Երբ արյունը չի մակարդվում​​

Բիմին թունավորել են մկնդեղով: Սպանությունը մնում է անպատիժ, ինչպես նմանատիպ հարյուրավորները Հայաստանում. ըստ օրենքի դա ընդամենը գույքի վնաս է:
Собака стоит в луче света

Բիմը չկա

Ամառվա շոգ կեսօր է: Շներին բաց ենք թողնում վանդակներից հույս չունենալով, որ կցանկանան դուրս գալ այդ տապին: Բիմը միանգամից դուրս է թռչում, վազում է ցանցե ցանկապատի մոտ, բարձրացնում ոտքն ու միզում դեպի հեռուն ուղղված անքթիթ հայացքով․ առաջինն, ինչ անում է վանդակից դուրս գալիս: Ապա այդ գայլի, եղնիկի ու վագրակատվի խառնուրդը, ինչպես մի օր նկատեց մեկը, վերադառնում է մեզ մոտ, և իր նրբագեղ, սև-սպիտակ մռութը քսմսելով մեր ոտքերին` քնքշանք է պահանջում ու հասնում իր ուզածին: Մի՞թե հնարավոր է մերժել այդ բրդոտ հրաշքին:

Երեկոյան 21:30 է: Բիմը հրաժարվում է ուտելիքից: Քայլում է թույլ ու մոլորված, կարծես չի հասկանում` ուր և ինչու, ոտքը բարձրացնում է, բայց միզել չի ստացվում: Ինչ-որ բան այն չէ․ Բիմոկը երբեք չի հիվանդանում ու ախորժակն էլ միշտ տեղն է: Արագ տեղավորում ենք նրան մեքենայում և ճանապարհին եղած բոլոր արագաչափերի նշանառության ներքո սլանում ենք անասնաբուժական կլինիկա:

Գիշերվա ժամը երկուսին Բիմոկն արդեն չկար: Դիահերձումից պարզ դարձավ պատճառը․ մկնդեղ:

Собака стоит в поле и смотрит в камеру

Մենք վերադառնում էինք՝ Բիմի մարմինը մեքենայի հետևի նստատեղին: Չէինք արտասվում, չէինք խոսում: Ասես այդ ամենը վաղուց էր ու անիրական, թեև ընդամենը մի ժամ էր անցել: Թվում էր՝ ուրիշ մարդիկ էին ՈւՁՀ սարքի էկրանի առջև քարացել ու նայում, թե ինչպես է որովայնի խոռոչում հեմատոման աչքի առաջ մեծանում, և դրա ընթացքը հնարավոր չէ կանգնեցնել: Ուրիշ մարդիկ էին շնչահեղձ լինում Բիմի հետ: Ուրիշ մարդիկ էին մեքենայաբար հաշվում «Վիկասոլ»-ի սրվակները, որ բացում ու աղբամանն էին նետում մեր երկու անասնաբույժները, ովքեր լարված աշխատանքային օրվա հոգնությունից չէին կարողանում ոտքի վրա մնալ ու վաղուց տանը պիտի լինեին:

Սրվակները մեկը մյուսի հետևից հայտնվում էին աղբամանի մեջ, բայց արյունն այդպես էլ չէր մակարդվում: Անասնաբույժի շունը, ում արյունը ներարկեցին Բիմոկի արդեն անհետացող երակների մեջ, փորձեց ծլկել մաքուր օդի, քանի բոլորն զբաղված էին: Բիմոկի գլխուղեղը երկու անգամ անջատվեց թթվածնաքաղցից: Երրորդ անգամ նա էլ հետ չեկավ: Դյուրահավատ աչքերում հավերժ սառեց զարմանքը:

Ամեն երեկո հաստատ որոշում եմ առավոտյան կանգնել հայելու առաջ և ինքս ինձ ասել` Բիմը չկա: Կրկնել այնքան ժամանակ, մինչև գիտակցեմ ողջ եղելությունը: Մասնատվեմ մանր փշուրների, վերականգնվեմ (ինչ-որ մի մասնիկ էլ երբեք չի վերականգնվի), վերապրեմ ու բաց կթողնեմ: Բայց առայժմ չի ստացվում: Վախենում եմ:

«Հետո կմտածեմ այդ մասին», — շշնջում է ներքին ձայնս: Իսկ հիմա, սովորության համաձայն, լցնում եմ կերը նրա ամանի մեջ էլ ու տանում դեպի վանդակը: Ճանապարհի կեսին կանգ եմ առնում: Մի մեծ կում օդ եմ կուլ տալիս, արցունքներս հետ եմ խցկում: Հիմա ժամանակը չէ: Եթե սկսեմ, էլ դեմն առնել չի լինի: Հայացքս շրջում եմ դատարկ վանդակից: Պետք է մի ուրիշ շուն տեղավորել այդտեղ:

Волонтёр расчёсывает собаку в приюте

Վերջերս հյուրերին խանդավառությամբ պատմում էի մեր շների փրկության զարմանահրաշ պատմությունները: Եւ հանկարծ կանգ առա: Գիտակցեցի, որ այլևս երբեք, երբեք չի հնչի «իսկ սա Բիմն է, նրան այն աշխարհից հետ ենք բերել հիսնամյա կոնյակի միջոցով» պատմությունը:

Բիմը երեք ամսական ձյունե կծիկ էր, երբ հայտնվեց մեզ մոտ: Էնտերիտից մահացող ձագին դուրս էին շպրտել տնից: Նրան բուժելու մեր բոլոր փորձերն ապարդյուն էին. ձագուկը դանդաղ մարում էր: Մեր ձիերի անասնաբույժը խորհուրդ տվեց նրան կոնյակ խմեցնել, միայն թե շատ լավ կոնյակ:

Կորցնելու բան չունեինք: Մայրս մի շիշ հիսնամյա կոնյակ ուներ, որ 25 տարի շարունակ պահել էր «հատուկ առիթի համար»: Սակայն երբ ես ձեռքերիս վրա տուն բերեցի թույլ, կիսամեռ, բայց անհավատալի գեղեցիկ Բիմոկին, մայրս շիշը լուռ դրեց սեղանին: Մի ամբողջ բաժակ կոնյակ լցրեցինք ձագուկի բերանը: Առավոտյան նա արդեն վազվզում էր:

Առեղծվածային գործ

Բիմի մահվան հաջորդ օրը գնացինք ոստիկանություն: Աշտարակ քաղաքի ոստիկանատան տոթ սենյակում չոր աթոռներին նստած դիմում էինք գրում:

— Մենք շանը տարանք կլինիկա, բայց գիշերը նա սատկեց, — թելադրում էր տեղամասային տեսուչը: Գրիչը ցավագին սեղմեցի ձեռքումս ու աչքերս վար իջեցրի, որպեսզի չտեսնեմ նրա ձանձրացող դեմքը:

Առաջին հարկում մի կին էր լալիս ու բղավում, որ ամեն օր գալու է մինչև որ ընդունեն իրեն: Անընդհատ ուրիշ ոստիկաններ էին մտնում ու հարցուփորձ անում տարբեր բերման ենթարկվածների և դատերի մասին: Տեսուչը սարի չափ գործ ուներ և սրտնեղում էր, որ ստիպված է ժամանակ վատնել ինչ-որ շան վրա: Բայց նրան «վերևներից» կարգադրել էին քննությանը հնարավորինս լուրջ վերաբերվել, նա էլ նախ լսել էր, ապա թելադրում էր` ինչ գրել:

Առավոտյան հանդիպել էինք մարզային ոստիկանության պետի տեղակալի և քաղաքային ոստիկանության պետի հետ: Առաջինը պատմեց, որ երբ ինքը յոթ տարեկան է եղել, իր շունը մահացել է, և մինչև հիմա հիշում է այդ օրն ու այցելում է գերեզմանին: Նա «վիժվածք» անվանեց մարդուն, ով ընդունակ է սպանել անպաշտպան շանը: Քաղաքային ոստիկանապետը հայտարարեց, որ այս գործի բացահայտումը Աշտարակի ներքին գործերի մարմինների հեղինակության հարցն է: Պետերի ցավակից վերաբերմունքը զարմացրեց և հույս ներշնչեց: Բայց ստորին օղակներում շատ բան չէր փոխվել։

— Շունը մահացավ, — ասացի ես:

— Կենդանիների համար ճիշտ է ասել…, — խրատաբար սկսեց տեսուչը, բայց, բախվելով հայացքիս, հոգոց հանեց, — լավ, գրիր` մահացավ…

Արդեն երկրորդ ժամն էր, ինչ ոստիկանատանն էինք: Տեսուչը բառացիորեն աքցանով էր հարցեր քաշում իր բերանից: Փորձում էր գոնե մի կառչելու տեղ գտնել և մեծ հույսեր ուներ, որ եթե շատ պնդի, ապա վերջիվերջո մենք կհամաձայնենք, որ մկնդեղը կարող էր Բիմոկի օրգանիզմում հայտնվել մեր տված մսի հետ: Ջանալով պահպանել հանգստությունը` արդեն որերորդ անգամ բացատրում էինք, որ շները չոր կեր են ուտում:

Երեք ժամ անց տեսուչը հետ ընկավ աթոռին, մտահոգվեց, ծխախոտ վառեց:

“Սա մենք չենք, ինչ-որ ուրիշ մարդիկ են նստած այս սենյակում, որի կահավորանքն այնքան անհույս է, որքան ամբողջ ոստիկանատան մթնոլորտը, և պատմում են ինչ-որ շան մասին` կրկին ոչ իրական, վերացական մի շան”, — նորից փորձեց պաշտպանվել գիտակցությունս:

Սակայն նման տենդագին հոգեվիճակում, երբ հիվանդանոցում սեղանի վրա մահանում է քո սիրելի էակը, քչերը կհիշեն, որ միակ հակաթույնն ուրիշ անուններ էլ ունի:

Տարիներ առաջ Բիմը հաճախ էր գնում հարևան շների հետ էգի համար կռվելու, իսկ մենք հետո ստիպված էինք լինում կարել ու խնամել նրա վերքերը: Մի օր, երբ նա հերթական անգամ ուզում էր ծլկել, ձևացնելով, որ կատարյալ խուլ է և չի լսում «ինձ մոտ» հրահանգը, ես գոռացի, որ նա այլևս իմ շունը չէ ու կարող է ընդհանրապես տուն չգալ:

Բիմը չգնաց կռվելու: Երեկո էր. հոգնած նստած էի մի մեծ քարի վրա, իսկ նա բակում պտույտ էր տալիս: Բարկությունս անցել էր, կանչեցի նրան: Բիմոկն անվստահ նայեց ինձ և շատ դանդաղ, կողքանց, աչքերը կկոցած մոտեցավ ինձ: Մոտեցավ ու գլուխը վախվորած դրեց ծնկներիս: Ես շոյում էի նրա փափուկ սև ու սպիտակ գլուխը, իսկ նրա աչքերից ցած էին գլորվում խոշոր արցունքները: Այդպես ես էի լալիս երեխա ժամանակ, երբ վշտացնում էի մորս…

Собака крупным планом и руки человека

Հաջորդ օրը տեղամասային տեսուչն այցելեց մեզ: Կանգ առավ ցանկապատ տարածքում, որտեղ շների վանդակներն են: Շներին նախապես փակել էինք. տեսուչը վախենում էր նրանցից: Տվեց հարցեր, որոնք նախորդ օրն էր տվել: Մեր կամավորին հարցրեց, թե ըստ նրա ինչից է Բիմը մահացել: Գրանցեց, որ նրան մկնդեղով թունավորել են:

Երկու օրից մեզ այցելեց գլխավոր տեղամասային տեսուչը: Նստեց աթոռին: Լռեց: Նրա դեմքը շփոթվածություն էր արտահայտում: Տեսուչը չէր նկատում ճակատից հոսող քրտինքը և իր առջևով իրենց գործերով այս ու այն կողմ շտապող ճանճերին:

— Շատ առեղծվածային գործ է, — տարուբերում էր գլուխը, — չեմ հասկանում` ով կարող էր թունավորել շանը: Ես խոսել եմ գյուղացիների հետ, բոլորը ձեզ սիրում են, հպարտանում են, որ հենց իրենց գյուղում է ձեր կենտրոնը:

Եթե ինչ-որ մեկին ատում ես, ոստիկանության տեսուչը դժվար թե այն մարդը լինի, ում կխոստովանես այդ մասին։

— Կարո՞ղ է կերի մեջ է մի բան եղել: Ինչո՞վ եք կերակրում, — շարունակում էր պնդել տեսուչը: — Կարո՞ղ է շունը հիվանդ էր:

Բիմը 9.5 տարեկան էր: Բիմը երբեք չէր հիվանդանում: Անասնաբույժն ասաց, որ նրա օրգաններն առողջ ու ուժեղ էին, ինչպես չորս տարեկան շանը: Մեր շանը թունավորել են մեր մասնավոր ցանկապատված տարածքում: Ոստիկանությունը պարտավոր է գտնել սպանողին: Տեսուչը հարցրեց` արդյո՞ք ունենք կասկածյալներ:

Ես ջանացի մտքումս ստեղծել այն մարդու կերպարը, ով սառնարյուն կերպով պատի վրայով գցում է մահաբեր հատիկներով մսի կտորը: Չստացվեց:

Две собаки в глубоком снеге

Կախարդանք և հակասանիտարիա

Ուշի անսովոր անունը կրող գյուղ տեղափոխվեցինք տաս տարի առաջ: Ստեղծեցինք կենդանիների օգնությամբ թերապիայի կենտրոնը «Կենտավրը» առաջինը և միակը Հայաստանում, որտեղ ապրում են ձիեր, շներ, կատուներ և կրիա: Մեր կենդանիները՝ բոլորը փողոցից կամ դաժան տերերից փրկված, վարժեցվում և պատրաստվում են ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների հետ աշխատանքի համար:

Մենք նաև նոր տուն ու տերեր ենք գտնում շների ու կատուների ու նույնիսկ ձիերի համար: «Կենտավրը» մի յուրահատուկ աշխարհ է, որտեղ մարդիկ և կենդանիները սովորում են համագործակցել միմյանց հետ և օգնել միմյանց: Մեզ մոտ երեխաներ են գալիս ամբողջ Հայաստանից. նրանց բերում են ծնողները՝ երբեմն բժիշկների ուղղորդմամբ: Բայց այդպես միշտ չի եղել: Մենք տևական ժամանակ համառորեն փորձում էինք առաջ տանել թերապիայի մեջ կենդանիների ներգրավվման գաղափարը թե՛ ծնողների և թե՛ բժիշկների շրջանում։ Ձին վտանգավոր կենդանի է, շունը` կեղտոտ, և «դուք հակասանիտարական վիճակ եք ստեղծում», հաճախ լսում էինք մենք:

Հայաստանում կենդանիների հանդեպ վերաբերմունքը դեռ սպառողական է, հատկապես գյուղերում: Երբ նոր էինք եկել Ուշի, գյուղի մի ամայի տարածքում հայտնաբերեցինք հսկայական փոս, որտեղ նետում էին շների նորածին ձագերին: Միայն էգերին, որձերն արագ տեր էին գտնում: Փոսը փակեցինք, երկար ժամանակ բացատրական զրույցներ վարեցինք տեղացիների հետ, հորինեցինք ու բոլորին պատմեցինք «շան անեծք»-ի մասին, որը տարածվում է ամբողջ ցեղի վրա: Օգնեց. գյուղի ժողովուրդը դյուրահավատ է նման անեծքների նկատմամբ: Հիմա նրանք նորածին ձագերին արկղի մեջ թաքուն թողնում են մեր ախոռի պատի տակ:

Бим бежит через поле

Տեղացիների հետ մեր հարաբերությունները տարաբնույթ են: Պատահում են, իհարկե, «գյուղական» կոնֆլիկտներ, օրինակ ձիու պատճառով, որը կտրել է կապն ու արածելով հասել ուրիշի հողատարածք կամ շան պատճառով, որ հաչացել ու վախեցրել է անցնողին: Մեր շները դաստիարակված են և ընկերասեր, սակայն շատ են սիրում խմբովի վազել մարդուն ընդառաջ ու կոկորդ պատռելով հաչել հետ նայելով և ստուգելով` արդյո՞ք տերերը նկատեցին, որ իրենց իզուր չեն կերակրում:

Երբ մենք հաջողացնում ենք խլացնել այդ աններդաշնակ հաչոցը մեր՝ «չե՛ն կծում» բղավոցով, շատերը չեն հավատում և փայտը թափահարելով ի պատասխան գոռում են. «շունը մնում է շուն, մի օր կկծեն»: Այդ պահերին նրանք հիշում են, որ մենք «քաղաքից ժամանած եկվորներ ենք, ովքեր գրավել են իրենց հողերը, ու չեն թողնում ո՛չ անցնել, ո՛չ էլ գիշերը քնել»: Երբեմն գյուղապետարանում բողոքում են: Բայց որպես կանոն` գործը դրանից ավել առաջ չի գնում: Մենք հատուկ բնակելի տներից հեռու հողատարածք ենք ընտրել որպեսզի մարդիկ և շները միմյանց չխանգարեն:

Մեկուկես տարի առաջ «Կենտավրի» շներից չորսը թունավորվեցին մկնդեղից: Երկուսին չհաջողվեց փրկել:

Այդ ժամանակ մենք ոստիկանություն դիմեցինք: Եկավ տեղամասային տեսուչը ու երկար ժամանակ փորձեց պարզել պատճառը: Ենթադրեց, որ շները ցեղական էին և թանկ: Բացասական պատասխան ստանալով առաջարկեց այս անգամ դիմում չգրել, իսկ հետագայում, եթե լինեն այլ (երևի թե իրեն ավելի հասկանալի) խնդիրներ, զանգել անմիջապես իր անձնական համարին, ինչպես «քույրը եղբորը»: Ես ոչ այնքան սիրալիր կերպով հրաժարվեցի նորահայտ ազգականիցս և պնդեցի, որ դիմումն ընդունվի: Երկու շաբաթ անց ոստիկանությունը փակեց գործը, «հանցանշանների և հանցագործության դրդապատճառի բացակայության պատճառով»: Գյուղի «լավ տղերքը» վրդովվեցին խնդիրը լուծելու մեր տարբերակից և մեր հետևից սկսեցին մեզ «գործ տվող» անվանել:

Գյուղապետը ցավակցություն հայտնեց և խորհուրդ տվեց ցանկապատ կառուցել. գյուղացիները մկնդեղն իրենց հողամասերում են շաղ տալիս, որպեսզի ծառները պաշտպանեն դաշտամկներից, իսկ մեր տարածքը ցանկապատված չէ, հենց այդ պատճառով էլ շները կերել են թույնը: Միտքը, որ ինչ-որ մեկն ունակ է դիտմամբ շանը նման տանջալից մահվան մատնել, այնքան ահասարսուռ էր, որ մենք, թերևս, նախընտրեցինք հավատալ պատահականությանը:

Դրանից մեկ տարի անց մեր ընկերների նվիրաբերած գումարով և կամավորների օգնությամբ շների համար տարածք առանձնացրեցինք և ցանկապատեցինք: Բիմը կերել էր մկնդեղն` առանց փակ տարածքից դուրս գալու:

Бим и армянская девочка

Վարդագույն մահ

«Բրոդիֆակում Ս» մկնդեղը գյուղի բնակիչներին գյուղապետարանն է բաժանում: Բանավոր զգուշացվում է շաղ չտալ բնակելի վայրերին մոտ և չպահել տանը: Գյուղացիներն ինքնուրույն են շաղ տալիս թույնը` առանց անվտանգության կանոնները պահպանելու և առանց նախազգուշացնող ցուցանակների:

Վարդագույն կամ երկնագույն հատիկները, որոնք գայթակղիչ են ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ երեխաների համար, պարզապես շաղ են տալիս Երևանի և մյուս քաղաքների շքամուտքերում ու գետնանցումներում:

Առնետները յուրահատուկ գենային հիշողություն ունեն: Ասում են՝ նոր սերունդը չի ուտի այն թույնը, որից արդեն մահացել են իր նախնիները, նույնիսկ եթե իրենք այդ թույնը երբեք չեն էլ տեսել: Բրոդիֆակումի խնդիրը ոչ թե թունավորումն է, այլ ազդեցությունն արյան մակարդելիության վրա:

Առնետներն ամբողջ խմբով երբեք չեն մոտենում նոր անծանոթ սննդին: Սկզբում նրանցից միայն մեկն է ուտում, իսկ մյուսներն սպասում են: Եթե առնետի հետ ամեն ինչ կարգին է, ուրեմն այդ սնունդը կարելի է ուտել: Բրոդիֆակումից թունավորման առաջին նշանները` թուլություն, հեղձուկ, մանր ու խոշոր արյունահոսություններ, ի հայտ են գալիս օրգանիզմ ներթափանցելուց միայն մի քանի օր անց: Այդ պատճառով էլ առնետները ցեղակցի մահը չեն կապում սննդի հետ:

Սակայն նման տենդագին հոգեվիճակում, երբ հիվանդանոցում սեղանի վրա մահանում է քո սիրելի էակը, քչերը կհիշեն, որ միակ հակաթույնն ուրիշ անուններ էլ ունի:

Մկնդեղի տեսակները տարեցտարի կատարելագործվում են, սակայն առնետների քանակը չի պակասում: Երևանը, և, ինչու ոչ, ամբողջ Հայաստանը, աղբի իր հարուստ պաշարներով, հիանալի տեղ է այս կրծողների անհոգ կենսագործունեության համար:

Ճիշտ ու ժամանակին կազմակերպված աղբահանությունից բացի, իրավիճակը կարող էին փրկել նաև կատուները, բայց հայերը նրանց ավանդաբար չեն սիրում: Օրինակ` Ուշիում ավելի հաճախ նախընտրում են սեփական ախոռներում շաղ տալ այդ վարդագույն հատիկները (որտեղ իրենց սեփական հորթերն են երբեմն ուտում դրանք ու մահանում), քան կատու պահել։

Կոնակիոն

Դեռևս երկու տարի առաջ պատահմամբ գտա մի ռուսական էլեկտրոնային հարթակ, որտեղ քննարկվում էր մկնդեղի միակ հակաթույնը K1 վիտամինը կամ արտադրական անվամբ «Կոնակիոնը», նույնն է` Ֆիտոմենադիոնը: Բրոդիֆակումը, հայտնվելով օրգանիզմում, խանգարում է K1 վիտամինի առաջացմանը, որը պատասխանատու է արյան մակարդելիության համար. թույնն առաջ է բերում ուժգին արյունահոսություն, որից էլ կենդանին մահանում է:

Bim and a person

Կա և՛ մարդու համար նախատեսված, և՛ անասնաբուժական Կոնակիոն: Հարթակի օգտատերերը քննարկում էին Ռուսաստանում՝ մարդու համար նախատեսված Կոնակիոնի թանկ ու դժվար հասանելի լինելը և անասնաբուժականի ձեռքբերման անհնարինությունը: Այդ ժամանակ ես հերթով զանգահարեցի Հայաստանի խոշոր ցանցային դեղատները. K1 վիտամին ոչ մի տեղ չկար:

Ինչու՞ մենք Կոնակիոնի համապատասխան պաշար ձեռք չբերեցինք, որը հիմա կարող էր փրկել Բիմոկի կյանքը: Ինչու՞ չշարունակեցինք փնտրտուքները հիվանդանոցներում: Ինչու՞ չպատվիրեցինք Ֆրանսիայից, որտեղ այն արտադրվում է: Ինչու՞ չտարածեցինք դրա գոյության մասին տեղեկությունը կենդանատերերի շրջանում:

Հնարավոր է, որովհետև թևաթափ շրջան էր մեզ մոտ։ Այն ժամանակ մկնդեղից թունավորված և չփրկված շներից մեկը Մումուն էր: Մումուն պարզապես շուն չէր, նա հիմնասյուն էր: Մումուն Ուշիում հայտնվել էր մեզնից առաջ, ութ տարի ապրել էր «Կենտավրում», և շատերը նրան մեր խորհրդանիշն էին համարում: Կան մարդիկ ու կենդանիներ, որոնք թվում է, թե հավերժ են: Նրանց կորցնելիս հողը փախչում է ոտքերիդ տակից:

Հետո գլխով սուզվում ես կացարանի առօրյա խնդիրների մեջ, որտեղ քառասունից ավել կենդանի է մշտապես ապրում, իսկ տարեկան կտրվածքով ևս մի քանի տասնյակը հայտնվում են, բուժվում, վարժեցվում և տերեր գտնում: Կենդանիների մի մասին պետք է մահից փրկել (իհարկե գիշերվա կեսին և շատ հեռու), մյուսների կերը կամ խոտն է վերջանում (պետք է գումար հայթայթել), իսկ երրորդներին ներարկումներ, հաբեր ու շիճուկներ են անհրաժեշտ:

Կոնակիոնը կորավ այդ բրոունյան շարժման մեջ:

Bim running in a field

Բիմոկի դեպքից հետո նորից զանգահարեցինք տարբեր դեղատներ ու հարցուփորձ արեցինք` արդյոք ունե՞ն K1 վիտամին:

— Չկա և երբեք էլ չի եղել:

— Գուցե՞ B1:

— Մի՞թե նման վիտամին կա:

Այդ զանգերի ընթացքում ինչ-որ պահի կռահեցինք, որ կարելի է հարցնելիս Կոնակիոն անունը տալ:

-Մեկ վայրկյան, համակարգչի մեջ նայեմ… Այո, կա: Սրվակներով, մեկ տուփ։

Կոնակիոնը կարող է փրկել հակամակարդիչ թույներից ցանկացածով թունավորված մարդու կամ կենդանու կյանքը:

Սակայն նման տենդագին հոգեվիճակում, երբ հիվանդանոցում սեղանի վրա մահանում է քո սիրելի էակը, քչերը կհիշեն, որ միակ հակաթույնն ուրիշ անուններ էլ ունի:

Փրկությունը կարող է քթիդ տակ լինել, բայց դեղատան աշխատողի պարզ չիմացության պատճառով կենդանին կարող է մահանալ: Զանգահարելով մնացած դեղատներ` մենք ևս մի քանի տուփ հայտնաբերեցինք: Մի քանի ամիս անց մեկ այլ՝ ոչ մեր շան համար մենք նորից չկարողացանք Կոնակիոն գտնել, որովհետև պահեստներում բացակայում էր:

Անասնաբույժներից ոչ բոլորն էին տեղյակ, որ վիտամինն առկա է դեղատներում։ Հարցված երևանյան մի քանի անասնաբույժներից միայն մեկն էր, որ գնում և օգտագործում էր դեղամիջոցը:

Մեզ համար ժամանակավոր լուծում գտանք. էլեկտրոնային եղանակով գնել և պաշարել վիտամին K1-ի դեղահաբերը:

Մինչդեռ, դեղի առկայությունը դեռևս չի երաշխավորում, որ յուրաքանչյուր ոք կկարողանա այն ձեռք բերել: Հիվանդ կենդանին կարող է դեղամիջոցի ամենօրյա ընդունման կարիք ունենալ ընդհուպ մեկ ամիս կախված թունավորման բարդությունից: Մեկ տուփի արժեքն սկսում է 6.500 դրամից: Թունավորված կենդանու բուժման դեպքում միայն Կոնակիոնի մեկ օրվա չափաբաժինը կարող է մոտ 30.000 դրամ արժենալ կախված կենդանու քաշից:

Մկնդեղը տրվում է անվճար:

Երկու հարյուր դոլար

Դիմումը հանձնելուց մի քանի օր անց մեզ այցելեց քննիչը երիտասարդ, եռանդուն, ժպտերես: Նա ձեռքի մեջ պտտում էր գրիչը, երկար ներողություն էր խնդրում, բայց արձանագրությունը մնում է արձանագրություն. նա հասկանում է շունը մեզ համար անգին էր, բայց… մեր երկրում շունը համարվում է գույք, և եթե մենք գտնենք Բիմին թունավորողին, նրա պատիժը լինելու է տուգանք` պատճառված գույքային վնասի համար: Մի խոսքով, որքա՞ն կգնահատեի շանը:

Երեխայի մայրը մահացել էր: Փոքրիկը փակվել էր տեղի ունեցածը չհասկանալու իր սարսափի մեջ, չէր լալիս, չէր խոսում մոր մասին: Ձիերով թերապիայի բերել էին միայն այն պատճառով, որ մնացած ամեն ինչ անօգուտ էր եղել:

Տղան նստում էր ձիուն, սեանսի ավարտից հետո իջնում էր ու գնում դեպի մեքենան` այդպես էլ չփոխելով դեմքի անհաղորդ արտահայտությունը: «Գոնե ինչ-որ հույզ, ցանկացած», — հեծկլտում էր տատիկը:

Մի անգամ, տղան իջավ ձիուց և ուղևորվեց դեպի մեքենան։ Բիմոկը վերադառնում էր իր սիրելի միայնակ դաշտային զբոսանքից: Նա վազեց դեպի տղան և առանց երկար մտածելու իր փափլիկ գլխով շրմփաց տղայի ոտքերին փաղաքշանք ստանալու համար: Ըստ Բիմոկի՝ աշխարհի բոլոր ձեռքերի գոյության միակ իմաստն իրեն գուրգուրելն էր: Տղան կանգ առավ և անսպասելիությունից շոյեց շան գլուխը: Բիմոկն էլ ավելի սեղմվեց նրա ոտքերին: Հանկարծ տղան ծնկի իջավ, գրկեց Բիմին և լաց եղավ` բարձր ու փղձկալով: Նրա արցունքներն ու լորձունքը միախառնվելով՝ թափվում էին Բիմոկի մռութին: Գայլուկը կուչ եկավ ու ավելի կիպ սեղմվեց …

— Ի՞նչ ցեղատեսակի էր, — քննիչը շտապեց խուսափել հայացքիցս:

— Կովկասյան հովվաշուն:

— 200 դոլար: Գրե՞նք 200 դոլար,— գրեթե աղաչելով հարցրեց նա:

Դեռևս մեկ ամիս չանցած եռանդուն քննիչն ընկճվեց: Նա չկարողացավ հայտնաբերել ո՛չ կասկածյալների, ո՛չ էլ նույնիսկ կանխամտածված սպանության հանցանշաններ: Երբ նա ասաց, որ շատերին է հարցաքննել, հարցրեցի` արդյո՞ք հարցվածների մեջ կային մարդիկ, որոնք նույնպես շուն են կորցրել մկնդեղի թունավորումից: Քննիչն այստեղ էլ կապ չգտավ:

Две собаки стоят бок о бок на снегу

Գյուղում «Կենտավրի» շներից բացի շատ ուրիշ շներ էլ կան: Եթե մեր թունավորումները պատահական են, նշանակում է՝ ուրիշ նմանատիպ դեպքեր էլ պիտի լինեն: Մենք մեր հետաքննությունն անցկացրինք: Մեզ չհաջողվեց գտնել նման ախտանշաններով մահացած մեկ այլ կենդանի: Ստացվում է, որ միայն մեր շներն էին «պատահաբար» ուտում թույնը:

Փոխարենը մենք Երևանում գտանք մկնդեղով թունավորված շների: Կենդանիները կերել էին շքամուտքերում, փողոցներում և նրբանցքներում գետնին թափված վարդագույն հատիկները կամ էլ նրանց թունավորել էին հարևանները: Տերերից շատերը սպանողներին անձամբ էին ճանաչում, սակայն ոստիկանություն չէին դիմում: Ոստիկանություն դիմելու մեր կոչին նրանք պատասխանում էին սպասելի «ոչ»-ով. մարդիկ վստահ են, որ ոստիկանությունն անզոր է, որովհետև Հայաստանում չկա կենդանիների իրավունքները պաշտպանող օրենք: Չկան նաև բուն իրավունքներ:

Չդիմելու մյուս՝ էլ ավելի ծանրակշիռ պատճառը «գործ տվող» դառնալու հեռանկարն է: Բանտային մշակույթը, որը խորն արմատավորվել է մեր առօրյայում, թելադրում է` քեզ նեղացնողի ոտքերը ջարդի՛ր, բայց ոստիկանություն չդիմես:

Գործը փակված է

Բիմի մահվան հաջորդ օրը մենք փնտրում էինք լաբորատորիա, որտեղ կկարողանայինք ստուգել ու հաստատել նրա արյան մեջ Բրոդիֆակումի առկայությունը։ Անասնաբույժի տված մահվան եզրակացությունն արդեն ունեինք։ Կլինիկայի սառնարանում պլաստիկ շշով դրված էր Բիմի որովայնի խոռոչից վերցված երկու լիտր արյունը։

Պարզվեց, որ լաբորատորիաներից ոչ մեկը չի տիրապետում օրգանիզմում հակամակարդիչ թույների առկայությունը բացահայտող մեթոդիկային: Դատական փորձագետներն առաջին անգամ մեզնից լսեցին «Բրոդիֆակում Ս» բառը:

Դեռ ամենաառաջին օրը ոստիկանությունում մեզ խոստացան հնարավորինս շուտ գտնել համապատասխան լաբորատորիա, և խորհուրդ տվեցին մինչ այդ պահել արյունը սառեցված վիճակում: Տեսուչը վստահեցրեց, որ երբ ժամանակը գա, նրանք կվերցնեն և՛ արյունը, և՛ երշիկի կեղևները, որոնք մենք գտել էինք մեր բակում (ոստիկանությունն այդպես էլ չզննեց բակը):

Արյան և կեղևների հանձնման ժամանակը եկավ տասնմեկ օր անց: Քննիչը զննեց շիշը և ցավով արձանագրեց, որ արյունը, ամենայն հավանականությամբ, այլևս պիտանի չէ: «Ախր ո՞վ է արյունը սառցախցիկում պահում», — մեղմ ժպիտով վրդովվեց նա:

Արյան փորձաքննության պատասխանը եկավ մեկ ամիս անց, իսկ կեղևներինը մեկուկես: Ինչպես և սպասելի էր, լաբորատորիայում ոչինչ չէին հայտնաբերել: Աշտարակի ոստիկանությունը փակեց գործը վստահեցնելով, որ որևէ հանցանշան հայտնվելու դեպքում իրենք պատրաստակամ են գործը վերաբացել:

Bim contemplating

Սակայն պայքարը շարունակվում է. ցավով ու այն տրտմագին մտքով, որ Բիմը չկա ու չի լինի, իսկ նրան սպանողը անպատիժ է մնում: Պայքար հանուն կենդանիների իրավունքները պաշտպանող օրենքի ընդունման, որում կենդանին չի դիտարկվի որպես մասնավոր սեփականություն, իսկ նրա հանդեպ դաժան վերաբերմունքի համար կսահմանվի քրեական պատիժ: Պայքար մկնդեղի ազատ վաճառքն արգելելու համար: Պայքար հասարակության միջից բանտային մտածելակերպն արմատախիլ անելու համար, երբ խնդիրները ծեծուջարդով լուծելը միակ ճշմարիտ որոշումն է, իսկ օրինական ուղին ընտրել նշանակում է «գործ տալ»: Ընդ որում, վերջինն ամենադժվարն է: