Շան տերը միշտ մի քիչ սրիկա է

Շների վարքի շտկման մասնագետ և ջրային մարզիչ Պավել Սոկոլովը՝ մարդու ու շան հարաբերությունների, վարժեցման մեջ բռնության և այն մասին, թե ի վերջո արժե՞ շանը թողնել բազմոցին

Владелец собаки всегда немного сволочь

Բազմոցին պառկած շունը նորմալ է

Սեմմին դեռ երկու տարի առաջ «Կենտավր» ապաստանի ամենաբարդ շունն էր։ Մենք ագրեսիայի նոպաներով այդ անհավասարակշիռ, ձյունաճերմակ լաբրադորի թաթից բռնեցինք և ուժասպառ անող վարքային թերապիայի ընթացքում նրան հասցրինք կայունության այն կետին, որտեղ հիմա է․ սիրառատ, հավատարիմ շուն է, բայց դեռ հեշտությամբ է գրգռվում։

Ամեն անգամ, երբ հորիզոնում Սեմմիի համար պոտենցիալ որդեգրող էր հայտնվում, մենք ազնվորեն ու մանրամասն պատմում էինք նրա բարդ բնավորության առանձնահատկությունների մասին՝ մեր պատմությունն ավարտելով մոտավորապես այսպիսի արտահայտությամբ․ «Դուք պետք է նրան ցույց տաք, որ գերիշխում եք»։

Ես անհոգ արտասանում էի «գերիշխել» բառը, որովհետև այն բազմիցս լսել էի շների հետ աշխատող մասնագետներից ու հանդիպել վարժեցման առցանց ուղեցույցներում։ Բայց աստիճանաբար սկսեցի ներքին մի աղոտ բողոք զգալ։ Իրականում ի՞նչ է «գերիշխանությունը», և արդյո՞ք այդքան կարևոր է շան հետ հարաբերություններում միշտ գլխավորը լինելը։

— Երբ քեզ մոտ շուն են բերում վարքի շտկման համար, կասկածում եմ, որ տերը մեծ մասամբ իր պահանջը ձևակերպում է «Ես ուզում եմ, ինձ պետք է…» բառերով՝ առանձնապես հաշվի չառնելով հենց շան ցանկություններն ու առանձնահատկությունները։ Ի՞նչ է անում մասնագետը, այսպես ասենք, տարօրինակ կամ անտեղի պահանջների դեպքում։

— Շան վարքի շտկումը տասից ութ դեպքում տիրոջ ուսուցումն է։ Եվ միայն տասից երկուսում է աշխատանքը հենց շան հետ, երբ տերն ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ միանգամայն ճիշտ է անում, բայց շունը դրսևորում է անցանկալի վարք, որից մարդը գլուխ չի հանում։

Մենք չենք ասում վատ կամ լավ, ասում ենք՝ տիրոջ համար ցանկալի կամ անցանկալի։ Կամ տեսակին բնորոշ ու ոչ բնորոշ՝ «շուն» տեսակին հատուկ կամ ոչ հատուկ։ Օրինակ՝ քարեր խժռելը բնորոշ վարք չէ, իսկ երեխաների վրա գոռալը շատ էլ բնորոշ է։ Անցանկալի է, բայց բնորոշ։

Վարքի շտկման մասնագետի խնդիրն է հասկանալ, թե ինչ է կատարվում, և տիրոջ հետ ձևակերպել նրա նպատակը։ Օրինակ՝ իմ շունը երեխաներ չի սիրում։ Նրա հետ աշխատելիս իմ նպատակը շրջապատի անվտանգությունն է, բայց ես նպատակ չունեմ, որ իմ շունը երեխաներ սիրի։

Տերերը, որպես կանոն, իրենց նպատակները նկարագրում են այսպես․ «Ուզում եմ, որ իմ շունն ավելի բարի լինի երեխաների հանդեպ»։ Բայց քանի որ շները վերացական մտածողություն չունեն, նրանց հետ աշխատելիս մենք ածականներով ու գոյականներով չենք գործում, բայերով ենք գործում։ [Ճիշտ հարցն այսպիսին է]՝ իսկ ի՞նչ պետք է անի շունը երեխաների վրա գոռալու փոխարեն։

Պավել Սոկոլով
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Կամ՝ «Ուզում եմ, որ իմ շունը հանգիստ լինի»։ Եվ պարզում ես, որ շունը սկսում է նյարդայնանալ, երբ հեռուստացույցը միանում է, ու պահանջում է դա դադարեցնել։ Հետո ո՞րն է քո նպատակը։ Ի՞նչ պետք է անի շունը քեզ վրա գոռալու փոխարեն, որ հեռուստացույցն անջատես։ Օրինակ՝ [պետք է նրան սովորեցնել] գնալ մյուս սենյակ, խաղալիք բերել, ընդհանրապես դուրս գալ փողոց։

Մի խոսքով՝ վարքի շտկման մասնագետի խնդիրն է խոսել տիրոջ հետ ու իմանալ, թե նա ինչ է հասկանում այդ հասկացությունների տակ, հետո գործողություն առաջարկել, իսկ հետո գնահատել շան հնարավորությունները։ Շտկումը վարքը փոխելու գիտակցված գործողություններ կատարելն է և դրանք առօրյա կյանքի մեջ այնպես ներառելը, որ մարդը դա գրեթե չնկատի։

— Ինձ շատ է մտահոգում շների վարժեցման մեջ առկա կոշտության, ֆիզիկական բռնության թեման։ Չէ՞ որ մարզիչները մեծ մասամբ որդեգրել են զինվորականների մեթոդները, որոնք առաջինն են սկսել շներին վարժեցնել, և հրամանները հաճախ զինվորական շարային վարժանք են հիշեցնում։

— Շանը սովորեցնելու համար ծեծելն անիմաստ է, որովհետև ցավը որևէ բան հասկանալուն չի նպաստում, դու չես կարող շանը ցավով սովորեցնել, միայն զվարճանքով ու ուրախությամբ կարող ես։

Բայց սա համեմատաբար նոր գիտելիք է։ Նախևառաջ այն բացահայտել են մարդկային երեխաների դպրոցական ուսուցման մեջ։ Իսկ հետո հայտնվեց ՄՌՏ-ն, ընդլայնվեցին գիտելիքներն այն մասին, թե շների ուղեղն ինչպես է կառուցված, ու մարդիկ հասկացան, որ ընդհանուր առմամբ ցավը վատ է ու անիմաստ։

— Բայց շան հետ հարաբերություններում այս կամ այն ձևով բռնություն կա, չէ՞։

— Մենք ընդհանրապես իրավազուրկ էակների նկատմամբ շատ բռնություն ենք կիրառում։ Երբ երեխայի փոխարեն որոշում ենք, որ նա հինգ տարեկանում մանկապարտեզ է գնալու, չի նկարելու, այլ պարահանդեսային պարերի կամ ֆուտբոլի է գնալու, կենդանու փոխարեն՝ որ նա կանգնած է մնալու, մինչև մենք նրա ճանկերը կտրենք, ոչ թե ճչալով փախչելու ու մեր ձեռքը խժռելու։

Վարքի շտկման մասնագետները վարժեցման մեջ բացասական ներգործություն են օգտագործում, այսպես կոչված հակադրության մեթոդը՝ երբ շանը սովորեցնում ես, որ լավ բան անելով՝ համով պատառներ է ստանում, իսկ եթե ինչ-որ բան սխալ է անում՝ տհաճ ներգործության է ենթարկվում։

Տհաճ, բայց ոչ մի դեպքում ցավոտ։ Օրինակ՝ սովորական հակադրություն է, երբ շան փոկը մի քիչ բարձրացնում ենք, մատը դնում հետույքին, այդ դիրքով կանգնելը նրա համար շատ անհարմար է, ու նա նստում է։ Այդ ժամանակ նրան բաց ենք թողնում ու անպայման գովում։

90-ականների սկզբին ձեռքս շների վարժեցման մի տեղեկատու ընկավ, իսկ այնտեղ [վարժեցման] չենթարկվող շնատեսակների ցանկ կար։ Եվ բացատրություն, որ նրանց հետ հակադրության մեթոդը չի աշխատում։ Իսկ այն ժամանակ ուրիշ մեթոդներ չգիտեին։ Հակադրական վարժեցման մեթոդով բոլոր շների հետ չէ, որ աշխատում են։ Եթե փորձենք ինֆանտիլության ցածր աստիճան ունեցող, շոյվել չսիրող շանը հակադրությամբ սովորեցնել, նրան այնքան բացասական փորձ կտանք, որ ոչինչ չի սովորի։

Քոթոթներին բացասական ներգործություն կարելի է տալ ամենանվազագույնը։ Եթե քոթոթը խաղալիս ձեռքս է խժռում, պետք է նրան ասել, որ ինձ տհաճ է, ցավում է։ Օրինակ՝ բարձր ծվալ ու դադարեցնել նրա հետ շփումը։ Դադարում է ցավեցնել՝ խաղը շարունակվում է։ Բայց հատակին գլորելով նրան ցավեցնել պետք չէ։

— Ինձ միշտ թվացել է, որ հենց կենդանիների փոխհարաբերություններում շատ բռնություն ու ագրեսիա կա։ Օրինակ՝ մայր շունը քոթոթներին վզակաշվից քաշելով հեռացնում է, երբ իրեն զզվեցնում են, կամ մի ձին մյուսին քացի է տալիս ու կծում, երբ նա ներխուժում է իր անձնական տարածք։

— Եկ տարանջատենք։ Ագրեսիան կամ առհասարակ կոնֆլիկտը հասարակության մեջ գոյության նորմալ հատկություն է՝ թե՛ մարդկային, թե՛ կենդանական։ Բռնությունն այն է, երբ ունենք իրավունքներ ունեցող մարդ, որն իրավազուրկի հետ գործում է նրա կամքին հակառակ։ Բռնությունը պարտադիր չէ, որ ագրեսիվ լինի։ Օրինակ՝ եթե գիրկդ ես առել մի շնիկի, որի մարմնից ձող է դուրս ցցված, ու պետք է նրան օգնել, իսկ նա դիմադրում ու ճչում է, քանի որ ցավում է, դա բռնություն է, բայց առանց ագրեսիայի։

Ագրեսիայի վառ դրսևորումը՝ երբ մենք կռվեցինք ոսկորի համար կամ գետնին ընկած հազար դոլարի համար կամ այն բանի, թե այսօր ով է ամանները լվանալու, ընդհանրապես հազվադեպ բան է, հատկապես շների նման զարգացած սոցիալական տեսակի մոտ։ Եթե նրանք անընդհատ այն աստիճանի ագրեսիվ լինեին, որ կռվեին, վաղուց իրար ոչնչացրած կլինեին։

Պավել Սոկոլով
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Իրականում իրար ցավեցնելը նրանց ձեռնտու չէ, ու նրանք լեզու են մշակել։ Շների լեզվի մեծ մասը այսպես կոչված հաշտեցման ազդանշանն է։ Ահա քոթոթը զզվեցնում է իր մորը, նա վրան մռնչում է՝ դադարիր ինձ զզվեցնել։ Սա ագրեսիա է։ Քոթոթը չհասկացավ, նա նրան [գետնին] տապալեց, նստած սպասում է։ Քոթոթը հանգստանում է, նա հաշտվեց նրա հետ։

Ինչպե՞ս է հաշտվում։ Ատամները ծածկում է, ականջներով ու աչքերով [ցույց է տալիս]՝ արի խաղանք։ Դե, որոշ էգ շներ այնքան ուժեղ են նյարդայնանում, որ իրենց քոթոթներին ցավեցնելով թափահարում են, ու մեծանում են երեխաներ, որոնք նույնպես (եթե նրանց հետ հատուկ այդ հարցով չաշխատեն) սկսում են իրենց երեխաներին, ուրիշ շներին ծեծել։ Որովհետև նրանց ոչ ոք ավելի հանգիստ ձև ցույց չի տվել։

— Ըստ էության՝ ինչպես մարդկանց մոտ։

— Ըստ էության՝ այո։ Սա մի քիչ կապված է գերիշխանության տեսության հետ։ Առհասարակ այս առումով բոլորի կյանքը մի քիչ փչացրել է Դևիդ Միչը, որը կենդանաբանական այգում գայլեր էր ուսումնասիրում և հրատարակեց «Ալֆա-կարգավիճակը, գերիշխանությունը և աշխատանքի բաժանումը գայլերի ոհմակում» գիրքը։ Գրքում պատմվում է դեռահաս գայլերի մասին, որոնք բնության մեջ իրենց ոհմակից հեռանում են, սկսում են իրենց փնտրել ու պատրաստ են ամեն ինչի և ամեն մեկի հետ կռվել՝ աշխարհում իրենց տեղը փնտրելով, իսկ այստեղ նրանց փակել էին մի նեղ, փոքր տարածքում։ Միչն այնտեղ տեսավ և՛ ալֆա-կարգավիճակ, և՛ հստակ կարգով կոշտ հիերարխիա, և դրա հիման վրա գիրք գրեց։

Այդ գիրքը միանգամայն նորարարական էր, բոլորը վերցրին, տարածեցին շների վրա, ու սկսվեց․ եթե շունը բազմոցին է բարձրացել, ուրեմն գերիշխում է, պետք չէ դա թույլ տալ։ Իսկ նա բազմոցին է բարձրացել պարզապես որովհետև այնտեղ հարմարավետ է, և ընդհանրապես՝ ինչո՞ւ բազմոցն այդքան վճռորոշ նշանակություն ունի։

— Ինչո՞ւ Միտչի գիրքն այդպիսի հաջողություն ունեցավ։

— Սա շատ հարմար պատմություն է, երբ ընտանիքում տղամարդն է գլխավորը, նրանից ներքև ինչ-որ տեղ որդին է, կինը, աղջիկը, նրանցից էլ ներքև՝ շունը։ Կենդանիների համայնքներում հիմնականում կոշտ հիերարխիաներ չկան։ Կան կա՛մ այն տեսակների մոտ, որոնք ուղեղ չեն զարգացրել, օրինակ՝ հավերը (նրանք կտցահարելու խիստ կարգ ունեն․ մեծ, ավելի ուժեղ հավերն են կտցահարում, հետո՝ ավելի թույլերը, հետո՝ էլ ավելի թույլերը և այդպես շարունակ), կա՛մ կենդանաբանական այգիների նման արհեստական համայնքներում։

Իսկ մյուս՝ քիչ թե շատ նորմալ բնական համայնքներում դա չկա։ Ավելին՝ այնտեղ դերերը հաճախ փոխվում են։ Մեկն ավելի լավ է ճանապարհ գտնում, օրինակ, մյուսն ավելի լավ է պահակություն անում։ Շների ու գայլերի ոհմակներում հաճախ ճանապարհ գտնելու համար պատասխանատու է մի էգիկ, ընդ որում՝ ոչ ամենամեծը, այլ ոչ թե ալֆա-արուն, ինչպես ընդունված է համարել։

Միչը մի քանի տարի անց [գրքի հրատարակումից հետո] գնաց գայլերի մոտ՝ վայրի բնություն։ Ու ապշեց, որ չտեսավ հենց այդ կոշտ հիերարխիան։ Էլի մի քանի տարի անց նոր գիրք գրեց, փորձեց արգելել իր այդ առաջին գրքերի հրատարակումը, բայց հրատարակիչները դրանցից այնքան փող էին աշխատում, որ չստացվեց, և դրանք մինչև հիմա լույս են տեսնում։

Այդ գրքերը գրված էին փակ համայնքի մասին, որտեղ գնալու տեղ չկա։ Իսկ բնական միջավայրում կա բնակության տարածք, որտեղ կան քոթոթներ, ավագ սերունդ, որը չգիտես ինչու իրար հետ չի կռվել, այլ հակառակը՝ լուծում է կոնֆլիկտները, եթե քոթոթները կռվել են։ Եվ բոլորը քիչ թե շատ խաղաղ ու երջանիկ են ապրում։

— Ինձ մոտ, ինչպես երևի շատ մարդկանց, գերիշխանությունը ոչ թե Միչի, այլ Սեզար Միլանի հետ է ասոցացվում։

— Սեզար Միլլանը շների մասին այդ հայտնի հաղորդումն էր նկարում՝ ինչ-որ խելահեղ կախարդական դեպքերով․ ահա շունը, մենք նրան այսպես քաշքշեցինք, ու լավացավ… Ճիշտ է, հաղորդումներում չենք տեսնում այն շներին, որոնց դրանից վատ է եղել։

Այսպիսի մոտեցմամբ, կարծում եմ, տասից ինը դեպքում, երբ մենք փաստորեն մաքուր բռնության մեթոդով շանը քաշում ենք, ստիպում ինչ-որ բան անել, միաժամանակ ասելով՝ ես պետն եմ, դու՝ հիմարը, մենք կա՛մ ստանում ենք շուն, որը կոտրվում է՝ նյարդային խանգարում ստանալով, կա՛մ միացնում ենք պաշտպանական մեխանիզմ ու ստանում սովորած անօգնականությամբ շուն, որը, քանի դեռ իրեն հրաման չեն տվել, շուրջը ոչնչով չի հետաքրքրվում, վախենում է իրեն թույլատրածից բացի որևէ բան անել։ Սա կարելի է նկատել շատ ծառայողական շների մոտ։

Ես, այնուամենայնիվ, ելնում եմ ինչ-որ կրտսեր, բայց, այնուամենայնիվ, գործընկերությունից։ Որպեսզի ես ու շունը միասին լավ լինենք՝ բնականաբար իմ սահմանած սահմաններում, որտեղ ես միշտ մի քիչ սրիկա եմ։

— Շանը բազմոց բարձրանալն արգելելը շատ ընտանիքներում ամենախիստ տաբուներից մեկն է։ Տերն այս դեպքում հե՞նց այդ սրիկան է։

— Այն ընտանիքներում, որտեղ գերիշխանության տեսությունը հասել է տիրոջը, ու նա համարում է, որ բազմոցը շատ արժեքավոր ռեսուրս է, նա սկսում է շան հետ կռվել բազմոցի վրա տեղի համար, իսկ շունն այսպես է՝ ահա, նա այն պաշտպանում է, ուրեմն ինձ էլ է պետք։ Ես, օրինակ, [իմ շան] Չապայի հետ չեմ կռվում։ Կարող եմ ասել՝ դու ինձ խանգարում ես բազմոցին։ Եթե ուզում եմ պառկել, մենք «Ներքև» հրամանն ունենք։ Իսկ եթե ինձ չես խանգարում, կարող եմ կողքիդ նստել։

Դե, մենք տարբեր սահմաններ ունենք։ Օրինակ՝ այն մահճակալը, որի վրա քնում ենք, բազմոց չէ, որովհետև մահճակալից ավազ թափ տալն առանձնապես հաճելի զբաղմունք չէ։ Բայց դու անընդհատ փոխանակում ես այդ դերերը։ Սա նորմալ հասարակական գործընթաց է։ Սա այն է, ինչ կոչվում է փափուկ հիերարխիա։

Չապան «գերիշխում է»
Չապան «գերիշխում է»։ Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Իսկ կոշտ հիերարխիան, այսինքն՝ եթե տղամարդը միշտ ճիշտ է, ուրեմն միշտ ճիշտ է, վատ է նրանով, որ գերպատասխանատվություն է ծնում։ Եվ շատ կայուն է։ Եթե Ակելան մի անգամ վրիպեց, Ակելայի վերջը եկավ։ Որովհետև ոչ ոք չի հավատա, որ Ակելան կարող է էլի գոնե ինչ-որ բանում ճիշտ լինել։ Դրա համար այս հիերարխիաներն իրականում շատ քիչ են։

— Օրինակ բեր մի իրավիճակ, երբ, այսպես ասենք, շունն է գերիշխում։

— Եկ դա առաջնորդության ժամանակահատվածներ կոչենք։ Երբ, օրինակ, շունը գնում է լճից բադը հանելու։ Երբ փողոցում քեզ պաշտպանում է։ Երբ տարածքով վազում է ու գոռում կողքով անցնող անցորդների վրա։ Այդ ժամանակ նա առաջնորդող դիրքն է ստանձնում։

Հեռուստացույցը սիրելը պարտադիր չէ

— Շները բոլորն էլ տարբեր են, և, համապատասխանաբար, նրանց ունակություններն ու բնավորություններն էլ են տարբեր։ Ինչպե՞ս հասկանալ սովորեցնելու և բնավորությունը կոտրելու միջև սահմանը։ Ընդհանրապես ո՞վ է այդ սահմանը որոշում։ Ո՞ր դեպքերում կարելի է համարել, որ ահա սա շան առանձնահատկությունն է, դե լավ։

— Իրականում սա բարդ սահման է։ Ստուգվում է նրանով, որ շնիկին ինչ-որ հանգամանքների մեջ ես դնում ու հասկանում, թե նա ինչ կարող է կամ չի կարող։ Եթե տեսնում ես, որ շունը շատ դյուրագրգիռ է, ապա առանց նախնական պատրաստության նրա հետ գնալը, օրինակ, ռեյվ-փառատոն, որտեղ լիքը լուսարձակող բաներ կան, շատ մարդիկ, մեկը խմում է, մյուսը պարում, շուրջն էլ ճայթուկներ են պայթում, վատ միտք է։

— Դա՝ այո։ Բայց ահա շան հետ զբոսնում ես, ամեն ինչ հանգիստ է, ու հանկարծ հրավառություն է պայթում։ Նա կարող է վախենալ, փախչել, մեքենայի տակ ընկնել։ Մեզ մոտ այդպիսի դեպքերը քիչ չեն, կենդանապաշտպաններն անընդհատ այս թեման բարձրացնում են։

Նաև մեզ մոտ [«Կենտավր» ապաստանում] Լալոշ անունով շուն կա, որը շատ է վախենում ամպրոպից, անմիջապես մտնում է սեղանի տակ ու ժամերով չի շարժվում։ Քո Չապան էլ է վախենում՝ դա ցույց տալով նրանով, որ սկսում է հուսահատորեն մարդկանց կպչել, որ իրեն շոյեն։ Չէ՞ որ այս բոլոր դեպքերում պետք է աշխատել։

— Դրա հետ պետք է աշխատել։ Չապան սկզբում բարձր ձայներից խուճապի էր մատնվում, մասնավորապես հեռուստացույցից, նա այն ատում էր։ Չապան մեզ մոտ հայտնվեց այսպես․ կամավորները խնդրեցին նրան ապաստան տալ այն ժամանակով, մինչև տերեր գտնեն։ Առաջին օրը մի քիչ հանգստացել էր, և ահա գերուժեղ ձայն, որին չէր սպասում, ու նա նետվում է բազկաթոռի տակ՝ շուրջն ամեն ինչ տապալելով։

Կարող էր նկուղում պատսպարվել, իսկ հետևից ութմետրանոց փորլուծության հետք էր ձգվում, դողում էր ու ժամերով չէր կարողանում հանգստանալ։ Սա նորմալ չէ, խանգարում է ապրել, և դրա հետ պետք է աշխատել։

Մենք ընդհանուր առմամբ աշխատում էինք դրա վրա։ Առաջին երկու ամիսը հեռախոսով էինք ֆիլմեր նայում՝ սկզբում առանց ձայնի, աստիճանաբար բարձրացնելով ձայնը։ Հասանք նրան, որ նա «ասում էր»՝ ինձ շատ տհաճ է, որ հեռուստացույցը միացրել եք, դրա համար ես գնացի [սենյակից]։ Հետո եկավ մի պահ, երբ մենք [կնոջս հետ] ինչ-որ սերիալ ենք նայում, Չապան վազելով գալիս է ու սկսում հեռուստացույցի վրա բարկանալ՝ անջատե՛ք, դուք ինձ ապրել եք խանգարում։ Իսկ մենք այսպես՝ ուռա՜, առաջընթաց կա։ Որովհետև եթե ինչ-որ բանի դեմ պայքարում ես, ուրեմն դրանից այլևս չես վախենում, գիտես։

Նա դեռ շատ տարբեր բագեր ունի, բայց բարձր ձայների վախը շտկել ենք մինչև այն վիճակը՝ ինձ այնքան էլ հաճելի չէ, կնախընտրեի, որ չմիացնեիք, բայց ապրել կարելի է։

— Եվ պարտադիր չէ՞/հնարավոր չէ՞ դա մինչև վերջ մշակել։ Օրինակ՝ այնպես, որ նա հեռուստացույցը սիրի։

— Երբ ուզում ենք շանը ինչ-որ բան սովորեցնել, մեր առաջին հարցը պետք է լինի «Ինչո՞ւ», իսկ երկրորդը՝ «Ո՞ւմ է դա ձեռնտու լինելու»։ Օրինակ՝ ճանկերը կտրելը միանշանակ շանն է ձեռնտու։ Ես՝ որպես տեր, ստանում եմ նրա ութ տարեկանում արթրիտի բացակայություն, հաճույք այն բանից, որ շունն ավելի լավ է քայլելու, ցավ չի զգալու, բայց ընդհանուր առմամբ այստեղ շահառուն շունն է։

Ուրիշ օրինակ՝ ուզում եմ շանը սովորեցնել բանալիները բերել։ Դա ինձ է պետք։ Դե, շնիկը կարող է հաճույք ստանալ նրանից, որ մի հավես բան է արել, իսկ ես դրա համար իրեն շոյելու եմ։ Ասենք՝ սա թե՛ ինձ է պետք, թե՛ շանը։

Իսկ իմ շունը երեխաներին վատ է վերաբերվում, նրանց չի հասկանում, վախենում է նրանցից, նրանց կողքին իր համար դժվար է։ Ինձ պետք է, որ եթե ինձ մոտ ինչ-որ աղջիկ վազելով գա, շունը նրան չխժռի․ հետո ես եմ փող վճարելու ու կարմրելու։ Դրա համար նրա՝ երեխաներին հարմարվելու վրա ինձ համար եմ աշխատում։ Երեխաներ չսիրող շանը կարելի է սովորեցնել նրանց հանդուրժել ու չդիպչել, գնալ իր տնակն ու չանհանգստանալ, որ նրանք այգում վազվզում են։ Բայց, ինչպես արդեն ասացի, պարտադիր չէ, որ նրանց սիրի։

— Լինո՞ւմ են դեպքեր, երբ բացարձակապես անհնար է շան վարքի հետ աշխատել, օրինակ՝ նա երկար ժամանակ շնամարտերի է մասնակցել և ագրեսիվ է այլ շների ու մարդկանց հանդեպ, ու նրան քնեցնելուց բացի ոչինչ չի մնում։

— Ինձ համար քնեցնելը միանշանակ է այն դեպքում, երբ շունը կյանքից հաճույք չի ստանում և/կամ ցավ է զգում։ Օրինակ՝ իմ [նախորդ] շունը գլխուղեղի ուռուցք ուներ, և կյանքի վերջում 24 ժամից 23-ը բանջարեղեն էր։ Ցավ չուներ, բայց հալյուցինացիաներ ուներ, անմեղսունակ էր։ Մեր անասնաբույժը, որը «միայն երբ ցավ կա» դիրքորոշումն ուներ, ասում էր՝ մենք նրան պահում ենք, մեզ մոտ ինչ-որ բան պետք է ստացվի։ Ես համարում եմ, որ սա սխալ է։ Համարում եմ, որ եթե երկարատև բանջարեղեն ունես, որը կյանքից հաճույք չի ստանում, պետք է նրան քնեցնել։

Մարտերի մասնակցած շունը համապատասխանո՞ւմ է այս նկարագրությանը։ Դե՝ ոչ։ Դրա համար վարքի պատճառով քնեցնելը հարմար չէ։

Բայց այստեղ հարց է առաջանում քո արժեքների մասին։ Դու չես կարողանում [շան] վարքից գլուխ հանել, ու պետք է նրան կա՛մ ինչ-որ ապաստան խցկես, կա՛մ քնեցնես։ Իմ արժեքներն ասում են, որ եթե մենք խորհրդակցություն ենք հավաքել, ուրիշ մասնագետներից սուպերվիզիա խնդրել, անասնաբույժի մոտ գնացել ու ոչինչ չենք հայտնաբերել, իսկ շունը շարունակում է կծել, ապա նեղ վանդակում գրեթե առանց զբոսանքի կյանքի և քնեցնելու միջև ընտրելիս ես քնեցնելը կընտրեմ։ Բայց սա ծայրահեղ դեպք է։

— Ստացվում է՝ ագրեսիայի հետ գործնականում միշտ կարելի է աշխատել։

— Ագրեսիայի դեպքերը քիչ թե շատ շտկվում են, հենց հասկանում ես, թե շունն ինչի է ուզում հասնել։ Կառուցողական ագրեսիան, որը հստակ նպատակ ունի, միշտ շտկվում է։

Կառուցողական ագրեսիայից ամենադժվարն է շտկվում գործիքայինը, երբ շունը հասկանում է, որ կծելը կամ մռնչալն այնքան լավ է աշխատում, որ սկսում է դա ամենուր կիրառել։

Ագրեսիայի մեկ այլ տեսակ ֆրուստրացիոնն է։ Եթե ագրեսիան սահմանենք որպես նպատակին հասնելու միջոց, ապա ֆրուստրացիոն ագրեսիան նույնիսկ ագրեսիա չէ։ Բայց եկ ընդհանուր ձևաչափին հետևենք․ սա ագրեսիա է, որը նպատակ չունի, այն տեղի է ունենում, որովհետև շունը Սեմմիի նման դյուրագրգիռ է։ Ինչ-որ բան մի պահ անցավ, կամ նա խաղի ժամանակ գրգռվեց ու խաղալիքի փոխարեն սկսեց քո ձեռքը խժռել։

Ֆրուստրացիոն ագրեսիայի դեպքում կարող ենք շան կծելը շտկել այսպես․ նրան ուղղություն ենք տալիս՝ տիրուհու ձեռքը խժռելու փոխարեն գնա փափուկ խաղալիքը խժռիր, պատռիր այն, ուռա՜, մենք նույնիսկ կգովենք։ Հարմարեցնում ենք միջավայրը, այդպիսի շանը չափազանց չենք գրգռում։ Եթե շունն արդեն դաստիարակման ընթացքում բազմիցս կծել է, ու վախենում ենք նրա հետ աշխատել, շնիկին դնչկալ ենք հագցնում։

Լինում է ցավի ու վախի ագրեսիա։ Օրինակ՝ շունը ստամոքսի կծկումներ ունի, սոսկալի ցավում է, ու նա կծում է ձեռքի տակ ընկած ամեն ինչ, իսկ ձեռքի տակ տիրոջ ձեռքն է ընկել։ Այն շտկվում է ցավը վերացնելով։

Չապա
Չապա։ Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Եվ ագրեսիայի վերջին տեսակը գեյմն է՝ կռիվներից թմրամիջոցային կախվածությունը։ Որպես կանոն՝ այն լինում է մարտերի մասնակցող շների մոտ…

— Այս թեման Հայաստանում շատ ցավոտ է։ Շնամարտերը պաշտոնապես արգելված են, բայց, այնուամենայնիվ, անցկացվում են։ Իսկ ինչպե՞ս աշխատել այդպիսի շների հետ, որոնց տարիներով մարտերի են տարել։

— Դա բավական բարդ է անել։ Եթե շունը [կռվից] դոֆամինային մոլեգնություն է ստանում, ապա սա այն պատմությունը չէ, թե նա ուզում է ինչ-որ բանի հասնել, նրա համար կռվելն ինքնանպատակ է։ Այսինքն՝ ինքնանպատակը դրանից խելահեղ հաճույք ստանալն է, որը ուրիշ ոչնչից չես ստանա։ Սա համալիր ձևով է շտկվում։ Բացասական ներգործություն են կիրառում, [մասնագետները] աշխատում են ԷՇՎ-ով (էլեկտրաշոկային վզկապ — «Կալեմոնի» ծանոթագրությունը), նաև [կիրառվում է] գերանվտանգ սադրանք․ վերցնում են կտղուցի շրջանում գտնվող էգ շան, որին շատ ես ուզում մոտենալ ու լիզել, բայց կռվել էլ ես ուզում, և ահա կռվելու փորձերի համար շունը հոսանքի հարված է ստանում, իսկ ծանոթանալու փորձերի համար նրան շատ են գովում։

Թմրամիջոցային կախվածությամբ շանը հիմնականում այսպես են շտկում, և նա նույնիսկ ունակ է դառնում որոշ թվով շների հետ շփվելու։ Բայց այն բանից հետո, երբ շունը թմրանյութի վրա է նստած եղել, երբեք հարյուր տոկոսով վստահ չես կարող լինել, որ ռեցիդիվ չի ունենա, հատկապես երբ հանդիպի մի շան, որը նույնպես դեմ չէ կռվելուն։ Այդպիսի շների հետ պետք է զգույշ լինել՝ միշտ փոկով, այլ շների հետ շփվելիս ցանկալի է դնչկալով։

Շան համար կարևոր է սոցիալական խրախուսանքը

— Ի՞նչ ես մտածում ֆիզիկական պատժի մասին։ Օրինակ՝ «զանցանքի» համար կարող եմ քթին մատով թխկացնել։ Օրինակ՝ այսօր մեր տղաներից մեկը մյուսի վրա հարձակվեց։ Ես այդ պահին՝ թը՛խկ նրա քթին, ու նա անմիջապես հանգիստ թողեց։ Իմ փորձն ասում է, որ նման դեպքերում թխկոցը լավ է աշխատում։

— Տե՛ս, եթե աշխատում է, ապա կարելի է, բայց զգույշ։ Պատճառից մինչև հետևանք մի միլիոն իրադարձություն է անցնում, ու շունն արդեն մոռացել է, որ մի բան փչացրել է, և մեկը մյուսի հետ չի կապում։ Եվ դու պատժով կարող ես արդեն ուրիշ իրադարձության ամրապնդում տալ։ Իսկ երբ հենց պահին շանը բացասական ներգործություն ես տալիս ու անմիջապես դադարեցնում այն, հենց որ շունը դադարում է անել այն, ինչ քեզ դուր չեկավ, նորմալ հետադարձ կապ ես տալիս։

Նաև կարևոր է, թե որքան ուժեղ է այդ բացասական ներգործությունը։ Մի շան համար դա նորմալ կլինի, մյուսի համար քթին մատով թխկացնելը ցավոտ ու սարսափելի կլինի։ Դրա համար սկսնակ տիրոջը ես երբեք խորհուրդ չեմ տալիս այդպիսի բացասական ներգործություն կիրառել․ դրանով կարելի է այնքան փչացնել ամեն ինչ, որ շունը տիրոջ հանդեպ վստահությունը կորցնի, սկսի նրանից վախենալ, և դա շտկելու համար երեք տարի պետք կլինի, մինչդեռ սկզբնական խնդիրը շատ արագ կշտկվեր, եթե տերն անհամաչափ բացասական ներգործությունն անժամանակ չկիրառեր։

Այնպես որ դրա հետ պետք է շատ-շատ զգույշ և կարճ գործել։ Եվ հետո անպայման պետք է հաշտվել։ Բացասական ներգործություն, շունը դադարում է անել այն, ինչ քեզ դուր չի գալիս, անմիջապես գովում ես։ Համով պատառներով, շոյելով, խաղով՝ ով ինչպես սիրում է։

Շունը քեզնից պետք է ավելի շատ դրական բան ստանա, քան բացասական, այլապես սկսում է վերանայել ձեր համագործակցության պատմությունը։ Նաև ինչ-որ բաների վրա կարող ես թքած ունենալ։ Մտածել՝ դե, կարող եմ բացասական ներգործություն տալ, բայց որքանո՞վ է ինձ համար կարևոր [շան զանցանքը]։ Եթե այնքան էլ կարևոր չէ, կարելի է թքած էլ ունենալ։

— Նաև այսպիսի մի միտք է ինձ տանջում։ Քթին թխկացնելով՝ ցավ չեմ պատճառում, բայց զգացողություն ունեմ, որ դա ինչ-որ կերպ նվաստացնում է։ Հնարավոր է՝ ես պարզապես շանը մարդակերպում եմ։

— Նվաստացումը վերացական հասկացություն է։ Որպեսզի նվաստացումն աշխատի, պետք է լինի գիտակցում սեփական արժանապատվության մասին, այն մասին, թե ինչն է արժանապատիվ, իսկ ինչը՝ ամոթալի։ Բայց սրանք շատ մարդկային բաներ են, որոնք մենք մեզ համար որոշում ենք։ Օրինակ՝ հայրս համարում է, որ ոտքերով շանը դիպչելը նրան նվաստացնել է։ Իսկ ինձ համար նորմալ է․ դե, միշտ չէ, որ ուզում եմ բազմոցից կախվել, երբ նա ուզում է, որ իրեն քորեն։

Իսկ շնիկների ուղեղն այնքան էլ չի հերիքում վերացական կառուցվածքների համար։ Նա հասկանում է, որ դու դժգոհ ես։ Դժգոհ ես այս գործողությունից հետո։ Ուրեմն այս գործողությունը պետք չէ կրկնել։

— Իսկ ինչո՞ւ շունն ընդհանրապես պետք է մտահոգվի իմ դժգոհությամբ։

— Ապրել է ուզում։

— Ես նկատել եմ, որ մեր շներն ուրախանում են, երբ գովում եմ առանց որևէ նյութական ամրապնդման, ու տխրում, որ ինձ տխրեցրել են, երբ տխրում եմ, բայց չեմ պատժում։

— Սա նորմալ է։ Շները ինֆանտիլ կենդանիներ են՝ ի տարբերություն, ասենք, ձիերի։ Ձիուն գոյատևելու համար դու պետք չես, նա ինքնուրույն գլուխ կհանի, շունը գլուխ չի հանի, դրա համար էլ զարգանում են մանկական այս մեխանիզմները՝ էմպաթիան, քո տրամադրությունը զգալը։ Նրանց կյանքը դրա հետ է կապված։ Եթե իրենց մարդը տխուր է, ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Ընդ որում՝ նրանք էմպաթիան տարբեր կերպ են արտահայտում։ Մեկը պատսպարվում է վոլիերի հեռավոր անկյունում, մյուսը գալիս է քեզ հանգստացնելու՝ դեմքդ լիզելու․ սրանք վարքի տարբեր ռազմավարություններ են։

Շան համար շատ կարևոր է սոցիալական խրախուսանքը։ Եվ կարևոր է իրեն թիմի մաս զգալը և քո մասին մի քիչ հոգ տանելը, քեզ հարմարվելը։ Աշխատում է թե՛ սոցիալական բացասականը՝ առանց որևէ ֆիզիկական ներգործության դժգոհություն ցույց տալը, թե՛ սոցիալական դրականը՝ երբ աջակցում ես շանը, ասում, որ նա լավ բան է անում։

Շան համար կարևոր է սոցիալական խրախուսանքը
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Դե, ամեն տեսակ բարդ բաները, այդ թվում՝ հնարքները, առանց սոցիալական խրախուսանքի չեն աշխատում, որովհետև տեխնիկան համով պատառներով ես դնում, իսկ անելու ցանկությունը՝ ոչ։ Համով պատառի համար շունը սկզբունքորեն կարող է անել, բայց առանց ուրախության կանի։

Ինչի՞ համար է շներին լողավազանը

— Քո երկրորդ՝ ջրային մարզչի մասնագիտացումը Հայաստանում բացարձակ նորություն է։ Ինձ համար շան լողավազանը միշտ արթրիտի հետ էր ասոցացվում, բայց դու ջրային մարզումների մասին պատմում էիր շատ տարբեր խնդիրների լուծման համատեքստում՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան։

— Այսպիսի հասկացություն կա՝ պրոպրիոցեպցիա, սեփական մարմնի զգացողություն։ Սա առաջին բանն է, որ տալիս է ջուրը։ Զվարճալի պատմություն է, մարդկանց մոտ էլ կա, շների մոտ պարբերաբար շատ ակնհայտ է դրսևորվում, երբ շունը տեղյակ չէ, որ հետևում մարմնի ինչ-որ մաս ունի։

Եթե նկատել ես, շատ շներ այնքան էլ լավ չեն շարժվում․ կարող են սայթաքել, ուժեղ խփվել, ընկնել, և, ըստ էության, այս պատմությունը ոչ թե շան անճարակ լինելու մասին է, այլ այն մասին, թե որքանով գիտի իր մարմնի բոլոր մասերի գոյության մասին։ Եթե շունը տեղյակ է, որ չորս թաթ ու պոչ ունի, ավելի հազվադեպ, ասենք, պոչը դռան տակ կթողնի։

Այսպիսով՝ առաջինը, որ տալիս է ջրում պարապելը, սեփական մարմնի զգացողությունն է, երկրորդը՝ ջրում հոդերի վրա հարվածային ծանրաբեռնվածություն չկա, ինչը մեզ թույլ է տալիս աշխատել, օրինակ, քոթոթների հետ, որոնց հետ ցամաքում աշխատել չի կարելի, որովհետև նրանք դեռ ոսկորներ չունեն։ Արթրիտ ունեցող շների հետ, որոնց հոդերը բորբոքված են, ու ամեն ինչ ցավում է։

Շունը շարժվում է ջրում, ջուրը վերացնում է բորբոքումները, նրա մկանային զանգվածն ավելանում է, և, օրինակ, ճողվածքներով շունը սկսում է նաև ցամաքում շարժվել։ Որոշ շների գոտկատեղի մկաններն այնքան են զարգանում, որ նրանք դադարում են ճողվածքը նկատել։

Լողը բարելավում է շնչառությունն ու սրտի աշխատանքը։ Ընդհանրապես բոլորը կարող են լողալ։ Բացառություններ կան, դրանք քիչ են, որոնց դեպքում անպայման պետք է անասնաբույժի հետ խորհրդակցել։ Օրինակ՝ սրտի արատով շանը կարելի է լողալ, բայց զգուշորեն։

Ես մի հրաշալի շուն ունեի՝ ցորենագույն տերիեր, որը սրտի արատ ուներ, մի փականը չէր փակվում, և նա առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության էր։ Շունը երեք տարեկան էր, բայց մի 12 կտայիր։ Ջրում մարզվելուց հետո փականը շարունակում է չփակվել, բայց պոմպը մեծացել է, արյունն ուրախությամբ մղվում է, ու շունն իր արատը չի նկատում։ Սրտի հետ պետք է զգույշ լինել, աշխատել անասնաբույժի թույլտվությամբ։ Ցանկացած ոչ առողջ շան համար ընդհանրապես այդպիսի խորհրդատվություն պետք է։

Դե, և, իհարկե, հաղթանակների փորձը, ուրախ ցատկերը ամեն տեսակ խաղալիքների հետևից․ այն ամենը, ինչ կարող ենք անել ցամաքում, կարող ենք անել ջրում, հաճախ՝ ավելին։ Որոշ շների համար արդեն հենց ջուրը մտնելն արկած է։

— Իսկ ուրիշների համար ջուրը սթրես է։

— Սթրեսը նորի հանդեպ արձագանք է։ Եթե շունը ջրից վախենում է, ապա երբ նա այնտեղ ցատկի՝ իրեն մի քիչ հաղթահարելով, դա արդեն հսկայական, շոշափելի հաղթանակի փորձ է իր համար։ Շան ինքնագնահատականը բարձրանում է՝ դժվար էր, բայց ես կարողացա, ես դեմք եմ։

— Բայց ինչպե՞ս ես նրան լողավազան քարշ տալիս, եթե վախենում է։

— Ես նրան քարշ չեմ տալիս։ Հիշեցնեմ՝ ես նվազագույն բռնության կողմնակից եմ։ Եկ տարանջատենք։ Ջրային մարզումներն ի սկզբանե մշակվել են բժշկության համար և միայն հետո են դարձել վարքի շտկման միջոց։ Եթե բժշկական առումով է, ապա, ասենք, այդպիսի շանը նշանակում են ոչ թե ամբողջ կյանքի ընթացքում լողալ, այլ պարապմունքների կուրս։ Այդպիսի շնիկների համար ջրին վարժեցնելու մասին ընդհանրապես խոսք չի գնում։ Մենք նրան զգուշորեն գրկած ներս ենք տանում, նա մի տասը րոպե լողում է, մեզ համար կարևոր չէ, թե ինչպես է դրան վերաբերվում, միայն թե վախից տակը չանի։ Այդպիսի շան դեպքում ինձ պետք չէ, որ նա ինքն ուրախությամբ ջուրը ցատկի։

Վարժեցնելու մասին է խոսքը, երբ մեր նպատակը բժշկական չէ, այլ ուզում ենք, որ շունը լողալ իմանա, դրանից կայֆ ստանա, եթե ինչ-որ տեղ գնանք, օրինակ՝ լիճ, նավակով մի քիչ լողալու… Առհասարակ հաճախակի պահանջներից մեկն է՝ իմ շանը սովորեցրեք նավակից ցատկել հրամանով, ոչ թե երբ ինքը ցանկանա։

Թեև եթե ինձ մոտ բժշկական շուն է, միևնույն է, փորձում եմ նրա հետ ընկերանալ ու նրա լողը խաղի վերածել։ Ոչ ոք չի ուզում ուղղակի հրումներ անել, իսկ եթե ինչ-որ խաղի շրջանակում է, ավելի զվարճալի է դառնում։

Ճիշտը կլիներ, որ այս ամենով վերականգնողական մասնագետը զբաղվեր։ Բայց լավ վերականգնողական մասնագետների մեծ մասն առանձնապես չի երազում շնիկի հետ ջրում լողալ։ Նաև իդեալական աշխարհում անասնաբույժը նշանակման մեջ մանրամասն նկարագրում է, թե շանն ինչ շարժումներ են պետք, իսկ որոնք չի կարելի անել։ Իրականում անասնաբույժները պարզապես գրում են՝ լող, իսկ թե ինչպիսի՝ ինքներդ գլուխ հանեք։ Եվ ջրային մարզիչն այս ամենը սովորում է, ՄՌՏ նկարներ է պահանջում, նայում է շանը, ու երբեմն պարզվում է, որ շանը լողալ չի կարելի։

— Օրինա՞կ։

— Օրինակ՝ մի անգամ ինձ մոտ լողալու ուղարկեցին ողնաշարի ճողվածքով տակսայի։ Նշանակման մեջ ախտորոշումը՝ գոտկային կամ կրծքային հատվածի ճողվածք։ Իսկ դա ամբողջ մեջքն է՝ հանած պոչը, պարանոցային ու սրբանային հատվածները։ Ինքդ շոշափիր ու գտիր։ Ես երկու-երեք ողի ճշտությամբ որոշում եմ, ուղարկում լողալու, նա ափ է դուրս գալիս, ուրախությամբ վազում փոքրիկ կոկորդիլոսի հետևից, ու այդ պահին տեսնում եմ՝ հետևի ոտքն այսպես ցնցվում է։

Հասկանում եմ, որ սա ծնկոսկրի հոդախախտ է։ Չկա ոչինչ, որ ես լողի ընթացքում կարող եմ անել այդ ծնկոսկրի վիճակը բարելավելու համար։ Ավելին՝ լողի ընթացքում շարժումների ամպլիտուդը վատացնում է այդ խեղճ ծնկոսկրի վիճակը։ Շանը կա՛մ վիրահատություն է պետք, կա՛մ օրթեզ։ Եվ հետո օրթեզով կարելի է լողալ։

Այդ դեպքից հետո, երբ ինձ մոտ որոշակի ախտորոշմամբ շուն է գալիս, ամեն դեպքում սկսում եմ նրան ամեն տեղ շոշափել, ստուգում եմ՝ ինչպես է շարժվում, և միայն հետո՝ լողավազան։ Նաև դու միշտ անասնաբուժության, օրթոպեդիայի ոլորտների գործընկերներ, ֆիթնես մարզիչներ ունես, որոնց միշտ կարող ես հարցնել։

— Դու Հայաստանում լողավազան ես փնտրում, որտեղ քեզ շների հետ ներս կթողնեն։ Ես էլ եմ մարդկանց հարցուփորձ անում։ Բայց նրանք հիմնականում սարսափում են ու ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, թե ինչպես կարող է շունը մարդկանց լողավազանում լողալ։ Մազ կա, էխինոկոկ։

— Այս առարկությունները հեշտ է վերացնել։ Նախ՝ լողավազանում շների հետ աշխատելու համար ջրին ներկայացվող պահանջները զգալիորեն ավելի խիստ են, քան մարդկանց համար։ Մարդկանց համար մեջը քլոր լցրիր, ու ամեն ինչ սատկեց։ Շներին քլոր չի կարելի, նրանց մազը կթափվի։ Նրանց համար օգտագործվում են գերժամանակակից ախտահանիչ միջոցներ, որոնք քլոր չեն պարունակում։

Գումարած՝ մարդկանց լողավազանում, որպես կանոն, վիրուսային ծանրաբեռնվածության մասին չեն մտահոգվում։ Շների լողավազանում սա շատ կարևոր չափանիշ է։ Մենք պարտավոր ենք հակավիրուսային ախտահանում կիրառել։ Կոպիտ ասած՝ այն լողավազաններում, որտեղ շներն են լողում, կարող են կրծքի երեխաներ լողալ, այնքան մաքուր է ջուրը։

Նաև շները լողավազանում քիչ են միզում, իսկ մարդիկ դա անընդհատ են անում։ Լողավազանի հոտը մեզի ու քլոր պարունակող միջոցի հանդիպումն է։

Պավել Սոկոլովը և Չապան
Պավել Սոկոլովը և Չապան։ Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Այո՛, շնիկներն ավելի շատ մազ ունեն, քան մարդիկ։ Այդ ամբողջ մազը շատ կարճ ժամանակ է լողում լողավազանում, հետո վերևից ցանցով է հավաքվում, ներքևից՝ փոշեկուլով, իսկ մի մասն անցնում է զտման համակարգի կետով։ Ընդհանրապես մարդկանց մազերն էլ են թափվում, պարզապես ավելի քիչ քանակով։

Լողավազանում շնից որևէ վարակ ստանալ հնարավոր չէ։ Այստեղ արդեն քո անձնական հակակրանքը կարող է լինել։ Իսկ եթե խոսում ենք բաց ջրավազանների մասին, որտեղ մարդիկ լողում են, ապա այնտեղ ընդհանրապես թռչուններ, չղջիկներ են իրենց կարիքները հոգում, միջատներ են լողում։

— Ինչպիսի՞ն պետք է լինի շների լողավազանը՝ չափերով, ջերմաստիճանով։

— Իմ իդեալական լողավազանը փակ լողավազան է (արտաքին գրգռիչներն ավելի քիչ են, քամի, շոգ չկա)՝ չորս մետրը չորսի վրա։ Վերականգնմամբ կարելի է ընդհանրապես զբաղվել մեկուկեսը երկուսի վրա լողավազանում։ Դե, և լողավազանի ջրի մակարդակը՝ 1.2-1.3 մ, որպեսզի ես կարողանամ կանգնել, իսկ շունը չկարողանա թաթերով հատակին հասնել։

Ջերմաստիճանն իդեալական դեպքում պետք է կարգավորվի։ Այսպես ասենք՝ շների մեծ մասի համար նորմալ ջերմաստիճանը մոտ 27-30 աստիճան է։ Եթե վերականգնում անցնող շուն է, որը հազիվ է շարժվում, ապա ջուրը տաք է՝ 32-33 աստիճանը հենց ճիշտն է, իսկ ակտիվ շարժվող շունն այդ ջերմաստիճանում կեփվի ու իր սիրտը կծանրաբեռնի։ Իսկ գերարագ, մարզական շան համար սառը, շոկային ջուր է պետք, որի մեջ նրա ամբողջ օրգանիզմն այնպես է սկսում աշխատել, որ արյան հոսքն ու շնչառությունը բարելավվում են։

Ի դեպ՝ լողը նաև կտրուկ նվազեցնում է շների ճարպակալման ռիսկը։

— Ստերջացված շների համար հենց այն է, ինչ պետք է։

— Այո։ Նաև ջուրը շատ օգտակար է չամորձատված դեռահասների համար, որոնք մեզ համար անտեղի սեռական վարք են դրսևորում։ Նրանց պետք է բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածություն տալ։ Կարող ես փորձել ժամերով նրանց հետ զբոսնել, բայց նա այնտեղ իր նշաններն ունի, ամենայն հավանականությամբ ժամերով զբոսնել չի ուզենա։ Կարող ես ակտիվ ձգքաշոցի խաղեր տալ, ըստ էության՝ քրոսֆիթով։ Ինքդ էլ կնիհարես, մկաններդ կզարգացնես, բայց դե ոչ բոլոր տերերն են մարզական։

Իսկ լողավազանը հիանալի ֆիզիկական մարզանք է։ Կես ժամում կարելի է շնիկին այնքան ուժասպառ անել, որ բազմոցին քնի ու աղջիկների մասին մոռանա։

Էգերին կտղուցից անմիջապես հետո պետք է ֆիզիկական ծանրաբեռնվածություն տալ, որպեսզի կեղծ հղիություններ չլինեն։ Հարց․ ինչպե՞ս ավելի շատ ֆիզիկական մարզանք տալ մի էգ շան, որը երազում է բազմոցին պառկել ու «ծննդաբերել»։ Պետք է նրան մի քիչ ստիպել։ Լողավազանը սա էլ է հիանալի անում։

Նաև հղիությունից հետո, երբ բոլորին կերակրելն ավարտել է, նրա համար դժվար է կախ ընկած փորով վազել ու ցատկել, ու նա նվազեցնում է ակտիվությունը։ Որպեսզի [փորը] հետ քաշվի, պետք է նրան շարժել։ Իսկ լողավազանում ոչինչ չի կախ ընկնում, փորը ջրի տակ է։

Հայաստանում շներն ավելի շատ ազատություն ունեն

— Մենք ծանոթացանք տելեգրամյան մի չատում, որն օգնում էր այն մարդկանց, որոնք ձգտում էին Ռուսաստանից հեռանալ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկսվելուց հետո։ Հիշո՞ւմ ես այն պահը, երբ դու ու կինդ էլ հեռանալու որոշում կայացրիք։

— [Դեռ] 2011-ին՝ Դումայի ընտրությունների կեղծման ժամանակ, պարզ դարձավ, որ քաքի մեջ ենք։ Քույրս այն ժամանակ ասաց՝ “Օ՜ֆ, վերջ։” ու գնաց Կիև։ Իսկ ես որոշեցի դեռ մի քիչ նայել, այն ժամանակ դեռ հույս կար, որ ինչ-որ բան կանենք, ինչ-որ ձևով դուրս կգանք այս վիճակից։ Հետո պարզ դարձավ, որ՝ ոչ։ Լրիվ՝ ինչ-որ տեղ 2020-ին։ Իսկ հետո քովիդը վրա տվեց, ու տեղափոխվելու ծրագրերը ջուրն ընկան։

Բուչան վերջին կաթիլը դարձավ, հասկացա, որ այլևս չեմ կարող վճարել ռեժիմի կարիքների համար։ Եթե ֆիզիկական անձանց հարկերից դեռ կարելի է թաքնվել, ապա ԱԱՀ-ից Ռուսաստանում չես թաքնվի։

Դե, և Ռուսաստանում [ընդհանուր առմամբ] անհնար դարձավ։ Կա՛մ խղճիդ դեմ լռում ես, կա՛մ քեզ մահակով ու՝ բանտ։

— Հիմա՝ Հայաստանում մի քանի ամիս անցկացնելուց հետո, ազատության զգացողություն առաջացե՞լ է։ (հրապարակման պահին Պավելը տեղափոխվել է Վրաստան — «Կալեմոն»)

— Հենց անմիջապես։ Մեքենայով էինք գալիս, ու շատ խորհրդանշական ստացվեց։ 4:30։ Ռուսական սահմանին՝ խավար, քամի, աչքերիդ արցունքները սառչում են։ Սահմանապահը քեզ ծաղրում է՝ դուրս գալու հիմքի հարցով։ Չեզոք գոտի՝ մթնշաղ։ Վրացական սահման՝ լուսաբաց, քամի չկա, ու պարզ է, թե անձնագիրը ուր խոթել։ Մարդիկ ժպտում են։

Եվ ահա ՌԴ-ից դուրս գալուն պես մի սար ընկավ ուսերիցս։ Ճնշումը թուլացավ։

Հետո մենք Հայաստանում հայտնվեցինք ամառանոցում (ժամանակավոր ապաստանում)՝ ձեզ հետ։ Որոշ ժամանակ արտագաղթի խնդիրները ստվերեցին ամեն ինչ՝ որտեղից [ճարել] բրիկետներ բուխարու համար, ինչպես տուն գտնել և այլն։

Բայց ամբողջովին ոչինչ չի անցնում․ անհասկանալի է, թե ինչ կարող եմ անել պատերազմը կանգնեցնելու համար։ Դեռ ոչինչ չեմ մտածել։

— Բայց մտածել ես պատերազմից տուժած կենդանիներին օգնելու մասին՝ ընկերներիդ հետ ստեղծելով անասնաբուժական օգնության տելեգրամյան չատ՝ դժվարության մեջ հայտնված ուկրաինական կատուների ու շների համար։ Ո՞ւմ և ինչպե՞ս եք օգնում։

— Օ՜հ, բոլորին, ովքեր դժվարության մեջ են․ այնտեղ հիմնականում անասնաբուժություն է։ Եվ սա, իհարկե, սարսափի տարեգրություն է։

[Փետրվարի 24-ից] ինձ շատ հարցեր էին գալիս էպիլեպսիայի մասին, քանի որ իմ նախորդ շունը [էպիլեպսիայով] էր տառապում։ Բայց ես հո նյարդաբան չեմ, ահա գրեցի ծանոթ նյարդաբանուհուն՝ ի՞նչ պատասխանել, իսկ նա ինքն արդեն օգնության ալիքի այդ գաղափարով էր տարված։ [Ալիքը] մեկնարկեց մեկ օրում։

Այնտեղ մտնելը ծանր էր։ Պետք էր ուժերդ հավաքել, ամեն ինչ կարդալ ու պատասխանել այնտեղ, որտեղ գիտելիք ունես։ Օրական ավելի քան երեք հազար հաղորդագրություն՝ ցավի, տառապանքի, դեղեր գտնելու անհնարինության, ռմբակոծությունից հետո կենդանիների հետտրավմատիկ սթրեսային խանգարման մասին։ Թե անասնաբույժներն ինչպես են ճգնում խորհուրդներ տալ՝ [միայն] [ախտանիշների] նկարագրության հիման վրա և սահմանափակ դեղերի պայմաններում, դրա մասին ընդհանրապես լռում եմ։

Երբեմն այնտեղից այսպիսի արդյունքներ ես ստանում (Պավելը ցույց է տալիս չատի նամակագրությունը, որտեղ մարդը «Ինչպե՞ս եք» հարցին պատասխանում է, որ կապ, ինտերնետ ու լույս չկա, բայց շունն արդեն ընդհանրապես չի նյարդայնանում, «եթե ինչ-որ բան չափազանց ուժեղ է պայթում, ստուգում է մեր արձագանքն ու հանգստանում»), ու թեթևանում է։ Շան մոտ բարձր ձայների վախ էր [առաջացել] այն բանից հետո, երբ զբոսնելիս ռմբակոծության տակ էր ընկել։

— Հայաստանի համար, այսպես ասենք, մի փոքր ապշեցուցիչ էր, որ Ուկրաինայում մարդիկ հիմնականում իրենց հետ վերցնում են կենդանիներին՝ ռմբապաստարաններ, տարհանման ժամանակ։ Եվ ոչ միայն շներին ու կատուներին, այլև այնպիսի կենդանիների, ինչպիսիք են առնետները, համստերները, գեկոնները։ Երբ մեզ մոտ պատերազմ էր, շատերը փախչելիս իրենց կենդանիներին թողեցին։

— Վերին Լարսում [երբ գալիս էինք Հայաստան] մենք տասնհինգ ժամ կանգնած էինք, որովհետև լեռնանցքը փակել էին, իսկ մեր հետևում Մարիուպոլից երկու ուկրաինական մեքենա էր՝ լիքը մարդկանցով ու այն ամբողջ ունեցվածքով, որ կարողացել էին հանել։ Ղեկին նստած տղամարդկանցից մեկի՝ Դենիսի հետ, ծխելու ընդմիջումներին մեր ժամերը համընկնում էին, և նա միանգամայն առանց հույզերի պատմում էր այն մասին, թե ինչ էր եղել Մարիուպոլում։ Այսինքն՝ նրա համար սա չապրած տրավմա էր, ու նա ռոբոտի պես էր պատմում, որպես փաստերի շարադրանք։

Մասնավորապես՝ նա մի պատմություն պատմեց, որից հետո կենդանիներին լքող մարդկանց վատ վերաբերվելու միտքն ինձ մոտ լրիվ վերացավ։ Նրանք Մարիուպոլից դուրս էին գալիս արդեն այն ժամանակ, երբ այնտեղ ռուսական օկուպացիոն զորքերն էին։ Կարծես կանաչ միջանցք էին բացում, բայց պարբերաբար բոլոր մեքենաները գնդակոծում էին, նրանք այնտեղ ջրի էին գնում կրակոցների տակ, շատերը տեղ չէին հասնում։ Մի խոսքով՝ նա այնտեղից դուրս էր գալիս՝ իր մեքենայում հավաքելով բոլորին, ում կարողացել էր․ ութ մարդ մի փոքրիկ, չգիտեմ՝ Գոլֆում, թե Օպել Աստրայում, որտեղ, բնականաբար, ոչ մի կենդանի չէր տեղավորվի։

Եվ ահա պատմում էր, որ ալաբայ ու մի երկու կատու ուներ, ու իր էգ շանն ասում է՝ դե, գնա՛ ազատության մեջ, իսկ մենք գնացինք։ Իսկ ալաբայի համար բազմոցին պառկելու ժամն է, ընդհանրապես ոչ մի տեղ չի ուզում գնալ։ Դե, դուռը բաց էր թողել, ու հենց երբ տնից հեռանում էին, իր տանը արկ դիպավ, և ալաբայն ու կատուները ճչալով այնտեղից դուրս թռան։ Որից հետո նրանց մեքենան էլ ավտոմատի կրակահերթերով էին ճանապարհում [ռուսական օկուպացիոն զորքերը]․ նրա մեքենայի վրա մի քանի տեղ փամփուշտի անցքեր կան։

Այս պատմությունից հետո ես պատրաստ չեմ ասել՝ էդ ինչ կենդանիներ տանջողներ են, կենդանիներին չեն վերցրել, որովհետև ընտրությունն անմարդկային է․ կա՛մ մեքենադ ութ մարդ ես նստեցնում, կա՛մ երեք մարդ, ալաբային ու կատուներին։ Դե, այդպիսի իրավիճակում ես միանշանակ նույն կերպ կվարվեի։ Թեև չափազանց դժվար է ինձ պատկերացնել Դենիսի տեղում։

Հետո նրանք հասել էին Ռուսաստան, ու նա պատմում էր, որ բենզալցակայաններում, սնվելու վայրերում լսում էր՝ ձեզ՝ ուկրաինացիներիդ, հասնում է, դուք նացիստներ եք, և այդ ամբողջ քարոզչությունը, որը մեզ մոտ հեռուստացույցից է հոսում։ Հետո նրանք Վրաստան գնացին՝ ծանոթների մոտ։

— Ես երևի ի սկզբանե դժվարանում եմ մարդուն ու կենդանուն [կարևորության առումով] տարանջատել։ Դենիսի իրավիճակում չեմ եղել, ու հաստատ չգիտեմ, թե ինչ ու ինչպես կանեմ այդպիսի ծայրահեղ իրավիճակում, այդ պատճառով, բնականաբար, չեմ նստի այստեղ փափուկ աթոռին ու նրան դատապարտեմ։ Հուսով եմ՝ երբեք այդպիսի ընտրության առաջ չեմ կանգնի։

Բայց կենդանիների հանդեպ վերաբերմունքի մասին։ Դու Հայաստան ես տեղափոխվել ընդամենը մի քանի ամիս առաջ։ Չգիտեմ՝ բավական փորձ ունե՞ս այս հարցին պատասխանելու համար․ տարբերություն զգո՞ւմ ես շների հանդեպ վերաբերմունքի մեջ այստեղ և, ասենք, նույն Ռուսաստանում։

— Ինձ համար առայժմ իսկապես դժվար է ազատորեն դատել տարբերության մասին, որովհետև տեղի տերերի հետ բավարար փորձ չունեմ։ Բայց կարող եմ ասել այն, ինչ փողոցում եմ տեսնում, և ինչ-որ կերպ տարբերվում է Մոսկվայից, որտեղ ապրել ու աշխատել եմ։ Հայաստանում շան հանդեպ մի քիչ ավելի հանգիստ վերաբերմունք կա, նրա համար ավելի քիչ դողուդող, ավելի շատ ազատություն։ Այստեղ նորմալ է, եթե շունն ազատ զբոսնում է, կամ եթե փախել է։ Դե ինչ կա, ինքը կվերադառնա։

Կրկին՝ ամբողջ Ռուսաստանի անունից չեմ խոսի, Մոսկվայում էլ իմ շփումների շրջանակը, այսպես ասենք, սահմանափակ է, բայց այստեղ ավելի շատ շնային ինքնուրույնություն, ազատություն կա։ Երեխաներին էլ է սա վերաբերում, ի դեպ։

[Այստեղ] դեռ բավական անսովոր է, աննորմալ, որ շունը տուն է մտնում, բազմոցին ժամանակ անցկացնում։ [Մեր վարձած] տան տերը նորմալ է վերաբերվում դրան, բայց հարևաններին ստիպված էի երկար բացատրել, որ իսկապես պետք է ցանկապատի անցքը փակել, որովհետև ես անհանգիստ մոսկվացի մարդ եմ, որը վախենում է, թե իր շունն անցքով դուրս կփախչի փողոց, որտեղ մեքենաներ են, մարդիկ։ Հարևանների արձագանքն էր՝ դե, կփախչի, ի՞նչ է եղել։

— Հա, մի անգամ ես «պուդել փրկեցի»՝ ցուրտ փետրվարին։ Նրա համար տուն գտա, հետո տերերը գտնվեցին, ու ժամանակավոր խնամքի վերցրած աղջիկը ստիպված եղավ շանը վերադարձնել, ինչը, իհարկե, իր համար ծանր էր։ Եվ այս ամենը՝ որովհետև պարզվում է՝ շունն ինքնուրույն էր զբոսանքի դուրս գալիս, իսկ այս անգամ կտղուցի շրջանում գտնվող էգի հետևից էր վազել ու կորել։

— Մյուս կողմից՝ այդ դեպքում շունն իրեն արտահայտելու ավելի շատ ազատություն ունի։

— Բայց ո՞նց։ Ախր կարող է մեքենայի տակ ընկնել։ Վերջիվերջո նրան կարող են գողանալ։

— Սա արդեն անվտանգության մասին է։ Դու, սահմանափակելով շան տեղաշարժը, անվտանգության համար խլում ես նրա ազատությունը։ Ահա այսպիսի սրիկա ես։ Ընդհանրապես, ինչպես արդեն ասացի, դու՝ որպես շան տեր, միշտ մի քիչ սրիկա ես։ Հարցն այն է, թե կոնկրետ ինչ սրիկայության հետ ես պատրաստ հաշտվել։

Ես, օրինակ, պատրաստ չեմ շանը գործիք դարձնել, որովհետև ինձ համար դժվար կլինի աշխատել այնքան սահմանափակումների հետ, որոնք ստիպված կլինեմ նրա համար սահմանել։ Սա կրկին քո արժեքային դիրքորոշման շրջանակում է․ ի՞նչն է ավելի լավ՝ ավելի երկար ապրել, ավելի համեղ ուտել, թե մեքենայի տակ ընկնելու ռիսկի դիմել, բայց փոխարենը ազատ վազել։

Կամ կյանքում մի քանի անգամ սեքսի ուրախությունները ստանալ՝ մի քանի տարի անց շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի հետ միասին, թե սեքսի ուրախությունները չստանալ, և շագանակագեղձի քաղցկեղ էլ չստանալ։

Միշտ ընտրություն կա, և այն պատկանում է ոչ թե շնիկին, այլ տիրոջը։ Այնպես որ դու ամեն դեպքում սրիկա ես։

— Իրականում սարսափելի ընտրություն է։ Ես առաջ ասում էի՝ ավելի լավ է շունը փողոցում ապրի, հաճախ սոված, բայց ազատության մեջ, քան ապաստանում՝ կուշտ, բայց ժամանակի մեծ մասը վոլիերում փակված։ Բայց Երևանում փողոցային շները, էլ չեմ ասում մեր մյուս քաղաքներում, ինձ համար երջանիկ, կյանքից գոհ չեն թվում։ Եվ զգացողություն ունեմ, թեև հնարավոր է՝ պարզապես ինձ եմ մխիթարում, որ շների մեծ մասն ինքն է ընտրում ազատության սահմանափակմամբ, բայց մարդու հետ լինելը։

— Այո։ Շները զարգացել են որպես ինֆանտիլ կենդանիներ, որոնց մարդու հետ համագործակցություն է անհրաժեշտ։ Դրա համար նա ինքն էլ ուրախ է իր ազատությունը փոխանակել համեղ կերի ու քեզ հետ շփման դիմաց։

Անազատության մեջ պահելիս մենք սահմանափակում ենք շան որոշ կարիքների դրսևորումը։ Կան որոշ օբյեկտիվ չափանիշներ, որոնցով չի կարելի սահմանափակումներ անել։ Օրինակ՝ շունը կնստի բետոնե սենյակում՝ առանց լույսի, բայց փոխարենը՝ ուտելիքով։ Նրա սնվելու կարիքը բավարարված կլինի, բայց շարժվելու, ուսումնասիրելու, սոցիալական հավանության կարիքը բավարարված չի լինի, և դա վատ է։

— Ապաստանի շների, նույնիսկ ապաստանի չափանիշներով մերոնց պես սակավաթիվ շների, լիքը կարիքներ չեն բավարարվում, ինչն անկասկած ազդում է նրանց վարքի վրա։ Ընդհանրապես իմաստ ունի՞, որ վարքի շտկման մասնագետն աշխատի ապաստանի շների հետ։ Ոչ թե նրանց, որոնց ուր որ է տանելու են, այլ նրանց, որոնք որդեգրման մոտակա հեռանկար չունեն։

— Վոլիերում նստած շները… Նրանց համար այնտեղ տաք է, լավ է, իրենց ցեղակիցների հետ շփում կա։ Բավարարված չէ շարժվելու և ուսումնասիրելու կարիքը։ Ապաստանում շները նոր տեղեկություն քիչ են ստանում։ Դրա համար ամերիկացի մասնագետներն այս նպատակով մի մարզաձև են հորինել՝ նոուզ վորք (անգլ. “Nose work”)․ շներին սովորեցնում են փնտրել, գտնել ու ցույց տալ նոր հոտերը։ Այսպես շունը նոր տեղեկություն է ստանում, որն ինքնուրույն չի կարող ստանալ, որովհետև բավականաչափ չի զբոսնում։ Ապաստանի համար նոուզ վորքը հենց այն է, ինչ պետք է։

— Ես շների անազատության հարցի միջով տառապանքով եմ անցել։ Հիմա մի քիչ հաշտվել եմ, շներն էլ են օգնում, օրինակ՝ նրանով, որ վազում են, ցատկում, իսկ հետո որոշ ժամանակ անց իրենք են մտնում իրենց վոլիերը։ Եվ ես ուրախանում եմ, որ գոնե ես չեմ ստիպում…

— Դո՞ւ չես ստիպում։ Հենց դո՛ւ ես նրանց սովորեցրել, որ այնտեղ լավ է։

— Դե գոնե սովորեցրել եմ, որ այնտեղ լավ է, այլ ոչ թե՝ «Արագ հե՛տ՝ բանտ, թե չէ կծեծեմ»։

— Անազատության մեջ պահելը մեծ, բարդ թեմա է։ Եթե շնիկների մասին ենք խոսում, ապա նրանք առանց մարդու ոչ մի ձևով չեն ապրում։ Դե, կան այնպիսիք, որոնք առանց մարդու են ապրում, բայց մենք նրանց չենք հանդիպում, գրեթե երբեք չենք տեսել։ Մնացած բոլոր շները համագործակցությամբ են ապրում։

Այն, որ դու՝ որպես շան տեր, սրիկա ես, լավ է, որ վարքի շտկման մասնագետը գիտակցի, իսկ տիրոջն ավելի լավ է դրա մասին չիմանալ (ծիծաղում է)։ Այլապես դժվար է ապրել։