Անհնազանդը
Ադան իրեն հիշում է չորս տարեկանից։ Նա ապրում էր փոքրիկ, հարմարավետ բնակարանում՝ մայրիկի, հայրիկի, փոքր եղբոր ու սիրելի ֆրանսիական բուլդոգ Չարլիի հետ։ Հարցին, թե ինչպիսին է հիշում այն ժամանակվա ծնողներին, Ադան պատասխանում է առանց մտածելու. «Նրանք լավն էին։ Միշտ հետևում էին ինձ, կերակրում, ես ունեի այն ամենը, ինչ պետք է երեխային։ Հայրիկը բոլորի հանդեպ բավական ագրեսիվ էր, բայց իմ հանդեպ՝ երբեք, ինձ իր սիրելի երեխան էր անվանում։ Մայրիկը բարկանում էր, եթե, օրինակ, ինչ-որ բան էի կոտրում, եղել է, որ մի քանի անգամ խփել է, բայց որ լուրջ ծեծեր՝ ոչ, այդպիսի բան չի եղել»։
Երկու ծնողներն էլ կրթությամբ մանկավարժ են, բայց մասնագիտությամբ չէին աշխատում. հայրիկը ավտոմեխանիկ էր, իսկ մայրիկը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում գնահատվում էին հնազանդությունը, լավ գնահատականներն ու կրոնասեր լինելը։ Ծնողների հույսերը հիմնականում Ադայի հետ էին կապված, և նա նրանց հուսախաբ չէր անում. ջանասիրաբար սովորում էր, լսում ծնողներին և բաց չէր թողնում կիրակնօրյա ընտանեկան աղոթքները։
Խնդիրները սկսվեցին, երբ Ադան մտավ դեռահասության շրջան։ Միշտ հեզ աղջիկը կամաց-կամաց սկսեց «իր իրավունքները բանեցնել». ծնողներին հայտարարեց, որ ինքը ավելի լավ գիտի՝ ինչպես ապրել, ում հետ ընկերություն անել և որտեղ զբոսնել։ Հինգերորդ դասարանում Ադան կոնֆլիկտ ունեցավ մաթեմատիկայի ուսուցչուհու հետ, որը նրան «հիմար» անվանեց՝ այդպիսով վերացնելով բանաձևեր անգիր անելու և երկրաչափական խնդիրներ լուծելու ցանկությունը։ Ադան սկսեց բացակայել սկզբում մաթեմատիկայի, հետո նաև մյուս առարկաների դասերից։ Այս ամենին էլ ավելացան համադասարանցիների հետ խնդիրները։

Սփոփանք դարձան տանը եղած արկածային գրքերի մեծ գրադարանն ու համացանցը։ Ադան հետաքրքրվեց ճապոնական մշակույթով, սկսեց կամավորական հիմունքներով թարգմանություններ անել Վիքիպեդիայի համար և որպես մրցանակ Հայաստանի մարզերից մեկի ճամբար գնալու հնարավորություն շահեց։ Համադասարանցիներն ընդհանրապես Ադային տարօրինակ էին համարում, «գրքի որդ» էին անվանում և երբեմն խորհուրդ տալիս «դադարել խելոք ձևանալ»։
«Հասակով դասարանում ամենափոքրն էի, ու ինձ մյուսներից ավելի շատ էին ծաղրում։ Իսկ ես ի պատասխան ագրեսիվ էի դառնում, կարող էի բռունցքներով հարձակվել ինձ նեղացնողի վրա»։
Ծնողները ըմբռնումով չվերաբերվեցին Ադայի դեռահասության հորմոնային վերափոխմանը։ Մի անգամ մայրիկը նրան ծեծեց եղունգները կրծելու համար։
«Նա մի անգամ խփեց ինձ, գոռում էր, որ դադարեմ։ Իսկ ես այդ պահին չէի կարողանում կանգ առնել. դա ինձ հանգստացնում էր»։
Մեկ այլ անգամ ծնողները նրան ծեծեցին չարած տնայինի և այն բանի համար, որ Ադան չէր ուզում դպրոց գնալ։
Իրավիճակը վատթարացավ, երբ հայրիկը թողեց աշխատանքն ու որոշեց իրեն փորձել ձեռներեցության մեջ։ Բայց նրա ստարտափները մեկը մյուսի հետևից ձախողվեցին, նա գումար կորցրեց, ընդունվեց ոչ այնքան լավ վարձատրվող աշխատանքի և սկսեց ավելի շատ նյարդայնանալ։
«Ես սկսեցի հակահարված տալ նրա հարձակումներին։ Ասում էի, որ ինձ տհաճ է, երբ նա գոռում է վրաս, և ընդհանրապես՝ դա իմ կյանքն է, ու նա չէ, որ պետք է որոշի՝ ինչպես տնօրինեմ այն։ Դա նրան հունից հանում էր։
Ամեն ծեծից հետո նա վստահեցնում էր, որ դա իմ լավի համար է, կմեծանամ՝ կհասկանամ։ Փորձում էի պատմել դպրոցում ունեցածս խնդիրների մասին, բայց ծնողներս միշտ ընդհատում էին ինձ ու սկսում գոռալ, որ ամեն ինչում ես ինքս եմ մեղավոր»։
Գույներ
Ադայի կյանքը կտրուկ փոխվեց, երբ նա ընդունվեց բժշկական քոլեջ և նոր ընկերներ ձեռք բերեց։
«Ինձ համար շատ կարևոր է կիսվել՝ մտքերով, տպավորություններով, զգացողություններով. կարևոր է համախոհներ գտնել։ Քոլեջում գրքեր էինք կարդում ու քննարկում դրանք։ Ինձ կինո ու զբոսնելու էին հրավիրում։ Մինչ այդ ընդամենը մի երեք անգամ էի կինոյում եղել, այն էլ՝ դասարանով։ Ստիպված էի խաբել ծնողներիս, հորինել, թե քոլեջում գործեր ունեմ, որպեսզի գնամ որևէ ֆիլմ նայելու կամ հավաքույթների»։
Երրորդ կուրսում Ադան ծանոթացավ բարձր կուրսերում հոգեբուժություն դասավանդող դասախոսի հետ։

«Փախչում էի դասերից ու գնում նրա դասախոսություններին։ Նա ինձ շատ օգնեց գտնել ինքս ինձ, փոխել աշխարհընկալումս։ Ասաց, որ ներքին փոփոխությունները պետք է սկսել արտաքինից։ Մինչ նրա հետ ծանոթանալը հագուստիս մեջ երկու գույն կար՝ սպիտակ ու սև։ Իսկ հիմա բոլոր գույներն ունեմ։ Ներսումս էլ գույներ հայտնվեցին»։
Ծնողները բծախնդրորեն էին վերաբերվում Ադայի նոր ընկերներին, հատկապես տղաներին։ Երբ հոգեբուժության դասախոսը բացօթյա կենդոյի պարապմունքներ կազմակերպեց և Ադային հրավիրեց խմբում գրանցվելու, ծնողները նրան թույլ չտվեցին գնալ։ «Այնտեղ տղաներ են լինելու, որոնք աչքերը վրադ են գցելու ու փորձելու են ձեռք գցել քեզ»,— բացատրեց մայրիկը։
«Մայրիկը իմ բոլոր ընկերների մեջ թմրամոլներ, հարբեցողներ ու մարմնավաճառներ էր տեսնում և ասում, որ նրանք վատ են ազդում ինձ վրա։ Երբ ծնողներս ծանոթացան հոգեբուժության դասախոսի հետ, մայրիկն ասաց, որ միանգամից հասկացել է՝ նա թաքուն սեռական մոլագար է ու մի օր կարող է բռնաբարել ինձ։ Ծնողներս հետո նույնիսկ ոստիկանությունում իրենց ցուցմունքներում հիշատակեցին նրան. իբր՝ նա ինձ հիպնոսացրել է ու հեռվից կառավարում էր»։
Ծնողների հետ հարաբերությունները վերջնականապես փչացան, երբ Ադան նրանց հայտնեց, որ աթեիստ է։
«Տասնչորս տարեկան էի, երբ կարդացի Աստվածաշունչը։ Ինձ ցնցեցին հատկապես Հին կտակարանի դաժանությունն ու պարադոքսալությունը, շփոթեց անհամապատասխանությունների առատությունը։ Հետո կարդացի Ղուրանը, բուդդայականությունն էլ եմ ուսումնասիրել։ Ինձ համար հասկացա, որ Աստված գոյություն չունի, որ մենք ինքներս ենք նրան հորինել՝ դժվար իրավիճակներում մեզ ինչ-որ կերպ մոտիվացնելու համար։ Բայց իմ ծնողները Աստվածաշունչը չեն կարդացել։ Մայրիկն ուղղակի համոզված է, որ իր կյանքի ընթացքում այնպիսի իրադարձություններ են եղել, որոնք այլ կերպ, քան Աստծո հրաշք, չես անվանի, և շատ ծանր տարավ իմ խոստովանությունը»։
Երբ քոլեջում հոգեբուժության դասախոսը գիտական ակումբ բացեց, Ադան միանգամից գրանցվեց։ Չնայած տան շիկացած մթնոլորտին՝ այնտեղ նա իրեն երջանիկ էր զգում։ Երազում էր քոլեջն ավարտելուց հետո ընդունվել բժշկական համալսարանի հոգեբուժության ֆակուլտետ։
«Ավելի լավ էր՝ ծնված չլինեիր»
Ամառային այդ շոգ օրը Ադան ու նրա մտերիմ ընկերը երկար մնացին գրադարանում։ Արդեն երեկոյան, միացնելով հեռախոսը, Ադան տեսավ մայրիկի մոտ տասը բաց թողած զանգերը։ Վերջին տարիներին սովորական դարձած ընկճվածությամբ հետ զանգեց։ Մայրիկը գոռում էր ու պահանջում անհապաղ տուն վերադառնալ։
Տանը ծնողները գոռգոռալով հարձակվեցին նրա վրա՝ պահանջելով խոստովանել, որ իրականում «սիրեկանի հետ է քարշ եկել»։ Պահանջեցին հեռախոսի գաղտնաբառը՝ սպառնալով Ադային մահու չափ ծեծել, եթե հրաժարվի։
Ադան վախեցավ, ասաց գաղտնաբառն ու փակվեց իր սենյակում։ Դստեր ու նրա ընկերների նամակագրության մեջ ոչ մի հանցավոր բան չգտնելով՝ ծնողները հրամայեցին բացել դուռը։
Սկզբում ծնողները նրան ձեռքերով ու ոտքերով էին խփում։ Հետո հայրիկը գործի դրեց գոտին։ Մայրիկը բռնեց դստեր մազերից ու սկսեց գլուխը պատերին խփել։
Մի փոքր շունչ քաշելով՝ մայրիկը Ադային ծնկի իջեցրեց և հրամայեց աղոթել Աստծուն ու ներում խնդրել իր մեղքերի համար։
Դստեր հարցին, թե կոնկրետ որ մեղքերի թողության համար պետք է աղերսի, մայրը գոռաց, որ եթե իրենք հոր հետ ժամանակին չկասեցնեին նրա անկումը, վաղ թե ուշ նա մարմնավաճառ կդառնար։ Կամ թմրամոլ։ Կամ հարբեցող։ Կամ բոլորը միասին։
Ադան հնազանդվեց։ Հետո դիպավ գլխին ու ափի մեջ արյուն տեսավ։ Մայրիկը սկսեց գոռալ. «Սա քեզ դեռ քի՜չ է։ Ավելի լավ էր՝ մեռնեիր, ավելի լավ էր՝ ընդհանրապես ծնված չլինեիր»։
Ուժասպառ եղած ծնողները դստերը թողեցին «իր վարքի մասին մտածելու» և գնացին իրենց սենյակ։ Ադան ցավ էր զգում ու վախենում էր։ Նստեց ու լաց եղավ։ Այդպես էլ քնեց։

Հաջորդ երեք օրերին ամենաչնչին հպումից գլխից արյուն էր ծորում։ Գլուխը պայթում էր ցավից՝ ասես դրա մեջ միաժամանակ հազարավոր ասեղներ էին խրում։ Դռան վրա դեռ մնում էին լերդացած արյան հետքերը։
Ադան վախենում էր նայել այդ դռանը։ Սենյակից դուրս գալն ու ծնողների աչքին ընկնելը նույնպես վախեցնող էր։ Նա նստում էր հատակին՝ մահճակալի մոտ, ու լաց լինում։ Եղբայրը, որի հետ Ադան նույն սենյակում էր ապրում, ասաց, որ ամաչում է նրա համար, և մի քանի օրով տեղափոխվեց հյուրասենյակ։
«Մենք երբեք մտերիմ չենք եղել, հազվադեպ ենք շփվում. նա հազվադեպ է կտրվում համակարգչից։ Մայրիկը նրան պաշտում է. ասում է, որ, ի տարբերություն ինձ, նա հնազանդ է, ու նրա հետ հեշտ է լեզու գտնել։ Իսկ ծնողներս… այդ օրը սկսեցի կասկածել՝ արդյոք ընդհանրապես սիրո՞ւմ եմ նրանց։ Դեռ դրանից առաջ էլ մտածում էի, որ նրանց ավելի քիչ եմ սիրում, քան պետք է սիրել ծնողներին։ Բայց հարգում էի նրանց. օրինակ՝ ինձ լավ կրթություն տալու համար։ Բայց գուցե այդ հարգանքն էլ էր պարտադրված»։
Երկու ամսից լրանալու էր Ադայի տասնութ տարին։
Փախուստ
Հաջորդ մեկուկես շաբաթը աղջիկն անցկացրեց տնային կալանքի տակ։ Նրան զրկել էին արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միջոցներից՝ հեռախոսից ու համակարգչից։ Մի երկու օր անց, անհանգստանալով, որ Ադան չի պատասխանում զանգերին ու հաղորդագրություններին, նրան այցելեցին մտերիմ ընկերը, որի հետ Ադան գրադարանում էր եղել, և ընկերուհին։
Տղայի հետ Ադայի հայրը «տղամարդավարի զրույց» ունեցավ՝ բռունցքներով։ Ընկերուհուն «պոռնիկ» անվանեցին ու նույնպես դուրս արեցին։
«Շատ վատ էի։ Մտածում էի, որ չեմ ուզում ապրել այս ընտանիքի հետ, որ նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ, որ ինձ չեն հասկանում ու երբեք չեն էլ հասկանա, և դրանից ուզում էի դադարել գոյություն ունենալ։ Պատկերացնում էի, որ շատ հաբեր եմ խմում, քնում ու այլևս չեմ արթնանում»։

Մի քանի օր անց աղջկան վերադարձրին հեռախոսը՝ պայմանով, որ ընկերների հետ չի շփվելու։ Սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում Ադան նրանց հաղորդագրություն ուղարկեց, և ընկերներն ինքնասպանությունից ավելի լավ այլընտրանք առաջարկեցին՝ փախուստ տնից։
Փախուստը ծրագրեցին եղբոր՝ քոլեջի ընդունելության քննության օրը, որին նրա հետ միասին նաև ծնողներն էին գնացել։ Ճիշտ է, փախուստի ծրագիրը քիչ էր մնում խափանվեր հոր պատճառով, որն անսպասելի շուտ վերադարձավ և բակում հանդիպեց տաքսու մոտ Ադային սպասող ընկերոջը։ Վազելով վերև՝ կատաղած տղամարդը հարցերով հարձակվեց դստեր վրա. «Ի՞նչ է, էլի՞ ես նրա հետ շփվում։ Էլի՞ նույնը»։
«Ասացի, որ ոչ մի բանից տեղյակ չեմ, ու այդ ժամանակ նա պատշգամբ դուրս եկավ, որպեսզի ևս մեկ անգամ համոզվի, որ ընկերս այնտեղ է։ Հասցրի վերցնել միայն փաստաթղթերով փոքրիկ պայուսակս, վազեցի ներքև ու նստեցի տաքսի։ Հայրս մեր հետևից եկավ մեքենայով. մոտ տասը րոպե հետապնդում էր մեզ, բայց տաքսու վարորդին հաջողվեց պոկվել նրանից»։
Ադան ուղիղ ոստիկանություն գնաց՝ ծնողների դեմ հաղորդում տալու։ Ոստիկանական բաժանմունքում առաջին հերթին փորձեցին նրան համոզել հրաժարվել այդ մտքից։
«Սկսեցին ասել, որ հայրիկն ու մայրիկը սիրում են ինձ ու միայն իմ լավն են ուզում, որ հետո փոշմանելու եմ։ Իսկ ծեծը, իհարկե, սխալ է, բայց իրենք լուրջ կխոսեն ծնողներիս հետ, ու նրանք այլևս չեն ծեծի»։

Աղջիկը պնդեց, որ հաղորդումն ընդունեն՝ որոշելով ժամանակավորապես ապրել ճգնաժամային կենտրոնում։ Կենտրոնի մասին նրան պատմել էր իրավաբան ընկերուհին, որը խորհուրդ էր տվել այնտեղ սպասել մինչև չափահաս դառնալը, հետո աշխատանք գտնել ու բնակարան վարձել։ Ծնողները, որոնց ոստիկանները բաժին էին կանչել, հայտարարեցին, որ ճգնաժամային կենտրոնը «բոմժանոց ու թմրամոլների որջ» է, և Ադային կոչ արեցին տուն վերադառնալ՝ խոսելու ու ամեն ինչ հարթելու։
Սակայն աղջիկը չէր ուզում տուն վերադառնալ, եթե միայն իրերի հետևից չէր գնալու։ Ճիշտ է, երբ մոտեցան տանը, ո՛չ Ադան, ո՛չ ոստիկանները չկարողացան ծնողներին համոզել տալ դրանք։
«Մայրիկը ոստիկաններին խնդրեց մեզ մի քանի րոպե մենակ թողնել։ Հենց մենակ մնացինք, սկսեց սպառնալ, որ ոստիկանությանը կասի, թե տնից հազար դոլար եմ գողացել, ու արդեն իմ դեմ գործ կհարուցեն։ Տեսնելով, որ դրանով ինձ չի կոտրի՝ ծնողներս մի քանի փոխնորդ ներքնազգեստ դուրս բերեցին ու ասացին, որ հեռանամ»։
Փխրուն համաձայնություն
Ճգնաժամային կենտրոնում Ադան մոտ երեք շաբաթ անցկացրեց։ Երբ ընկերը նրան հեռախոս բերեց, կենտրոնի սոցիալական աշխատողն այդ մասին տեղեկացրեց ծնողներին։
«Նա ծնողներիս պատմում էր այն ամենի մասին, ինչ անում էի։ Գուցե դա նրա աշխատանքի մեթոդի մի մասն է, բայց ես կորցրի նրա հանդեպ վստահությունս։ Իսկ հոգեբանն ասաց, որ “հոգեկանիս հարցերը լուծեմ”, և որ ավելի լավ կլինի՝ հաշտվեմ ծնողներիս հետ»։
Կենտրոնի հոգեբանն Ադային բացատրեց, որ ծնողներն իրականում սիրում են նրան, պարզապես իրենց զգացմունքներն արտահայտելու սխալ ձև ունեն, և եթե աղջիկն ուզի, հոգեբանը կարող է նրանց հետ էլ աշխատել։ Բայց Ադան թերահավատ էր, թե հիսունն անց մարդիկ կարող են փոխվել։ Ծնողներն էլ կտրականապես հրաժարվեցին մասնագետի հետ կապի մեջ մտնել։
Մայրիկն ու հայրիկը մի քանի անգամ եկան ճգնաժամային կենտրոն, երկու անգամ էլ Ադային տարան ոստիկանություն՝ ցուցմունք տալու։
«Ծնողներս պարզապես եկան ու ինձ տարան։ Կենտրոնից ոչ ոք ինձ հետ չեկավ, ու ես վախեցա, որ նրանք ինձ հետ չեն բերելու։ Սկզբում ինձ տուն տարան ու պահանջեցին, որ հաղորդումս հետ վերցնեմ և ոստիկանությունում խոստովանեմ, որ ոչ ադեկվատ վիճակում եմ եղել, ինքս եմ ընկել ու վնասվել»։
Սակայն ոստիկանությունն այդ ժամանակ արդեն ուներ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը հաստատում էր, որ ծեծ եղել է։ Չնայած դրան՝ հաղորդումն ընդունած տեսուչը նույնպես սկսեց Ադային համոզել, որ մի քիչ էլ մտածի, և հիշեցրեց սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատժի մասին։

«Իսկ տեղամասայինը պարզապես ասաց՝ “Ամեն ինչ պարզ է”, երբ իմացավ, թե ում թոռնուհին եմ։ Հայրիկի մայրը, որն ապրում է մեր հարևանությամբ, հայտնի կռվարար է։ Նա բոլոր հարևանների հետ գժտվել է։ Ոստիկանությունը նրան մեկ անգամ չէ, որ տուգանել է զրպարտության համար։ Տեղամասայինը թե՛ նրան, թե՛ ծնողներիս դեմքով ճանաչում էր։ Ամաչում էի, ու նաև վիրավորական էր, որ ոստիկանությունում ինձ լուրջ չէին վերաբերվում»։
Ոստիկանները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ՝ ինչ է ուզում Ադան։ Ապրում է մեծ առանձնատանը, հայրիկը չի խմում, չի ծխում, թմրամոլ չէ։ Էլ ի՞նչ է նրան պակասում։
Ադան ստիպված եղավ գրավոր հաստատել, որ ոչ մեկի ազդեցության տակ չէր գտնվում և աղանդների չէր անդամակցում։
Կենտրոն հերթական այցելության ժամանակ ծնողների հետ համաձայնություն ձեռք բերվեց. Ադան աշխատանք կգտնի, կշփվի՝ ում հետ ցանկանա, կապրի մորական տատիկի մոտ և մշտապես կապի մեջ կլինի նրանց հետ։ Ճգնաժամային կենտրոնում ստորագրեցին փաստաթղթերն ու ծնողներին թույլ տվեցին աղջկան տանել։ Մի քանի օր անց սոցիալական աշխատողը ստուգայցով գնաց տատիկի տուն։ Ադային այնտեղ չգտնելով՝ հեռացավ։ Կենտրոնից նրա հետ այլևս կապ չհաստատեցին։
Մի քանի օր անց մայրիկը միտքը փոխեց և խոսեց տատիկի հետ։ Դրանից հետո նա, որ սկզբում թոռնուհու կողմն էր բռնել, սկսեց համոզել հետ վերցնել հաղորդումը, «հիմարությունները գլխից հանել» և ընտանիք վերադառնալ, որովհետև կատարվածը հերթական անգամ ծնողական հոգատարության ու սիրո դրսևորումներից մեկն էր։
«Ես քարացել էի, գիտակցությունս մթագնել էր։ Ահավոր հոգնել էի այդ բոլոր խոսակցություններից։ Երբ մայրիկը, մոռանալով պայմանավորվածությունը, պնդեց, որ իր հետ տուն գնամ, դիմադրելու ուժ այլևս չունեի։ Ինձ տարան։ Տանը կրկին ինքնասպանության մտքեր հայտնվեցին, ինքս ինձ ասում էի, որ ոչինչ չարժեմ, որ ի վիճակի չեմ պայքարելու իմ իրավունքների համար, և կյանքս այսուհետ էլ նույնքան անհույս է լինելու»։
Ապրել սեփական կանոններով
Երբ Ադան դեռ տատիկի մոտ էր ապրում, հանդիպեց քննիչի հետ։ Քննիչին բառացիորեն պետք էր ստիպել, որ իր հաղորդումն ընդունի, պատմում է աղջիկը։ Նա զանգերին չէր պատասխանում, անընդհատ կա՛մ դատարանում էր, կա՛մ արձակուրդում, մոռանում էր ցուցմունքներում կարևոր կետերը գրի առնել։
«Ինձ բռնի ուժով տուն տանելու հաջորդ օրը զանգեցի քննիչին ու ասացի, որ վախենում եմ։ Նա պատասխանեց, որ չեն կարող ապահովել իմ անվտանգությունը, և ավելի լավ է՝ հաշտվեմ ծնողներիս հետ։ Հետո զանգեց հորս ու զեկուցեց իմ զանգի մասին։ Ծնողներս նորից սկսեցին գոռալ, հաջորդ երկու օրը չգնացին նախատեսված ցուցմունքները տալու, իսկ քննիչը նրանց չէր կանչում»։
Թեև ծնողներն այլևս ձեռք չէին տալիս նրան, բայց պարբերաբար հիշեցնում էին, որ նա մատնիչ է։
Ադան վախեցավ, որ նրանք մի ձև կգտնեն իրեն ստիպելու հետ վերցնել հաղորդումը, և որոշեց նորից փորձել փախչել։ Բժշկական խալաթի հետ միասին անհրաժեշտ իրերը ուսապարկի մեջ լցնելով՝ Ադան գնաց ոչ թե քոլեջ՝ դասի, այլ Հանրային պաշտպանի գրասենյակ, որտեղ նրան փաստաբան տրամադրեցին։
Աղջիկն իր պատմությամբ անանուն կիսվեց նաև սոցիալական ցանցերում։ Որոշ օգտատերեր դատապարտեցին երեխային, որը, «ստամբուլյան կոնվենցիաներով» լցված ու «եվրոպական այլասերվածությունների» ազդեցության տակ ընկած, սեփական ծնողներին դատարան է հանձնում։ Սակայն շատերն աջակցեցին Ադային այն հարցում, որ երեխաների, անգամ սեփական երեխաների հանդեպ բռնությունը հանցագործություն է, որը պետք է պատժվի, և աջակցեցին առանձին ու սեփական կանոններով ապրելու Ադայի որոշմանը։
Անծանոթ մարդիկ արձագանքեցին և նրան ժամանակավոր ապաստան տրամադրեցին, մինչև Ադան գտավ աշխատանք, որը համատեղում էր ուսման հետ, և կարողացավ մյուս երիտասարդների հետ բնակարան վարձել։ Մարդիկ, որոնց տանը մինչ այդ ապրում էր, օգնեցին հագուստով, անկողնային սպիտակեղենով ու հիգիենայի պարագաներով։ Մնացած ամեն ինչի վրա աղջիկը փորձում էր խնայել. նույնիսկ դասախոսություններն էր ձեռքով արտագրում, որպեսզի պատճենահանման վրա գումար չծախսի։ Ինքնուրույն ապրելուց չէր վախենում։ Երբեմն վախենում էր, որ փող չի լինի, բայց գիտեր, որ ընկերներ ունի, որոնք միշտ օգնության կհասնեն։
Ծնողները մի քանի անգամ զանգեցին նրան, փորձեցին տուն վերադարձնել, գոռացին, որ իրենց խայտառակ է արել, իսկ հետո հանգիստ թողեցին։
«Բայց միևնույն է անհանգիստ էի այն մտքից, որ կարող են միտքը փոխել, կարող են նորից սկսել ինձ նեղացնել։ Ինձ ավելի ուժեղ ու ապահով էի զգում, քան առաջ, բայց ինչ-որ վախ, միևնույն է, մնացել էր»։
Ավելի ուժեղ ու ապահով դառնալ աղջկան օգնեց նրա փաստաբանը՝ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը։
Օգնե՞լ, թե՞ պատժել
Հանրային պաշտպանի համար սա իր տասնամյա պրակտիկայում առաջին դեպքն է, երբ երեխան հայց է ներկայացնում ծնողների դեմ։ Բայց դա չի նշանակում, թե նման գործերը հազվադեպ են, նկատում է իրավաբանը. պարզապես մեզ մոտ ընդունված չէ ընտանիքի անդամներին «մատնել»։ Օրենքի օգնությանը դիմելուն չեն նպաստում նաև դատավարական համակարգի լուրջ բացերը՝ սկսած հարցաքննությունների անցկացման կարգից մինչև բռնության զոհին որակյալ հոգեբանական ու իրավական օգնության բացակայությունը։
Եթե գործը դատարան հասներ, Ադայի ծնողները երկու ամսով կազատազրկվեին կամ ստիպված կլինեին հարյուր հազար դրամ տուգանք վճարել։ Բայց պատիժը դեռ ոչ ոքի չի ուղղել, համոզված է պաշտպան Արմինեն, իսկ օգնության կարիք ունեն բոլոր կողմերը։
Գործեր վարելիս Արմինեն երբեմն ստիպված է լինում իր վրա վերցնել հոգեթերապևտի կամ ընտանեկան միջնորդի դեր։
«Ես միշտ փորձում եմ շատ խոսել կոնֆլիկտի երկու կողմերի հետ, հասկանալ պատճառը, փորձել լուծում գտնել մինչև դատարան հասնելը։ Շատ եմ խոսել Ադայի հետ, առանձին՝ նրա ծնողների հետ, բացատրել եմ, որ գործը կարող է դատարան չհասնել, եթե նրանք զղջան, ներողություն խնդրեն և մի թուղթ ստորագրեն, որը նրանց կպարտավորեցնի իմ պաշտպանյալի հանդեպ բացառել բռնության ցանկացած ձև՝ լինի հոգեբանական, թե ֆիզիկական»։

Արմինեն ասում է, որ իրենց հանդիպումների սկզբում Ադայի ծնողները, հատկապես հայրը, բավական ագրեսիվ էին տրամադրված և չէին ցանկանում որևէ զիջման գնալ։ Բայց մի քանի զրույցից հետո Ադայի ծնողները մեղմացան ու համաձայնեցին բանակցել։
«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ընտանիքի անդամների միջև հոգևոր կապը խզվել է։ Ծնողները ուրիշ մշակույթի, ուրիշ ժամանակի կրողներ են։ Սերունդների միջև շատ մեծ խզում կա և դրանից բխող չհասկացվածություն։ Մեր ծնողները սիրում են երեխաներին չափազանց մեծ հոգատարություն ու խնամակալություն պարտադրել, և այդ հոգատարությունը մի օր պարան է դառնում ու սկսում խեղդել»։
Ադայի պատմությունը քննարկող մարդկանց զայրացած խոսքերի մեծ մասը բաժին ընկավ մայրիկին։ Մենք հակված ենք իդեալականացնելու մոր դերը և յուրաքանչյուր կնոջ վերագրելու անվերապահ մայրական բնազդ ու սեր զավակի հանդեպ դեռ նրա ծնվելուց առաջ։ Իսկ երեխայի հանդեպ հայրիկի հոգատարությունը հուզում է՝ որպես արտասովոր մի բան։ Այդ պատճառով մեզ համար շատ ավելի դժվար է հասկանալ կամ ներել մոր շեղվող վարքը։
Ադայի պատմելով՝ իրեն մեծացրած կինը մանկության տարիներին հաճախ էր ականատես լինում, թե ինչպես է հայրը ծեծում իր մորը։ Երեխային էլ էր բաժին հասնում։ Ադայի մայրիկը, հավանաբար, երազում էր, որ ինքը, երբ մեծանա, լավ մարդու հետ կամուսնանա ու իր երեխաների համար սիրող մայր կդառնա։ Որ ամուր կապ կունենա իր երեխաների հետ։ Որ բռնություն չի լինի։
Հոգեբան Արփի Խալաթյանը բացատրում է, որ գործնականում այն երեխաները, որոնք մեծացել են բռնություն եղած ընտանիքում, հաճախ մեծանում են սոցիալականացման դժվարություններով, հակված են դեպրեսիայի ու նևրոզների, իսկ երբ սեփական ընտանիք են ստեղծում, կարող են կրկնել ծնողների վարքի ձևավորված օրինաչափությունները։
«Երեխան իրեն նույնացնում է իր սեռի ծնողի հետ։ “Վատ” մոդելից կտրվելու և “լավն” ընդունելու համար որոշակի հասունություն է պետք և հաճախ՝ որակյալ օգնություն։ Շատերը չեն ունենում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը և մեխանիկորեն յուրացնում են մանկությունից իրենց ծանոթ վարքաձևը։ Նման կանայք, օրինակ, կարող են անգիտակցական նախանձ զգալ իրենց դուստրերի հանդեպ և նրանց մղել կրկնելու իրենց ճակատագիրը, իսկ դստեր հաջողության ցանկացած դրսևորում կարող է նրանց նյարդայնացնել»։
Ադայի մայրիկն ամուսնացավ մի մարդու հետ, որն անմիջապես արգելեց նրան աշխատել, հայհոյում էր և պարբերաբար ծեծում նրան երեխաների ներկայությամբ։ Ամբողջ օրերն անցկացնում է ճաշ պատրաստելով, մաքրություն անելով, համակարգչային խաղերով ու հեռուստացույցի առջև։ Մերժում է իրեն տնից հանելու Ադայի բոլոր փորձերը, օրինակ՝ սրճարան կամ կինո տանելը. «Փողը զուր ծախսելու կարիք չկա»։

Ադան պատմում է, որ այն բանից հետո, երբ ամուսինը գոռում էր իր վրա կամ ծեծում, մայրիկը լաց էր լինում ու երեխաներին վստահեցնում, որ վաղուց բաժանված կլիներ նրանց հորից, բայց իրեն հետ է պահում այն, որ ազգականների ու հարևանների առաջ կխայտառակվեն, իսկ երեխաներն առանց հոր կմեծանան։
«Ես նրան շատ անգամ եմ ասել. եթե ուզենաս բաժանվել, ու դա քեզ երջանկացնի, ես քեզ կաջակցեմ։ Բայց նա երբեք չէր լսում։ Նա սարսափելի կախված է մարդկանց կարծիքից»։
Իրավաբան Արմինե Ֆանյանը համոզված է, որ այս իրավիճակում պետք է ընտանիքի անդամների միջև շփման եզրեր ստեղծելու ուղիներ փնտրել, և եթե դրա վրա աշխատեն, ընտանիքում նոր, դրական մթնոլորտ ստեղծելը լիովին հասանելի նպատակ է։
«Այստեղ բազմակողմանի աշխատանք է պետք խորը թաղված խնդիրների շուրջ՝ այդ քանդված կապը վերականգնելու համար։ Ոստիկանների ու իրավաբանների համար նեղ մասնագիտական դասընթացներ կազմակերպելն էլ չէր խանգարի։ Պետությունը պետք է անվճար հիմունքներով հոգեբաններ տրամադրի, որոնք երկու կողմերի հետ կաշխատեն։ Հնարավոր է՝ հոգեբանին չհաջողվի կարգավորել ընտանիքի հարաբերությունները, հնարավոր է՝ մարդիկ չուզենան իրար հետ որևէ ընդհանուր բան ունենալ. դա էլ է տարբերակ, բայց աշխատանքն ամեն դեպքում պետք է սկսել»։
Հեփի էնդի իրավունք
Արմինե Ֆանյանին հաջողվեց գործը դատարան չհասցնել։ Ադան ասում է, որ իր պաշտպանի հարցում շատ է բախտը բերել. նա արել է հնարավոր ամեն ինչ, նույնիսկ իր՝ փաստաբանի պարտականությունների մեջ չմտնողը, որպեսզի ընտանիքի անդամները համաձայնեն քննարկել կոնֆլիկտը և երկու կողմերի համար ընդունելի համաձայնության գան։
Այնպես ստացվեց, որ մինչ փաստաբանն աշխատում էր հանդիպումը կազմակերպելու վրա, անսպասելի մահացավ Ադայի տատիկը։ Աղջիկը գնաց հոգեհանգստին։
«Ծնողներս ինչ-որ կոտրված էին, ուրիշ էին։ Երկար խոսեցինք, հատկապես մայրիկի հետ։ Մայրիկը ներողություն խնդրեց. ասաց, որ վրաս զայրացած էր եղել, որ գիտակցությունը մթագնել էր, որ չպետք է այդպես վարվեր և պետք է ինձ լսեր, հանգիստ խոսեր»։
Ծնողներն Ադային ասացին, որ հպարտանում են նրանով, որ նա չի վախեցել պայքարել իր իրավունքների համար, հեռանալ ու մենակ ապրել։ Համաձայնեցին, որ աշխատի, առաջարկեցին օգնել ավելի լավ աշխատանք գտնել և ապրել իրենց տանը՝ եթե ինքը ցանկանա։
Ադան գործը հետ վերցրեց ոստիկանությունից ու վերադարձավ։ Ինքն իր համար որոշեց, որ առայժմ՝ ժամանակավորապես։ Ասում է, որ իրենց հարաբերություններում շատ լավ մի բան է հայտնվել, հիմա շատ են խոսում, հատկապես մայրիկի հետ, փորձում են լսել իրար։ Բայց Ադան չի ուզում շտապել և առայժմ վախենում է, որ տատիկի մահվան ցնցման ու իրավաբանի հետ զրույցների ազդեցությամբ առաջացած հարազատության փխրուն զգացումը կարող է թուլանալ ու անհետանալ։

Նա չի զղջում, որ չլռեց ու բոլոր դժվարությունների միջով անցավ։ Ադան համոզված է, որ եթե մնար, ընտանիքի հետ հարաբերություններն ավելի ու ավելի կվատանային, և հայտնի չէ՝ ինչի կհանգեցնեին։
«Երբեմն, երբ մարդիկ չափազանց մոտ են իրար՝ ֆիզիկապես կամ հոգեպես, նրանց համար դժվար է տեսնել միմյանց։ Հեռավորություն է պետք։ Երբ միասին էինք ապրում, սարսափելի վախենում էի ծնողներիս արձագանքներից, գիտեի, որ մինչև վերջ չեն լսելու ինձ, և հաճախ նախընտրում էի լռել ու խաբել, քան հերթական սկանդալի մասնակիցը դառնալ։
Երբ հեռացա, թե՛ իմ ներսում շատ բան փոխվեց, թե՛ նրանց։ Այն ժամանակ եկան ճգնաժամային կենտրոն ու ինձ ասացին, որ ոչնչություն եմ և առանց իրենց կկորչեմ։ Նրանք իսկապես հավատում էին դրան։ Իսկ հիմա շատ զարմացան, որ կարող եմ ինքնուրույն լինել ու “վատ շրջապատ” չընկնել, ինչպես կանխատեսում էին։ Մայրիկն ասաց, որ այդ երկու ամսում ավելի շատ է մեծացել ու ավելի շատ բան վերաիմաստավորել, քան իր ողջ կյանքում»։
Առանց պոռթկումների էլ չի լինում։ Բայց երկու կողմն էլ փորձում են։ Եվ գուցե ծնողներին հաջողվի փոքր քայլերով վերածնել այն վստահությունն ու սերը, որ երեխան ուներ հեռավոր մանկության տարիներին՝ այն նույն հարմարավետ տանը՝ ֆրանսիական բուլդոգ Չարլիի հետ։
Գուցե պարզվի, որ, այնուամենայնիվ, չեն կարող կողք կողքի գոյակցել։ Ադան այդպիսի սցենարի էլ է պատրաստ։ Բայց նա այլևս փոքրիկ, շփոթված աղջնակ չէ, այլ հասուն մարդ, որը գիտի՝ ինչ է ուզում և ինչպես հասնել դրան։ Ադան դեռ ուզում է առանձին ապրել ու իր ապրուստն ինքնուրույն վաստակել։ Իսկ առայժմ դասերի է գնում, իր կրթաթոշակով կերակրում բակի շներին ու հիմա տատանվում է՝ ինչ ընտրել. հոգեբույժ դառնա՞լ, թե՞, այնուամենայնիվ, անասնաբույժ։
Որոշ հերոսների անունները փոխված են



