Երգացանկ կույր շան համար

Ի՞նչը կարող է փրկել դանդաղ մահվան դատապարտված կույր, նիհար, ագրեսիվ շանը՝ չարորակ ուռուցքով։ Օրինակ՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելու կարողությունը — և ճիշտ մարդկանց առջև։

Уголёк в поле

Գլուխ I․ Շունը հայտնվում է ոչնչից

Շունը կապույտ աչքեր ունի։ Մի աչքը դուրս է պրծած՝ թվում է, թե ուր որ է կպայթի, իսկ մյուսն արդեն պայթել է, ասես հոսել-դուրս է եկել ակնախոռոչից։

Մենք մեքենայում ենք, որը ես դանդաղ քշում եմ խորդուբորդ ճանապարհով։ Տնից դեռ շատ չենք հեռացել։ Շունը հայտնվում է ասես օդից՝ սկզբում մեջքով դեպի մեզ։ Փարթամ պոչ, փայլուն սև մորթի (գուցե տիրոջի՞ց է հետ մնացել։ Բայց չէ, չափազանց նիհար է ու ամբողջովին կռատուկի փշերով պատված), ցցված ականջներ։ Հովվաշուն։ Կամ դրա խառնուրդը։

Այո՛, այո՛, ոչ մի նոր շուն։ Եվ մենք շտապում ենք։ Վերջին օրն է, բանկը փակվելուն մնացել է երեք ժամ։ Սեղմում եմ գազի ոտնակը։ Շունը նույն պահին շրջվում է դեպի մեզ։ Իր սարսափելի աչքերով։ Անակնկալից հարվածում եմ արգելակին՝ մոռանալով սեղմել կցորդիչի ոտնակը։ Մեքենան զարմացած ու վիրավորված խռխռացնում է և կանգնում։

Մարտ, 2020։ Հայաստանը հենց նոր է փակվել քովիդային կարանտինի։ Բանկում առանց այդ էլ ահռելի հերթ է լինելու։ Իսկ այստեղ՝ ակնախոռոչից դուրս ընկած աչք։

Կհասցնենք, աղերսանքով ձեռքերս եմ միացնում ես։ Մի երկու րոպե, կբռնենք նրան, կնստեցնենք մեքենա, կգնանք բանկ, հետո՝ անասնաբույժի մոտ։ Ամեն ինչ կհասցնենք։

***

Քառասուն րոպե։ Հենց այդքան է մի չտեսնող շունը երկու տեսնող մարդու վազեցնում անձրևից փափկած դաշտերով։ Բախվում է քարերին, խճճվում թփերի մեջ, դուրս պրծնում, վախենում, կանգնում, շրջվում դեպի մեզ, չարացած մռնչում ու վազում՝ ուր պատահի։ Պատռում է շան երկու վզափոկ, կրծելով կտրում ձիու մի քորդա, որոնք փորձում ենք լասոյի պես գցել նրա վիզը։

Վերջապես պատահաբար հայտնվում է երեք մեծ քարի միջև, և այն մեկ վայրկյանում, երբ նա կռանում է՝ հերթական հարձակմանը պատրաստվելով, Ֆյոդորը բռնում է վզի կաշվից ու սեղմում գետնին։ Իսկ ես վազում եմ տուն՝ վանդակի հետևից՝ մինչև վերև ցեխով պատված կոշիկներով և արդեն մի փոքր անցք ունեցող զուգագուլպայով․ անցքը սպառնում է ակոսի վերածվել։

— Հաստատ կհասցնենք,— արդեն ոչ այնքան վստահ ասում եմ ես, մինչ մենք լռած շան վանդակը խցկում ենք հետևի նստատեղին ու ինքներս էլ նստում՝ անգամ ձեռքերը լվանալ չհասցրած։

Եղած-չեղած գործն ի՞նչ է․ գնալ ոստիկանություն, Ֆյոդորի համար սոցիալական քարտ ստանալ, թղթերը տանել բանկ, հաշիվ բացել։ Մնացել էր մեկուկես ժամ։

Ուգոլյոկը կլինիկայում
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Գլուխ II․ Շունը անուն և ապրելու իրավունք է ստանում

Ճանապարհի ուղիղ կեսին մեքենայի տակից մի վատ ձայն է լսվում։ Հանգրվանում ենք ճամփեզրին, դուրս գալիս ու միաժամանակ կռանում մեքենայի տակ․ առջևի աջ կիսասռնին անօգնական կախվել է ներքև։ Անիվն այժմ մի ազնիվ խոսքի վրա էր կախված։ Արհեստանոցում դեռ երեք ամիս առաջ համառորեն հորդորում էին մեզ այն փոխել։

Բայց տանող լիսեռը բարեհաճորեն ավարտում է իր աշխատանքային կյանքը վայրէջքի վրա՝ ավտոնորոգման բոքսերից երկու հարյուր մետր հեռու։ Ֆյոդորի հրելով մեքենան գլորվում է այնտեղ։ Մեզ ընդառաջ դուրս եկած մեխանիկն ակնթարթորեն գնահատում է իրավիճակը։ Առանց ավելորդ խոսքի կարգադրում է տաքսի կանգնեցնել, շանը տանել կլինիկա, իսկ ինքը բոլոր պահեստամասերը կգտնի ու մինչև գիշեր մեքենան կսարքի։

Հարևան ավտոլվացման կետից հենց այդ պահին տաքսի է դուրս գալիս։ Մաքո՜ւր է, մաքո՜ւր, վստահեցնում ենք մենք՝ փորձելով մեր մարմիններով ծածկել կռատուկների ամանորյա խաղալիքներով զարդարված պոչը։ Վանդակն էլ է մաքուր։ Շան վզին թողած ու անխնա ախոռի հոտ արձակող քորդան էլ է մաքուր-մաքուր։

Քորդայի գարշահոտը լցնում է ամբողջ մեքենան։ Բայց տաքսիստը կարծես չի նկատում այն։ Բարձր ու առարկություն չհանդուրժող տոնով մեզ է հայտնում իր վերաբերմունքը համասեռականների, ֆեմինիզմի ու Սորոսի նկատմամբ, և թե ինչպես բոլորի հետ հաշիվ կմաքրեր, եթե իրեն մնար։ Իսկ կլինիկա հասնելիս զարմացնում է մեզ անսպասելիորեն փոքր ուղեվարձով։

Շանը թողնում ենք այնտեղ, վազում ոստիկանություն, ստանում սոցիալական քարտը, իջնում բանկ, երկար հերթ կանգնում, երկար թղթերը ձևակերպում։ Զանգում է մեխանիկը՝ մեքենան սարքված է։ Վերցնում ենք այն ու նորից գնում կլինիկա։

***

Վանդակից հանելու փորձերին շունը պատասխանում է չար մռնչոցով ու հարձակվում։ Հինգ հոգով ստիպված են շեղել նրա ուշադրությունը, որպեսզի անասնաբույժը հանգստացնող դեղի ասեղը խրի նրա ոսկրոտ ազդրի մեջ։

Զննելուց հետո բժիշկն առաջարկում է քնեցնել նրան։ Դուրս ընկած աչքը պետք է հեռացնել, հնարավոր է՝ որոշ ժամանակ անց մյուսն էլ պետք լինի։ Վիրահատությունը ծանր է և չի վերադարձնի տեսողությունը, այլ միայն կկանգնեցնի բորբոքումն ու վարակի ներթափանցման հավանականությունը։

Ուգոլյոկը կլինիկայում
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Նա նաև վեներական սարկոմա ունի, իսկ դա նշանակում է մեկուկես ամիս շաբաթը մեկ տանել քիմիաթերապիայի և ամեն անգամ ապահովել ագրեսիվ շան լիակատար անշարժությունը, մինչ վինկրիստինը դանդաղ լցվում է նրա երակը։ Ժամանակներն առանց այդ էլ ծանր են, աշխարհը կամաց-կամաց խելագարվում է, մարդկանց մտքին կենդանիները չեն։

Քիթս եմ քաշում։ Ձևացնում եմ, թե դուրս եմ գալիս մտածելու, Ֆյոդորի հետ խորհրդակցելու։ Բայց անբանական արարքներ գործելուց առաջ իմ սովորական արցունքները ոչ մեկին չեն խաբում։ Բոլորը հասկանում են, որ շունն ապրելու է։

Գիշերը նրան թողնում ենք կլինիկայում։ Որպեսզի առավոտյան անալիզներ վերցնեն ու նախապատրաստեն վիրահատությանը։ Առաջարկում եմ շան անունը դնել Բավական (հայկական լավագույն ավանդույթներով, ռուսերեն թարգմանությամբ՝ «Հերիք է») կամ Լավէլի (նույնպես՝ «Հերիք է»), իսկ Ֆյոդորը, չգիտես ինչու՝ Կոբզոն։ Բայց շունը դառնում է Ուգոլյոկ։

Գլուխ III․ Ուգոլյոկը մռնչում է ու հարձակվում

Ուգոլյոկի աչքը հեռացրել են։ Մյուս աչքի ցանցաթաղանթը շերտազատվել է։ Պետք է սպասել ու հետևել․ եթե այն «չպայթի», կարելի է չվիրահատել։

Ուգոլյոկը կլինիկայում մի ամբողջ շաբաթ է անցկացնում։ Մեծ վանդակում։ Օրը մի քանի անգամ վիրահատական թելերի կետագծերի միջև աչքի անցքի մեջ Լևոմեկոլ են ներարկում։ Վանդակի դռնակը երբեմն չեն փակում՝ Ուգոլյոկի մտքով էլ չի անցնում ճաղերից դուրս գալ։ Նա չի ուզում ո՛չ շոյվել, ո՛չ զբոսնել, ո՛չ ապրել։ Միայն կերի թասն է կարճ ժամանակով կենդանացնում նրան։

Դրամահավաք ենք անում։ Ճշմարտացի պատմում ենք Ուգոլյոկի մասին, ազնվորեն խոստովանում, որ ապաստարանային տրամաբանության բոլոր օրենքներով նրան պետք է քնեցնել, բայց մենք ե՞րբ ենք տրամաբանությամբ առաջնորդվել։ Գումարն ակնթարթորեն հավաքվում է․ մեր շների բուժման ու կերի համար միջոցներով մեզ օգնող մարդկանցից ոչ մեկը չի կասկածում կյանքը պահպանելու մեր որոշման ճշտությանը։

***

Մեկ շաբաթ անց Ուգոլյոկին տուն ենք տանում։ Հասնում ենք, վանդակը հանում մեքենայից, դնում ձիախցում ու սկսում բզբզել դիմադրող շանը, որ դուրս գա։ Ուգոլյոկն անճոռնի թափվում է վանդակից ու անմիջապես կծկվում անկյունում։

Անասնաբույժից խիստ ցուցումներ ունենք։ Լավ կերակրել, որ քաշ հավաքի ու դիմանա քիմիային։ Շարունակել մշակել աչքն ու օրը երկու անգամ հակաբիոտիկ սրսկել։ Արագացված կարգով հիպնոս սովորել՝ Ուգոլյոկի զգոնությունը քնեցնելու համար։ Վերջինը ցուցում չէ, այլ իմ ենթադրությունը, որովհետև չեմ պատկերացնում՝ ինչպես ենք այս բոլոր գործողություններն անելու մի շան հետ, որը մեզ մոտ էլ չի թողնում։

Ձիախցի մի անկյունում փափուկ խոտ ենք փռում, կեր ու ջուր թողնում և հեռանում։

***

Առավոտյան գտնում եմ կերը կերած, իսկ ջրի թասը՝ շուռ տված։ Դռան մոտ բարձրաձայն դոփում եմ, որ սովորի իմ ներկայությանը։ Հետո սկսում եմ քնքուշ ձայնով․

— Բարև՛, փոքրիկ։ Դե, ո՞նց ես։
— Ռռռռ,— ատամներն է բացում փոքրիկը։
— Սովա՞ծ ես, հա՞։
— Ռռռռռ։
— Ծարավ էլ ես…
— Ռռռռռ։ Ռռռռռ։

Չարացած բացված ատամները թասին շատ մոտ են։ Հոգոց եմ հանում ու դանդաղ քայլերթով գնում նրա կողմը, որ շունը լսի ամեն քայլս։ Ուգոլյոկը խոնարհում է գլուխը, այս ու այն անկյունն է նետվում, գլխով խփվում պատին, հետ ցատկում, դրմփում մյուս պատին։ Կանգնում է՝ ամբողջ մարմնով դողալով։ Աչքերս պինդ փակում եմ․ անհնար է նայել այդ հուսահատ նետումներին։

Բռնում եմ թասն ու շտապ չոր կեր լցնում նրա համար։ Փորձում եմ հնարավորինս մոտ դնել նրան։ Երբ մոտենում եմ, Ուգոլյոկը վեր է թռչում ու նորից սկսում պատերին զարկվել։ Ջուրը լցնելուց հետո դուրս եմ գալիս ձիախցից ու փակում դուռն իմ հետևից։ Մեկ ժամից՝ աչքի առաջին մշակումը։

***

Մշակումն այսպես է լինում։ Ֆյոդորն ու ես մոտենում ենք ձիախցին։ Ուգոլյոկը սկսում է մռնչալ։ Ներս ենք մտնում։ Շունը վազում է պատի մոտ, սեղմվում սառը սև տուֆին, մռնչոցն ուժեղանում է։

Ուգոլյոկը ցանկապատված բնում
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Բռնում եմ նրա վրա թողած երկար վզափոկի ծայրից (երկու օրում նա դրանցից ևս երեքը կկրծի), կքանստում ու մեղմ ձայնով պատմում, որ այսուհետ սա իր տունն է, որ պետք չէ վախենալ, և որ մենք նրան չենք քնեցնի, որքան էլ ինքը դա ցանկանա։ Այնպես որ բարի եղիր չբարդացնել մեր առանց այդ էլ բարդ կյանքը։ Ոտքերս թմրում են, բայց շարունակում եմ կքանստած մնալ, որպեսզի նրա հետ նույն մակարդակի վրա լինեմ՝ հույս ունենալով, որ նա կհասկանա դա ձայնի գալու տեղից։

Սպասելով, որ մռնչոցը մի քիչ հանդարտվի՝ հաստ աշխատանքային թաթմանը մեկնում եմ նրա գլխին։ Ուգոլյոկը հարձակվում է թաթմանի վրա։ Այստեղ պետք է ճարպկություն գործադրել ու թաթմանը սեղմել գագաթին։ Այդ ժամանակ նա լռում է։ Ամբողջ մարմնով դողում է, բայց դադարում է հարձակվել։ Մեկ րոպե անց զգուշորեն թաթմանը փոխարինում եմ իմ ձեռքով։ Ուգոլյոկը, առանց դողը դադարեցնելու, իջեցնում է գլուխը։

Հիմա նրան սկսում է շոյել Ֆյոդորը։ Հետո պինդ բռնում է վզի կաշվից՝ նույնպիսի քնքուշ ձայնով մեկնաբանելով ամեն գործողությունը։ Ես վիրակապով կապում եմ նրա բերանը, լևոմեկոլ լցնում աչքի մեջ ու 2 մլ հակաբիոտիկ սրսկում ազդրին։ Արձակում ենք, թողնում հանգստանա ու նորից շոյում գլուխը՝ նախ թաթմանով (ատամներն է կափկափեցնում, օդը կծում), հետո՝ ձեռքով։ Առաջին մշակումն ավարտված է։

***

Երկրում քովիդի դեպքերի թիվն աճում է։ Հայաստանում գրանցվում է նոր վիրուսից առաջին մահը։ Մարդիկ դադարում են համբուրվել ու գրկախառնվել։ Մարդիկ դադարում են հանդիպել։ Մարդիկ դադարում են տանից դուրս գալ։

Մայրաքաղաքում։ Ուշի գյուղում շարունակում են ապրել այնպես, ինչպես ապրում էին՝ հիմնականում «կորոնային չհավատալով», դավադրության տեսություններ մշակելով ու առատորեն կիսվելով նոր հիվանդության դեմ պայքարի զանազան տնային միջոցների մասին տեղեկություններով․ հիվանդություն, որը «գրիպից վտանգավոր չէ»։

Մենք պատռվում ենք այս երկու իրականությունների միջև՝ չհասկանալով, թե որն է ավելի վախեցնում։

Մենք ոչ մի տեղ փակված չենք, անծայրածիր դաշտեր ունենք։ Բայց ընդհանուր վախը փոխանցվում է «այնտեղից» զանգերով, սոցիալական ցանցերով, լրատվական կայքերով, որոնք վիրուսի մասին առայժմ ոչ մի հավաստի բան չգիտեն։

Մեր գլխավոր թերապևտիկ շան՝ Միկկի Մուկի մոտ լիմֆոմա է հայտնաբերվում։ Նրա փայծաղը հեռացնում են։ Այժմ ամիսը մեկ պետք է նրան տանել արյան անալիզ հանձնելու և հետևել նոր ուռուցքների հնարավոր առաջացմանը։

Կշռադատելով բոլոր կողմ ու դեմ փաստարկները, խորհրդակցելով անասնաբուժության ու մարդկային բժշկության տեղացի և արտասահմանցի մասնագետների հետ՝ որոշում ենք այլևս ոչ երիտասարդ շանը քիմիա չանել։ Բայց հարկավոր է նրան անցկացնել Ռենալի՝ երիկամային հիվանդների կերի։ Կերն էժան չէ, վիրահատությունն էլ, սարսափից ու անորոշությունից կաթվածահար աշխարհից առանց այդ էլ դժվար է գումար խնդրել, իսկ այստեղ դեռ Ուգոլյոկին է լավ կեր պետք, ու շուտով քիմիաթերապիա է սպասվում։

Բայց, խոստովանեմ, հենց Ուգոլյոկի, ավելի ճիշտ՝ նրա հետ քաշքշուկի շնորհիվ ենք գոյատևում համավարակի հավաքական վախի ու Միկկի Մուկի համար մեր անձնական վախի մեջ։

Գլուխ IV․ Ուգոլյոկն ու մյուս կենդանիները գնում են կլինիկա

Այն օրը, երբ միջմարզային ճանապարհներին անցակետեր են տեղադրում, Ուգոլյոկի համար կլինիկայում կարերի ստուգում է նախատեսված, Միկկի Մուկից պետք է առաջին ամսական արյան անալիզը վերցնեն, հետվիրահատական Կայուկ կատվի մոտ փորկապություն է սկսվում, իսկ ամենաքովիդավտանգավոր մարզի ամենաքովիդավտանգավոր գյուղում մի մասնավոր այգի է մտնում կրակված թևով արագիլը։

Ավելի ճիշտ՝ արագիլն այգում հայտնվում է երեք օր առաջ։ Բայց սոցիալական ցանցերում թռչնին օգնելու աղերսներին ոչ ոք չի արձագանքում․ գյուղ մտնել գուցե հնարավոր է, բայց անցակետերի ոստիկաններին կտրականապես արգելված է մեքենաներ այնտեղից դուրս թողնել։

Մեր երեք կենդանիների կլինիկայի այցը նշանակված է երեկոյան, ուրեմն կարելի է ցերեկը փորձել արագիլին դուրս բերել։ Երեք մարզով ու վեց անցակետով անցնել, հա մեծ բա՜ն է։

***

Անցակետերում երկար համոզում ենք ոստիկաններին։ Պատմում ենք Կենտավրի, կենդանիների, նրանց օգնությամբ թերապիայի մասին։ Թողնում են անցնենք։ Վերջին քովիդային կետում մեր Կենտավրի տնօրենի ստորագրությամբ թուղթ են պահանջում։ Թո՞ւղթ։ Իհարկե, հենց այս վայրկյանին։

Վերադառնում ենք մեքենա, արագ մի թերթ եմ պոկում նոթատետրից, իմ դժվարընթեռնելի ձեռագրով աշխատակիցներին լիազորում գտնել ու փրկել արագիլին, ուսապարկից հանում կնիքը, իսկ Ֆյոդորը շնչում է վրան ու ուժով սեղմում թերթին․ կնիքը վաղուց թանաք չունի։ Թերթին այն թույլ, բայց արտատպվում է։

Ոստիկանները մեզ բաց են թողնում։ Սակայն ուրախությունը երկար չի տևում․ արդեն կարանտինով փակված մարզում, վերելքի վրա, մեքենան կանգնում է․ կոտրվում է վառելիքի մատակարարումը կարգավորող կոճակը։ Ֆյոդորը բեռնատարների վարորդների է կանգնեցնում (էլ ո՞վ կհամարձակվի նման տեղում մեքենա կանգնեցնել)՝ գործիքներ խնդրելու։ Պտուտակահանում է վահանակը, կտրում մի լար, ինչ-որ բան ինչ-որ բանի ամրացնում, և մեքենան նորից աշխատում է․ միայն թե պետք է մատով սեղմած պահել կոճակը։ Հերթով սեղմելով՝ հասնում ենք արագիլի մոտ։

Արագիլը տուփի մեջ
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Ամբողջ այգով հետապնդում ենք նրան, քշում ցախանոց, բռնում, տեղավորում տուփի մեջ ու հետ գնում։ Այգու տերը ցույց է տալիս շրջանցիկ, բացարձակ անճանապարհ, մեքենա ջարդող մի ուղի, բայց փոխարենը՝ առաջին անցակետը շրջանցող․ այնտեղ հրաման ունեին մարզից մեքենաներ դուրս չթողնել։ Սողոսկեցինք։ Արագիլին թողնում ենք կլինիկայում ու սլանում տուն՝ մեր երեք կենդանիների հետևից։

***

Տանը երկար փորձում ենք Ուգոլյոկին տեղափոխման վանդակը մտցնել․ ձիախցով մեկ քշում ենք, մինչև պատահաբար վազում-մտնում է մեծ կապույտ վանդակը։ Որը հաստ աշխատանքային թաթմաններով տանում ենք մեքենայի մոտ, որովհետև մռնչոցը նույնիսկ վանդակում չի դադարում։

Կլինիկայում նույն կերպ ենք նրան վանդակից հանում․ ողջ ուժով քորդայից քաշում ենք, դնչին վիրակապ գցում ու կապում։ Վեներական սարկոմայի պատճառով նրա քթից արյունոտ թարախ է գալիս, կապած բերանով դժվար է շնչում ու խռխռացնում է։ Մտքովս անցնում է, որ ավելի լավ էր միանգամից քնեցնել, քան այսպես տանջել։

Անասնաբույժը, սակայն, գոհ է վերքի ու կարերի վիճակից։ Եվս մի քանի օր, ու կարելի է հանել դրանք։

Արագիլի թևն անդամահատում են։ Հաջորդ օրը մենք նրան տուն կգտնենք։ Միկկի Մուկից արյուն են վերցնում։ Հաջորդ օրը անալիզները մաքուր կգան։ Կայուկին հոգնա են անում, և նրա վրդովված ճիչերից պատերը դողում են։

Կեսգիշերին, փորձելով աչքներս բաց պահել, վերադառնում ենք տուն։

Գլուխ V․ Ուգոլյոկը բարձր նոտաներ չի սիրում

Ուգոլյոկի հետ հարկավոր է ծեսեր մշակել ու խստորեն հետևել դրանց։ Որպեսզի կայունության ու անվտանգության զգացում առաջանա։ Ջուրն ու կերը միշտ նույն տեղը դնել։ Բերանը վիրակապով կապել, շոյել, սրսկել, վերքը մշակել, վիրակապը հանել, շոյել, կերը լցնել, շոյել։

Ուգոլյոկը սեղմվում է գետնին, թաթերը տակն է քաշում, դողում, մռնչում, երբ թաթին դիպչում ես, և հետ է ցատկում, հենց դադարում ես շոյել։ Բայց մի փոքր առաջընթաց կա․ հիմա նա մեզ մեզ վրա հարձակվում է օրվա բոլոր այցերից միայն առաջինի ժամանակ։ Մյուս անգամները լարվում է, սպառնալի ձայներ հանում, բայց չի հարձակվում։

Մաքուր օդ հանելու փորձերն անխուսափելիորեն ձախողվում են․ շունը վայրենի սարսափ ունի ձիախուցը լքելուց։ Եթե իրեն մնար, վանդակից էլ դուրս չէր գա։

***

Քնելուց առաջ պարտադիր ծեսն է՝ մտնել ձիախուց, նստեցնել կողքիս ու շոյել, շոյել, շոյել։ Մերթ մռնչալով, մերթ լռելով՝ Ուգոլյոկը ցույց է տալիս, թե ինչ տեմպով ու որ մասը շոյել։ Քիմիաթերապիայի համար արյուն հանձնելու գնալուց երկու օր առաջ անվստահ դիպչում եմ կոկորդին։ Կտրուկ գլուխը վեր է նետում, քարանում եմ․ հիմա կկծի։ Եթե կծի, պետք է արձագանքել։ Բայց ինչպե՞ս։ Պատժել չի կարելի, լռեմ՝ կհիշի։

Եվ հանկարծ Ուգոլյոկն իջեցնում է գլուխը։ Քիչ է մնում ուրախությունից լաց լինեմ․ թույլ տվեց դիպչել ամենախոցելի տեղին։ Որքա՜ն անպաշտպան է։ Լիակատար մթության մեջ, անհայտության մեջ։ Մեր կապն այնքան փխրուն է։ Մի սխալ շարժում, և վերջապես հայտնվող վստահության ծիլերը կանհետանան։

***

Բայց իսկական հարաբերությունները, ոչ թե դալուկ կեսկապերը, Ուգոլյոկի ու իմ միջև ծնվում են շնորհիվ… երաժշտության։ Սիրում եմ երգել մեր ախոռի թնդուն արձագանքի մեջ։ Ուգոլյոկի ձիախցում մի գրկաչափ խոտի վրա նստած ու մատներս նրա մեջքով շարժելով։ Ուգոլյոկն աշխույժ արձագանքում է։ Եթե երգը դուր չի գալիս, թեթև մռնչում է։ Եթե արդեն անտանելի է, մռնչոցն ուժեղանում է, դեռ ատամներն էլ է ցույց տալիս։ Եթե ստեղծագործությունն իր սրտով է, Ուգոլյոկն իջեցնում է գլուխն ու կիսափակում աչքերը, ավելի ճիշտ՝ աչքը։ Այդպես երգերը բաժանում ենք «մերոնց» ու «օտարների»։

Ես․ «Ibrahi-i-im…» (մեր ախոռի ակուստիկան ուղղակի ստեղծված է Ֆրեդի Մերկուրիի Mustafa-ի համար)։
Նա․ Չհամարձակվե՛ս (բարձր մռնչոց, ականջներն անսահման սարսափից ցցվում են)։
Ես․ Լավ, լավ։
«There’s no time for us
There’s no place for us…»
Նա․ Գուցե (կարճ, թույլ մռնչոց, երկրորդ տան ժամանակ դադարում է։
Ես․ «When love must die!»
Նա․ Այնուամենայնիվ՝ ո՛չ (մռնչոցը վերսկսվում է, մարմինը լարվում է)։
Ես․ Հասկացա, հասկացա, առանց արտահայտչականության (տողը գրեթե շշուկով եմ երգում, բարեհաճորեն իջեցնում է ականջները)։

Հմմ, գուցե Քեթի Մելուա՞։ Նրա քնարականությունը հավանության է արժանանում բծախնդիր Ուգոլյոկի կողմից։ Scorpions-ի «Maybe I, maybe you»-ն վրդովմունքով մերժվում է, բայց գուցե իմ անտաղանդ կատարման մեղքով։ Սևահեր աղջկա մասին տխուր երգը, որին սիրելին փոխել է ճերմակ գանգուրներով աղջկա հետ՝ շրշացող բարդիների ու լացող ուռիների հովանու տակ, այն երգերից իմ ամենասիրելին, որ մայրս մանկությանս երգում էր ինձ, Ուգոլյոկը լսում է անշարժ պառկած՝ նույնիսկ մոռանալով հետ քաշել առջևի թաթը, երբ դիպչում եմ դրան։

Ուգոլյոկը պառկած է
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Ձիու հետ դաշտ ենք ելնում ամբողջ երկու անգամ։ Փնտրում ենք Բուտուսովի այդքան սիրած թևերը, Անդրեաս առաքյալին ուղարկում խաչին կախվելու։ Գայլուհու հայացքով փոքրիկ աղջկա և տուզերի ու ջոկերների մասին սկսում եմ որոշ զգուշությամբ՝ Կրեմատորիի երգերի երաժշտական «անհարթության» պատճառով։ Բայց Ուգոլյոկն անսպասելի քնքշությամբ է ընդունում դրանք։ Մի կռահում է փայլատակում։ Եվս մի քանի տարբեր երգ եմ փորձում, ու կռահումը հաստատվում է։ Ուգոլյոկին լարում է ոչ թե մեղեդու անհարթությունը, այլ դրա սրությունը։ Իսկ խրոխտությունն իրեն նույնիսկ դուր է գալիս։

Խարդախություն չսպասելով՝ համարձակ անցնում եմ կոնյակի մեջ խեղդված ինքնախոհությանն ու աղցանի մեջ պղպեղի և սոխի անպետքությանը։ Ուգոլյոկն անսպասելի մռնչում է, ձիու պես ականջները հետ տանում։

— Ուգոլյո՛կ,— նրա հասկացողությանն եմ դիմում ես,— էլ որտե՞ղ կարող եմ Արբենինա երգել՝ առանց վախենալու, որ կլսեն ու կխայտառակվեմ։ Թո՛ղ գոնե մի տուն երգեմ։

Բայց Ուգոլյոկը համառում է։ Թե՛ այս, թե՛ Արբենինայի մյուս երգերի ժամանակ, որոնք փորձում եմ նրա սուր ականջների կողքով անցկացնել։

Ուգոլյոկի սիրելի երգը դառնում է Սուրգանովայի «Իմ ուղին»։ Ինչ էլ երգեմ, երեկոյան ախոռային համերգը հենց այս երգով պետք է ավարտվի։ Թվում է՝ նույնիսկ ձիերն են դադարում ծամել ու ականջ դնում հրաշալի տողերին․

«Դեպի քո հոգին, ինչպես այն ժամանակ, զառիթափ աստիճաններով վայրէջքն է տանում,
Իմ ուղին մաշված ներբանի մերկության պես է՝
Այո՛, դե թող լինի…»։

Փորձից, այսինքն՝ Ուգոլյոկի մռնչոցից դաս առած՝ երկարաձիգ «Դե թող լիիինի»-ն շտապ ու ցածրաձայն եմ երգում։ Մնացած տողերը շունը լսում է գրեթե թուլացած մարմնով, գլուխն իջեցրած ու աչքը փակած։

Գլուխ VI․ Ուգոլյոկը սկսում է աշխարհ դուրս գալ

Քիմիաթերապիան սկսելու համար արյուն հանձնելուց մեկ շաբաթ առաջ սկսում ենք զբոսնել։ Դրանք տևում են ամենաշատը տասը րոպե, ավելիին ուժերս չեն հերիքում։ Զբոսանքներն այսպես են լինում․ երկար փորձերից հետո վզափոկ եմ ամրացնում Ուգոլյոկին (մշտական քորդան հանել ենք) ու ողջ ուժով քաշում ձիախցից դուրս։ Ուգոլյոկը դիմադրում է՝ նույնպես իր արդեն ամրացած մարմնի ամբողջ ուժով։

Փաղաքուշ հորդորները հայհոյանքների հետ խառնելով՝ նրան ձիախցից փողոց եմ հանում։ Մոտակայքում թրև եկող շներն ու կատուները վազում են բարևելու։ Կատուներին Ուգոլյոկը հետաքրքրությամբ հոտոտում է։ Շներից վախենում է։ Ձիերի խրխինջից ցնցվում է, ինչպես, ի դեպ, մեծ, աղմկոտ, անհասկանալի ու դրանից էլ վտանգավոր աշխարհի բոլոր անսովոր ձայներից։

Բակում Ուգոլյոկը պտտվում է շուրջս, ասես ես տոնածառիկ եմ, իսկ նա՝ հիստերիկ մանկական շուրջպար։ Իմ առանց այդ էլ թույլ վեստիբուլյար ապարատն ակնթարթորեն հանձնվում է․ գետինը երկինք է դառնում, երկինքը՝ գետին։ Գլխումս ահռելի արագությամբ պտտվող երկրագնդի գվվոցն է առաջանում։ Կարճացնում եմ վզափոկը, ջանասիրաբար քնքուշ, բայց մետաղի տաշեղներով ձայնով կոչ եմ անում կանգնել։ Պտույտները միայն արագանում են։

Ուգոլյոկը զբոսանքի ժամանակ
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Փորձում եմ բռնել վզի կաշվից ու սեղմել գետնին։ Վերջապես ստացվում է։ Աչքերիցս զայրացած արցունքներ են կաթում։ Ուզում եմ ծեծել նրան, բարձր գոռալ, անմիջապես քնեցնել։ Ուգոլյոկն աչքը չռում է ու սարսափից դողում։ Ծնկի եմ իջնում, գլուխս խոնարհում՝ սրտխառնոցն ու գլխապտույտը մեղմելու համար, սկսում եմ անկանոն շոյել գլուխը, վիզը, մեջքը, անիմաստ հարցեր եմ տալիս, թե չի՞ հոգնել մեզ տանջելուց, մի քիչ ուշքի եմ գալիս, ափսոսում, որ վախեցրի, վստահեցնում, որ սիրում եմ, սրբում անօգնական արցունքները։

Այսպես ենք ամեն օր զբոսնում։ Մի ամբողջ հինգ ամիս ես տարուբերվում եմ Ուգոլյոկի հանդեպ խղճահարության, թե՛ իմ, թե՛ նրա տանջանքներին վերջ տալու ցանկության և նրա համար ու նրա հետ պայքարը շարունակելու որոշման միջև։

***

Արյուն հանձնելուց երեք օր առաջ և մեզ մոտ հայտնվելուց երկու ամիս անց Ուգոլյոկը դադարում է մռնչալ, երբ մտնում ենք ձիախուց։ Ատամներն է ցույց տալիս, փախչում, բայց այլևս չի մռնչում։ Մեկնած ձեռքն ուրախությամբ չի ընդունում, բայց չի էլ մերժում մինչև վերջին ջիլն անմիջապես հոշոտելու չար սպառնալիքով։

Հրաժարվում է ինքնակամ լքել ձիախուցը, բայց այլևս չի դիմադրում այնպես, ասես սպանդի են տանում։ Շներին ու կատուներին թույլ է տալիս իրեն հոտոտել, բայց ինքը նրանց հանդեպ հետաքրքրություն չի ցուցաբերում։ Եվ միայն արագացող պտույտներն են անփոփոխ ուղեկցում մեր այսպես կոչված զբոսանքներին, որոնցից հետո մեկ ժամ պառկում եմ ու մոլորակը վերադարձնում համեմատաբար անշարժ վիճակի։

***

Արյուն հանձնելու օրը նա ինքն է վզափոկով կլինիկայից մինչև մեքենան գնում։ Դե, ի՞նչ ինքնուրույն։ Ես քաշում եմ, նա դիմադրում է, հետո մի երկու քայլ անում, կանգնում, սեղմվում գետնին, ես շոյում ու գովում եմ, նորից քաշում, ևս երկու-երեք քայլ է անում։ Այդպես հասնում ենք մեքենային։ Տանջանքն ավարտվելուց թեթևացած հոգոցով ինքն է մտնում նստատեղին դրված հարազատ տեղափոխման վանդակը և երեսուն մետրանոց երկար զբոսանքից հոգնած՝ քնում։

Գլուխ VII․ Ուգոլյոկը սկսում է տեղի տալ

Ուգոլյոկը քիմիաթերապիա է ստանում։ Շաբաթը մեկ՝ խստորեն որոշակի օր ու ժամի։

Պառկած է սեղանին, ականջները սեղմած, շագանակագույն եզրերով կապույտ աչքն անհանգիստ այս ու այն կողմ է վազում։ Բերանը վիրակապով կապված է, որ չկծի․ դնչկալը սարսափով ընդունեց, վիրակապին նորմալ է արձագանքում, միայն թե դեռ խռխռացնում է՝ թարախով անընդհատ փակվող քթանցքների պատճառով։ Բարեբախտաբար, հանգստացնող ներարկման կարիք չեղավ․ Ուգոլյոկը հանգիստ պառկած է, մինչ դեղը կաթիլ առ կաթիլ լցվում է երակը։

Արդեն երկրորդ քիմիայի ժամանակ, մինչ մեր հերթին ենք սպասում, Ֆյոդորի վզափոկով պահած Ուգոլյոկը մոտենում է ինձ ու պառկում ոտքերիս մոտ։ Առաջին անգամ այս ու այն կողմ չի նետվում, այլ հանգիստ սպասում է։ Ես բուռն ուրախանում եմ՝ ի զարմանս ու անհասկացողություն հերթում սպասող շների մյուս տերերի, որոնց կենդանիները ծուլորեն փռվել են տերերի ոտքերի մոտ․ էլ որտե՞ղ պիտի լինեին։

Քիմիայից հետո շունը հաճախ վատ է զգում, կարող է փսխել, հրաժարվում է ուտելիքից։ Բայց ոչ Ուգոլյոկը։ Թե՛ ախորժակը, թե՛ ինքնազգացողությունը գերազանց են։

***

Քիմիաթերապիայի երրորդ շաբաթում կերով մոտենում եմ Ուգոլյոկի ձիախցին։ Քթանցքներից թարախը զգալիորեն պակասել է, Ուգոլյոկը սկսել է հոտեր զգալ։ Այլևս պետք չէ ոտքերով դոփել, որ հասկանա՝ ես այստեղ եմ։

Կանգնում եմ ձիախցի դռան մոտ։ Ուգոլյոկը վեր է թռչում, որ սովորականի պես հետ վազի ու սեղմվի պատին, բայց հանկարծ միտքը փոխում է։ Կանգնում ու «նայում» է իմ կողմը։ Չեմ շտապում բացել դուռը։ Թեթև թափահարում եմ թասը, կերի տափակ գնդիկներն իրար են խփվում։ Ուգոլյոկը քարանում է, հետո ոտքից ոտք փոխվում ու հանկարծ թույլ կաղկանձում։ Իսկական շան պես։ Գրեթե երեք ամսվա ընթացքում առաջին անգամ նրանից մռնչոցից տարբեր ձայն եմ լսում։ Ես նույնիսկ նրա հաչոցը երբեք չեմ լսել։

***

Մեր զբոսանքներն աստիճանաբար երկարում են։ Հիմա ոչ միայն մեր բակում ու ձիավարժարանում ենք զբոսնում, այլև դաշտ ենք դուրս գալիս։ Այնտեղ Ուգոլյոկն անցնում է համաչափ վազքի, հետո, կարծես հանկարծ ինչ-որ բան հիշելով, նորից սկսում է պտտվել միայն իրեն հասկանալի կատաղի ծիսական պարով։

Նրան տանում եմ սովորական ճանապարհներով։ Սուրիկ քեռու խնձորի այգու մոտի արահետին երկու ոչ խոր, բայց լայն փոս կա։ Ուգոլյոկը երկրորդ անգամից հիշում է դրանք։ Ռոմիկի հողում ոռոգման ջրի առուներ կան ու մի մեծ ընկուզենի։ Ծառը շրջանցում ենք, բայց առուների վրայով թռչել սովորելու համար ժամանակ է պետք։ Քայլում ենք ոլորապտույտ արահետներով, հաղթահարում վայրէջքներն ու վերելքները՝ ամեն օր ճանապարհի նոր անծանոթ հատված ավելացնելով։

Հասմիկն ու Ուգոլյոկը
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Փորձում եմ Ուգոլյոկին հնարավորինս շատ ինքնուրույնություն տալ․ թող ինքը սովորի զգալ ու շրջանցել խոչընդոտները։ Միջամտում եմ միայն այն ժամանակ, երբ կա ապակու, քարի սուր անկյան կամ դուրս ցցված լարի բախվելու հավանականություն։ Ոչ սուր քարերին ու ծառերի բներին խփվել կարելի է։ Ոչ շատ ուժեղ, վզափոկով մի քիչ պահում եմ, բայց ամեն անգամ աչքերս պինդ փակում։ Մոնտեսորի շատ կարդացած, բայց, այնուամենայնիվ, հոգու խորքում անհանգստությունից այս ու այն կողմ նետվող մոր պես։

***

Արդեն ոչ ամեն օր, բայց երեկոյան երգեցողությունը շարունակվում է։ Սրությունը դեռ լարում է Ուգոլյոկին, բայց այլևս սարսափի չի մատնում․ երբեմն կարելի է նաև դիմանալ։ Եվ, օ՜ հրաշք, Արբենինան դուրս եկավ անբարեհաճությունից։ Ո՛չ, Ուգոլյոկը նրա ստեղծագործության երկրպագուն չդարձավ, բայց հիմա երբեմն կարող եմ զգացմունքով ու առանց իմ միակ ունկնդրի նախազգուշական մռնչոցի կոկորդ պատռել․

«Ինձ հետ հեշտ չէ։ Ինձ հետ, ներիր, անտանելի է»…

Օգոստոսին Ուգոլյոկն արդեն ամբողջովին ավարտում է քիմիաթերապիայի բոլոր վեց կուրսերը։ Թարախը վերջապես լքում է նրա քթանցքները, Ուգոլյոկը հեշտ ու ազատ է շնչում։

Գլուխ VIII․ Ուգոլյոկը ներթափանցում է ոհմակ

Օգոստոսյան մի շոգ երեկո մտնում եմ ախոռ ու Ուգոլյոկի ձիախուցը դատարկ գտնում, իսկ դուռը, որ ավելի անհասկանալի է, փակ։

Օգնության եմ կանչում Ֆյոդորին, սկսում ենք փնտրել։ Ուգոլյոկին գտնում ենք խնձորի այգու հետևում՝ սալորաչրի ծառերի շարքերի մոտ։ Հետապնդում ենք նրան։ Ինչքա՜ն ազատ է վազում՝ գրեթե չբախվելով քարերի, ծառերի ու այլ խոչընդոտների, հիանում եմ ես։ Հոգուս մեջ, լուռ, ինձ համար։ Բարձրաձայն գոռում եմ, որ եթե մեր տանն իրեն դուր չի գալիս, ապա ինքը՝ անշնորհակալ խոզը, կարող է մնալ դաշտում ապրելու։

Ուգոլյոկը երկար վազեցնում է մեզ ամառվա արևից խանձված դաշտերով։ Եվ, հուսահատ մեզնից փրկվելով, վազում է ուղիղ դեպի ախոռ, «մխրճվում» դռան մեջ ու քարանում։ Սիրտս պատրաստ է դուրս թռչել կրծքիցս․ տո՛ւն, նա տո՛ւն վազեց։

Ուգոլյոկը ևս մի երկու անգամ կփախչի, մինչև կհասկանանք, որ նա կարողանում է մարմնով դուռը ներս հրել ու անհասկանալիորեն նեղ ճեղքով դուրս սողոսկել, և կսարքենք սողնակը։

***

Չի կարելի ասել, թե Ուգոլյոկն ամբողջովին սովորել է ձիերի ներկայությանը ախոռում ու արոտավայրում, բայց նրանց հանդեպ վախը զգալիորեն պակասել է։ Զբոսնելիս հասնում ենք արածող ձիերին։ Ֆեբուսն անտարբեր հոտոտում է Ուգոլյոկին․ նա սեղմում է ականջները, բայց հետ չի վազում։ Ժեֆֆան շանը նույնիսկ չի նկատում․ զբաղված է դունչը գրպաններս խոթելով՝ այնտեղ մնացած համով բաներ գտնելու ակնկալիքով։

Սալման հարձակվում է Ուգոլյոկի վրա
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Եվ միայն հիստերիկ Սալման, որից այդպես էլ չեն ցնդել իր գյուղացիական վարվելակերպերը, բարձրացնում է առջևի ոտքը, մի կարճ՝ կա՛մ փռնչոցի, կա՛մ խրխինջի նման ձայն հանում ու հարձակվում Ուգոլյոկի վրա։ Սալմայի համար աշխարհը չի բաժանվում խոտակերների ու գիշատիչների․ նրա համար բոլոր անցորդներն անպայման իր խոտի դեմ են ոտնձգություն անում։ Ուգոլյոկը վախենում է, անսպասելի ուժեղ քաշում, և ես ընկնում եմ մի փոքր առու, որի մեջ հենց նոր ոռոգման ջուր են բաց թողել։ Օգոստոսյան շոգին՝ հենց տեղին։

***

Զբոսանքի մեկ ժամը լրանալիս հանկարծ նկատում եմ, որ գնում եմ՝ մտքերով տարված, վզափոկը թևնոցի պես դաստակիս անցկացրած։ Ուրեմն Ուգոլյոկն այնքան համաչափ է առաջ գնում, որ մոռացել եմ նրա մասին։ Հինգ ամսվա մեջ առաջին անգամ համաչափ է գնում։ Այդքան նշանակալի փոփոխությունից ոգևորված՝ նոր վարժություն եմ մտցնում․ զբոսանքի ընթացքում մի քանի անգամ հանկարծ կանգնեցնում եմ նրան ու սկսում շոյել։ Ուգոլյոկը սովորում է պառկել ու չպոկվել։ Զգալ հպումներս տարբեր տեղերին (դադարել է առջևի ոտքը հետ քաշել), ձեռքիս, գրկախառնություններիս ծանրության տարբեր աստիճանները։

***

Սկսել ենք Ուգոլյոկին մեկ-երկու ժամ թողնել շների բակիկում․ սկզբում հեռվից մեր հսկողության տակ, հետո՝ բոլորովին մենակ։ Նրա վերականգնումն ավարտվել է, հիմա սովորելու է ապրել հասարակության մեջ։ Նրա մոտ տարբեր բներից բաց ենք թողնում՝ միայն աղջիկներին։ Աղջիկները գլխապատառ սլանում են նրա մոտ, հոտոտում ու վազում իրենց գործերով։ Ուգոլյոկն արդեն ուզում է շփվել։ Փորձում է նրանց հետևից հասցնել, բախվում է ցանցին, ընկնում շների փորած ոչ խոր փոսերի մեջ՝ շոգից պատսպարվելու տեղերը, անօգնական կանգնում։

Ուգոլյոկի մոտ թողնված առաջին տղան Վոլչան է։ Վոլչան ու Մամաշան՝ հսկայական որդին ու մայրը, ապրում են ընդարձակ ցանկապատված բնում, Վոլչան ամորձատված է, եթե լեզու գտնեն, կարելի է Ուգոլյոկին նրանց բնում բնակեցնել։ Մամաշան Ուգոլյոկի հանդեպ աշխույժ հետաքրքրություն է ցուցաբերում։ Բոլոր կողմերից ցատկում է վրան, մոլեգնորեն հոտոտում։ Ուգոլյոկը երկչոտ լիզում է նրա քիթը, Մամաշան բարեհաճորեն ընդունում է ուշադրության նշանները։ Նրանց միանում է Վոլչան։ Սրանք առաջին շներն են, որոնք իսկապես խաղում են Ուգոլյոկի հետ։

Բայց միայն բակիկում։ Բնում Ուգոլյոկը փորձում է մոտենալ Վոլչային, նա կամաց մռնչում է, Ուգոլյոկը սեղմվում է անկյունում ու ժամերով պառկում այնտեղ, մինչև դուրս կթողնենք։ Մի քանի օր փորձում ենք, բայց հրաշք չի լինում․ Վոլչայի ու Մամաշայի բնում Ուգոլյոկն իրեն ավելի միայնակ է զգում, քան իր ձիախցում։

***

Մի քանի օր մտածում ենք Ուգոլյոկի բնակարանային հարցի մասին։ Բոլոր բներն աչքի ենք անցկացնում, բայց հարմար չենք գտնում․ մեկ անտարբեր աղջիկներ են, մեկ՝ տղաներ, իսկ տղաների հետ կարող է կռվել։ Երեք աղջիկների՝ Տատիկի, Աչերիկի ու Մալիշի բնակարանը քննարկում ենք առանց մեծ ոգևորության։ Մի բնում չորս շունը, նույնիսկ մերոնց պես մեծ բնում, շատ է։ Բացի այդ, աղջիկները սովոր են իրար ու հիմնականում իրար հետ են խաղում։ Բայց արժե փորձել։

Ուգոլյոկն աղջիկների հետ
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

***

Այս որոշումն անսպասելիորեն ճիշտից էլ ավելի ճիշտ է լինում։ Ուգոլյոկին փոքրիկ ոհմակ անմիջապես ընդունում է Տատիկը։ Պառկում է կիպ կողքին ու սկսում կոկետություն անել՝ թավալվում է, սեղմվում, թաթով անցնում Ուգոլյոկի դեմքի վրայով, զգուշորեն լիզում։ Տատիկը թերապևտիկ շուն է։ Մանկական ապաստարանները կարանտինի պատճառով փակ են նրա այցելությունների համար, ահա և Ուգոլյոկի վրա է վարժվում։ Նրան առաջնորդում է բակիկով՝ սկզբում քայլքով, հետո դանդաղ վազքով։ Եթե Ուգոլյոկը հետ է մնում, նա կանգնում ու սպասում է։

Թմբլիկ Մալիշը Ուգոլյոկի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում միայն այն ժամանակ, երբ նրա առջև կերով լի թաս է։ Անհամբեր ոտքից ոտք է փոխվում իր կարճ թաթերի վրա, դանդաղ մոտենում թասին՝ հուսալով, որ Ուգոլյոկն իրեն չի տեսնում, ուրեմն չի էլ նկատի։ Ուգոլյոկը նախազգուշացնող մռնչում է։ Մալիշը հոգոցով հեռանում է, որպեսզի մի քանի վայրկյան անց նոր փորձ անի։

Աչերիկը, հենց ձանձրանում է, սկսում է հարձակվել Ուգոլյոկի վրա։ Նրան սեղմում է պատին ու մարմնով և մռնչոցով պահում՝ աչքի պոչով շեղ նայելով նրան․ Ուգոլյոկը հասկանո՞ւմ է՝ Աչերիկն ինչքան սարսափելի է։ Ուգոլյոկի ունքն անգամ չի շարժվում․ մանր-մունրների հետ գործ ունենալն իր արժանապատվությունից ցածր է։

Գլուխ IX․ Ուգոլյոկը վազում է ձյան վրայով

Ձմեռվա մայր մտնող արևի սառը ճառագայթների տակ Ուգոլյոկը սլանում է շների բակիկի պարագծով։ Կանգնում է կարևոր կետերում՝ այն բների մոտ, որտեղ տղաներն են ապրում, նշում տարածքն ու շարունակում վազել։ Մեջքի ու պարարտ կողերի կապտասև մորթին շողշողում է նոսրացող արևի ճառագայթների տակ՝ սպիտակ, խրթխրթան ձյան վրա։

Ուգոլյոկն ունի սիրելի աղջիկ՝ Տատիկը, և միակ թշնամի՝ Լարգոն։ Ուգոլյոկը ցատկում է Լարգոյի բնի ցանցին, խլացուցիչ հաչում, սպառնում կտոր-կտոր անել, եթե բակում հանդիպեն։ Լարգոն պատասխան սպառնալիքներում հետ չի մնում։ Բարեբախտաբար, մենք աչալուրջ հետևում ենք, որ մեզ անհասկանալի նրանց ներքին հակամարտությունը ցանցի սահմաններից դուրս չգա։

Ուգոլյոկն ու Տատիկը
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

***

Մրսել եմ ու սոված եմ։ Ուզում եմ նրանց՝ Ուգոլյոկին ու աղջիկներին, բնում փակել ու տուն գնալ։ Բայց հապաղում եմ։ Հիանում եմ Ուգոլյոկի վեր ցցած պոչով, նրա աշխույժ վազքով։ Բավական վազելուց հետո ինքն էլ կմտնի բուն՝ ցանցին սեղմված, գլխով շոշափելով բաց դուռը, ներս կբարձրանա ու կպառկի ուրցի հոտով խոտե անկողնակի վրա։ Այդ ժամանակ աղջիկները կհասկանան, որ ժամանակն է, ու իրենք էլ վազելով իրենց տնակը կգան։

Բնի սողնակը փակելուց առաջ մոտենում եմ Ուգոլյոկին։ Նա սեղմվում է պատին ու իջեցնում գլուխը․ այս առանձնահատկությունն այդպես էլ չանցավ։ Բայց իմ հպումներից մարմնի լարվածությունն անհետացել է։ Ընդհակառակը, հենց դադարում եմ շոյել, Ուգոլյոկը կանչող հայացքով դեպի ինձ է դարձնում չտեսնող աչքը։ Եվ երանությամբ կիսափակում է այն, երբ շոյում եմ վիզը, հատկապես՝ կզակի տակ։

Շատ ամիսներ ինձ տանջում էր հարցը․ ճի՞շտ արեցինք, որ չքնեցրինք Ուգոլյոկին, որը սպառնում էր ընդմիշտ մնալ վախվորած, դժբախտ, ագրեսիվ շուն՝ տառապանքով ընդունելով իր գոյությունը բարելավելու ցանկացած փորձ։

Ճիշտ արեցինք։ Ուգոլյոկն ընտրեց ապրել։