Կատուներ, Վոլոդյա, ոսկեգույն կեղծամ
Հրանտը երկուս ստացող ու խուլիգան էր։ Դասերի ժամանակ պատուհանից նայում էր կույտավոր ամպերին, որոնք նրա երևակայության մեջ ամենատարբեր ձևերն էին ընդունում։ Պնդում էր, որ եթե լավ զննես դրանք, նույնիսկ Աստծո դեմքը կարող ես տեսնել։
Նաև կատուներ էր նկարում։ Կկոցած աչքերով, նրբագեղ մարմինների վրա նախշերով, վառ գույներով ներկված։ Հրանտը տետրից կտրում-հանում էր դրանց ուրվագծերն ու ինձ նվիրում։
Ես գերազանցիկ էի։ Կրծքիս՝ փոքրիկ Վոլոդյայի դիմանկարով կրծքանշան, մի օր կարմիր վզկապ կապելու երազանքով ու Աստծո հանդեպ անհավատությամբ։ Խունացած մի սնդուկ ունեի, որտեղ պահում էի սատկած զատիկներով լուցկու տուփեր (հետագայում թաղելու համար), մեկ ռուբլի ու Հրանտի կատուները։
Տարրական դասարանների ուսուցչուհի Վալենտինա Իվանովնան հետևի թաթերին նստած կատուներին չէր համակրում։ Ինչպես և մնացած ամեն ինչ, որ չէր տեղավորվում դպրոցական ծրագրի ուրվագծի մեջ։ Մեզ դասավանդելու բոլոր երեք տարիներին նա Հրանտի նկարող մատներին պատժում էր ցուցափայտով, իսկ նրա «անխելք գլուխը»՝ ծնողներին դպրոց կանչելով։
Երրորդ դասարանում կանչին միշտ Հրանտի մայրն էր գալիս։ Որովհետև Հրանտի հայրը ֆիդայի էր Ղարաբաղում։ Վալենտինա Իվանովնան հավանություն չէր տալիս «Ղարաբաղը մերն է» շարժմանը և դատապարտում էր Հրանտի հորը, որ նա հեռու մի տեղ «հիմարություններով է զբաղվում»՝ որդուն դաստիարակելու փոխարեն։
Վալենտինա Իվանովնան վաթսունն անց էր։ Բարձրահասակ, շատ ուղիղ մեջքով՝ նա ծնկներից վեր կարճ ջինսե կիսաշրջազգեստներ էր հագնում՝ համարձակորեն մերկացնելով սլացիկ ոտքերը։ Ծնողական ժողովներից հետո մեր մայրերը ցածրաձայն ու շուրջը նայելով — նրանք ուսուցչուհուց մեզնից ոչ պակաս էին վախենում — քննարկում էին նրա պոկված ունքերի փոխարեն գծված սլաքներն ու մազերի փոխարեն կրած ոսկեգույն գանգուր կեղծամը։
Վալենտինա Իվանովնան շատ տարիներ առաջ Մոսկվայից եկել էր Երևան՝ այս մեծ, իրեն այնքան էլ անհասկանալի գյուղում հնարավորինս շատ գլուխներ «կրթելու» կարևոր առաքելությամբ ու մի օր հետ վերադառնալու մտադրությամբ։
Վալենտինա Իվանովնայից թաքուն ես ընկերություն էի անում Հրանտի հետ։ Միասին կոտրում էինք դպրոցի պատուհանը, դասի ներկայանում առանց տնայինի, հանդգնում ֆիզկուլտուրայի ուսուցչի դեմ, դպրոց գալիս առանց դասագրքերի ու անհոգ թոթվում ուսերը, երբ ծնողներին դպրոց էին կանչում։ Հրանտը՝ իրականում, ես՝ երազանքներիս մեջ։ Իրականում վախենում էի այլևս Վալենտինա Իվանովնայի սիրելին չլինելուց։

Նրա ներկայությամբ ես հովանավորում էի Հրանտին։ Գերազանցիկները դասերից հետո մնում էին ու օգնում երկուս ստացողներին ավելի արժանի դառնալ Վոլոդյայի գանգուր գլխին։ Հրանտը «իմ» երկուս ստացողն էր։ Նստում էի նրա կողքին՝ նստարանին, հետևում, թե ինչպես է իր ծուռումուռ ձեռագրով տառերը գծում վայելչագրության տետրում, ու հայացքս խստացնում ամեն անգամ, երբ Վալենտինա Իվանովնան անցնում էր մեր կողքով։
Հրանտի հայրը կռվում էր հայրենիքի համար։ Այդպես էր ասում Հրանտը։ Իսկ Վալենտինա Իվանովնան արգելում էր մեզ հայրենասիրական զգացմունքներ ունենալ որևէ այլ հայրենիքի հանդեպ, բացի Մեծ Խորհրդային Միությունից։ Լինելով նրա աշակերտուհին՝ ոտքի էի ցատկում «Միություն անխախտ ազատ հանրապետությունների» բառերից, ակնածում այդ ազատության երաշխավորի՝ Գորբաչովի առաջ և ամբողջ ուժով ջանում, որ Վալենտինա Իվանովնայի հավատն իմ «խելացի աչքերի ու ուղեղի» հանդեպ անսասան մնա։
Սուր կրունկներ, բռունցքներ, դեղին աչքեր
Վալենտինա Իվանովնան ծնողական ժողովները մի տեսակ սադիստական սիրով էր սիրում։ Որպեսզի չձանձրանա, մեր ուսուցչուհին դրանք բազմազան էր դարձնում՝ մի ժողովին հրավիրում էր մայրերին, մյուսին՝ միայն հայրերին, իսկ երրորդին պահանջում, օրինակ, օրինակելի աշակերտների ներկայությունը։ Որպեսզի այնտեղ կազմակերպվող ներկայացումները երբեք չհոգնեցնեն։
Սկզբում Վալենտինա Իվանովնան գովում էր մեզ՝ գերազանցիկներիս, ծնողների՝ մեր ծնողների գորովալից հայացքների ներքո, իսկ հետո սկսում երկուս ստացողների ու խուլիգանների զտումը ծնողների՝ նրանց ծնողների խոնարհված գլուխների շարքերի առջև։
Մայրերը ժողովներին գալիս էին ասես հանդիսավոր արարողության՝ սուր կրունկներով, տոնական զգեստներով, հարդարած մազերով, որպեսզի երեսով չընկնեն իրենցից երեսուն տարով մեծ ուսուցչուհու առաջ։ Վալենտինա Իվանովնան մայրերին փնթի արտաքինի համար կշտամբում էր նույնքան անխռով, որքան մեզ էր նախատում արձակված կոշկակապերի համար։
Հրանտի մորը Վալենտինա Իվանովնան առանձնահատուկ հաճույքով էր սպասում։ Նա գրեթե միշտ մի քիչ ուշանում էր։ Լուռ բացում էր դուռը՝ բարձրահասակ, որդու պես բաց գույնի մազերով ու մաշկով, հասարակ երկար սարաֆանով, ծոծրակին ամրացրած մազերով, կամաց ներողություն խնդրում ուշանալու համար, սահում-նստում նստարանին ու անմիջապես խոնարհում աչքերը։
Վալենտինա Իվանովնան Հրանտին թողնում էր ժողովի ամենավերջին։ Ծրագրի մեխը։ Դադար էր տալիս, շունչ քաշում ու սկսում ժամանակագրական կարգով թվարկել Հրանտի բոլոր արարքները։ Ցուցակը միշտ երկար էր․ ինչ էլ լիներ, Հրանտը զվարճանալ գիտեր։

Հրանտին խաչելով՝ Վալենտինա Իվանովնան չէր մոռանում հիշեցնել, որ նրա հայրը հիմարություններով է զբաղվում այն ժամանակ, երբ կինը ուժասպառ աշխատում է չորս երեխաներին կերակրելու համար։ Հանգստանում էր միայն այն ժամանակ, երբ Հրանտի մոր բաց, գրեթե դեղին աչքերը լցվում էին արցունքներով։
Հենց ծնողական ժողովն ավարտվում էր, կինը շտապ դուրս էր գալիս ու հոգնած կշտամբանքով նայում որդուն, որին դաստիարակելու համար ո՛չ ուժ ուներ, ո՛չ ժամանակ։ Հրանտը կախում էր գլուխն ու նրա հետևից տուն գնում։
Հարբած բալ
Ինչո՞ւ մեր մայրերը չէին պաշտպանում Հրանտի մորը։ Հիմա դժվար է պատկերացնել այն ակնածանքը, ես կասեի՝ սրբազան սարսափը, որ ծնողները կարող են զգալ մանկավարժի հանդեպ։
Մի անգամ Վալենտինա Իվանովնան, իմանալով, որ մայրս լավ է թխում, խնդրեց կարևոր հյուրերի համար տորթ թխել՝ այնպիսի մի բան, որ զարմանքից շունչները կտրվի։ Մայրիկը որոշեց իր ամենահրաշալի տորթը՝ մեր հպարտությունը թխել՝ հարբած բալը։
Թխեց տորթի շերտերը, գդալով փորեց-հանեց միջուկը, խառնեց օղու մեջ պահածոյացրած բալին, առատ կոնյակ ավելացրեց։ Նորից լցրեց շերտերի մեջ, ամեն ձեռքում մի շերտ վերցրեց ու ճարպիկ շարժումով իրար վրա խփեց։ Տորթը պատեց շոկոլադե ջնարակով, պատառաքաղով ակոսներ գծեց ու դրեց սառնարանը, որ ներծծվի։
Հաջորդ առավոտ տորթը վերցնելու էր Վալենտինա Իվանովնայի ամուսինը։ Ոչ միայն նրա մտքով չէր անցել վճարել բոլորովին էլ էժան չնստած տորթի մթերքների համար, այլև Վալենտինա Իվանովնան հեռախոսով զգուշացրել էր, որ ամուսինը ժամանակ չունի մեր տուն հասնելու, և հայրիկը ստիպված էր ծանր տորթը վերցնել ու տանել ավտոբուսի կանգառ։
Մինչ տորթը ճանապարհին էր դեպի տանտիրուհուն, մայրիկը շատ էր անհանգստանում։ Հայրիկը՝ նույնպես։ Վալենտինա Իվանովնան զանգեց քառասուն րոպե անց ու դժգոհ ձայնով իր հիասթափությունն արտահայտեց այդ «համատարած շագանակագույն զանգվածի» տեսքից․ ո՛չ զարդարանք կա, ո՛չ կրեմից ծաղիկներ, իսկ հյուրերը ուր որ է գալու են, և փոխարինող գտնելու ժամանակ այլևս չկա։
Գուցե պետք էր «Օլիմպիական արջո՞ւկը» պատրաստել։ Կամ «թիթեռ» տո՞րթը։ Դրանց համար հայրիկը մայրիկին կաղապարներ էր կտրում պատճենաթղթի օգնությամբ։ Նա պատճենաթուղթը դնում էր խմորի վրա, կտրում բիսկվիթը, կտորներն իրար միացնում ու վերածում տարբեր կենդանիների ու կերպարների։ Շատ գեղեցիկ էր ստացվում, բայց աշխարհում ոչ մի տորթ համով չէր կարող համեմատվել հարբած բալի հետ։ Մայրիկն ամբողջ օրը տխրում էր, որ «չի արդարացրել բարձր վստահությունը»։
Ես էլ չէի վրդովվում Վալենտինա Իվանովնայի պահվածքից։ Միայն անսահման տխրություն էի զգում, որ նա չգնահատեց մեր տորթը։
Եվ միայն մեկ ամիս անց՝ ծնողական ժողովի ամենավերջում, Վալենտինա Իվանովնան, ասես հանկարծ ինչ-որ բան հիշելով, պահեց մայրիկին ու չափավոր, հավասար ձայնով հայտնեց, որ այդ օրվա իր հյուրերը ապշած «օ՜հ» ու «ա՜հ» էին բացականչել՝ տորթի բաղադրատոմսը կորզելով։ Ասում էր՝ իրեն շատ հաճելի էր եղել։ Մայրիկը շփոթված ժպտաց։
Պատերազմ, Վիկա, Դաշդեմիր
Ժողովներին, գաղափարախոսություններին ու ճիշտ դաստիարակությանը զուգահեռ աշխարհում պատերազմը շարունակվում էր։ Քաղաքը լցվել էր փախստականներով՝ օտար ու անհասկանալի։ Նրանց տեղավորում էին ամենուր՝ մեր հարևան հինգհարկանի շենքի կիսանկուղում, որտեղ մի քանի ամիս անց առնետը կկրծի-կպոկի քնած հնգամյա երեխայի ականջը, գարշահոտ հանրակացարաններում, մարդկանց տներում։
Մեր դասարան Վիկտորյա անունով մի աղջիկ եկավ։ Նա մեզնից տարբերվում էր։ Վիկան շատ բարձրահասակ ու գեր էր։ Մեր 36 աշակերտ ունեցող դասարանում ոչ մի գեր մարդ չկար։ Նաև Վիկան ընդհանրապես հայերեն չէր խոսում։ Դե, մեր դպրոցը ռուսական էր, բայց որ հայուհի լինի ու հայերեն չխոսի՞․․․
Վիկտորյայի մայրը աղմկոտ կին էր, շատ էր լաց լինում ու շատ մեղադրում։ Նրանք Բաքվից փախել էին ձմռանը՝ հողաթափերով։ Մայրը հասցրել էր միայն Վիկային գուլպաներ հագցնել՝ տարբեր չափերի ու գույների։ Նրանց փրկել էր ադրբեջանցի հարևանը՝ հասցնելով Երևան մեկնող վերջին ինքնաթիռին ու մի քիչ փող տալով։
Վիկտորյայի մայրը պատմում էր, որ Բաքվում շատ լավ էին ապրում։ Մենք՝ երեխաներս, նրա պատմածներից հասկացանք, որ լավ ապրելը այն է, երբ բանկաների մեջ շատ ձկնկիթ կա ու ձուկ՝ բոլորովին առանց փշերի, թառափ անունով։
Իսկ հիմա, բողոքում էր կինը, նրանց տեղավորել են մութ, խոնավ կիսանկուղում, իր աղջիկը ասթմա ունի, ու ինքը մի գերատեսչությունից մյուսն է գնում՝ նորմալ բնակարանային պայմաններ կորզելու համար։
Մեր մայրերը նրան լուռ էին լսում՝ մի տեսակ չարությամբ։ Պատերազմող, տասնյակ հազարավոր մարդկանց անտուն թողած սարսափելի երկրաշարժ վերապրած փոքրիկ Հայաստանը ո՛չ ուժ ուներ, ո՛չ միջոցներ լավ բնակարանային պայմանների ու կարեկցանքի համար։
Մեր մայրերը չէին համակրում Վիկտորյայի մորը, իսկ մենք՝ հենց Վիկային։
Մի անգամ ձմռանը ես ու Հրանտը դպրոցի դարպասների մոտ սպասում էինք մեր մայրերին։ Ես՝ գրքերով լցված, աղյուսի պես ծանր վանդակավոր պայուսակովս։ Հրանտը՝ սեզոնին չհամապատասխանող բեժ բաճկոնի կրծքագրպանում գրիչով․ բաճկոնի թևքերը դաստակներին չէին հասնում։ Նրա մեծ, ոչ մանկական ձեռքերը միշտ թանաքոտ էին։
Մի քիչ նյարդայնացած էի։ Վալենտինա Իվանովնան ընթերցանության դասին հերթական անգամ բարակ ցուցափայտն իջեցրել էր Հրանտի մեջքին։ Զգում էի, որ դրա մեջ ինչ-որ սխալ բան կա, որ այդպես չպետք է լինի։ Սակայն մտքերիս մեջ ավելի հեռու գնալու և, որ ավելի սարսափելի էր, գործի անցնելու համար ես պիտի գնահատական տայի Վալենտինա Իվանովնայի արարքներին, համարձակվեի դատապարտել նրան։
Դրա համար համարձակությունս չէր հերիքում, և զայրույթս ուղղում էի Հրանտի վրա, որը ստիպում էր անհոգ հոգուս անհանգստանալ։
Բայց Հրանտը ցուցափայտի մասին մտածելու ժամանակ չուներ։ Հրանտը պատմում էր մերոնց հաղթանակների մասին։ Գանգատվում էր, որ մինչ այնտեղ «իսկական կյանքն» է անցնում և այնքան կարևոր գործեր կան, ինքը ստիպված է այստեղ ձանձրալի դասերին նստել։ Եվ մինչ մենք երգում ենք «Ոտքի՛ ել, հսկա երկիր», պետք է իսկապես ոտքի ելնել ու «արագ հաղթել»։
Բայց Հրանտի հայրը չէր թույլատրում նրան առաջնագիծ գնալ։ Պատվիրել էր լավ սովորել ու օգնել մորը։ Հրանտն օգնում էր, ինչպես կարող էր, օրինակ՝ նրա հետ հացատանն էր աշխատում։ Իսկ սովորելը՝ դե, չէր ստացվում։
Ես այնքան էլ լավ չէի պատկերացնում, թե ովքեր են «մերոնք»։ Հիշում էի վեր պարզած բռունցքներով մարդկանց ցույցերը․ նրանք հմայում էին, ասես ֆիլմերից կամ գրքերից լինեին, որոնց մեջ ես բառացիորեն ապրում էի։
— Եթե պատերազմը մինչև մեծանալս չվերջանա, առաջնագիծ եմ գնալու։
— Բայց դու հրացան չունես։
— Այնտեղ կտան։ Ի՞նչ է, կարծում ես՝ հայրիկը տնի՞ց է տարել։
— Ու մարդկանց ես սպանելո՞ւ։
— Իհարկե։ Թշնամիներին։ Թուրքերին։
Ես գիտեի՝ ինչ են թշնամիները։ Ֆաշիստական հորդան։ Գերմանացիները։ Երաժշտության ու ընթերցանության դասերին պարբերաբար «հակահարված էինք տալիս բոլոր բոցավառ գաղափարները խեղդողներին, բռնարարներին, կողոպտիչներին, մարդկանց տանջողներին»։ Ինչպե՞ս վերաբերվել այս նոր թշնամիներին։ Չգիտեի։
Տյոտյայիս տան նկուղում թուրքերի մի ընտանիք էր ապրում։ Որոնք շատ չէին ուզում հեռանալ Հայաստանից, բայց նրանց ի վերջո տարան։ Ինը երեխա ունեցող շատ աղքատ ամուսիններ էին․ ես նրանց իմ խաղալիքներն էի տալիս։ Ընկերներիս մայրերն ու տյոտյաս արգելում էին մեզ նրանց հետ խաղալ։ Բայց ես, մայրիկիս լուռ համաձայնությամբ, երբեմն սողոսկում էի նրանց նկուղն ու խաղալիքներս թողնում երեխաներին։ Իրար լեզուն չգիտեինք, բայց դա մեզ չէր խանգարում։ Նրանց հայրը ժպտում էր ու շոյում գլուխս։ Դասագրքերի ու ֆիլմերի ֆաշիստական հորդային նրանք բնավ նման չէին։
Նույն ձմռանը Գյումրիում ապրող մյուս տյոտյայիս տանը նոր թշնամիների հետ ևս մի բախում ունեցա։
Տյոտյայիս ընտանիքը երկրաշարժի ժամանակ կորցրել էր տունն ու ժամանակավորապես մի ընտանիքից երկրորդ հարկն էր վարձում, իսկ նրանք մնում էին առաջինում։ Տունը տաքացնում էին վառարանով։ Մի օր տյոտյաս ռազմաճակատի սուղ ամփոփագրերն էր լսում։ Կարծեմ՝ ռադիոյով։ Դեմքը հանկարծ փոխվեց։ Վեր կացավ, քայլեց սենյակում, ուշադիր նայեց գրադարակին, թղթե կազմով մի գիրք վերցրեց ու նետեց վառարանը։ Իմ բանասեր տյոտյան՝ գիրքը՝ վառարանը։
Դա իմ սիրելի գրքերից մեկն էր՝ «Ադրբեջանական հեքիաթներ» էր կոչվում։ Գիշերային սպանությունների, պալատական դավադրությունների, առեղծվածային դերվիշների մասին սարսափելի պատմությունների գիրք։ Դրա մեջ ամենից հաճախ վերընթերցածս պատմությունը «Հեքիաթ Դաշդեմիրի մասին» էր։
Այն արտասովոր ունակություններով մի խիզախ տղայի մասին էր, որին աշակերտության էին տվել Միրզա Մոխսունին (այս անունը ականջներիս երաժշտություն էր հնչում), և որը հետաքննել էր սեփական հոր մահը, հնարամտության շնորհիվ իր քաղաքը փրկել հարևանների հետ արյունալի պատերազմից, իր փադիշահին էլ՝ նենգ վեզիրից, դեռ մի բան էլ կնության առել իր ուսուցչի գեղեցկուհի դստերը, որն իրականում փադիշահի աղջիկն էր դուրս եկել։
«Դաշդեմիրը» գրեթե ակնթարթորեն այրվեց։ Տյոտյաս շրջվեց ու դուրս եկավ սենյակից։ Դաշդեմիրը, Միրզա Մոխսունը, Դաշդեմիրի համեստ ու ազնիվ հայր Զաման-կիշին, ինչպես նաև «Դաշդեմիրը» գրած մարդը թշնամիներն էին, որոնց դեմ կռվում էր Հրանտի հայրը։
Լուսանկարը
Մի օր Հրանտը դասարան լուսանկար բերեց։ Դրա մեջ կամուֆլյաժ հագած երեք մորուքավոր տղամարդ պառկած էին՝ մեջքներով խոտի դեզին հենված, ու ծիծաղում էին։ Մեկի ուսից АКМ էր կախված։ Մյուս երկու ինքնաձիգները գետնին էին։ Շրջան էինք կազմել ու նայում էինք լուսանկարին։ Տղամարդկանցից մեկը Հրանտի հայրն էր։ Հրանտը չէր թաքցնում իր հպարտությունը։
— Նրանք մեր հայրենիքն են պաշտպանում,— ասաց նա։— Նրանք այնտեղ են, որ մենք այստեղ կարողանանք բակում խաղալ ու դասի գնալ։
Հրանտի հոր ծիծաղը նույնքան ջերմ ու բաց էր թվում, որքան որդունը։ Ինչպես նրանց ամբողջ արևոտ ընտանիքինը։ Լուսանկարին նայում էինք մի տեսակ սրբազան դողով, որ զինվորական համազգեստը ներշնչում է երեխաներին։
Հետո զանգը հնչեց, ու դասարան մտավ Վալենտինա Իվանովնան։ Նա Հրանտից խլեց լուսանկարն ու երկար զննում էր։ Հայացքը դարձավ արհամարհական ու դատապարտող։ Սկզբում շփոթվեցինք, ապա հաճոյակատար ընդունեցինք դեմքի նույն արտահայտությունը, ինչ նա ուներ։
— Սա քո հա՞յրն է,— աջ ծայրի տղամարդու ու Հրանտի նմանությունն անսխալ գուշակեց նա։
Հրանտը գլխով արեց։
— Հետաքրքիր է՝ ինչի՞ վրա է ծիծաղում։ Ի՞նչ ծիծաղելի բան կա նրանում, որ երկու եղբայրական ժողովուրդ իրար են սպանում։
Մենք խոնարհեցինք աչքերը։ Իսկապես, մեր դասագրքերի Սրբազան պատերազմի հերոսները չէին ծիծաղում։ Լուրջ էին ու խիստ։ Առավելագույնը՝ կժպտային գերմանացի մի երեխայի, որին յուրայինները լքել էին, իսկ իրենք գտել ու փրկել։ Գերմանիայում նույնիսկ այդպիսի զինվորների հուշարձան կա։ Նրանք խոտի վրա փռված չէին լինում՝ դրա համար ժամանակ չունեին։ Սրբազան պատերազմի հերոսները կոկիկ համազգեստներով էին ու սափրված, ոչ թե այս գզգզված, անխնամ ֆիդայիների պես։

Վալենտինա Իվանովնան շարունակում էր Հրանտին կշտամբել լուսանկարում հոր անարժան պահվածքի համար։ Ձայնի մետաղը շիկանալուն զուգընթաց Հրանտի աչքերը խամրում էին։ Նրա արտասովոր դեղնականաչ աչքերը պղտոր ապակու վերածվեցին։
Խոնարհած թարթիչներիս տակից թաքուն նայեցի նրան։ Դանդաղ մոտեցա ու կանգնեցի կողքին։ Հաստատուն նայեցի Վալենտինա Իվանովնային ու կամաց ասացի, որ Հրանտի հայրը չի կարող վատը լինել։ Որ նա հաստատ հատուկ է ծիծաղել լուսանկարում, որպեսզի Հրանտի մայրը չմտածի, թե նա այնտեղ մենակ է ու տխուր։ Մենք անգիր էինք սովորում «Եթե ընկերդ հանկարծ պարզվի», ես սիրահարված էի Թիմուրին ու մի քիչ էլ՝ նրա թիմին։ Գիտեի՝ ինչպես պետք է վարվեն ընկերները։ Բռնեցի ընկերոջս ձեռքը։
Իմ ներքին խիզախ աշխարհում։
Իրական աշխարհում կանգնած էի՝ աչքերս խոնարհած ու բռունցքներս սեղմած։ Սպասեցի, մինչև աստվածությունը վերջացնի Հրանտին տանջելը, հրամայի մեզ նստել մեր տեղերն ու բացել ընթերցանության դասագրքերը, նստեցի միջին շարքի իմ առաջին նստարանին ու բացեցի գիրքը։
Դասի վերջում իմ ու Հրանտի հայացքները պատահաբար հանդիպեցին։ Նա թույլ ժպտաց։ Հրանտն ամեն ինչ հասկացավ ու չէր դատապարտում։ Նա ընդհանրապես ոչ ոքի չէր դատապարտում։ Թերևս միայն թուրքերին։
Երկու կեսի
Վալենտինա Իվանովնան թողեց մեր դասարանը, երբ փոխադրվեցինք չորրորդ։ Տարբեր ուսուցիչներ ունեցանք։ Դասարանի կենտրոնում փայտով վառվող թուջե վառարան հայտնվեց։ Սկսվեց մութ ու ցուրտը՝ մութ ու ցուրտ տարիները։
Մեր ուսուցիչները հիմնականում 40-ն անց էին։ Շատ ծեր, ինչպես կարծում էինք մենք։ Ադրինե Գրիգորևնան երիտասարդ էր։ Նա փոխարինում էր աշխատանքի հիվանդացած ուսուցչուհուն։ Նրա շնորհիվ իսկապես սիրեցինք այդ դասը։ Դասարանն աստիճանաբար լցվեց մեր աշխատանքներով։
Մենք պաշտում էինք Ադրինե Գրիգորևնային։ Նա աստվածություն չէր, այլ մարդ, ու մեր սերը նրա հանդեպ մարդկային էր։ Առանց վախի։
Հրանտը շարունակում էր ինձ համար կատուներ նկարել, ծիծաղեցնել դասարանին, մեջքին բարակ ցուցափայտերի հարվածներ ստանալ ու ուսուցիչներին հուսահատության հասցնել, որը հետո թափվում էր նրա գլխիկոր մոր վրա։
Մի օր Հրանտը դպրոց սրվակներ բերեց ու հայտարարեց, որ դրանց օգնությամբ կարելի է իսկական պայթյուն սարքել։
Իսկական պայթյունը, կարծես դիտմամբ, որոտաց աշխատանքի դասին։ Ուսուցչուհին հենց այդ պահին նկարելու համար վատմանի հսկայական թերթեր էր բաժանում։ Ադրինե Գրիգորևնան ձեռքից գցեց թերթերն ու, կարծես, մի կողմ ցատկեց։ Կարծեմ՝ բոլորս էլ վեր թռանք անսպասելի բարձր ձայնից։ Նույնիսկ ինքը՝ Հրանտը։
Երբ Ադրինե Գրիգորևնան ուշքի եկավ, մի փայտ վերցրեց ու ամբողջ ուժով հարվածեց Հրանտի մեջքին։ Փայտը երկու կես եղավ։ Հրանտը ցավից ոռնաց ու կծկվեց։ Փայտը՝ իր երկու մասերով, բութ թխկոցով ընկավ խունացած մանրահատակին։
Ադրինե Գրիգորևնան մի րոպեի չափ նայեց հատակին, հետո դասարանից դուրս վազեց։ Դասի մնացած մասը լուռ նստեցինք՝ չհամարձակվելով աչքներս բարձրացնել։ Երբ զանգը հնչեց, բոլորը վեր կացան, վերցրին պայուսակներն ու դասարանից դուրս եկան։ Ես դասամատյանը տարա ուսուցչանոց։ Այնտեղ նստած էր Ադրինե Նիկոլաևնան։ Նա լաց էր լինում։
Հրանտի մորը կանչեցին տնօրենի մոտ։ Հրանտը դասի չեկավ։ Հաջորդ օրը՝ նույնպես։ Մեզ ասացին, որ նրան ուրիշ դպրոց են տեղափոխել։ Այլևս նրան չտեսա։
Պարզապես բռնում եմ ձեռքը
Ինչո՞ւ գրեցի այս պատմությունը։ Կան տրավմաներ, որոնք առանձնապես տրավմա էլ չեն, բայց միևնույն է՝ բաց չեն թողնում։ Դա, օրինակ, դիսլեքսիայի պես է։ Կամ տեղագրական կրետինիզմի։ Անզեն աչքով չի երևում, ոչ ոք հաշմանդամություն չի անվանի, բայց կյանքում ահագին խանգարում է։
Այդպիսի տրավմաներն էլ պետք է բարձրաձայն ասել, որպեսզի գոնե փորձես ազատվել դրանցից։ Ինձ կյանքում շատ է խանգարում այն միտքը, որ այդ օրը չբռնեցի ընկերոջս ձեռքը։

Ես մեծանում եմ, փոխվում, բայց Հրանտի ու իմ արարքի հիշողությունը՝ «պիոներին անվայել», որ այդպես էլ չհասցրի դառնալ, տարիների միջով անտեսանելի թելով ձգվում է իմ հետևից։
Օրինակ՝ ամբողջ կյանքում թուլությունս մնացին երկուս ստացողները։ Ես նրանց ի սկզբանե յուրահատուկ եմ համարում։ Եվ անպայման խիզախ։ Սիրում եմ տղամարդկանց մեծ, «արջի» ձեռքերը։ Հատկապես մարմնին անհամաչափները։ Հրանտի՝ մեր դպրոցից հեռանալուց հետո ես՝ ամաչկոտ, վախկոտ երեխաս, կլոր գերազանցիկս, օրինակելի վարքի կրողս, սկսեցի դպրոցից փախուստներ կազմակերպել, անիշխանություն սերմանել ու ապստամբել։ Ամեն տեսակ դպրոցներում ու համալսարաններում, աշխատանքում ու պարզապես սովորական կյանքում։
Նետվում եմ պաշտպանելու նրան, ով միայնակ կանգնած է բոլորի դեմ։ Նույնիսկ եթե համաձայն չեմ նրա հետ։ Սկզբում նետվում եմ, հետո մտածում։ Մինչև վերջ չգիտեմ՝ հավատում եմ Աստծուն, թե ոչ, բայց մինչև հիմա աղոթում եմ, որ Հրանտի հայրը պատերազմից վերադարձածների մեջ լինի։
Այս պատմությունը ոչ մի բարոյախոսություն ու խորիմաստ տողատակեր չունի։ Միայն մի միտք կա․ թեկուզ ուշացած, բայց ես, այնուամենայնիվ, բռնում եմ ընկերոջս ձեռքը։




