Կծանի յոթ կյանքերը։

Շան գրառումները, որին բոլորը խորհուրդ էին տալիս քնեցնել։

Կծանի յոթ կյանքերը։

Տեքստ՝ Հասմիկ Հովհաննիսյան
Թարգմանություն՝ Լիանա Գորգինյան
Թարգմանության խմբագրում՝ Արփի Խալաթյան

[post_published]

[show_post_categories show=”category” hyperlink=”no” parent=”no”]

Շան գրառումները, որին բոլորը խորհուրդ էին տալիս քնեցնել։

18 минут чтения

Կյանք առաջին: Փողոց:

Ես երեք ամսական եմ: Չեմ հիշում՝ ոնց եմ հայտնվել փողոցում: Երևի ինչ-որ ժամանակ մայր եմ ունեցել: Հնարավոր է՝ քույր ու եղբայրներ էլ: Նրանց արդեն չեմ հիշում:

Ամառ է: Տոթ: Ահավոր ուտել եմ ուզում: Աղբամանը, որտեղից ուտելիք էի հայթայթում, փակել էին ծանր կափարիչով: Այլևս հնարավոր չէր բարձրացնել: Ծառի ստվերում պառկած նայում էի դիմացի փողոցի աղբամանին: Կողքով անցնում են երկոտանիներն ու թափոնները նետում մեջը: Որքա՜ն ուտելիք կա նրանցում: Ես վախենում եմ փողոցն անցնել: Այնտեղով հսկայական հրեշներ են սլանում բարձր դղրդյունով:

Երկաթե հրեշներով երկոտանիներն են տեղափոխվում: Երկոտանիները թշնամիներ են: Չգիտեմ՝ ինչով իրենց չեմ գոհացրել, բայց նրանք ինձ ուժասպառ արեցին:

Երկոտանիների երկու տեսակ կա՝ մեծ և փոքր: Փոքրերն ավելի դաժան են: Մի անգամ քարեր էին նետում վրաս: Վիճում էին՝ ով կարող է ավելի դիպուկ նետել: Ուրիշ անգամ մոտս փոքրիկ <<ռումբ>> պայթեցրին: Փոքրիկ երկոտանիները զվարճանում էին, երբ ես վախից ոռնում էի: <<Ոնց որ գայլ լինի>> – հրճվում էին նրանք:

Մի անգամ մոտեցա մի մեծ երկոտանու: Ես շատ սոված էի, իսկ իր ձեռքին հաց ու միս կար: Մոտեցա և խնդրեցի մի կտոր՝ պոչս թափահարելով: Մեծ երկոտանին վախեցավ և ձեռքից գցեց սենվիչը: Ես արագ բռնեցի, դե շատ սոված էի, իսկ մեծ երկոտանին ցավեցրեց ինձ՝ ոտքով հարվածելով:

Ինչ ասես, որ չի եղել: Ամբողջ մարմինս սպիեր են՝ ամենքը մի հիշողություն։

 

***

Փողոցում ապրելու կանոնները շատ պարզ են. պաշտպանվիր՝ ոնց կարող ես, եթե չի ստացվում՝ փախիր: Ես լավ չեմ պաշտպանվում: Երկոտանիներն ավելի լավ են զինված: Նրանք կարող են քարեր նետել մեծ հեռավորությունից, իսկ ես հարձակվելու համար պետք է շատ մոտենամ նրանց:

Ես սկսեցի սրել ատամներս և հաչալ: Հիմա ես ոչ մեկին չեմ վստահում: Փորձում եմ առաջինը ես հարձակվել:

***

Ահավոր ուտել եմ ուզում: Մյուս փողոցի վրա այնքան համով ուտելիք կա: Ի՞նչ կլինի, եթե անցնեմ: Ես շատ արագ եմ վազում: Սպասեմ, մինչև հրեշները քչանան ու վազեմ: Որոշված է: Հանկարծ երկինքն ու գետինը փոխվեցին տեղերով: Հրեշն ինձնից արագ էր: Մեջքս ուժեղ ցավում է: Փախչել: Երկոտանիներից, իրենց հրեշներից հեռու մի ապաստան: Ինչո՞ւ չեմ կարող վեր կենալ: Ինչու՞ ոտքերս չեն շարժվում:

Ինչ-որ մեկն անցնում է: Հիմա թշնամիներն ինչ ուզեն կարող են անել ինձ հետ: Ոտքերս չեմ զգում: Ինչու՞ ոչ ոք չի հարձակվում: Երկոտանինեը հանկարծ բարիացան: Գլուխներն օրորելով շշնջում էին — <<բախտը չբերեց>>, <<խեղճը>> <<կսատկի>>: Երկաթե հրեշները դանդաղ շրջանցում էին ինձ:
Փորձում եմ հենվել առջևի թաթերիս վրա: Դանդաղ, բայց ստացվում է: Առջևի ուսերս դեռ ամուր են և պահում են մարմինս: Փոքրիկ փողոց է: Այնտեղ էլ կան երկաթե հրեշներ, բայց այնքան էլ շատ չեն:
Դեռ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Պետք է սպասել և ոտքերս նորից կշարժվեն: Շատ երկար եմ սպասում: Քանի՞ ժամ է անցել: Թե՞ օր:
Դիմացս մի երկոտանի է կանգնում: Ես սրում եմ ատամներս: Օրորում է գլուխն ու գնում: Վերադառնում է ապխտած երշիկով: Դնում է իմ առաջ: Ես շատ սոված եմ, բայց ցավից չեմ կարողանում ուտել: Պառկում ու ոռնում եմ: Մի ամբողջ հավերժություն է թվում:

Կյանք երկրորդ։ Աիդա

Երկու երկոտանի մոտեցան: Ասացին, որ վրայովս մրջյուններ են քայլում: Ինձ պետք է տեսափոխել կլինիկա: Ես չգիտեի՝ ինչ է <<կլինիկան>>, բայց ինձ միևնույնն էր: Ես ցավից խելագարվել էի: Թույլ տվեցի ինձ արկղի մեջ տեղավորել և տանել:
Կլինիկայում մի խիստ երկոտանի ասաց, որ ողնաշարս ջարդվել է և ես էլ երբեք չեմ քայլի: Առաջարկեց ինձ քնեցնել: Կարծես թե դա վատ բան էր: Երկոտանի կանայք շատ տխուր նայեցին վրաս: Բայց ես ինձ լավ էի զգում: Իմ մեջ ինչ-որ բան ներարկեցին և ցավն անցավ:

***

Երկոտանի կանանց անուններն էին Աննա և Աիդա: Աիդան առաջին երկոտանին էր, որին ես սիրեցի: Ես սկսեցի ապրել նրա պատշգամբում: Նա կերակրում էր ինձ համով ուտելիքով օրը մի քանի անգամ: Փողոցում ես երբեք այդպես չեմ ապրել:
Աիդան վերադառնում էր աշխատանքից և երկար զրուցում հետս: Պատմում էր, որ ինքը, Աննան և ուրիշ երկոտանիներ օգնում են ինձ նմաններին: Եթե ինչ-որ մեկը մնացել է առանց մայր կամ հիվանդացել է, իրենք գալիս են, վերցնում նրան, խնամում, բուժում և ընտանիք գտնում իր համար:

***

Երկու ամսից ես տեղափոխվեցի տատիկի մոտ, որը համաձայնեց ժամանակավոր որդեգրել ինձ: Երկար պառկելուց մաշկս հարվել էր, արնահոսում էին: Դրանք պետք էր մշակել օրը մի քանի անգամ:
Տատիկը ծեր էր. հազիվ էր քայլում: Նա ինձ կերակրում էր, բայց վերքերից գլուխ չէր հանում: Աիդան աշխատանքից հետո ամեն օր այցելում էր ինձ ու մշակում վերքերս:
Այնքան էի ուրախանում, երբ գալիս էր: Արագ-արագ սողում էի իր մոտ՝ ետևի չենթարկվող թաթերս քարշ տալով: Նա ինձ գրկում էր և ասում, որ մի ցանկություն է փայփայում. որ ես շուտ լավանամ ու քայլեմ:
Աիդան հաճախ էր լացում: Ասում էր, որ սպիտակ խալաթով խիստ երկոտանին և մյուսները իրենց խմբից համոզում են իրեն քնեցնել ինձ: Ես արդեն գիտեի՝ դա ինչ է: Դա, երբ մաշկիդ տակ հեղուկով ասեղ են ներարկում, դու քնում ու էլ երբեք չես արթնանում:
Բայց Աիդան ասում էր, որ գիտի, որ ես կարող եմ քայլել: Ես մեծ ուրախությամբ կքայլեի: Ես տխրում էի, երբ Աիդան լացում էր: Ես փորձում էի, ազնիվ խոսք, բայց ինձ մոտ չէր ստացվում:

***

Մի անգամ Աիդան եկավ ու լացեց սովորականից էլ շատ: Տատիկն էլ էր լացում: Աիդան ասաց, որ Աննան ու խմբի մյուս երկոտանիները որոշել են, որ ինքն ինձ տանջում է. վերքերս չեն լավանում․ ես երբեք չեմ կարողանա քայլել և միասին որոշել են, որ պետք է ինձ քնեցնել:
Աիդան ասաց, որ չի ուզում, որ ես տանջվեմ և համաձայնել է քնեցնել: Վաղը կգա խալաթով խիստ երկոտանու հետ և ինձ կներարկեն: Իսկ հետո ես կվազվզեմ ծիածանի վրայով ազատ ու անցավ:
Տատիկն ինձ հիմնականում կերակրում էր: Բայց այդ օրը նույնիսկ ինքը սկսեց խոսել հետս և ամոթանք տվեց, որ ստիպում եմ Աիդային լացել:

***

Ամբողջ գիշեր չքնեցի: Երկար մտածեցի: Երկար փորձեցի: Չգիտեմ՝ ինչ էր կատարվում: Գուցե ես շատ վախեցա ներարկումից: Բայց առավոտյան, երբ տատիկն եկավ ափսեն ձեռքին, ես հանկարծ վեր կացա և մի քանի քայլ արեցի դեպի ինքը: Ես օրորվում էի, ոնց որ նավը փոթորկի ժամանակ. դա ինձ հետո տատիկն ասաց: Բայց գնացի:
Տատիկը ձեռքից գցեց ուտելիքով ափսեն ու մի երիտասարդ երկոտանու պես տուն վազեց: Մինչ ես գետնից կուտեի միսս, նա գոռում էր հեռախոսի մեջ, ասելով Աիդային՝ — Քայլու՜մ է, քայլու՜մ է:
Ջրի մոտ պառկած էի, երբ եկավ Աիդան: Ես վեր կացա և գնացի իր մոտ: Ավելի լավ, քան առավոտը: Աիդան գրկեց ինձ ու լաց եղավ: Տարօրինակ են այս երկոտանիները. տխրում են՝ լաց են լինում, ուրախանում են՝ լաց են լինում: Ասաց, որ ամբողջ մարմնով փշաքաղվել էր, ոնց որ մրջյուններ վազեին մարմնով: Նայեցի նրա մերկ ձեռքերին. այնտեղ ոչ մի մրջյուն էլ չկար: Սիրում են էլի բաներ հորինել:

Կյանք երրորդ: Տուն

Ես նորից տեղափոխվեցի: Տատիկն ավելի ու ավելի էր վատանում: Արդեն չէր կարողանում ինձ համար ուտելիք պատրաստել: Շատ երկար ինձ համար ապաստան փնտրեցին, բայց ոչ մեկ չէր ուզում hաշմանդամություն ունեցող շուն պահել: Ինչպես հասկացա՝ հաշմանդամությունն այն է, երբ դու էլ ոչ մեկին պետք չես:
Աննան ինձ իր մոտ տարավ: Ինձ հետ նա երեք օր դիմացավ: Չեմ մոռանում, որ համոզում էր Աիդային՝ քնեցնել ինձ և իսկապես բոլորը վախենում էին, որ քնած ժամանակ կքնեցնի ինձ։
Դրա համար էլ չէի քնում, ոչ էլ իրեն էի թողնում: Հենց Աննան շարժում էր անում, սլանում էի իր մոտ: Սրում էի ատամներս և գռմռում: Երեք օր՝ գրեթե ողջ ժամանակը, Աննան անցկացրեց բազմոցին: Միայն այնտեղ էր նա ինձնից ապահով. ես դեռ չէի կարող բարձրանալ այնտեղ:
Աննային մի ուրիշ երկոտանի էր այցելում՝ Տիկան: Ես նրան ձեռք չէի տալիս: Այնքան անտեսանելի էր, այնպես նիհար և ինձ նման վախենում էր ներարկումներից: Մի խոսքով, իրար հասկացանք:

***

Մի երեկո եկավ Հասմիկը: Աննան վեր թռավ տեղից, ճչաց, որ զգույշ լինեմ. ես կծում եմ: Բայց Հասմիկը մոտեցավ ինձ, նստեց գետնին և շոյեց գլուխս: Այնքան անսպասելի էր, որ մոռացա ատամներս սրել:
Նա ասաց, որ տուն ենք գնում: Ինձ այդ բառը դուր եկավ: Դրանից հանգստություն էր հորդում:
Երբ ներքև իջանք, ես լարվեցի: Բակում երկաթե հրեշ կար: Այն հրեշի նման, որն իմ ողնաշարը կոտրեց: Չէի ուզում մոտենալ: Կանգնել դողում էի: Հասմիկը գրկեց ինձ ու դրեց ինձ հենց հրեշի փորի մեջ:
Հրեշը շատ մաքուր էր ու անուշաբույր: Սա հաստատ նրանցից չէր, որոնք ողնաշար են կոտրում: Ուզեցի ինչ-որ կերպ արտահայտել՝ ինչքան լավ ու հանգիստ է ինձ համար այստեղ: Նստեցի ու միզեցի: Որպեսզի ոչ մի կասկած չթողնեմ, թե ինչքան է ինձ դուր եկել, ես նաև պակակալա:
Հասմիկը դուրս թռավ հրեշի միջից ու սկսեց գոռալ: Այնպես բղավեց, որ Տիկան դուրս վազեց Աննայի տնից, անձեռոցիկներ բերեց ու սկսեց արագ-արագ մաքրել:
Հասմիկը երկրորդ երկոտանին էր, որին ես սիրեցի: Բայց նա էլ տարօրինակություններ ուներ: Օրինակ, փոքրիկ, անվնաս կղանք տեսնելիս այնպես էր գոռում ու ձեռքերը թափ տալիս… քիթն էլ փակում էր: Բան չեմ հասկանում: Ինձ, օրինակ, փոքրիկ կղանքները շատ էլ դուր են գալիս:

***

Տունն ինձ դուր եկավ: Այստեղ շատ շներ կան: Շատ մեծերն էլ կան: Դրանց ձի են անվանում: Բոլորը նորմալ քալում են: Այստեղ ուրիշ երկոտանի էլ է ապրում: Նրա անունն էլ է Աննա: Ինձ դուր եկավ: Այստեղ երկոտանի տղամարդիկ էլ կան և ես նրանց վրա հարձակվում եմ: Հնարավոր է՝ տղամարդիկ լավն էլ են լինում, բայց ինձ դեռ միայն ցավեցնողներն են հանդիպել:
Մոռացա ասել, որ ես հիմա անուն ունեմ: Քանի որ ես բոլորի վրա հարձակվում եմ, և, եթե հաջողվում է՝ կծում, անունս դրեցին Կծան:

***

Այստեղ գալիս են փոքր երկոտանիներ՝ երեխաներ: Գալիս են թերապիայի: Դա, երբ նրանք չեն կարողանում քայլել. էլի անհաջող հանդիպում են ունեցել հրեշի հետ, և նրանց նստեցնում են ձիու վրա, որ սովորեն: Ես երեխաներին չեմ սիրում: Նրանք էլ են ինձ նեղացրել: Ինձ մոտիկ չեն գալիս: Ոչ էլ մեծ երկոտանիները: Բոլորն ինձնից վախենում են:
Շներն ինձ հետ չեն խաղում: Ես փորձել եմ մոտենալ իրենց, բայց իրենք հասկացել են, որ ես ուրիշ եմ և փախել են ինձնից: Նրանք արագ վազվզում էին, թավալ տալիս խոտերի մեջ: Իսկ ես արագ քայլել անգամ չէի կարողանում:

***

Մի անգամ պառկած էի խոտերին, ինձ այնքան միայնակ էի զգում: Հանկարծ փոքրիկ շուն մոտեցավ: Պառկեց իմ դիմաց, ձգեց առջևի թաթերը դիպչելով իմ ձգած թաթերին: Այդպես մի քիչ մնաց մոտս ու փախավ:
Հաջորդ օրը նորից եկավ: Անունը Միկկի Մուկ էր: Նրան այդպես են անվանել, որովհետև հրաշալի որսում է դաշտային մկներին: Մկների բները մուտք ու ելք ունեն: Միկկի Մուկը մտցնում է գլուխը մի ծակով և սկսում, իբր թե, փռշտալ: Վախեցած մկները փախչում են մյուս ծակով և Միկկի Մուկը նրանց որսում է:
Միկկի Մուկն իմ առաջին շուն ընկերն է: Նա երբեք փողոցում չի ապրել: Նա ուրիշ տուն ու տերեր ուներ: Տերերը այն երկոտանիներ են, ովքեր քեզ համար ուտելիք են պատրաստում և թողնում իրենց հետ ապրել: Իսկ նրա տերերը նրան թողել են հղի, առանց ուտելիքի և ջրի և մի քանի օրով գնացել շատ հեռու: Նա ծնել է և կերել իր քոթոթներին, որպեսզի նրանք դանդաղ ու տանջալի մահով չմահանան: Տերերը սարսափեցին ու դուրս շպրտեցին նրան տնից:
Մենք երկար այդպես նստեցինք՝ թաթը թաթին, և զրուցեցինք: Միկկի Մուկն ինձ պատմեց, որ այստեղ բոլոր շները կամ փողոցից են կամ էլ նրանց լքել են երկոտանի տերերը: Մենք նաև վազվզում էինք միասին: Ավելի ճիշտ նա վազում էր, ես՝ գնում իր երևից: Ինձ դժվար էր երկար ոտքի վրա մնալ. ես ընկնում ու սողում էի: Միկկին այդ ժամանակ կանգնում ու ինձ էր սպասում:

***

Երբ ես Միկկի Մուկի հետ չէի խաղում, ամենուրեք հետևում էի Հասմիկին: Ես իրեն շատ սիրեցի, իրոք: Նա ասում էր, որ ես իր ստվերն եմ: Դա այնպիսի բան է, որն արևին ամեն տեղ գալիս է հետդ, ուղղակի գետնին պառկած:

***

Մի օր Հասմիկն ասաց, որ հիմա մեզ մոտ ինտենսիվ թերապիա կսկսվի: Ես վախեցա, որ հիմա ինձ էլ կնստեցնեն ձիու վրա: Բայց Հասմիկն ինձ դաշտ տարավ, որտեղ ջրով լի ակոսներ էին: Նա ցատկեց ակոսի վրայով ու կանչեց ինձ: Ես ընկա ջրի մեջ:
Մենք դա ամեն օր անում էինք: Այնքան, մինչև ես կարողացա ցատկել: Երկա՜ր քայլում էինք: Որպեսզի ոտքերս ամրանան: Երբ հոգնում էի, պառկում էինք խոտերին ու հանգստանում:
Հետո Հասմիկը սկսեց իրարից ոչ հեռու տեղադրել ձիու խոտի տուկեր, իսկ ես պետք է դրանց վրայով անցնեի: Նա այնպես էր տեղադրում դրանք, որ ես միայն դրանց վրայով կարողանամ հասնել իրեն: Ես շատ էի վախենում: Առջևի ոտքերս դրեցի տուկի վրա, բայց ետևինները սայթաքեցին ու ես ընկա:
Երբ սովորեցի բարձրանալ տուկի վրա, Հասմիկը աստիճաններ սարքեց երկու տուկից, հետո՝ երեքից: Առաջարկում էր բարձրանալ դրանցով: Ասում էի չէ, որ այս երկոտանինեը տարօրինակ են: Նույնիսկ նրանց խաղերն են տարօրինակ:
Ես քնում էի ախոռում՝ ձիերի տանը: Մի օր, երբ Հասմիկը տվեց ձիերին իրենց երեկոյան խոտը, ինձ ձայն տվեց: Ես լսում էի իր ձայնը, բայց չէի հասկանում՝ որտեղից է այն գալիս: Գնացի նրան փնտրելու ու տեսա, որ նա նստած է տուկերի վերևում, տանիքի տակ և ինձ է կանչում: Որպեսզի պատկերացնեք՝ մեր ախոռի տանիքի բարձրությունը 4,5 մետր է:
Ես, իհարկե, հրաժարվեցի: Սկսեցի կլանչել, որ ինքն իջնի ինձ մոտ: Բայց Հասմիկն ասաց, որ գիշերն էլ այնտեղ կմնա, մինչև ես չբարձրանամ:
Ես քարացել էի: Բայց շատ էի ուզում իր մոտ գնալ: Երեք աստիճան բարձրացա, սկսեցի վախենալ ու հետ գլորվեցի: Այդ ժամանակ Հասմիկն իջավ ինձ մոտ ու ասաց, որ մենք հիմա միասին կբարձրանանք: Միասին այդքան էլ վախենալու չէր: Ինքս էլ չնկատեցի՝ ոնց հայտնվեցինք տանիքի տակ:
Մենք նստել էինք ամենավերևում, Հասմիկն ինձ լիքը-լիքը համբուրեց ու ասաց, որ ես կեցցեմ, որ ամբողջ մարմինը փշաքաղվել է, ոնց որ մրջյուններ վազվզեն մարմնով: Ես այս անգամ ոչ էլ ստուգեցի: Հիշում եք չէ՞ այդ հորինված մրջյունների պատմությունը։

***

Հիվանդացա։ Մարմինս շատ տաք էր, իսկ հեղուկ կղանքիս մեջ արյան կաթիլներ էին երևում։ Հասմիկի վախեցած հայացքից հասկացա, որ լուրջ հիվանդ եմ։ Նա զանգեց Միհրանին։ Միհրանն այն խիստ երկոտանին էր, որն ուզում էր մահացու ներարկում անել ինձ։ Եթե ողնաշարդ կոտրված չի, նա քեզ ուրիշ ներարկումներ կանի․ նրանցից ոչ թե կմահանաս, հակառակը՝ կլավանաս։ Երկոտանիների կյանքում ամեն ինչ շատ պարզ է՝ ներարկումներ, արցունքներ, մարմնի վրա վազող մրջյուններ։ Կյանքի բոլոր իրավիճակներում։
Միհրանը հեռու էր իր այն տնից, որ կլինիկա էր կոչվում, ուստի չէր կարող մեզ ընդունել։ Հասմիկն ու Աննան մտահոգված նայեցին վրաս ու երկու բառ արտասանեցին՝ <<էնտերիտ>> և <<արաղ>> ։
Այն ժամանակ ես չգիտեի, որ էնտերիտը սարսափելի հիվանդություն է։ Մեզ մոտ դրանից շատ-շատ կար։ Դրանից մահանալը շատ հեշտ է։ Մանավանդ, երբ փոքր ես։ Իսկ ես այդ ժամանակ վեց ամսեկան էի։
Արաղի մասին չեմ էլ ուզում պատմել։ Զզվելի հեղուկ է։ Ամեն ինչ այրում է ներսումդ։ Նույնիսկ հիվանդությունները։
Արաղի հոտն ինձ դուր չեկավ, և նրանք զոռով լցրին բերանս։ Նույն բանը հաջորդ օրը։ Եվ գիտեք՞՝ այդ մեթոդը աշխատեց․ ես առողջացա։ Չնայած հետո Միհրանը դրա համար բարկացավ Հասմիկի ու Աննայի վրա։

***

Երկու երկոտանի եկան տեսախցիկներով։ Ֆիլմ էին նկարահանում գայլերի մասին։ Գայլերն այն շներն են, որոնց մարդը չի ընտելացրել։ Նրանք ձագ էին փնտրում, որը գայլի ձագի դեր կխաղա։ Նրանցից գլխավորն ասաց, որ ամենաշատը ես եմ նման։ Ֆիլմի անունը չգիտեմ, բայց եթե ֆիլմ տեսնեք, որտեղ պառկած ու ատամները սրած գայլուկ կա, իմացեք՝ այդ ես եմ։

Կյանք չորրորդ։ Ծննդաբերություն։

Ես երկու տարեկան եմ։ Տղա ընկեր ունեմ։ Անունն Ասլան է։ Նույն վանդակում ենք ապրում։ Միասին վազում ենք։ Ես բավականին արագ եմ վազում։ Բայց օրորվում եմ հարբածի պես։ Հարբածը, երբ շատ-շատ արաղ ես խմել ու չես կարողանում ոտքի վրա կանգնել։ Բայց ես էլ արաղ չեմ խմել հիվանդանալուց հետո։ Ուղղակի իմ ողնաշարը ջարդված է ու ես երբեք մյուս շների պես ուղիղ չեմ քայլի։ Բայց ես արդեն սովորել եմ դրան և ինձ վատ չեմ զգում։
Ասլանը լպստում էր դեմքս ու կիսվում ինձ հետ ուտելիքով։ Ինձ համար ոսկորներ էր հայթայթում։ Մեկն անմիջապես ուտում էի, մյուսները թաքցնում հետոյի համար։ Երբ ուրիշ տղաներ են ինձ մոտենում Ասլանը կամաց գռմռում է ու նրանք անմիջապես հեռանում են։ Ասլանը մեծ է և ուժեղ։ Նրանից բոլորը վախենում են։
Հասմիկն ու Աննան այդքան էլ չեն խրախուսում մեր ընկերությունը։ Չգիտեմ՝ ինչու։ Ժամանակ առ ժամանակ գնում ենք Միհրանի մոտ՝ ստուգումների։ Ամեն անգամ նա ինձ դնչկալ է հագցնում։ Որ չկծեմ։ Մենք իրար չենք սիրում։ Ես լավ հիշողություն ունեմ։ Ամեն անգամ Միհրանն ասում է, որ ես անտանելի եմ և այնուամենայնիվ լավ կլիներ ինձ քնեցնել։
Հասմիկն ու Աննան պատմեցին իմ ու Ասլանի ընկերության մասին և խնդրեցին Միհրանին ինձ ստերջացնել։ Չգիտեմ՝ դա ինչ է նշանակում, համենայն դեպս այնքան սարսափելի չի հնչում, որքան՝ քնեցնելը։
Միհրանը հրաժարվում էր։ Ասում էր, որ ոտքերս հնարավոր է չդիմանան և դադարեմ քայլել։ Ասում էր, որ չանհանգստանան․ Ասլանը չի կարող ինձ վրա թռնել, ոտքերս կխաչվեն ու կընկնեմ։ Ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչ են խոսում։ Միայն ուզում եմ, որ Միհրանը հանի վրայիս անիմաստ դնչկալը։

***

Միհրանը, փաստորեն, խիստ թերագնահատեց իմ ոտքերը։ Իմ փորիկում նոր էակներ հայտնվեցին։ Նրանք կենդանի էին։ Մեծանում էին։ Ինչ-որ մեկը նկատեց, որ ես մի քիչ գիրացել եմ։ Հետո ես դա նկատեցի մյուս շների մոտ։ Նրանց փորը դառնում էր հսկայական, իսկ իմը հազիվ նկատելի էր։

Բոլորը հասկացան՝ ինչ է կատարվում, երբ այդ փոքրիկ էակները սկսեցին դուրս գալ իմ միջից։ Հասմիկը շփոթմունքի մեջ այս ու այն կողմ էր գնում, զանգում Միհրանին, ասում, որ ես կմահանամ, գոռում, որ արդեն ուշ է ինձ հասցնել։ Բայց Աննան հանգստացրեց նրան և սկսեց ինձ օգնել։
Ես վեց տղա ձագուկ ունեցա։ Շատ սիրուն էին։ Անընդհատ ուտել էին ուզում։ Ինձ երեք անգամ կերակրում էին, բայց նրանց համար էլի քիչ էր։ Ես նրանց մենակ էի թողնում միայն երբ գնում էի զուգարան։ Մնացած ամբողջ ժամանակ իրենցից չէի հեռվանում և հարձակվում էի բոլորի վրա, ով մոտենում էր։ Հասմիկի ու Աննայի վրա միայն գռմռում էի, բայց նաև նրանցից վախենում էր․ ես ուղղակի չգիտեի՝ ոնց են վերաբերվում իմ տղաներին։ Աննան ասում էր, որ ինձ մոտ մայրական բնազդն է հայտնվել։
Մարդիկ գալիս ու նայում էին ինձ ու ձագուկներիս։ Բոլորն ասում էին, որ ես լավ մայրիկ եմ ու որ սա հրաշք էր։ Հրաշքը, երբ կատարվում է մի շատ լավ բան, որը ոչ մի կերպ չէր կարող տեղի ունենալ։

***

Ես կորցրի վեց ձագուկներիս։ Նրանք մահացան մեկը մյուսի հետևից ու ես ոչինչ չկարողացա անել։ Ոչ մեկին թույլ չէի տալիս դիպչել մահացած ձագերին։ Թաքուն տանում էի հեռու, թաթերով փոս փորում ու թաղում այնտեղ։ Եվ այդպես բոլորին։
Չէ, ես չդադարեցի սնվել։ Գիշերներն էլ չէի ոռնում։ Լուռ էի։ Ոչ ոքի հետ շփվել չէի ուզում։ Ոչինչ չէի ուզում։ Հասկանալ էլ չէի ուզում, թե ինչու։
Միհրանն ասաց, որ նրանք մահացել են, որովհետև ես վարակ ունեի։ Վարակը, երբ ներսումդ դաժան էակ է ապրում, որը սպանում է երեխաներին։
Նա ասաց, որ հիմա ինձ հաստատ պետք է ստերջացնել, թե չէ ես էլ կարող եմ մահանալ։

***

Ստերջացնելուն նախորդող գիշերը Հասմիկը երկար զրուցեց հետս։ Ասում էր, որ չանհանգստանամ ու որ ամեն ինչ լավ կլինի։ Ինձ շոյում էր ու լացում։ Ինձ թվում է՝ լացելն իր սիրելի զբաղմունքն է։ Ես դեմ չեմ, միայն թե լավ կլիներ դա ինձնից հեռու անել։ Իր լացից հետո ամբողջ դեմքս թրջվում է։
Միհրանն ինձ դնչկալ հագցրեց և վերցրեց ներարկիչը։ Ճիշտ է, ես փորձեցի դիմադրել, բայց եթե Միհրանը որոշել էր ներարկում անել, ոչինչ նրան չէր խանգարի։ Նա միշտ ավելի արագ է դա անում, քան դու կհասցնես ատամներդ սրել։
Մի քիչ հետո ահավոր քնել էի ուզում։ Ես մինչև վերջ դիմադրում էի․ Միհրանի հետ պետք է զգույշ լինել և, ամենակարևորը՝ սթափ։ Բայց մարմինս ինձ չէր ենթարկվում։ Միհրանն ասաց, որ ինձ արդեն կարող են պառկեցնել սեղանին։ Տարածեց ոտքերս և կապեց սեղանին։ Հասմիկը փորձեց օգնել նրան, բայց ձեռքերն այնպես էին դողում, որ Միհրանը առաջարկեց, որ նրան էլ ներարկում անել։

***

Հետո չգիտեմ՝ ինչ եղավ։ Ես ընկա մթության մեջ։ Երբ արթնացա, շուրջս ամեն ինչ լողում ու օրորվում էր։ Պառկած էի գետնին՝ ծածկոցի վրա։ Կողքս ինչ-որ բան էր վառվում, որից տաքություն էր գալիս։ Չգիտեմ՝ ինչքան այդպես պառկեցի, բայց աստիճանաբար պտույտը շուրջս քչացավ և ես փորձեցի վեր կենալ։ Հասմիկը չմոտեցավ ինձ օգնելու, ոնց որ միշտ անում էր, երբ ոտքերս թուլանում էին և ես սկսում էի նրանց քարշ տալ։ Նա կանգնել էր սեղանի մոտ, սեղմել ձեռքերը և լայն բացված աչքերով ինձ էր նայում։
Մի քանի անհաջող փորձից հետո հաջողվեց կանգնել։ Մի քիչ օրորվեցի, բայց կարողացա ինձ պահել։ Երկու երերուն քայլ արեցի, ընկա, նորից վեր կացա։
Լավ է, — ասաց Միհրանը, -ոտքերն աշխատում են։ Ի՜նչ էլ բախտ ունի։
Հասմիկը վերջապես մոտեցավ ինձ, ծնկի եկավ, և, արդեն գուշակեցիք չէ՞՝ լաց եղավ։ Լավ է, որ Միհրանն արդեն ասել էր, որ ամեն ինչ լավ է։ Թե չէ նրանից չես կարող հասկանալ՝ լավ է թե վատ։ Նա երկու դեպքում էլ լաց է լինում։
Ստերջացումից հետո ես ու Ասլանն ընկերներ դարձանք։ Էլ վրաս չէր բարձրանում։ Երևում է ստերջացումից հետո ինձնից մի կարևոր բան են հանել, առանց որի ես էլ հետաքրքիր չէի նրան՝ որպես ընկերուհի։ Ես դեմ չէի։ Հիշում եմ՝ ոնց մահացան իմ ձագուկները։

Կյանք հինգերորդ․ աուտոիմունային հիվանդություն

Այնպես ստացվեց, որ աչքիս վրա մի փոքրիկ բիծ հայտնվեց։ Սկզբում կարծեցի, թե ինչ-որ բան է ընկել ու փորձեցի թաթով հանել։ Բայց բիծը ոչ միայն չանհետացավ, այլև մեծացավ։ Կարծես աչքիս առաջ ինչ-որ քող լիներ ։ Այն թույլ չէր տալիս նորմալ տեսնել շուրջս։
Մենք գնացինք Միհրանի մոտ։ Նա ասաց, որ ես աուտոիմունային հիվանդություն ունեմ։ Ինձ այլևս արևի տակ լինել չի կարելի։ Եթե արևի ճառագայթներն ընկնեն աչքիս մեջ՝ կդադարեմ տեսնել։ Ամեն օր պետք է աչքիս մեջ դեղ կաթեցնել։ Հայաստանում դրանից չկա․ այն պետք է ուրիշ երկրից բերել։

***

Ես Ասլանի վանդակից տեղափոխվեցի տուն։ Պատուհաններից հաստ կտորներին էին կախել, որպեսզի արևի ճառագայթներն ինձ չհասնեն։ Միայն մթին էի դուրս գալիս փողոց։
Ինձ դուր եկավ տան կյանքը։ Կարելի էր բարձրանալ փափուկ բազմոցին ու պառկել։ Ցերեկը ես բազմոցից իջնում էի միայն ուտելու կամ զուգարան գնալու համար։ Եթե թողնում էին՝ ես փողոցում էի հոգում կարիքներս։ Եթե չէին հասցնում՝ տանն էի անում։ Դրսում ավելի հարմար է, քան տանը, ուղղակի իմ կոտրված ողնաշարի պատճառով երկար չէի կարող պահել։
Ամեն անգամ երբ միզում էի տանը Հասմիկը բղավում էր։ Բայց ես չէի նեղանում։ Արդեն սովորել եմ երկոտանիիների տարօրինակություններին․ սերը մեկ արցունքներով են արտահայտում, մեկ՝ ճիչով։ Որքան շատ են սիրում, այնքան բարձր են գոռում։

***

Հասմիկը շատ է սիրում կռվել։ Կամավորների հետ էլ է կռվում։ Նրանք երկոտանիներ են, ովքեր ապրում են մեր տանն ու խնամում մեզ ու ձիերին։ Այն պահից, ինչ տեղափոխվել եմ տուն, Հասմիկը չի կարողանում իր սիրած խաղը խաղալ։ Օրինակ, հենց ինչ-որ մեկը սեղմում է նրա ձեռքը, ես հասնում ու բռնում եմ նրա հետույքից։
Հասմիկն ինձ բացատրում էր, որ ոչ ոք չի ուզում իրեն նեղացնել, դա ուղղակի հաճույքի համար է։ Միևնույնն է՝ չէի կարողանում ամեն անգամ ինձ զսպել, որ պաշտպանեմ նրան։ Ախր շատ եմ սիրում այդ երկոտանուն։ Մի անգամ նույնիսկ Աննայի վրա եմ հարձակվել, որը մի անգամ կատակով Հասմիկին բահերի վրա էր կանգնեցրել։

***

Ամպամած օրերին կարող եմ ցերեկն էլ դուրս գալ փողոց։ Մեր տան կողքով կովերին արոտավայր տանող հովիվը մեզ՝ շներիս վրա միշտ քարեր է նետում։ Հենց այնպես։ Մյուս շները կատաղում են դրանից, ոռնում, ձևացնում, թե հիմա, իսկապես, կհարձակվեն։ Ես լուռ եմ, չեմ շարժվում տեղիցս։ Այնքան լավ եմ նրան հասկանում։ Միգուցե իր կյանում էլ են պատմություններ եղել, և հիմա էլ իր մոտ վստահել չի ստացվում։

***

Աչքերիս քողը շատ էր խանգարում։ Ստիպված էի գլուխս մի կողմ թեքել, որ կարողանամ կենտրոնացնել հայացքս։ Ես ամեն դեպքում գռմռում էի բոլորի վրա, ով տուն էր մտնում, հետո կողմնորոշվում՝ ով ով է։
Մի օր կամավոր եկավ։ Երբ մտավ, ես գռմռացի, և փոխանակ նեղանալու, նա մոտեցավ ու շոյեց գլուխս։ Այնքան անսպասելի էր, որ մոռացա կծել։ Շոյեց ինձ ու ժպտալով ասաց, որ ես շատ սիրուն եմ ու գայլուկի եմ նման։
Ինձ դուր եկավ կամավորը։ Միշտ ժպտում էր ու զրուցում հետս։ Նա շատ կարևոր կամավոր էր իմ կյանքում։ Իրենից հետո սկսեցի մտածել, որ ոչ բոլոր տղամարդիկ ու երեխաներն են վտանգավոր։ Հասմիկն ասում է, որ նրանից հետո ես վերջապես սովորեցի վստահել։ Նույնիսկ դադարեցի հարձակվել։
Ինչպես թե դադարեցի։ Էլեկտրիկի վրա առաջվա պես՝ անմիջապես հարձակվում եմ, եթե առանց զգուշացնելու է գալիս։ Ասլանն է սովորեցրել։ Չնայած իր սարսափազդու տեսքին, նա բոլորի հետ քնքուշ է ու բոլորին սիրում է։ Միայն էլեկտրիկի վրա է հարձակվում։ Դատեք ինքներդ։ Էլեկտրիկն այն մարդն է, որը գալիս է էլեկտրաէներգիայի համար գումար պահանջելու։ Գումարն այն թղթերն են, որով մեզ համար ուտելիք են գնում։ Ստացվում է՝ էլեկտրիկն ուզում է զրկել մեզ ուտելիքից։
Ճիշտ է՝ ես դադարել էի մյուսների վրա հարձակվել։ Եվ դա շատ լավ էր։ Մի պատմություն կա ինձ հետ կապված, որ մինչև հիմա ինձ հանգիստ չի տալիս։
Մի անգամ երկոտանի երեխաներ էին եկել մեզ մոտ՝ իրենց ծնողների հետ։ Ես մոտեցա փոքր երկոտանում ու թեթև ճանկռեցի իր հետույքը։ Պրոֆիլակտիկ։ Նրա ձեռքին ճյուղ կար, իսկ ես չգիտեի՝ ինչ է պատրաստվում դրանով անել։ Նա լաց եղավ, մայրը մոտեցավ, բացեց հետույքն ու ասաց, որ թեթև քերծվածք է, որ հենց նա է մեղավոր․ երևի փայտով հարվածել է ինձ։ Բոլոր շներն այստեղ շատ քնքուշ են․ ոչ ոք հենց այնպես չէր կծի։ Տղան լաց էր լինում, պնդում, որ ոչինչ չի արել, բայց մայրը չհավատաց։ Նորից շոյեց ինձ ու ներողություն խնդրեց։ Ես իսկապես շատ եմ ամաչում այդ պատմության համար։

***

Ամռանը ես նորից տեղափոխվեցի: Մշտապես թերապիայի և այցելության եկող երկոտանիները բացում և փակում էին դռները։ Ես դուրս փախա արևին։ Ինձ նորից տեղափոխեցին ձիերի ախոռ։ Փոքրիկ պատուհանը փակեցին ստվարաթղթով։ Ցերեկն ախոռում կիսախավար էր։
Որպեսզի քող չլինի աչքերիս առաջ, ինձ միշտ պետք էր դեղ կաթեցնել։ Ինչպես հիշում եք՝ Հայաստանում դրանից չէին վաճառում։ Մարիաննան և Մերին՝ երկու հրաշալի երկոտանի քույրիկներ, միշտ գտնում էին դեղը բերելու ձևը ուրիշ քաղաքից, որը Մոսկվա է կոչվում։ Նրանք էլ են շուն ունեցել իմ հիվանդությամբ ու գիտեին, թե ինչքան կարևոր է այդ դեղը։

***

Այդ տարի մի կարևոր իրադարձություն եղավ։ Ես ու Միհրանն ընկերացանք։ Ես էլ չէի հարձակվում նրա վրա, ինքն էլ սկսել էր ինձ հարգել, որ այդքան ուժեղ եմ։

Ձմեռը մեզ մոտ համաճարակ սկսվեց։ Դա, երբ բոլորը նույն հիվանդությամբ են հիվանդանում։ Այն конурным հազ էր կոչվում։ Բոլոր շները անդադար հազում էին։ Ինձ ու Ասլանին տարան Միհրանի մոտ, որ իմանան՝ ինչ հիվանդ ենք։ Ինձ տանում էին, որովհետև ես բոլորից ծանր էի հիվանդացել, իսկ Ասլանին, որովհետև մենք լավ էինք կարողանում գնալ նույն մեքենայով։
Միհրանը բուժում նշանակեց՝ հաբեր և ներարկումներ։ Զգուշացրեց, որ բուժումը կարող է երկար տևել և որ մահացու ելքի հավանականություն էլ կա։ Այդ ասելով նա ինձ նայեց։ Բայց ես չէի պատրաստվում մի հազի պատճառով հանձնվել։ Այդպիսի բանե՞ր ենք հաղթահարել։
Ամեն օր Հասմիկն ու Րաֆֆին հավաքում էին դեղնավուն հեղուկով 36 ներարկիչ, լիքը դեղահաբեր և գալիս մեզ բուժելու։ Րաֆֆին երկոտանի է, որն ապրում է Ուշիում և հրաշալի օգնում է մեզ։ Ես երբեք նրա վրա չեմ հարձակվել, նույնիսկ, երբ չար էի։ Րաֆֆին էլ ինձնից չի վախենում։ Ընդհանրապես նա ոչնչից չի վախենում, բացի՝ <<նորաձևությունից հետ մնալուց>>։ Չգիտեմ՝ ինչ է դա նշանակում․ Հասմիկն այդպես է ասում նրա մասին։
Որոշ շներ չէին ուզում բուժվել, թքում էին հաբերը, ամբողջ վանդակով փախչում ներարկիչը տեսնելիս։ Ես ջանասիրաբար ընդունում էի հաբերն ու աստիճանաբար քթանցքներիցս դադարեցին թարախային հեղուկներ կաթել, թոքերս էլ մաքրվեցին։
Երբ նորից գնացինք Միհրանի մոտ, ես արդեն չէի հազում։ Այդ ժամանակ Միհրանն ասաց, որ ես իրոք շատ ուժեղ եմ և, երևում է, ամեն ինչ կարող եմ հաղթահարել։ Շոյեց ինձ։ Առաջին անգամ ինձ դնչկալ չհագցրեց։ Ես էլ լիզեցի նրա ձեռքը։ Այս երկոտանին այնքան անգամներ էր փրկել իմ կյանքը, որ արդեն ժամանակն էր ներել նրան իր քնեցնելու փորձերի համար։

Կյանք վեցերորդ։ Մինինգիտ։

Սիրում եմ գարունը։ Այնքան ջրափոս կա, որի մեջ կարելի է թավալվել։ Այնքան եմ սիրում թաթախվել կեղտի ու գոմաղբի մեջ։
Գարնան սկզբում և կեսերին հաճախ ամպամած է և ինձ թույլ են տալիս ցերեկն էլ դուրս գալ փողոց։
Այդ գարնանը Հասմիկը գնաց։ Ինչպես ինքն էր ասում՝ իր կյանքի առաջին արձակուրդը։ Դա, երբ ժամանակավոր հեռանում ես քո սովորական կյանքից, որ կարոտես ու նորից սիրես այն։ Չէ, Հասմիկը չէր դադարել մեզ սիրել։ Ինքն ուղղակի հոգնել էր մեզ վրա բղավել և որոշել էր հանգստանալ։
Ես, իհարկե, կարոտում էի։ Բայց, մյուս կողմից, կարելի էր ինչի մեջ ասես թաթախվել ու ոչ ոք չէր գոռա վրադ։ Մեզ հետ մնացել էր Աննան, որն էլ մեզ ամեն ինչ ներում էր։

***

Այդքան էլ լավ չեմ հիշում այդ օրը։ Ոչ էլ դրան նախորդողները։ Վերջին բանը, որ հիշում եմ՝ լավ օր էր, արևը ուժեղ չէր այրում, ես երկար քայլում էի ու արևային վիտամիններ ստանում։
Հաջորդ օրը կամավոր Մարիետտան մոտեցավ իմ ախոռին և բղավեց։ Այդ ձայնից շնչակտուր հասած Աննան տեսավ ինձ անշարժ պառկած ախոռում, ցնցումների մեջ այս ու այն կողմ թավալվելիս։
Ինձ անմիջապես հասցրին Միհրանի մոտ։ Պարզվեց՝ ինձ մոտ սուր ուղեղային մինինգիտ է։ Դա, երբ գլուխդ բորբոքվում է, և դու, ոնց որ թե, այստեղ չլինես։ Բացի այդ, լյարդս էր խիստ վնասվել։ Միհրանն ասաց, որ այս անգամ շանսեր, կարելի է ասել, չկան։ Աննան չլիներ՝ այս անգամ որ հաստատ քնեցնելու էր։
Բոլոր տեղի ունեցածների մասին ես իմացա ավելի ուշ՝ Աննայի պատմություններից։ Իսկ այն պահին ոչինչ չէի գիտակցում։ Աննան ինձ տարավ իր մայրիկի մոտ․ մի տեղ, որտեղ էլի շատ շներ կային։ Առաջին երկու օրը անշարժ պառկած էի, շնչահեղձ էի լինում։ Ոչ ուտում էի, ոչ՝ խմում։ Եկավ Աիդան, որին ես նույնիսկ չնկատեցի։ Միհրանը հաբեր էր նշանակել, իսկ Աննան զանգում էր նրան օրական 10 անգամ։ Միհրանն ասում էր, որ այս ամենը պետք է դադարեցնել․ ես տանջվում եմ։
Երրորդ օրն, արդեն, լիզում էի ջուրը։ Փորձում էի վեր կենալ, ընկնում էի։ Հաջորդ օրը ստացվեց վեր կենալ և մի քանի քայլ անել։ Գլուխս ոնց որ մառախուղի մեջ լիներ։ Թվում էր, թե ցավը դրսից սեղմում էր այն։ Աննայի մայրիկի ձեռքին մի կտոր հաց կար։ Մոտեցա և հոտ քաշեցի։
Բոլորն, իհարկե, ուրախությունից լաց եղան։ Բայց Միհրանն, իհարկե, չէր հավատում, որ մի բան կստացվի։ Ես նրան չեմ մեղադրում։ Չէ՞ որ սկզբում ինքս էի ուզում, որ ինձ քնեցնեն, միայն թե այն դժոխային ցավը դադարեր։
Նոր-նոր վիճակս սկսել էր լավանալ, նորից կտրուկ վատացավ։ Այնքան վատացավ, որ Աննան որոշեց գրել Հասմիկին, քանի չեմ մահացել։

***

Հասմիկը վերադարձավ արձակուրդից երկու կամավորների հետ, մեքենա կանգնեցնելով, իրենց հետ վերցնելով ետևի ոտքերը ջարդած մի շուն ու վիրավոր թևիկով մի թռչուն стрижик։ Ինքը ոչինչ չի անում, պարզապես այդ դժբախտները նրան գտնում են։
Երբ Հասմիկն ծնկեց ինձ մոտ, ես քիչ էր մնում կծեի նրան։ Ես նրան միայն 20 րոպե հետո ճանաչեցի։ Ասում եմ չէ՝ գլուխս իր տեղում չէր։ Ես երևի իրոք անմխիթար տեսք ունեի․ Հասմիկը լացում ու լացում էր։ Ինչ-որ բանի համար ներողություն էր խնդրում։ Ասաց, որ առաջին անգամ հասկանում է Միհրանի ցանկությունը՝ ինձ քնեցնելու։
Բայց ես նորից շրջանցեցի։ Շարունակվում էր խիստ բուժումը՝ ներարկումներով և հաբերով։ Նորից ապրում էի տանը, լինում էր հենց այնտեղ էլ միզում էի և արտաթորում, բայց Հասմիկը չէր բարկանում։ Երևի շատ էր վախեցել, որ կկորցնի ինձ։
Այնքան էի նիհարել, ներարկումներից ոտքերս ցավում էին, հավասարակշռությունս գրեթե կորցրել էի, բայց գոյատևում էի։ Մի քիչ ավելի շատ էի օրորվում, երբեմն թափահարում գլուխս։ Պատահում էր՝ հարձակվում էի ինչ-որ շան վրա՝ ինքս էլ չհասկանալով՝ ինչու։
Իսկ այնպես, կյանքը նորից կարգավորվում էր։ Ես ընկերացա նոր կամավորի՝ Ֆյոդորի հետ։ Մոտեցնում էի իրեն վիզս, որ քորի։ Աչքերս փակում, վայելում էի։ Սովորության համաձայն գռմռում եմ բոլոր տուն մտնողների վրա, բայց շուտ հանգստանում եմ և թույլ տալիս շոյել ինձ։ Հասմիկն ասում էր, որ շատ օգտակար բաների հետ մեկտեղ մինինգիտը ազատեց ինձ վնասակար լինելու մի որոշ չափաբաժնից։

Կյանք յոթերորդ։ Կյանք։

Ինձ դուր է գալիս արևի տակ թավալվելը։ Մեր կամավոր Հանսը հատուկ ակնոցներ է բերել Գերմանիայից՝ ինձ նման տեսողության խնդիրներ ունեցող շների համար։
Իմ փրկիչ եռյակը՝Հասմիկը, Աննան և Աիդան երկար քննարկում էին Օպտիմուն դեղը և որոշեցին չտալ ինձ դրանից․ չէ՞ որ դեղերը կողմնակի հետևանքներ են ունենում։ Դա, երբ դեղը բուժում է մի խնդիրը, բայց առաջացնում է ուրիշ խնդիրներ։ Նրանք որոշեցին, որ ակնոցն ավելի լավ է։ Ինձ դուր չեկան ակնոցները․ փորձում էի հանել։ Փոխարենը դրանցով ես կարող եմ արևից վիտամիններ ստանալ։
Ես թեքում էի գլուխս, որ կարողանամ հայացքս կենտրոնացնել և տեսնել։ Հասմիկը ծաղրելով ասում էր, որ ես ոնց որ գիտնական լինեմ։ Չգիտեմ՝ դա ինչ է նշանակում։ Հույս ունեմ՝ գոնե լավ բան է։

***

Ես մեկ ախոռում եմ ապրում, մեկ՝ տանը։ Հիմա էլ ազդրիս վրա վերք է առաջացել և ոչ ոք չգիտի՝ ինչու։ Գարշելի քսուք են քսում վրան և օձիք կապում վրաս։ Դա այնպիսի բան է, որը փաթաթվում է վզիս շուրջ, որը թույլ չի տալիս, որ բերանս հասնի վերքիս։ Այս երկոտանիները սիրում են տարբեր բաներ փաթաթել վրաս։ Ես օձիքի դեմ էլ պայքարեցի, պատռեցի մի քանի տեղից, բայց այն դեռ ամուր է։
Մենք հաճախ ենք զբոսնում դաշտերում։ Մյուսները վազում են, իսկ ես չեմ կարող արագ և երկար վազել։ Հետ եմ ընկնում։ Հասմիկը կանգ է առնում և սպասում ինձ։ Ինձ շատ է խրախուսում։

***

Մեզ հյուր եկող գրեթե բոլոր երկոտանիները սկսում են ինձ խղճալ։ Շատերի համար, եթե դու իրենց պատկերացրած երջանիկ էակը չես, նայում են վրադ ու լաց լինում։ Ընդհանրապես երկոտանիները սիրում են <<երջանկություն>> բառը։ Բայց ինձ թվում է՝ նրանք գաղափար չունեն՝ դա ինչ է։ Մեկ էլ՝ նրանք սիրում են դատողություններ անել մեր մասին, կարծես թե եղել են մեր կաշվի մեջ և ամեն-ամեն ինչ գիտեն մեր զգացմունքների ու ցանկությունների մասին։

Մի անգամ մի երկոտանի եկավ իր շան հետ։ Փոքրիկ շուն էր։ Մազերն էլ մազակալներով հավաքած։ Նա ուզում էր վազել ու խաղալ մյուսների հետ, բայց երկոտանին արագ գրկեց և ասաց, որ տանը իր աղջիկը բազմոցից չի իջնում․ ինքը չի ուզում, որ նա կեղտոտվի։ Ասում էր, որ ինձ նայելն իր համար շատ ցավոտ է ։ Նա ինձ դժբախտ անվանեց։ Չգիտեմ։ Ինձ վրա էլ մազակալներ դնեին ու թույլ չտային բազմոցից իջնել․․․ դա ի՞նչ տեսակ երջանիկ կյանք է։

***

Իմ ամբողջ կյանքի ընթացքում երկոտանիներն ասում էին, որ չի կարելի այդքան ջանք և գումար ներդնել մի շան վրա, եթե կարելի է այն ներդնել մի քանիսի վրա։ Ասում էին, որ ինձ պետք էր քնեցնել։ Հիշու՞մ եք՝ գումարն այն թղթերն են, որ երկոտանիների համար շատ կարևոր է։ Նրանք փոխանակում են այն օրինակ ուտելիքի կամ դեղերի հետ։ Հասմիկն ասում էր, որ մի կյանքը նույնչափ կարևոր է, որքան մի քանի կյանքերը։ Բայց ես մյուս երկոտանիների տեսակետն էլ եմ հասկանում։ Այդ թղթերից, երևում է, աշխարհում այնքան շատ չկա և բոլորին չի հերիքում։
Ես ուրախ եմ, որ ինձ չեն քնեցրել։ Ապրում եմ։ Վազում։ Թավալ տալիս գոմաղբի մեջ։ Քնում եմ փափուկ ու տաք խոտերի վրա, որոնք ուրցով են բուրում։ Ինձ դուր է գալիս մոտեցնել գլուխս, որ քորեն վիզս։ Երկար զբոսնել դաշտերում։ Թավալվել արևի տակ։ Ոսկոր կրծել։ Հետապնդել Պիկասսո անունով կատվին, որն առիթը բաց չի թողնում մտնել պոչիս տակ և հոտ քաշել։ Այնքան շատ եմ սիրում վազել դեպի արբարկղը և փորփրել համեղ ուտելիքները։ Կարևորը՝ վերադառնալուց առաջ մաքրել բոլոր հետքերը, որ Հասմիկը չբարկանա։

Ինձ թվում է՝ շատ կարևոր է, թե ինչպես ես դու քայլում և տեսնում։ Այ ոչ ոքի պետք չլինելն իսկապես տարօրինակ բան է։ Այնքան շներ կան, երկոտանիներ նույնպես, որոնց մոտ ամեն բան իր տեղում է, բայց իրենք ոչ ոքի պետք չեն։ Ինձ թվում է՝ ինչ-որ բան, այնուամենայնիվ, թղթերից կարևոր է։ Շներին, երկոտանիներին և բոլորին պարզապես պետք է սիրել։ Ի տարբերություն թղթերի, սերը շատ է և բոլորին կհերիքի։ Ես չեմ հավակնում բացարձակ ճշմարտությունը գտնել այս հարցի շուրջ։ Պարզապես սա մի շան համեստ կարծիք է, որը շատ բաների միջով է անցել ու գոյատևել հենց սիրո շնորհիվ։

Դարձեք Պատրոն

Մենք կերտում ենք ազատ, անկողմնակալ և ոչ անտարբեր մարդկանց համամիություն։ Եթե ցանկանում եք աջակցել մեր աշխատանքին, որն ուղղված է խորը սոցիալական խնդիրները վեր հանելուն՝ սովորական մարդկանց անձնական պատմութունների միջոցով, ապա դա անելու լավագույն միջոցը մեր Պատրոնը դառնալն է։

Տեքստն ավարտվում է, պատմությունը շարունակվում է։

Մեր առաքելությունն է նպաստել փոփոխություններին հասարակության մեջ՝ կոտրելով տաբուները և ազատ քննարկելով այնպիսի կարևոր թեմաներն, ինչպիսիք են բռնությունը, աղքատությունը, խտրականությունը, ծնողական և բժշկական էթիկան և այլն։

Այստեղ պատմված պատմությունները միշտ կլինեն ազնիվ և անկողմնակալ՝ այդ թվում նաև շնորհիվ մեր Պատրոնների։ Դուք նույնպես կարող եք միանալ՝ սեղմելով կոճակն ու ընտրելով աջակցության չափը։ Շնորհակալ ենք!


Translation of the article was supported by the civic society support programme in Armenia by NESEHNUTÍ (Transition programme of Czech MFA)