Արի՛ քեզ ծեծեմ

Տեքստ՝ Հասմիկ Հովհաննիսյան
Խմբագիր` Ֆյոդոր Կորնիենկո
Թարգմանություն` Արփի Խալաթյան
Տեքստ՝ Հասմիկ Հովհաննիսյան
Խմբագիր` Ֆյոդոր Կորնիենկո
Թարգմանություն` Արփի Խալաթյան
Սիրարփին հեռացել է յոթ տարի տևած ամուսնության ընթացքում իրեն մշտապես ծեծող ամուսնուց, այժմ էլ դատարանում պայքարում է իր ծնողական իրավունքների համար։ Իր դեմ են նախկին ամուսինը, իրավապահ համակարգը և երեխաների հիմնահարցերով զբաղվող խնամակալության և հոգաբարձության մարմինները:

Գլուխ I․ Սկզբում վիճում էին

Ծանոթացել են պատահաբար, համացանցի միջոցով։ Տղան ասում էր, որ սիրահարվել է իր բարությանը, իսկ Սիրարփին․․․ չէ, չէր սիրահարվել, ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո։ Նա տարբերվում էր իր շրջապատի տղամարդկանցից. ինչպես իրեն էր թվում՝ ազատությամբ ու համարձակությամբ:

Մի օր նա պատմեց, որ երբ Սիրիայից նոր էր եկել Հայաստան՝ սովորելու, չգիտեր, որ ամանորյա տոներին խանութները փակվում են, և չորս օր անց էր կացրել միայն չոր հացով, որն ինքն էր թխել ինչ-որ տեղից հայթայթած ալյուրով։ Այդ օրը Սիրարփին խղճահարության ու մայրական քնքշանքի միջև ինչ-որ բան զգաց նրա հանդեպ։

Հետո նրանք հանդիպեցին։ Շուտով սկսեցին միասին ապրել։ Սիրարփիի ազգականները չէին խրախուսում քաղաքացիական ամուսնությունը (մեկ տարի անց միայն գրանցվեցին), սակայն չէին խոչընդոտում։

— Հասկանում էի, որ նրան չեմ սիրում։ Բայց արդեն 30-ն անց էի ու անընդհատ ճնշում էի զգում ազգականների, հարևանների, ծանոթների կողմից։ Այնքան էի զզվել անվերջ կրկնվող «արդեն 30 տարեկան ես, բիոլոգիական ժամացույցդ տկտկում է» արտահայտությունից, որ պարզապես ուզում էի՝ բոլորը լռեն։ Ինքը համակրելի էր, բացի այդ, կպել էր, պոկ չէր գալիս։

Նա ծրագրավորող էր մի ոչ մեծ ընկերությունում։ Սիրարփին հաշվապահ էր: Երկուսն էլ քիչ էին վաստակում։ Վարձով էին ապրում փոքր երկուսենյականոց բնակարանում։

Հետո նա թողեց այդ աշխատանքը և իր գործը դրեց՝ Ֆեյսբուքի համար հավելվածներ էր ստեղծում։ Սիրարփին էլ օգնում էր, լուսանկարներ էր գտնում, գովազդն էր առաջ տանում։ Ամուսիններն սկսեցին ավելի շատ գումար վաստակել։

Սիրարփին պատմում է, որ լինելով զիջող ու փափուկ՝ հիանում էր ամուսնու՝ ռիսկի դիմելու ու առաջ գնալու ունակությամբ։ Թվում էր, թե 18 տարեկանում կորցրած հոր բնավորության գծերն է տեսնում նրա մեջ, իսկ հայրն իդեալական տղամարդու կերպար էր իր համար։

Կես տարի անց սկսվեցին առաջին վեճերը։ Որպես առիթ կարող էր ծառայել ցանկացած կենցաղային մանրուք։ Օրինակ՝ ամուսինը չէր գտնում իր հեռախոսի լիցքավորիչն ու երկար կռիվ էր սարքում։ Սիրարփիին վախեցնում էին նրա բղավոցներն ու հայհոյանքների առատությունը: Իր ծնողական տանը, որտեղ ապրում էին երեք տարբեր սերնդի ներկայացուցիչներ, նույնիսկ ձայն չէին բարձրացնում, և յուրաքանչյուր իրավիճակում փորձում էին փոխզիջումային տարբերակներ գտնել։

Սկզբում նա պատասխանում էր, հետո սովորեց լռել, բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը չէին օգնում։ Ամեն մի կռիվը մի քանի ժամ էր տևում, և ամուսնուն հանգստացնելու որևէ ձև Սիրարփին չէր գտնում։

Հետո սկսվեց ծեծը։ Մի անգամ մի քանի ժամ անընդմեջ աշխատելուց հետո Սիրարփին նստել էր ու քիչ էր մնում հոգնածությունից լաց լինի։ Ամուսինն ստիպում էր շարունակել։ Կնոջ «էլ չեմ կարող»-ին ի պատասխան հանեց հողաթափն ու սկսեց ուժեղ հարվածել նրա սրունքներին։ Սիրարփին լաց եղավ ցավից ու վիրավորանքից, իսկ ամուսինն ասաց․ «Ինձ էլ էր փոքր ժամանակ մամաս խփում հողաթափով, հետո ի՞նչ: Մեկ ա, սիրում եմ իրան»։

Ամառվա շոգին մի քանի օր Սիրարփին տաբատով էր ման գալիս, որ թաքցնի կապտուկները։ Հետո փորձում էր ամեն ինչ ամուսնու ուզածով անել, բղավոցներին լռությամբ էր արձագանքում, աշխատում էր ավելորդ անգամ չնյարդայնացնել։ Աստիճանաբար սկսեցին գնել նրա հավանած ուտելիքը, գնալ նրա հավանած տեղերը, շփվել նրա հավանած մարդկանց հետ, Սիրարփին սկսեց հագնել նրա ընտրած հագուստը։

— Ստիպում էր շատ բաց հագնվել, շորերս պատռում ու կարճացնում էր։ Մի օր սուպերմարկետ գնալիս ստիպեց լողափի համար գնածս շատ կարճ շորտն ու թոփը հագնեմ։ Ահավոր էր, էնքան էի ամաչում, թվում էր՝ բոլորն ինձ են նայում, ուզում էի անհետանալ։ Բայց եթե չենթարկվեի, կծեծեր։

Ամուսինը որքան ավելի շատ գումար էր վաստակում, այնքան ավելի նյարդային էր դառնում։ Նա բնակարան գնեց, իր ունեցած մեկին ավելացրեց ևս երկու ավտոմեքենա։ Գրասենյակ բացեց, աշխատողներ ընդունեց։ «Նա գիտեր միայն աշխատել և ուտել», — ասում է Սիրարփին։ Շփում, հանգիստ, զբոսանք․․․ նրան չէին հետաքրքրում։ Վաստակած գումարն իրեն էր պահում, չնայած Սիրարփին նրան հավասար աշխատում էր։ Երբ ամուսինը տեղավորվեց գրասենյակում, Սիրարփին որակավորման բարձրացման կուրսեր անցավ և ընդունվեց աշխատանքի՝ որպես հաշվապահ։

Сирарпи в Ереване
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Գլուխ II․ Հետո նա սկսեց հեռանալ ու վերադառնալ

Կռիվներն ու ծեծը շարունակվում էին։ Սիրարփին ամուսնուց քիչ էր վաստակում, և նա կնոջը կշտամբելու պահը բաց չէր թողնում, նաև պահանջում էր ամբողջ աշխատավարձը ծախսել տան վրա։ Եթե Սիրարփին փորձում էր առարկել, ծեծում էր։ Հերթական ծեծից հետո, երբ Սիրարփին ակնարկեց բաժանվելու մասին, ամուսինն իր երկումետրանոց հասակով ընկավ հատակին, սիրտը բռնեց, սկսեց ջղաձգվել ու խեղդվել։

— Հետո հաճախ էր այդպես անում։ Ուշ հասկացա, որ ձևացնում է։ Մինչ այդ վախենում էի, նետվում էի օգնելու։ Լացում էր, ներողություն էր խնդրում, ասում էր, որ էլ չի անի, որ եթե ես իրեն թողնեմ, լրիվ մենակ կմնա։ Ընտանիքը Բեյրութում է։

Սակայն, նույնիսկ խաբեությունը բացահայտելուց հետո, վախը՝ թե՛ ամուսնուց, թե՛ հասարակական կարծիքից, նրան հետ էր պահում բաժանվելուց։ Այն նույն հասարակական կարծիքից, որը չմտածված ամուսնության էր դրդել: Սիրարփին վախենում էր, որ տանեցիք չեն հասկանա, և որ հանրային մեղադրանքը կծանրանա նաև նրանց ուսերին։

Մի անգամ, երբ ամուսնու ծնողները Բեյրութից հյուր եկան, Սիրարփին բողոքեց սկեսրայրին, որ ամուսինն իրեն ծեծում է։ Վերջինս խորհուրդ տվեց ներընտանեկան խնդիրներն իրենց միջև լուծել։

Այժմ, այն ժամանակները հիշելով, Սիրարփին խոստովանում է՝ իրեն չի լքում զգացողությունը, թե ասես ուրիշ մարդու մասին խոսելիս լինի։ Կարծես իրեն հիպնոսացրել էին, զրկել էին կամքից։

Ամուսնու կողմից չծեծվելու և հայհոյանքների չարժանանալու ցանկությունն, ի վերջո, վերածվեց ցանկության, որ գոնե օտար մարդկանց ներկայությամբ չանի։ Կեղտոտ լվացքը տնից դուրս չհանելու համոզմունքի մեջ մեծացած Սիրարփին ավելի շատ տանջվում էր ոչ թե հենց կռիվներից, այլ որ ամուսինը դրանք սարքում էր հանրային վայրերում՝ փողոցում, խանութում, սրճարանում։

Մի օր չդիմացավ, ու հերթական գիշերային կռվից հետո հեռացավ տնից։ Որոշ իրեր վերցրեց ու գնաց ավտոկայան։ Չգիտես ինչու մտածում էր, որ եթե Երևանից մեկնի, ամուսինն իրեն չի գտնի, ու ամեն ինչ լավ կլինի։

— Մտածում էի, թե կոնկրետ ուր գնամ, երբ զանգեց։ Չեմ հասկանում, թե ինչպես համոզեց վերադառնալ։ Աստիճանավանդակի վրա հանդիպեցի նոր ամուսնացած հարևանուհուս, իսկ ես չքնած ու լացած աչքերով էի։ Ասաց. «Ամբողջ գիշեր ձեր ձայների պատճառով չենք քնել։ Այնքան եմ խղճում քեզ, այնքան եմ ուզում օգնել։ Խնդրում եմ, մի կռվեք, էլի»։ Օտար կնոջ խղճահարությունը ասես ուժեղ ապտակ լիներ։

Сирарпи в Ереване
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Որոշ ժամանակ Սիրարփին փորձեց «դեմքը պահել»։ Հետո կրկին չդիմացավ։ Մի օր, երբ ամուսինն աշխատանքի էր, գնաց մոր մոտ (նրանց բնակարանները հարևան շենքերում էին), ու պատմեց ամեն ինչ կռիվների, ծեծի ու բաժանվելու մտադրության մասին։ Մայրը, որ նորությունից ապշել էր, դստեր որոշումը խրախուսեց։ Միասին գնացին Սիրարփիի տուն, հավաքեցին իրերը։ Նշանադրության մատանին Սիրարփին թողեց սեղանի վրա։

Նույն օրն ամուսինը եկավ իր հետևից։ Լաց եղավ, երդվեց, որ մատով չի դիպչի էլ, միայն թե կինը տուն գա։

— Ներքին ձայնս ասում էր՝ հետ մի գնա։ Բայց․․․ մի «բայց» կար։ Շատ էի ուզում երեխա ունենալ։ Սկսեցի մտածել. եթե հիմա բաժանվեմ, հետո մինչև մեկ ուրիշին հանդիպեմ, ամուսնանամ, էնքան ժամանակ կանցնի, իսկ ես արդեն իսկ 30-ն անց եմ։ Հայկական մենթալիտետն այդ հարցում էլ էր ճնշում․ առանց ամուսին երեխա ունենալու մասին խոսք անգամ չկար։ Հետո մտածում էի. բայց ախր ո՞նց իրենից երեխա ունենամ, ինքն էնքան դաժան է, ի՞նչ կլինի ինձ ու երեխայիս հետ:

Այնուամենայնիվ, Սիրարփին վերադարձավ։ Ամուսինն իրոք էլ չէր ծեծում իրեն, դե՜, ականջը քաշելն ու ափով ճակատին հրելը հաշիվ չի, չէ՞։ Բայց հայհոյախառն անվերջ կռիվները շարունակվում էին։

Սիրարփիի մոտ անքնություն սկսվեց։ Անելանելիության զգացողություն ու սուիցիդալ մտքեր սկսեցին առաջ գալ։ Որոշ ժամանակ նա ասես իներցիայով ապրեր։ Հետո իմացավ, որ հղի է։

Լուրն առանձնապես չոգևորեց ամուսնուն։ Սիրարփիի պատմելով՝ նա չէր էլ ուզում երեխա ունենալ, նրա ծնողներն էին շատ սպասում թոռնիկ ունենալուն։

Սիրարփիի հղիության ժամանակ ամուսինը մի անգամ գործով երկու օրով մեկնել էր Թբիլիսի։ Երբ վերադառնալուց հետո Սիրարփին իրերն էր դասավորում, ճամպրուկի միջից կնոջ շապիկ գտավ, իսկ մեքենայի մեջ՝ մազեր։ Ամուսինը փորձեց արդարանալ, թե երևի ինչ-որ մեկն այդ շապիկը հյուրանոցի պահարանի մեջ է մոռացել։

— Իհարկե, չհավատացի։ Հյուրանոցում երբեք չէր օգտվում պահարաններից։ Ցավ զգացի՞։ Բոլորովին։ Առաջինը չէր․ մեր ամուսնության ընթացքում ինքը կարող էր հերթական սիրուհուն բերել մեր տուն, ասենք՝ ճաշի: Անկեղծ ասած, ուրախանում էի ամեն նոր սիրուհու հայտնվելուց՝ հույս ունենալով, որ կհեռանա նրա մոտ։ Քանի որ ինքս վախկոտ էի, այդ որոշումը կայացնելու պատասխանատվությունը գցում էի ուրիշի վրա։

— Բայց ինչու՞ գնար։ Ինձ հետ շատ հարմար էր։ Այդ աղջիկը մյուսներից շատ ավելի երկար դիմացավ։ Հիշում եմ, թե ինչպես էի, նրա գոյության մասին իմանալուց հետո, ամեն օր տուն գալիս Led Zeppelin-ի «I’m gonna leave you, baby»-ն լսում, լացում էի ու մտքում աղոթում՝ թող գնա նրա մոտ, թող թողնի ինձ։

Գլուխ III․ Հետո ամբողջովին տրվեց մայրությանը

Մինչև հղիության վերջին օրը Սիրարփին գնում էր աշխատանքի: Ծննդաբերությունից շատ չանցած շարունակեց գնալ, բայց կես դրույքով: Երեխայի հետ, որպես դայակ, հարևանուհին էր մնում:

Աշխատանքից հետո տուն էր վազում: Երեխայի խնամքի ամենապարզ գործողությունները՝ լողացնել, կերակրել, զբոսնել, գերագույն ուրախություն էին պարգևում: Ամուսինը չէր հետաքրքրվում երեխայով, նույնիսկ չէր գրկում:

Թեև նույն տանն էին ապրում, բայց գրեթե չէին շփվում: Ամեն օր առավոտյան ժամը վեցին Սիրարփին արթնանում ու մոր տուն էր տանում դեռ քնած երեխային, որպեսզի հայրը չարթնանա լացի ձայնից: Նա պահանջում էր երեխային դեղեր տալ, որ ամբողջ գիշեր քնի ու իրեն չխանգարի:

Сирарпи в Ереване
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Սակայն վեճերը շարունակվում էին նույնիսկ այն հազվադեպ պահերին, երբ նրանք հանդիպում էին միմյանց: Որդին կես տարեկան չկար դեռ, երբ մեկնեցին Բեյրութ՝ երեխային կնքելու:

— Ծնողներն արաբ են, միայն տատիկներից մեկն է հայ: Նրանք հայերեն չգիտեն, անգլերեն էինք խոսում ու արաբերեն, ինչքան հասցրել էի սովորել: Կարող էինք բոլորով նստած լինել հյուրասենյակում, մեկ էլ հանգիստ ձայնով ասում էր. «Արի՛ գնանք հյուրանոց, քեզ մի լավ ծեծեմ»: Վախենում էի, նույնիսկ ճշտեցի, թե ինչպես է պետք տաքսի կամ ոստիկանություն կանչել, եթե հանկարծ կարիք լինի:

Մի անգամ ծնողների ներկայությամբ այնպես խփեց դեմքին, որ Սիրարփին ընկավ: Նրանք թեթև դիտողություն արին, իսկ երբ Սիրարփին մորը բողոքեց, որ շատ դժվար կյանք ունի, վերջինս ասաց. «Ի՞նչ անենք, փոխարենը տուն է առել, քեզ համար մեքենա, ծով եք գնում»:

Վերադառնալուց հետո Սիրարփին հոգեբանի մոտ գնաց:

— Հոգեբանը հարցեր էր տալիս, ես պատասխանում էի, ու մոտս զգացողություն էր, թե շատ բաներ առաջին անգամ եմ հասկանում: Կարծես անգիտակցականս, խնայելով ինձ, որ չխելագարվեմ, ձևացնում էր, թե վատ բաները մոռանում է, իսկ իրականում ուղղակի խցկում էր մութ անկյունները, ու այդ ժամանակ ես դրանք էի գտնում: Ես հասկացա, որ յոթ տարվա ամուսնական կյանքի ընթացքում կորցրել եմ իմ «Ես»-ը, դեռ ավելին, մտածելու, որոշում կայացնելու ունակությունն եմ կորցրել: Կռվի պահին ուղղակի ուզում էի, որ վերջանա: Իսկ դրանց միջև ընկած հատվածում կարծես իներցիայով էի ապրում:

Գլուխ IV. Վերջապես բաժանվեցին

Այդ գիշերվա կռվի պատճառը փողն էր։ Սիրարփին չի հիշում մանրամասները, բայց հիշում է, որ ամուսինը գոռում էր ու գոռում, իսկ երեխան կպել էր մորն ու վախից դողում էր։ Լուսադեմին ամուսինը գնաց քնելու, իսկ Սիրարփին որոշում կայացրեց՝ ինքը յոթ տարի հանդուրժել է և, գուցե, դեռ կարող է ևս յոթ տարի դիմանալ, բայց երեխան սրա միջով չպիտի անցնի։

Առավոտյան վեցին երեխային ծածկոցով փաթաթեց ու հենց գիշերազգեստով դուրս եկավ տնից։ Միայն ավտոմեքենայի բանալիները վերցրեց։ Որոշեց, որ սկզբում կգնա մոր տուն, իսկ հաջորդ օրը կմեկնի գյուղ՝ մորաքրոջ մոտ։

— Վերելակի կոճակը սեղմեցի, սպասում էի բարձրանա, երբ լսեցի, որ ամուսինս պտտում է դռան բանալին։ Հասկացա, որ եթե ինձ տեսնի, վերջս եկել է։ Երեխայի բերանը ափովս փակեցի ու աստիճաններով վազեցի ներքև։ Հասա մայրիկիս տուն։ Մոտս զգացողություն էր, որ բանտից եմ ազատվել:

Осенние листья разлетаются
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Մի երկու ժամից նա եկավ։ Պահանջեց մեքենայի բանալիները և կնոջն ասաց․ «Էլ չգաս»։ Մի քանի օրից նրա եղբոր միջոցով փոխանցեց, որ համաձայն է բաժանվել ու որ փաստաբան կգտնի։ Սիրարփին չհասկացավ, թե փաստաբանն ինչին է պետք, եթե երկուսն էլ համաձայն են։ Սկզբում նա մտածում էր ամբողջ ունեցվածքը թողնել ամուսնուն, բայց ազգականները պնդեցին, որ ինքն էլ նրա հետ հավասար աշխատել ու վաստակել է այդ ամենը։ Այդպես ինքն էլ փաստաբան գտավ։ Հիմա մտածում է, որ երևի պետք չէր նրանց լսել ու բարկացնել ամուսնուն, որն աշխարհում ամեն ինչից շատ փողն է սիրում։

Անտեսելով փաստաբանի հորդորները՝ Սիրարփին որոշեց չխոչընդոտել հոր և երեխայի շփմանը։ Եւ շատ զարմացավ, երբ վճռաբեկ դատարանից ծանուցում ստացավ, որ ամուսնու փաստաբանը հայց է ներկայացրել երեխային երկրից դուրս տանելու արգելքի համար։ Այդ ժամանակ պնդեց, որ իր փաստաբանն էլ ամուսնու վերաբերյալ նմանատիպ թուղթ պատրաստի։

Դատարանով ամուսնալուծվեցին, երեխան մնաց մոր մոտ, դատարանը հոր համար հանդիպման օրեր նշանակեց և պարտավորեցրեց ալիմենտ վճարել։

— Տղաս շատ կապված էր ինձ հետ։ Հոր մոտ գնալ հաճախ չէր ուզում։ Երբ հետ էր գալիս, երևում էր, որ հայրն ու տատը, երբ նա այստեղ էր լինում, տանջել են երեխային իրենց դիտողություններով ու արգելքներով, իսկ ինձ մոտ նա ազատ էր մեծանում։ Եթե ինչ-որ բան էլ արգելում էի, անպայման բացատրում էի, թե ինչու։

Բայց Սիրարփին համոզում էր որդուն գնալ հոր մոտ։ Վախենում էր, որ հակառակ դեպքում կռիվները կվերսկսվեն։ Բացի այդ, չէր ուզում երեխային նախկին ամուսնու դեմ տրամադրել․ անկախ իրենց խնդիրներից՝ նա երեխայի հայրն է։

Շուտով նրանց միջև այնպիսի հարաբերություններ հաստատվեցին, որպիսիք երբեք չեն եղել համատեղ կյանքի ընթացքում։ Նախկին ամուսինը քաղաքավարի հաղորդագրություններով զգուշացնում էր, թե երբ է գալու, խնդրում էր երեխային գեղեցիկ հագցնել, եթե հյուր էին գնալու, միմյանց գրաֆիկներին էին հարմարվում։

Մի երկու տարի անց նա նորից ամուսնացավ։ Սիրարփին ծանոթացավ նոր կնոջ հետ, որը երբեմն մենակ էր գալիս երեխային տանելու, և տղայի նկատմամբ կնոջ լավ վերաբերմունքն ուրախացնում էր իրեն։

Գլուխ V․ Հետո սկսվեց մղձավանջը

Երբ քովիդի կարանտինի պատճառով Հայաստանում մանկապարտեզները փակվեցին, հարց առաջացավ, թե ով է պահելու երեխային, երբ Սիրարփին և նրա մայրն աշխատանքի լինեն։ Հայրը հրաժարվեց դայակ վարձելու մտքից և պատրաստակամություն հայտնեց օրումեջ վերցնել երեխային։ Մի քանի ամիս անց Սիրարփին անցավ հեռավար՝ տնից, աշխատելուն և ամուսնուն տեղեկացրեց, որ երեխային «արտաժամյա» պահելու կարիք այլևս չկա։

— Նա հանկարծակի զայրացավ ու սկսեց գոռալ, որ ինքն իմ դայակը չի, որին ըստ պահանջի կարող եմ կանչել։ Կռվեցինք, բայց ես հարթեցի, անցավ։ Դրանից հետո մի օր երեխային տանում էի հոր մոտ, ճանապարհին կապրիզ արեց, բարկացա, սկսեց լացել։ Նախկին ամուսինս դուռը բացեց ու տեսնելով երեխայի լացած աչքերը՝ նետեց․ «Սա չի ներվի»։ Այդ ժամանակ ուշադրություն չդարձրի, մտածեցի՝ դե երեխային էդպես տեսավ, սրտնեղեց, բան էր, ասեց։

Սակայն Սիրարփին սկսեց նկատել, որ իր մշտապես կենսուրախ, շփվող երեխան աստիճանաբար ագրեսիվանում է։ Տղան, որը կարող էր ժամերով մոր հետ տարբեր խաղեր խաղալ, այժմ հրաժարվում էր նույնիսկ մոր հեռախոսի այդքան գրավիչ խաղերից։

Սիրարփին մտածեց, որ երեխայի այդպիսի վարքի պատճառը հարկադրված մեկուսացումն է (նա արդեն դպրոց էր գնում, բայց դպրոցներն էլ էին փակվել կարանտինի պատճառով)։ Նա նույնիսկ որդու ընկերոջ մորն առաջարկեց երեխաների համար հանդիպում կազմակերպել, գոնե սքայփով: Նաև մանկական հոգեբանի դիմեց։ Տարբեր հնարավոր պատճառներ ծանրութեթև արեց, փորձեց հասկանալ՝ ինչու երեխայի կողմից այլևս ջերմություն չի զգում։ Սակայն տղայի վարքի պատճառները հոր տուն այցելությունների մեջ փնտրելը մտքով անգամ չանցավ։

Сирарпи
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Նախկին ամուսնու հետ քիչ թե շատ նորմալ հարաբերությունները, կռիվներից ու ծեծից հեռու ապրելն այնքան էին ուրախացրել Սիրարփիին, որ «առաջին ծաղիկները» չէր նկատել, օրինակ՝ հոր պահանջն առ այն, որ իր հետ հեռախոսով խոսելիս երեխան կա՛մ ականջակալով խոսի, կա՛մ իր սենյակում փակված (հայր ու տղա են, թող գաղտնիքներ ունենան, ի՞նչ է եղել որ)։ Մինչև որ հոր անհանգստացնող ազդեցությունն այլևս անհնար էր չնկատել։

— Երեխան բարկացրեց ինձ, ես էլ տուտուզին թեթև խփեցի (առաջին անգամ, երբեք նրա վրա ձեռք չեմ բարձրացրել), ինքն էլ նեղվել էր ու հոր հետ խոսելիս պատմել։ Հաջորդ առավոտյան հայրը տարավ, իրենց գնալուց հետո դուռս թակեցին ոստիկանները։ Տարիներ շարունակ ինձ ծեծող մարդը բողոք էր ներկայացրել ոստիկանություն, որ ես երեխային ծեծում եմ։ Իմ փաստարկները ոչ մեկին չհետաքրքրեցին: Տեղեկացրին, որ երեխաների հարցերով հոգաբարձուների խորհուրդն ինձ հաշվառման է վերցրել։

Մի քանի օր անց՝ իրեն հասանելիք օրը, հայրը կրկին վերցրեց երեխային, և նրանցից անմիջապես հետո հայտնվեցին նույն ոստիկանները՝ պնդելով, որ Սիրարփին նորից է ծեծել երեխային։

— Գնացի իրենց պետի մոտ՝ բացատրելու, որ ոչինչ չի եղել։ Նա ինձ ասաց, որ երեխան ինքն է ցույց տվել, թե կոնկրետ որտեղ եմ, իբր, հարվածել։ Ասում եմ․ «Իմ տղայի մաշկն այնքան սպիտակ է, որ մի թեթև սեղմես, հետքը կմնա։ Ու՞ր է դատաբժշկական եզրակացությունը»։
Իսկ ինքը պատասխանեց․ «Հայրն ասաց, որ դատաբժշկական փորձաքննության կարիք չկա» (այդ երբվանի՞ց է նման որոշումը երեխայի հայրը կայացնում)։
Եւ հայտնեց, որ տասն օրով ինձ զրկում են երեխային տեսնելու իրավունքից։

Սիրարփին հուսահատված վերադարձավ տուն։ Ազգականների օգնությամբ նոր փաստաբան գտավ, որի հետ էլ հենց հաջորդ օրը դատարան դիմեցին՝ խնդրելով գործը քննել արագացված կարգով։ Երկու օրից դատարանն անվավեր ճանաչեց Սիրարփիին երեխային տեսնելու իրավունքից զրկելու որոշումը՝ տղային ծեծելու փաստերի բացակայության հանգամանքով պայմանավորված։

Գլուխ VI․ Մղձավանջը, ինչպեսև դատը, շարունակվում էր

Հայրը, սակայն, տղային հետ չբերեց, ու ինքն էլ դիմեց դատարան՝ երեխային իր մոտ պահելու պահանջով։ Դատն արդեն մեկ տարուց ավել ընթացքի մեջ է։ Տղան հոր մոտ է ապրում։

Սիրարփին կարող է այցելել երեխային շաբաթական երեք օր, վեցական ժամով, քանի դեռ դատավճիռ չկա։

Հանդիպումներն սկզբում տեղի էին ունենում ԴԱՀԿ ծառայության մանկական սենյակում։ Սիրարփին պատմում է, որ սենյակի հատակը կեղտոտ էր, իսկ խաղալիքներից տհաճ հոտ էր գալիս, բայց դա միակ տեղն էր, որտեղ նա կարող էր մենակ մնալ երեխայի հետ։

Հանդիպումների ընթացքում ամուսինն անընդհատ զանգում էր երեխայի բջջայինին ու թելադրում, թե մոր հետ ինչ ու ինչպես խոսի: Սիրարփին բողոքեց հարկադիր կատարողին։ Ասում է՝ տպավորություն էր, թե ինքն իր հետ է խոսում, որ հարկադիր կատարողին գործը վերջացնելուց ու տուն գնալուց բացի ոչինչ չէր հետաքրքրում:

Հետո նախկին ամուսինն սկսեց երեխային չբերել՝ պահանջելով, որ հանդիպումներն իր տանը տեղի ունենան: Բայց երբ Սիրարփին գնում էր նրա տուն, ներս չէր թողնում, թույլ էր տալիս միայն շեմի վրա մի երկու բառ խոսել, մի երկու անգամ էլ բակ էր իջեցրել՝ երեխայից մի քայլ անգամ չհեռանալով:

Карусель
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Վերջիվերջո, մոր և երեխայի հանդիպումներին խոչընդոտելու համար քննչական կոմիտեն նրա դեմ քրեական գործ հարուցեց: Սակայն գրեթե մեկուկես տարի էլ այդ գործն է ձգվում: Սիրարփիին ճանաչել են որպես տուժող, բայց ամուսնուն, մինչ այժմ, որպես մեղադրյալ չեն ճանաչել: Տուժողն ումի՞ց է տուժել, պարզ չէ:

Այն նույն հարկադիր կատարողը, որը տեսել էր, թե ինչպես է հայրը վեց տարեկան երեխային մանիպուլացնում, այդուհանդերձ, վկայել է, որ ոչ թե հայրն է խոչընդոտում, այլ երեխան պարզապես չի ցանկանում տեսնել մորը:

— Երբ տարիուկես առաջ այս գործը նոր էր սկսվել, դատավորը հինգ տարեկան երեխայիս կանչեց ցուցմունք տալու, չնայած մեր օրենքով 10 տարեկանից շուտ չի կարելի, և ուղղորդող հարցեր էր տալիս: Նախկին ամուսինս դատարանում մի տեսանյութ ներկայացրեց, որում երեխաս նստած է շոգ բնակարանում՝ վերարկուով ու գլխարկով ու «պատմում է», թե ինչպես եմ իրեն ծեծել ու քաղցած թողել: Օրինակ՝ հայրն ասում է. «Պատմի՝ ոնց են թևդ քաշել, սենց ա արել, ճի՞շտ ա», իսկ վախեցած երեխան գլխով է անում:

— Նրա տանն ամենուրեք տեսախցիկներ կան, երեխայի սենյակում էլ: Ու այդ մարդը դատարան էր դիմել ու պահանջում էր, որ ինձ հոգեբանական փորձաքննության ենթարկեն, որովհետև ես հոգեկան հիվանդ եմ:

Փորձաքննություն դատարանն, այնուամենայնիվ, նշանակվեց. դեռ մեկ տարի առաջ, երկուսին էլ: Սակայնթ թե երբ այն տեղի կունենա, հայտնի չէ:

Քանի դեռ դատերը ձգձգվում են, փորձաքննությունն սպասվում է, երեխան հոր մոտ է: Մորը հաջողվում է նրան տեսնել դպրոցի դարպասի մոտ, ամուսնու տան դռան շեմին, բակում մի քանի վայրկյանով: Երեխան ավելի ու ավելի է հեռանում մորից, իսկ նախկին ամուսինների դատական գործը նորանոր անհեթեթ ճյուղավորումներ է ստացել:

Մի անգամ առավոտյան Սիրարփին արթնացավ ու տեսավ, որ երեխայից բաց թողնված զանգ ունի: Հետ զանգեց նրան էլ, նախկին ամուսնուն էլ, բայց ոչ ոք չպատասխանեց: Տնային հագուստով, հողաթափերով շտապ գնաց ամուսնու տուն՝ մտքում երևակայելով հնարավոր սարսափները, որ կարող էին պատահել երեխայի հետ: Ընթացքում զանգեց ոստիկանություն՝ օգնություն խնդրելու:

— Նրանց բակում տեսա երեխային ու նախկին ամուսնուս կնոջը շան հետ: Վազեցի երեխայի մոտ, գրկեցի՝ ուրախացած, որ ամեն ինչ կարգին է: Իսկ այդ կինը երեխային խլեց ու սկսեց գոռալ: Ամուսինն իջավ, այնպիսի կռիվ սարքեց, որ մարդիկ հավաքվեցին, մեքենայիս դուռը ջարդեց ու տարավ երեխային:

Ոստիկանությունից այդպես էլ չեկան: Փոխարենը Սիրարփիի վրա նոր գործ բացեցին… նախկին ամուսնու կնոջը կծելու համար: Սիրարփին փորձում էր բացատրել, որ երեխան է կծել, երբ այդ կինը զոռով պահում էր նրան, և որ պարզ երևում է, որ դա երեխայի ատամների հետք է, ոչ թե մեծահասակի: Բայց ապարդյուն:

Сирарпи
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Մի քանի օր անց նախկին ամուսինը զանգեց Սիրարփիին, կանչեց իր տուն տղային տեսնելու: Բացեց դուռը, երեխան ուզեց մորն ընդառաջ գնալ, բայց հայրը ձեռքով պահեց նրան ու սկսեց վիրավորել ու հայհոյել Սիրարփիին:

Սիրարփիի ամուսինը (դրանից քիչ ժամանակ առաջ նա նոր հարաբերություններ էր սկսել) սպասում էր վերելակի մոտ՝ երկար միջանցքի վերջում: Սիրարփին ասում է, որ նա մոտեցավ ու հանգիստ տոնով խնդրեց չհայհոյել:

— Նա (նախկին ամուսինը) ներս գնաց, հետ եկավ, ձեռքով փակեց երեխայի դեմքն ու պղպեղային գլանանոթով (перцовый баллончик) փչեց մեզ վրա: Թվաց, թե դեմքիս ինչ-որ թթու է լցվել, որը վառում է մաշկս: Ամուսնուս ավելի շատ հասավ: Ոչինչ չէինք տեսնում: Իրար օգնելով՝ ներքևի հարկ իջանք, դռներ թակեցինք, բայց ոչ մեկը չբացվեց: Շոշափելով գտանք վերելակը, իջանք ներքև, շտապօգնություն ու ոստիկանություն կանչեցինք:

Հետո պարզվեց, որ Սիրարփիի նախկին ամուսինն ավելի շուտ է զանգել ոստիկանություն և վկայել, որ Սիրարփիի ուղեկիցը դանակը ձեռքին հարձակվել է իր վրա և ինքն ստիպված էր պաշտպանվել պղպեղային գլանանոթով:

Գործ չհարուցեցին, քանի որ դանակի կիրառման ապացույցներ չգտան, բայց Սիրարփի հակընդդեմ հայցը ևս մերժվեց: Անմիջական հարևանները, որոնք դուրս էին եկել պարզելու՝ ինչ է կատարվում, վկայեցին, որ օդում ինչ-որ բան կար, որից և՛ իրենք էին իրենց վատ զգացել, և՛ այդ պահին վերելակով բարձրացող երեխան:

Սակայն քննիչը նախաքննության ավարտին գտավ, որ Սիրարփիի նախկին ամուսնու գործողություններում բացակայում է հանցանքի տարրը, քանի որ պղպեղային գլանանոթով անգամ թեթև վնասվածք չի հասցվել տուժածների առողջությանը:
Քննիչը հաշվի չառավ Սիրարփիի ցուցմունքը, ըստ որի՝ շտապօգնության մեքենան իրեն և ամուսնուն սկզբում տարել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, ապա՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերել են առաջին բուժօգնությունը և նշանակել բուժում, ինչպես նաև այն, որ հաջորդ օրը Սիրարփին դիմել է հիվանդանոց թուլության և սրտխառնոցի բողոքով և ստացել է բուժում թունավորման դեմ:

Գլուխ VII. Նա օգնություն խնդրեց

Այդ դեպքից հետո Սիրարփին որոշեց գրել բռնության ենթարկված կանանց օգնող բոլոր հասարակական կազմակերպություններին:

— Մինչ այդ աշխատում էի թաքցնել իմ պատմությունը, ամաչում էի, չէի ուզում՝ իմ մասին խոսեն։ Հիմա ուզում եմ, որ ինչքան հնարավոր է շատ մարդ պատմի իր մասին, որ նախկին ամուսինները, որոնք կիսում են երեխային, հասկանան, որ դրանով միայն երեխային են վնասում։

Գրեթե բոլոր կազմակերպություններից եկան պատասխաններ ու օգնության առաջարկներ։ Հելսինկյան քաղացիական ասամբլեան տրամադրեց քրեական գործերով զբաղվող փաստաբան։

Сирарпи
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Փաստաբան Արա Կարագյոզյանը և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը առցանց մամլո ասուլիս կազմակերպեցին, որին Սիրարփին էլ էր ներկա, որտեղ բարձրացրին ոստիկանության և դատական համակարգի անգործության հարցը։

Արա Կարագյոզյանը կարծում է, որ ոստիկանությունն ու դատախազությունը բացահայտ կերպով բռնարարի կողմից են (որը որպես այդպիսին դեռ ճանաչված էլ չէ), նույնիսկ երբ առկա է երեխայի վրա հոր բացասական ազդեցության և նրա հոգեկանը տարբեր մանիպուլյացիաների ենթարկելու վերաբերյալ հոգեբանական եզրահանգում։ Կարագյոզյանը խոստացել է՝ եթե արդարության չհասնի այստեղ, դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այն միջազգային կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում են ոստիկանական համակարգի՝ իրականում այդպես էլ տեղի չունեցող բարեփոխումները։

Երբ նոր բաժանվել էին ու դատարանն ամուսնուն պարտավորեցրել էր ալիմենտ վճարել, նա դատարանից դուրս էր եկել և այնպես հարվածել արդեն նախկին կնոջ մեքենայի դռանը նրա նստելու պահին, որ եթե վերջինս չհասցներ ոտքը քաշել, այն կարող էր կոտրվել: Սիրարփին գնաց ոստիկանություն։ Այնտեղ նստած հերթապահ երիտասարդը լսեց ու ասաց․ «Ա՛յ, իմ քրոջ հետ նման բան հաստատ չէր լինի»։

Իրավապահ մարմինների ու դատական համակարգի աշխատողներից Սիրարփին անընդհատ լսում է․ «Նորմալ ամուսին գտնեիր, սենց բան չէր լինի» կամ «Առաջ պետք ա մտածեիր, երբ ամուսնանում էիր»: Հատկանշական է նաև այն, որ Սիրարփիի խնամբված տեսքը համակարգի աշխատակիցներին շփոթության մեջ էին գցում. իրենց պատկերացմամբ՝ բռնության զոհը պիտի լինի խեղճ, վախվորած ու թափթփված:

— Ուզում եմ՝ մեր երկրում, հատկապես այդ կառույցներում, փոխվի կնոջ հանդեպ նման վերաբերմունքը։ Միշտ ամենուր կնոջն են մեղադրում։ Մարդիկ պիտի հասկանան՝ սա ցանկացածի հետ կարող է պատահել։ Ու շատ կանայք լռում են, որովհետև գիտեն՝ միևնույն է, իրենց են մեղադրելու։ Հետո, այդպես էլ պետությունից պաշտպանություն չստանալով, փորձում են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։

Սիրարփին ասում է, որ մամլո ասուլիսից հետո մինչ այդ իր ու փաստաբանի դիմումներն արհամարհող քննիչներն սկսեցին գոնե զանգերին պատասխանել։

Գլուխ VIII․ Հետո նրան աջակցեցին

Սիրարփին ասում է, որ առաջ ուզում էր՝ երեխային վերադարձնեն, իսկ ամուսնուն դատեն։ Բայց հիմա ուզում է նրա հետ լեզու գտնել՝ հասկանալով, որ ծնողների չվերջացող կռիվները երեխային միայն վնաս են պատճառում։

Այս հոգեվիճակին նա միանգամից չի եկել։

— Մի անգամ գնացել էի որդուս դպրոց, որ գոնե հեռվից տեսնեմ նրան։ Մամաներից մեկը տեսել էր ինձ ու ինստագրամով գրել, որ շատ է ուզում օգնել, դրա համար «իրենց խումբ» է հրավիրում։ Մտածեցի՝ ինչ-որ աղանդ է, բայց այնքան վատ էի, որ մեկ էր՝ ուր գնալ։

Сирарпи
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Պարզվեց՝ «աղանդը» փոխաջակցության խումբ է։ Այնտեղ նա հանդիպեց իր իրավիճակին նման իրավիճակում հայտնված կանանց, այնտեղ իրեն հասկանում էին ու չէին մեղադրում։ Սիրարփին պատմում է, որ դատական մղձավանջի ամբողջ ընթացքում չէր կարողանում լացել, նույնիսկ ամենահուզված պահերին կամ տանը մենակ եղած ժամանակ։ Իսկ խմբում նստել է աթոռին, ու արցունքներն իրենք իրենց սկսել են հոսել։

Արդեն մի քանի ամիս է՝ Սիրարփին հաճախում է փոխաջակցության խմբի հանդիպումներին։ Հավասար խորհրդատու ունի (նման իրավիճակով մարդ, որը հաղթահարել է տրավման և անհատույց կերպով օգնում է մյուսներին)․ մի կին է Ռուսաստանից, որը նույնպես պայքարել է իր ծնողական իրավունքների համար։ Սիրարփին սքայփով շփվում է նրա հետ՝ հատուկ ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը մի քանի փուլով է ու տնային առաջադրանքներով։

— Օրինակ՝ կար առաջադրանք՝ գրի առնել բոլոր նրանց, ովքեր քեզ ցավեցրել են կամ նեղացրել այնպես, որ չես կարողանում մոռանալ։ Իմ ցուցակն սկսվում էր դպրոցով։ Մի աղջիկ ինձ ինչ-որ բան էր ասել, նեղացել էի ու այդ բեռը տարիներով հետս քարշ էի տալիս, նույնիսկ հետո՝ մեծ ժամանակ, նրան գտել էի Ֆեյսբուքում ու բլոկել։

Խորհրդատուիս պատմում էի բոլորի մասին, ում անունները գրել էի, մենք ամեն մի դեպքը քննարկում էինք, հասկանում էի պատճառներն ու վերջապես բաց թողնում։

Մեկ այլ առաջադրանքում պահանջվում էր գրել այն մասին, թե նախկին ամուսնու հետ հարաբերություններում ինչն էր ամենավիրավորականը։ Սիրարփին գրեց ինն էջ։ Ահա նրա գրառումներից որոշները․

  • «Կռվեց ընկերուհուս ու նրա ամուսնու հետ, երբ մեր տանն էին, ու արգելեց հետները շփվել։ Ատում էի ինքս ինձ, որ չկարողացա ինքնապաշտպանվել։ Բաժանվելուց հետո ընկերուհուս հետ հաշտվեցի, բայց ամուսինն այդպես էլ չներեց ինձ»։
  • «Մեր պատշգամբում գարեջուր լցրեց վրաս, որովհետև հրաժարվեցի զանգել իր մորը․ հոգնած էի»։
  • «Մի օր ինձ կանչեց իր գրասենյակ, ծեծեց ու կոտրեց իմ սիրելի անձրևանոցը։ Ընկերուհուս հետ ուզում էինք բիզնես սկսել։ Նրան դուր չէր եկել, որ մինչև համաձայնելը չէի հարցրել իր կարծիքը»։
Карусель
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

— Երբ ես իմ ներաշխարհը կարգի բերեցի, նախկին ամուսնուս հետ կապված վիրավորանքները բարձրաձայնեցի, շատ բան հասկացա: Օրինակ, որ բաժանվելիս մարդիկ էգոիստաբար միայն իրենք իրենց մասին են մտածում: Ոչինչ չեմ մոռանում ու չեմ արդարացնում նախկին ամուսնուս, բայց որքան իր հետ դատարաններ գնամ, այդքան ցավ եմ պատճառելու ինձ ու տղայիս:

Սիրարփին պատմում է, որ առաջ վստահորեն տրամադրված էր հարաբերությունները կարգավորելուն, բայց բավական էր նախկին ամուսնուն տեսներ, և ցավն ու անարդարության զգացողությունը գլուխ էին բարձրացնում նոր ուժով, ու կորցնում էր ինքնատիրապետումը:

Խմբում մի քանի ամսվա աշխատանքից հետո Սիրարփին նորից գնացել էր նրա տուն. երբ նա հերթական անգամ կռիվ սարքեց՝ գոռալով ու պահանջելով, որ հիմա էլ Սիրարփին ալիմենտ վճարի, ինքը նույնիսկ ձայնը չբարձրացրեց: Ինքն իր ներսում հանգստություն էր զգում:

Այնուամենայնիվ, Սիրարփիի՝ հանգիստ քննարկելու և համաձայնության գալու առաջարկները նախկին ամուսնու կողմից մերժվում են: Եթե առաջ Սիրարփին նրա զայրույթը բացատրում էր ունեցվածքը կիսելու իր հայցով, որովհետև նա փողը շատ է սիրում, ապա հիմա այդ հիմքն էլ չկա:

Դատարանի որոշմամբ բնակարանն ու երկու մեքենաները ամուսնուն են մնացել, երրորդը՝ Սիրարփիի մեքենան, համատեղ սեփականություն է ճանաչվել, դեռ ավելին՝ Սիրարփիին պարտավորեցրել են ամուսնու կատարած դատական ծախսերը և փաստաբանի հոնորարը փոխհատուցել:

Հիշում է, թե նա ինչպես է իր եղբորից երդում պահանջել, որ քույրն այլևս երբեք չի ամուսնանա: «Գուցե նա բարկացել է, որ ես անձնական կյանք ունեմ, կողքիս տղամարդ կա», — ենթադրում է Սիրարփին:

Վերջաբան

Երբ պատմում ենք ընտանեկան բռնության մասին, մարդիկ (երկու սեռից էլ, բայց կանայք ավելի հաճախ), շատ անգամ ասում են. «Ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Մյուս կողմին էլ է պետք լսել»: Մենք «լսեցինք» մյուս կողմին, այսինքն՝ նախկին ամուսնուն երկու ձայնագրությունների մեջ, որոնք Սիրարփին է տրամադրել Կալեմոնին:

Առաջին ձայնագրությունն արվել է 2012 թվականին՝ համատեղ կյանքի երրորդ տարում։ Սիրարփին եկել էր տուն շատ հոգնած, ամուսնու պատրաստած պիցցան դրել էր ջեռոցը, բայց անուշադրության պատճառով խմորը վառել էր։ Ամուսինը կռիվ էր սարքել ու ծեծել իրեն։ Ինչ-որ պահի Սիրարփին հաջողացրել էր միացնել հեռախոսի ձայնագրիչը։

Պատմում է, որ այդ ժամանակ արդեն վախենում էր նրանից, լրջորեն մտածում էր փախչելու մասին, և ձայնագրիչը բնազդաբար է միացրել՝ առանց խորանալու, թե որ ատյանում, որպես հանցանշան, կարող է պետք գալ ու ինչից կարող է իրեն պաշտպանել։

Ութ րոպեանոց ձայնագրության մեջ սկզբում աղմուկ է լսվում, հետո դեմքին ու մարմնին հասցվող հարվածների ձայներ ու Սիրարփիի լացը։ Լսվում է նաև նրա նախկին ամուսնու ձայնը՝ թեթև ակցենտով։ Նա կնոջն ստիպում է ուտել վառված պիցցան։ Սիրարփին լաց է լինում, ասում է, որ չի կարող, խնդրում է խղճալ իրեն (հենց այդ բառերով)։ Տղամարդը, որ սկզբում գոռում էր ու հայհոյում, սկսում է խոսել հանգիստ ու միատոն, նույնիսկ դանդաղ. ասես հաճույք է ստանում իր առջև լացող մարդուն նվաստացնելուց, իր ուժից և դիմացինի անզորությունից։

Տեղի է ունենում հետևյալ երկխոսությունը.

Նա. «Տանու՞մ էիր թափեիր (պիցցան) բալկոնից։ Չէ, չէիր անի, որովհետև գիտեիր, որ եթե թափեիր, կարող ա քացուս տակ ստեղ քեզի քցեի»։
Սիրարփին (լացելով). «Թե չէ հիմա ի՞նչ ես անում»։
Նա. «Հիմա քացուս տակ չեմ քցում հլը որ։ Հաց կե՛ր: Չայ խմի՛ գոնե»։
Սիրարփին. «Մի՛ տանջի ինձ: Ես քեզ ի՞նչ վատ բան եմ արել, որ ինձ տանջում ես»։
Նա (անվրդով). «Առ, ջուր եմ ավելացրել, որ շատ թունդ չլինի»։

«Էս տանը ես եմ որոշում, դու թույլ օղակն ես», — հաջորդ հատվածում նրա ձայնը փափուկ է, գրեթե թավշյա։ Կարծես մի պարզ մաթեմատիկական խնդիր է բացատրում ոչ այնքան խելացի աշակերտին։ Նա շարունակում է պատմել, որ Սիրարփին միշտ սխալ է՝ հաճույքով մի քանի անգամ նշելով, որ որոշում ընդունողն ինքն է, և որ «չջղայնացնեիր, չէիր ստանա [հարվածների ձայներ]»։

Ձայնագրությունը, որը կարծես անգնահատելի գտածո է հոգեբանների համար, այդ թվում նրանց, ովքեր անցկացնելու են փորձաքննությունը, ոստիկանությունում չընդունվեց, քանի որ «վաղեմության ժամկետն անցել է»։

Сирарпи
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Երկրորդը (տեսագրություն) 2021 թվականի դեկտեմբերին է արվել։ Նկարահանել է դատարան ներկայացնելու նպատակով, չնայած վախենում է, որ դա էլ որևէ պատրվակով կմերժեն։

Տեսագրության մեջ երևում է՝ ինչպես է Սիրարփին մոտենում նախկին ամուսնու բնակարանի դռանը, թակում, քնքշորեն կանչում որդուն, խնդրում դուռը բացել։ Դուռը երկար չի բացվում, հետո լսվում է բանալու ձայնը, շեմին հայտնվում է երեխան ու գոռում՝ գնա՜, հետո շրխկացնում է դուռը։ Սիրարփին փակ դռան հետևից կանչում է, խնդրում վերադառնալ ու ասել, թե ինչու են այտերը կարմրած։ Դուռը նորից բացվում է, շեմին կանգնած է երեխայի հայրը։

Ասում է, որ բոլորի մոտ գրիպ է, թող Սիրարփին գնա, իսկ ինքը շուտով երեխային կտանի բժշկի։ Սիրարփին խնդրում է ասել հիվանդանոցի հասցեն, որ ինքն էլ գնա։ «Դու չես գա ու մի՛ նկարի», — գոռում է տղամարդը։ Պահանջում է, որ Սիրարփին հեռանա ու առանց հարկադիր կատարողի էլ չգա։

— Ես եկել եմ երեխայիս տեսնելու, — պնդում է Սիրարփին։
— Վախ, հորս արև… Ուզու՞մ ես սրան տենաս, — շրջվելով դեպի միջանցքի խորքում կանգնած երեխան՝ հարցնում է տղամարդը։
— Չէ՜, գնա՛, — երեխան հիստերիկ գոռում է։ — Ինձ հանգիստ թողե՛ք։
— Ես «սրան» չեմ։ Ես իրա մայրն եմ։
— Դու «սրան» ես։ Սա ուզում ա, որ քացուս տակ քցեմ իրան, — դիմում է իր հետևում կանգնած ներկայիս կնոջը։
— Ինքը քեզ հրահրում ա, դու էլ տրվում ես, — հանգստացնում է կինը։ — Գնա, հացդ կեր։ Հաջողություն, — նետում է Սիրարփիին։
— Քաղցրս, ես քեզ շատ եմ սիրում, ի՞նչ ա եղել, — ասում է Սիրարփին։
— Գնա՜։ Զզվում եմ քեզնից, — երեխայի ճիչը վերածվում է նոպայի։
— Երեխեն հիվանդ ա, իսկ դու ստիպում ես գոռա, — բղավում է նախկին ամուսինը։ — Գնա՛։
— Էսօր բժշկի կտանենք, — ասում է նրա կինը, որն էլ իր հերթին հեռախոսով Սիրարփիին է նկարում։ — Հենց իմանանք՝ ինչ ա եղել, քեզ կգրենք։
Դուռը փակվում է։

Մի քանի վայրկյան անց ամուսինը նորից է բացում, դուրս գալիս ու բղավում․ «Գնա՛ ստեղից ու էլ ստեղ չերևա՛ս», վրա է գալիս, Սիրարփին հետ-հետ է գնում դեպի վերելակը, նա մի մեծ արկղ է վերցնում ու նետում Սիրարփիի վրա։ Հետո մոտենում է, վերցնում արկղն ու ասում․ «Դատարկ տուփ»։ Ըստ երևույթին, հետագայում տեսագրությունը դիտողների համար։ Վերադառնալով իրենց դռան մոտ, որտեղ կինն իրեն է սպասում՝ նորից գոռում է․ «Մենակ հարկադիր կատարողի հետ, հասկացա՞ր, մենակ իրա հետ, էլ ստեղ չերևա՛ս, հոգեկան հիվանդ»:

Լսվում է վերելակի փակվող դռների ձայնը։

— Չվախեցա՞ր մենակ գնալուց, — տեսագրությունը նայելուց հետո հարցնում եմ Սիրարփիին՝ հիշելով պղպեղային գլանանոթը։ — Ինչու՞ ամուսինդ հետդ չեկավ։

— Որովհետև և՛ իրավապահները, և՛ փաստաբանս ասացին, որ ավելի լավ է ինքը հետս չգա, խանգարում է, լարվածություն է ստեղծում։ Այն, որ նա կին ունի, նորմալ է, իսկ ես չպիտի անձնական կյանք ունենամ։

Шаги в листьях
Լուսանկար՝ Ֆյոդոր Կորնիենկո

Ինչու՞ է իրավապահ համակարգը հաճախ անձայն կանգնում բռնարարի կողքին, պայքարում «ընտանիքի պահպանման» համար (կարևոր չէ, թե ինչպիսի ընտանիքի), մինչդեռ բռնության զոհի պաշտպանությունն ու երեխայի շահերը գտնվում են վերջին տեղում։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը համակարգի նման վերաբերմունքը բացատրող մի քանի գործոն է նշում։

Մեծ դեր է խաղում ներքին սոլիդարությունը․ ուժային և իրավաբանական կառույցներում հիմնականում տղամարդիկ են աշխատում, որոնցից շատերն ամուսնու կողմից կնոջ հանդեպ բռնություն գործադրելու մեջ ոչ մի դատապարտելի բան չեն տեսնում (հենց իրենք էլ իրենց տներում նույնն են անում), և հակառակը, մեղադրում են կնոջը, որ բացառապես ներընտանեկան խնդիրը դրել է համընդհանուր քննարկման, նույնիսկ երբ ընտանիքը, որպես այդպիսին, էլ գոյություն չունի։

Թվում էր, թե խնամակալության և հոգաբարձության մարմինները, որտեղ էլ մեծ մասամբ կանայք են աշխատում, պիտի կնոջ կողմը պահեին, ոչ թե ամուսնուն աջակցեին։ Զարուհին ենթադրում է, որ այդ ծառայության աշխատակիցների կանխակալությունը կարելի է բացատրել կոռուպցիոն բաղադրիչով, երբ տղամարդը կամ կաշառում է պաշտոնյաներին, կամ էլ վերին օղակներում ծանոթներ ունի, ինչպես նաև կա վախ, որ բռնարարը կարող է որևէ կերպ վնասել իրենց։

Զարուհու կարծիքով այստեղ ոչ նվազ կարևոր դեր է խաղում 2017 թ․ ընդունված ընտանեկան բռնության մասին թերի օրենքը։ Ի սկզբանե, Ազգային ժողովում օրենքը մշակվում էր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի պատրաստած սևագրի և քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հետ բազմաթիվ խորհրդակցությունների հիման վրա։

Սակայն օրենքի վերջնական տարբերակի վրա մեծ ազդեցություն ունեցան ազգայնական կազմակերպություններն ու անձինք, ինչպես նաև նրանց հետ համակարծիք պատգամավորները, որոնք անհանգստանում էին, որ օրենքը «կարող է խարխլել ընտանեկան արժեքները»։

Արդյունքում, մինչև վերջնական ընդունումը, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունից տեղափոխվեց ընտանիքի ինստիտուտի պաշտպանության վրա։ Օրենքը կոչվում է․ «ՀՀ օրենքը ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին»։ Իրավապաշտպանը նշում է, որ վերջին ձևակերպումը հակասում է բոլոր իրավական և միջազգային նորմերին։ Այն հաշտվելու կոչ է անում երկու անձանց՝ բռնարարին և զոհին, որոնք ապրիորի գտնվում են անհավասար իրավիճակում, ինչը նշանակում է պահպանել այդ անհավասար հարաբերությունները և մեծացնել կրկնակի բռնության ռիսկը։

Ամբողջ համակարգն է հաշտվելու կոչ անում՝ սկսած ոստիկաններից, որոնք բռնության զոհի դիմումին ի պատասխան գալիս են տուն՝ բռնարարին նախազգուշացում տալու։ Այդ այցի ընթացքում բռնություն կատարած տղամարդուն և բռնության ենթարկված կնոջը կոչ են անում «ամեն ինչ մոռանալ, հաշտվել, իրար մեջ լուծել ընտանեկան հարցերը»։

Բացի այդ, օրենքի տեքստում հիշատակվում է «ավանդական ընտանիքի» պաշտպանությունը, որը ևս ազգայնականորեն տրամադրված կազմակերպություններին ընդառաջ գնացող զիջում էր, որոնք հետևում էին, որ օրենքը պատահաբար չընդգրկի միասեռ հարաբերություններ ունեցող անձանց։ Այդպես օրենքից դուրս մղվեց «զուգընկեր» բառը, և ընտանեկան բռնությունը կարող է ճանաչվել որպես ընտանեկան բռնություն, միայն եթե տղամարդն ու կինն օրինական ամուսնություն ունեն։

Իրավապաշտպան կազմակերպությունները մեկ անգամ չէ, որ ոստիկանության աշխատակիցների համար դասընթացներ են արել։ Սակայն Զարուհին նշում է, որ կարճատև դասընթացներն ի զորու են որևէ բան փոխել միայն առանձին անձերի մակարդակում, ոչ թե համակարգի։ Մեծ փոփոխությունների համար անհրաժեշտ է, որ պետությունն իրապես մտնի գործընթացի մեջ, իսկ բարեփոխումները վերաբերեն ամբողջ կրթական համակարգին՝ դպրոցից սկսած։

Այդ առումով Զարուհին ընդգծում է ԶԼՄ-ների աշխատանքի կարևորությունը։ Ընտանեկան բռնությունը մեր ԶԼՄ-ների կողմից հաճախ լուսաբանվում է, երբ տեղեկատվական առիթ կա, հատկապես աղմկալի, օրինակ՝ ամուսնու կողմից կնոջ սպանությունը, երբ կարելի է սկանդալային կերպով մատուցել լուրը։

Մեդիայի աշխատակիցները հաճախ նրբանկատ չեն բռնության զոհի հանդեպ։ Օրինակ, կնոջն ամենահաճախ տրվող հարցերից է․ «Ինչի՞ համար է ծեծել։ Ի՞նչ էիք արել», որը կարծես, բռնության արդարացում է փնտրում և զոհին կրկնակի է զոհայնացնում, ոչ թե հենվում է «բռնությունը հանցանք է, կարևոր չէ՝ ինչի համար, կարևոր է, որ ծեծել է» կանխադրույթի վրա։

Եւ քանի դեռ վերը նկարագրված բոլոր կառույցներն անկանխակալ ու նրբանկատ չեն, Սիրարփիի գործի նման պատմությունները տարիներով մնալու են դատարաններում կամ ընդհանրապես չեն էլ հասնելու որևէ ատյանի։

***

Հոդվածը գրվել է Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ։

Ընտանեկան բռնությունն, առաջին հերթին, մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Այդ առումով, Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակն է բռնության կանխարգելումը, բռնության ենթարկված անձի պաշտպանությունը և բռնությունն իրագործածների պատիժը։ Այն երաշխավորում է բազմապրոֆեսիոնալ արձագանք, աջակցման մեխանիզմներ։ Մանրամասն այստեղ։

Կոնվենցիայի չորս հենասյուներն այստեղ։

***

Այդ առումով ՀՀ ընտանեկան բռնության և գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի մասին օրենսդրությունը դեռևս բարելավման կարիք ունի՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար։

Տարբեր երկրներում ընտանեկան բռնության դեպքերի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների վերաբերյալ մանրամասներն այստեղ և այստեղ։

***

Չնայած լրատվամիջոցները մեծ դեր են խաղում մարդու իրավունքների խթանման, բռնության դեպքերի հաղորդման, միջազգային ստանդարտների և իրավական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու գործում, լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից բռնության զոհերի մասին խտրական տեղեկատվություն տրամադրելը, հոդվածներում զոհերին մեղադրելը և շատ հաճախ անձնական տվյալների, այդ թվում` երեխաների տվյալների բացահայտումը, ավելի շատ են վնասում զոհերին և ապատեղեկատվություն են տարածում Հայաստանում բռնության արմատների և պատճառների մասին:

Այդ նպատակով Եվրոպայի խորհուրդը մշակել է հատուկ ուղեցույց գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ՝ լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների համար։ Ուղեցույցը հնարավորություն է տալիս բռնության թեմաները լուսաբանել մասնագիտական և ոչ սենսացիոն ձևով։ Մանրամասն այստեղ։

Դարձեք Պատրոն​

Մենք կերտում ենք ազատ, անկողմնակալ և ոչ անտարբեր մարդկանց համամիություն։ Եթե ցանկանում եք աջակցել մեր աշխատանքին, որն ուղղված է խորը սոցիալական խնդիրները վեր հանելուն՝ սովորական մարդկանց անձնական պատմութունների միջոցով, ապա դա անելու լավագույն միջոցը մեր Պատրոնը դառնալն է։

Տեքստն ավարտվում է, պատմությունը շարունակվում է։

Մեր առաքելությունն է նպաստել փոփոխություններին հասարակության մեջ՝ կոտրելով տաբուները և ազատ քննարկելով այնպիսի կարևոր թեմաներն, ինչպիսիք են բռնությունը, աղքատությունը, խտրականությունը, ծնողական և բժշկական էթիկան և այլն։

Այստեղ պատմված պատմությունները միշտ կլինեն ազնիվ և անկողմնակալ՝ այդ թվում նաև շնորհիվ մեր Պատրոնների։ Դուք նույնպես կարող եք միանալ՝ սեղմելով կոճակն ու ընտրելով աջակցության չափը։ Շնորհակալ ենք!