Այստեղ է ապրում նրա հոգին

Շուշիում, որը 2020-ի պատերազմից հետո անցավ Ադրբեջանին, ջութակահարուհի Քիման թողեց տունն ու որդու գերեզմանը։ Տարհանվելով Երևան՝ չցանկացավ այնտեղ մնալ։ Անցյալ տարի փախավ Բեյրութի շքեղ կյանքից, որը նրա համար կազմակերպել էր նախկին աշակերտուհին։ Հիմա Քիման ապրում է Ստեփանակերտում՝ ծերանոցում։ Ինքն այդպես ուզեց. «Ես զգում եմ, որ որդուս հոգին այստեղ է»։

Здесь живёт его душа

Քիմային պատմում եմ, որ արդեն երկու տարի է՝ երազում եմ ծանոթանալ նրա հետ՝ այն օրվանից, երբ առաջին անգամ տեսա նրա թափանցող աչքերը։ Ռեժիսոր Անժելա Ֆրանգյանի և պրոդյուսեր Սոնա Մարգարյանի սոցցանցային տարբեր գրառումներում։ Արցախյան առաջին ու վերջին պատերազմներում երկու անգամ իր տունը կորցրած ռեփեր Լյոկայի տեսահոլովակում։

— Ա՜, նրանք իմ ընկերներն են,— ուրախ բացականչում է Քիման։— Լյոկան, այո՛, ինձ նկարահանել է իր «Ես դեռ կամ» տեսահոլովակում։ Դե ահա, ես դեռ կամ։ Ես 91 տարեկան եմ ու դեռ ողջ եմ։ Ընկերուհիներս բոլորը չգիտես ինչու մեռան, իսկ ես դրա ժամանակը չունեմ, թոռնուհիս շուտով պիտի ծննդաբերի, ծոռնուհի եմ ունենալու։

Բաժակի վրա նկարված սպիտակ շունը գրկում է կարմիր կատվին։ Բաժակը թեյի նստվածք ունի ու պռունկից պոկված մի կտոր։

— Այս բաժակը վաղուց արդեն կոտրելու ժամանակն է,— ասում է Քիման։— Բայց ձեռքս չի գնում։ Չէ՞ որ դրա վրա ոխերիմ թշնամիներն ընտրել են ընկերանալ։

— Որոշված է,— վեր է բարձրացնում ցուցամատը,— դրանից չեմ խմելու, կոտրված իրեր չեմ սիրում, բայց մեջը թեյ թրմելու եմ։

Քիմայի բաժակը
Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

***

Քիման նստած է իր դեռ չհավաքած անկողնու վրա։ Մեկ ժամից նա նախաճաշի կգնա, իսկ ծերանոցի աշխատողները խնամքով կհավաքեն անկողինն ու կարգի կբերեն սենյակը։ Բնակիչներից շատերն իրենք են մաքրում իրենց սենյակները, բայց Քիմային տարիքի բերումով հասնում է այդ օգնությունը։

Լուսամուտագոգին ծաղկամաններով ծաղիկներ են։ Քիման խնամում է դրանք, որովհետև «ամեն տեղ, որտեղ կարող ես, պետք է գեղեցկություն ստեղծես»։ Սա,— Քիման ցույց է տալիս աջ կողմի ծաղկամանը, ձեռքի թափահարումը նման է ջութակի լարերին անտեսանելի աղեղի հպման,— շուտով կարմիր ծաղիկներով կծաղկի։

Քիմայի ծաղիկները
Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

Քիման նիհարակազմ է, արծաթավարս, ջինսով ու տղամարդու ձևվածքի կապույտ վերնաշապիկով։ Արևի լույսով ողողված սենյակը, պարզ ուրվագծերով կարմիր կահույքը. ասես ազնվազարմ տիկնոջ բուդուար լինի։ Հինգշաբթի օրերին՝ գրական խմբակներ և երաժշտություն։ Բարձրաշխարհիկ հասարակությունը պատիվ է համարում հյուրերի ցանկում հայտնվելը։

— Նախանցյալ օրը Շուշիից աշակերտներս էին եկել ինձ մոտ, իմ ոսկե տղաները,— ասում է Քիման։— Ես նրանց այդպես եմ կոչում, որովհետև երաժշտական մրցույթում ոսկի են շահել։ Երկուսը զինվորական են, մյուսը ճարտարապետ է, երրորդը կոնսերվատորիայում է սովորում։ Լավ տղաներ են։ Հեռուստացույցս չի աշխատում, ինչ-որ բան պետք է տեղադրել. ասացին՝ օրերս կգան, կսարքեն։

— Բայց ես,— բարակ մատները նորից վեր են թռչում,— ասացի՝ չանհանգստանան, [ծերանոցի] աշխատողները կզբաղվեն դրանով։

— Այստեղ ինձ շատ լավ են վերաբերվում, տնօրենը լավ մարդ է, կարգին անձնակազմ էլ է հավաքել։ Առանձին լոգարան ունեմ, այստեղ վատ չեն կերակրում, ահա բոլորը չաղացել են։ Ինձ համար մեկ է, ես քիչ եմ ուտում։ Նույնիսկ այդպիսի մականուն ունեմ՝ «Քիչ-քիչ»։

Ծերանոցը նախատեսված է 20–30 հոգու համար, բայց այնտեղ ապրում է 129-ը՝ 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանին անցած քաղաքներից ու գյուղերից տեղահանվածներ։

— Այնքան գյուղացիների են այստեղ տեղափոխել, բոլորովին անհասկանալի է՝ նրանց հետ ինչի մասին խոսես,— ձեռքերը տարածում է Քիման։— Ասում են՝ տեղահանվածներին բնակարան են տալու։ Շատերը դրա անվան տակ են այստեղ եկել, իսկ ինձ համար մեկ է՝ կտան, չեն տա։ Նույնիսկ եթե տան էլ, դա արդեն իմը չի լինի։ Իմ տունը Շուշիում է մնացել։

***

Քիման երեք որդի ունի։ Ավագն ապրում է Ուկրաինայում՝ «այն մասում, որը դեռ այդքան չեն ռմբակոծում», կրտսերը՝ Երևանում։

— Իսկ միջնեկը, իմ Գոռիկը,— Քիման լռում է, աչքերն իջեցնում ծալած ձեռքերին, հետո, մատները փոքր-ինչ սեղմելով, շարունակում,— նա առանձնահատուկ էր։ Մենք իրար կես խոսքից հասկանում էինք։

Երբ պատերազմը սկսվեց, պատմում է Քիման, Գոռը մորը «Ես գնացի» բառերով մի երկտող թողեց և կամավոր հետախուզություն գնաց։

«Երբ սկսվեց առաջին ղարաբաղյանը»,— մտքում ճշտում եմ ես ու կուչ գալիս. մենք ինչ-որ հեշտությամբ, առանց կմկմալու սկսեցինք ասել՝ առաջինը, երկրորդը, ապրիլյանը… Իսկ Քիման չի ճշտում. բոլորը մի անվերջանալի պատերազմ են։

Քիման գնաց որդու հետևից։ Հաստատվեց Ստեփանակերտում։ Որդուն ոտքի կանգնեցրեց բոլոր երեք անգամ, երբ նա վիրավորվեց՝ մի անգամ ձեռքից, որը քիչ մնաց անդամահատեին։ Երբ մերոնք վերցրին Շուշին՝ որդին քաղաքն ազատագրողների թվում էր, ասում է Քիման, նա առաջարկեց որդուն վաճառել Երևանի կենտրոնի բնակարանն ու տեղափոխվել Շուշի։ Այնտեղից են նրա մայրական կողմի նախնիները։

— Անտառի մոտ՝ չորրորդ հարկում, շքեղ չորսսենյականոց բնակարան գնեցի։ Ամբողջ Ղարաբաղով մեկ աշակերտներ ունեի, վաստակում էի, լավ սկսեցինք ապրել…

1992-ի ապրիլի 17-ին, ասում է Քիման, Գոռի վերջին մարտն էր։ Վիրավորվել էր պարանոցից։ «Ասես ինձ բարձրացրին ու ամբողջ թափով գետնին խփեցին»,— այսպես էր որդին նկարագրում իր զգացածը։

Քիմա
Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

Տարիներ անց վերքն իրեն զգացնել տվեց։ Սարսափելի ցավեր առաջացան, ձայնը սկսեց փոխվել։ Քիման երկար էր համոզում որդուն գնալ հիվանդանոց՝ հետազոտվելու։ 

Երևանում բժիշկն ուղիղ ասաց նրան. «Քաղցկեղ, չորրորդ փուլ։ Մեկ ամսվա կյանք»։

— Ուզում էին նրան հիվանդանոցում թողնել, բայց ես նրան Շուշի բերեցի։ Ապրեց մի ամիս ու ևս մի տարի։ Ցավերը մի կերպ մեղմում էր մորֆինը։ Ընկերուհի ուներ, Յալթայից եկել էր նրա մոտ։ Ուզում էր նրանից երեխա ունենալ։ Բայց նա ասաց. «Ես իմ երեխային ինքս պետք է մեծացնեմ» ու նրան հետ ուղարկեց։ Գիտեր, որ չի հասցնի։

— Երբեք չէր բողոքում. կամային էր, ամբողջովին ինձ էր քաշել։ Կողքին նստում էի ու ձեռքը բռնում։ Իր վերջին րոպեներին ասաց. «Մամա՛, սենյակից դուրս արի»։ Ու ես դուրս եկա։

55 տարեկան էր։ Նրան Շուշիում թաղեցի։ Բոլորին արգելեցի լաց լինել։ Կյանքում հանգիստ ու խելացի էր, մենք պետք է նրան ինչպես հարկն է թաղեինք։ 

Մի պահ լռելուց հետո Քիման ավելացնում է. 

— Նրանք [ադրբեջանցիները] նրա գերեզմանի հուշարձանը կոտրել են։ Տղաներին խնդրում էի մի բուռ հող բերել գերեզմանից, թաղել Երևանում՝ հոր կողքին, բայց չստացվեց։

***

Պատերազմի ժամանակ Քիման Շուշիից հեռացավ վերջիններից մեկը։

— Ես ընդհանրապես չէի պատրաստվում հեռանալ։ Ինձ հետ որդուս դանակն էր, ու եթե թուրքերը գային, երակներս կկտրեի։ Ի՞նչ է մահը։ Ընդամենը մի ակնթարթ։ 

Մի պահ լռելուց հետո Քիման հիշում է, թե ինչպես էր պատերազմի վերջին օրերից մեկին այցելել որդու գերեզմանին՝ չկասկածելով, որ այլևս այն չի տեսնելու։

— Մեր զինվորականները մոտեցան ինձ՝ հոգնած, մորուքավոր տղամարդիկ, ու ասացին, որ ավելի լավ է՝ գնամ։ Այդ պահին անմիջապես հասկացա՝ բանն ինչ է։ Ոտքերս թուլացան։ Տղաներն ինձ բռնեցին, ինչ-որ մեկն ասաց՝ արկղ բերեք. այնտեղ մի մեծ արկղ կար ընկած։ Ինձ այդ արկղի մեջ նստեցրին՝ բախտս բերեց, որ փոքր եմ, տեղավորվեցի, ու սկսեցին գերեզմանոցից բլրակն ի վար քարշ տալ։ 

Ներքևում փսփսացին ու ինձ թողեցին։ Շուռ եկա փորիս վրա ու սողացի։ Ինքս ինձ հրամայեցի. «Քիմա՛, վե՛ր կաց։ Բա որ ազերիները գա՞ն [հենց հիմա]»։ Դա ինձ մղեց առաջ։ Հետո ինձ մեքենան խցկեցին ու տարան քարինտակցիներով ավտոբուսի մոտ։ Ինձ ավտոբուս նստեցրին, ու գնացինք Երևան։ Քարինտակից արդեն բարձրանում էին ադրբեջանցիները։

***

Մահճակալի կողքի պահարանիկին Քիմայի գանձերն են։ Լուսանկարում մի տղամարդ թեթևակի գրկել է երիտասարդ տղայի ուսերը։

— Սա իմ կրտսեր որդին է։ Իսկ այս տղան նրա ընկերոջ որդին է, հերոս է, Ջաբրայիլում է զոհվել։ Ադամ է անունը։ 

2000, 2001, 2002… մտքումս հայտնվում են տապանաքարերի թվերը։

— Իսկ այս մկնիկին փողոցում գտա ու ինձ մոտ վերցրի։ Ի՞նչ պիտի անի փողոցում մենակ։ Թող ինձ մոտ ապրի։ 

Մկնիկի և ուղտի հետևում, որը Քիմայի թոռնուհին բերել է Եգիպտոսից, տեղավորվել է խաղաթղթերի կապուկով հիսնամյա տուփ-զարդատուփը։ Երբեմն զբաղվում եմ, ծիծաղում է Քիման։

Լուսանկար մահճակալի կողքի պահարանիկին
Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

Նա նաև այգի է իջնում, երբ տղամարդիկ նարդու են նստում, ու միանում նրանց։ Շոգ եղանակին Քիման դուրս է գալիս բացառապես սպիտակ հագած՝ «ահա, նույնիսկ պանամա գլխարկս է սպիտակ»։ Նարդի լավ է խաղում ու հաճախ հաղթում է։ Թիկունքում ծերանոցի բնակիչները փսփսում են. «Միշտ տղամարդկանց հետ է շփվում»։

— Ախր ասում եմ՝ անկիրթ են, գյուղերից են, ի՞նչ սպասես նրանցից,— ուսերն է թոթվում Քիման։— Ավելի շատ կանայք են բամբասում։ Տղամարդիկ իմ առջև շարվում են անագե զինվորիկների պես։ Ես նրանց միանգամից ասացի. ես, իհարկե, մտավորական մարդ եմ, բայց եթե պետք լինի, կարող եմ նաև ապտակ տալ։

Տղամարդիկ
Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

— [Բնակիչներին] ասում եմ՝ այստեղ «Հիվանդասենյակ № 6»-ն է, բայց ոչ ոք չի հասկանում՝ ինչ նկատի ունեմ, այստեղի մարդիկ կարդացող չեն,— ծիծաղում է նա։

***

Քիման պահարանիկից վերցնում է հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ Օկուջավայի և Մանդելշտամի թարգմանությամբ։ Այն նվիրել են ծերանոցի աշխատողները։ 

Քիմայի կարծիքով՝ Կապուտիկյանը չափից ավելի է սևեռված իր դրամատիկ սիրո վրա, բայց բավական լավ բանաստեղծություններ է գրում։ 

— Ահա, լսի՛ր իմ սիրելիներից մեկը,— առաջարկում է նա. 

Օտար երկրում, օտար հողի դաշտերում

Անանուն կորավ նա, առանց գերեզմանի, 

Գոնե շապիկը տուն բերեին, 

Որ մայրը արցունքներով վրայի արյունը լվանար… 

Բայց գյուղում մի հուշաղբյուր է կանգնած՝ 

Կանաչագանգուր տխլենու ստվերում։ 

Քիչ չեն դրանք այս քարոտ հողի վրա՝ 

Պատերազմից ի վեր այս իմաստուն սովորույթն ունենք։ 

Ալեհեր մայրը լացելու տեղ ունի։ 

Առավոտ կանուխ գալիս է այստեղ, 

Արցունքները խառնում հոսող ջրին, 

Շոյում ալ կարմիր քարը՝ ասես վերքերը։ 

Այսպես ամեն օր հանդիպում են նրանք՝ 

Որդին ու մայրը՝ իրար մխիթարելով։ 

Ջուրն է հոսում, օրերին օրեր են հաջորդում՝ 

Անմխիթար վիշտը թեթևացնելով։

Քիման փոքր-ինչ կկոցած աչքերով նայում է տողերին, բայց կարդում է առանց ակնոցի։

Քիման կարդում է
Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

***

Մարդիկ հաճախ զարմանում են՝ ինչու Քիման չի տեղափոխվում Երևան՝ որդու մոտ։ 

— Իսկ ես չեմ ուզում։ Ես պատրաստվում եմ այստեղ նշել հարյուրամյակս։ Քեզ հրավիրում եմ, բալիկ ջան։ 

Ես այստեղից չեմ կարող գնալ, որովհետև Գոռի հոգին այստեղ է, զգում եմ։ Գոռիկը երազիս է գալիս, անպայման հարցնում է՝ ոնց եմ, և միշտ ասում. «Մամա՛, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ դեռ լավ է լինելու»։ Ու անհետանում է։ 

Բայց մի անգամ՝ երկու տարի առաջ, երազն ուրիշ էր։ Գոռիկը քարանձավից դուրս էր գալիս՝ հետևից ձի տանելով։ Կանչում եմ նրան, իսկ նա ինձ՝ մամա՛, չեմ կարող գալ, ձին եմ բռնել։ Հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ ես քարանձավում ապրում։ Իսկ նա պատասխանում է՝ ձին է այդպես ուզում։

Հաջորդ օրը պատերազմը սկսվեց։

***

Մոտավորապես ամիսը մեկ Քիման Երևան է գնում՝ որդուն ու թոռնուհուն տեսության։ Երբ ավտոբուսն անցնում է Շուշիի մոտով, Քիման վարորդ Մհերին խնդրում է դանդաղեցնել ընթացքը։ Մի փոքր բարձրանում է տեղից ու կամաց ասում. «Բարև՛»։ 

***

Քիման մի թեմայից մյուսն է թռչում։ Ամսաթվերը խառնում է, բայց հիշում է ջութակի իր ամենաառաջին ուսուցիչների, հարևանների, իր մանկության կարևոր մարդկանց անունները։ Օրինակ՝ հրեուհի Ռոզա Լվովնային՝ մոր ընկերուհուն, որը բժշկական ինստիտուտում գերմաներեն էր դասավանդում։ Քիմայի մայրն էլ էր բժշկականն ավարտել, բայց ամուսինը չէր թողնում աշխատել՝ «շատ գեղեցիկ էր, խանդում էր նրան»։

Հենց Ռոզա Լվովնան էր աշխույժ աղջկա մեջ ընդունակություններ տեսել ու ծնողներին համոզել նրան երաժշտական դպրոց տալ։

Քիման կարդում է
Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

— Հիշում եմ՝ ինչ էի երգում հանձնաժողովի առջև. «Մենք գնում ենք, գնում ենք, գնում հեռավոր երկրներ…»։ Հանձնաժողովը վճռեց. «Աղջիկը ջութակի համար է»։ Ես համառեցի. չէի ուզում ջութակ, ուզում էի դաշնամուր նվագել։ 

Նրանք առարկեցին՝ դուք նույնիսկ դաշնամուր չունեք։ Մենք, իսկապես, չէինք կարող մեզ դաշնամուր թույլ տալ։ Հինգ աղջիկ էինք՝ ես ամենափոքրն էի, ու հայրս պատերազմի այդ տարիներին հազիվ էր հասցնում (Հայրենական մեծի, շարունակում եմ ժամանակագրությունը ես։ Որքա՜ն պատերազմներ են եղել նրա կյանքում)։ Իսկ ես թղթի մեծ թերթի վրա ստեղներ նկարեցի ու ասում էի՝ դաշնամուր ունենք, այսպես կսովորեմ։ 

Ի վերջո ինձ համոզեցին ջութակ սովորել։ Հաճախում էի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն այն ժամանակ նոր էր բացվել։ Առավոտյան յոթին հավաքարարներն էին գալիս։ Նրանց հետ դպրոց էի սողոսկում ու դաշնամուր պարապում, քանի դեռ ոչ ոք չկար։ Այդպես՝ մի քանի տարի, մինչև հայրիկս կարողացավ ինձ գործիք գնել։

***

Քիման հիշում է ջութակի իր ուսուցիչներին և բեմական իր «հաղորդությունը»։

— Ջութակի առաջին ուսուցչիս պատերազմ տարան։ 1941 թվականն էր։ Հրեա տղա էր, ազգանունը Գորդոն էր. և՛ դասավանդում էր, և՛ ինքն էր սովորում Կոնսերվատորիայի վերջին կուրսում։ Երկրորդը՝ Ատիկ Սահակովիչը, վերադարձավ վերքերով ու այլևս չէր կարող դասավանդել։ Երրորդը՝ Խորոզյանը, օպերայի առաջին ջութակն էր։ Իմ Ջանիկը։ Պատերազմի տարիներին մահացավ՝ թոքաբորբից։ Հայրիկս երկար ժամանակ իրեն կշտամբում էր, որ չէր իմացել նրա հիվանդության մասին։

Խորոզյանն ինձ հետ Պագանինիից էր խոսում։ Մեծ կոմպոզիտորի լուսանկարը նվիրեց ինձ։ Ու խելացի բան արեց՝ ինձ համերգի ուղարկեց, թեև համեմատաբար վերջերս էի սկսել պարապել։ 

10 տարեկան էի, ծրագիր էինք պատրաստել։ Ու ահա ես բեմում եմ։ Հին հագուստով, կարկատած գուլպաներով. քույրերիս հագուստն էի հագնում նրանցից հետո, բայց ավելի ուշ սովորեցի այնպես ձևափոխել, որ ոչ ոք չէր կռահում՝ հին է։ Ինձ նվագակցում էր Աշխեն անունով մի կին։ Պրոֆեսորները նստած են, ինձ են նայում։ Կարևոր տեսքով գլխով եմ անում Աշխենչիկին՝ կարելի է սկսել։ Առանց շփոթվելու նվագեցի, խոնարհվեցի ու գնացի։ Բոլորը ծիծաղեցին՝ այս աղջիկը հեռու կգնա։

Այդպես բեմի համն առա, ու այն ինձ դուր եկավ։ Սիրեցի ջութակը։ Չորս լարերից յուրաքանչյուրն իմ ձևով էի կոչում, խոսում էի նրա հետ։ Ու ջութակն ինձ հետ էր խոսում։ 

Երբ կոնսերվատորիա ընդունվեցի, դեռ դպրոցական ջութակս ունեի, որը վաղուց պետք էր փոխել։ Գերազանց էի սովորում ու մյուսներից 25%-ով ավելի կրթաթոշակ ստանում։ Պատահաբար ծանոթացա մի մարդու հետ, որը Լենինգրադից ջութակ էր բերել։ Հրաշալի ջութակ։ Նրա հետ պայմանավորվեցի կրթաթոշակիցս աստիճանաբար վճարել ու նրանից գնեցի գործիքը։ 

Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

Այդ ջութակն ինձ հետ էր այս բոլոր տարիներին։ Պատերազմից հետո (վերջինի, կրկին մեքենայաբար նշում եմ ես) այն նվիրեցի Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանին՝ ի նշան երախտագիտության։ Ժամանակին, երբ նոր էի տեղափոխվել այստեղ, նրանք ինձ ժամեր հատկացրին, աշակերտներ տվեցին, որ կարողանամ ապրուստս վաստակել։ 

Երբեմն ջութակիկիս շատ եմ կարոտում։ Այնքան, որ ուզում եմ պահանջել՝ հետ տան։ Բայց արագ անցնում է, թող առողջությամբ նվագեն։ 

***

Ամուսնու հետ էլ Քիման ինչ-որ իմաստով ջութակի շնորհիվ է հանդիպել։ Մատների մեջ պտտելով արծաթե մատանիները՝ մեկը ամուսինն էր նվիրել դեռ հարսանիքից առաջ, մյուսը Գոռի համար էր պատվիրել Ստեփանակերտում, Քիման պատմում է. 

— Ամուսնուս հետ ծանոթացել եմ բեռնատարում։ Մահացել էր ուսումնարանի իմ սիրելի դասախոսներից մեկը։ Մենք՝ աշակերտներով, հավաքվեցինք ու գնացինք թաղմանը։ Հետդարձին չգիտես ինչու բեռնատարով էինք գալիս։ 

Ճանապարհին բեռնատարի կողապատը կոտրվեց, ու մենք դուրս թռանք։ Գիտակցությունս կորցրի, շտապօգնություն եկավ։ Կոնսերվատորիայի ընդունելության քննություններին գնացի ամբողջովին վիրակապված։ 

 

Քիմայի մատանին
Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

Սպարտակը՝ տղան, որը բեռնատարում վարորդի կողքին էր նստած, սկսեց իմ հետևից Կոնսերվատորիա գալ։ Այնտեղ ընկերներ ձեռք բերեց, իմ մասին ամեն ինչ իմանում էր։ Իսկ ես մեծամիտ էի ու քիթս վեր էի պահում նրանից, որովհետև ինձնից երեք տարով մեծ էր ու բարձրագույն կրթություն չուներ։ 

Հետո նրան բանակ տարան՝ ուկրաինական Մուկաչևո քաղաք։ Իսկ ընկերները «աչք էին պահում» ինձ վրա։

Երբ վերադարձավ, հանդիպեցինք։ Ես նրան շատ խիստ հարցրի՝ ինչո՞ւ ոչ մի տեղ չես սովորում։ Իսկ նա ինձ՝ մայրս հավաքարար է աշխատում, հայր չունեմ, իսկ քույրս թոքախտով հիվանդ է։ Ես պետք է աշխատեմ, որ նրա դեղերի համար վճարեմ։

Գիտե՞ս, բալիկ ջան, հենց այդ խոստովանությունն էլ ինձ կոտրեց։ Համ էլ շատ գեղեցիկ տղա էր, ինչո՞ւ ձևացնեմ։

***

Քիման երջանիկ էր ամուսնության մեջ։ Հեռագնաց վարորդ ամուսինը պաշտում էր նրան, ընտրում ամենահեռու ուղերթները, որոնց համար լավ էին վճարում, որ կինը ոչ մի բանի կարիք չունենա։ 

— Նա ինձ ասաց՝ պիտի ծննդաբերես այնքան, մինչև աղջիկ ստացվի։ Ես վախեցա. հո անվերջ չե՞մ կարող ծննդաբերել։ Ամուսինս խղճաց ինձ ու որոշեց՝ լավ, տասը կծնես, բավական է։ Եթե տասներորդն էլ տղա լինի, մանկատնից աղջիկ կվերցնենք։

Երեք որդի ունեինք, ու ես չորրորդ երեխայով էի հղի, երբ ամուսնուս սպանեցին։ Ինչ-որ թմրամոլ՝ նախանձից։ Նրան սկզբում գնդակահարության դատապարտեցին, հետո հարազատները գործի անցան, ու պատիժը փոխեցին տասը տարվա բանտարկությամբ։ 

Չգիտեմ՝ երեխաս ինչ սեռի էր։ Վիժեցի ու կորցրի նրան։ 

***

— Արի Կապուտիկյանից մի ուրիշ սիրելի բանաստեղծություն կարդամ քեզ համար,— առաջարկում է Քիման։

Ե՛վ ցերեկ, և՛ գիշեր՝ թարմ ու թեթև, 

Աղբյուրից ջուրն է հոսում։ 

Հերկողները դաշտ գնան՝ 

Կխմեն՝ ծարավները հագեցնելով։

Լեռնուհին ջրի կգնա՝ 

Տղային մի հայացք կնետի։ 

Տխլենու ստվերում առավոտից 

Բոբիկ մանուկներն են աղմկում, 

Երեխաները խմբով վազվզում են, 

Իրար վրա ջուր ցողում։ 

Ջուրը հոսում է ու իր կարկաչը 

Հյուսում կյանքի աշխույժ աղմուկին։ 

Նրա մեջ զոհված ռազմիկների սրտերն են, 

Ու նրան, ինչպես կյանքին, վերջ չկա… 

***

Ծերանոցում Քիման տարվել է գործելով։ Աթոռների համար ծածկոցներ է գործում։ «Ահա որդուս համար եմ գործել։ Երբ Երևան գնամ, կտամ, թող մեքենայի նստարանին դնի, իր հետույքի տակ»։ 

Քիման՝ գլխարկով
Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

Նա գլխակապ է փորձում, որը նույնպես ինքն է գործել։ Գլուխը մի կողմ է թեքում, կոկետ ժպտում.

— Ծիծաղելի կին եմ, չէ՞։

Քիման րոպեում հարյուր դիմախաղ ունի։ 

***

— Առանց գրքերի չեմ կարող,— ասում է Քիման։— Աշխատողներն ամեն տեղից ինձ համար գրքեր են ճարում։ Վերջերս իմ ամենասիրելին բերեցին։ Դու, բալիկ ջան, երիտասարդ ես, գուցե չգիտես այն։ «Բոռ» է կոչվում։

Տեղիցս վեր եմ թռչում։ Ախր սա արդեն 30 տարի իմ գլխավոր գիրքն է։ Ու ես ճիշտ նույն բառերով եմ դրա մասին պատմում ուրիշներին՝ «Դու, երևի, չգիտես այս գիրքը»… Եվ իսկապես, քչերը գիտեն այն, հատկապես իմ սերնդից ու ավելի երիտասարդներից։

Քիմայի աչքերը փայլում են իմ աչքերի պես։ Իրար հերթ չտալով, իրար լրացնելով՝ սկսում ենք քննարկել անգիր իմացած գիրքը։

— Ու ես միշտ լաց եմ լինում, երբ Բոռն ու Մոնտանելլին…

— Վերջին անգամ են տեսնվում։

— Արդեն հարյուր անգամ վերընթերցել եմ, բայց զարմանալի է, ամեն անգամ շունչս պահած աղոթում եմ…

— Որ հասցնի պատուհանի ճաղը սղոցել։

— Սիրելի՛ Ջիմ…

— Եթե ինձ վիճակված է մեռնել,

Մահվանը հարսի պես կդիմավորեմ…

Թեթև հովիկը դեռ զսպում է մոտեցող շոգը։ Միջանցքում բուժքույրը ծերանոցի մի բնակչի հետ առանց չարության լեզվակռիվ է տալիս։ Բակում երկու կին նստած են նստարանին։ Մեկը արևածաղկի սերմ է չրթում, բաց սև կճեպն ընկնում է նրա փեշին, ոտքերի մոտ խլվլացող աղավնիները թռչում են ծնկներին, շտապ-շտապ կտցահարում կճեպը, մինչ կինը անշտապ քշում է նրանց։ Մեծ քարի հետևում թաքնված կատվիկը որսորդական ցատկի դիրք է ընդունում, հետո միտքը փոխում ու սկսում իրեն լիզել։ 

«Մոնտանելլին շարունակում էր ընդհատված աշխատանքը։ Պատուհանից այն կողմ ինչ-որ տեղ մի մայիսյան բզեզ միալար բզզում էր, իսկ փողոցից լսվում էր մրգավաճառի երկարաձիգ, տխուր կանչը. “Fragola! Fragola!” («Ելակ»՝ իտալերեն)»,— միտքս է գալիս «Բոռից»։ 

Քիմային ու ինձ բաժանում են հինգ տասնյակ տարիներ ու հինգ սերունդ, և մենք միևնույն գլխավոր գիրքն ունենք։

***

Ծերանոցում նախաճաշի ժամն է։ Մի փոքր ուղեկցում եմ Քիմային՝ դեպի ճաշարան։ Քիման դանդաղ է քայլում՝ փոքր, թեթևակի քստքստացող քայլերով։ Որդու գերեզմանի մոտ անցկացրած այն օրվանից հետո ոտքերը մինչև վերջ չեն վերականգնվել։

Քիման և Լևոն Վազգենովիչը
Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

— Տատիկի պես,— ծիծաղում է նա։

— Ի՞նչ տատիկ եք դուք, նույնիսկ մի՛ փորձեք,— ծիծաղում եմ ի պատասխան։

Դեպի բակ տանող աստիճաններին մի տղամարդ է կանգնած։ Քիման ջերմ ժպտում է նրան։

— Սա Լևոն Վազգենովիչն է,— ասում է նա։— Այստեղ միայն նրա հետ է հնարավոր շփվել։

Լևոն Վազգենովիչը լայն ժպիտով պատասխանում է նրան ու ինձ հայտնում, որ կարող է ծերանոցից դուրս գալ ու վերադառնալ, երբ մտքով անցնի, որովհետև չի խմում, և իրեն վստահում են։ Եվ որ ժամանակին ամբողջ Խորհրդային Միությունով շրջել է ու «այնպիսի մարդկանց է հանդիպել, հիմա այդպիսի մարդիկ գրեթե չկան, դե, Քիմայի նման մարդիկ»։

— Ահա թե ինչ,— ասում է Քիման, երբ հրաժեշտ ենք տալիս, և ես խոստանում եմ շուտով նորից գալ ու նրան գրքեր բերել։— Գիտեմ՝ կհասկանաս։ Եթե ինձ մի բան պատահի՝ ի վերջո արդեն 91 տարեկան եմ, պետք չեն այդ հեկեկանքներն ու ողբերը։ Ես դա չեմ սիրում։ Ես շատ լավ կյանք եմ ապրել, ինձ գտել եմ որպես կին և որպես մասնագետ, սիրել եմ ու սիրված եմ եղել։ Մեղք է հեկեկալ մարդու վրա, որն այդպիսի կյանք է ապրել։

Չեմ հեկեկա, խոստանում եմ ես։ Ձեզ համար «Բոռը» կվերընթերցեմ։