Վարդերը Շոպեն են սիրում

Տեքստ՝ Հասմիկ Հովհաննիսյան
Խմբագիր` Ֆյոդոր Կորնիենկո
Թարգմանություն` Արփի Խալաթյան
Տեքստ՝ Հասմիկ Հովհաննիսյան
Խմբագիր` Ֆյոդոր Կորնիենկո
Թարգմանություն` Արփի Խալաթյան
Ազատուհին 26 տարի գերության մեջ է անցկացրել՝ սեփական ամուսնու ձեռքերում։ Սակայն նրան հաջողվել է փախչել, բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոնում անցնել վերականգնողական թերապիա և նոր կյանք սկսել։

Թարմ ներկված սպիտակ պատերով կոկիկ սենյակում ամենուրեք փակցված են հիշեցումներով թղթիկներ։ Տարիներ շարունակ գլխին ստացած բազմաթիվ հարվածների հետևանքով տուժել է Ազատուհու հիշողությունը․ եթե անելիքը գրի չառնի, անմիջապես կմոռանա։

Երկտեղանոց մահճակալը, պլաստմասե դարակներով պահարանը, երկու իրարից տարբեր աթոռները, սեղանն ու «փչիկ» տաքացուցիչը, որն ամբողջ ձմեռ տաքացրել է Ազատուհուն ու նրա աղջկան, խցկված են փոքր տարածության մեջ:

— Հա, շատ փոքր է, խոհանոցն ու բաղնիքն էլ ընդհանուր են,- արձագանքում է Ազատուհին իմ կաշկանդված շարժումներին (հանկարծ մի բան շուռ չտամ),- բայց ի՜նչ հաճելի է երեկոյան աշխատանքից տուն գալ, պառկել հանգստանալու՝ իմանալով, որ ոչ ոք չի գոռալու. «Ի՞նչ ես պառկել, ոչխարի ծնունդ, գնա՛, գո՛րծ արա»։

Եռահարկ շինության ներսում ակտիվ շինարարական աշխատանքներ են: Շենքի տերը վերանորոգում է վերևի երկու հարկերի սենյակները: Լսվում է կտրվող մետաղի ձայնը՝ համեմված կլկլացող ռաբիզով, հետո դրան փոխարինում է Modern Talking-ը, այնուհետև յարխուշտան [հայկական ժողովրդական ռազմապար]: Որոշ ժամանակ անց լռություն է տիրում. շինարարներն ընդմիջում են անում:

Ինձ Ազատուհու մոտ բրել է նրա օրագիրը, որն ինքը գիրք է անվանում: Երկու հաստ տետր, որոնք ընթերցելուց հետո մի քանի գիշեր քնել չկարողացա: Ազատուհուն հարցնում եմ՝ ինչու՞ է այդքան կարևոր, որ օրագիրը հրատարակվի:

— Ուզում եմ հնարավորինս շատ կանայք կարդան իմ պատմությունը: Որպեսզի հասկանան, որ չի կարելի այդպես ապրել, որ ուրիշ տարբերակ էլ կա։ Կա կենտրոն, որտեղ իրենց կօգնեն։ Էնտեղ անցկացրած ժամանակի ընթացքում շատ եմ փոխվել, ուժեղացել եմ, ինքնավստահ եմ դարձել ու սովորել ինքս ինձ հարգել։

Մի քանի ժամ այսօր կզրուցենք և դեռ մեկ անգամ չէ, որ կհանդիպենք։ Աստիճանաբար կտոր առ կտոր կհավաքենք Ազատուհու պատմությունը, որն, ասես, սարսափ ֆիլմի խրթին սյուժե լինի։ Սփոյլեր․ երջանիկ ավարտով։

Фото семьи
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Գլուխ I. Մեծ քթով մարդը

Ես չգիտեի մեծ քթով մարդու անունը: Բայց հենց լսում էի երաժշտությունը, որ դուրս էր գալիս նրա երկար մատների տակից, անմիջապես վազում էի հեռուստացույցի մոտ ու հմայված նայում էկրանին։ Գործիքը, որ նա նվագում էր, դաշնամուր էր կոչվում։ Շատ էի ուզում նրա պես նվագել այդ գործիքը:

Ու եկավ այն օրը, երբ հայրս ինձ խանութ տարավ, նոր շրջազգեստ, վերնաշապիկ ու կարմիր կոշիկներ գնեց ու տարավ երաժշտական դպրոց։ Ուսուցչուհին ասաց, որ պիտի ստուգի իմ լսողությունը․ նա ռիթմով թակում էր սեղանին կամ ծափ էր տալիս, իսկ ես պիտի կրկնեի։ Հետո հարցրեց, թե ով է իմ սիրելի կոմպոզիտորը։ Ստիպված եղավ բացատրել՝ ինչ է դա։ Այդպես իմացա, որ մեծ քթով մարդը կոմպոզիտոր է, անունն էլ՝ Առնո Բաբաջանյան։

Ինձ ընդունեցին, բայց քանոնի դասարան․ 11 տարեկան էի, դաշնամուրի համար արդեն մեծ էի։ Հենց սկզբից սիրեցի նոր գործիքը։ Հայրս ինձ համար հատուկ աթոռ պատվիրեց։ Ինձ ճիշտ նստել սովորեցրին, նաև երկու-երեք ամիս ամեն օր խնձորը ձեռքումս պահելով պարապում էի, որ դաստակներս կլորավուն դառնան։

Հայրս տասներեքերորդ աշխատավարձ ստացավ, ու պիտի ձմեռվա համար ածուխ գներ, բայց ընտանեկան խորհուրդը որոշեց այդ գումարով ինձ համար գործիք ձեռք բերել։ Հորս՝ քանոնի գործարանում աշխատող ընկերը ծառներ ու թռչուններ փորագրեց դրա վրա։

Երբ հայրս աշխատանքից տուն էր գալիս, խնդրում էր, որ նվագեմ։ Ես դեռ պարզապես ծնգծնգացնում էի, բայց նա ասում էր, որ դա իրեն հանգստացնում է։

Հայրս շատ հանգիստ ու բարի մարդ էր։ Երբեք ոչ մեկի վրա ձեռք չէր բարձրացնում, չէր գոռում։ Միայն երբեմն ասում էր․ «Կամաց ծիծաղիր, մի հռհռա, դու աղջիկ ես»։ Հա, ես անընդհատ ծիծաղում էի: Բոլորը սիրում էին իմ ուրախ բնավորությունը։

Азатуи в детстве
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Ընդունված յոթ տարվա փոխարեն ես սովորեցի հինգուկես տարի։ Հայրս էլեկտրիկ էր։ Մի անգամ նա հոսանքահարվել էր ու աշտարակից ընկել, վիճակը ծանր էր։ Երկու եղբայրներս բանակում էին, ես մնացի տանը՝ ծնողներիս օգնելու։ Տան բոլոր գործերն էի անում, հետո վազում դաշտ, լոլիկն էի հավաքում, ծաղկակաղամբն էի «տաչկայով» տանում դեպի ավտոտնակ, իսկ դա բավականին հեռու էր ու ծանր, մորս հետ խոզանակով լվանում էինք գլուխները, հետո գալիս էին «Երազով» մարդիկ ու տանում վաճառելու։

Սակայն երաժշտականում բացականերս հարգելի համարեցին ու վերջում դիպլոմ տվեցին։ Հայրս շատ էր ուրախացել։ Հասարակ էլեկտրիկ էր, բայց կրթության վրա սևեռված էր։ Մայրս 17 տարեկանում է ամուսնացել, բայց հայրս պնդել է, որ նա շարունակի ուսումը։ Երկու եղբայրներիս էլ է կրթություն տվել։ Իսկ ես պատրաստվում էի քույրական գործ սովորել։

Գլուխ II. Նոր ընտանիք

Բայց սովորելու մասին ծրագրերիս բախտ վիճակված չէր իրականություն դառնալու։ Երբ տասնյոթս լրացավ, հայրս որոշեց ինձ ամուսնացնել։ Դա «շատ լավ տարբերակ» էր ինձ համար, հորս գործընկերոջ որդին էր։ Մենք ծանոթ էինք, բայց առանձնապես չէինք շփվում։ Ինձ դուր չէր գալիս, մայրս էլ էր դեմ։

Բայց հայրս պնդեց, ստիպված էի ենթարկվել: Իմ թեթև բնավորության համաձայն՝ երկար դարդ չարեցի, ոչինչ, կապրեմ ամուսնուս հետ, կսովորեմ, կսիրեմ նրան։ Ա՜խր, ես բոլոր տղամարդկանց հորս պես էի պատկերացնում։ Իսկ նրան սիրելն այնքան հեշտ էր։

Երբ ամուսնացանք, ամուսնուս տանն ապրում էին նրա ծնողներն ու եղբայրն իր ընտանիքով (հետո տեղափոխվեցին)։ Մյուս եղբայրն ու քույրն առանձին էին ապրում։ Ամուսնությանս առաջին երկու շաբաթն, իրոք, կարծես հայրական տանս լինեի։ Մյուս հարսը, որ ինձնից բավականին մեծ էր, նույնիսկ ինձ քիմիա էր դասավանդել դպրոցում, ասում էր․ «Քո գալով մեր տանը առաջընթաց տեղի ունեցավ»։

Բայց «առաջընթացը» երկար չտևեց։ Ամուսնուս ընտանիքը վերադարձավ իր սովորական վիճակին։ Ներսից նրանք բոլորովին այլ էին, քան ձևանում էին։ Ամենաշատն ինձ ցնցում էր ամուսնուս ընտանիքի անդամների՝ միմյանց հետ հայհոյանքներով շփվելու ոճը։

Ես վախից լաց էի լինում, իմ հայրական տանը նման բառեր երբեք չէի լսել, իսկ նրանք ինձ վրա ծիծաղում էին ու հոգեկան հիվանդ անվանում։

Փողի ու ուտելիքի պակաս չունեին, բայց ես ու մեծ հարսը միշտ կանգնում սպասում էինք, որ մյուսներն ուտեն, վերջացնեն, հետո ուտում էինք այն, ինչ մնացել էր։ Այդպես էր ընդունված։

Սկզբում ամուսինս հոգատար էր։ Օրինակ՝ հետևում էր, որ ցուրտ ժամանակ առանց տաք հագուստի բոստան չգնամ։ Բայց ես գրեթե սկզբից հասկացա, որ ձայնի իրավունք չունեմ։ Ամենափոքր հարցերով էլ որոշումներ ընդունելու իրավունք միայն ինքն ուներ։

Հարսանիքից մեկ տարի անց ծնվեց մեր աղջիկը։ Ամուսինս որոշեց նրան անվանել իր տատիկի պատվին։ Ես աղաչում էի իմ գեղեցկուհի աղջկան այդ հնադարյա անունը չդնել, ուզում էի Գոհարիկ դնել, բայց նա ինձ չլսեց։ Երկու տարի անց էլ տղա ունեցանք։ Ես ուզում էի անունը Սամվել դնել, Րաֆֆու իմ սիրելի հերոսի անունով, բայց ամուսինս որդուս էլ մի այլ «չխմազ» անուն տվեց՝ իր պապի պատվին։

Երբ ամուսնացանք, ամուսինս վարդերի ջերմոց ուներ։ Մի քանի տարվա ընթացքում ևս երկու հատ դրեցինք։ Աշխատողներ չունեինք։ Ես ամբողջ օրն աշխատում էի հողի վրա՝ ծաղիկների հետ, բոստանում, վաճառքի համար վարդերի փնջեր էի կապում, իսկ լվացքն, արդուկն ու մյուս գործերն անում էի գիշերը։

Ամուսինս սկզբում ձևացնում էր, թե օգնում է վարդերի հետ, բայց հինգ րոպե ջերմոցում մնալուց հետո սկսում էր գլխացավից կամ հոգնածությունից բողոքել ու գնում էր տուն։ Ի վերջո, նրա արած միակ աշխատանքը դարձավ վարդերը պատվիրատուներին հասցնելն ու հեռուստացույցի առաջ նստելը։

Розы
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Ես արթնանում էի առավոտյան վեցին ու քնում էի գիշերվա երկուսին: Շատ էի հոգնում և երբեմն, երբ երեխաները գիշերը լաց էին լինում, չէի կարողանում միանգամից արթնանալ։ Դրա համար սկեսուրս ամուսնուս ներշնչում էր, որ ես վատ մայր եմ, երեխաներիս մասին հոգ տանել չգիտեմ, նաև անպիտան տնային տնտեսուհի եմ։

Նա որդուն անընդհատ իմ դեմ էր տրամադրում։ Օրինակ՝ իմ հայրական տանը, երբ թեյ էինք խմում, շաքարամանը դնում էինք սեղանին, ով ինչքան ուզում էր, վերցնում էր։ Իսկ նա ինձ ստիպում էր ամուսնուս բաժակի մեջ լցնել շաքարավազը, խառնել և մատուցել։ Եւ եթե հանկարծ համարձակվեի չենթարկվել, վեճ էր սարքում։ Սկեսրայրս ու տեգրս նրա կողմից էին։ Մեծ հարսը լավն էր, բայց վախկոտ էր: Ոչ ոք ինձ չէր պաշտպանում։

Ամուսինս սկսեց տնից դուրս գալն արգելել, նույնիսկ ծնողներիս տուն չէի գնում։ Իսկ երբ նրանք էին գալիս, տնեցիք այնպես էին ընդունում, որ շուտով ընդհանրապես դադարեցին գալ։ Նրանց կարողանում էի տեսնել, օրինակ, այսպես՝ հարևանուհին ասում էր․ «Ազատուհի, մի ժամից ձեր հողի կողքի հողում հայրդ գործ է անելու», ես բարձրանում էի երկրորդ հարկի պատշգամբ ու էնտեղից նայում հորս։

Գլուխ III. Մլակը սուրճի մեջ

Աղջիկս երեք տարեկան էր, որդիս՝ մեկ, երբ ամուսինս առաջին անգամ ինձ վրա ձեռք բարձրացրեց։ Ամառ էր, ամբողջ ընտանիքով լոլիկ էինք հավաքում: Տղաս քնած էր սայլակի մեջ, քույրը կողքը խաղալիքներով խաղում էր: Աշխատելիս երեխաները միշտ մոտս էին, շատ խելոք էին, երբեք չեն խանգարել:

Ամուսինս ասաց, որ սուրճ դնեմ: Եփեցի, դրեցի սեղանին ու հետ գնացի լոլիկ հավաքելու: Շոգ ժամանակ պիտի արագ հավաքես, թե չէ թոշնում են: Շտապելիս մոռացա բաժակները սինիով ծածկել:

Սկեսուրս, սկեսրայրս ու տալս շուտ խմեցին, իսկ ամուսինս ուշ մոտեցավ, սուրճի մեջ մլակ էր ընկել: Իր ընտանիքը պահը բաց չթողեց նկատելու, որ մեղավորը ես եմ, բաժակը չեմ ծածկել: Բայց իրենք էդտեղ նստած էին, կարող էին, չէ՞, ծածկել:

Ամուսինս լուռ վերցրեց սուրճը, մոտեցավ ու լցրեց գլխիս: Հետո մազերիցս բռնեց (իսկ դրանք շատ երկար էին), քարշ տվեց տուն ու ծեծեց: Ոչ ոք ոչինչ չասաց:

Այդ օրվանից ցանկացած «մեղքի» համար ծեծում էր՝ տունը լավ չես հավաքել, կոնֆետները սխալ ամանի մեջ ես դրել, թփի վրա պոմիդոր ես թողել, վատ ճաշ ես եփել, մի տեսակ պատասխանեցիր:

Նաև շատ խանդոտ էր։ Նույնիսկ իր հարազատ եղբորն էր խանդում։ Մի անգամ ծեծեց նրա համար, որ այն եզակի օրերից մեկը, երբ իր եղբոր տուն հյուր էինք գնացել, ես մեկնեցի բաժակս տեգրոջս, որ հյութ լցնի։

Տանը կռիվ սարքեց․ «Ի՞նչ ա, ֆլիրտ էիր անում հետը», ու ուժեղ ծեծեց։ Մյուս անգամ «խոհեմաբար» հրաժարվեցի հյութից։ Բայց չզսպեցի ինձ ու ասացի․ «Շնորհակալ եմ, առանց ինձ խմեք, թե չէ հետո քթիցս ա դուրս գալու»։ Դրա համար էլ ծեծ կերա։

Розы
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Մի անգամ չդիմացա, վերցրի երեխաներիս ու փախա։ Դուրս գնալիս միշտ կողպում էր դուռը, որ ես դուրս չգամ ու ոչ մեկը մեր տուն չգա։ Ամենուրեք տեսախցիկներ կային, բայց ոչ թե գողերին, այլ ինձ հետևելու համար։

Այդ օրը մոռացել էր դուռը կողպել։ Ես վերցրեցի երեխաներին ու փախա ծնողներիս տուն։ Երեկոյան ամուսինս եկավ իմ հետևից, աղաչում էր ներել, խոստանում էր, որ էլ չի անի, ու ես վերադարձա։ Մի քանի օր, իրոք, իրեն հանգիստ պահեց, բայց հետո ամեն ինչ նորովի սկսվեց։

Որոշ ժամանակ անց կրկին փախա։ Սկսվեց նրանից, որ նա գլուխն էր լվանում, ես էլ ջուր էի լցնում։ Նրան դուր չեկավ՝ ինչպես եմ լցնում։ Անընդհատ բարկանում էր, բայց կարող էր չէ՞ ինքը գլուխը հարմարեցնել, ես չեմ կարող ամեն վայրկյան զգալ, թե ջուրը որ մասի վրա է պետք պահել։

Հիմա եմ մտածում, թե ա՛յ Ազատուհի, ինչ էշ էիր դու։ Ինչու՞ չասացիր՝ քո գլուխն է, դու էլ լցրու։

Ինչ-որ պահի գոռաց․ «Խի՞ չես նորմալ լցնում», վերցրեց եռման ջրով լի թեյնիկն ու շպրտեց վրաս։ Հետո սկսեց խփել։

Խորը այրվածքներ ստացա, հետո մի քանի օր տնքում էի ցավից։ Բայց բախտս բերեց, այդ անգամը նա շուտ հոգնեց, թողեց ինձ, ու ես հասցրի արագ օճառ քսել այրվածքներին։ Սպիեր գրեթե չեն մնացել։

Մի քանի օրից, երբ նորից մոռացել էր ավտոտնակի դուռը կողպել, ես փախա ծնողներիս մոտ։ Այս անգամ մենակ։ Տղաս երկու տարեկան էր, աղջիկս՝ չորս, ես՝ քսանմեկ։

Մայրս, ինչպես միշտ, պաշտպանեց ինձ։ Ասաց, որ էլ հետ չգնամ, որ դրա համար չէ իր միակ դստերը մեծացրել։ Բայց հայրս համոզում էր, որ հետ գնամ, որ կեղտոտ լվացքը դուրս չհանեմ տնից։ Ենթադրում էր, որ ծնողներն են նրան իմ դեմ տրամադրում, որ ժամանակ կանցնի, կփոխվի։ Ծնողներս, որ միշտ իդեալական զույգ էին, հիմա իմ պատճառով անընդհատ վիճում էին։

Այս անգամ իմ հետևից ոչ ոք չեկավ։ Մեր տները միմյանց հարևանությամբ էին։ Երեկոյան լսում էի՝ ինչպես է աղջիկս պատշգամբում կանգնած բարձրաձայն լաց լինում․ «Մամա՜, ու՞ր ես։ Մամա՜, հետ արի՜»։ Ես նրա հետ լալիս էի, բայց փորձում էի դիմանալ։

Երեք օր դիմացա։ Երրորդ օրը տղայիս ջերմությունը բարձրացավ։ Մեծ տեգրս կնոջ հետ եկան ծնողներիս տուն՝ ինձ համոզելու, որ հետ գնամ։ Հայրս նրանց հետ համաձայն էր։ Չնայած նա շատ ազատամիտ էր, բայց դե ուրիշ ժամանակներ էին․ ինչպե՞ս թե ամուսնուց հեռանալ, փոքր երեխաներով, մարդիկ ի՞նչ կասեն։

Որդուս ջերմությունը չէր իջնում, ու ես հետ գնացի։ Ամուսինս էլի չգոռաց ու չխփեց մեկ շաբաթ։ Սկեսրայրս համոզում էր, որ տղան փոխվել է։

Գլուխ IV. Գլխով պատին

Սակայն այս անգամ էլ ոչինչ չփոխվեց։ Ամուսինս սկսեց ստիպել ինձ ամեն ինչի համար թույլտվություն խնդրել՝ հինգ րոպե նստելու, հանգստանալու, երեխային քնեցնելու, երկրորդ հարկ բարձրանալու, զուգարան գնալու համար։

Մեր ամուսնությունից մի քանի տարի անց նա տանը «Բաքսի» (ջեռուցման համակարգ) անցկացրեց, բայց ինձ արգելված էր տաք ջրից օգտվել։ Հրամայում էր ափսեները սառը ջրով լվալ (գազն ափսոս է), իսկ լողանալ պարտավոր էի հինգ րոպեում, իմ երկար մազերով հանդերձ, հետո տաք ջուրն անջատում էր։

Ես ցնցոտիներով էի ման գալիս: Ամուսինս ափսոսում էր փող ծախսեր, գոնե մի զույգ սպորտային տաբատ գներ, որ կարողանայի հանգիստ գործ անել: Իր հին շալվարներն էի նեղացնում, կարկատում ու հագնում:

Ծեծը նույնպես շարունակվում էր։ Կարող էր աննկատ հետևից մոտենալ, ու երբ ես վեր էի թռչում, սկսում էր գոռալ․ «Վախեցար, ոչխարի ծնունդ, սիրածի՞դ ես պահել», ու ծեծում էր։

Մի անգամ աթոռը կոտրեց մեջքիս։ Մի ուրիշ անգամ, երբ փորձում էի իրենից փախչել, ոտքը դրեց ոտնաթաթիս վրա։ Փորձում էի դուրս պրծնել ու մատներս կոտրեցի։ Դրանք հետո ծուռ կպան, մինչև հիմա նեղ կոշիկ հագնել չեմ կարողանում։ Բայց նա ինձ բժշկի չտարավ։ Միայն ասաց․ «Շանը սատկել չկա»։

Ամենաշատը սիրում էր խփել գլխիս կամ մազերիցս բռնած գլուխս տալ պատին կամ պահարանին։

Դրա հետևանքով տարեցտարի տեսողությունս վատանում էր, չնայած մինչև ամուսնանալը արծվից էլ լավ էի տեսնում։ Մշտական ուժեղ գլխացավեր ունեի։ Երբ արդեն գրեթե չէի տեսնում, խնդրում էի ինձ բժշկի տանել, բայց նա պատասխանում էր իր մշտականով․ «Սենց էլ ա լավ: Շանը…»։

Մի քանի տարի անց աղջկաս ակնաբույժ պետք եկավ: Ամուսինս որոշեց տանել աչքի բժշկի մոտ, համոզեցի, որ ինձ էլ տանի: Ինձ զննելուց հետո բժշկուհին ասաց, որ մոտս կերատոկոնուս է զարգացել։ Դա աչքերի հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է ու դառնում կոնաձև։ Մարդն սկսում է աղավաղված տեսնել պատկերները։

Размытая картинка
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Բժշկուհին հարցրեց, թե արդյոք տրավմաներ ունեցե՞լ եմ, որովհետև դա է կերատոկոնուսի հիմնական պատճառներից մեկը։ Ես հո՞ չէի կարող պատմել, որ գլխիս խփելը ամուսնուս սիրելի զբաղմունքն է։ Բժշկուհին ասաց, որ ես պետք է ակնոց կրեմ, աշխատեմ չկռանալ, ու օրվա ընթացքում մի քանի անգամ պիտի աչքերս փակ տասը րոպե պառկեմ, հակառակ դեպքում կարող եմ լրիվ կուրանալ։

Բայց ի՞նչ հանգստի մասին է խոսքը։ Ի՞նչ չկռանալ։ Տարիներ պահանջվեցին մինչև գոնե ակնոց կարողացա պոկել ամուսնուցս: Գլխիս հարվածներն էլ, իհարկե, շարունակվում էին։ Եւ ոչ միայն հարվածները։ Ես պիտի ցանկացած պահի բավարարեի նրա անասնական բնազդները։ Հենց ուզում էր, ասում էր․ «Գնացինք սենյակ», ու ես պիտի ենթարկվեի։ Եթե հակառակվում էի, միևնույն է, բռնաբարում էր, հետո ծեծում։

Փոքր երեխաներս քնած էին կողքի սենյակում։ Ձեռքով բերանս փակում էի, որ ցավից չգոռամ։ Որպեսզի իր ուզածն ստանար ու հանգիստ թողներ ինձ։ Ձեռքերս ամբողջությամբ կծոտած էին լինում:

Հետո նա շորերս էր թաքցնում, միակ հագուստը, որ ունեի, որպեսզի չկարողանամ սենյակից դուրս գալ, ու իմ անօգնականությունից հաճույք էր ստանում։

Երեխաներին մատով կպած չկար, բայց նաև նրանց աչքի առաջ էր ինձ ծեծում։ Երբ երեխաները փոքր էին, նրանք վախից մի անկյուն էին մտնում ու սկսում լացել, այդ ժամանակ սկեսրայրս փորձում էր պաշտպանել ինձ։ Բայց երբ ջերմոցը մեծացրինք, և ամուսինս սկսեց ավելի շատ գումար վաստակել (վարդերի բիզնեսը եկամտաբեր է, ես կասեի՝ թմրանյութից հետո երկրորդ տեղում է), նա ընդհանրապես դադարեց որևէ մեկի վրա ուշադրություն դարձնել։

Ինչ ինձ հիշում եմ, վերանորոգում էինք տունը։ Մենք շքեղ տուն ունեինք, գյուղական տան ընդհանրապես նման չէր։ Յուրաքանչյուր վերանորոգումից հետո մաքրություն անելը, բնականաբար, ինձ վրա էր։ Ինչպես նաև տնտեսությունը պահելն ու օրական երկու հարյուր փունջ վարդ կապելը։ Բայց աշխատանքիս արդյունքը միայն իր համար էր։ Գումարը վերցնում էր, պահում պահարանի մեջ, որի բանալին էլ միշտ մոտն էր պահում, նույնիսկ քնում էր՝ ձեռքում պինդ սեղմած։

Այն աստիճանի գումար տեսած չկայի, որ Խորհրդային միության փլուզումից հետո դեռ երկար ժամանակ մտածում էի, որ հորս տանը տեսած ռուբլին է մեր փողը։ Այն, որ Հայաստանն արդեն իր արժույթն ունի, շատ ավելի ուշ իմացա։

Գլուխ V. Թուղթուգիր

Մենք քնում էինք իմ օժիտի ներքնակի վրա: Միայն մեկ անգամ էի բացել, բուրդը լվացել, չփխել ու կարել: Դրանից հետո ամուսինս ու սկեսուրս արգելում էին դրան ձեռք տալ: Գոռում էին վրաս ու պահանջում ներքնակը հանգիստ թողնել: Շատ հետաքրքիր էր՝ ինչու, բայց չէի համարձակվում չենթարկվել:

Ամուսնուս ծնողները հերթով հիվանդացան ու ձեռքերիս մեջ մահացան: Սկեսրոջս մահից հետո մի օր սպասեցի ամուսինս գնա ծաղիկներն առաքելու ու քանդեցի ներքնակը:

Երկու փոքր թուղթ, սպիտակ թելերով ձիգ փաթաթած դրված էին երկու հակադիր անկյուններում, որպեսզի ներքնակն ինչպես էլ շրջեմ, դրանք իմ գլխի տակ հայտնվեն:

Шторы
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Հիշեցի թուղթուգրի մասին մեծերից լսած պատմությունները, որոնց վրա միշտ ծիծաղում էի: Որոշեցի ամեն դեպքում հաշվի առնել նրանց խորհուրդներն ու թղթերը գցել հոսող ջրի մեջ: Ասում էին. «Որ ջուրը տանի ցավը»: Գցեցի առվի մեջ, արագ կարեցի ներքնակն ու դրեցի տեղը:

Առաջ, երբ ամուսինս վիրավորում էր ինձ, ես կարծես քարանում էի, բառ անգամ չէի կարողանում արտաբերել: Հետո հաճախ ահավոր գլխացավեր էի ունենում, որոնք նման չէին խփելուց առաջացող ցավերին: Ոչ մի դեղ չէր օգնում:

Թղթերը դեն նետելու օրվանից հետո ցավերն անցան: Իսկ ես դադարեցի խոնարհաբար տանել ամուսնուս վիրավորանքները, ասես քնից արթնացա:

Երբ պատասխանում էի, շատ էր բարկանում: Օրինակ ասում էր. «Շաքար լցրու սուրճի մեջ», իսկ ես հակադրում էի. «Ձեռքեր ունես, ինքդ էլ լցրու»: Գոռում էր. «Սիրած ունես, դրանից ա լեզուդ տենց երկարել»: Ես էլ ասում էի. «Հա, տասներկու հատ սիրած ունեմ, անուններն էլ Բլեք, Չերրի…»: Վարդերիս անուններն են:

Մի օր էլ դեկտեմբերին մազերս կտրեցի: Երկու հայելի դրեցի դեմառդեմ, պոչ հավաքեցի ու կարճ կտրեցի: Առանց իր թույլտվության մազերս կտրելու համար նա ինձ ուժեղ ծեծեց: Բայց մազերիցս բռնել, քարշ տալ էլ չէր կարողանում:

Գլուխ VI. Գաղտնի կապ

Ամուսինս անընդհատ կրկնում էր․ «Տղեն ինձ նման չի, ախպորս հետ ես քնել», չնայած որդիս նրա պատճեն է։ Իսկ ես մտքումս ասում էի՝ ով ինչում մեղավոր է, ուրիշներին է մեղադրում դրանում։ Բայց նույնիսկ մտքովս չէր անցնում, թե ինչ մոտ եմ սարսափելի ճշմարտությանը։

Հորս մահից հետո եղբայրս իր ընտանիքով մեկնեց Ռուսաստան՝ կնոջ ծնողների մոտ։ Մայրս էլ նրանց հետ գնաց։ Ես ութ տարով կորցրեցի ընտանիքիս հետ կապը, քանի որ ամուսինս վերահսկում էր իմ հեռախոսը։ Եղբայրս զանգում էր, բայց միշտ ինքն էր պատասխանում ու, տարբեր պատճառներ բերելով, ինձ չէր փոխանցում հեռախոսը։

Բայց մի անգամ աղջիկս եղբորս գտավ սոցցանցում։ Սպասեցինք մինչև ամուսինս գնա ծաղիկներն առաքելու, տղաս պատուհանի մոտ պահակ կանգնեց, ես ու աղջիկս զանգեցինք եղբորս։ Հենց այդ ժամանակ էլ իմացա այս պատմությունը։

Ռուսաստանում եղբայրս տաքսի էր քշում։ Կինն այդ նույն տաքսի-ծառայությունում օպերատոր էր աշխատում։ Ամեն օր նրանք միասին գնում էին աշխատանքի, միասին վերադառնում։

Մի օր եղբայրս իմանում է, որ իր հեռանալուց հետո կինը նստում է մի սև ջիպ ու աշխատանքի ավարտի ժամին մոտ նոր հետ է գալիս։

Երեկոյան գնում է կնոջ հետևից, բերում տուն, մորս ուղարկում է ծանոթի տուն հյուր, իսկ կնոջն առաջարկում է մի-մի բաժակ կոնյակ խմել․ հարսս խմելու հետ սեր ուներ։ Եղբայրս չի խմում, բայց նրան խմեցնում է մինչև հարբելն ու սկսում հարցեր տալ։ Կինը խոստովանում է, որ սև ջիպը պատկանում է ինչ-որ պատգամավորի։ Իր մյուս հարաբերությունների մասին էլ է պատմում, ու պարզվում է, որ մեր գյուղում ապրելու ժամանակ իմ ամուսնու հետ էլ է կապ ունեցել։

Եղբայրս ամբողջը ձայնագրում է։ Առավոտյան ձայնագրությունը ցույց է տալիս, ծեծում ու դուրս շպրտում կնոջը։

Ես լսում էի այս պատմությունն ու տարբեր մանրուքներ մտաբերում Ի՜նչ միամիտ հիմարն էի։ Հիշեցի, թե ինչ հաճախ էր ամուսինս եղբորս տուն գնում, երբ նա աշխատանքի էր, իբր թե եղբորս օգնում է ջերմոց սարքել։ Բայց դժոխքում ամուսինս պիտի վառվի հորս քառասունքի օրն արածի համար։

Նա ինձ թույլ չտվեց ծնողներիս տուն գնալ, ասաց՝ ծաղիկները կթառամեն, չնայած դրանք շատ լավ կմնային ջրի մեջ մինչև հաջորդ օրը։ Այդ ժամանակ եղբայրս կնոջն ուղարկեց ինձ օգնելու, որ շուտ վերջացնեմ ու գնամ գերեզմանոց։ Նույնիսկ ամուսինս եկավ օգնելու, չտեսնված բան էր։

Հետո նա և հարսս մի քսան րոպեով անհետացան։ Երբ հարսս վերադարձավ, ասաց, որ զուգարանում է եղել ու շորտը պատահաբար թրջել է։ Իսկ ես՝ հիմարս, նույնիսկ կատակեցի՝ տա՞կդ ես արել, ի՞նչ է, զուգարանին չհասա՞ր։ Մտքովս անգամ չէր անցնի…

Գլուխ VII. Փախուստ

Մարտի նախավերջին օրն էր։ Հնդկաձավար էի եփել։ Սկսեց գոռալ․ «Էս տղամարդու ուտելիք ա՞»։ Ասաց, որ չի ուտի ու նստեց որդու հետ նարդի խաղալու։

Հեռուստացույցով լուրերի հաղորդում էր։ Աշխարհում սկսվել էր կորոնավիրուսի համաճարակը, և ամուսինս ամբողջ օրը դրա մասին լուրեր էր նայում։ Իսկ ես սերիալ կամ համերգ էի ուզում նայել։ Հայաստանում կարանտին էր, տեղաշարժը՝ սահմանափակված, բայց կարանտինն ինձ առանձնապես չէր անհանգստացնում, ես առանց այդ էլ տարիներով մեկուսացված էի։

Փորձեցի ալիքը փոխել։ Էլ ավելի բարկացավ․ «Իմ տան մեջ դու՞ ես ասելու, թե ինչ նայեմ», ու պուլտը շպրտեց վրաս։ Չկպավ, վեր կացավ ու դեպի ինձ եկավ, որ խփի։

Որդիս նրան պահեց։ Փոքր ժամանակ երեխաները վախից լաց էին լինում, երբ նա գոռում էր կամ ծեծում ինձ։ Երբ մեծացան, փորձում էին պաշտպանել։ Տղաս ասում էր, որ դպրոցը կավարտի, բանակից հետ կգա ու վարկով տուն կառնի ինձ համար։ Հորն ասում էր․ «Չհամարձակվես մորս կպնել»։ Նա այդ ժամանակ քիքբոքսինգով էր զբաղվում, ուժեղ էր, և ամուսինս վախենում էր նրանից։ Բայց երեխաները հո միշտ տանը չէին։

Ամուսինս այս անգամ էլ ենթարկվեց որդուս, բայց սպառնաց ինձ․ «Մտածի՝ առավոտը ուր ես գնալու։ Եթե չգնաս, ես քեզ էն աշխարհ կուղարկեմ»։

Հետո կերավ ու գնաց վերև՝ քնելու։ Ես հյուրասենյակում մնացի ու ամբողջ գիշեր մտածում էի։ Շատ հեշտ կարող էր սպառնալիքն իրականություն դարձնել։ Մի անգամ թեյիս մեջ ինչ-որ բան էր լցրել, միանգամից զգացի, որ համն ուրիշ է ու թաքուն թափեցի։ Շունը գետինը լիզեց ու երեք օր քնած մնաց։

Ես հստակ որոշեցի՝ հենց լույսը բացվի, տնից կհեռանամ։ Բացարձակ գաղափար չունեի՝ ուր եմ գնալու, բայց արդեն լրջորեն անհանգստանում էի կյանքիս համար։

Առավոտյան ամուսինս իջավ ներքև, էլի գոռգոռաց, գնաց, ջերմոցի պատուհանները բացեց, որ ծաղիկներին օդ գա, եկավ, փռվեց բազմոցին ու քնեց։ Բանալին մոռացավ դռան վրա։

Լվացքը մեքենայից հանեցի, աղջկաս խնդրեցի փռել երկրորդ հարկի պատշգամբում, որպեսզի այնտեղ երկար մնա։ Համբուրեցի, զարմացած հայացքին ի պատասխան ասացի, թե գիշերվա ընթացքում կարոտել եմ։ Խիստ զգուշացրեցի, որ ուղիղ ու գույները համադրելով փռի. բոլոր հարևանները գիտեին, որ թաղում ամենագեղեցիկն իմ լվացքն է փռված։

Որդուս էլ քնած տեղը համբուրեցի, ու հենց այդպես՝ հողաթափերով, սպորտային շալվարով ու ժիլետով դուրս եկա տնից։ Գիտեի, որ չեն փնտրելու մի քանի ժամ՝ մտածելով, որ ինչպես միշտ ջերմոցում եմ։

Մեր անձնագրերը միշտ ամուսնուս մոտ են եղել փակի տակ։ Այդ ժամանակ միայն անձնագրով ու թղթիկով էր կարելի դուրս գալ։ Փաստաթղթերով տոպրակը, որի մեջ էր նաև իմ անձնագիրը, ամուսինս դրել էր մուտքի դռան մոտի պահարանում, որպեսզի ամեն անգամ վերև չբարձրանա։

Անձնագիրս վերցրի, ցանցի վրայով անցա հարևանի բակ ու այդպես բակերով վազեցի՝ նոր-նոր արթնացող գյուղի միջով։ Գլխաշոր էի կապել ու դիմակ դրել, որ չճանաչեն։ Բայց, միևնույնն է, վախենում էի, որ ամուսինս կարթնանա ու մեքենայով կգա ինձ փնտրելու։

Размытое фото
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Գյուղից դուրս եկա ու քայլեցի դեպի Երևան։ Երեք ոստիկանական մեքենա տեսա ճանապարհին, երեքին էլ պատմեցի պատմությունս, օգնություն խնդրեցի, բայց բոլորն ասացին, որ իմ՝ Արարատի մարզի ոստիկանություն գնամ։ Մի քանի ժամում ոտքով հասա Երևան։

Քաղաքի մեքենաներն էլ ինձ վրա ուշադրություն չէին դարձնում։ Կողքովս անցնող տաքսու առաջ նետվեցի՝ արդեն հուսահատված։ Վարորդը հորս տարիքին էր։ Մի կերպ ոտքի վրա մնալով, լացելուց ուռած դեմքով՝ աղաչեցի․ «Հայրիկ, ինձ դատախազության շենք տար, ես քաղաքը չգիտեմ, շրջանից եմ, ամուսնուցս եմ փախել, ինձ ուզում է սպանել»։

Տաքսիստը բարի մարդ էր, տարավ։ Բայց դատախազությունում ասացին, որ կարանտին է, ոչ մի թղթային դիմում չեն ընդունում, պիտի օնլայն դիմում գրեմ։ Բայց ինչպե՞ս։ Խորհուրդ տվեցին դուրս գալ փողոց, ինչ-որ մեկից խնդրել հեռախոսն ու գրել։ Իսկ ես տպել էլ չգիտեմ։

Հենվեցի ծառին ու սկսեցի լաց լինել։ Երեկոյան կտրուկ ցրտեց։ Ոտքերս ջնջխված էին, ես՝ հոգնած, չգիտեի՝ ինչ անել, զգում էի, որ ամբողջ աշխարհն իմ դեմ է։ Հանկարծ լավ հագնված մի կին դուրս եկավ դատախազության շենքից ու մոտեցավ ինձ։ Անձեռոցիկ տվեց ու հարցրեց, թե ինչ է եղել։

Պատմությունս նրան էլ պատմեցի, նա տաքսի կանչեց, վճարեց ու ասաց, որ ինձ տանի կենտրոնական ոստիկանություն։ Նաև իր համարը տվեց, որ հենց հասնեմ, զանգեմ։

Գլուխ VIII. Համարիր´ եղբայրդ եմ

Կենտրոնական ոստիկանությունում լսեցին իմ պատմությունն ու… առաջարկեցին քսան օրով մեկուսացնել ամուսնուս։ Թող նստի, «իր վարքի մասին մտածի», իսկ ես տուն վերադառնամ։ Այն հարցին, թե արդյոք իրենք պատկերացնու՞մ են, թե ինչ կանի նա ինձ հետ դուրս գալուց հետո, ոստիկանները դժվարացան պատասխանել։

Նրանք ընդհանրապես չէին կարողանում հասկանալ թե՝ քսանվեց տարի այդպես ապրել եմ, ի՞նչ է փոխվել հիմա, որ էլ չեմ դիմանում։

Փորձեցի բացատրել, որ այդքան էլ ճիշտ չէ մտածել, թե ես միայն քառասուներեք տարեկանում հասկացա, որ չի կարելի այդպես ապրել։ Ո՛չ, դա շատ երկար կուտակվել էր ներսումս, ես գիտեի, որ մի օր հեռանալու եմ։ Բայց սկզբում երեխաներն էին փոքր, ու ես գնալու տեղ չունեի։ Ժամանակներն էին ուրիշ։ Մարդիկ բամբասանքից վախենում էին, ազգականները խորհուրդ էին տալիս սպասել, մեկ էլ տեսար ամուսնուս բնավորությունը փոխվի։

Երբ երեխաները մեծացան, ուզում էի լավ կրթություն ստանան։ Աղջիկս համալսարանը արվեստագետի կարմիր դիպլոմով ավարտեց, հետո գործերը տվեց հեռակա երկրորդ կրթության՝ իրավաբանության համար։ Բայց ստիպված եղավ թողնել ուսումը, որովհետև հայրը սկզբում ասաց, որ կվճարի, հետո հրաժարվեց։ Տան մթնոլորտն էլ առանձնապես չէր նպաստում սովորելուն ու քննություններին։

Մի խոսքով, ուզում էի երեխաներս մարդ դառնան, հետո ես իմ մասին մտածեմ։

Ասացի, որ գիտեմ Բռնության ենթարկված կանանց աջակցման կենտրոնի մասին ու ուզում եմ գնալ այնտեղ։

Ոստիկանը հորդորեց լավ մտածել․ հաստա՞տ ուզում եմ։ Չէ՞ որ դա փակ հաստատություն է, այնտեղ միայն ինձ նման կանայք են ու աշխատակցուհիները, ո՛չ դուրս գալ, ո՛չ զանգել չի կարելի առանց թույլտվության։ «Հաստա՞տ չես փոշմանի», — լուրջ դեմքով հարցրեց նա ինձ, մեկին, որ իր սեփական տան մեջ քսանվեց տարի բանտարկված է ապրել։

Բաժնում Ռաֆո անունով ոստիկան կար։ Նրան ասացի, որ հիշողությունս շատ վատն է, բայց իր անունը կհիշեմ, որովհետև Րաֆֆին իմ սիրած գրողն է։

Ռաֆոն զանգեց որդուս, զգուշորեն ճշտեց որտեղ է և ում հետ։ Նա ասաց, որ քրոջ հետ է, ես ինքս էլ հեռախոսի միջից լսեցի աղջկաս հեկեկոցը։ Երևի ամուսինս մի մեքենայով նրանց էր ուղարկել ինձ փնտրելու, իսկ մյուսով ինքն էր գնացել։ Ռաֆոն ասաց, թե որտեղ եմ, ու նրանք եկան բաժին։

Азатуи
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Երեխաներին հայտնեցի, որ տուն չեմ գնալու։ Բայց շատ էի անհանգստանում, որ ամուսինս նրանցից մուռ կհանի, հատկապես աղջկանիցս։ Ռաֆոն աղջկաս հետ փոխանակվեց համարներով, ինձ էլ ասաց, որ իրեն եղբայր համարեմ, աղջկաս համար էլ՝ քեռի։ Ասաց, որ պարբերաբար կզանգի նրան՝ իմանալու, թե ինչպես է։ Նա էլ կարող է ցանկացած ժամանակ զանգել, եթե պետք լինի։

Հետո Ռաֆոն ապաստարան զանգեց, ու իմ հետևից եկան։

Գլուխ IX. Ապահով տունը

Այդպես սկսեցի ապրել Ապահով տանը։ Այդպես էին անվանում ապաստարանը։ Գեղեցիկ կահույքով լուսավոր շենք էր՝ տանիքին արևային պանելներ։

Այնտեղ ինձ ջերմորեն ընդունեցին ինձ նման ամուսիններից փախած կանայք և տան աշխատակցուհիները։ Աչքերի կաթիլներ ու գլխացավի դեմ դեղ առան։ Օտար մարդկանց նմանատիպ վերաբերմուքն սկզբում ինձ զարմացրեց, հետո հուզեց։

Այստեղ առավոտյան վաղ արթնանում էինք, բոլորով մաքրություն էինք անում ու նախաճաշ պատրաստում։ Շատ անսովոր էր, որ այն աշխատանքը, որ միշտ միայնակ եմ արել, հիմա անում էինք մի քանի հոգով։ Ես անընդհատ ուզում էի ամեն ինչ ինքս անել, բայց աշխատակցուհիները կանգնեցնում էին ինձ։

Տանը գրադարան կար։ «Դորիան Գրեյի դիմանկարը»-ը կարդացի։ Բոլորը համոզում էին չկարդալ, ասում էին, որ ծանր գիրք է, որ ինձ համար դեռ շուտ է, բայց ես ինը գիշերում կարդացի։ Շատ հավանեցի։ Կարդալուց հետո մի տեսակ ուժեղացա։

Իմ կյանքի հետ էի համեմատում։ Գրեյն իր հոգին սատանային վաճառեց, իսկ ես իմը երբեք չեմ վաճառի։ 

Կենտրոնում տարբեր դասընթացներ էին կազմակերպվում, օրինակ՝ կարուձևի, բայց ամեն ինչ ժամանակավորապես փակ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Իսկ ես անգործ նստելուն սովոր չեմ։ Տանը մաշված խաղալիքներ կային, որ պատրաստվում էին թափել։ Դրանք կարկատեցի, թևեր, ոտքեր ամրացրի, նայած որի մոտ ինչն էր պոկվել։ Աղջիկների համար պայուսակներ ու բռնիչներ կարեցի։

Շաբաթական մեկ անգամ օնլայն հանդիպում էի հոգեբանի հետ: Նա ուրախանում էր իմ հաջողություններով, ասում էր, որ ուժեղ եմ, որ ինքնուրույն գլուխ եմ հանում, ուրիշների մոտ տարիներ է տևում նման տրավմաներից ազատվելը։ Ես ինքս էլ փոփոխություններն զգում էի։ Ինձ մոտ ինքս իմ հանդեպ հարգանք էր ձևավորվել, հասկանում էի՝ ով եմ ես ու ինչ եմ ուզում։

Азатуи
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Շատ էի կարոտում ու անհանգստանում երեխաներիս համար։ Շաբաթվա մեջ երկու անգամ կարող էի զանգեր կատարել։ Մի անգամն աղջկաս էի զանգում։ Ասում էր, որ հայրը տունը լրիվ բանտ է դարձրել, իրենց հեռախոսներն է վերահսկում։ Ոստիկան Ռաֆոն էլ իր խոսքը պահել է, հաջողացնում է այնպես զանգել, որ հայրը գլխի չընկնի։

Մյուս զանգն օգտագործում էի մորաքրոջս հետ խոսելու համար։ Հայաստանում միակ ազգականս էր, որն ինձ համար շատ է անհանգստանում։ Մի անգամ էլ Ռուսաստան զանգեցի՝ մորս ու եղբայրներիս։ Բայց նրանք խորհուրդ տվեցին վերադառնալ տուն ու իմ քրտինքով վաստակածը չթողնել ամուսնուս: Ես մերժեցի, որքան էլ ինձ դժվար էր առանց երեխաներիս։ Գիշերը նայում էի երկնքին ու քամու հետ խոսում։ Խնդրում էի համբուրել երեխաներիս քնից առաջ, ինչպես ես էի անում։

Ապահով տանն իր մոր հետ ապրում էր հինգ տարեկան մի անուշիկ աղջնակ: Նրա հետ շատ կապվել էի ու «իմ պանդա» էի անվանում։ Նա մի փոքրիկ փերի նվիրեց ինձ ու ասաց․

«Պատկերացրու, որ քո աղջիկն է քեզ նայում ու էլ մի կարոտիր իրան։ Իսկ ավելի լավ կլինի, եթե նա փերի դառնա ու թռչի, գա քեզ մոտ»։

Հենց այստեղ սկսեցի գրել գիրքս իմ ծանր կյանքի մասին։ Շատ եմ ուզում, որ հրատարակվի։ Որպեսզի ուրիշ կանայք կարդան ու հասկանան, որ կինը չպետք է դիմանա, որ ամուսնությունն այն չէ, ինչ ինձ մոտ էր, այլ փոխադարձ հարգանք ու սեր է։ Որ իմանան Ապահով տան մասին, որտեղ իրենց կօգնեն, կհասկանան, որ իրենք մենակ չեն։

Գլուխ X. Վաղեմության ժամկետ

Ապահով տանը գտնվելուս երկրորդ շաբաթն էր, երբ ինձ տարան կենտրոնի գրասենյակ։ Այնտեղ ոստիկաններ կային, որոնք պիտի ցուցմունք վերցնեին ինձանից։

Քսանվեց տարին մանրամասնորեն հիշելը հեշտ բան չէր։ Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ իմ գործով երեք քննիչ է փոխվելու, և ամեն մեկին պիտի ամբողջ պատմությունը նորից պատմեմ։

Այն, ինչ ամուսինս արել էր երեխայիս հետ, պատմելն ամենացավոտն էր։ Աղջկանիցս ու տղայիցս հետո հետո ես մի անգամ էլ հղիացա։ Անմիջապես զգուշացրեց՝ եթե տղա է, կպահենք, եթե աղջիկ՝ կհանես։ Առաջին երկու հղիությունների ընթացքում նա ինձ չէր թողնում գինեկոլոգի մոտ գնալ, բայց այս անգամ բողոք եկավ, որ չեմ այցելում կանանց խորհրդատվություն, և նա ստիպված եղավ ինձ պարբերական զննումների տանել։

Ինձ մի քանի անգամ արեցին ուլտրաձայնային հետազոտություն, ու ամեն անգամ ասել էին՝ տղա է։ Բայց վեցերորդ ամսում հիվանդանոցում ասացին, որ սխալվել են, աղջիկ է։ Նա կատաղեց և մեծ աղմուկ բարձրացրեց՝ պնդելով, որ իրեն խաբել եմ։ Չնայած ամեն անգամ հետազոտմանն ինքն էլ էր ներկա։

Ամուսինս հրամայեց, որ ազատվեմ երեխայից ու ստորագրեմ թուղթ, որ սեփական կամքով հրաժարվում եմ նրանից: Ասեցի, որ չեմ անի: Այդ ժամանակ ամուսինս սպառնաց, որ ինձ կզրկի նաև առաջին երկուսից։ Գիտեի, որ կարող է։ Իսկ ես օրերով չորս պատի մեջ մենակ, ոչ մեկին դիմել չէի կարող։ Ու ենթարկվեցի:

Розы, похожие на огонь
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Տարիներ անց երեխաների վաճառքի համար քրեական գործ հարուցեցին երեխայիս հանած բժշկի դեմ։ Երևի ամուսինս նրան կաշառել էր այն ժամանակ։ Շատ փող ուներ, բոլորին էր կաշառում։

Երբ նարկոզից արթնացա, ինչ-որ թղթեր տվեցին ստորագրելու։ Իսկ ես դե, ալերգիկ եմ, նարկոզից շատ դժվար եմ դուրս գալիս։ Ընդհանրապես չհասկացա՝ ինչ եմ ստորագրում և ինչու։ Սկզբում ասացին, որ երեխաս հիվանդ էր, հետո՝ որ մեռած, բայց ես չհավատացի իրենց։

Հա մտածում էի. գուցե իմ աղջկան այն ժամանակ փրկել ու վաճառե՞լ էին։ Ու հիմա ինչ-որ տեղ ապրում է իմ տասներկու տարեկան աղջիկը։ Այդ տարի հարևանուհիս էլ աղջիկ ունեցավ։ Տասներկու տարի շարունակ երկրորդ ջերմոց գնալու համար դուռը բացելիս ես տեսնում էի այդ աղջնակին։ Երբ արդեն խոսել գիտեր, աշխույժ կանչում էր․ «Բա՜րև, Ազատուհի տոտա՛»։ Իսկ ես ասում էի․ «Բա՜րև, ի՛մ աղջիկ»։ Ես պատկերացնում էի, թե դա իմ աղջիկն է. նույն դասարան պիտի գնային:

Դիմումը գրեցի, ասացի, որ ուզում եմ բաժանվել ու որ այդ մարդը՝ իմ ամուսինը, պատասխան տա ամեն ինչի համար՝ և՛ ինձ հետ արածի, և՛ երեխայիս։

Քննիչը թուղթը վերցրեց, աչքի անցկացրեց ու ասաց․ «Այսքան իզուր ես գրել, հանցանքի վաղեմության ժամկետը տասը տարի է, քեզ մոտ տասներկուսն է անցել, ոչինչ անել չի լինի»։

Գլուխ XI. Անսպասելի հարված

Անցավ մեկ ամիս։ Մի գիշեր քնել չէի կարողանում, լուսադեմին հազիվ քնեցի ու հորս տեսա։ Նա իմ սիրած «Սկյուռիկ» շոկոլադն էր բերել ու պնդում էր, որ անպայման ամբողջն ուտեմ։

Առավոտն անհանգիստ էի։ Սովորաբար հայրս վատ բաների մասին էր ինձ զգուշացնում։ Իսկ ցերեկն ինձ ներքև կանչեցին ու… տեսա աղջկաս։

Նա ասաց, որ տանն արդեն անտանելի էր, և որ պատահաբար գտել էր մեր աջակցման կենտրոնի համարը, որը ես այն ժամանակ հեռուստացույցով տեսնելիս գրել էի ձեռքիս տակ ընկած իր տետրի վրա։ Նա գունատ էր ու շատ նիհարած, բայց ես ուրախ էի կրկին տեսնել աղջկաս, ու որ նա ինձ հետ է ապրելու։

Հետո որդուս կողմից անսպասելի հարված ստացա։ Նա փոխեց ցուցմունքը, սկսեց հերքել, որ հայրը ծեծել է ինձ և վատ վերաբերվել։ Իսկ ինձ ասաց, որ եթե դիմումս հետ վերցնեմ, ապա ինքն ինձ համար հիպոթեքով տուն կառնի, հենց բանակից գա, և ամեն ինչ լավ կլինի։ Իսկ եթե հրաժարվեմ, ինձ հետ էլ չի խոսի։

Փորձեցի բացատրել, թե ինչու իր հոր տուն չեմ կարող վերադառնալ։ Բայց նրան, կարծես, փոխած լինեին։ Ամուսնուս խորամանկ բնավորությունը լավ գիտեմ, հաստատ ինչ-որ կերպ ճնշել էր։

Տղայիս համար շատ էի անհանգստանում, շարունակ մտածում էի՝ տեսնես ինչպես է այնտեղ, առանց մեզ, ով է հագուստը լվանում, որ զորամաս կընկնի։ Շատ դառնացած էի, բայց նաև գիտեի, որ պիտի ուժեղ լինեմ ու գնամ մինչև վերջ։ Հոգեբանի հետ հանդիպումների ընթացքում ավելի ու ավելի վստահ էի դառնում։ Իմ «Ես»-ը տարիներով փակված է եղել մութ բորբոսնած սենյակում։ Իսկ հիմա ազատություն է ստացել։ Ես սովորել եմ ճանաչել իմ անձնական սահմանները, որոնցից ներս թողնել կամ չթողնել միայն ես կարող եմ։ Առաջինն իմ մասին մտածել պիտի սովորեմ, հետո երեխաների ու մնացածի։

Ամուսնուս հետ առերեսում կազմակերպեցին։ Ես հանգիստ ու վստահ էի խոսում, բացարձակ չէի վախենում և հարյուրերորդ անգամ պատմում էի, թե ինչպես է նա իմ հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրել, որ ես նրա ստրուկն եմ եղել։ Ամեն բառիս վրա գոռում էր, որ սուտ եմ ասում ու Աստված ինձ կպատժի։

Азатуи
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Որդիս էլ էր եկել։ Մոտեցա գրկելու, նա հետ քաշվեց, ասաց՝ ինձ մի՛ կպիր։ Հետո նրա հետ էլ առերեսում եղավ։ Քննիչը հարցրեց, թե ինչպիսին էին մեր հարաբերությունները, ես ասացի՝ շատ լավ, նա ասաց՝ նորմալ։

Չճանաչեցի նրան, անտարբեր էր, օտար ու սառը։ Պաշտպանում էր հորը, իսկ ինձ մեղադրում։ Կշտամբեց, որ տունը թողել, գնացել եմ։ Ասաց, որ հայրը երբեք ինձ վրա ձեռք չի բարձրացրել, չնայած հենց ինքն է քանի անգամ պաշտպանել ինձ։

Գլուխ XII. Վարդերը Շոպեն են սիրում

Ըստ պայմանագրի՝ Ապահով տանը պիտի երկու ամիս մնայի, բայց մնացի վեց ամիս։ Սեպտեմբերի երեքին աղջկաս հետ վարձով բնակարան տեղափոխվեցինք։ Սկզբի համար Աջակցման կենտրոնը մի քիչ գումար ու սնունդ տվեց։

Տեղափոխվելուց հետո մի քանի օր բնակարանում մաքրություն էինք անում։ Տանտիրուհին իմ տարիքի հաճելի կին էր, շունիկ ուներ, միասին մեզ հյուր էին գալիս։ Մի քանի օրից նրա շնորհիվ ժամանակավոր աշխատանք գտանք, դեռ չբացված գեղեցկության սրահում վերանորոգումից հետո պիտի մաքրեինք։

Տուն էինք գալիս փոշոտ ու հոգնած, բայց գումար վաստակած։ Մեր տան համար կանաչ ժամացույց գնեցինք, ինձ համար՝ հասարակ հեռախոս, աշխատանքի համար՝ մաքրող միջոցներ ու մի քիչ էլ սնունդ։

Երբ սրահը բացվեց, դուստրս շարունակեց ամեն օր այնտեղ գնալ․ իմ խելացի, կարմիր դիպլոմով ավարտած աղջիկը մաքրություն էր անում, ներկերն էր խառնում, իսկ երեկոյան կենտրոնից նվեր ստացած համակարգչով աշխատանք էր փնտրում։

Նրա քսանհինգամյակի նախօրեին սրահում շատ գործ կար, ինձ էլ կանչեցին։ 6000 դրամ աշխատեցինք. երկու շաուրմա, հյութ և փոքր տորթ գնեցինք ու մեր բնակարանում նշեցինք։ Ես երազանք պահեցի, որ մյուս տարի որդիս էլ մեզ հետ լինի։

Աղջկաս հետ ազատ օրերին պտտվում էինք գեղեցկութան սրահներով, խանութներով ու հրուշակարաններով՝ փորձելով ինձ համար աշխատանք գտնել։ Որդիս բանակ գնաց, գիտեի, որ Ղարաբաղում է, շատ էի ուզում աշխատանք գտնել, գումար հավաքել ու նրան տեսնելու գնալ։

Աշխատում էինք ամեն ինչի վրա խնայել, բայց լրիվ սոված օրեր էլ էինք ունենում։

Երբեմն տանտիրուհին նրբանկատորեն մեզ ճաշի էր հրավիրում կամ մթերք էր բերում։ Երբ բոլորովին անելանելի վիճակ էր լինում, ամոթս հաղթահարում էի ու դիմում կենտրոն՝ օգնություն խնդրելու։

Իմ սոցաշխատողն ասում էր, որ շրջաններում ավելի հեշտ կլինի աշխատանք գտնել, քան Երևանում։ Շրջանում կարող եմ անել այն, ինչն ինձ մոտ ամենից լավ է ստացվում՝ ծաղիկներ աճեցնել։

Ճիշտ է։ Ցանկացած մոլախոտ տուր, ես այն ծաղիկ կդարձնեմ։ Տարին մեկ անգամ ծաղկող ծաղիկներ կան, որոնք ինձ մոտ երկու-երեք անգամ էին ծաղկում։ Ծաղիկները նման են փոքր երեխաների։ Դրանց հետ պիտի շփվես։ Ես իմ վարդերի հետ խոսում էի։ Երեխաները ծիծաղում էին, ասում էին՝ դրանք քեզ չեն հասկանում, բայց ամեն ինչ էլ հասկանում են։

Горшок с ростками
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Լինում էր, ինչ-որ մարդիկ էին գալիս ծաղիկներ վերցնելու, մեկ էլ տեսնեմ՝ վարդերն աչքիս առաջ թառամեցին, ոնց որ մի քանի օր ջրած չլինեի։ Ուրեմն էներգիան լավը չի, չար սիրտ ունի այդ մարդը։ Նրանց գնալուց հետո հետ էի գալիս, սփոփում էի, շոյում, ասում, որ այդ մարդիկ գնացել են, մենք մենակ ենք, ամեն ինչ լավ է։ Կախված գլխիկներն ուղղվում էին մի քանի ժամ հետո։ Երբ ռադիոյով դասական երաժշտություն էր լինում, հետս տանում էի ջերմոց։ Վարդերը շատ լավ աճում էին հատկապես Շոպենի ներքո:

Բայց հիմա ծաղիկների հետ չեմ կարող աշխատել, ինձ կռանալ չի կարելի։

Մի անգամ հրուշակարան ընդունվեցի՝ փորձաշրջանով։ Պիտի էկլերները գլազուրով ծածկեի ու չոկոպայ թխեի։ Երկու հիանալի կին էր աշխատում այնտեղ․ նրանք էին ինձ սովորեցնում։ Ինչքան էլ փորձում էի, չոկոպայն ինձ մոտ շատ մեծ էր ստացվում։

Երրորդ օրը հրուշակարանի տնօրենը եկավ՝ ձեռքում չոկապայներով սինին։ Շպրտեց սեղանին ու բղավեց․

— Էս ո՞վ ա չոկոպայը իրա գլխի չափ սարքում։ Որոշե՞լ եք ինձ սնանկացնել։

Ու գնաց։ Աշխատողներն ուզում էին հանգստացնել ինձ՝ թե ոչնիչ, ինքն այդպիսին չի, երևի տրամադրություն չունի, կանցնի։ Բայց ես արդեն որոշել էի, որ ինչքան էլ ինձ պետք լինի այդ աշխատանքը, այլևս ոչ մի տղամարդ ինձ վրա ձայն չի բարձրացնելու ու չի վիրավորելու: Ես դուրս եկա այդ աշխատանքից ու շարունակեցի փնտրտուքս սրահներում ու խանութներում։

Գլուխ XIII. Կյանք

Սեպտեմբերի քսանյոթին իմացա, որ պատերազմ է սկսել։ Երեկոյան աղջիկս աշխատանքից տուն եկավ ու սկսեցինք տեղեկություններ փնտրել որդուս մասին: Մի քանի օրից իմացանք, որ տարել են առաջնագիծ, չնայած որ ընդամենը երկու ամսվա ծառայող էր ու ծնկների ջլերի խնդիր ուներ։

Ես փորձում էի տնային գործերի ու նոր՝ սուպերմարկետում հավաքարարի աշխատանքիս վրա կենտրոնանալ, բայց շատ էի վախենում։ Ամեն անգամ զինվորի մահվան մասին լսելիս մտածում էի, որ կարող էր իմ տղան լինել։ Եկեղեցի էի գնում նրանց բոլորի համար աղոթելու՝ և՛ իմ որդու, և՛ մյուս տղաների։

Շատ եմ փորձել նրան զանգել, միշտ վաշտի հրամանատարն էր վերցնում ու ինչ-որ պատճառ բերում, թե ինչու որդիս չի կարող հեռախոսին մոտենալ։ Արդեն մտածում էի, թե կորել կամ զոհվել է, ու ինձանից թաքցնում են։ Երբ հրամանատարինն մեր ընտանեկան իրավիճակի մասին պատմեցի, ասաց, որ անպայման կկազմակերպի, որ տղաս ինձ հետ խոսի։

Եվ մի անգամ նա իսկապես մոտեցավ հեռախոսին։ Ասաց, որ «պլացում» են, երբ հետ գնա զորամաս, կզանգի։ Չզանգեց, բայց որոշ ժամանակ անց սկսեց քրոջ հետ շփվել։ Աղջիկս ասաց․ «Նա նեղացած է, որ տանից հեռացել ես»։

Աղջկաս հեռախոսով նրան ձայնային նամակ ուղարկեցի, որ էլ չեմ անհանգստացնի իրեն, որ շատ ուրախ եմ, որ հեռացել եմ իր հորից, ինքնուրույն եմ դարձել, թեկուզ հավաքարար եմ աշխատում, բայց ինքս եմ ինձ պահում ու ոչ մեկի քմահաճույքներից կախված չեմ։ Իսկ ինքը թող վարվի այնպես, ինչպես ուզում է։

Վախից ու անհանգստությունից մեռնում էի, բայց խոսքս պահեցի։ Մի քանի օրից գրեց քրոջը․ «Մամային ասա, որ պատերազմը վերջանա, արձակուրդ ստանամ, կգամ ձեզ տեսնելու»։

Երբ պատերազմն ավարտվեց, որդիս արձակուրդ եկավ։ Իրեն տարօրիանակ էր պահում։ Ակնարկեց, որ հորից վտանգ սպասեմ, գլուխը բռնել ու շշնջում էր․«Ուզում եմ քեզ օգնել, բայց ո՞նց»։ Հետո նորից սկսեց համոզել, որ տուն գնամ, դիմումը հետ վերցնեմ, թե չէ կապերը կխզի ինձ հետ։ Ես էլ ասացի, որ արդեն ամեն ինչ որոշված է։ Հավատում եմ, որ մի օր տղաս կհասունանա ու կհասկանա։ Իսկ մինչ այդ ես նրան չեմ ճնշի։

Երբեմն հարևանուհիս է զանգում ու պատմում, որ դրսից միշտ պայծառ ու ուրախ երևացող մեր տունը հիմա մթության ու լռության մեջ է։ Նույիսկ երեկոյան ամուսինս լույսը չի վառում ու դատարկության մեջ երբեմն լսվում է նրա ճիչը։

Двор с розами
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Մի քանի օր ես դուրս էի գալիս աշխատանքից, ու փողոցի հակառակ կողմում տեսնում էի նրա մեքենանԵս դուրս էի գալիս ու տուն գնում՝ առանց նրա վրա ուշադրություն դարձնելու։ Նկատեցի, որ բացարձակ չեմ վախենում։ Թող փորձի մոտենալ։

Մի կաթիլ էլ չեմ խղճում։ Ուզում եմ, որ պատիժ կրի։

Երբ քունս չի տանում, շնիկիս՝ Չալոյին, եմ հիշում։ Մեզ մոտ հայտնվել էր շատ փոքր ժամանակ, դեռ աչքերը փակ, կովի կաթով եմ մեծացրել։ Հետևիցս կպած ման էր գալիս, ջերմոցում աշխատելիս խելոք պառկում էր մարգերի միջև ու սպասում։ Հետո ամուսինս նրան կապեց հաստ շղթայով ու արգելեց բաց թողնել։

Չալոն իմ փախչելուց հետո, այդ ժամանակ չորս-հինգ ամսական էր, գրեթե դադարել էր ուտել ու կծան շուն էր դարձել։ Մի օր առավոտյան երեխաները նրան մահացած գտան․ նրա տնակը բետոնե բարձրության վրա էր, այնտեղից Չալոն ընկել էր ու իր շղթայից կախված խեղդվել։

Հարևանուհին պատմեց, որ վարդերս էլ չկան։ Չի զբաղվել, ինչ հասցրել է, վաճառել է, մնացածը ցրտից փչացել են։ Թութակներս էլ են գնացել սրտի կաթվածից։ Ամուսինս պիտի պատասխան տա այս ամենի համար։

Եթե օրենքի առաջ չէ, ապա Աստծո առաջ։ Ոստիկանությունում իմ գործը փակվեց վկաների ու հանցանշանների բացակայության պատճառով: Ջերմոցում կարճ ժամանակ աշխատած կնոջն ու հարևանուհուս են հարցաքննել որպես վկա։ Երկուսն էլ նրա գոռգոռոցն ու սպառնալիքները լսել են, իմ կապտուկներն ու ուռած աչքերը տեսել են, բայց գրել են, թե ոչինչ չեն տեսել։ Մեկի դեպքում կասկածում եմ, որ ամուսինս դեռ այն ժամանակ փորձել է սիրահետել, իսկ մյուսին պարտքով գումար է տվել։

Ամուսնալուծության գործը դեռ գնում է։ Իսկ քրեական գործով բողոքարկելու տարբերակ եթե լինի, անպայման կանեմ։

Азатуи
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Աղջիկս գանձապահ է աշխատում խանութում, փոխել է անունն ու պատրաստվում է վերադառնալ ուսմանը: Ես էլ կրթություն կստանայի, եթե հնարավորություն լիներ։ Ռուսաց լեզվի և գրականության մասնագետ կդառնայի, միշտ երազել եմ։ Բայց տարիքս ու գումար չունենալն այնքան չեն խանգարում, որքան հիշողությունս, որ ոչինչ չի պահում։

Ազգականներս ինձ Ռուսաստան են կանչում, բայց չեմ ուզում։ Տղաս է դեռ բանակում, հորս գերեզմանն է այստեղ։ Նրա ծննդյան օրը գնացի գյուղ, գերեզմանը մաքրեցի, խունկ ծխեցի։

Շատ եմ կարոտում հորս։ Մինչև հիմա նա ինձ համար տղամարդու էտալոն է։ 63 տարեկան էր, երբ մահացավ։ Մինչև մահանալն ամեն առավոտ սուրճ էր եփում մորս ու տատիկիս համար, երբ տատս դեռ կենդանի էր, ու նոր գնում էր աշխատանքի։ Ամսական երկու անգամ մորս տանում էր վարսավիրանոց, ասում էր՝ մազերդ թարմացնելու ժամանակն է։ Նրա հետ մայրս իրեն միշտ երիտասարդ էր զգում։

Ես միայնակ եմ ու ինձ լավ եմ զգում այսպես։ Բայց եթե ուզենամ զուգընկեր ունենալ, կունենամ, ես ազատ մարդ եմ։ Ես երբեք տղամարդու չեմ սիրել։ Հետաքրքիր է՝ այդ սեր կոչվածն ընդհանրապես կա՞, թե՞ միայն ծնողներիս մոտ էր, մեկ էլ գրքերում ու սերիալներում։ Կուզեի ինքս էլ զգալ այդ սերը։

***

Վերջում մի բան էլ պատմեմ: Ես հավաքեցի համարձակությունս ու մորաքրոջս ետ գնացի այն հիվանդանոց, որտեղ ծննդաբերել էի այն երեխայիս, ումից ինձ ստիպեցին հրաժարվել: Աշխատակիցները փորփրեցին պահոցներն ու ասացին, որ իմ ծննդաբերության օրն իրենց մոտ չկա գրանցված մահ և որ ես իրականում ունեցել եմ տղա, այլ ոչ աղջիկ: Նրանք հրաժարվեցին ավել տեղեկություն տալ, միայն փախցնում էին աչքերն ու ասում, որ էլ ոչինչ չգիտեն:

Բայց հիմա ես հաստատ գիտեմ՝ իմ երեխան ողջ է. Միգուցե, նրան որդեգրել են, ու ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որ տղայիս գտնեմ:

Հոդվածը գրվել է Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ։

Ընտանեկան բռնությունն առաջին հերթին, մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Այդ առումով, Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհուրդի կոնվենցիայի նպատակն է բռնության կանխարգելումը, բռնության ենթարկված անձի պաշտպանությունը և բռնությունն իրագործածների պատիժը։ Այն երաշխավորում է բազմապրոֆեսիոնալ արձագանք, աջակցման մեխանիզմներ։ Մանրամասն այստեղ։

Կոնվենցիայի չորս հենասյուները այստեղ։

***

Այդ առումով ՀՀ ընտանեկան բռնության և գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի մասին օրենսդրությունը դեռևս բարելավման կարիք ունի՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար։

Տարբեր երկրներում ընտանեկան բռնության դեպքերի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների վերաբերյալ մանրամասները այստեղ և այստեղ։

***

Չնայած լրատվամիջոցները մեծ դեր են խաղում մարդու իրավունքների խթանման և բռնության դեպքերի հաղորդման և միջազգային ստանդարտների և իրավական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու գործում, լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից բռնության զոհերի մասին խտրական տեղեկատվություն տրամադրելը, հոդվածներում զոհերին մեղադրելը և շատ հաճախ անձնական տվյալների, այդ թվում` երեխաների տվյալների բացահայտումը, ավելի շատ են վնասում զոհերին և ապատեղեկատվություն են տրամադրում Հայաստանում բռնության արմատների և պատճառների մասին:

Այդ նպատակով Եվրոպայի խորհուրդը մշակել է գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների համար հատուկ ուղեցույղ։ Ուղեցույցը հնարավորություն է տալիս բռնության թեմաները լուսաբանել մասնագիտական և ոչ սենսացիոն ձևով։ Մանրամասն այստեղ։

Դարձեք Պատրոն​

Մենք կերտում ենք ազատ, անկողմնակալ և ոչ անտարբեր մարդկանց համամիություն։ Եթե ցանկանում եք աջակցել մեր աշխատանքին, որն ուղղված է խորը սոցիալական խնդիրները վեր հանելուն՝ սովորական մարդկանց անձնական պատմութունների միջոցով, ապա դա անելու լավագույն միջոցը մեր Պատրոնը դառնալն է։

Տեքստն ավարտվում է, պատմությունը շարունակվում է։

Մեր առաքելությունն է նպաստել փոփոխություններին հասարակության մեջ՝ կոտրելով տաբուները և ազատ քննարկելով այնպիսի կարևոր թեմաներն, ինչպիսիք են բռնությունը, աղքատությունը, խտրականությունը, ծնողական և բժշկական էթիկան և այլն։

Այստեղ պատմված պատմությունները միշտ կլինեն ազնիվ և անկողմնակալ՝ այդ թվում նաև շնորհիվ մեր Պատրոնների։ Դուք նույնպես կարող եք միանալ՝ սեղմելով կոճակն ու ընտրելով աջակցության չափը։ Շնորհակալ ենք!