Աստծուն հուսախաբ մի՛ արա

«Այս կյանքում կան բաներ, որոնք ոչ հասկանալ է ստացվում, ոչ էլ ընդունել։ Դրանք պարզապես պետք է վերապրել», ասում է Նատան, որը վերապրել է երկու մեծ պատերազմ, հարազատների կորուստ, բարդագույն վիրահատություն, արդեն 52 օր է՝ Արցախի Մարտունի քաղաքում աշխարհից մեկուսացած է, բայց նրա ամեն խոսքում զարմանալի կենսասիրություն է զգացվում։

Ната среди подсолнухов

Նատան ուժեղ հակացնցումային դեղեր է խմում։ Երբ սկսվեց շրջափակումը, հասկացավ, որ արտասահմանից իր համար բերվող թանկարժեք դեղի պաշարը մնացել է ընդամենը մի քանի շաբաթվա համար, ու անհանգստացավ։ Բայց գրեթե անմիջապես, ինչպես ինքն է ասում, մի տարօրինակ հանգստություն համակեց իրեն՝ «աներկբա նշան, որ ամեն ինչ լավ է լինելու»։

«Լավ» նշանակում է, որ կբացվի Արցախը Հայաստանին ու մնացած աշխարհին կապող ճանապարհը՝ «Միայն թե մեզ համար ոչ սարսափելի պայմաններով», և նոր պատերազմ չի սկսվի՝ «Արդեն հերիք է, մայրերն են մեղք, իմ տղային էլ են մեկուկես տարի հետո բանակ տանելու»։ Ի վերջո, լավ է լինելու, որովհետև երկար ժամանակ վատ լինել չի կարող, վստահեցնում է Նատան։

Պատուհաններ լվանալ՝ տաքանալու համար

«Այնքան հանգիստ եմ, որ հանգստությունս արդեն անհանգստություն է առաջացնում», ծիծաղում է Նատան։ Մեր զրույցները կախված են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցից, քանի որ լույսի հետ հաճախ ինտերնետն էլ է կտրվում։

Մարտունիում էլեկտրաէներգիայի անջատումները՝ պաշտոնապես օրական երեք անգամ, երկուական ժամով, Նատան նայում է «Արցախէներգո» ընկերության էջում։ Բայց իրականությունը միշտ չէ, որ համընկնում է ժամանակացույցի հետ․ 2020-ին խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Արցախում երեսունվեց ՀԷԿ-ից մնացել էր միայն վեցը, դրանց հզորությունն այլևս չէր բավարարում ամբողջ բնակչությանն էլեկտրաէներգիայով ապահովելու համար, և այն ստացվում էր նաև Հայաստանից, բայց շրջափակման սկզբին ադրբեջանցիները շարքից հանեցին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։ Պատահում է՝ լույսը կես օր չի լինում, երբեմն էլ՝ ավելի երկար։

Նատան տունը տաքացնում է էլեկտրաէներգիայով։ Շենքի հատակագիծը թույլ է տալիս գազ օգտագործել միայն կողային բնակարաններում։ Իսկ մեջտեղի բնակարաններում, ինչպես Նատայինն է, ծխահեռացման հնարավորություն չկա․ նույնիսկ փայտի վառարան չի կարելի տեղադրել։

Երեկոյան, ասում է Նատան, մոմ են վառում, սվիտերների վրայից բաճկոններ հագնում, փաթաթվում վերմակով ու դստեր հետ թղթախաղ խաղում։ Ցերեկը՝ անջատումների ժամանակ, փորձում են ավելի շատ շարժվել, որ չմրսեն։ Ահա վերջերս էլ մեծ մաքրություն էին սկսել։

— Երևի մարդիկ մեզ նայում ու մտածում էին՝ սրանք լրիվ ցնդած են, — ծիծաղում է Նատան, — լույս չկա, ուտելիք չկա, ոչ մի հստակություն չկա, իսկ սրանք պատուհան են լվանում։

Ձեթի ու թեյի հերթ
Լուսանկարը՝ Նատա Սաղյանի։ «Երեկ մինչև գիշերվա ժամը մեկը հերթում էինք, որ ձեթ-թեյ գնենք»

Նատան ծնվել է Ստեփանակերտում։ 90-ականներին նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան և վերադարձել հայրենի քաղաք, երբ աղջիկն ավարտել է դպրոցը։ Նատան Մարտունի է տեղափոխվել, երբ ամուսնացել է։ Երկու երեխա ունի։ Աղջիկը դպրոցում է սովորում, իսկ տղան՝ Ստեփանակերտի քոլեջում, ֆինանսական մենեջերի մասնագիտությամբ։ Ավելի ճիշտ՝ սովորում էին․ շրջափակման պատճառով Արցախում ուսումնական հաստատությունները փակվել են։ Դասերից հետո տղան լրացուցիչ աշխատում է շաուրմայի կետում։ Ավելի ճիշտ՝ աշխատում էր․ հանրային սննդի կետերն էլ են փակվել։

(Հրապարակման պահին դպրոցները մասամբ բացվել են, թեև էլեկտրաէներգիայի ընդհատումների պատճառով դրանք լավ տաքացնել չի ստացվում — Կալեմոն)։

Նատան արդեն 20 տարի վարսահարդար է աշխատում։ Երբ մասնագիտություն ընտրելու ժամանակը եկավ, նրան հրավիրեցին ռադիո՝ լավ ձայն, հայերենի ու ռուսերենի իմացություն, պատմելու կարողություն։ Բայց Նատան ամաչեց՝ «Ի՞նչ ռադիո, մարդիկ կբամբասեն, թե նստած խոսում եմ»։ Մտածեց ընդունվել ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, բայց հասկացավ, որ իր անզուսպ եռանդով դժվար կլինի ժամերով նստել ու դասախոսություններ լսել․ իրեն պետք է անընդհատ ձեռքերով ինչ-որ բան անել։

Այդ ժամանակ հետևեց մոր խորհրդին՝ վարսահարդարություն սովորել, ու ոչ մի անգամ չի զղջացել։ Նրան ճանաչում են Մարտունիում ու Ստեփանակերտում, հաճախորդների պակաս չունի, իսկ նրա բոլոր աշակերտները հաջողությամբ աշխատանք են գտնում։

Հիմա հովհարային անջատումների պատճառով սրահի աշխատանքը դադարել է․ ցուրտ է, հաճախ ջուր չի լինում, մազերի ներկերը վերջանում են, հաճախորդուհիների մտքին էլ հիմա խնամքը չէ։ Բայց Նատան ասում է, որ նույնիսկ եթե մարդկանց փողը վերջանա, իսկ սրահում ընդհանրապես ջուր չլինի, ինքը տնետուն կգնա ու կանանց անվճար կգեղեցկացնի․ Նատան գիտի, որ լավ վարսահարդարը հաճախ փոխարինում է բոլոր բժիշկներին ու հոգեբաններին՝ միասին վերցրած։

Թեյ՝ տագնապալի լուրերի փոխարեն

2020-ի պատերազմից քիչ առաջ Նատայի առողջական խնդիրները սկսվեցին՝ ուժեղ թուլություն, գլխապտույտներ։ Պատերազմի սկսվելուց մի քանի օր անց բնակիչներին սկսեցին տարհանել Մարտունիից։ Նատային հազիվ համոզեցին գնալ․ երկար ճանապարհները չէր տանում։ Տղամարդիկ մնացին Արցախում, իսկ նրան ու դստերը, փոքր երեխայի հետ քրոջը, մորը, տյոտյային ու ծեր տատիկին ապաստան տվեցին Վայքի հյուրանոցներից մեկում։

Այնտեղ Նատայի վատ ինքնազգացողությունը՝ ընդհուպ մինչև ուշագնացություններ, վերագրեցին պատերազմի բերած ապրումներին, տեղի հիվանդանոցում ստուգեցին սիրտը, ճնշումը, ոչ մի տագնապալի բան չգտան ու հանգստացնող դեղեր նշանակեցին։

Մարտունի վերադարձավ պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Նրա բնակարանը պրծել էր արկերից պատերին մնացած ճաքերով ու անցքերով՝ ի տարբերություն այն բնակարանների, որոնց պատուհանները նայում էին ներքին բակ․ դրանց ապակիները կոտրվել էին։

Թուլությունն ու ուշագնացությունները չէին անցնում, բայց բժիշկները շարունակում էին պնդել, թե այդ ամենը տարած սթրեսի հետևանքն է՝ պատերազմ, ավերածություններ, զոհված հարազատներ ու ծանոթներ։ Մինչև որ մի օր Նատան հենց փողոցում կորցրեց գիտակցությունն ու կոմայի մեջ ընկավ։

— Ընկերուհիներիս հետ Ստեփանակերտի կամրջով էինք անցնում։ Վատացա, ընկերուհիս առաջարկեց սուպերմարկետից ջուր գնել, ու վերջ, էլ ոչինչ չեմ հիշում։

Նատան ուշքի եկավ հիվանդանոցում։ Անմիջապես ճանաչեց իր վրա կռացած ծանոթ բժշկի դեմքը, հագուստի վրա հողի հետքեր տեսավ, հիշեց, թե ինչպես էր «մի քանի րոպե առաջ» գիտակցությունը կորցրել, և զարմանքով իմացավ, որ կոմայի մեջ է եղել ավելի քան երեք ժամ։ Նրան ՄՌՏ հետազոտություն արեցին, որը գլխուղեղում ուռուցք հայտնաբերեց, և շտապ ուղարկեցին Երևան։

Երևան ստիպված եղավ մի քանի անգամ գնալ՝ մանրակրկիտ հետազոտությունների, որոնց ընթացքում պարզվեց, որ ուռուցքը բարորակ է ու վիրահատելի։ Նատան ճանապարհները սովորականից ծանր էր տանում․ ամառվա շոգին էին, իսկ անցակետերում հաճախ ստիպված էին լինում մի քանի ժամ սպասել, մինչև ադրբեջանական շարասյուներն անցնեին։

Առանց լույսի ենք նստած
Լուսանկարը՝ Նատա Սաղյանի։ «Ահա այսպես նստած լույսի ենք սպասում։ Խոստացել էին 9-ին միացնել, 7-ից չկա, բայց դեռ չեն միացրել»

— Բայց ոչինչ, փոխարենն այդպես ինքս ինձ փրկեցի՝ գլխի ընկնելով ուշաթափվել, — ծիծաղում է Նատան։ — Իսկ եթե լուրջ, այնքան բախտս բերեց, որ ընկա [նյարդավիրաբույժ] Անդրոնիկ Քալայջյանի ու նրա թիմի մոտ։ Նրանք երկրային չեն, երկնքից են մեզ մոտ թռել եկել։ Այնքան կյանքեր են փրկում, այնպիսի աշխատանք անում, մինչև ինքս չտեսա, չէի էլ կարող պատկերացնել։ Վստահ եմ, որ մեր նյարդավիրաբույժները ոչնչով չեն զիջում Իսրայելի ու Գերմանիայի վիրաբույժներին։

Հետո սկսվեց հետվիրահատական վերականգնման շրջանը, երբ նորից էր սովորում քայլել ու խոսել։ Հիմա Նատան հակացնցումային դեղեր է ստանում, որոնք ոմանք ընդունում են մինչև մի քանի տարի, ուրիշները՝ ամբողջ կյանքում, և կես տարին մեկ Երևան է ուղարկում գլխի ստուգիչ ՄՌՏ պատկերը, որը նրան անում են Ստեփանակերտի հիվանդանոցում։

Նատան պետք է իրեն պահպանի․ չի կարելի ցրտին մնալ, երկար քայլել ու կանգնել, բարձր ձայներ լսել։ Երբ ամուսինը սկսում է հեռուստացույցով լուրեր նայել ու բարձրաձայն հայհոյել էկրանին, Նատան գնում է հարևանուհու մոտ՝ «Արի թեյ խմենք, լավ կոնֆետներ եմ ճարել»։ Ճիշտ է, հիմա կոնֆետներն էլ գրեթե վերջացել են՝ «Ոչինչ, վիրահատությունից հետո մի քանի ավելորդ կիլոգրամ եմ հավաքել, հենց դրանք էլ կգցեմ», բայց թեյ դեռ կա։

Նատան փորձում է խուսափել հերթերից, որտեղ մարդիկ նյարդային են ու գոռում են իրար վրա։

Հերթեր են գոյանում կտրոններով գնվող մթերքների համար՝ մեկ լիտր արևածաղկի ձեթ, մեկ կիլոգրամ բրինձ, հնդկաձավար, մակարոն ու շաքարավազ՝ մեկ անձին ամսական․ հացի համար՝ Արցախում դեռ հացահատիկ կա, բայց էլեկտրաէներգիայի ընդհատումների պատճառով փռերը երբեմն ամբողջ օրը կարող են չաշխատել․ կաթի համար՝ այն կաթի գործարաններից Ստեփանակերտ են բերում ամեն օր, իսկ շրջաններ՝ շաբաթական երկու անգամ․ ձվի համար, որը հաճախ վերջանում է հերթի կեսին․ զուգարանի թղթի համար, որն ավելի ու ավելի է պակասում։ Օճառը, մաքրող հեղուկները, հիգիենայի պարագաները խանութների դարակներից անհետացան շրջափակման առաջին օրերին։

Ո՛չ լույս, ո՛չ ջուր
Լուսանկարը՝ Նատա Սաղյանի։ «Այսօր ասացին՝ լույսը ժամը 3-ին կանջատեն, բայց 10-ին անջատեցին։ Ջուրն էլ անջատեցին»

2022-ի դեկտեմբերի 24-ին Նատան, որին դժվար էր նույնիսկ համեմատաբար փոքր հերթում կանգնել, համարձակվեց մասնակցել Արցախի բնակիչների երթին դեպի Ստեփանակերտ–Շուշի ճանապարհին տեղակայված ռուս խաղաղապահների անցակետը՝ պահանջելով միջամտել ու ստիպել բացել կյանքի ճանապարհը։

— Մեզ մոտ հայտնի ակնաբույժ կա, նրա ֆեյսբուքյան էջում երթի կոչը տեսա ու մտածեցի, որ իմ պարտքն է՝ ես էլ դուրս գամ ու աշխարհին ցույց տամ, որ մենք չենք հաշտվում [ստեղծված իրավիճակի հետ], այլ պահանջում ենք ճանապարհը բացել։ Ինձ հեռուստաալիքներով ցույց տվեցին, հարցազրույց վերցրին․ ծանոթները, որ գիտեին հիվանդությանս մասին, սկսեցին զանգել, հարցնել՝ ինչպես եմ կարողացել այդքան ճանապարհ անցնել։ Վիրահատությունից հետո իսկապես դեռ այդքան երկար չէի քայլել, բայց այդ օրը հանկարծ այնպիսի ուժ եկավ, նաև դեղերս խմեցի, այդ թվում՝ ցավազրկող, ու գնացի։

— Հավաքվեցինք [Ստեփանակերտի Վերածննդի] հրապարակում, գնացինք եղբայրական գերեզման (Ստեփանակերտի հուշահամալիր — Կալեմոն), աղոթեցինք ու քայլեցինք դեպի Շուշի։ Արագ էինք քայլում, սկզբում ցուրտը չէի զգում․ ամբողջ ուշադրությունս մեզ հետ եկած երեխաների վրա էր․ ասում էի՝ հետ չմնան, գլխանոցները քաշեն գլխներին, պաստառները բարձր պահեն։ Բայց Շուշիին մոտ՝ այնտեղ բարձր է, սառցե քամի էր, արագ քայլելուց էլ քրտնել էի ու սկսեցի դողալ։

Երթ ընդդեմ շրջափակման
Լուսանկարը՝ Նատա Սաղյանի։

— Անցակետից ոչ հեռու կանգ առանք, ավելի առաջ [խաղաղապահները] միայն մի քանի տղամարդու թողեցին։ Կանայք երեխաների հետ մի քիչ կանգնեցին ու հետ վերադարձան, իսկ տղամարդիկ գիշերեցին [Ստեփանակերտի] սառը օդանավակայանում (որտեղ տեղակայված է խաղաղապահ ուժերի հրամանատարության շտաբը — Կալեմոն), իսկ հաջորդ օրը գնացին կառավարության շենքի մոտ, շարունակում էին հանդիպում պահանջել [ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ] Վոլկովի հետ, որն այդպես էլ նրանց մոտ դուրս չեկավ։ Չգիտեմ՝ երթն ինչ տվեց, բայց մեզ համար կարևոր էր դուրս գալ ու աշխարհին ասել, որ մենք կանք, որ պահանջներ ունենք, որ մեր ազատությանն ու կյանքին սպառնում են։

Պայքարել՝ չիմանալով, թե ինչի համար

Նատայի քրոջ փոքրիկը չիփս է սիրում։ Մայրը նրա հետ պայմանավորվել է, որ վնասակար ուտելիք կգնի, բայց հազվադեպ։ «Հերթական հազվադեպն արդեն անցել է, բա ինչո՞ւ ինձ չիփս չես գնում», նվնվում է տղան։

Լավ, չիփսը մի կողմ, բայց եթե մեզ կարող են ձավարեղեն ու շաքարավազ բերել, ինչո՞ւ չեն կարող բանջարեղեն ու միրգ բերել, հարց է տալիս Նատան։ Առողջ մեծահասակները մի կերպ եղածով կյոլա կգնան, 90-ականներին շատ ավելի վատ էր, բայց երեխաները, դեռահասները՝ նրանք աճող օրգանիզմներ են, միրգ ու բանջարեղեն է պետք նրանց։ Իսկ ի՞նչ անեն շաքարային դիաբետ ունեցող մարդիկ, որոնց գլյուտենը հակացուցված է, և կտրոններով հասանելի ամբողջ տեսականուց միայն հնդկաձավար կարող են ուտել։ Կամ քաղցկեղով հիվանդները, կամ դիալիզ ստացող երիկամային հիվանդները։

Հենց Նատային էլ չի կարելի միայն ձավարեղենով սնվել, նրան բանջարեղեն ու միրգ է պետք․ վիրահատությունից հետո ընդունվող դեղերից վահանաձև գեղձը մեծացել է։ (Հրապարակման պահին Մարտունի առաջին անգամ գազար էին բերել՝ մեկ ընտանիքին 1 կգ։ Խանութի աշխատողները չգիտեին՝ որտեղից են բերել։ Ստեփանակերտում սկսել էին մեկ ընտանիքին 1 կգ նարինջ ու մանդարին վաճառել — Կալեմոն)։

Քացախ՝ խանութի դարակում
Լուսանկարը՝ Նատա Սաղյանի։ «Ուզում եմ առավոտյան արթնանալ, լուրերը միացնել, լսել, որ ճանապարհը բացվել է, խանութները լի են մթերքներով, բոլոր կոմունալ ծառայություններն աշխատում են, մարդիկ բոլորն սկսել են աշխատել։ Խաղաղություն եմ ուզում»

Գյուղերի բնակիչները, որոնք ամռանը բանջարեղեն ու միրգ են պահածոյացրել և հավեր ու այլ անասուններ ունեն, քաղաքաբնակներից լավ պայմաններում են, բայց նրանց արտադրանքը բավարարում է միայն իրենց մեծ ընտանիքներին ու հարևաններին, վաճառելու բան չի մնում։

Նատան ասում է՝ լսել է, որ ոմանք իրենց հավերին մի քանի օրով քնեցնում են՝ կերի վրա խնայելու համար։ Պարզապես հավերին դուրս չեն թողնում ու հավանոցում լույսն անջատում են, թռչունները մտածում են, թե օրը դեռ չի բացվել, ու շարունակում են քնել։

— Երանի մարդկանց հետ էլ հնարավոր լիներ այդպես․ անջատեինք ու վերջ, մի քանի օրով քնելու գնայինք։

Բայց մարդկանց անջատել չի ստացվում։ Գիշերները Նատային հաճախ անքնությունն է տանջում, ու նա մտքում հարցեր է տալիս՝ երբեմն իշխանություններին, երբեմն՝ դատարկությանը։ Հարցերը շատ են, իսկ պատասխանները՝ ավելի ու ավելի քիչ։

Նատան մտածում է՝ մարդիկ պատերազմից հետո հազիվ էին սկսել կյանքը կարգավորել, մեկ էլ՝ շրջափակում։ Երեխաներին ու երիտասարդներին զրկեցին կրթության հնարավորությունից։ Սկզբում քովիդի կարանտինը, հետո պատերազմը, հիմա էլ ճանապարհի փակումը։ Սովորելու, ճանաչելու, առաջ շարժվելու փոխարեն հարյուր հազարից ավելի մարդ գլորվում է դեպի նախնադարյան կյանք։

Նա ուզում է, որ իշխանությունները ժողովրդին ազնվորեն խոստովանեն՝ մինչև երբ է ճանապարհը փակ մնալու և ինչ պայմաններով է բացվելու, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչ է իրենց սպասվում։ Թե չէ անորոշությունը վատ է անդրադառնում հոգեկան վիճակի վրա․ մարդիկ չարացած են դառնում, ամենաչնչին խոսքի համար հարձակվում իրար վրա։ Իսկ որևէ լուծման մասին դատողություններ անելու ամեն փորձի դեպքում մեղադրում են այս կամ այն քաղաքական կուսակցության հետ կապ ունենալու մեջ։

— Մենք՝ հայերս, շատ ուժեղ ենք, բոլորս պայքարող ենք։ Կդիմանանք և՛ սովին, և՛ ցրտին, միայն իմանանք՝ ինչի համար։ Ահա սա ենք պահանջում, որ մեզ ասեն։ Ու այդ դեպքում կդիմանանք՝ որքան պետք լինի, և՛ առանց ուտելիքի, և՛ առանց լույսի։ Ամենադժվարը պայքարելն է՝ չիմանալով, թե ինչի համար ես պայքարում։

Չարացած են, որովհետև լքված են

Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Նատան երեխա էր։ Նրա հիշողությունները պատառիկներ են, բայց բոլորի մեջ էլ մարդկանց զարմանալի համախմբվածության տարր կա։

Այն ժամանակ ավելի վատ էր՝ ուտելիք չկար, անընդհատ ռմբակոծում էին։ Նատան հիշում է, թե ինչպես արկերը դիպան իրենց տան երկու կողմի շենքերին։ Նկուղում պատսպարված ընտանիքին հողով ծածկեց, բայց կարողացան դուրս գալ։ Հայրն ամեն առավոտ ռմբակոծությունների տակ գնում էր հարևան գյուղն ու երեխաների համար մի քիչ կաթ բերում։

1992-ի ապրիլին նրանց մոտ հասան մոր հարազատները Մարաղա գյուղից՝ նրանք, ովքեր փրկվել էին սարսափելի կոտորածից։ Հետո նրանց առաջին իսկ հնարավորության դեպքում Ստեփանակերտից դուրս էին բերում փոքրիկ «կուկուրուզնիկ» ինքնաթիռներով։ Իսկ քանի դեռ հարազատներն իրենց մոտ էին ապրում, Նատայի պապը երկանքով հացահատիկ էր աղում, իսկ տատն այդ «կեղտոտ» ալյուրից բոլորի համար բլիթներ (տափակ հացեր) էր թխում, և դա նրանց միակ կերակուրն էր։

— Ինչքան էլ դժվար լիներ, մարդիկ միասին էին ու իրար օգնում էին։ Իսկ հիմա հոգնել են։ Մարդիկ չարացել են, որովհետև լքված են։ 90-ականներին հերոսներ կային, որոնք ժողովրդին համախմբում էին, ոչ թե հակառակը։ Մարտունու մուտքին Մոնթեի մեծ դիմանկարն է կախված։ Ամեն անգամ, երբ կողքով անցնում ենք, ամուսինս բարձր ասում է՝ «Բարև, Մոնթե»։ Մի անգամ նրան հարցրի՝ ինչու պարզապես չի նայում դիմանկարին, վերջիվերջո՝ գլխով չի անում, այլ այդքան բարձր բարևում է։ Ամուսինս պատասխանեց․ «Որովհետև նա ինձ լսում է։ Այնտեղ նրա համար շատ վատ է։ Այնքան բան է արել մեզ համար, ազատագրել է մեր հողը, իսկ մենք չկարողացանք պահել։ Ես այսպես իմ շնորհակալությունն եմ հայտնում։

— Մեզ պետք է միասին լինել։ Այնքան վատ եմ զգում, երբ սկսում են բաժանել արցախցիների, հայաստանցիների (Հայաստանում ապրող հայերի — Կալեմոն), սփյուռքի (դիասպորայի), երբ սկսում են իրար մեղադրել՝ ով ում է քվե տվել, ում հարազատն է ավելի բարձր դիրքում, ով է ավելի հարուստ։ Հիմա ամեն մեկս մեր մեջ ենք փակվել, առանձին ենք, դրա համար էլ թույլ ենք, ու մեզ հեշտ է կառավարել։ Լսում ես մարդկանց հեռուստացույցով, փողոցներում, բոլորը խոսում են, խոսում, բայց իրականում ոչ թե իրար հետ, այլ ամեն մեկն ինքն իր հետ։ Մենք անընդհատ ինչ-որ մեկին մեղադրում ենք, ու դա մեզ թուլացնում է։

Նատա
Լուսանկարը՝ Նատա Սաղյանի։

— Տեսանյութ էի նայում, որտեղ կարմիր բերետավորները զինվորների մայրերին (որոնք պատրաստվում էին վարչապետ Փաշինյանին թույլ չտալ մոտենալ իրենց որդիների գերեզմաններին — Կալեմոն) քարշ էին տալիս Եռաբլուրից։ Մի քանի օր չէի կարողանում ուշքի գալ։ Եթե զոհված զինվորների մայրերի հետ այսպես են վարվում, սարսափելի է պատկերացնել՝ մյուս մարդկանց հետ ինչպես կարող են վարվել։ Եթե միավորվենք՝ Արցախում, Հայաստանում, սփյուռքում, չէ՞ որ մենք նրանցից շատ ավելի շատ ենք, ավելի ուժեղ ենք, այդ ժամանակ մեզնից կվախենան։ Մոռացել ենք, որ ոչ թե ժողովուրդն է իշխանությունից կախված, այլ իշխանությունը՝ ժողովրդից։

— Պետք է մեր ներսում մաքրում անենք, հեռացնենք դավաճաններին, բոլոր նրանց, ովքեր մեր պետությունը բիզնես են դարձրել, ովքեր իրենց կանանց, երեխաներին մեր հաշվին արտասահման են ուղարկում հանգստանալու, իսկ նոր առաջնորդն ինքն իրեն կհայտնվի։ Եթե ներսից ոչ ոք չլափի, դրսից մեզ չեն կարող հաղթել։ Պետք է մարդկանց գլխում մի այսպիսի «չիկ» լինի, ու արթնանան։ Անքուն գիշերները մտածում եմ, մտածում, բայց դեռ չեմ կարողանում հասկանալ՝ ինչ «չիկ» պիտի լինի դա։

Այսքան ծանր ես, բայց ինչ թեթև ես հանձնվում

Հարևանները Նատային «Տնօրեն» մականունն են տվել։ Որովհետև սիրում եմ բոլորին հավաքել ու մի քիչ կոպիտ եմ՝ ամեն ինչ դեմքին եմ ասում, ծիծաղում է նա։ Նույնիսկ երբ վիրահատությունից հետո Նատան պառկած էր՝ թույլ ու ինքն էլ անօգնական, միևնույն է, բոլորն իրենց խնդիրներով գալիս էին նրա մոտ՝ պնդելով, որ լավ խորհուրդներ է տալիս․ կարծես հոգեբանի մոտ գնացած լինեին։

Նատան ասում է՝ երբ օգնում է ուրիշներին, ինքն էլ է դրանից լավ զգում։ Ահա օրերս էլ հարևանուհիների հետ հերթում կանգնած տեսավ, որ վաճառողի ձեռքերն արդեն դողում են՝ այդքան մարդու սպասարկել, պոլիէթիլենային տոպրակներն էլ էին վերջացել։ Գնաց, տնից տոպրակներ բերեց ու հարևանուհիների հետ սկսեց օգնել նրան՝ մթերքը կշռել ու բաժանել։

— Մեկ էլ կատակներ էի անում, ընկերուհիներիս ծիծաղեցնում, որ հերթում կանգնելն ավելի ուրախ անցնի։ Ու այդ պահին մի տղամարդ, որին երևի դուր չեկավ, որ մենք քրքջում ենք, շրջվեց դեպի մեզ ու լուրջ հարցնում է՝ երբ ճանապարհը բացվի, կուզենաք՝ առաջին հերթին ի՞նչ բերեն։ Կանայք լռեցին, իսկ ես ասում եմ՝ իհարկե, միջադիրներ։ Ամաչեց, շրջվեց, բա ի՞նչ։ Թող քիթը չխոթի այնտեղ, որտեղ պետք չէ։

Բայց Նատան էլ, իհարկե, օրեր ունի, երբ ուզում է բարձը գլխին քաշել ու լաց լինել։

— Երբ վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում էի պառկած, սիրելի տատիկս մահացավ։ Հետո տյոտյաս մահացավ։ Վերականգնման ընթացքում ինքս էլ շատ վատ էի։ Ինձ հաշմանդամության երրորդ խումբ տվեցին, բայց հանձնաժողով գնալիս լաց էի լինում, չէի ուզում հաշմանդամություն ունենալ, ուզում էի առողջ ու ուժեղ լինել, երբեք չեմ օգտվել [խմբի տված արտոնություններից]։ Ամբողջ փողը ծախսել էինք թանկարժեք դեղերի, վիրահատության ժամանակ Երևանում մնալու վրա (այնտեղ ոչ ոք չունենք), աշխատել չէի կարող։ Այն ժամանակ շատ վատ էր։

— Բայց ես հավատացյալ մարդ եմ ու Աստծու հետ շատ եմ խոսում։ Ե՛վ երբ լավ եմ, և՛ երբ վատ եմ։ Եթե սա վերջը լիներ, ասում եմ, վաղուց սատկած կլինեիր։ Քանի որ դիմանում ես, ուրեմն Աստված է քեզ պահում, նրան հուսախաբ մի՛ արա։ Կամ ինձ ամաչեցնում եմ՝ այսքան ծանր ես, բայց ինչ թեթև ես հանձնվում։ Եթե խուճապին տրվես, դեպրեսիայի մեջ ընկնես, այդպես կարող ես նաև մեռնել։ Այո՛, դժվար օրեր լինում են։ Այո՛, կարելի է լաց լինել, բայց ոչ մի դեպքում չի կարելի հանձնվել։

Նատան վարսավիրանոցում
Լուսանկարը՝ Նատա Սաղյանի։

Այդպիսի դժվար օրերից մեկին Նատան սոցիալական ցանցում գրեց․

«Մարտունիում լույս չկա, գազ չկա, ջուր չկա, խանութներում շատ ցուրտ է, ու հոգիս շատ-շատ է ցավում։ Ու ոչ մի օգնություն»։

Նրան զարմացրեց ու հուզեց աջակցության խոսքերով հաղորդագրությունների քանակը՝ ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից։ Վրաստանից ու Ռուսաստանից անծանոթ կանայք գրում էին, որ կիսում են նրա ցավը, հարցնում՝ ինչպես կարող են օգնել, ու առաջարկում փող փոխանցել։ Փողի առաջարկը Նատան անմիջապես մերժեց․ միևնույն է, դրանով գնելու բան չկա։ Բայց պարզվեց՝ դրսից եկող աջակցության խոսքերն ու աղոթքները շատ կարևոր են․ «Միանգամից այնքան տաքացա, որ մոռացա՝ գազ ու լույս չկա»։

Բայց մի հաղորդագրություն Նատային տխրեցրեց։ Մարտունիից մի կին գրել էր․ «Ի՞նչ եք խուճապի մատնվում։ Հա, լույս չկա, ի՞նչ անենք, շուտով կտան»։ Նատային վշտացրեց ոչ թե այն, որ գրող կինն առանձնատուն ունի, որը փայտով է տաքացնում, բակում էլ ջուր է հոսում, ու նա չի հասկանում նման հնարավորություններ չունեցող բնակարաններում ապրողներին․ չորսհարկանի շենքի երկրորդ հարկում գտնվող Նատայի բնակարանում լույսն անջատվելուն պես պոմպը դադարում է ջուր մղել։ Այլ այն, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ընտելանում նրան, որ լույսի բացակայությունն ու մյուս զրկանքները նորմալ են։ Իսկ ընտելանալն ի վերջո բերում է անօգնականության զգացման ու գործելու ցանկության բացակայության, համոզված է Նատան։

Զբոսնել Նյու Յորքում

Երեկոները, երբ երբեմն երկար ժամանակ լույս չի լինում, իսկ թղթախաղը ձանձրացնում է, Նատան ու դուստրը երազում են։

Աղջիկը երազում է դպրոցից հետո ընդունվել Ստեփանակերտի բժշկական քոլեջ, հետո, եթե ընտանիքի ֆինանսական վիճակը թույլ տա՝ Երևանի բժշկական համալսարան։ Շատ է ուզում եղբոր պես աշխատանքի անցնել։

Նատան ասում է, որ տղան 12 տարեկանից լրացուցիչ աշխատել է, և ինքն ու ամուսինը դստեր այդ ձգտմանն էլ են աջակցում՝ «Երբ քոլեջ գնա, թող աշխատի ու իր փողը շորերի վրա ծախսի»։

Ինքը՝ Նատան, երազում է սեփական մեծ գեղեցկության սրահի մասին, որտեղ տարբեր մասնագետներ կաշխատեն՝ «ու աշխատանքի կընդունվեն ոչ թե ծանոթով, այլ արժանիքների համար»։ Շատ է երազում Նյու Յորք գնալու մասին, որին սիրահարվել է դեռ վաղուց՝ «Տանը մենակ» ֆիլմը նայելուց հետո։

Նատան ու երեխաները
Լուսանկարը՝ Նատա Սաղյանի։

Նատան պաշտում է բժշկական ու հոգեբանական հանրագիտարաններ կարդալը․ «Երբ խոսում եմ նրանց հետ, բժիշկները միշտ հարցնում են՝ բժշկական կրթություն ունե՞մ։ Ասում եմ՝ չէ, բայց իմ մասնագիտությունը նման է ձերին․ և՛ դուք մկրատ ունեք, և՛ ես» (ծիծաղում է), ու երազում է իրեն հոգեբանության մեջ փորձել։

Եվ որ իրենց՝ «հասարակ մարդկանց», հանգիստ թողնեն ու թույլ տան խաղաղ ապրել իրենց տներում, իրենց հողի վրա։

— Ահա պատմեցի քեզ երիտասարդ ժամանակ ռադիոյում աշխատելու առաջարկի մասին ու հիմա երազում եմ դա էլ իրականացնել։

— Իսկ ճանապարհը բացվելուց հետո կգնա՞ս Ստեփանակերտ՝ փորձելու։

— Ես ոչ մեկին չեմ ճանաչում [ռադիոյում], բացի այդ, արդեն 19 տարեկան չեմ, վախենում եմ, բայց գուցե ամբողջ համարձակությունս հավաքեմ ու գնամ։

Նատան ինձ իր մասին է հարցուփորձ անում։ Իմանալով, որ ձիեր ունենք՝ մի երազանք էլ է ավելացնում․ երբ ճանապարհը բացվի, հյուր գալ ու իրեն նրանց հետ ֆոտոսեսիա նվիրել։ Իսկ ես նրան իմի մասին եմ պատմում՝ կրակակարմիր գանգուր մազեր, ու խնդրում առաջիկայում ինձ գրանցել այդ պրոցեդուրայի համար։

Եվ քանի որ քննարկում ենք իրար հետ կապված մեր՝ արդեն ոչ թե երազանքները, այլ ծրագրերը, հավելյալ խնդրում եմ նաև բացիկ Նյու Յորքից։


Դեկտեմբերի 12-ից Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, փակել են իրենց «անկախ բնապահպաններ» անվանող ադրբեջանցիները։

«Շրջակա միջավայրի պաշտպանները» պահանջում են դադարեցնել «Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների ապօրինի շահագործումը» և իրենց թույլ տալ հանքերում մշտադիտարկում անել։ Խոսքն Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի ու Կաշենի հանքերի մասին է, ուր դեկտեմբերի 10-ին ադրբեջանցիները փորձել էին ներխուժել, բայց նրանց կանգնեցրել էր հանքի պահպանությունը։

Ճանապարհի փակումը արտաքին աշխարհից կտրեց Արցախի 120 000 բնակչին՝ այդ թվում երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, հատուկ դեղերի կարիք ունեցողներին, բաժանեց երեխաներին ու ծնողներին, որոնք ճանապարհի փակման պահին տարբեր կողմերում էին հայտնվել։ Առաջին իսկ օրերից Ադրբեջանը պարբերաբար դադարեցնում է Արցախի գազամատակարարումը․ գազատարն անցնում է 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքով։

Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են, հաճախ ջուր չկա։ Խանութների դարակներից անհետացել են բազմաթիվ մթերքներ ու առաջին անհրաժեշտության ապրանքներ (դրանց համար այժմ կտրոնային համակարգ է ներդրվել), դեղատներից՝ կենսականորեն անհրաժեշտ դեղեր, մանկական սնունդ, վառելիքի պակաս է զգացվում։

Վերակենդանացման բաժանմունքում սպասում են ծանր հիվանդ մարդիկ, որոնց պետք է տեղափոխել Երևանի հիվանդանոցներ։ Նրանցից մի քանիսին տեղափոխել են Կարմիր խաչի մեքենաները, ոմանց փրկել չի հաջողվել։