Անպարկեշտորեն ողջ

Կրծքագեղձի երկկողմանի քաղցկեղ՝ չորրորդ փուլում, ապրելու մնացել է երկու ամիս. այս ախտորոշումն էր Նաիրային տվել ուռուցքաբանը։ Երկուսուկես տարի անց բժիշկն ու հիվանդը հանդիպեցին ուռուցքաբանությանը նվիրված համաժողովում։

С котом

Նախաբան

Ֆրանսիական բուլդոգ Ջոննին սկսում է միջանցքով այս ու այն կողմ վազվզել՝ ուրախ խռխռացնելով։ Բա ո՜նց, ամբողջ երկու նոր մարդ, որոնց կարելի է լիզել ու պահանջել, որ իր սիրած ճռռացող խաղալիքը նետեն։

Ջոննին ի ծնե երեքթաթանի է։ Բուծողը նրան խոտանել էր, վերցրած մարդիկ շուտով դռան տեղն էին ցույց տվել, և շունը ընդամենը երեք ամսականում հայտնվել էր ապաստարանում։

«Կվերցնեմ նրան, ով ոչ մեկին պետք չէ», — հինգ տարի առաջ ապաստարանին գրել էր Նաիրան։ Այդ մեկը հենց Ջոննին էր։

Հատակին փռված մյուս շունը՝ չաու-չաու Չուչին, շարունակում է քնել։ Նա խուլ է և հյուրերի գալը չի նկատել։ Չուչին մոտ 12 տարեկան է, արթրիտ ունի ու դժվար է քայլում։ Մի քանի տարի առաջ Նաիրայի ընտանիքն ամայի մի տարածքում կիսամեռ վիճակում գտնված շանը վերցրել էր «ժամանակավոր պահելու»։

Պատուհանագոգից նոր մարդկանց են սևեռվել երեք ամսական, գեղեցիկ մոխրագույն զոլերով կատվի ձագի լայն բացված աչքերը։ Նա էլ է փողոցից, նրա համար տուն են փնտրում։ Մեր զրույցի ընթացքում նա, մի տեսակ կենդանի խաղալիքի պես, ի ուրախություն Ջոննիի, վազվզելու է պատուհանագոգով ու անկյունային բազմոցով, ճանկերը սրելու է պատահած բանի վրա և հիստերիկ մլավելու է՝ ուտելիք պահանջելով։

Երեքթաթանի Ջոննին
Ջոննին։ Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Պատուհանից դուրս՝ փոքրիկ խնամված նախապարտեզում, սնվում են բակի ևս մի քանի կատուներ։ Նաիրան պատմում է «վատ» հարևանների մասին, որոնց հետ ստիպված է կռվել բակում ապրելու՝ կատուների իրավունքի համար, և «լավ» հարևանների, որոնք նույնպես կերակրում ու խնամում են կենդանիներին։ Պատմում է՝ մոկա սրճեփի մեջ սուրճի հերթական բաժինը լցնելով, որն այնքան լավն է, որ լուսանկարիչ Ֆյոդորը մի քանի ժամվա ընթացքում ևս մի ութ բաժակ կխնդրի։

Նաիրան սիրում է ամեն գեղեցիկ բան, և անպայման՝ լավ որակի։ Բազմաթիվ ճամփորդություններից բերված նկարներով ու քանդակներով լեցուն նրա տնից քրքումի և ինչ-որ անշտապության հոտ է գալիս։ Տանտիրուհին ծաղկավոր ամառային սարաֆան է հագել, մատնահարդարումն անթերի է, ականջներին՝ մարգարտյա ականջօղեր։ Ճերմակախառն բաց գույնի կարճ մազերը թեթևակի խառնված են։

— Ի՞նչ է, նկարելո՞ւ եք։ Իսկ ես նույնիսկ չեմ սանրվել, — ծիծաղում է նա՝ մատներով մազերը հարթեցնելով։

— Իսկ ես մտածում էի՝ այսպիսի ոճ է, հատուկ մտածված, — պատասխանում է Ֆյոդորը՝ լույսը տեղադրելով։

— Իմ մազերը, կարելի է ասել, քիմիայից հետո են հայտնվել, — շարունակում է ծիծաղել Նաիրան։ — Առաջ երկար էին, բայց, ինչպես ասում են, «երեք մազ՝ վեց շարքով»։ Փոքր ժամանակ գլուխս սափրում էին, լեղակ ու ձվի դեղնուց քսում, բայց մազերս այդպես էլ չէին աճում։ Հետո դրանց վրա ահագին ժամանակ ու թանկ միջոցներ էի ծախսում, որ սանրվածքի նման մի բան ստացվեր։ Իսկ քիմիայից հետո լավ, գանգուր մազեր աճեցին՝ «ոչխարի բուրդ», ինչպես ընկերուհիս կնքեց։ Հետո, ճիշտ է, ուղղվեցին։ Նույնիսկ կատակում էի՝ ում մազերը վատ են աճում, մի անգամ քիմիա արեք՝ շքեղ մազեր կունենաք։

Ժպիտ
Նաիրան։ Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Նաիրան աշխատում է սահմանադրական դատարանում՝ որպես ավագ մասնագետ, և թարգմանիչ է։ Մեր զրույցից մեկ օր անց նա մեկ ամսով մեկնելու էր Ղրղզստան՝ որպես ԵԱՀԿ ընտրությունների դիտորդ։ Հենց նոր էր ավարտել իմունային թերապիան, բայց որոշել էր դեռ չգնալ ստուգիչ ՀՏ-ի։

— Կգնամ, երբ վերադառնամ։ Մեկ էլ պարզեն՝ մետաստազը չի ներծծվել, կնյարդայնանամ։ Բացի այդ, եթե պարզվի՝ իմունային թերապիան չի օգնել, ստիպված կլինեմ նորից քիմիա անել, այ, գոնե դրա փողը կաշխատեմ, — ասում է նա ու նորից ծիծաղում։

Գլուխ I. Երկու ամիս

2010 թվականին Նաիրան Ուկրաինայում թարգմանիչ էր աշխատում։ Երբ ընկերներն առաջարկեցին խորհրդակցել Խարկովում հայտնի, ոչ ավանդական բժշկությամբ զբաղվող մի բժշկի հետ, գնաց զուտ հետաքրքրությունից՝ Նաիրան առողջական ոչ մի գանգատ չուներ։

Սակայն բժիշկը աջ կրծքում կարծրացում հայտնաբերեց և խորհուրդ տվեց ՀՏ հետազոտություն անցնել։ Նրա խորհուրդ տված մասնագետը հանգստացրեց՝ այո, ուռուցք կա, բայց բարորակ է, ավելի լավ է ձեռք չտալ, այլ հետևել՝ պարբերաբար ուռուցքային մարկերների արյան քննություններ հանձնելով։

Երկու տարի անց կրծքի շրջանում ցավեր սկսվեցին։ ՀՏ-ն կրկին ադենոմա ցույց տվեց, որին բժիշկները նորից խորհուրդ տվեցին ձեռք չտալ։ Ուռուցքային մարկերների պատասխանները մաքուր էին գալիս։

Ուռուցքային մարկերները հակածիններ են, որոնք մարդու արյան կամ մեզի մեջ հայտնվում են չարորակ կամ բարորակ գոյացությունների առաջացման դեպքում։ Համարվում է, որ ուռուցքային մարկերների հայտնաբերումը թույլ է տալիս վաղ փուլում կասկածել օրգանիզմում ուռուցքի առկայությունը և բուժման ընթացքում հետևել հիվանդության դինամիկային։

Ուռուցքային մարկերների քննությունները շարունակում էին մաքուր գալ նաև 2017-ի ապրիլին, երբ Նաիրան սկսեց շնչահեղձ լինել ու հազալ։ Նա վերջնականապես հասկացավ, որ սա «պարզապես ադենոմա» չէ, երբ աջ թևատակում մեծ խուղակ բացվեց։

— Հենց նոր էի թռել եկել Մոզամբիկից, որտեղ աշխատում էի։ Այն ժամանակ 57 տարեկան էի, իսկ մայրս լյարդի ցիռոզից մահացել էր 58-ում։ Ինձ համար որոշեցի՝ եթե այս տարիքն անցնեմ, ուրեմն կապրեմ։ Իրականում, իհարկե, վախենալու էր՝ ուզում էի գլուխս ավազի մեջ թաղել ու ոչ մի բանի մասին չմտածել։ Բայց ստիպված եղա ռենտգենի գնալ։

Երիտասարդ ռենտգենաբան աղջկա դեմքը երևակված նկարը տեսնելիս գունատվեց։ «Ինչպե՞ս կարող էիք ձեզ այսքան բարձիթողի թողնել, — ձեռքերը ոլորեց նա։ — Լավ, գյուղերից գալիս են՝ անկիրթ, բայց ձեզ նման կինն ինչպե՞ս կարող էր այսքան ուշ դիմել»։

Ջոննին
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Ինչի համար էր ուշ՝ ռենտգենաբանը չբացատրեց։ Հիվանդին ոչինչ չասաց նաև տարածքային պոլիկլինիկայի թերապևտը, որի մոտ Նաիրան գնացել էր ուռուցքաբանական կենտրոնի ուղեգիր ստանալու։

— Պարզապես սկսեց բուժքրոջը թելադրել, կարծես սենյակում չկայի էլ. «Գրիր CR-4»։ Հարցնում եմ՝ ի՞նչ է նշանակում CR։ Cancer՞։ Ինձ մոտ քաղցկե՞ղ է։ 4-ը չորրորդ փո՞ւլն է։ Իսկ նա պատասխանում է. «Դե ինքներդ էլ հասկանում եք»։ Եվ վերջ։ Ինձ հետ քույրս ու աղջիկս էին։ Աստիճաններով իջանք, ու առաջին հարկում հուզմունքից ուշագնաց եղա։ Ինձ ուշքի բերեցին, իսկ ճնշումս 180 էր։ Զանգեցին նրան, ասացին՝ իր հիվանդը վատ է, իսկ նա երրորդ հարկից առաջին իջավ 40 րոպե անց։ Ձեռքս բռնեց, վրան թփթփացրեց ու այնպես կշտամբանքով. «Դե գիտեիք, չէ՞, թե ինչ ունեք»։ Իբր՝ ինչի՞ մտքովդ անցավ ուշագնաց լինել։

Ախտորոշումը՝ կրծքագեղձի երկկողմանի քաղցկեղ, հայտնեցին ուռուցքաբանական կենտրոնում։ Եվ կրկին ոչ թե հիվանդին, այլ ամուսնուն։ Նաիրայի ամուսինը բժիշկ է, կենտրոնում նրան ճանաչում էին։ Եվ զգուշացրին, որ Նաիրային ապրելու մնացել է ամենաշատը երկու ամիս։

Քաղցկեղով հիվանդներին ՀՏ-ն անվճար էր հասնում, բայց ամուսինները վճարեցին դրա համար։ Մայիսն էր, Նաիրային ապրելու ժամանակ էին տվել մինչև հուլիս, իսկ անվճար ՀՏ-ի նրա հերթը կհասներ հունվարին։

Գլուխ II. Ամեն ինչ լավ է, գեղեցկուհի մարկիզուհի

Ուռուցքաբանական կենտրոնի ՀՏ հետազոտությունը մետաստազներ հայտնաբերեց ամբողջ մարմնում՝ երկու կրծքերում, թոքերում, լյարդում, աորտայում, ողնաշարի վրա։ Նկարում Նաիրան իրեն նմանեցրեց փոքրիկ լուսարձակող լամպերով ամանորյա տոնածառի։ Նրա աջ ձեռքը, որի տակ մեծացած ավշահանգույց կար, մինչև հիմա ձախից մի փոքր մեծ է։

Միայն հետո Նաիրան իմացավ, որ բժիշկները փորձել էին ամուսնուն համոզել՝ «չտանջել նրան, այլ հանգիստ բաց թողնել». չէ՞ որ դեպքն անհույս էր։ 

Բայց նա որոշել էր, որ պայքարելու են, և քիմիա է լինելու։

Քիմիաթերապիայի համար պառկելուց առաջ Նաիրան վերջին անգամ գնաց աշխատանքի՝ հիվանդության թերթիկ վերցնելու։ Գործընկերներին բաժանեց իր զարդերն ու մյուս իրերը, որոնք երբևէ նրանց դուր էին եկել։ Թե՛ նա, թե՛ գործընկերները հասկանում էին, որ Նաիրան հրաժեշտ է տալիս։ Նվերները բաժանելուց հետո Նաիրան վերցրեց տաք ջրով իր կանաչ բաժակը՝ դժվար էր շնչում և ամենուր գնում էր բաժակով, որից փոքր կումերով ջուր էր խմում, ու գնաց կադրերի աշխատակցի մոտ՝ հիվանդության թերթիկի համար։

— Կադրերի աշխատակիցն ուշադիր նայեց ինձ, աթոռին նստեցրեց ու հարցրեց. «Իսկ դու ինչի՞ց ես որոշել, որ մեռնում ես»։ Ասում եմ՝ բա ոնց, չորրորդ փուլն է, արդեն երկու ամիս է՝ շնչել չեմ կարողանում, քայլել չեմ կարողանում, եթե քնել էլ ստացվում է, ապա միայն նստած, իսկ ես խելացի մարդ եմ, ամեն ինչ հասկանում եմ։ Ու հանկարծ ասում է. «Աստված մեզ տանջանքների համար չի ստեղծել, ստեղծել է սիրո, կյանքի գեղեցկության համար։ Արի միասին աղոթենք»։

— Սկսեցինք աղոթել։ Ու այստեղ մի կարևոր բան եղավ. ինչ-որ կերպ հավատացի, որ Աստված ինձ տանջվելու համար չի ստեղծել, այլ՝ որ ապրեմ։ Դրանից հետո շատ էի աղոթում, հիմա էլ եմ աղոթում։ Եվ ինձ թվում է՝ առաջին հերթին հավատն է ինձ բուժել։ Ամուսինս, իհարկե, համաձայն չէ ինձ հետ, բայց դե նա բժիշկ է։

Անպարկեշտորեն ողջ
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Ուռուցքաբանական կենտրոնում Նաիրային առաջարկեցին գրանցվել եվրոպական ծրագրի հսկիչ խմբում, որտեղ քրքումինի հիմքով նոր դեղամիջոց էին փորձարկում։

Նա պետք է երեք ամսվա ընթացքում քիմիաթերապիայի 12 կուրս անցներ։ Ամեն երկուշաբթի Նաիրան ստանում էր հակաուռուցքային Պակլիտաքսելն ու նոր դեղամիջոցը, իսկ ամեն ուրբաթ արյուն էր հանձնում։

Առաջին միջամտության ժամանակ նա կորցրեց գիտակցությունը։ Ուզեց ջուր խմել, ջուրը շնչուղիներն ընկավ, իսկ հետո չի հիշում։

— Ուշքի եկա ու տեսա՝ բժիշկը կանգնած նայում է ինձ։ Զգում եմ՝ վերևի ատամնային կամուրջս շարժվում է։ Պարզվում է՝ լեզուս չկծելու համար ամուսինս սկսել է այն սեղմել ու մատով կոտրել է կամուրջս։ «Դե, ինչպե՞ս եք», — հարցրեց բժիշկը։ «Ամեն ինչ նորմալ է, — պատասխանում եմ, — ամեն ինչ լավ կլինի»։

«Դուք հեշտ հիվանդ չեք», — ասաց նա ու գնաց։

— Հետո եկավ վարիչը (Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի — Կալեմոն), իսկ ես արդեն ուժասպառ էի։ Ինքն էլ է հարցնում. «Դե, ինչպե՞ս եք»։

«Գիտեք, Լիդիա Գեորգիևնա, այսպիսի երգ կա. «Իսկ մնացած առումներով, գեղեցկուհի մարկիզուհի, ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է»», — ուժերս հավաքելով՝ պատասխանում եմ։

— Նայեց ինձ՝ իբր, ես եմ եկել քեզ սրտապնդելու, ոչ թե հակառակը։ Այն ժամանակ ամուսնուս ասաց. «Այսպիսի տրամադրվածությամբ հաստատ գլուխը կազատի»։

Այսպիսի տրամադրվածությամբ հաստատ գլուխը կազատի
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Քիմիայի Նաիրան գալիս էր տոնական զգեստներով ու ժպիտով. չէ՞ որ փրկվելու էր գալիս։ Ամեն ուրբաթ նրանից արյուն էին վերցնում լեյկոցիտների համար՝ որոշելու՝ կարելի՞ է շարունակել քիմիան, թե՞ պետք է փոխարինել աջակցող թերապիայով։ Բժիշկները զարմանում էին, որ մարդու քննությունները, որին ապրելու երկու ամիս էին տվել, տասնութամյա աղջկա քննությունների նման են։

— Իմ մեջ լցվող յուրաքանչյուր նարնջագույն կաթիլի հետ խոսում էի, պատկերացնում՝ խողովակով կյանքն է իմ մեջ հոսում։ Մի անգամ սպասում էի, որ կաթիլայինը վերջանա, պատին էի նայում, ու մի տեսիլք ունեցա. կանգնած է մի այսպիսի թմբլիկ, բարի բջիջ, իսկ շուրջը վազվզում են մանր, չարերը։ Եվ այդ բարին նրանց կուլ է տալիս։ Նույնիսկ կասկածեցի՝ խելքս գուցե թռցրե՞լ եմ, բայց հետո հասկացա, որ այդ տեսիլքն իմ ներսում կատարվողի պատկերավորումն է։

Իսկ քիմիաթերապիայի կուրսի ավարտին պարզվեց, որ փրկարար նարնջագույն կաթիլներն ընդամենը… դատարկ բան էին։

Պարզվեց՝ հսկիչ խմբերը երկուսն էին. մեկը ստանում էր իսկական դեղամիջոցը, իսկ մյուսը՝ պլացեբո։ Նաիրան վրդովվեց. չէ՞ որ ինքը ոչինչ չէր ստորագրել, ոչնչի չէր համաձայնել, սա քրեական գործ է։

Բայց ի վերջո դատարան չդիմեց։ Ֆիզիկապես չափազանց թույլ էր, ուժերը պետք էր խնայել վերականգնվելու համար։ Բացի այդ, ողջ էր։ Իր 200-հոգանոց խմբից ողջ էր մնացել 25-ը։

— Երևի մեզ ոչինչ չտվեցին ստորագրելու, որովհետև մտածում էին՝ մեկ է, չորրորդ փուլն է, հույս չկա, գոնե փորձեր կանենք։

Գլուխ III. Չզանգել, չլացել

Քիմիայից Նաիրայի մազերը սկսեցին թափվել, տեսողությունը վատացավ՝ աստիգմատիզմն ուժեղացավ։ Թարգմանչի համար ամենասարսափելին՝ հիշողությունը սկսեց թուլանալ։ Համաժամանակյա թարգմանության ընթացքում Նաիրան բառեր էր մոռանում. հիշում էր առաջին ու վերջին տառերը, բառի տառերի քանակը, իսկ բառն ինքն ամբողջովին թռնում էր գլխից։

Քիմիան ազդել էր սրտի վրա. աջակցող դեղամիջոցներ, այդ թվում՝ հոմեոպաթիկ, նա մինչև հիմա է ընդունում։ Բայց ամենասարսափելին ոսկրերի ցավն էր։
Քիմիաթերապիայի ընթացքում Նաիրան ամբողջ օրը տանը մենակ էր անցկացնում։ Ամուսինն աշխատանքի էր, տղան ու աղջիկն առանձին էին ապրում։ Լինում էր՝ ամբողջ օրը քաղցած էր մնում. այնքան վատ էր զգում, որ ուտելու մասին չէր էլ մտածում, իսկ գազի հոտից սիրտը խառնում էր։

Շաբաթ օրերը տնային աշխատող էր գալիս՝ մաքրելու։ Բայց ինչ-որ պահի Նաիրան որոշեց, որ չի ուզում անկողնում պառկել ու ճակատագրից գանգատվել։

— Չէի կարողանում կռանալ, սրտապարկումս ու թոքերումս կես լիտր հեղուկ կար, շնչահեղձ էի լինում։ Բայց աթոռ էի դնում, նստում ու հատակը լվանում՝ շվաբրով շուրջս մաքրում էի, հետո աթոռը տեղափոխում, ուրիշ տեղ սրբում։ Երկար էր տևում, բայց փոխարենը՝ ինքս էի անում։

Նաիրան ու Ջոննիկը
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Մաքրելու ընդմիջումներին Նաիրան պատուհանից նայում էր իրենց գործերով վազվզող մարդկանց ու մտածում՝ նրանք չեն հասկանում, թե որքան երջանիկ են, որ կարող են քայլել, կռանալ, ձեռքերը թափահարել։

Ինքը սկզբնական շրջանում վախենում էր տանից դուրս գալ։ Ամուսնու առաջարկներից հիստերիայի մեջ էր ընկնում՝ բա որ շնչահեղձ լինի կամ գիտակցությունը կորցնի ու փողոցում ընկնի, հետո ի՞նչ կլինի։ Հետո իրեն հավաքեց. ճաղատ գլխին գեղեցիկ գլխաշոր էր կապում, կոկետ բանտ կապում ու դուրս գալիս։

«Ինչո՞ւ ես, ինչո՞ւ ինձ հետ» թեմայով մտորումները միայն սկզբնական շրջանում էին։

— Ինչո՞ւ սա ինձ հետ պատահեց։ Որովհետև հիմար էի, չէի հետևում։ Լինում էր՝ ամուսնուս ասում էի՝ ամեն ինչ քո պատճառով է, դու մի ժամանակ այս արեցիր, այնպես ասացիր, ես ուժեղ սթրես ապրեցի, այ, ինձ քաղցկեղ վաստակեցի։ Բայց դրանք այդպես, կնիկական բաներ էին, որ արագ անցան։ Եվ երբ աշխատանքից գալիս ու հարցնում էր՝ ոնց եմ, միշտ առույգ պատասխանում էի՝ այսօր ավելի լավ եմ։

Նաիրան սկզբից ևեթ ընկերներից ու հարազատներից չէր թաքցնում իր ախտորոշումը։ Բայց խստիվ արգելել էր իրեն զանգել, կարեկցել ու լացել։

— Բայց հաստատ եղել է, չէ՞, որ մեկին ասել եք ձեր ախտորոշումը, ու մարդը շփոթվել է, չի իմացել՝ ինչ ասել, ինչպես իրեն պահել, — հարցնում եմ ես։

— Իհարկե։ Սա շատ կարևոր պահ է նման ախտորոշման դեպքում։ Ընկերներ ես կորցնում, դե, հարազատներ էլ։ Դադարում են զանգել, քեզ հետ հանդիպել։ Փորձում են ցավից հեռանալ։ Մտածում են՝ կսկսես նվնվալ, հիվանդություններիցդ պատմել, նրանից, թե ինչքան վատ ես զգում։ Հասկանում են, որ վարակիչ չէ, բայց այնպես են իրենց պահում, կարծես կարող են վարակվել։ Քո ցավը տեսնելիս իրենց վատ են զգում։ Բայց նման մարդկանց կողքին կար, օրինակ, նաև իմ գործընկերը, որն ամեն օր զանգում ու պատմում էր աշխատանքային առօրյայից։ Խոսել չէի կարողանում, շունչս չէր հերիքում։ Ուղղակի լսում էի, ու դա ինձ շատ էր օգնում։

Մի քիչ լռելուց հետո Նաիրան ավելացնում է.

— Երբեմն ափսոսում եմ, որ ընդհանրապես չէի նվնվում, և, օրինակ, երեխաները չհասկացան, թե իրականում որքան վատ էի զգում։ Քիմիան շատ է փոխում քեզ։ Հոգեբանորեն, մտավոր, ֆիզիկապես, բնավորության վրա է ազդում։ Երևի պետք է սա մարդկանց հասցնել, որ վերջ դնես նրանց սպասումներին, որոնք այլևս չես կարող արդարացնել։

Մոխրագույն զոլերով կատվի ձագը սկսում է հուսահատ մլավել ու իրերի վրա ցատկելով՝ դրանք շուռ տալ։ «Սոված է», — ասում է Նաիրան ու տոպրակից դոնդող է հանում։ Մեր ոտքերի մոտ խռմփացնող գեր, փայլփլուն Ջոննին վեր է թռչում, գտնում իր ճռռացող խաղալիքն ու դրանով վազում Ֆյոդորի մոտ՝ նետի՛ր։

— Գիրացած սրիկա, — ժպտում է Նաիրան։ — Ասա. «Ես Ջոննի Մեծ սիրտն եմ»։

— Իսկ կենդանիները ձեզ ինչ-որ կերպ աջակցո՞ւմ էին, զգո՞ւմ էին ձեր վիճակը։

Կատվի ձագ
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

— Սրանք (մատնացույց է անում շներին), իմ կարծիքով, ոչ մի բան չէին զգում։ Ինչպես միշտ, ոտքերի տակ էին ընկնում։ Բայց աղջկաս կատուն գալիս ու վրաս էր պառկում։ Նա լիմֆոմայից հետո գնաց։ Ես էլ կատու ունեի՝ պարսկական։ Քիմիայի ժամանակ նրան ինձնից տարան, երբ մորթու ալերգիա սկսվեց։ Նա էլ քաղցկեղից մահացավ՝ ենթաստամոքսային գեղձի։ Երկուսն էլ մեր փրկած կենդանիներն էին։ Ինձ թվում է՝ նրանք իմ ցավը տարան։

Գլուխ IV. Սմբուկներ ու ջեմով բուլկիներ

Քաղցկեղի դեպքում սննդակարգը նույնքան կարևոր է, որքան հավատն ու ճիշտ քիմիան, կարծում է Նաիրան։ Տեղեկություններ փնտրելն ու ճիշտ սննդակարգ կազմելը նա ու ամուսինը ստիպված էին ինքնուրույն անել. բժիշկները միայն աչքերն էին կլորացնում Նաիրայի հարցերին ի պատասխան՝ ինչ կարող է ուտել, իսկ ինչ չի կարող։ Հիվանդներն էլ հիմնականում այդ հարցով գլուխ չէին դնում։

— Ինձ հետ քիմիա ստացող մի կին կար։ Ճաշելու ժամն էր գալիս։ Ինձ մոտ խորոված սմբուկ էր, նրա մոտ՝ ջեմով բուլկիներ։ Ասում եմ՝ ձեզ դա չի կարելի, իսկ նա. «Բայց ուզում եմ»։ Հետո՞ ինչ։ Ես էլ շատ բան եմ ուզում, բայց չի կարելի։ Տեսնում էի՝ ինչ հաճախ էին հարազատներից խնդրում տոլմա բերել, իսկ աղացած միս ընդհանրապես-ընդհանրապես չի կարելի։

Խիստ արգելք՝ կարմիր մսի, վերամշակված մսամթերքի, ալրեղենի, խմորիչի, շաքարի, կաթնամթերքի վրա, թվարկում է Նաիրան։ Ալրեղեն առանձնապես չի էլ սիրում, բայց այ պանրից հրաժարվելը շատ դժվար էր։ Հիմա երբեմն իրեն մի կտոր թույլ է տալիս, բայց սիրած ռոքֆորի մասին ստիպված եղավ մոռանալ։

Ջոննին՝ խաղալիքով
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Նաիրան հյութեր է խմում՝ գազարի, նեխուրի, սեզոնային մրգերի ու հատապտուղների։ Նրա սննդակարգում գերակշռում են բանջարեղենն ու մրգերը։ Օգտագործում է միայն բուսական յուղ՝ կտավատի, կանեփի, խաղողի կորիզի։

— Քիմիայի ժամանակ Նարինե էի խմում։ Նաև քրքումին եմ ընդունում՝ հաբերով։ Այն անփոխարինելի է քաղցկեղային հիվանդությունների բուժման մեջ, բայց դրա հետ պետք է զգույշ լինել. քրքումինը քաղցկեղային բջիջներից կալցիումը դուրս է բերում, ինչը լավ է, բայց կալցիումն անհետանում է նաև ոսկրերից։

Նաիրան երկար ժամանակ բուսակերությամբ էր զբաղվում։ Բայց քիմիաթերապիայի ավարտին խելահեղ միս էր ուզում, հենց տավարի սուկի՝ ճարպի հաստ շերտով։

— Ամուսնուս անընդհատ ասում էի այդ ցանկությանս մասին ու զգուշացնում, որ ուղղակի լսի, բայց ոչ մի դեպքում չբերի։ Հասկանում էի՝ իրականում ես չեմ ուզում, այլ այս սրիկաները (քաղցկեղային բջիջները — Կալեմոն), երբ արդեն սատկում են, ուտել են ուզում։ Նրանց էներգիա է պետք։ Սմբուկ չեն սիրում, նրանց միս տուր։

Գլուխ V. Մի գավաթ գինի՝ հաղթանակի կենացը

Քիմիայի 12 կուրսից հետո ՀՏ-ն լյարդում միայն մեկ մետաստազ ցույց տվեց՝ մեկ սանտիմետրանոց։ Մյուսները ներծծվել էին։

— Երբ երեք ամիս անց աշխատանքի վերադարձա, բոլորը շոկի մեջ էին։ Այնտեղ ինձ արդեն թաղել էին, տեղս բաժանել։

— Իսկ ե՞րբ հասկացաք, որ վերջ, հաղթել եք։

— Այ երբ ՀՏ-ն լյարդի վրա միայն փոքր մետաստազ ցույց տվեց, այդ ժամանակ էլ հասկացա։ Ուռուցքը հայտնաբերելուց տասը ամիս անց։ Իսկ երբ առաջին անգամ կարողացա հինգերորդ հարկ բարձրանալ, հիվանդությանս մասին պատմեցի այն անգլիացուն, որի հետ այն ժամանակ աշխատում էի, և այդ հաղթանակի կենացը մեկական գավաթ գինի խմեցինք։

— Իսկ երբ ձեզ տրված երկու ամիսն անցա՞վ։

— Մի ընկերուհի ունեմ՝ թվագուշակ է։ Իր թվերով մի քիչ կախարդություն արեց ու ինձ ասաց՝ եթե մինչև ծննդյանդ օրը դիմանաս, կապրես։ Դիմացա։

Նաիրան
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

— Մոտակա նպատակներ դնելը երևի շատ կարևոր է նման դեպքերում։

— Դե, այն ժամանակ դա մոտ չէր։ Հիշում եմ՝ բիոպսիայի էի գնացել, իսկ հիվանդասենյակում կանայք էին նստած՝ մայր ու աղջիկ։ Աղջիկը քիմիա էր ստանում։ Հիվանդասենյակը մոխրագույն էր, ճնշող։ Աղջիկն ասում է. «Կրծքի քաղցկեղ ունեի, վիրահատել են»։ Հարցնում եմ՝ ե՞րբ։

Նա՝ «Երկու տարի առաջ»։ «Ամբողջ երկու տարի, — մտածեցի ես, — ո՜նց է բախտը բերել, դա մի հավերժություն է»։

— Ինչպե՞ս էիք ընդունում չբուժվածներից յուրաքանչյուրի հեռանալը։

— Նրանց դրվագաբար ես տեսնում, միշտ միասին չեք։ Եկան, ստացան (քիմիան — Կալեմոն), գնացին։ Մի կին կար, մինչև հիմա անունը հիշում եմ՝ Մարո։ Մի անգամ բուժքրոջից Մարոյի վիճակի մասին հարցրի, ու պարզվեց՝ Մարոն մահացել է։ Նրա հետ ընդամենը երկու անգամ էի նստել։ Ինձ ասել էր, որ բացի հիվանդ մորից ոչ ոք չունի։ Եվ եթե իրեն մի բան պատահի, մայրը լրիվ մենակ կմնա։ Այ դա ծանր էր։

— Երևի նաև վախ է առաջանում՝ ինձ հետ էլ կարող է այդպես պատահել։

— Իհարկե առաջանում է։ Ուռուցքաբանական կենտրոնի միջանցքներով քայլե՞լ եք։ Կարծես մեռելների մեջ քայլես. մարդկանց աուրան ու տրամադրվածությունն այդպիսին են։ Ինձ նմանները՝ գլխաշորին ծաղիկներով, քիչ են։
Համ էլ այնտեղ պատուհանները գերեզմանոցին են նայում։ Աշխատում էի չնայել։ Բայց մի անգամ տաքսիով հետ գալիս գերեզմանոցով անցանք։ Դե արի այսպիսի հանգամանքներում առույգ տրամադրություն պահպանիր։

Գլուխ VI. Կենտրոնը, որը դեռ չի կայացել

Նաիրան մի մեծ երազանք ուներ՝ Երևանում քաղցկեղով հիվանդների աջակցության կենտրոն բացել։ Այնտեղ հիվանդներին հոգեբանական օգնություն կտրամադրվեր, սննդաբան կաշխատեր, քաղցկեղը հաղթահարածները կհավաքվեին փոխօգնության համար՝ իրենց պատմություններով կիսվելու ու սրտապնդելու։ Կենտրոնին կից հոսթել էր նախատեսվում, որտեղ բուժման ընթացքում կապրեին մարզերից եկող հիվանդները։ Եվ անպայման քահանա կլիներ։

— Մենք քիչ հավատ ունենք, և դա մեծ խնդիր է։ Պետք է գտնել սեփական հավատը, սեփական հենարանը։ Չեմ կարծում, թե այնտեղ՝ վերևում, ինչ-որ ծերունի է նստած, բայց հավատում եմ Բարձրագույն բանականության գոյությանը։ Ընդհանրապես, մինչև հիվանդությունն էլ հավատացյալ էի, բայց այ Աստվածաշունչը մինչև հիմա ձանձրանում եմ կարդալ։ Փոխարենը սաղմոսները պաշտում եմ։ Երբ արդեն հիվանդ էի, բացեցի պատահած առաջին սաղմոսը՝ պատահած առաջին տողի վրա, ու այնտեղ գրված էր. «Մարմինդ պիտի թարախակալի»։ [հավանաբար՝ «Վերքերս գարշահոտում ու թարախակալում են
իմ անմտության պատճառով», Դավիթ։ Սղ 37:6]

— Երբ բուժվեցի, սկսեցի այդ տողը փնտրել, բայց այդպես էլ չգտա, սաղմոսի համարը չհիշեցի։ Ուրեմն այլևս պետք չէր։ Հիմա պատահական բացում եմ, ու միայն լավ բաներ են հանդիպում, օրինակ՝ «Հավատա, և կհատուցվի»։ [«Բայց ես հանգիստ եմ, և հոգիս հանդարտ է, հոգիս խաղաղ է, ինչպես երեխան մոր գրկում։ Իսրայե՛լ, հավատա Տիրոջը՝ այսուհետև և հավիտյան» Սղ 130:2-3]

Մեր երկրում քաղցկեղ ախտորոշմամբ չափահաս մարդը հիվանդության հետ մեն-մենակ է մնում, ասում է Նաիրան։ Եթե երեխաների ուռուցքաբանական հիվանդությունները հիմնականում բուժվում են, և անհրաժեշտ միջոցներն արագ հավաքվում են, ապա մեծահասակները հաճախ մնում են առանց ֆինանսական օգնության։ Իսկ միայն քննություններից յուրաքանչյուրն արժե 10-20 հազար դրամ։ 

Քաղցկեղի հետ առերեսված մարդը չգիտի՝ ուր գնալ, որ բուժումն է ճիշտ, ինչպես դրա դեմ պայքարել, ավելի ճիշտ՝ դրանով ապրել։ Չէ՞ որ բժիշկները քաղցկեղի դեպքում հաճախ խուսափում են «առողջանալ» բառից՝ նախընտրելով «ռեմիսիա» բառը։ Ինքը՝ Նաիրան, բացառապես «առողջանալ» բառն է օգտագործում։ Միանգամից այլ տրամադրվածություն է ստեղծում, համոզված է նա։ [Սովորաբար առողջանալ ասելով հասկանում են քաղցկեղից հետո հինգ տարվա ապրելիությունը։ Ռեմիսիան վիճակ է, որի դեպքում բուժումից հետո ախտաբանական ախտանշաններն անհետանում են, և ուռուցքը չի զարգանում — Կալեմոն]։

Նաիրայի մտահղացած կենտրոնում մարդկանց կսովորեցնեին քաղցկեղով ապրել։ Չէ՞ որ հիմա քաղցկեղը շատ հաճախ դատավճիռ է ու արցունքներ։ Նաիրան պատմում է, որ տեսել է մարդկանց, որոնք երկրորդ փուլում էին, բայց որոշում էին, որ մեռնում են, ու մեռնում էին։ Եվ կային իր նմանները՝ չորրորդ փուլում, որոնք ուզում էին ապրել ու ողջ էին մնում։

Նաիրան
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

— Ո՛չ բժիշկները, ո՛չ հարազատները չգիտեն՝ ինչպես ճիշտ վարվել քաղցկեղ ախտորոշված մարդու հետ։ Արևմուտքում բժիշկներն անմիջապես հիվանդի հետ են շփվում, իսկ մեզ մոտ նախընտրում են հարազատների հետ խոսել։ Շատ կարևոր է, որ լինեն ուռուցքահոգեբաններ, որոնք կիմանան՝ ինչպես վարվել տվյալ հիվանդի հետ։

Օրինակ՝ Նաիրային պետք է ամեն ինչ ասել այնպես, ինչպես կա, այդ ժամանակ կհավաքվի, հիվանդությունը կընկալի որպես խնդիր, որը պետք է լուծել։ Իսկ կան մարդիկ, որոնք անսպասելի լուրից կարող են տեղում մահանալ։ Կամ տնային բռնակալ դառնալ՝ ամեն առիթով ընտանիքի անդամներին իրենց մոտալուտ մահով «սպառնալով»։

Հաճախ հենց հարազատներն են որոշում հիվանդից թաքցնել նրա ախտորոշումը։ Մի անգամ Նաիրան մեկ այլ կնոջ հետ հիվանդասենյակում քիմիա էր ստանում, երբ սենյակ մտավ մի երիտասարդ ու զգուշացրեց, որ շուտով բերելու են իր հորը, որը չգիտի իր ախտորոշումը, և որ բոլոր ներկաները լռեն այն մասին, թե իրականում ինչ են ստանում։ Նրան ասել էին, որ կաթիլայինում ընդամենը վիտամիններ են։

— Մարդուն բերեցին։ Կաթիլայինը միացրին։ Այդ կնոջ հետ նստած ենք, լուռ՝ երկուսս էլ ճաղատ, պորտակատով «վիտամինիկ» ենք ստանում (երկարատև ներերակային ներարկումների հատուկ սարք, որը տեղադրվում է մաշկի մեջ՝ կրծքավանդակի վերին երրորդում, և ապահովում է մուտքը դեպի լծային երակ)։ Ամենածիծաղելին այն էր, որ նա իսկական քիմիա էր ստանում, բայց կարծում էր՝ վիտամին է, իսկ ես վիտամին էի ստանում, բայց կարծում էի՝ քիմիա է։

Նաիրան
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Կենտրոնում կաշխատեին նաև ուռուցքաբանների հետ։ Նաիրայի կարծիքով՝ նրանց հաճախ նրբանկատությունը պակասում է։ Մի անգամ նրան խիստ վիրավորել էր մի դեպք, որի ակամա վկան էր եղել։ Մի կին, որին հիվանդանոցում ասել էին՝ քիմիան չի օգնել, և այլևս ոչինչ անել հնարավոր չէ, Ֆրանսիայում կլինիկա էր գտել, որը հանձն էր առել շարունակել նրա բուժումը։ Կինը նստած էր սենյակում ու սպասում էր, որ իր հարցաթերթիկը տան, իսկ նույն սենյակում Նաիրայի պորտակատն էին լվանում, երբ ներս մտավ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչը։

— «Բարև ձեզ, Նաիրաջան, ինչպե՞ս եք», — ողջունեց ինձ։ Հետո շրջվեց դեպի այդ կինն ու ասաց. «Ֆրանսիա՞ ես պատրաստվում։ Հրաշքի՞ ես սպասում։ Հրաշք չի լինելու»։ Պետք է մի տասնհինգ րոպե նստեի ու սպասեի, որ պորտակատի մեջ օդ չանցնի, բայց ես այնտեղից գնդակի պես դուրս թռա։ Պատմում եմ ամուսնուս։ Իսկ նա՝ «Դե հա, դու էլիտար հիվանդ ես, տեսնեիր՝ մյուս հիվանդների հետ ոնց են խոսում»։

Այդ կնոջը հետո ասացի՝ ոտքերդ ձեռքդ առ ու Ֆրանսիա՛։ Նրանց մի՛ լսեք։

Իր բուժման և ուրիշ հիվանդների բուժմանը հետևելու ողջ ընթացքում Նաիրայի մեջ այն զգացողությունն էր ձևավորվում, որ բժիշկներն իրենք էլ քաղցկեղը դատավճիռ են համարում և բոլորովին չգիտեն՝ ինչ անել կենդանի մարդկանց հետ։

Քիմիաթերապիայի կուրսն ավարտելուց հետո Նաիրան խնդրեց իրեն տալ հետագա քայլերի ժամանակացույցը՝ հաջորդ ՀՏ-ի, ռենտգենի, քննությունների։ Բժիշկները ձեռքով էին անում՝ «Դե դու ինքդ էլ գիտես»։ Ասես չէին հասկանում՝ ինչ անել հիվանդի հետ, որը վաղուց պետք է մահացած լիներ, բայց դեռ ապրում է։ «Ոչ միայն ապրում է, դեռ քայլում ու պահանջում էլ է, սրիկան»։

— Հարցնում էի՝ կարո՞ղ եմ յոգայի գնալ, իսկ բժիշկը սաստում էր՝ «Ոսկորներդ»։ Կարո՞ղ եմ լողի գնալ։ Իսկ բժիշկը՝ «Հանգստացի՛ր էլի»։

— Բայց լողազգեստս հետս տանելու եմ ճամփորդության, — խորամանկ ժպտում է Նաիրան։ — Բիշքեկում լողալու եմ։

Նաիրան
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Գլուխ VII. Պետք լինի՝ կկապվենք

Նաիրան ընկերներին ասում էր՝ հեռուստատեսությամբ անպայման պետք է քաղցկեղի մասին հաղորդումներ անել՝ պատմություններով կիսվել, մարդկանց կրթել, հավատ տալ։ Ի զարմանս նրա՝ ընկերները գաղափարին չաջակցեցին։

— Ինձ ասում էին. «Ի՞նչ է, էկրանի առաջ նստելո՞ւ ես ու այդ մասին պատմելո՞ւ ես»։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Հո վատ բան չե՞մ արել։ Հո ես մեղավոր չե՞մ, որ բջիջները սկսել են ոչ այնպես բաժանվել, ինչպես պետք է։ Կարող եմ հանգիստ ասել՝ տեսեք, ես ողջ եմ, եթե չորրորդ փուլում ես ողջ մնացի, դուք էլ կարող եք։

Միշտ ժպտացող, գեղեցիկ հագնված Նաիրային աստիճանաբար սկսեցին դիմել քաղցկեղով այլ հիվանդներ՝ իրենց պատմություններն էին պատմում, աջակցություն սպասում։ Նա ավելի համոզվեց ուռուցքաբանական աջակցության կենտրոնի անհրաժեշտության մեջ։ Անհրաժեշտ թղթերը հավաքեց։ Քաղաքապետարանում սկզբում խոստացան օգնել, հետո հրաժարվեցին։ Նաիրան դիմեց քաղցկեղով հիվանդների հետ աշխատող երկու կազմակերպության։

Առաջինը «Հենարանն» էր։ Նաիրան գնաց ուռուցքաբանության թեմայով կազմակերպության անցկացրած համաժողովին։ Զեկուցող բժիշկներին, ասում է, բավական ձանձրալի էր լսել. զգացողություն կար, որ հիվանդության հետևում կենդանի մարդուն չեն տեսնում։

Համաժողովում նա տեսավ այն նույն բժշկին, որը երկու տարի առաջ իրեն ապրելու երկու ամիս էր «գուշակել»։

Երբ համաժողովի մասնակիցները ներկայանում էին, Նաիրան պատմեց իր հիվանդության ու ապաքինման մասին։ Սուրճի ընդմիջմանը բժիշկն ինքը մոտեցավ նրան։

— Իհարկե, ինձ չճանաչեց։ Ինձ նման ինչքա՞ն մարդ էր նրա ձեռքով անցել։ Մսի կտորներ, որոնց վրա չարժե ուշադրություն դարձնել, մեկ է՝ շուտով չեն լինելու։ Ասաց. «Չի կարող պատահել, որ մինչև հիմա ողջ լինեք։ Ուրեմն ձեզ սխալ են ախտորոշել»։ Ասում եմ՝ բայց դուք ինքներդ եք ախտորոշել։ Բոլոր թղթերն ունեմ։ Ինձ չեք հիշում, ամուսնուս հետ էի եկել։ Դուք ու ձեր օգնականուհին իմ մասին այնպես էիք խոսում, կարծես արդեն դիակ էի այնտեղ պառկած։

— Իսկ նա չի հանգստանում, հարցնում է՝ ինչ եմ արել, ինչպես եմ բուժվել։ Դե, պլացեբո եմ ընդունել, սննդակարգ պահպանել, քիմիա արել։ Եվ, անկեղծ ասած, չէի ուզում մեռնել։ Տարօրինակ նայեց ինձ ու հեռացավ։

Նաիրան այն ժամանակ փորձեց «Հենարանի» ղեկավարին պատմել կենտրոնի իր գաղափարի մասին։ Ղեկավարն ի պատասխան առաջարկեց ուռուցքաբանական հիվանդների շահերի պաշտպան դառնալու ուսուցում անցնել և պաշտպանել այլ հիվանդների իրավունքները։ Խիստ հանդիմանեց Նաիրային այն բանի համար, որ ՀՏ-ի ու պորտակատի համար վճարել էր, ոչ թե պայքարելով ամեն ինչ անվճար ստացել։

— Ինձ ապրելու երկու ամիս էին տվել, շնչահեղձ էի լինում, քայլել չէի կարողանում, ուր մնաց ինչ-որ բանի համար պայքարել։ Եվ ուռուցքաբանական հիվանդների շահերի պաշտպանները, իհարկե, լավ բան են, բայց մինչև նրանց հասնելը դեռ այնքան կարևոր բան կա։ Բայց կազմակերպության ղեկավարին գաղափարս առանձնապես չհետաքրքրեց։

Անպարկեշտորեն ողջ
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

Այդ ժամանակ Նաիրան նամակ գրեց «City of Smile» կազմակերպությանը։ Իր օգնությունն առաջարկեց որպես կամավոր։ Մտադիր էր հիմնականում հանդիպել քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների հետ, պատմել իր պատմությունը, նրանց տրամադրել այն մտքին, որ եթե ինքը՝ չափահաս մարդը, վերջին փուլում բուժվել է, ապա նրանց երեխաներն առավել ևս կհաղթահարեն հիվանդությունը։

Կազմակերպությունից մեկ ամիս անց պատասխանեցին, որ անպայման կօգտվեն նրա օգնությունից, երբ դրա կարիքը լինի։ «Կարիքն» այդպես էլ չառաջացավ։

Գլուխ VIII. Նոր թերապիա

2019-ի նոյեմբերին Նաիրայի մոտ կրկնություն եղավ։ Լյարդի մետաստազը մեծացավ՝ հասնելով 3.5 սմ-ի։ Կենտրոնի մասին ստիպված եղավ ժամանակավորապես մոռանալ՝ չափազանց շատ խոչընդոտներ, բյուրոկրատիա ու էներգիա։

Ուռուցքաբանական կենտրոնում Նաիրային առաջարկեցին քիմիաթերապիայի ևս մեկ կուրս։ Բայց մեծ վտանգ կար, որ սիրտը չի դիմանա։ Այդ ժամանակ որոշեց փորձել իմունային թերապիա՝ այսպես կոչված մակրոֆագների ակտիվացնողներ։ Ամուսնու հետ բանկից վարկ վերցրին, և նա ինքն էր Նաիրայի պորտին ներարկում անում։

— Բոլորն իմ վրա փորձեր են դնում, — ծիծաղում է Նաիրան։

Ժամանակ առ ժամանակ մեզ մոտ՝ խոհանոց մտնող Նաիրայի ամուսինը՝ բժիշկ-հոմեոպաթ Վաղարշ Խաչիկյանը, պատմում է, թե ինչպես է գործում իմունային թերապիան։

Իմունային թերապիա
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

— Քիմիաթերապիան, ճառագայթային թերապիան հետևանքներն են վերացնում, ոչ թե պատճառը։ Երրորդ փուլի դեպքում լավ քիմիաթերապիան ամենաշատը մեկ տարվա երաշխիք է տալիս, այսինքն՝ մահը մեկ տարով հետաձգում է։ Որովհետև քաղցկեղային բջիջների հետ մեկտեղ սպանում է մեր իմունային համակարգը։ Իսկ իմունաթերապիան օգնում է իմունիտետին ճանաչել քաղցկեղային բջիջները՝ հետագայում ոչնչացնելու համար։

— Քաղցկեղն առաջանում է այն պատճառով, որ իմունային բջիջները դադարում են ճանաչել օտար մարմինները, չեն հասկանում՝ յուրայի՞ն են, թե՞ ոչ։ Մի բան է պետք, որ իմունային համակարգի «աչքերը բացի»։ Եվ այն արդեն ինքն է սկսում ճանաչել ու ոչնչացնել դրանք։ Սա անում են դեղամիջոցները (որոնք Նաիրան ընդունում է), այսպես կոչված մակրոֆագի ակտիվացնողները։

— Մակրոֆագները կազմում են արյան սպիտակ բջիջների 5%-ը։ Դրանք կարևոր իմունային բջիջներ են, որոնք «մարսում են» վիրուսները, բակտերիաները, ինչպես նաև օրգանիզմ ներխուժած մյուս օտար մարմինները։ GcMAF-երը (Gc սպիտակուցից ստացված մակրոֆագների ակտիվացման գործոնները) մեր մարմնում բնականորեն առաջանում են և մակրոֆագներին օտար գոյացությունները ոչնչացնելու հրաման տալիս։ Քաղցկեղի նման լուրջ հիվանդությունները քայքայում են GcMAF-ը, և մակրոֆագներին ոչնչացնելու հրաման տվող այլևս չկա։ Մակրոֆագները կարծես քնած են մնում։ Քաղցկեղային բջիջներն սկսում են անվերահսկելիորեն բազմանալ։ Լաբորատորիայում Gc սպիտակուցից ստանում են մակրոֆագների ակտիվացնողներ՝ մի տեսակ արհեստական GcMAF, որոնք ներմուծվում են օրգանիզմ և «արթնացնում» մակրոֆագներին։ Իսկ դրանք սկսում են ոչնչացնել քաղցկեղային բջիջները։

2020-ի փետրվարին Նաիրայի ՀՏ-ն ցույց տվեց, որ մետաստազը պատիճավորվել է և չորացած լոբու հատիկի է նման, իսկ դա նշանակում է՝ թերապիան գործում է։

Ջոննին
Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

***

Նաիրայի տաք տնից դուրս ենք գալիս արդեն գիշերով։ Պատուհանից դուրս՝ կավե փոքրիկ կժերով, ծաղիկներով ու ծառերով նախապարտեզում, մի կատու է պառկած՝ կծկված։ Նա իրեն լավ չի զգում և վաղը անասնաբույժի մոտ է գնալու։

Տանը, նախապարտեզում ապրելու այնքան ձգտում կա, որ հանկարծ ես էլ, ինչպես Նաիրան հիվանդասենյակում, մի պատկերավորում եմ ունենում. տուն նայած «վատ» բջիջը, որ փշոտ, շագանակագույն կակտուսի է նման, շփոթված մրմնջում է, թե հասցեն շփոթել է, ու իր հետևից կամաց դուռը ծածկելով՝ հեռանում է գիշերվա մեջ։