստեց նրան Հասմիկը։ Բայց իր վրա հանկարծակի թափված վշտով տարված աղջիկն անտարբեր մնաց դրան։
Նույնիսկ Արչիի պես ուրախ ու կյանքով լի շանը շփոթեցրեց իր հասցեին խղճահարական բացականչությունների ու շշուկների այս տարափը։ Հատկապես, երբ հերթական աղջկա մոտ գնաց շոյվելու, իսկ նա հետ ընկրկեց, ձեռքը դրեց սրտին ու շշնջաց. «Խեղճս»։ Նա անօգնական նայեց Հասմիկին։

Հասմիկը սկսեց երկար բացատրել նրան, որ մարդիկ տարբեր են լինում, որ ընդհանրապես դժվարանում են ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս, և որ դա փոխելու համար պետք է համբերությամբ զինվել։ Բայց Արչին այդ իմաստուն ճառերը մինչև վերջ չլսեց։
Երևաց մի ցայտաղբյուր, որից ջուրը մայթին էր լցվում, իսկ Արչին պաշտում է շատրվանների ջրափոսերում պառկելը։ Այնպես որ իսկույն մոռանալով գրկախառնությունների ձախողումն ու Հասմիկի դեմքից հասկանալով, որ հիմա իրեն ամեն ինչ կթույլատրեն՝ վզափոկը ձգեց դեպի ջուրը։
Այն օրը, երբ պառկած էի բազկաթոռին ու զանազան մտքեր էի մտածում
Կիրակի։ Այսօր իմ հանգստյան օրն է։ Առավոտյան անձրև էր գալիս, զով էր ու թարմ։ Փռվել էի բազկաթոռին ու վայելում էի։ Փուչուրը մեջքիս, իհարկե։ Նրա համար մեկ է՝ հանգստյան օր ունե՞ս, թե՞ ոչ։ Հաճախ նույնիսկ կասկածում եմ՝ նա տեղյա՞կ է, որ ես կենդանի էակ եմ, թե՞ կարծում է՝ գլանաբարձ եմ, որ դրել են հատուկ իր հարմարության համար։ Նա երիկամային անբավարարություն ունի, ու բոլորս աշխատում ենք նրա կյանքը հնարավորինս հաճելի դարձնել։

Կիրակի օրերին մեզ մոտ գրեթե միշտ հյուրեր են գալիս։ Ասում են՝ մեզ հետ շատ հաճելի է, ու գնում են ուրախացած ու հանգստացած։
Հասմիկը հյուրին պատմում էր, թե ինչպես ինը տարի առաջ իր մեջ ծնվեց մեզ հետ թերապիայի գաղափարը։ Այն ժամանակ մարդիկ իրենց երեխաներին բերում էին ձիերի հետ թերապիայի և մեզ՝ այստեղ ապրող շներիս, անօգուտ էակներ էին համարում, որոնց վրա դեռ փող էլ էր պետք ծախսել։ Մարդկանց համար իսկապես շատ կարևոր է, որ բոլորն իրենց օգտակար լինեն։ Եվ այդ ժամանակ Հասմիկը մտածեց, որ հիանալի կլիներ փրկել փողոցի շներին ու նրանց, որոնց տերերը լքել էին, օգնել նրանց հաղթահարել ֆիզիկական ու հոգեկան վնասվածքները, հետո սովորեցնել օգնել մարդկանց՝ իրենց խնդիրները հաղթահարելու հարցում։ Այդ դեպքում մարդիկ կմտածեն, որ շները նաև օգտակար են, ուրեմն ավելի լավ կվերաբերվեն նրանց։
Հասմիկն այս գաղափարով կիսվեց Լեհաստան երկրում շների մի հոգեբանի հետ։ Հոգեբանը կտրականապես դեմ էր։ Հնարավոր չէ կանխատեսել, ասում էր նա, թե ինչ վարքային առանձնահատկություններ կարող են ի հայտ գալ խառնածին շան մոտ։ Եվ առաջարկեց Հասմիկին վարժեցված լաբրադոր նվիրել ու բերել նրան Հայաստան։
Բայց Հասմիկը լաբրադոր չէր ուզում։ Ցեղականներին կյանքում առանց այդ էլ շատ ավելի շատ քնքշանք, համեղ բաներ ու լավ կյանք է բաժին հասնում, քան մեզ՝ խառնածիններիս։ Իմ բախտը դեռ բերել է, ես կորգիի խառնածին եմ։ Կորգիներին բոլորը պաշտում են։ Ասում են՝ նույնիսկ ինչ-որ թագուհի։

Հասմիկը որոշեց, որ եթե շունը հանգիստ է, սիրում է մարդկանց ու մյուս կենդանիներին, չի վախենում բարձր ձայներից ու լավ է տանում մեքենան, ուրեմն կարևոր չէ, թե ինչ ցեղի է։ Պարզապես խառնածին շանը վարժեցնելու համար, այն էլ՝ հասուն տարիքում, ավելի շատ ժամանակ ու համբերություն կպահանջվի։
Ես, օրինակ, մարդկանց հանդեպ անտարբեր էի, երբ նոր հայտնվեցի այստեղ։ Եվ տանել չէի կարողանում կատուներին։ Հասմիկից մի քանի ամիս պահանջվեց ինձ հետ, որ հասկանամ՝ կատուների հետևից վազել չի կարելի, իսկ մարդիկ շատ էլ վատ էակներ չեն։
Բայց ոչ բոլորն են ինձ պես շուտ հասկացող։ Մեր մեկ ուրիշ թերապևտիկ շան՝ Մալիշի հետ Հասմիկը երկու տարի զբաղվեց։ Բայց Մալիշը մղձավանջային կյանք էր ունեցել։ Նա ծնվել է Երևանում։ Նրա եղբայրներին ու քույրերին արագ տարան, իսկ նրան ոչ ոք չէր ուզում, որովհետև մարդիկ տգեղ էին համարում։ Ամենից շատ նրան չսիրեց ՊԱԿ-ի մի նախկին գնդապետ, որը մի անգամ հրացանով ընկավ հետևից, երբ նա մոտ երեք ամսական էր։ Հասմիկը նրան տեղավորեց երկու երեխա ունեցող մի ընտանիքում ու հանգիստ էր նրա համար, քանի որ բոլորը միանգամից սկսեցին նրան գրկել, շոյել ու նույնիսկ համբուրել։
Հետո Հասմիկը սկսեց ուրիշ շների փրկել ու այլևս չէր գնում քոթոթին ստուգելու։
Կես տարի անց պարզվեց, որ Մալիշին պահում էին երկրորդ հարկի պատշգամբում (նա մահու չափ վախենում է բարձրությունից)՝ կարճ պարանով կապած, կերակրում էին միայն չոր հացով, իսկ երեխաները երկաթե ձողերով ծեծում էին նրան։
Հասմիկն անմիջապես գնաց նրան վերցնելու։ Մալիշը կծեց նրա ձեռքը, կուչ եկավ անկյունում ու վախից սկսեց ճղճղալ՝ իմանալով, որ հիմա դրա պատասխանը կստանա։ Հասմիկը ստիպված եղավ վրան վերմակ գցել, որ կարողանա գիրկն առնել։ Դրանից հետո էլ այնքան էր կծում թե՛ նրան, թե՛ ուրիշ մարդկանց ու շների։ Ամեն ինչից վախենում էր՝ նույնիսկ ձայներից, ամենուր վտանգ էր պատկերացնում։
Հասմիկը նրան չէր պատժում, այլ կամաց-կամաց սովորեցնում էր նորից վստահել մարդկանց։ Թեև դրա վրա երկու տարի գնաց, արժեր։ Հիմա Մալիշն աշխարհի ամենաքնքուշ շունն է։ Երեխաները նրա հետ ինչ ուզում՝ անում են, իսկ նա նույնիսկ ծպտուն չի հանում։ Մալիշն ապացույցն է այն բանի, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա, կա միայն ծուլություն

Հասմիկը հյուրին պատմում էր, որ լեհ հոգեբանն այդ զրույցից մոտ երեք տարի անց եկավ մեզ մոտ, նայեց, թե ինչպես ենք աշխատում երեխաների ու մեծահասակների հետ, և ասաց, որ ապշած է, ու որ հայկական խառնածին շները, երևի, առանձնահատուկ են։ Հա՛։
Սկզբում երեխաներն ու մեծահասակները իրենք էին մեզ մոտ՝ գյուղ գալիս։ Մյուս կենտրոններ ու ապաստարաններ մենք հետո սկսեցինք գնալ։ Սկզբում բոլորը, բացի ճգնաժամային կենտրոնից, հրաժարվում էին ընդունել մեզ՝ հղում անելով ինչ-որ «սանիտարիայի» ու հի… «հիգիենայի», նաև վախերի, որ երեխաները կարող են ունենալ։ Հիմա այնքան տեղ են ուզում, որ գնանք իրենց մոտ, որ պարզապես չենք հասցնում։

Հասմիկն ու Ֆյոդորը հյուրի հետ գնացին խոհանոց՝ թեյ խմելու, իսկ ես տեղափոխվեցի խոհանոցի դռան մոտ։ Ինձ թույլ չեն տալիս խոհանոց մտնել։ Նստեցի շեմին՝ հենց հյուրի աթոռի առաջ, ու սկսեցի առանց թարթելու նայել նրա բերանին։ Երբ մեկը մի բան է ուտում, նստում եմ մարդու դիմաց ու այդպես նայում։ Դա կարող եմ անվերջ անել։ Հեշտությամբ չթարթելու չեմպիոն կդառնայի։ Հազվադեպ է պատահում, որ մի բերան երկար դիմանա նման գրոհին։ Սկսում են փշրանքներ թափվել, երբեմն էլ՝ ամբողջ կտորներ։ Բայց այս հյուրը անխոցելի էր։ Ինձ ընդամենը երկու պստլիկ կտոր հասավ։
Ֆյոդորն առջևս աման դրեց, որպեսզի, ինչպես ինքն ասաց, հյուրերից ուտելիք չմուրամ։ Հոտոտեցի չոր կերը, կանգնեցի հետևի թաթերիս վրա ու կարճ «Վու՜» հնչեցնելով՝ բողոքս արտահայտեցի։ Գոնե հանգստյան օրերին կարելի է ինձ հավի ոսկոր կամ մի կտոր խոզի միս տալ։ Բայց բողոքս, իհարկե, անուշադրության մատնվեց։
Հյուրը հարցրեց՝ օղակի միջով ցատկել ու ուրիշ հնարքներ անել գիտե՞նք։ Բայց մենք թերապևտիկ շներ ենք, ոչ թե կրկեսային։ Ափսոս, որ չեմ կարող նրա լեզվով բացատրել, որ հնարքներն այն են, ինչ ձեզ մի քանի րոպե ծիծաղ է պատճառում, հետո մի քանի անգամ զարմանքով ուրիշներին պատմում եք, թե ինչ եք տեսել, ու մոռանում դրա մասին։ Իսկ եթե նստեմ ձեր ծնկներին ու թողնեմ գրկեք ինձ, ու այդպես լուռ նստենք, այդ անհավանական զգացողությունը երկար չեք մոռանա։ Ձեր ներսում հաստատ ինչ-որ բան կփոխվի։

Ինչո՞ւ որոշեցի ձեզ հետ կիսվել օրագրովս։ Որպեսզի իմանաք իմ տան ու այն շատ կարևոր գործի մասին, որով զբաղվում ենք։ «Կենտավրում» ապրում են ձիեր, շներ, կատուներ ու մի կրիա։ Բոլորս էլ մեր տխուր պատմությունն ենք ունեցել։ Մի ժամանակ մարդիկ մեզ օգնեցին, իսկ հիմա մենք ենք նրանց օգնում։ Փոխում ենք մարդկանց մտածելակերպը, հոգեվիճակն ու վերաբերմունքն իրենց իսկ հանդեպ։
Դուք էլ կարող եք մասնակցել այս կարևոր գործին. օրինակ՝ կարող եք մեզ ձեր տուն տանել։ Բայց դա պետք է շատ լավ տուն լինի, որ մեզ համար շատ տխուր չլինի այստեղից հեռանալը։ Կարող եք կամավորություն անել՝ օգնելով հոգ տանել մեր՝ այստեղ ապրող հիսուներեք կենդանիներիս մասին։ Կամ կարող եք մեր հովանավորները դառնալ՝ կիսելով մեր սննդի, խնամքի, վարժեցման ու բժշկական սպասարկման ծախսերը։
Եվ այդ ժամանակ ավելի շատ մարդիկ կկարողանան օգտվել բժիշկների ծառայություններից, որոնք սպիտակ խալաթներ չունեն, բայց փոխարենը չորս թաթ ու պոչ ունեն։ Նրանք չեն կարողանում սրսկել, ճիշտ դեղահաբեր նշանակել ու վիրադանակով կտրել, բայց բուժման իրենց մեթոդներն ունեն, որոնք երբեմն ավելի լավ են օգնում, քան ավանդական բժշկությունը։
Որոշ կերպարների անունները փոխված են

Այս հոդվածի ստեղծմանը աջակցել է NESEHNUTÍ ՀԿ-ի Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման ծրագիրը (Չեխիայի ԱԳՆ TRANSITION ծրագիր)
Դարձեք Պատրոն
Մենք ստեղծում ենք սրտացավ, ազատ ու անկողմնակալ մարդկանց համայնք։ Եթե ուզում եք աջակցել հասարակ մարդկանց անձնական պատմությունների միջոցով խորքային սոցիալական խնդիրները վերլուծելու մեր աշխատանքին, դա անելու լավագույն ձևը մեր Պատրոնը դառնալն է։
Տեքստն ավարտված է, պատմությունը շարունակվում է
Մեր առաքելությունն է նպաստել հասարակության փոփոխություններին՝ կոտրելով տաբուներն ու ազատ քննարկելով այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են բռնությունը, աղքատությունը, խտրականությունը, ծնողական ու բժշկական էթիկան և այլն։
Այստեղ պատմված պատմությունները միշտ ազնիվ ու անկողմնակալ կմնան՝ նաև մեր Պատրոնների շնորհիվ։ Դուք էլ կարող եք միանալ՝ սեղմելով կոճակն ու ընտրելով աջակցության չափը։
Ամսական 2 դոլարից սկսվող յուրաքանչյուր բաժանորդագրություն կօգնի հեղինակներին նոր նյութեր ստեղծել։ Շնորհակալություն։


