Ինձ երկար տարիներ հանգիստ չէր տալիս մի հարց․ անտուն կատուներն որտեղի՞ց գիտեն, թե որ դուռը կարելի է թակել, իսկ որը՝ անիմաստ է։ Իմ դուռը, օրինակ, փողոցից ծածկված է բարձր, խուլ ցանկապատով։ Իսկ հարեւաններինը հնամաշ փայտե ցանկապատ է։ Ինձ մոտ գալիս են անվերջ հոսքով, իսկ հարեւանների մոտ մտնել անգամ չեն փորձում։ Ընդ որում, իմ հողամասով մեկ վազվզում է հսկայական ու սարսափազդու Տոշա շունը, որը բռնում է բոլոր պատահած կատուներին։ Բռնում է ոչ թե ուտելու, այլ լիզելով մաքրելու համար։ Բայց դա հո վրան գրված չէ։
Իսկ քանի՜ անգամ է պատահել, որ հենց նոր ծիածան գնացած կատվի փոխարեն մի նորն է գալիս։ Բառացիորեն գլխիդ է ընկնում ոչնչից։ Տուն ես բերում, իսկ նա կարծես հարյուր տարի այստեղ ապրած լինի։ Գիտի բոլոր ծակուծուկերը, քնում է գնացածի սիրած տեղում։ Ասես քո հարազատն է վերադարձել։ Եվ դրա համար ոչ մի խելամիտ բացատրություն չկա։ Սկսում ես հավատալ վերամարմնավորմանն ու այլ առեղծվածային բաների։
Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Ոչ մի միստիկա չկա, ոչ մի վերամարմնավորում չկա։ Այլ կա կատուների մի մեծ-մեծ գաղտնիք։
Ավելի ճիշտ՝ գաղտնի կազմակերպություն։ Գաղտնի պահվող։ Հսկայական։ Զարգացած։ Բոլոր քաղաքներում, արվարձաններում, ամառանոցային ավաններում մասնաճյուղերով։ Ամենուր, որտեղ քաղաքաբնակներ են ապրում։ Գյուղերում մասնաճյուղեր բացելը դեռ չի ստացվում։ Որովհետեւ գյուղացիների ու քաղաքաբնակների մտածելակերպը տարբեր է։
Այդ կազմակերպությունը կոչվում է «Դավաճանվածներին օգնության հիմնադրամ»։ Իսկ մասնաճյուղերը՝ քաղցածների ու անտունների բաշխման կենտրոններ։
Բաշխման կենտրոնները ղեկավարում են փորձով իմաստնացած, երկար ապրած ու իրենց կյանքում շատ բան տեսած ծեր արու կամ էգ կատուներ։ Նրանք իսկական նվիրյալներ են։ Սեփական տուն ու սեփական մարդիկ ձեռք չեն բերում մինչեւ խոր ծերություն։ Ոչ թե որովհետեւ հնարավորություն չունեն։ Ընդհակառակը, հենց իրենց համար կարող էին ամենալավն ընտրել։ Այլ որովհետեւ հաստատ գիտեն․ կուշտ ու տաք պայմաններում կարեկցանքի զգացումը կամաց-կամաց անջատվում է։

Կենտրոնների ղեկավարներն ունեն կամավոր օգնականների հսկայական բանակ․ նրանք տեղեկություններ են հավաքում մարդկանց ու նրանց տների մասին, աղբանոցներում շրջայցեր են անում, նոր-նոր դուրս նետված ու դեռ շփոթվածներին պատմում են հիմնադրամի մասին, օգնություն առաջարկում։
Իհարկե, փողոցային արու ու էգ կատուների մեջ պատահում են նաեւ այնպիսիները, որոնց համար ազատությունն ամեն ինչից թանկ է։ Բայց դա մինչեւ որոշ ժամանակ է թանկ։ Քանի դեռ ուժ ունեն։ Եվ դրսում հուլիս է, ոչ թե փետրվար։
Ինչպես է կատարվում կարիքավորների բաշխումը նոր մարդկանց մոտ։ Հերթ կա՞։
Հերթ, իհարկե, կա։ Բայց ծայրահեղ կարիքի մեջ գտնվողներին, սովահար ու հիվանդներին սովորաբար փորձում են ավելի արագ տեղավորել։ Եվ երեխաներին։ Կատվի երեխաները հիմնադրամի գլխացավանքն են։ Նրանք թաքնվել չգիտեն, վատ մարդկանց լավերից չեն տարբերում, չեն կարողանում ինքնուրույն իրենց համար ճիշտ ուտելիք հայթայթել, առողջ սննդի թռչնակներից ու մկնիկներից նախընտրում են աղբանոցի վնասակար մնացորդները։ Եվ շատ արագ վայրենանում են։ Իսկ կատու աղջիկները, էլ ինչ թաքցնենք, գրեթե անմիջապես մայթ են դուրս գալիս։ Այդպիսի քանի՜ անչափահաս՝ սեփական ձագակույտով, ամեն տարի անցնում է հիմնադրամով․ հաշվել հնարավոր չէ։
Նոր ընտանիքում տեղավորելու ամենաարդյունավետ ու հուսալի տարբերակը ծիածան գնացածի փոխարեն է։ Բայց այստեղ էլ նրբություններ կան։ Թեկնածուն պետք է նախապես ուսումնասիրի իր նախորդի բոլոր սովորությունները։ Հստակ իմանա, թե նա որտեղ էր սիրում քնել, ինչ էր սիրում ուտել, ինչ խաղալիքներով խաղալ։ Այսինքն՝ փորձառու հետախույզի պես սերտի իր ծածկապատմությունը։ Եվ իրեն պահի՝ գոնե սկզբում, ճիշտ այդ ծածկապատմության համաձայն։ Արտաքին նմանությունը ցանկալի է, բայց պարտադիր չէ։ Մարդիկ էլ հո մարդիկ են։ Նրանք տեսնում են այն, ինչ ուզում են, ոչ թե այն, ինչ իրականում կա։
Այդ մարդիկ հետո պատմում են ընկերներին ու ծանոթներին կամ գրում ֆեյսբուքում․ չեք հավատա, բայց նա իմ հանգուցյալ Վասենկայի ճիշտ պատճենն է։ Եվ նույն ձեւով է օրորվելով քայլում։ Եվ քնում է լոգարանի տաշտակի մեջ։ Եվ խմում է իմ բաժակից։ Ճիշտ է, Վասենկան սեւ ու փափկամազ էր, իսկ սա մոխրագույն զոլավոր է, Վասենկայի աչքերը կանաչ էին, իսկ սրանը՝ դեղին, այն էլ ընդամենը մեկը։ Բայց մնացած ամեն ինչով՝ ճիշտ պատճենը։
Ցավոք, ավելի ճիշտ՝ բարեբախտաբար, սիրելի արու ու էգ կատուներն այնքան էլ հաճախ չեն մեռնում։ «Փոխարինման» ծրագիրը չի կարող ապահովել բոլոր կարիքավորներին։ Ի՞նչ անել։
Եվ ահա այդ ժամանակ բաշխման կենտրոնը գործի է դնում իր բոլոր կապերն ու սկսում տեղավորել «համաբնակեցման» ծրագրով։ Այստեղ էլ կան նրբություններ։ Օրինակ՝ չի կարելի հասուն կենդանիների նույն ընտանիքում տեղավորել կես տարին մեկ անգամից հաճախ։ Կես տարին լավ ժամկետ է։ Այդ ընթացքում նախորդ գտնված կենդանին արդեն հասցնում է դառնալ իրենց հարազատը, իսկ տերերը՝ փակել անասնաբուժարանում ունեցած պարտքերը։

Նաեւ չի կարելի նույն ընտանիք միաժամանակ երկու հասուն կատու ուղարկել։ Կատվի ձագերով լի արկղ կարելի է, իսկ հասուններին՝ ոչ։ Թե ինչու է այդպես, գիտությանը հայտնի չէ։ Հնարավոր է՝ որովհետեւ մարդիկ իրենց հաշվման համակարգն ունեն։ Մի արու կատու, մի էգ կատու, մի արկղ։ Ակնհայտ է, որ երկու կատուն մարդկանց համար ավելի շատ է, քան մի արկղը։ Թեկուզ մեջը վեց ձագ լինի։
Շատ կարեւոր է մարդու եկամուտների մասին ճշգրիտ տվյալներ ունենալը։ Եվ հասկանալը, թե նա քանի կատու կարող է պահել՝ առանց կատուներին վնասելու։ Ի դեպ, շատ մարդիկ դա չեն հասկանում ու առաջնորդվում են ինչ-որ տարօրինակ սկզբունքով․ նեղվածք լինի, նեղացած՝ ոչ։ Կամ՝ որտեղ յոթն են, այնտեղ էլ ութերորդը։ Ո՛չ, ո՛չ։ Եթե մարդու մոտ ավելի շատ կատուներ են կուտակվում, քան թույլ է տալիս նրա բյուջեն, մարդն սկսում է իր հաշվին խնայել։ Իսկ դա շատ վատ է։ Դա մշտական սթրես է ու աշխատունակության վատթարացում։ Որպես հետեւանք՝ եկամուտների նվազում։ Ի վերջո, դա կարող է անդրադառնալ ամբողջ կատվային ընտանիքի բարեկեցության մակարդակի վրա։ Ինչն անթույլատրելի է։
Ճիշտ մարդ ընտրելը մանրակրկիտ ու երկարատեւ գործ է։ Բայց երբեմն տեղավորումը հետաձգվում է եւս մի քանի օրով կամ նույնիսկ շաբաթներով՝ հարմար եղանակի սպասելով։ Եթե, իհարկե, տան կարիք ունեցողի վիճակը թույլ է տալիս սպասել։
Ո՞րն է կատու տեղավորելու ամենահարմար եղանակը «համաբնակեցման» ծրագրով։ Հորդառատ անձրեւը, սաստիկ ցուրտը կամ անտանելի շոգը։ Բնության այս բոլոր աղետները ուղիղ 300%-ով մեծացնում են անտուն փիսիկի՝ տուն գտնելու հավանականությունը։
Մինչեւ իր ապագա մարդու աչքին ընկնելը փիսիկը պետք է թրջվի ու մինչեւ ոսկորները սառչի կամ բառացիորեն շոգից սատկելիս լինի։ Որպեսզի մարդը գիտակցի․ եթե ինքն անմիջապես կենդանուն մահից չփրկի, այդ մահը ծանր բեռի պես կմնա մարդու խղճին։ Իսկ մարդիկ ինչ-ինչ պատճառներով այդպիսի բեռով ապրել չեն կարողանում։

Երբ մարդն ընտրված է, իսկ համաբնակեցման օրը՝ նշանակված, բաշխման կենտրոնի ղեկավարը թեկնածուին տալիս է վերջին հրահանգները։ Մոտավորապես այսպես է լինում․
Պատկերացրեք ծեր ղեկավար կատվին ու երիտասարդ անապաստան կատվին։
— Ուղիղ կգնաս անտառի երկայնքով, փորձիր ճանապարհին մի կեղտոտ ջրափոս գտնել ու մեջը լողանալ։ Այո՛, տհաճ է, հակասում է մաքրասիրության մեր կանոնագրքին, բայց այդպես է պետք։ Հետո կթեքվես աջ-ձախ, ձախ-աջ, մի երկար կանաչ ցանկապատ կտեսնես։ Որպես կողմնորոշիչ՝ ամբողջ ցանկապատին «Զգո՛ւյշ, կատաղի շուն» ցուցանակներ են կախված։ Ուշադրություն մի՛ դարձրու։ Այնտեղ շուն կա, բայց ծեր է, խուլ, հաշվել չգիտի, իր կատուներին օտարներից չի տարբերում…
— Իսկ ինչո՞ւ են պահում։
— Որպեսզի կերակրեն։ Մարդիկ սիրում են մեկին կերակրել։ Դրանից հաճույք են ստանում։ Եվ այսպես։ Ցանկապատի վրայով կանցնես կեչու օգնությամբ․ հենց անկյունում է աճում։ Հետո վազիր տան երկայնքով։ Բայց ոչ թե դռան, այլ առաջին հարկի պատշգամբի պատուհանի մոտ։ Այնտեղ պատուհանի մոտ մի հին գրասեղան կա։ Այ դրա վրա բարձրացիր ու սկսիր սեւեռուն ներս նայել։ Կարող ես մի երկու անգամ մլավել։ Բայց շատ-շատ կամաց, կարծես այլեւս բոլորովին ուժ չունես։ Հետո պատրաստ եղիր, որ վրադ գոռալու են, «կորի՛ր այստեղից» են կանչելու ու նույնիսկ ձեռքով են թափ տալու։ Մի՛ վախեցիր, նրանք լուրջ չեն ասում։ Դա նրանց՝ մարդկանց մոտ այդպիսի ավանդույթ է։ Նախ քշել, օգնությունը մերժել, իսկ հետո խղճի խայթ զգալ ու հարյուրապատիկ հատուցել։

— Իսկ ավելով խփելո՞ւ են։
— Հիմարություններ մի՛ ասա։ Այն տները, որտեղ ավելով են խփում, մեր սեւ ցուցակում են։ Հեռու մի՛ գնա, նետվիր թփերի մեջ, հետո վերադարձիր սեղանի վրա, նստիր, սպասիր, դողա, մլավիր։ Մոտ հինգ րոպեից մարդկանց սիրտը չի դիմանա, եւ քեզ մի աման ինչ-որ ուտելիք կտան։ Փորձիր այդ ամենը շատ արագ ուտել՝ առանց ծամելու։ Կարծես մի շաբաթ չես կերել։ Երբ ամանը դատարկվի, շարունակիր լիզել այն։
— Ինչո՞ւ։
— Որպեսզի հասկանան, որ սովից մեռնում ես։ Կարող են անմիջապես տուն տանել։ Իսկ կարող են մի երկու օր մտածել։ Բայց դու մի՛ անհանգստացիր։ Եթե առաջին աման ուտելիքն ստացել ես, համարիր՝ վերջ, քեզ արդեն սննդի ապահովման են վերցրել։ Երբ տուն տանեն, սրբորեն պահիր երկու պատվիրան․ չգողանալ ու անկյունները չկեղտոտել։ Միայն հատուկ գիշերանոթի մեջ։
— Իսկ եթե ամանի ուտելիքը վերջանա, բայց ես դեռ կշտացած չլինե՞մ։
— Հիշիր, բարեկա՛մս, կարգին տներում ամանների ուտելիքը երբեք չի վերջանում։ Ավելին, կգա մի օր, երբ տերերը կսկսեն անհանգստանալ, թե քիչ ես կերել, ու համոզել, որ մի պատառ էլ ուտես։
— Այդպես չի լինում։
— Հենց այդպե՛ս էլ լինում է։
— Իսկ գիշերանոթն ինչի՞ համար է, ես հո փոքր չեմ։
— Հենց փոքրերին էլ կներեն, իսկ մեծերին՝ ոչ։ Պետքերդ ստիպված կլինես անել միայն գիշերանոթի մեջ եւ ուրիշ ոչ մի տեղ։ Մի այսպիսի հնարք հիշիր․ երբ այդ տաշտակի մեջ մտնես, փակիր աչքերդ ու պատկերացրու, որ հիմա ամառ է, իսկ դու մարգերում ես։ Հողը չոր է, տաք, փորելը՝ իսկական հաճույք։

— Ամեն ինչ հիշեցի։ Կարելի՞ է գնալ։
— Սպասիր։ Եվս երկու բան կա, որոնց պետք է պատրաստ լինես։ Վաղ թե ուշ մարդիկ քեզ կլինիկա են տանելու։
— Եթե հիվանդանա՞մ։
— Ո՛չ, ճիշտ հակառակը՝ որպեսզի չհիվանդանաս։ Այնտեղ կսկսեն քեզ ամեն կողմից շոշափել, բերանիդ մեջ նայել, ապակե ձողիկ մտցնել…
— Որտե՞ղ։
— Որտեղ… Թող քեզ համար անակնկալ լինի։ Հետո էլ ասեղներ են խրելու։ Շատ ցավոտ է։ Բայց ստիպված կլինես դիմանալ, եթե ուզում ես տանը մնալ։
— Եվ վե՞րջ։
— Ո՛չ։ Եվս մի փորձություն է լինելու։ Վերջինը։ Քեզ նորից կլինիկա կտանեն, սրսկում կանեն, եւ դու մի կարճ ժամանակով շատ խոր քուն կմտնես։ Նարկոզ է կոչվում։ Արդեն տանը վերջնականապես կարթնանաս ու ուշքի կգաս։ Եվ միայն դրանից հետո կարող ես համարել, որ մշտական գրանցում ես ստացել։
— Իսկ նարկոզն ինչի՞ համար է։ Ես առանց դրա էլ կարող եմ քնել։ Առանց սրսկման։
— Հասկանում ես, բարեկա՛մս… Բայց մոռացի՛ր։ Գլուխդ մի՛ լցրու։ Այդ ամենն այնպիսի մանրուք է եւ այնքան էլ մեծ գին չէ սեփական մարդ ունենալու հնարավորության համար։
— Իսկ տեղացիներն ինձ չե՞ն նեղացնի։
— Դե նրանք բոլորն էլ, համարիր, մերոնք են։ Բոլորն այս բաշխման կենտրոնով են անցել։ Վե՞րջ։ Պատրա՞ստ ես։ Հասցեն հիշեցի՞ր։ Դե, վազիր, Աստված քեզ հետ, անձրեւն էլ հենց սկսվում է։
— Շնորհակալություն!. Ես ձեզ երբեք չեմ մոռանա՜-ա-ա-ա…
Կմոռանաս, սիրելի՛ս, ամեն ինչ կմոռանաս։ Ե՛վ մեզ։ Ե՛վ քեզ հասցրած վիրավորանքները։ Որքան շուտ մոռանաս, այնքան լավ։ Կյանքը չի կարող լցված լինել միայն դավաճանությամբ։ Հակառակ դեպքում այն ոչ մի իմաստ չունի։
***
Ձեզ կարող է թվալ, թե ես ամեն ինչ հորինել եմ կամ, ընդհակառակը, լուրջ լրագրողական հետաքննություն եմ անցկացրել գաղտնի կազմակերպությունը գաղտնազերծելու համար։ Այդպես չէ։ Գաղտնի հիմնադրամի ու համաբնակեցման սխեմաների մասին ինձ պատմել է մեր Կրատովոյի բաշխման կենտրոնի նախկին տնօրենը՝ Պապիկը։ Նա աշնանը թոշակի անցավ։ Եվ որոշեց իր մնացած կյանքը մեզ հետ ապրել։




