Նույն մեքենայի պտուտակիկները​

Ինչ-որ տեղ զբոսնում է մի մարդ, որն ընդամենը մեկ նախաճաշով փոխեց աշխարհը։

Կարեկցելու ժամանակը չէ

Ֆյոդոր․ Չինաստանում մարդիկ զանգվածաբար մահանում են նոր վիրուսից։

Ես․ Էլ ի՞նչ վիրուս։

Ֆյոդոր․ Ինչ-որ մեկը չղջիկից է վարակվել։

Ես․ Այ դրա համար էլ պետք չէ ուտել ամեն ինչ, ինչ շարժվում է։ Տան շներին կերակրե՞լ ես։

Կարծեմ հունվարն էր։ Ցուրտ էր։ Հենց նոր էի տուն մտել շներին մի քանի ժամ կերակրելուց, մաքրելուց ու զբոսանքի տանելուց հետո – սառած, հոգնած ու չարացած։ Միայն մի բան էի ուզում՝ մտնել լափթոփի մեջ, բութ-բութ թերթել ուրիշների ֆեյսբուքյան ու յութուբյան էջերը, կառչել մի զվարճալի բանից ու դրա մեջ մոռանալ ամեն ինչ։

Չէի ուզում իմանալ Չինաստանի վիրուսի մասին։ Աշխարհում մեկ-մեկ նոր վիրուսներ են հայտնվում, որոնցից մարդիկ են մահանում։ Ինչ-որ տեղ՝ հեռավոր ու հենց դրանից վերացական թվացող աշխարհում։ Ուրիշ, անծանոթ մարդիկ։ Հետո կկարեկցեմ նրանց։ Հիմա մի բան ուտեմ ու պատսպարվեմ լափթոփում։

Ֆյոդոր Կորնիենկո

Իսկ մեղուն ողջ մնաց

Մարտի երկուսն է։ Ֆյոդորը վանական մեղրաբլիթներ է թխում։ Նրա պահքը սկսվել է՝ խիստ ուղղափառը, առանց բուսայուղի։ Մեղրաբլիթները՝ անանուխով ու մեղրով։ Ինձ մոտ առանց կաթի սուրճ է ու հումակերության շաբաթ։ Ֆյոդորը նորից պատմում է կորոնավիրուսի մասին, որն արդեն ամենուր է։ 

Ուլայը մահացել է։ Մտածում եմ լեհ լրագրող Պաուլինա Ռայտերի՝ Մարինա Աբրամովիչի հետ հարցազրույցի մասին․ իմ ամենասիրածներից է։ Լրագրողը Մարինային հարցնում է, թե ինչու է «Հանգստի էներգիա» պերֆորմանսում նետի ծայրն ուղղված նրա սրտին, մինչ Ուլայը պահում է լարված աղեղնալարը։ Աբրամովիչը պատասխանում է, որ երբ մեկ այլ լրագրող նույն հարցը տվել էր Ուլային, նա պատասխանել էր․ «Դա նաև իմ սիրտն էր»։

Նրանք երկուսն էլ, ավելի ճիշտ՝ միասին, շատ կարևոր են եղել իմ տարբեր կայացումների ընթացքում։ Ուլայի մահը շոշափելի է ու տխուր։ Կորոնավիրուսը դեռ ինչ-որ հեռավոր բան է։ Ինձ համար կորոնավիրուսն ընդամենը էնտերիտի մի ձև է, որը հաճախ է լինում շների մոտ ու ավելի թեթև է անցնում, քան, օրինակ, պարվովիրուսը։ Մեր Ռամիկը երեք տարի առաջ բուժվել էր դրանից։ Մի քիչ նեղսրտում եմ, որ այն տիրել է Ֆյոդորին ու մեր խոսակցությունների զգալի մասն է կազմում։

Ի դեպ, ահա հենց այդ մեղրաբլիթները։ Լուսանկարը՝ Ֆյոդոր Կորնիենկոյի

***

Ֆյոդորի երակը հեռացրել են։ Վիրահատել են, քսան րոպե պահել, կերակրել ու տուն ուղարկել։ Իջանք քաղաք։ Տաք էր, թռչունները երգում էին, Ֆյոդորը նրբագեղ հենվում էր ձեռնափայտին։ Դիմացից դիմակներով մարդիկ էին գալիս։ Ոմանք անցնելիս ցուցադրաբար մի կողմ էին քաշվում, ոմանք էլ անցնում էին՝ արմունկով քսվելով։ Ֆյոդորը խստորեն հրամայում էր հեռավորություն պահել, ինչի պատճառով խաչմերուկներից մեկում անգամ մեր կանաչ լույսը բաց թողեցինք։ 

Բանկում բոլոր աշխատողները դիմակ էին կրում ու մարդկանց խնդրում հեռավորություն պահել։ Օդում ինչ-որ օտար բան էր հայտնվել։ Ես դեռ ծիծաղում էի նախազգուշական միջոցների ու սխալ դրված դիմակների վրա։ 

Մաշտոցի ու Մոսկովյանի անկյունում մի տատիկից նարգիզներ գնեցինք։ Երբ մնացած ծաղկեփնջերը հետ էր դնում դույլի մեջ, նկատեցի ջրում թպրտացող երկու միջատի՝ մի մեղվիկ ու մի ճանճ։ Նետվեցի նրանց հանելու։ Ճանճը, որը, ըստ երևույթին, ջրի մեջ այնքան էլ վաղուց չէր ընկել, սկսեց թափ տալ իրեն ու նույնիսկ մի քիչ թռչել։ Մեղուն ծանր-ծանր քարշ եկավ ասֆալտի վրայով։

– Պետք է մեղվին ճանապարհից հեռացնել, — որոշեց տատիկն ու պատրաստվեց միջատին տեղափոխել մայթի հողոտ մասը, որտեղ ծառերն են աճում։

– Սպասի՛ր, — նրա ձեռքից բռնեց կողքին կանգնած տղամարդը։ — Այդպես չի կարելի։ Հողով կկեղտոտվի ու չի չորանա։

– Բայց ճանապարհից հանել պետք է, կտրորեն։ Մի տերևի վրա կդնեմ, — ասաց կինը։

Գնաց, գտավ ամենամեծ տերևը, մեղվին դրեց վրան։ Տերևը մոտեցրեց ծառի տակ եղած հողոտ հատվածին։ Տղամարդու բողոքող շարժմանն ի պատասխան խիստ ասաց․

– Մեղուն խելացի կենդանի է, տերևի վրա կսպասի, մինչև բավականաչափ չորանա, ու միայն հետո կիջնի հողին։

Լավ տատիկ է։ Ափսոս, Ֆյոդորը չի թողնի գրկեմ նրան։

***

Մարտի կեսն է։ Իտալիայում կորոնավիրուսից համատարած մահանում են։ «Զվարթնոց» օդանավակայանում ժամանողների ջերմությունը հեռավար ջերմատեսիլներով են չափում ու ալարկոտ ուղարկում ինքնամեկուսացման։

Միլանից եկած մի կին ինքնամեկուսանում է որդու մեծ նշանդրեքին։ Մի քանի օր անց պարզվում է, որ վարակված է։ Սկսվում են այն մարդկանց որոնումները, որոնց հետ շփվել է։ Նշանդրեքի բազմաթիվ հյուրերն են, սրահը, որտեղ մազերն էր հարդարել, խանութները, որտեղ նշանդրեքի համար անհրաժեշտ բաներն էր ընտրել։ 

Մինչ կինը թոքաբորբով հիվանդանոցում էր, երկրում իսկական հիստերիա սկսվեց՝ թե՛ իրական, թե՛ վիրտուալ։ Ցանցը ցնցվում էր նրա հասցեին ուղղված անեծքներից ու նրան քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջներից, նրա կերպարը պատվեց մեմերով ու չար կատակներով, հարազատները գտան ու ծեծեցին կատակողներից մեկին, որի տեսանյութը խելահեղ դիտումներ էր հավաքել։

Միլանյան չվերթի ուղևորներին մեկուսացման ուղարկեցին Ծաղկաձորի հինգաստղանի հյուրանոց։ Ցանցում հայտնվեցին նրանց սպասարկող անձնակազմի տեսանյութերը՝ սխալ դրված դիմակներով ու ճակատին բարձրացրած պաշտպանիչ ակնոցներով։

Մեզ մոտ պայտարն էր եկել՝ ձիերի սմբակները մաքրելու։ Դիմակով մաքրում եմ Սալմային, անդադար փռշտում՝ ձիու մազից ալերգիա ունեմ, ու գաղտնի նախանձում էլիտար մեկուսացածներին։

Ֆյոդոր Կորնիենկո

Ես արթնացա

Վարչապետը դադարեց երկրով մեկ շրջել՝ կասեցնելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Նրա հայտնի «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ մեզ վախեցնի» արտահայտությունն արդեն ոչ թե հավանության ծափեր էր առաջացնում, այլ չարություն։ Առողջապահության նախարարը դադարեց կորոնան «գրիպից ոչ ավելի վտանգավոր վիրուս» անվանել ու սկսեց երկրին սովորեցնել ճիշտ լվանալ ձեռքերը։

Սուպերմարկետներում մարդիկ զուգարանի թուղթը, մակարոնն ու հացը սրբում-տանում են դարակներից։ Սթափությունը պահպանածները կոչ են անում հանգստանալ ու զուգարանի թղթին հանգիստ թողնել՝ կորոնան լուծ է առաջացնում դեպքերի ընդամենը 5%-ում։ Ինչ-ինչ պատճառներով անհետացել է մեր վանական մեղրաբլիթների հիմնական բաղադրիչը՝ տարեկանի ալյուրը։ Գոհունակությամբ նկատում եմ, որ իմ հիմնական սնունդը՝ բանջարեղենն ու մրգերը, գրեթե ձեռք չտված են մնում։

Շների չոր կերի մեր մատակարարը զանգահարեց ու զգուշացրեց, որ մարդիկ կեր են գնում, ու պահեստը կարող է դատարկվել։ Մենք էլ ստիպված եղանք նույնն անել։ Լավ կողմից՝ մեկ ամսից ավելի շների ուտելիքի մասին չենք մտածի։ 

***

Փորձում եմ աշխատել հոդվածի վրա, բայց համընդհանուր հուզմունքն ինձ էլ է կլանել։ Փակվում են դպրոցները, հանրային սննդի վայրերը, մշակութային հաստատությունները։ Նեղսրտում եմ, որ մանկատները կարանտինի են փակվել, ու մենք շներով թերապիան դադարեցրել ենք։ Եվ որ չենք կարող սկսել նոր ազատավանդակների շինարարությունը։ Նաև վախենում եմ առանց աշխատանքի մնացած մարդկանց համար։ 

Հապաղումս արդարացնում եմ նրանով, որ ստուգված տեղեկություն եմ փնտրում՝ վտանգի աստիճանը հասկանալու համար։ Իրականում ժամերով ֆեյսբուքյան լրահոսն եմ թերթում։

Դեռ վերջերս երազում էի այնպիսի մի շաբաթվա մասին, երբ պետք չէր լինի կերի մասին մտածել, պետք չէր լինի թերապիայի գնալ, հնարավոր կլիներ մի շաբաթ փակվել Ուշիում, ձիերով զբաղվել, շների հետ ավելի երկար զբոսնել, ավարտել հոդվածը։

Հիմա այդ շաբաթն ունեմ։ Նույնիսկ ավելին։ Բայց գիտակցումը, որ դա իմ ընտրությամբ չէ, ու օդի տագնապայնությունը ճնշում են։ Զբոսնել չեմ ուզում, գրել էլ։ Ոչինչ չեմ ուզում։ Միայն լրահոսը թերթել ու հատուկենտ հուսադրող լուրեր որսալ։

***

Մայրիկիս սիբեխ տարա․ ամեն մարտի ավանդույթի համաձայն՝ նրա համար հավաքել էր Քյուբարը՝ Ուշիի միակ քուրդ կինը։ Հեռախոսով խստորեն պահանջեցի, որ դուրս գա շքամուտք ու հեռավորություն պահի։ Մայրիկիս մի շաբաթ չէի տեսել։ 

Իրար դիմաց կանգնած էինք երկու մետր հեռավորության վրա։ Մի հինգ րոպե խոսեցինք։ Հիմնականում ես էի խոսում։ Վախեցնում էի ու պահանջում, որ խստորեն պահպանի մեկուսացումը։ Սարսափեցի, որ եղբայրս (զինվորական է) ամեն օր աշխատանքի է գնում, ու որ տանը ալկոգել չկա։  Մայրիկս փորձում էր ժպիտը զսպել, իսկ ես բարկանում էի, որ ամեն ինչին անլուրջ է վերաբերվում։ Ինչպես Ֆյոդորն էր ինձ վրա բարկանում ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Կարծես մի քանի տարի է անցել։ Այնպիսի զգացում է, ասես բոլորս ինչ-որ կերպ ուրիշ չափման մեջ ենք հայտնվել։ Ինչպես «Չելենջերում»՝ մանկությանս ավստրալական սերիալում։ 

Փոքրիկ զարմիկս փորձում էր մուտքի դուռը բացել ու դուրս վազել տյոտյայի մոտ, բայց մայրիկս թույլ չտվեց։

Նախկին կյանքն եմ ուզում։ Մայրիկի բազմոցին նստել բերգամոտով մի բաժակ թեյով, հանդիպելիս ու հրաժեշտին համբուրել նրան։ Գրկել-ճմռթել մեկուկես տարեկան  զարմիկիս։ Ամբողջ տնով մեկ բռնոցի խաղալ նրա հետ։ Թաքնվել ամենամութ տեղում ու սպասել, որ ճչամ, երբ զգուշորեն մոտենա։ Հերթական անգամ զարմանալ նրա արձագանքից՝ ճիչից վախենում է, ցնցվում, մի վայրկյան քարանում ու քրքիջ տալիս։ Ու փախչում՝ ամբողջ տնով մեկ տարածելով իր զնգուն քրքիջը։ Երբեք չեմ տեսել երեխաների, որոնք այդքան սիրեին վախենալ։

Նրան ընդհանրապես ամեն ինչ ուրախացնում է։ Քայլում է իր համար ու ժպտում։ Նոր մարդ եկավ՝ ուրախանում է։ Մուլտֆիլմ միացրին՝ ուրախանում է։ Մի բան կոտրվեց, մեկը վայր ընկավ, նոր ամանեղեն հանեցին, հեռախոսը զանգեց… ամեն ինչ նրան ուրախացնում է։ Շատ է հավանում այն կյանքը, որի մեջ հայտնվել է։

Բացում եմ Վոնեգուտը 

Ես՝ ուժեղ, ինքնաբավ կինս, ֆեմինիստական «հասկացություններով», չեմ կարող ինքնուրույն գլուխ հանել մի պստիկ, բայց ապրելուն շատ խանգարող կուտիկուլայից։ Ամբողջովին կախված եմ մատնահարդարիցս։ 

Կրծոտում եմ կուտիկուլաներս։ Վախով մտածում եմ այն օրվա մասին, երբ ստիպված կլինեմ ինքս խարտոցը ձեռքս վերցնել։ Ոչ մի մկրատ։ Երեք տարի առաջ երդվել եմ մատնահարդարին։

***

Ձեռքերի նոր քսուք եմ գնել։ Յուղոտ։ Սպիրտից մաշկս ճաքում է։ Բայց Ֆյոդորն անողոք է։ Ամեն անգամ խանութից ու անասնաբույժի մոտից դուրս գալիս՝ միակ տեղերը, ուր դեռ  գնում ենք, մեքենա նստելուց առաջ ձեռքերս ցողում է։ 

Տանը ստիպում է ամեն կես ժամը մեկ ձեռքերը լվանալ։ Թեև տանը մենակ ենք։ Ու մեզ մոտ ոչ ոք չի գալիս։

Տանել չեմ կարող ձեռքերս լվանալը։ Ամբողջ կյանքում խուսափել եմ։ Ատում եմ, երբ ջուրը մարմնիս միայն մի մասին է դիպչում։ Այսպիսի ֆոբիա։ Գուցե արդեն անուն էլ են հորինել։ 

Բայց հիմա հնազանդորեն ենթարկվում եմ։ Քնքշանքով վերցնում եմ նուրբ կանաչ գույնի փոքրիկ կտորը։ Այս աշխարհում ինչ-որ բան կորոնավիրուսից ուժեղ է։

***

Արտակարգ դրություն մտցրին՝ պարետով, ամեն ինչ՝ ինչպես հարկն է։ Սահմանափակումներն ու արգելքներն անթիվ են։ Մասնավորապես արգելվում են քսանից ավելի մարդկանց հավաքները, զանգվածային միջոցառումները, զինվորների արձակուրդները, բանակում ու բանտերում ծանրոցներն ու տեսակցությունները։ Էլ ավելի շատ հաստատություններ են փակվել, էլ ավելի շատ մարդիկ են ստիպված թողնել աշխատանքը։

Ֆյոդոր Կորնիենկո

Տագնապն ուժեղանում է։ Ինքս ինձ Ֆեյսբուքն արգելում եմ։ Գիշերը չեմ կարողանում քնել։ Կեսօրին մի կերպ վեր եմ կենում անկողնուց, սուրճի բաժակով քարշ գալիս լափթոփի մոտ ու կախվում Յութուբում։ Բոլոր հիսուներեք կենդանիները մնացել են Ֆյոդորի վրա։ Գրանտ է գրում, հոդված խմբագրում, բոլորին կերակրում ու ջուր տալիս։ Մեր փոքրիկ ընտանիքում իմ դեպրեսիան հարգելի պատճառ է։ Միևնույն է, այն ոչնչով չես ճեղքի, մինչև ինքնուրույն չհեռանա։

***

Վերընթերցում եմ Վոնեգուտի «Կատվի օրորոցը»։ Կորոնավիրուսը բավական նման է սառույց-իննին։ Այն էլ է աշխարհը ոչնչացնում։ Մեր նախկին՝ այդքան անկատար ու, պարզվում է, այդքան հրաշալի աշխարհը։ 

Քուրթ Վոնեգուտն իմ ամենաամենասիրելին է։ Լաց էի լինում, երբ մահացավ։ «Կատվի օրորոցը» նրա գործերից ամենասիրելին է, որտեղ նա նոր կրոն է հորինել, Բոկոնոնի «աստվածաշունչն» ու աշխարհի շատ հետաքրքիր վախճան։ Եթե բոլոր մարդկանց համար կրոն ունենալը պարտադիր լիներ, ես կընտրեի բոկոնոնիստ լինելը։ 

«Բոկոնոնի Երկերի տասնչորսերորդ հատորն այսպես է վերնագրված․ «Կարո՞ղ է արդյոք բանական մարդը, հաշվի առնելով անցած դարերի փորձը, մարդկության լուսավոր ապագայի թեկուզ չնչին հույս տածել»։

Տասնչորսերորդ հատորը կարդալը երկար չի տևի։ Այն բաղկացած է ընդամենը մեկ բառից ու վերջակետից․ «Ոչ։»»։

Ամեն ինչ՝ ինչպես միշտ 

Քսանհինգ րոպե՝ ոտքեր, տասնհինգ րոպե՝ որովայնի մկաններ, հինգ րոպե՝ բըրփի։ Մկաններս հյուծվելու չափ ցավում են։ Բա ոնց, մի շաբաթ մարզում չեմ արել՝ մկաններ աճեցնելու իմաստ չէի տեսնում, երբ աշխարհը գրողի ծոցն է գնում։ Սիրելի Իտալիայում օրական մի քանի հարյուր մարդ է մահանում։

Նայեցի հայելու մեջ։ «Ռեմբո» արեցի։ Մանկության տարիներին այդպես էինք ասում, երբ լարում էինք ձեռքերի ու ուսերի մկանները։ Պետք է ձեռքերի ծանրաբեռնվածությունը նվազեցնել՝ չափազանց մկանոտ են։ Սա է գլխավոր խնդիրը։ Վաղը միայն կարդիո կլինի։ Քառասունհինգ րոպե։ 

Շատ կարևոր է՝ ինքդ քեզ հայելու մոտ տանելը ու ձեռքերի մկաններին մտահոգ նայելը։ Դուրս որսալ մի խնդիր, որը կարևոր էր այն՝ նորմալ կյանքում։ Ամեն առավոտ սկսել այնպես, ինչպես այն՝ նորմալ կյանքում։ Որպեսզի այս մեկից չխելագարվես։ 

***

Շարունակում ենք տնից դուրս չգալ ու ոչ ոքի չընդունել։ Մենք մեր իմունիտետով թեթև կպրծնենք, վստահ ենք։ Բայց վարակը կտարածենք։ 

Միայն վերջին անգամ բանկ գնանք, պարտադիր թղթաբանությունն ավարտենք ու վերջ։ 

Նստեցինք մեքենան, մի քիչ գնացինք ու ուրվական-շուն տեսանք։ Մի աչքը գլաուկոմայից կապույտ-կապույտ է, մյուսը՝ պայթած, դուրս ընկած։ Գզգզված, բայց փայլուն մորթու տակից ոսկորներն են ցցված։ 

Ես․ Պետք է բռնենք նրան։ Կարծեմ չի տեսնում։

Ֆյոդոր․ Այսօր պետք է թղթերը ձևակերպենք։ Չենք կարող ուշանալ։

Ես․ Չենք ուշանա։ Մի րոպեում կբռնենք, տե՛ս՝ ինչ սիրալիր է, ինքն է եկել մեզ մոտ օգնության։ 

Մի երկու ժամ բռնում էինք նրան։ Նիհար կույր շունը ճարպկորեն փախչում էր երկու ուժեղ, տեսնող մարդկանցից։ Եթե հաջողվում էր փակուղի քշել, ատամներն էր ցույց տալիս ու հարձակվում։ Երկու պատռված վզափոկից ու ձիու մի կորդայից, սիրելի կոշիկներիս ցեխից իմ սարսափից (արդեն մի քանի օր անձրև էր գալիս), իմ բազարային հայհոյանքներից ու Ֆյոդորի վախեցնող լռությունից հետո փախստականը բռնվեց ու վանդակի մեջ տեղավորվեց։

***

«Արագ նրան կլինիկա կտանենք, կթողնենք այնտեղ, բանկ կգնանք ու ամեն ինչ կհասցնենք», — բարձրաձայն դատողություններ էի անում մայրուղու վրա։ Մեքենայի տակի տհաճ ձայնը շատ անսպասելի ներխուժեց ծրագրերիս մեջ։ Կառանեցինք ճանապարհի եզրին, կռացանք մեքենայի տակ․ այնտեղ անօգնական թպրտում էր ձախ առջևի կիսասռնին։ 

Լավ կողմից՝ շարժաբեր լիսեռն իր երկրային ուղին ավարտեց վայրէջքի վրա՝ ավտոարհեստանոցներից երկու հարյուր մետր հեռու։ Մեքենա հրելը Ֆյոդորը, ի տարբերություն շուն բռնելու, սիրում է։ 

Մեխանիկն արագ գնահատեց իրավիճակն ու ասաց՝ մեքենան թողնենք, ամեն ինչ կանի, պահեստամասերն էլ ինքնուրույն կճարի։

Համոզեցինք մի տաքսիստի, որը հենց նոր էր ավտոլվացումից դուրս եկել, որ շնով վանդակն ու մեզ անասնաբույժի մոտ տանի։ Ամբողջ ճանապարհին տաքսիստը կիսվում էր իր հոմոֆոբ ու հակաֆեմինիստական հայացքներով ու երկրի ապագայի մռայլ տեսլականով։ Մենք լուռ էինք ու հաշվում էինք, թե մեր ձիու կորդայի արտահայտիչ հոտը դեռ որքան կմնա նրա մեքենայում, ու որ վանդակն ինքը մաքուր էր, բայց այ հատակը, որը դրել էինք անձրևից հետո ցեխոտ հողին…

Տաքսիստը երկու հազար դրամ վերցրեց՝ սովորականից ընդամենը չորս հարյուր դրամ ավելի։ Իսկ կարող էր ամբողջ հինգ հազարն էլ վերցնել՝ առանց հաշվիչի էինք գնում, գնի շուրջ նախապես չէինք պայմանավորվել։ 

***

Ուշ երեկոյան, բանկի գործն ավարտած ու մեքենան վերցրած, վերադառնում ենք անասնաբույժի մոտ։ Քայլելիս քնում ենք։ Շան աչքերը պետք է վիրահատել, չի տեսնում ու չի էլ տեսնելու, նաև վեներական սարկոմա ունի, մռնչում է ու հարձակվում, նրա հետ շատ չարչարանք ու ժամանակ է պետք, որը մենք չունենք, այնպես որ բոլոր առումներով ավելի լավ է քնեցնել նրան, ասում է անասնաբույժը։

Այս ամենը թարգմանում եմ Ֆյոդորին ու սկսում լաց լինել։ Ոչ ոք մտքով էլ չի անցկացնում ինձ մխիթարել։ Բոլորը գիտեն, որ միշտ լաց եմ լինում, երբ պատրաստվում եմ մեծագույն հիմարություն անել․ շունն ապրելու է։

Սարի գագաթին ապրելը լավ է 

Կարանտին։ Դուրս գալ կարելի է միայն լրացված թղթով ու անձնագրով և խիստ անհրաժեշտության դեպքում։ Մնացած բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում տանը նստել։ Հայաստանում օրական հիսուն դեպք է հայտնաբերվում, երբեմն էլ՝ ավելի։

Ֆյոդոր Կորնիենկո

Ես դաշտեր ունեմ։ Անվերջ։ Որտեղ կարող եմ զբոսնելու դուրս գալ, երբ ցանկանամ։ Շատ մարդիկ փակված են իրենց բնակարաններում։ Շատերը՝ մի սենյակում ինը հոգով։ Ամուսիններ, որոնք մինչև այս պահը չեն բաժանվել միայն այն պատճառով, որ շնչելու հնարավորություն ունեին աշխատանքի, մատնահարդարի, ընկերների հետ փաբում գարեջրի, ընկերուհիների հետ սրճարանի տեսքով․ կանայք՝ իրենց ծեծող ամուսինների հետ, որոնք աշխատանքը կորցրել ու ավելի չար են դարձել․ հարսներ, որոնք մինչև ուշ մնում էին աշխատանքի, որ քիչ տեսնեն իրենց անպտղության համար տանջող սկեսուրներին․ տղամարդիկ, որոնք հազար ձևի ճարպկություն են անում, որ կնոջ աչալուրջ հայացքի կողքով մի լուր հասցնեն սիրուհուն, որը հեռախոսում գրանցված է որպես «խադավիկ Սերգո»․ տղամարդիկ, որոնք գնդիկներ խաղալիս իրականում մտածում են՝ ինչպես են հաջորդ ամսվա կոմունալների ու ուտելիքի տակից դուրս գալու․ երեխաներ, որոնք դպրոցների, մանկապարտեզների, բակի, ընկերների փոխարեն պահանջում են իրենց զվարճացնել։ Բոլորը փակված են բնակարանների փոքրիկ քառակուսիներում։

***

Փորձեցի հայկու գրել։

Ես․ Խմված է վերջին Ալկոգելը

Պարետը տխրում է։

Ի՞նչ բառ վերցնեմ «ալկոգելի» հետ հանգավորելու համար։

Ֆյոդոր․ Երգում է ծաղկաձորյան մետրդոտելը։

***

Ասլանը բուլդոզերի պես սլանում է դաշտերով՝ մեզի ժլատ շիթերով սեփականաշնորհելով ամեն քար, ամեն թփիկ։ Խնձորի այգում գեղատեսիլ փռված բազմոցի վրա առանձնապես շատ ժամանակ է գնում․ պետք է երեք կողմից չիշիկով պատել։ Նստատեղը՝ անհասկանալի պատճառներով, գուցե խնձորենիների տերերի նկատմամբ հարգանքից, երբեք։ 

Հարևանի այգում Ասլանը վազում է ծառի մոտ, կանգնում, երկար-երկար մտածում ու կայացնում նույն որոշումը, ինչ բոլոր նախորդ անգամներին՝ չիշիկ անել։ Տիրոջ կալոշների վրա, որոնք կոկիկ դրված են հաստ ճյուղին։ 

— Ասլաաա՛ն, — ալարկոտ սաստում եմ ես։ 

Ալարկոտ, որովհետև այգու տերը՝ շատ-շատ տարեկան Սուրիկ ձյաձյան, միայն իմ ներկայությամբ երկու անգամ ինձ պոռնիկ է անվանել ու անհամար անգամ՝ հետևիցս։ Համարենք՝ հաշիվներս մաքուր են, Սուրիկ ձյաձյա։ 

Իսկ պոռնիկ՝ որովհետև գյուղի մեծերն այդպես են անվանում բոլորին, ովքեր իրենց անհասկանալի կյանքով են ապրում կամ անհասկանալի բաներ անում։ Մազերդ ներկել ես՝ պոռնիկ, քառասուն շուն ես պահում՝ պոռնիկ։ 

Նիկիտան առաջ է վազում՝ քիթը գետնին, հետախույզ շան պես։ Հալված ձյունը բացել է դեռ անցյալ տարի թափված տերևները։ Քամին տեղ-տեղ տերևները քշել ու փոքրիկ, փափուկ խսիրներ է սարքել։ Նիկիտան գտնում է դրանք, թատերական շարժումով իրեն գցում գորգիկի վրա ու սկսում թավալվել՝ աջ ու ձախ փռշտալով իր իսկ բարձրացրած փոշին։ 

Տեկիլան անմիջապես մոտ է վազում ու սկսում հաչել։ Այդպես է արձագանքում ցանկացած անսպասելի երևույթի կամ չափազանց երկարող գործընթացի։ «Բանե՜ր, բանե՜ր, բանե՜ր», — հաչելու փոխարեն կշշնջար, եթե բոկոնոնիստ լիներ։ 

Շների մոտ ամեն ինչ առաջվա պես է։ Վազում են, կյանքը վայելում։ Ես էլ եմ ուրախանում։ Ամբողջ կրծքով շնչում եմ դաշտերի մաքուր, ինչ-որ հաղթական օդը։ Առաջին անգամ Բասսիտի մահից անցած այն մեկուկես ամսվա ընթացքում։ Նրա մեծ դունչը շատ-շատ եմ կարոտում։ Քայլում եմ ցեխապատ կալոշներով, ժպտում ու լաց լինում։ Ինչ-որ լուսավոր լացով։ 

Պրոկրաստինացիա։ Երկրորդ ալիք 

Առավոտյան զանգեցին Արագածոտնի մարզպետարանից։ 

— Դուք գրանցվե՞լ եք որպես կամավոր՝ տարեցներին ու հաշմանդամություն ունեցող մարդկանց մթերք հասցնելու համար։

— Այո, — կիսաքուն պատասխանում եմ։ Արթնացրին։

— Գործ կա։ Զանգել հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ պարզելու՝ դեռ ապրո՞ւմ են այն նույն հասցեներում, որ մենք ունենք, և ո՞ղջ են արդյոք։ Շատերի հեռախոսահամարներն ընդհանրապես չունենք։

— Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում գտնել նրանց։

— Դե նույն փողոցում ապրող մեկին կզանգենք, կհարցնենք։ Քաղաքը փոքր է, բոլորն իրար ճանաչում են։ Դուք Աշտարակո՞ւմ եք ապրում։

— Ոչ, Ուշիում։

— Աաա։ Այդ դեպքում սա ձեզ համար չէ։ Պետք է մեկը, որը քաղաքի մարդկանց կճանաչի։ Մեքենայով եք, չէ՞։ Այդ դեպքում կճշտենք, կզանգենք ձեզ։ Հետո վարորդներ պետք կլինեն։

Կինն անջատում է, ես վերջնականապես արթնանում եմ։ Այ քեզ բան։ Պարզել՝ ո՞ղջ են արդյոք։ Լավ է՝ առիթ ընկավ։ 

***

Նորից չդիմացա։ Ժամերով կախվում եմ Ֆեյսբուքում։ Ուղղակի մի հատ նայեմ, քծնանքով ասում եմ ինքս ինձ։ Պետք է, չէ՞, լուրերն իմանալ։ Ու սուզվում եմ մի փոխակրիչ-ժապավենի մեջ՝ անիմաստ մեղադրանքներ, ատելություն, բոլորի՝ բոլորի հետ անհամաձայնություն, երեկվա քաղաքագետների՝ այսօրվա վիրուսաբանների փորձագիտական կարծիքներ, մեմեր, թարմ անեկդոտներ, տնային ուսուցման քննադատություն, որը շատ երեխաների անհասանելի է տանը ինտերնետ չունենալու պատճառով, բողոք՝ տանը երեխաների ներկայությունից ու քանակից, դժգոհություն կարանտինից, դժգոհություն փողոցում չափազանց շատ մարդկանցից։ 

Մարդիկ, որոնք նախկինում լայք ու դիսլայք էին դնում ու լրահոսը շարունակում թերթել, հիմա երկար մեկնաբանությունների համար էլ ժամանակ ունեն։ Ես էլ ամեն երկրորդ գրառման տակ իմ արժեքավոր կարծիքն եմ դնում, բոկոնոնական ձևով՝ գրանֆալոնանում եմ։ 

***

Ֆյոդոր Կորնիենկո

Սելֆիներ եմ անում։ Շատ։ Դեմքիս տարբեր արտահայտություններով։ Շատ թերապևտիկ է։ Առավոտյան շատ էի պարել։ Հեթանոսական շարժումների ամբողջությունը կոչվում էր «Մերկ մախայի մահվան պարը» («Մերկ մախան» Ֆ․ Գոյայի կտավն է)։ Չգիտեմ, մի՛ հարցրեք։ Հոգին այդպիսին է․ ինչպես ուզում է, այնպես էլ իրեն զգում է։

***

Գլուխս բզզում է, խուճապային նոպաները, որոնցից կարծես ազատվել էի, վերադառնում են։ Արդեն մի քանի օր անդադար տեղում է, ականջներումս անընդհատ անձրևի ձայնն է․ մեր տանիքն էլ բարակ է։

Գիշերը քնել չի ստացվում, ու նորից ձեռքս լափթոփին եմ տանում։ Մարդկանց հրապարակած բառերն ու նկարները աչքիս առաջ շարվում են կալեյդոսկոպի գերվառ կտորներով, ուղեղս տենդի մեջ է, բայց ինչ-որ մազոխիստական հաճույքով շարունակում եմ պտտել անպետք տեղեկությունների կալեյդոսկոպը։ 

Ատում եմ, երբ մթնում է։ Ինձ աշխարհից կտրված ու անօգնական եմ զգում։ Ցանցը մարդկանց հետ լինելու ու անվտանգության զգացում է տալիս։ 

Աշխարհի վերջը 

Լուսադեմին քնում եմ ու երազ տեսնում։ Ֆյոդորի հետ ձեռք ձեռքի տված դանդաղ քայլում ենք լոնդոնյան փողոցով։ Փողոցի երկու կողմում վառ կարմիր կղմինդրե տանիքներով երկհարկանի տներ են։ Հանկարծ ինչ-որ իրարանցում է սկսվում, կանգ ենք առնում ու շրջվում դեպի փողոցի ձախ կողմի տները։ Ու բոլոր մարդիկ են կանգ առնում ու շրջվում։ Օդում լարվածություն է առաջանում․ երբ հասկանում ես, որ ինչ-որ բան է պատահելու, բայց դեռ պարզ չէ՝ ինչ։ «Մի րոպե առաջ»։

Ու հանկարծ տների հետևից հսկայական ալիք է բարձրանում ու սլանում մեզ վրա։ «Ծովի ալիքն ի՞նչ գործ ունի տների մեջ», — հասցնում եմ մտածել։ Եվ հանկարծ այն երկու-երեք վայրկյանում, մինչ ալիքը մոտենում է մեզ, ներսումս ու շուրջս լռություն է տիրում, ու ամեն ինչ հասկանում եմ։ Որ սա աշխարհի վերջն է։ Որ մի ակնթարթ անց ոչինչ-ոչինչ այլևս չի լինելու։ Եվ այդ լռության մեջ հսկայական, երբեք չզգացած մի սարսափ է ծագում այն բանից, որ չեմ ուզում հիմա մեռնել։ Պատրաստ չեմ, ժամանակ է պետք ինձ նախապատրաստելու, կարևոր գործերն ավարտելու, բոլոր այն մարդկանց տեսնելու համար, որոնց ուզում եմ տեսնել։ 

«Սա երազ է, արթնացի՛ր», — երկու անգամ ասում եմ ինքս ինձ։ Ու հասկանում եմ, որ երազ չէ, որ ինչ-որ ձգողություն մեզ տանում է դեպի վրա հասնող ալիքը, դեպի այս կյանքի վերջն ու, գուցե, մեկ ուրիշի սկիզբը։ Ու որ վախենում եմ, մահու չափ վախենում այդ անհայտությունից, ու պետք է պինդ-պինդ բռնեմ Ֆյոդորի ձեռքը, որ այն կյանքում էլ միասին լինենք։ 

Բայց չեմ կարողանում պահել ու բաց եմ թողնում նրա ձեռքը հենց այն վայրկյանին, երբ ալիքը խլում է նրան։ Իմ ձեռքն էլ է խորասույզ լինում ու… արթնանում եմ։

Ֆյոդոր Կորնիենկո

***

Նախաճաշին Ֆյոդորին պատմում եմ երազս։ Դեռ դողում եմ։

Ես․ Չգիտեմ՝ ոնց նկարագրեմ քեզ այդ մթնոլորտը։ Զգացումներս։ Նախկինում զգացածս ոչ մի բանի նման չէր։ Դա իսկապես վերջն էր։

Ֆյոդոր․ Հասկանում եմ։

Ես․ Ոչ, չես կարող հասկանալ։ Ասում եմ՝ անհնար է նման բան զգալ։

Ֆյոդոր․ Երբ դեռ միջնակարգ դպրոցում էի՝ Սախալինում, երազ տեսա, որ Դրուժոկ շանս հետ զբոսնում ենք, չգիտես ինչու՝ գիշերով։ Մի փոթորիկ տեսանք՝ կատաղի քամու այնպիսի պարույր, որ երկինք էր բարձրանում։ Այն լի էր կայծակներով, այնպես որ առանձնանում էր գիշերային երկնքի ֆոնին, շիկացման լամպի թելի պես շողում։ Շատ արագ կլանեց մեզ երկուսիս, ու վեր տարավ՝ որոտացող երկինքը, ու ամեն ինչ անհետացավ․ առաջին անգամ զգացի՝ ինչ է մահը։ Մենք այլևս չկայինք, բայց հասցրի դա զգալ։ 

Ես․ Այո, այո, այնպիսի սուր զգացում, որ սա վերջին վայրկյանն է, երբ մենք դեռ կանք։ 

Ֆյոդոր․ Նման մեկ ուրիշ երազ արդեն այստեղ՝ «Կենտավր»-ում էր։ Ամբողջը «նկարված» էր լինչյան երկար կադրով։ Մոլորակի կեսը խորասուզված էր անդրշիրիմյան սպիտակ լույսի մեջ, կեսը՝ խավարի։ Բոլոր երկրացիներին պարզ էր, որ այն կործանվում է։ Մոտենում էր «մահվան աստղը»։ Ուղիղ նրան չէի նայում ու չգիտեի՝ որտեղ է, բայց շատ մոտ էր, ու պարզ էր՝ շուտով գալու է, ու այդ ժամանակ ոչինչ չի մնալու։ Բոլորը նավերով տարհանվում էին ու թռչում ուրիշ գալակտիկա։ Ես նավից նավ էի վազում, օգնում բոլորին տեղավորվել, կամավորություն էի անում։ 

Մի պահ թեթևացած շունչ քաշեցի՝ վերջին նավը ճանապարհելով, ու սկսեցի ժպտալ․ մինչև հասկացա, որ բոլոր նավերը գնացել են, իսկ ես մնացել եմ Երկրի վրա։ Դատարկության սարսափելի զգացումը վաղուց օդը լցրել էր, բայց այդ պահին լրիվ վատ զգացի։ Հասկացա, որ սա վերջն է, ոչ մի հույս չկա։ 

Սկսեցի տնից տուն գնալ․ այնպիսի տարօրինակ ֆուտուրիստական լաբորատորիաներ էին, ինչպես «Մարսեցին» ֆիլմում, թեև այն ժամանակ ֆիլմը չէի տեսել։ Շենքերից մեկում մի կին կար, թեև չգիտեմ՝ ինչպես էր այնտեղ հայտնվել, չէ՞ որ բոլորը գնացել էին։ Թակում էի, դուռը չբացեց։

Մեկ ուրիշ տուն գնացի։ Ինչ-որ տղա կար։ Դուռը բացեց, ներս մտա, բայց ներսում ոչ ոք չկար։ 

Այդ երազը վերջ չունեցավ, երևի արևը ծագեց, ու պետք էր վեր կենալ՝ ախոռը մաքրելու։ Բայց վերջի, դատարկության ու այնպիսի անհուսության զգացումը, ոչ թե այնպիսին, որ տխրություն կամ խուճապ է առաջացնում, այլ այնպիսի՝ ընդունումով լի, այդ զգացումը դեռ շատ օրեր չէր լքում ինձ։

Սարսափելի վախ ու ընդունում․ ինչ տարբեր արձագանքեցինք միևնույն սահմանազանց զգացողությանը։ Հանկարծ շատ-շատ լավ եմ զգում։

Հոգեթերապևտ չունենալու պատճառով 

Որոշեցի վախերս գրի առնել։ Ընդհանուր վերացական անհանգստությունից իրականները դուրս բերել, նրանց դեմքին նայել, ընդունել։

Վախենում եմ, որ՝ 

  • շուրջս աշխարհը կխելագարվի,
  • երբ այս սարսափն ավարտվի, նույնքան վատ կլինի, որքան իննսունականներին, երբ ոչինչ չկար,
  • կհիվանդանամ, դրա մասին չեմ իմանա ու կվարակեմ ավելի թույլ իմունիտետով մարդկանց,
  • մայրիկս կհիվանդանա։ Կամ տյոտյաս,
  • հիվանդանոցները չեն կարողանա բոլոր հիվանդներին տեղավորել,
  • ես կամ/և Ֆյոդորը լուրջ կհիվանդանանք, մեզ կարանտինի կտանեն, ու մեր կենդանիները սովից կմեռնեն,
  • բոլոր ձեռնոցները կգնեն, ու ստիպված կլինենք մերկ ձեռքերով շներին միս բաժանել,
  • երբ կարանտինը չեղարկեն, մարդկանց փողերը կվերջանան, հովանավորները մեզնից կհրաժարվեն, ու շների ու ձիերի համար ուտելիք գնելու փող չի լինի,
  • տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց օգնող կազմակերպությունները փողի բացակայությունից կդադարեն գոյություն ունենալ, ու այդ մարդիկ կմահանան։

Մեկ այլ թղթի վրա գրեցի, թե նախկին առօրյայից ինչն եմ շատ կարոտում․

  • մայրիկիս,
  • զարմիկիս,
  • ապաստարանում թերապիան,
  • երկու ընկերներին, որոնք ամեն հանգստյան օր գալիս էին՝ շփվելու ու օգնելու, 
  • գրկախառնությունները,
  • հոդվածների համար հարցազրույցները։

Թեթևացա։ Վերադարձավ մարզվելու արդեն անհետացած ցանկությունը։ 

***

Որովայնի թեք մկանների վարժությունների ժամանակ հեռախոսը պայթում է «Շերլոկի» երաժշտությամբ։ Ապահովագրական գործակալն է։ Հիշեցնում է, որ մեքենայի ապահովագրության ավարտին երկու օր է մնացել, ու պետք է երկարաձգել։ Կրկնապատկված եռանդով վերադառնում եմ սիքսփեքիս։ Ինչ-որ մեկի համար ապահովագրությունը դեռ կարևոր է։ Ամեն ինչ այնքան էլ վատ չէ։

***

Վերցնում եմ մատնահարդարման մկրատն ու կտրում եղունգներս։ Պատերազմի ժամանակ որոշ խոստումներ չեն գործում։ Կտրում եմ «մինչև զրո», ինչպես սիրում եմ։ Ինչպես արդեն երեք տարի չէի արել։ Եղունգներիս ու կուտիկուլաներիս նուշի յուղ եմ քսում։ Վայելում եմ։ 

Սև գուլպան 

Լափթոփս փչացել է, ավելի ճիշտ՝ այն փոքրիկ բնիկը, որի մեջ մալուխն է մտնում։ Մարտկոցն ընդամենը երկու րոպե է պահում։ 

Սկզբում բնիկի մեջ ատամի փայտիկ խցկեցինք, որ մալուխը պահի։ Այն երկար չդիմացավ։ Ֆյոդորը մալուխը մեկուսիչ ժապավենով փաթաթեց։ Դա էլ չօգնեց։ Հետո մալուխից, պստիկ USB լամպից ու մազերի ռետիններից մի կառուցվածք սարքեց։ Լափթոփը սկսեց աշխատել։ Միայն թե այլևս չէր կարելի այն շարժել այն մահճակալից, որի վրա այս ամենը հավաքել էր։ Որ հանկարծ ռետինները չպոկվեն իրարից։ Այդ ժամանակ կփլվի իմ միակ աշխատանքային գործիքն ու արտաքին աշխարհի հետ վիրտուալ կապի միջոցը․ հիմա լափթոփ նորոգող մարդ չես գտնի։ 

***

Գիշերվա չորսին բիբերս նորից լայնացած են, կոպերս չեն փակվում, աչքերիս քուն չկա։ Այսօր երկուսս էլ տագնապ ունենք։ Իրար պատմում ենք դրա մասին․ Ֆյոդորը, ինչպես միշտ, կարճ ու բովանդակալից, ես՝ երկար-բարակ ու շեղվելով։ 

Թեթևանում ենք։ Ծիծաղում ենք ու չենք կարողանում կանգ առնել։ 

Ես․ Դե փորձեք իմ Բլեքբերիի վրա աշխարհագրական դիրքին հետևող հավելված դնել։

Ֆյոդոր․ Կամ Քյուբարի կոճակներով հեռախոսի վրա։ Երբ դա դուրս եկավ, դեռ առաջին խորհրդային արբանյակն էլ երկինք չէր բարձրացել։ 

Ես․ Հետաքրքիր է՝ ես հռհռում եմ, որովհետև զվարճալի՞ է, թե՞ նյարդերից։

Ֆյոդոր․ Գուցե դու ուղղակի հիստերիկ ես։ Գուցե արդեն քնե՞նք։

Ես․ Սպասի՛ր։ Նախ քեզ հետ հարցազրույց անենք։ Եվ այսպես, Ֆյոդո՛ր, ինչպե՞ս, այնուամենայնիվ, «նորոգեցիք» լափթոփը։

Ֆյոդոր․ Առանց հարյուր գրամի գլուխ չես հանի։ Մտածեցի՝ ինչպե՞ս անեմ, որ մալուխը տեղում մնա։ Պետք էր նույնական ճնշում գործադրել, կարծես ձեռքովս մալուխի վրա սեղմեի։ Ու վերցրի ինչ-որ կնոջ՝ Ամերիկայից բերած ռետինները, որոնք մազերի վրա բացարձակ անիմաստ են․ ի դեպ, Չինաստանում են արտադրված, բարակ են, մազերը չեն պահում։ 

Վերցրի դրանք, մեկը օղակով փաթաթեցի լարին, մնացածները շղթայի պես միացրի իրար ու պինդ-պինդ ձգեցի լափթոփի հատակի տակով։ Հակառակ կողմի պորտի մեջ USB լապտեր խցկեցի ու ռետինի վերջին օղակը ամրացրի լապտերին։ 

Այդպիսով ներքև ու ձախ ուղղված ճնշում էր ստեղծվում, կարծես ես ձեռքով անընդհատ մալուխին սեղմեի։ Բայց դա չէր աշխատում, մինչև պատահաբար ռետինի կեսերից մեկը մի քիչ կողք չսահեց ու չսկսեց մալուխի վրա երկու տեղում սեղմել։ Կարծես մալուխին սեղմող երկու մատ ստացվեց։ Ու այդ ժամանակ սկսեց պահել։

Ես․ Էդիսոնի լամպի պես, էն… որը պատահաբար… (կարծեմ արդեն քնում եմ)։

Ֆյոդոր․ Խնձո՞րը։

Ես․ Ի՞նչ խնձոր։

Ֆյոդոր․ Որը պատահաբար Նյուտոնի վրա ընկավ։

Ես․ Չէ, դե չէ։ Ոչ լամպը, ոչ խնձորը… պենիցիլինը… այ, որը պատահաբար հայտնաբերեցին։ Պատկերացնո՞ւմ ես, ուղեղս այնքան էր տագնապով զբաղված, որ միայն մի քանի օր հետո մտքովս անցավ՝ բա ո՞նց արեցիր դա։ Պատկերացնո՞ւմ ես, եթե լափթոփը չաշխատեր։ Սերվիսներն էլ չեն աշխատում։ Առանց աշխատանքային գործիքի կմնայի։

Ֆյոդոր․ Ու առանց Ֆեյսբուքի, հա-հա։ Բայց հիմա ամեն գիշեր ստիպված ենք իմ գյուտի կողմնակի հետևանքների դեմ պայքարել։ Որովհետև USB լապտերը չես կարող հանել՝ առանց շղթան խզելու, ու այն ուղիղ մեր աչքերի մեջ է խփում։ Դրա համար էլ ծածկում ենք իմ սև գուլպայով։ Թե որտեղից ինձ սև գուլպա՝ այդ մասին հաջորդ սերիայում։ Հիմա՝ քնել։

Ես․ Քանի որ հաջորդ սերիան դժվար թե լինի, լսողներին չտանջենք։ Կարճ ասած՝ Ֆյոդորի երակը հեռացրել են՝ մեծ, հանգույցարձակ, սանձարձակ…

Ֆյոդոր․ Հանգույցազերծված։

Ես․ Այո, ու էրոտիկ սև գուլպա է հագնում։ Գուլպան բազմաֆունկցիոնալ է։ Ցերեկը երակների լուսամփոփ է աշխատում, գիշերը՝ լամպի լուսամփոփ։ Նաև, քանի որ լափթոփը շարժել չի կարելի, արդեն չի ստացվում աշխատել՝ այն ծնկներիս դրած ու Շահրազադի պես բարձերով շրջապատված։ Հիմա ստիպված եմ ամբողջ օրը առանց թիկնակի պուֆի վրա նստել։ Իսկ գիշերը ոտքերս տակս ծալել, որ լափթոփը չճզմեմ կամ մահճակալից չգցեմ։ Վերջ-վերջ, քնում ենք։ 

Լուսանկարը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

Ճնշել ճիշտ կնոջը 

Միկկի Մուկը փախել է։ Դուրս էի թողել չիշիկ անելու։ Միկկին չիշիկ արեց ու շատ երկար ձևացնում էր, թե դեռ կղելու կարիք ունի, բայց այ անհաջողություն՝ շատ տեղին փորկապություն էր պատահել։ Մի վայրկյան ուշադրությունս շեղեցի ինչ-որ բանի վրա, ու նա ծլկեց դաշտեր։ Ուռուցքով փայծաղը հեռացնելու վիրահատությունից հետո նրան չի կարելի։ Դեռ օձիք-կոնով է։ Որի մեջ ոչինչ չի տեսնում ու վատ է լսում։ 

Վազեցի նրան փնտրելու։ Իմ հավատարիմ Կերբերոսները՝ Լոտտա կատուն ու Կծան շունը, անմիջապես վեր կացան ու հետևիցս եկան։ Կծանիկը չի կարող վազել, վնասված մեջքի պատճառով արդեն քայլել էլ լավ չի կարողանում։

Սկսեցի քայլել։ Կերբերոսները հետևիցս էին գալիս՝ խստորեն պահելով մեկուկես մետրի սոցիալական հեռավորությունը։ Կծանը՝ որովհետև զզվում է մնացած բոլոր չորքոտանիներից, իսկ Լոտտան՝ որովհետև վախենում է մնացած բոլոր չորքոտանիներից։

Ուրիշ օրվա լուսանկար է, բայց ձին նույնն է

Մինչ ես փնտրում էի նրան, Միկկին տուն էր վերադարձել։ Ֆյոդորը Ֆեբուսին, Սալմային ու Ժեֆֆային մանեժ էր հանել։ Արդեն բերանս բացեցի, որ գոռամ՝ ցեխ է, կկեղտոտվեն, մաքրելը ինձ վրա է մնալու։ Լուռ փակեցի բերանս։ Հիացա, թե Ֆեբուսն ինչ ներշնչանքով է թավալվում ցեխի մեջ։ Մեր բոլոր ձիերից միակը, որը կարողանում է լիարժեք՝ 180 աստիճանի գլորում անել։ Նա ուզում է հիմա թավալվել։ Ուզում է հենց այս պահն ապրել։ Գրողի ծոցը ցեխը։

Կենդանիների գործն ավարտեցինք, տուն գնացինք։ Ֆյոդորը հանեց ու հագավ դուրս գնալու սվիտերը։ Ճիշտ կինը նորից վեր թռավ մեջս։ Մեզ մոտ այս հարցը խիստ է։ Դուրս գնալու հագուստն այն է, որով Երևան ենք գնում։ Տանը թեկուզ հինգ րոպե հագնես, ձիու պես կհոտես։ Մեզ մոտ բոլորն ու ամեն ինչ ձիու հոտ ունեն։ 

Սաստեցի ճիշտ կնոջը։ Նա հիմա ուզում է այդ սվիտերը հագնել։ Կարծեմ սկսում եմ իսկապես գնահատել պահը ու բոլորին թույլ տալ լինել դրա մեջ։ Փոքրիկ ուրախությունները վերահսկելը հիմարություն է, երբ ամբողջ մոլորակը վերահսկվում է մի փոքրիկ վիրուսով։ Թագի ձևով։

***

Կոճապղպեղի գինն աննախադեպ բարձունքների է հասել՝ կիլոգրամը 12 000-17 000 դրամ։ Ինչ լավ է, որ սպանախը չէ «կորոնավիրուսի դեմ լավագույն միջոցը»։ Կոճապղպեղ չեմ սիրում, սպանախը կարող եմ տոննաներով ուտել։ Տխրեցի կոճապղպեղ սիրողների համար։ Ուրախացա կոճապղպեղի համար․ միշտ այդքան անշուք դրված էր դարակներին, ու հանկարծ նրա աստղը ծագեց։ Արթնացավ հայտնի դարձած։ 

Մտածեցի վերջերս Ամերիկայից ինձ բերած երկու հսկայական բանկաների մասին։ Բաժանեցի փոքրիկ բանկաների մեջ ու նվիրեցի սիրողներին։ Անտաղանդ փչացրի միլիոնատեր դառնալու հնարավորությունը։

Ծաղիկներ ոչ այնքան մոտիկ անցյալից 

Կույր շանը վերցրինք կլինիկայից։ Առայժմ միայն մի աչքը վիրահատած։ Մի հնարավորություն կա, բոլորովին փոքր, որ մյուս աչքը կսկսի տեսնել։ Պետք է լավ կերակրել նրան, որ վեներական սարկոմայի քիմիաթերապիային դիմանա, վիրահատված աչքի տեղում եղած անցքի մեջ լևոմեկոլ ցողել ու հակաբիոտիկ ներարկել։ 

Դա այսպես է լինում։ Կույրիկը, որի անունը Ուգոլյոկ է, սկսում է մռնչալ, հենց մտնում ենք այն ձիաբոքսը, որտեղ նրան տեղավորել ենք։ Կքանստում եմ կողքին, երկար խոսում հետը իմ ամենափափուկ ձայնով, պատմում, որ թեև բոլոր նախադրյալները կան, բայց մենք նրան չենք քնեցնելու, որ սա հիմա իր տունն է, ու ինքը չպետք է վախենա։ 

Աշխատանքային հաստ ձեռնոցը մեկնում եմ դեպի գլուխը։ Մռնչում է ու հարձակվում ձեռնոցի վրա։ Գործվածքը, չնայած իրեն սպառնացող վտանգին, շարունակում է քսվել շան գլխին։ Ձեռնոցին աննկատ փոխարինում է ձեռքը։ Ուգոլյոկը որոշ ժամանակ անց դադարում է մռնչալ ու գլուխն իջեցնում։ 

Հիմա Ֆյոդորն է սկսում շոյել նրան։ Հետո բռնում է վզակաշվից՝ նույնքան քնքուշ ձայնով բացատրելով իր յուրաքանչյուր գործողությունը։ Ես վիրակապով կապում եմ բերանը, աչքի անցքի մեջ լևոմեկոլ եմ ներցողում, իսկ ազդրի մեջ՝ երկու մլ հակաբիոտիկ։ Արձակում ենք, թողնում հանգստանա ու նորից շոյելով կպչում նրան։ Ամեն օր։ Օրը երկու անգամ։

Ֆյոդոր Կորնիենկո

***

Ապրիլի մեկն է։ Ոչ մեկի գլխին կատակ խաղալ չեմ ուզում։ Արդեն չորրորդ տարին չեմ ուզում։ Ապրիլն ամենագեղեցիկն է ու ամենասարսափելին։ Չորս տարի առաջ էլ հենց այսպես սարսափից քարացանք, երբ պատերազմը սկսվեց։ Մեր ամբողջ փոքրիկ աշխարհը կաթվածահար եղավ ու քարացավ։ 

«Գուցե պատերազմները հիշելիս մենք պիտի հանեինք մեր շորերը, մեզ կապույտ ներկեինք, չորեքթաթ կանգնեինք ու խոզերի պես խռխռայինք։ Անկասկած, դա ավելի համապատասխան կլիներ առիթին, քան ճոխ ճառերը, ծածանվող դրոշներն ու լավ յուղած թնդանոթների կրակոցները»։ Անպայման, պարոն Վոնեգուտ։

***

Վերջապես սկսեցի ննջասենյակի գարնանային մաքրությունը։ Փոշեկուլի խողովակով զգուշորեն անցա պատերի ու առաստաղի վրայով։ Հին, լքված սարդոստայնները ներծծեցի, նոր, դեռ կառուցվող բնակարանները թողեցի։

Տեղաշարժեցի հնաոճ հայելասեղանը, որ դրա հետևում էլ սարդերի բնակարանները տեսակավորեմ։ Տանը ոչ մի նոր կահույք չունենք։ Բոլորը կա՛մ էժան գնած են, կա՛մ նվեր ստացած  ու վերականգնած։ Հայելասեղանը բերել էին մի տատիկի տնից, որը մենակ էր ապրում։ Նրա մահից հետո ընտանիքն իրերը բաժանել էր։ Բարի ու լուռ տատիկ էր եղել։ Ու լուսավոր։ Ես հատուկ երկար ճշտում էի։ Հայելիներն իմ միակ սնահավատությունն են։ Չէ՞ որ դրանք տեղեկություն են պահպանում։ Կարևոր է՝ լավը։

Հենց հեռացա՝ փոշեկուլը բերելու, թնդյուն լսվեց։ Հսկայական հայելին պոկվել էր հենակից ու ընկել հայելասեղանի վրա դրված փայտե զարդատուփերի վրա։ Ինչ-որ հրաշքով հայելին նույնիսկ չէր քերծվել ու ոչինչ չէր կոտրել։ Հետևի կողմին բացիկ էր կպել՝ ծաղկամանով ծաղիկներ։ Մանկությանս տարիներին նման բացիկներ շատ կային, երբ դեռ ընդունված էր ծննդյան օրերին իրար բացիկ նվիրել։

Բացիկի հետևում Մելադան ու Վիտալիկը շնորհավորում էին աշխարհի ամենասիրելի տյոտյայի ծնունդը։ Թվագրված է 1976-ով։ Ես դեռ ծրագրերում էլ չկայի, բայց կյանք կար, ու այդ կյանքում սիրելի տյոտյային կարմիր վարդակակաչներով ու նուրբ սպիտակ ծաղիկներով բացիկ էին նվիրել։ Քառասունհինգ տարի առաջ։ Մատներիս հետքերը դրվեցին այն մարդկանց մատների հետքերի վրա, որոնցից մեկն անպայման այլևս ողջ չէ։ 

Բացիկը ամրացրի հենակին։ Հանեցի հին տպված լուսանկարները, որոնք արել էի տարբեր կյանքերում, նոթինգհեմյան բացիկները ու ավելացրի ծաղիկներով բացիկին։ Ինձ դեռահաս զգացի՝ «Փրոդիջիի» պաստառներով սենյակում։ Մտածեցի, որ կարելի է հին տախտակներից դարակներ սարքել ու հեռացնել հայելասեղանը, որը շուտով միևնույն է հայելու հետևից կքանդվի։ Ուրախացա։ Ծրագիր ունեցա։ Ծրագրերը նորմալ կյանքի կարևոր մասն են։

Կուրոսավա, Հիսուս ու լուսաբաց

Վերջապես նստում եմ հոդվածի վրա ու որոշում, որ ամբողջ գիշեր գրելու եմ։ Հոդվածը բանտի մասին է։ Բազմաժամյա հարցազրույցների ընթացքում փորձում էի պատկերացնել՝ ինչ է նշանակում մեկ սենյակում փակված լինել, փակ աշխարհի մեջ բանտարկված լինել։ Չէ՞ որ կլաուստրոֆոբիա ունեմ։ Կարծեմ կամաց-կամաց սկսում եմ պատկերացնել։

***

Ֆյոդորը հյուրասենյակում Կուրոսավայի «Երազներ»-ն է դիտում։ Երբեմն իրար հյուր ենք գնում։ Հերթով մեր «աշխատասենյակներն» ենք տանում ջերմափչակը՝ տան միակ տաքացուցիչը։ Սեղմված թեփից բրիկետները, որոնցով տունը տաքացնում էինք, արդեն մի ամիս է՝ վերջացել են։ Փոխանակվում ենք ինտերնետային լուրերով, որոնց համար ժամանակ առ ժամանակ աշխատանքն ընդհատում ենք։ 

Պատմում եմ մեր էկոնոմիկայի նախարարի մասին, որը խորհուրդ էր տվել հնդկաձավարի ու ոսպի բարձր գներից բողոքելու փոխարեն դրանք փոխարինել այլ՝ մատչելի  մթերքներով։ Ինչ-որ մեկը մեկնաբանել էր, որ դրանց փոխարինող բան չի կարողացել մտածել, բայց այ կոճապղպեղը կարելի է գետնախնձորով փոխարինել։ Բա ինչ, գրեթե նույն տեսքն ունեն։ Մարդիկ, որոնք ցանկացած հանգամանքներում կարողանում են կատակել, աշխարհի իսկական փրկիչներն են։ 

Ֆյոդորը մի տեսանյութ է ցույց տալիս, որտեղ Հիսուս անունով մի տղայի բերման են ենթարկում Մոսկվայի Պատրիկներում՝ շան հետ զբոսնելիս։ Նա հայհոյանքով աղաչում է իրեն հանգիստ թողնել կամ գոնե շանը վերցնելու հնարավորություն տալ, բայց ձեռքերը ոլորում են ու մեքենան խցկում։ Նույն Պատրիարշիեում բանվորները շինարարություն են անում։ Առանց դիմակների, առանց ձեռնոցների։ 

Շունը տուն է վերադառնում, հարևանները վերցնում են նրան։ Շան անունը Պլատոն է։ Տղային ամբողջ օրը քարշ են տալիս՝ մտածելով, թե որ հոդվածը կպցնեն։ Ամեն երկիր կորոնավիրուսի դեմ պայքարի իր մեթոդներն ունի։ Ու դրա կողմնակի հետևանքները առավելագույնս օգտագործելու մեթոդները։ Ռուսաստանը եռակի ուժով նստեցնում է։ Փաստաբաններին չթողնելով կալանավորների մոտ, վկաներին՝ դատերին։ Կարանտին։

***

Դիմավորում ենք լուսաբացը՝ մառախլապատ, դեռ չթափված անձրևակաթիլներով լի, կուրոսավայական։ Գլխումս բզզոց է, ասես երկաթե պատն ինձ բաժանում է խորքումս եղած ինձնից։ Բայց տագնապն անհետացել է։ Ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ինձ դուր է գալիս լռությունը, որի մեջ աշխարհը խորասուզվել է։ Մեր կյանքում չափազանց շատ անիմաստ վազք կար։ Դադարները շատ կարևոր են։ Կապուչինո խմելու ժամանակն է։

Ֆյոդոր Կորնիենկո

Յունգը կծափահարեր

Երազներս միշտ անկանոն են, վառ, հստակ արտահայտված հոտերով ու ձայներով։ Հիմա ինչ-որ էլեկտրականացած են, խելահեղ գույներով, բայց առանց հոտերի ու աղմուկների։ Խոսակցություններից միայն շշուկն է։ 

Երազում Միկկի Մուկը ինչ-որ բանից վախեցավ ու փախավ։ Երկար փնտրում էի։ Վերջապես գտա չորրորդ հարկում՝ այն բարձրահարկի արտաքին պատշգամբում, որտեղ մեծացել եմ։ Հենց այն պատշգամբում, որտեղ քսաներկու տարի առաջ մեր յոթերորդ հարկի տղան էր նստել եզրապատին՝ ոտքերը դրսի կողմից ներքև կախած, ու սպառնում էր ցած նետվել՝ անպատասխան սիրուց։ 

Տղային այն ժամանակ եզրապատից իջեցրին։ Մի տարի անց նույն պատշգամբում կանգնած էինք հարևան շենքի մի տղայի հետ ու քննարկում հենց նոր դուրս եկած ժամանակակից «Ռոմեո և Ջուլիետը»։ Անցանք ինքնասպանություններին ու տաք վիճաբանության բռնվեցինք՝ կյանքից ինքնակամ հեռանալը թուլությա՞ն նշան է, թե՞ ուժեղ կամքի։ 

Իսկ այդ ժամանակ յոթերորդ հարկից՝ իր ննջասենյակի պատուհանից,  ներքև էր թռչում այն դժբախտ սիրով տղայի հայրը։ Նա հոգեկան հիվանդություն ուներ, նրան  հաջորդ օրը պետք է կլինիկա ուղարկեին՝ երկշաբաթյա պարտադիր բուժման, որից մահից ավելի էր վախենում։ 

Ես ու տղան շարունակում էինք մեր փորձագիտական կարծիքները հայտնել, նրա որդիները հեռուստացույց էին նայում՝ մտածելով, որ հայրիկը սենյակում քնած է։ Նրան հայտնաբերեց հարևանը, որը աշխատանքից վերադառնալով՝ մեքենան ավտոտնակ էր մտցնում։ Նրա բղավոցները պատշգամբում լսեցինք։ 

Այդ ամբողջ քսաներկու տարին ինձ դող էր բռնում անգամ այդ պատշգամբի մասին մտածելուց։ Իսկ եթե մեկն իմ ներկայությամբ մոտենում էր եզրապատին, դեռ հենվում էլ էր դրան, դեռ ներքև էլ էր նայում, քիչ էր մնում հիստերիա սկսվեր մոտս։

Հենց այդ պատշգամբում էլ գտա Միկկի Մուկին։ Մի սարսափելի գեղեցիկ կատու կառչել էր նրա կոկորդից ու խեղդում էր։ Միկկին շնչահեղձ էր լինում, աչքերը ակնակապիճներից դուրս էին գալիս։ Պոկեցի կատվին ու չորրորդ հարկից ցած նետեցի։ Կատուն մեջքի վրա շրմփաց, բայց վեր կացավ, չար ճվաց ու փախավ։

Միկկին իրեն թափ տվեց, պարանոցի սպիներն անմիջապես ապաքինվեցին, ու վազեց ինձ մոտ։ Գրկեցի նրան ու արթնացա։

***

Մի ժամ անց անասնաբույժը գրեց, որ եկել է Միկկիից հեռացրած ուռուցքի հյուսվածաբանական քննության պատասխանը՝ լիմֆոմա։ 

Երկար լաց եղա։ Հանգստացա։ Ինտերնետում փորփրեցինք։ Անասնաբույժի հետ խորհրդակցեցինք։ Որոշեցինք առայժմ քիմիա չանել։ Տասը տարեկան է։ Հիանալի է իրեն զգում։ Հետո էլ՝ ես կատվին պոկել եմ, չէ՞։ Միկկին երկար ու երջանիկ է ապրելու։ 

***

Ամբողջ օրը երազի մասին էի մտածում։ Ինչ-որ զարմանալի բան էր տեղի ունեցել։ Կատվին չորրորդ հարկից նետեցի, մեջքի վրա ընկավ ու ողջ մնաց։ Այդ փաստը կարծես ծածկեց պատշգամբի հետ կապված այն սարսափելի զուգորդումները․ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ամբողջ օրը դրա մասին մտածում եմ ու չեմ դողում։ Կատուն վերականգնեց պատշգամբի բարի համբավը։

Միայն թե ինչո՞ւ էր Միկկին չորրորդ հարկում հայտնվել։ Ինչո՞ւ էր կատուն ընդգծված գեղեցիկ։ Ինչո՞ւ թաթերի վրա չընկավ։ Ժամանակ հաստատ ուներ։ 

Ֆյոդոր Կորնիենկո

Երբ այս սարսափն ավարտվի, հոգեբանի մոտ եմ գնալու։ Յունգյան։ Վայելելու ենք երազներիս քննարկումը։ 

Ամբիվալենտություն

Փափուկ լայն տաբատ ու մեծ սվիտշոթ հագա։ Ինձ գեր ու ոչ սպորտային եմ զգում։ Շոշափեցի որովայնի մկաններս, երկգլուխ մկաններս։ Չօգնեց, միևնույն է անհարմար եմ զգում։ Զարմանալի է՝ ինչպես է հագուստով ու աքսեսուարներով ստեղծված կերպարն ազդում ինքդ քեզ ներսից զգալու վրա։ Ապրում եմ այս կերպարը, ականջ դնում դրա նորանոր դրսևորումներին։ 

Գնում եմ Ֆյոդորի մոտ, որը հարևան սենյակում անիմե է նայում։ Հարցնելու՝ հո գեր չե՞մ։ Սկսում է ոգևորված պատմել այն տեսախցիկի մասին, որը կգնենք, հենց փող լինի։ Դրա գործառույթների, լավ գնի, առավելությունների ու սակավաթիվ թերությունների մասին։ 

Ֆյոդորն արագ տերմիններ է շաղ տալիս՝ մոռանալով կետադրական նշաններ դնել։ Ինձ շատ հիմար եմ զգում, իսկ նրան՝ շատ խելացի։ Ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ինձ հաճելի է՝ նա ինձնից խելացի է։ Իմ սակավաթիվ «սեռային» կարծրատիպերի մնացորդը։ 

Գիշերվա երեքն է։ Ինձ համար նարինջ եմ կտրում ու մի րոպեում խժռում։

***

Պառկում ենք քնելու։ Ինձ մոտ նորից չի ստացվում։ Մոռացա հարցնել՝ հո գեր չե՞մ։

Մի ժամանակ հոգեբանը խորհուրդ էր տվել զոռով չփորձել քնել, այլ անքնությունն օգտագործել ինքնավերլուծության համար։ Միտքս է գալիս մի իրավիճակ, որն արդեն մի քանի օր հանգիստ չի տալիս։ 

Ուշիում Ս․ անունով մի տղա է ապրում։ Նա ու եղբայրներն են կառուցել մեր ախոռն ու այն տունը, որտեղ ապրում ենք։ Երբ կառուցում էինք, շատ էի ուզում, որ ամբողջ աշխատանքն անեն տեղացիները ու փող աշխատեն։ Նրանց նկատմամբ շատ քնքուշ վերաբերմունք ունեի։ Հարցրի եղբայրներին՝ գլուխ կհանե՞ն։ Վիրավորված ասացին, որ ուղղակի չեմ տեսել, թե հեռավոր Յակուտսկում ինչ գործեր են արել։ 

Երբ շինարարությունն սկսեցին, պարզ դարձավ, որ պատ շարելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեն։ Ի դեպ, պատերն էլ մի բան չեն։ Արդեն երկու տարի անց պարզ էր, որ նույնիսկ հինգ բալանոց երկրաշարժը մեզ կգցի։ Մի երկու տարի առաջ ձիաբոքսի պատը փլվեց այն բանից հինգ րոպե անց, երբ այնտեղից ձիուն հանել էինք։

Եղբայրների հետ շատ վատ կռվեցինք։ Ատում էի նրանց, հատկապես Ս․-ին՝ լկտիության, իր սխալներն ընդունել ու դրանք շտկելուն օգնել չուզելու համար։ «Դատի տուր» քմծիծաղի համար․ ոչ մի պայմանագիր չունեինք։ Դադարեցի նույնիսկ բարևել նրան։

***

Բայց նույն Ս․-ն անմիջապես օգնության սլացավ, երբ Պոիսկը պառկել էր ու չէր բարձրանում։ Այն ժամանակ դեռ չգիտեի, որ ձիերն այդպես են մեռնում։ Պոիսկին պարաններով կապեցինք, Ս․-ն պատի վրա բարձրացավ ու պարանները քաշում էր, մինչ մյուսները փորձում էին նրան գետնից բարձրացնել։ 

Ս․-ն վախենում էր շներից։ Ս․-ն վախենում էր Պոիսկից։ Երկար ու ապարդյուն չարչարվեցինք։ Երեկոյան Պոիսկը մահացավ։ 

Ս․-ն մտադիր էր մի տասը րոպեով գալ ու ջուրը բաց էր թողել՝ բանջարանոցն էր ջրում։ Բանջարանոցը հեղեղվեց, ու ամեն ինչ փչացավ։ Ս․-ն թատերական խնդրեց սուրճը պատի վրա մատուցել, ինքը այնտեղ կսպասի, մինչ մայրը ամբողջ թաղով մեկ գոռում էր՝ նրան անվանելով արտահայտություններով, որոնցից շատերն ինձ անծանոթ էին։ 

Ես՝ բոլորից ամենաքաջս, գնացի նրանից ներողություն խնդրելու ու ամեն ինչ բացատրելու։ Լսեց պատճառը, լռեց։ Առաջարկեցի վնասը փոխհատուցել։ Հրաժարվեց․ ասաց, որ կյանքը միշտ ցանկացած բանջարեղենից ու կանաչեղենից կարևոր է։ 

Այն ժամանակ դեռ շինարարություն չէինք ծրագրում ու լավ հարաբերությունների մեջ էինք։ 

Բայց այս հունվարին, երբ Շլյախտիչը մեռնում էր, Քյուբարը զանգում էր հարևաններին ու խնդրում գալ օգնել։ Բոլորը հրաժարվեցին՝ ցուրտ էր, հավես չունեին։ Հանկարծ շեմքին Ս․-ն հայտնվեց ու ուղղակի հարցրեց՝ ի՞նչ է պետք անել։ Դեռ վախենում էր շներից։ 

Փորձում էինք Շլոյին բարձրացնել, իսկ ես հիշում էի, թե ինչպես էինք կորած ֆոքսհաունդ Դորային փնտրում Ս․-ի մեքենայով ու ինչպես էինք այն փչացրել, ինչպես էինք վաղ առավոտյան ուղեղի ուժեղ ցնցումով Կետտիին կլինիկա սլանում՝ բոլոր տեսախցիկներով գրանցվելով, որոնց տուգանքներն ինքը վճարեց։ 

***

Ու հիմա ներսումս ամեն ինչ խառն է։ Չգիտեմ՝ ինչպես վերաբերվել նրան․ մի կողմից տունն ու ախոռն իր մեղքով աչքիս առաջ քանդվում են, մյուս կողմից… Ատե՞լ, թե՞ սիրել նրան։ 

Ինչո՞ւ է ինձ համար այդքան կարևոր զգացմունքներիս հստակ կարգավիճակը որոշելը։ Չլինի՞ թե այն պատճառով, որ պետք է ամեն ինչ վերահսկողության տակ պահեմ․ մի գիծ, որից անընդհատ փորձում եմ ազատվել։ Այս միտքը չեմ հասցնում մինչև վերջ մտածել։ Կարծեմ քնում եմ։

Բլոկնոտի մի թղթով

Այն օրը, երբ մայրուղիներին անցակետեր դրեցին, մեր մտքին փչեց երեք մարզով անցնել ու վնասված թևով մի արագիլի կլինիկա հասցնել։ Օգնության խնդրանքով գրառումն արդեն երեք օր Ֆեյսբուքում կախված էր, ու, ըստ երևույթին, կարանտինի պատճառով ոչ ոք չէր շտապում թռչնին օգնել։

Անցակետերի ծառայողները շփոթված են․ նման իրավիճակի վերաբերյալ հրահանգներ չեն ստացել։ Ստիպված ենք երկար համոզել, որ վիրավոր արագիլը շատ էլ հարգելի պատճառ է։ Անցակետերից մեկում սպան նետում է․

— Թողե՛ք անցնեն, սրանք կենդանապաշտպաններ են, վտանգավոր են։

Բոլոր չորս անցակետերում, որոնցով անցնում ենք, խորհուրդ են տալիս հետ դառնալ, որովհետև Արարատը, որտեղ մեզ արագիլն է սպասում, «գեր-գեր-փակ» մարզ է, ու դրան մոտենալիս միևնույն է մեզ հետ են դարձնելու։ Վերջին անցակետում ժպտերես մի տղա խորհուրդ է տալիս աշխատավայրից կնիքով թուղթ ձեռք բերել, թե չէ, եթե նույնիսկ Արարատ ներթափանցենք, առանց կնիքի այնտեղից դուրս չեն թողնի։

Կնի՞ք։ Ամենահեշտ բանը։ Կանգնում ենք ճանապարհի եզրին, բլոկնոտիցս մի թուղթ եմ կտրում, վրան գրում, որ «Կենտավր»-ի աշխատողները վարակի ամենախիտ տեղն են ուղարկվել՝ արագիլ փրկելու կարևոր առաքելությամբ, տեղ եմ թողնում հետագա տեղաշարժերի նկարագրության համար, որոնք կախված են արագիլի վրա ծախսված ժամանակից, ստորագրում եմ։ Ֆյոդորն իր ուժեղ տղամարդկային ձեռքով ամբողջ ուժով սեղմելով՝ արդեն գրեթե չորացած կնիքը դնում է թղթին։ 

***

Արարատի մարզում՝ վերելքի ամենաանհարմար տեղում, Ֆյոդորի մտքին փչեց ստուգել՝ նախորդ լցնելուց մեքենայում գազ չի՞ մնացել։ Սովորաբար գազով ենք գնում, այդպես էժան է, բայց ամիսը մի քանի անգամ բենզին ենք լցնում, որ շարժիչը չմոռանա՝ ինչ է իսկական ուտելիքը։ 

Կոճակը գազի փոխեցի, մեքենայի պտույտները կտրուկ իջան, համոզվեցինք, որ գազ չկա, հետ փոխեցի բենզինի, ու մեքենան հանգավ։ Կոճակը քարացավ չեզոք դիրքում ու հրաժարվեց այլևս աշխատել։ 

Ֆյոդորը որոշեց վահանակը պտուտակահան անել ու անսարքությունը նորոգել, ու դուրս եկանք մեքենաներ կանգնեցնելու՝ պտուտակահան խնդրելու։ Մինչ Ֆյոդորը կանգնեցնում էր, ես անդադար փռշտում էի արևի ալերգիայից ու կասկածում եմ, որ հենց դրա համար էլ վարորդները կանգնելու փոխարեն հակառակը՝ գազ էին տալիս։

Վերջապես մի բեռնատար կանգնեց, մեզ պտուտակահան ու դանակ տվեց։ Ֆյոդորը լարերի մեջ փորփրեց, մի բան կտրեց, մի բան ինչ-որ բանի միացրեց, ու մեքենան գործարկվեց։ Նույնիսկ շարժվեց։ Ճիշտ է, մատը պետք էր կոճակին պահել, թե չէ չեզոք դիրք էր հետ թռչում։ Հերթով էինք պահում։

***

Արագիլը փախչում էր մեզնից՝ վնասված թևը քարշ տալով։ 

— Ո՞նց եք բռնելու, — հարցրեց այն մարդը, որի հողում արագիլը հայտնվել էր։

— Գաղափար չունեմ։ Առաջին անգամս է։

— Կարծում էի՝ պրոֆեսիոնալների կուղարկեն, — հիասթափված ծոր տվեց տղամարդը։

Այ քեզ վիշտ այն մարդու համար, որը երեք օր ապարդյուն սպասել էր, որ գոնե մեկը արձագանքի։ 

Հաջողվեց արագիլին ինչ-որ ցախատան նման մի տեղ քշել, որտեղ հանկարծ պառկեց։ Դանդաղ մոտեցա, վրան սրբիչ գցեցի ու կյանքիս առաջին արագիլին գրկեցի։ Անսպասելիորեն թեթև դուրս եկավ։ Նրան տուփի մեջ դրեցինք ու գրեթե առանց պատահարների Երևան տարանք։ Դեռ մի ձեռքը արագիլի վրա պահած, մեկը՝ կոճակին։

Ֆյոդոր Կորնիենկո

***

Արագիլին կլինիկայում թողնել։ Գնալ Ուշի ու անասնաբույժի մոտ բերել Ուգոլյոկին, որի վիրահատած աչքը պետք է նայել, Միկկի Մուկին, որի կարերը պետք է հանել, ու Կայուկին, որն արդեն չորրորդ օրն է փորկապություն ունի։ 

Արդեն բավական ճմրթված թղթի վրա ավելացրի մեր մնացած տեղաշարժերն ու նպատակները։ Քանի որ վրան առանձնապես տեղ չկար, ամեն կետն ու ամեն նպատակը մեկ բառով նշեցի՝ դրանք սլաքներով միացնելով։ Լուսանցքներում ավելացրի յուրաքանչյուր կետում գտնվելու ենթադրյալ ժամանակը։ Գեղատեսիլ ստացվեց։ 

Ծանրամարմին անցակետայինը ստեղծագործականությունը չգնահատեց։ Երկար նայում էր թղթին, հետո արհամարհանքով նետեց․

— Ձեր կազմակերպության տնօրենն այսպե՞ս է կնիք դնում։ Ճմրթած թղթի կտորի՞ վրա։

Վարորդը, նույն ինքը՝ կարևոր առաքելություն կատարողը, նույն ինքը՝ հենց այդ տնօրենը, այսինքն՝ ես, վիրավորված պատասխանեց․

— Տեսեք, տնօրենի տպիչի քարթրիջը վերջացել է, իսկ հիմա որտեղի՞ց քարթրիջ ճարի, երբ ամեն ինչ փակ է։ 

Կողքին կանգնած համազգեստով տղաները եռանդուն գլխով արեցին․ իրոք որ ամեն ինչ փակ է։ Ծանրամարմին ծառայողը գլխով արեց ու թողեց անցնենք։

***

Աստվածներ։ «Կենտավր»-ը ծնված օրից տպիչ չի ունեցել։

Երեկոյան անցակետի ծառայողներն արդեն ուրիշներն էին։ Սպառնացին, որ եթե մինչև 23:00 չվերադառնանք, մայրուղու վրա կմնանք, անցակետը կփակվի։ Անցակետին մոտեցանք 23:23-ին։ Ամեն դեպքում լավ է ապրել մի երկրում, որտեղ գիտես, որ նույնիսկ ամենատհաճ ծառայողը քեզ ճանապարհին չի թողնի, այլ կհանդիմանի ու բաց կթողնի։ 

Անցակետի ծառայողը․ Ո՞ւր եք գնում։ 

Ես․ Տուն՝ Ուշի, շներին կլինիկայից ենք բերում։

Անցակետի ծառայողը․ Ի՞նչ շներ։

Ես․ Մերը։

Անցակետի ծառայողը․ Չէ, ի՞նչ ցեղի։

Ես․ Ի՞նչ տարբերություն։ Անցեղ։

Անցակետի ծառայողը․ Իսկ պիտբուլ չկա՞։ Ես պիտբուլ եմ ուզում։ 

Մեր հետևում էլի մի վեց մեքենա էր սպասում, ու գործընկերները ծառայողին թույլ չտվեցին մանրամասն նկարագրել, թե հատկապես ինչ պիտբուլ է ուզում։ Բայց մենք գիտենք՝ անպայման տղա, անպայման նոր-նոր մոր պտուկից պոկած, որ իրեն ընտելանա։ Ու անպայման չար։ 

Գնացք լոգարանում

Որոշեցինք գնումներ անել, որ էլ գոնե մի շաբաթ դուրս չգանք։ Սուպերմարկետում նույնքան մարդ է, որքան միշտ։ Ոչ մի հեռավորություն, դրամարկղերի մոտ մարդիկ իրար կպած են կանգնած։ 

Ինձ համար բանջարեղեն ու միրգ վերցրի։ Ֆյոդորը՝ իր սիրած «Բարիլլա» մակարոնի ութ տուփ, չորս տոպրակ բրինձ ու ինը շիշ «Կրուշովիցե»։ 

Ֆյոդոր․ Քեզ վիսկի գնե՞նք։

Ես․ Չէ, չեմ ուզում զուր փող ծախսել։

Ֆյոդոր․ Սա քո կալեմոնյան աշխատավարձից է։ Կարելի է, չէ՞, երբեմն քեզ երես տալ։

Ես․ Չէ, իսկապես չեմ ուզում հիմա վիսկիի վրա փող ծախսել։ 

Կես ժամ անց ութսունով անցնում եմ տեսախցիկի առջևով այն մայրուղում, որն անգիր գիտեմ։ Տեսախցիկը դնելուց հետո առաջին անգամ գերազանցում եմ այստեղ թույլատրելի վաթսուն կմ/ժ-ը։ Վառ բռնկումը տհաճ խփում է աչքիս։ Տուգանք կլինի։ Պետք էր վիսկիին համաձայնել։  

***

Ֆյոդոր․ Երբևէ երկար գնացքում եղե՞լ ես։

Ես․ Տասը ժամն իմ առավելագույնն է։

Ֆյոդոր․ Այդ դեպքում հավանաբար այս զգացողությունը չես ունեցել։ Երեք-չորս օրից է սկսվում։  Գնում ես, գնում, հասնում նշանակետին՝ կա՛մ հյուրանոց է, կա՛մ տուն։ Միշտ լոգարան ես մտնում, ամենայն հավանականությամբ՝ կեղտոտ ես, ուզում ես լվացվել։ Մտնում ես լոգարան, փակում դուռը, բացում ջուրը ու այդ պահին, լվացարանին կռացած, հասկանում ես, որ լոգարանը տակդ շարժվում է, ու մարմինդ լոգարանի հետ համընթաց շարժվում է, ու չուխ-չուխ, չուխ-չուխ ձայն է գալիս։ 

Շատ տարօրինակ զգացում է՝ ամբողջ սալիկապատը, ամբողջ սենյակը դղրդում ու շարժվում են, ու դու էլ հետները շարժվում ու ցնցվում ես, որովհետև մարմինդ սովորել է ճոճման մեջ ապրել, ու թվում է, թե այն շարունակվում է։ Շատ տարօրինակ զգացում է, միշտ սիրել եմ այն։

Ես․ Հիմա դեռ մեքենայի ճոճո՞ւմն ես զգում։

Ֆյոդոր․ Ամբողջ օրը շատ լարված էի։ Այնուամենայնիվ տուն հասանք՝ չնայած բոլոր փշերին, ահա տունը տեղում կանգնած է, իսկ ներսումս զգացում է, որ դեռ ինչ-որ խոչընդոտներ կան առջևում, որ դեռ մեկին պիտի փրկենք։ Ու անպայման մի սարսափելի բան՝ լորձի կամ ցեխի մեջ մտնել, կամ եղունգով մեքենայի վահանակը քչփորելով հանել, լարերը միացնել, որ շարժիչն աշխատի։ Ու վիրուսն ամենուր է։ Այդ բոլոր լարվածություններն արդեն հետևում են, բայց ներսումս դեռ դըդըխ-դըդըխ է։

Ես․ Ո՞նց ես լարվածությունդ թուլացնելու։

Ֆյոդոր․ Սպագետի կուտեմ ու անիմե կնայեմ։

Ներսիս ճիշտ կինը, որ արդեն դուրս էր թռչում՝ «գիշերվա երկուսին ավելի լավ է ջուր խմես ու պառկես քնելու», լռում է՝ չսկսած։ Սպագետի՝ ուրեմն սպագետի։

Սուրգանովան ու ձեռնոցը

Արագիլի թևն ստիպված եղան անդամահատել։ Մեր անասնաբույժները վստահեցրին, որ եթե նորմալ պայմաններ ապահովվեն, նստակյաց ապրելակերպով թռչունը կարող է շարունակել նաև գետնի վրա ապրել։

Առաջարկեցին թռչնին Ուշի տեղափոխել։ Ահավոր ուզում էի համաձայնել։ Կլիներ մեր Մադեմուազել Նեգոդին («Բոժանգլսին սպասելիս»-ի կռունկը)։ Բայց ամեն օր նրան կենդանի ձկով ապահովել՝ չէ՛, շնորհակալություն։ 

Անձրևոտ մոխրագույն մի շաբաթ օր հրաշք պատահեց․ արագիլին մի հրաշալի տեղ տարան՝  լճակով, ձկներով ու ուրիշ արագիլներով։ Չգիտեմ՝ որքանով է թռչնին առանց թռչելու հնարավորության ապրեցնելը ճիշտ որոշում։ Հույս ունեմ՝ ճիշտ է։

***

Շները բոլորը պայմանավորվել են հենց այս օրերին հիվանդանալ։ Կոլիտով Նարեկին կլինիկա ենք տանում։ 

— Ավագ լեյտենանտ այսինչյան, — ուրախ ներկայանում է երիտասարդ տղամարդը, — անցնելու թուղթ ունե՞ք։

«Թող անցնեն, թուղթ մի՛ հարցրու, — հետևից գոռում են ընկերները, — հիշում ենք իրենց, շներին կլինիկա են տանում»։

Հայտնի շնափոխադրողները։ Հնչում է։

***

Նարեկին բուժում է նշանակված, համեղ պատառները չափաբաժանված են՝ մեքենայով երթևեկելու ու սրսկումների տեսքով նրան պատճառած անհարմարության դիմաց։  

Գիշերվա մեկն է։ Նախքան գնալն ու անկողին ընկնելը մտնում եմ ախոռ՝ Ուգոլյոկի մոտ։ Կարծեմ հոտառությունն էլ լավ չէ։ Տարած ժանտախտի հետևանք՝ քիթ-ըմպանում թարախի տեսքով։ Որը, հույս ունենք, կանցնի։ 

Դեռ ձիաբոքսի դռնից սկսում եմ քնքուշ ձայնով գուրգուրալ։ Բոքսի մեջտեղում փռված շունը վեր է թռչում ու անկյուն խցկվում։ Մոտակայքում ուտելիքի ամանն եմ դնում։ Բարձր ձայնով եմ դնում։ Ականջները սրում է։ Վերցնում եմ ձեռնոցը, կողքից մոտենում ու ձեռնոցով գլխին դիպչում։ Ատամներն է ցույց տալիս ու ձեռնոցի կողքին օդը կծում։ Արագ ձեռքս դնում եմ գլխին ու սկսում շոյել, մինչև մռնչոցը դադարում է։ 

Ուգոլյոկի հետ հիմա կարևոր է ծեսեր ստեղծել ու դրանց հետևել։ Որ կայունության զգացում առաջանա։ Եթե Ֆյոդորի հետ միասին ենք գնում, առաջինը նա է շանը մոտենում։ Ատամների՝ օդում չխկոցն ինձ վրա ավելի վատ է ազդում, քան եթե կծեր։ 

***

Նստում եմ հատակին, շոյում նրան, երգում Սուրգանովայի «Իմ ուղին»։ Մի քանի օր առաջ մի քանի երգից միասին ընտրեցինք այն։ Առաջին բառերից դադարում է մռնչալ ու ուշադիր լսում է։ 

Բառեր կգտնեմ, որ չմոռանամ, քնով կմոռացվեմ, որ լողամ հեռու
Դեպի այն ափերը, որոնց թիվ չկա, ուր ալիքը հետքն է լվացել։
Առագաստները քամուն կվստահեմ, թող պինդ լցնի նրանց կուրծքը։
Իմ ուղին ճմրթված սևագրի մի թղթի պես է…

Ախոռի ակուստիկան ապշեցուցիչ է։ Տարվում եմ ու չափազանց բարձր սկսում․

Դե լավ, թող լիիիինի…

Սկսում է լարվել։ Կրկներգին արդեն մռնչում է։ Հնազանդ ընդհատում եմ, անցնում հանգիստ մասին։ Գլուխն իջեցնում է, լսում։ Զգացողություն է, թե աչքերը կիսափակ։ Ավելի ճիշտ՝ աչքը։ 

Շոյում եմ, շոյում, շոյում։ Հերթափոխվող մռնչոցով ու լռությամբ ցույց է տալիս՝ ինչ տեմպով ու որ հատվածում շոյեմ։ Կոկորդին եմ դիպչում, գլուխը վեր է նետում, «հիմա կբռնի», մտածում եմ, բայց ոչ՝ գլուխն իջեցնում է։ Քիչ է մնում ուրախությունից լաց լինեմ․ թույլ տվեց դիպչել ամենախոցելի տեղին։ Հույս կա։

Ինչ անպաշտպան է։ Լիակատար խավարի մեջ, անհայտության մեջ։ Մեր կապն այնքա՜ն փխրուն է։ Մի սխալ շարժում, ու ծնվող վստահությունը կվերանա։ Եթե կծի, ստիպված կլինենք մի բան անել։ Պատժել չի կարելի, լռես՝ կհիշի։ 

Ասում եմ՝ որքան եմ սիրում նրան, ու որ այսուհետ սա իր տունն է։ Շատ անգամ եմ կրկնում։ Հավատում եմ, որ մի օր կհասկանա ու կընդունի։

Նույն մեքենայի պտուտակիկները

Պետք է մարդկանց վիրաբույժ գտնենք, որը կհամաձայնի Ուգոլյոկի աչքը վիրահատել։ Ու իմանանք՝ որքան կարժենա լազերային վիրահատությունը։ Մի փոքրիկ հնարավորություն, որ կկարողանա տեսնել, դեռ կա։

Մեր ֆեյսբուքյան էջում գրառում եմ անում, ու մեկնաբանություններում ու անձնական հաղորդագրություններով շատ մարդիկ են արձագանքում՝ ակնաբույժներ խորհուրդ տալով։ Ու ոչ մի բառ այն մասին, թե ինչ խելագարություն է այսպիսի ժամանակ շանը վիրահատելու մասին մտածելը։ 

Միշտ ընտրյալ լինելու, իմ անկրկնելիության ու կարևորության զգացում եմ ունեցել։ Որ իմ կյանքն ուրիշների կյանքին նման չէ, ու ես բոլորի պես չեմ մեռնելու։ Թեև, չէ, չեմ մեռնելու։ Հավանաբար ամեն մարդ ինքն իրեն այդպես առանձնահատուկ է զգում։

Կյանքումս առաջին անգամ այդ զգացումն անհետանում է։ Գիշերով՝ գուցե Ուգոլյոկի մասին գրառման արձագանքների, գուցե Վոնեգուտի ազդեցությամբ, հանկարծ հստակ գիտակցում է գալիս, որ ես ճիշտ նույնպիսին եմ, ինչպես մնացած բոլորը։ Ու ինձ հետ ամեն ինչ կարող է պատահել, ու կարող եմ շատ անհեթեթ ու սովորական ձևով մեռնել։ Ինձ պտուտակիկ եմ զգում։ Ու մնացած բոլորին էլ։ Նույն մեքենայի պտուտակիկ։ Ու շատ լավ է դառնում սեփական եզակիության «կորստից» ու մյուս պտուտակիկների հետ ընդհանրությունից։

«Բոկոնոնի՝ մեզ համար գրած հիսուներեքերորդ կալիպսոն այսպես է երգվում․

Եվ այգու հարբեցողները, լորդերն ու խոհարարուհիները,
Ջեֆերսոնյան վարորդն ու չինացի ատամ քաշողը,
Երեխաները, կանայք, տղամարդիկ՝ նույն մեքենայի պտուտակիկներն են։
Բոլորս Երկրի վրա ենք ապրում, նույն կաթսայում եփվում։
Լավ է, լավ է, Սա շատ լավ է»։

Շնորհակալություն, որ մինչև վերջ կարդացիք!

Հասմիկն ու Ֆյոդորը միայն «Կալեմոնը» չեն ստեղծում։ Հոդվածում նկարագրված կյանքը կիսով չափ նաև «Կենտավր»-ից է բաղկացած՝ Հայաստանում կենդանիների օգնությամբ թերապիայի առաջին ու միակ կենտրոնից։ «Կենտավր»-ը աշխատում է մանկատների երեխաների հետ ու փրկում փորձանքի մեջ ընկած կենդանիներին։ Կարող եք աջակցել նրա աշխատանքին կայքում. 

Եթե ուզում եք աջակցել «Կալեմոնին», կարող եք դառնալ նրա Պատրոնն ու հատուկ էջում լրացուցիչ բովանդակության հասանելիություն ստանալ։ Դրա համար սեղմեք ներքևի դաշտի կոճակը։ Շնորհակալություն։

Դարձեք Պատրոն

Մենք ստեղծում ենք սրտացավ, ազատ ու անկողմնակալ մարդկանց համայնք։ Եթե ուզում եք աջակցել մեր աշխատանքին՝ սովորական մարդկանց անձնական պատմությունների միջոցով խոր սոցիալական խնդիրները քննելու գործում, դա անելու լավագույն միջոցը մեր Պատրոնը դառնալն է։

Տեքստն ավարտված է, պատմությունը շարունակվում է

Մեր առաքելությունը հասարակության փոփոխություններին նպաստելն է՝ տաբուները կոտրելով ու ազատ քննարկելով այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են բռնությունը, աղքատությունը, խտրականությունը, ծնողական ու բժշկական էթիկան, և այդպես շարունակ։

Այստեղ պատմված պատմությունները միշտ ազնիվ ու անկողմնակալ են մնալու՝ նաև մեր Պատրոնների շնորհիվ։ Դուք էլ կարող եք միանալ՝ կոճակը սեղմելով ու աջակցության չափն ընտրելով։

Յուրաքանչյուր բաժանորդագրություն՝ սկսած ամսական 2 դոլարից, կօգնի հեղինակներին նոր նյութեր ստեղծել։ Շնորհակալություն։

Այս հոդվածի ստեղծմանն աջակցել է NESEHNUTÍ ՀԿ-ի՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման ծրագիրը (Չեխիայի ԱԳՆ-ի TRANSITION ծրագիր)