Նույնիսկ պատժի մեջ մարդու հանդեպ հոգատարություն պիտի լինի

Հեղինակ՝ Հասմիկ Հովհաննիսյան
Խմբագիր և լուսանկարիչ՝ Ֆյոդոր Կորնիենկո
Թարգմանիչ՝ Արփի Խալաթյան

Հեղինակ՝ Հասմիկ Հովհաննիսյան
Խմբագիր և լուսանկարիչ՝ Ֆյոդոր Կորնիենկո
Թարգմանիչ՝ Արփի Խալաթյան

[post_published]
[show_post_categories show="category" hyperlink="no" parent="no"]

«Եթե մենք դեմ ենք, որ հանցագործը կրթություն ստանա ու ճիշտ վերականգնում անցնի հանրության հաշվին, ապա նա մեր հաշվին ուղղակի կնստի: Երբեմն մի քանի անգամ: Մենք, միևնույն է, կվճարենք: Հարցն այն է, թե արդյունքում ինչ կստանանք»:

Ընթերցանությունը` 25 րոպե

Սա ասում է նախկին ցմահ բանտարկյալ Աշոտ Մանուկյանը: 2020 թ. հունվարի 24-ին նա ազատ է արձակվել Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից` դառնալով երկրորդ ցմահ բանտարկյալը Հայաստանի պատմության մեջ, ում շնորհվել է պայմանական վաղաժամկետ ազատում ոչ թե առողջական վիճակի պատճառով, այլ 24 տարվա բանտարկության ընթացքում ցուցաբերած դրական վարքի շնորհիվ:

Դեռ բանտում գտնվելու ընթացքում Աշոտն ընդունվել է համալսարան և հիմա սովորում է հոգեբանության ֆակուլտետի երրորդ կուրսում: Երկու գրքույկ է գրել. մեկը մենախոսության ձևով խոստովանություն է` ընկերաբար ուղղված զինվորներին, մյուսն` ապրիլյան պատերազմին նվիրված բանաստեղծությունների ժողովածու:

Աշոտի հետ խոսեցինք այն մասին, թե մեր պատժի համակարգն իրականում ինչքանով է նպաստում ուղղվելուն, և ունի, արդյոք, նման նպատակ, թե ինչու է մարդու հանդեպ մարդկային վերաբերմունքը կարևոր, նույնիսկ եթե նա հանցանք է գործել, թե ինչպես կարող է կրթությունը նպաստել դատապարտյալների շրջանում կրկնահանցանքի վիճակագրության նվազեցմանը, ինչպես նաև ազատ արձակված բանտարկյալի` Պրոբացիայի ծառայության կողմից ուղեկցման և ուղղիչ համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին:

Հարցազրույցը պատրաստվել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ։

Ով ավելի թույլ էր, գնում էր պարապելու

— Ինչպե՞ս էիր վերաբերվում «հանցագործ» հասկացությանը, երբ տասնութ-քսան տարեկան էիր:

— Ես Վարդենիսի Ակունք գյուղից եմ: Մեզ մոտ կային տեղային հեղինակություններ, և ես մտերիմ էի Վարդենիսի քրեական շրջապատի հետ: Անընդհատ ինչ-որ մեկը բանտից դուրս էր գալիս, ինչ-որ մեկին էլ տանում էին: Քեռիս էլ աշխատում էր ոստիկանությունում: Ես մոտ էի և՛ նրանց հետ, և՛ մյուսների: Փաստաբանս իմ մասին հետաքրքրվել էր և՛ քրեական տարրերից, և՛ հսկիչներից: Ասաց. «Աշոտ, կյանքումս քո նման մարդ չեմ տեսել: Էստեղ էլ են քեզ սիրում, էնտեղ էլ: Դու, առհասարակ, ու՞մ կողմից ես»: Պատասխանեցի. «Ես չեզոք եմ, բոլորի հետ էլ լավ եմ» (ծիծաղում է):

— Երբ զորակոչվում էիր, ինչպիսի՞ն էիր, ի՞նչ բնավորություն ունեի՞ր:

— Ահավոր: Չնայած, այն, ինչ ես ահավոր եմ անվանում … նման բնավորություն ուներ իմ տարիքի տղաների մեծ մասը` բռնկուն, կռվարար: Իմ ընկեаրների մեջ երևի 90%-ն էդպիսին էր: Դա անցումային տարիք է` ինքնահաստատման, միմյանց ճնշելու, ամեն ինչին ուժով ու կռվով հասնելու: Հասարակությունը վրադ դնում է «նորմալ տղամարդու» դերը, դու էլ սկսում ես խաղալ: Լավ կխաղաս, թե վատ, քեզնից է կախված:

Ашот жестикулирует

— Բայց տասնյոթ տարեկանում չես գիտակցում, որ դա պարտադրված դեր է:

— Ոչ, բայց դու այլընտրանք չունես: Օրինակ` ըստ վիճակագրության` Հայաստանում բանտարկյալների 85%-ը վերադառնում է բանտ: Մոտ 5-10%-ը, գուցե, գիտակցաբար է կրկնահանցանք գործում, բայց մնացածը, վստահ եմ, անգիտակցաբար: Նրանք դուրս են գալիս բանտից` հասարակության նկատմամբ չարացած ու նեղացած: Պահման պայմանները, վերաբերմունքը. այդ ամենը մարդուն ասում է` դու հանցանք ես գործել, դու սրիկա ես ու էդպիսին էլ կմնաս: [Հասարակական կարծիքի] ճնշման տակ նա վերցնում է այդ դերն ու ընտելանում դրան:

Նույնն էլ տասնյոթ-տասնութ տարեկանում է: Մենք համապատասխանում էինք հասարակության` մեր մասին պատկերացումներին: Նա, ով մյուսին ծեծում էր, ուժով հաստատում իր ճշմարտությունը, ինքը ճիշտ էր: Ով ավելի թույլ էր, գնում էր պարապելու:

— Ուզու՞մ էիր բանակ գնալ:

— Ես դեռահաս էի, երբ Վարդենիսի Փամբակ գյուղում ձևավորվում էր [ղարաբաղյան] ազատագրական շարժման հենքը: Տասներորդ դասարանում դասերից հաճախ էի բացակայում, նույնիսկ քննությունները բաց թողեցի: Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթեի հետ էի հանդիպում, գնում էի Քարվաճառ, շփվում [Մոնթեի] ջոկատի տղերքի հետ: Շարժումը գրավեց ինձ, ինչպես և իմ շատ ընկերներին, մենք երազում էինք առաջնագիծ մեկնել:

Բանակ գնալ շատ էի ուզում: Ես ունեի ազատվելու տարբերակներ․ դե, ինչպես այն ժամանակ արվում էր, կաշառք տալ, ազդեցիկ ազգականներ կային, գոնե Երևանում լավ զորամաս ընկնելու հնարավորություն կար, բայց ես դա չէի էլ քննարկում: Ասացի` ուր ընկնեմ, ընկնեմ: Ինձնից հետո երկու կրտսեր եղբայրներս նույնպես ծառայել են: Ազգականներս ծնողներիս խորհուրդ էին տալիս նրանց բանակից ազատել, երկրից դուրս տանել, բայց ծնողներս չհամաձայնեցին:

— Եվ ու՞ր ընկար:

— Արթիկի հակաօդային պաշտպանության քաղաքային զորամաս: Այնտեղ ծառայել եմ ինն ամիս, հետո հինգ ամիս եղել եմ Մատաղիսում, դեկտեմբերին երկու ամսով տեղափոխեցին Կրասնոսելսկ, այնտեղից էլ` կրկին Արթիկ: Ընդհանուր առմամբ արդեն մեկ տարի չորս ամիս ծառայել էի, երբ էդ դեպքը տեղի ունեցավ:

Պատճառը, որով իրեն դատապարտել էին գնդակահարության, որն էլ հետո փոխվեց ցմահ ազատազրկման, Աշոտն անվանում է «էդ դեպքը» կամ «իմ հանցանքը»: Դեմքը միանգամից փոխվում է` ասես քարանում է: Ես աշխատում եմ ավելորդ հարցուփորձ չանել: Առանց այդ էլ նա իր գրքույկում մանրամասն նկարագրել է:

1996 թվականի ձմռանը շարքային Աշոտ Մանուկյանն այցելության էր մեկնել Տուֆաշեն գյուղի մոտ գտնվող իր նախկին զորամասի ընկերոջ մոտ: Նրա և ընկերոջ միջև, որն իրեն գումար էր պարտք, վիճաբանություն է սկսում: Վեճին միջամտում են ընկերոջ ծառայակից երկվորյակ եղբայրները: Հաջորդ առավոտյան վեճը շարունակվում է «Պեմզաշեն» կոչվող հենակետի մոտակայքում, որտեղ պահվում էին հակաօդային հրթիռները: Այնուհետև վերածվում է կռվի` Աշոտի և երեք տղաների միջև: Աշոտը կրակ է բացում շենքում պահվող ԱԿՄ ինքնաձիգից:

Երեք զինծառայողների մարմինները գտնում են հաջորդ օրը: Երեք օր անց Երևանում հայտնաբերում են Աշոտին: Նա խոստովանում է հանցանքը, ինչպես նաև ցույց է տալիս, թե որտեղ են պահված սպանված զինծառայողների երեք ինքնաձիգները: Սպանության պահին հենակետից բացակայում էր հերթապահ սպան, ինչպես նաև չորրորդ զինծառայողը, որը նույնպես պիտի այդ օրը հերթապահեր:

Ашот говорит, фото сбоку

— Ինչպե՞ս էիր այդպես ազատ տեղաշարժվում մեկ զորամասից դեպի մյուսը:

— Ես գումարտակի հրամանատարի տեղակալին զգուշացրել էի, որ տասն օրով բացակայելու եմ: Անվանականչի ժամանակ նա պարզապես բաց էր թողնում անունս: Քեռիս [Ղարաբաղում] կռված տղերքից էր, այդ ժամանակ զինվորականները մեծ մասամբ նրանցից էին: Ծառայում էի Կրասնոսելսկում, գնդի բոլոր հրամանատարները ճանաչում էին քեռուս, և ես երբեք խնդիրներ չէի ունենում: Ամեն ուրբաթ գնում էի տուն, երկուշաբթի` վերադառնում: Լողանում էի, հանգստանում, հետ գալիս:

Բայց եթե հերթապահ սպան իր տեղում լիներ, հանցագործությունը տեղի չէր ունենա: Ես ոչ մի դեպքում ինքս ինձ չեմ արդարացնում, այո՛, ես հանցանք եմ գործել և պիտի կրեի պատիժս, բայց մեզ մոտ [ռազմական հանցագործություններով] տասնհինգ ցմահ բանտարկյալ կար, հիմա մնացին տասնչորսը: Եթե ուսումնասիրենք նրանց անձնական գործերը, ապա բոլորում այս կամ այն չափով կգտնենք սպայի անփութության հանգամանքը: Բայց բոլոր դեպքերում միայն զինվորներին են պատժել:

Սպաներին, նույնիսկ եթե պատժում էին ծառայողական պարտականությունները կատարելիս թույլ տված անփութության համար, պայմանական էին տալիս կամ ժամանակավոր հեռացնում աշխատանքից: Ինձ հետ մի տղա էր նստած` Զաքարը: Նստած էր նրա համար, որ մեկ շաբաթ «կապտյորկայում» պահել ու ծեծել էր իր ծառայակցին: Տասնինը տարեկան տաքարյուն կռվարար տղա: Այո, մեղավոր է: Բայց ու՞ր էին սպաները: Ոչ ոք չէ՞ր նկատել, որ զինվորը մեկ շաբաթ բացակայել է անվանականչից: Էնտեղ պետք էր սկզբում բոլոր սպաներին նստեցնել, հետո նոր Զաքարին:

Հիմա խիստ է [բանակում]: Եթե զինվորն անվանականչին չի ներկայանում, անմիջապես հայտնում են ռազմական ոստիկանությանը:

— Իսկ ինչու՞ այդ զինվորը, ում ծեծում էր Զաքարը, չէր բողոքում սպաներին: Հարցս միամի՞տ է:

— Զինվորները չեն բողոքում սպաներին: Գործում է «լավ տղան գործ տվող չի» մտածելակերպը: Բացի այդ, չկա հստակ մեխանիզմ, որով սպան կառաջնորդվի: Զինվորը գնաց ու բողոքեց մյուս զինվորից: Վերջինիս հինգ օրով նստեցրին «գաուպտվախտա», ժամկետը լրացավ, հետ եկավ: Իսկ նա, ով բողոքել էր, պաշտպանվա՞ծ է: Ոչ: Մինչև մյուսն իր պատիժն է կրում, նրա ընկերները կարող են այս մեկին [բողոքողին] ինքնասպանության հասցնել: Կամ սպանել: Փողոցային մշակույթը, որը ներթափանցել է բանակ, և վախը. սրանք են բողոքելուց հետ պահում զինվորներին:

— Այդ մշակույթը նաև բանտ է ներթափանցում:

— Բնականաբար:

Коллаж из 3 фото, чашка кофе, Ашот, руки с сигаретой

Բոլորիդ սատկացնելու են

— Բանտում առաջին օրդ հիշու՞մ ես:

— Շատ լավ: Սկզբի չորս-հինգ օրը ինձ ռազմական ոստիկանությունում էին պահում, հետո տասնհինգ օր` կայազորում, այնտեղից էլ տարան «Նուբարաշեն» [քրեակատարողական հիմնարկ]: Ինձ տարան այն վայրը, որը կոչվում է «բոքսեր», մի քանի ժամով էնտեղ են թողնում: Էնտեղ ոչինչ չկար, նույնիսկ նստելու տեղ չկար: Հիմա մի երկու բոքսերում պատին մեկ-երկու երկաթի թիթեղ են ամրացրել: Պատի վրա աղյուսի չափ փոքր պատուհան կար: Ես կարծեցի, թե հենց դա է խուցը և սարսափած մտածեցի` ո՞նց եմ էստեղ ապրելու: Հետո ինձ տարան, մատնահետքեր վերցրին և ուղեկցեցին դեպի իրական խուցը:

Այնտեղ երեք երկաթե մահճակալ կար, ռեսորներով, վրան բարակ ներքնակ: Ռեսորները խրվում էին կողերիդ մեջ. լավ է գետնին քնեիր: Նաև գետնին մեխված փոքր երկաթե սեղան ու դրա երկու կողմերում առանց թիկնակի աթոռներ կային, որպեսզի երկու մարդ կարողանա նստել:

«Նուբարաշենում» (բոլոր մահապարտներն այնտեղ էին պահվում) մահապատժի դատապարտվածների համար հինգ խուց կար: Մինչև 2000 թվականը պատահում էր, որ յուրաքանչյուր խցում նստած էր վեց-յոթ մարդ, հետո ավելացրին ևս հինգ խուց, ու դարձավ յուրաքանչյուրում` երեք-չորս մարդ:

Հիմա այդ խցերում ցմահներին են պահում. նորմալ մահճակալներ են դրել, խցի զուգարանը փակ է, իմ ժամանակ բաց էր: Պատուհաններն են մեծացրել: Այն ժամանակ մի նեղ ճեղք էր` վրան չորս շերտ ցանց ու վանդակաճաղեր, որի միջով հնարավոր էր նայել միայն վերև` երկնքին: Մոտավորապես կռահում էինք, թե օրվա որ ժամն է: Գիշերը լույսը հատուկ չէին անջատում: Հոգեբանական ճնշման ձև է: Նաև հսկիչը քայլում էր միջանցքով ու քսան-երեսուն րոպեն մեկ դռան դիտանցքով ներս նայում: Վերջին տարիներին, երբ սկսեցի հոգեբանություն ուսումնասիրել ու հասկացա, թե մարդու վրա որքան վատ է ազդում անընդհատ միացված լույսը, թաքուն կոտրում էի լամպը: Մարդը պիտի մթության մեջ քնի:

— Յոթ տարի ես անցկացրել այդպիսի խցում: Փորձում եմ պատկերացնել, թե ինչ է նշանակում յոթ տարի ամեն օր մտածել, որ այս օրը կարող է վերջինը լինել:

— Դրանք դժվար ու դաժան օրեր էին: Խոսում էին, որ [Հայաստանի առաջին նախագահ] Լևոն Տեր-Պետրոսյանի չգրված հրամանը կա, որ մահապատիժը չիրականցվի, բայց երբ հսկիչներն ուզում էին մեզ հոգեբանորեն ճնշել կամ վատ վարքի համար պատժել, ասում էին. «Հաջորդ ամսվանից հրամանն էլ չի գործելու, բոլորիդ սատկացնելու են»: Եվ ոչ ոք չգիտեր` դա ճիշտ է, թե ոչ:

Ашот улыбается, фото анфас

— Արտաքին աշխարհի ու միմյանց հետ ինչպե՞ս էիք շփվում:

— Արտաքին աշխարհի հետ կապ չէր թույլատրվում: Այցելություններն ու տնից հանձնուքներն արգելված էին: Նույնիսկ զբոսանքի չէին հանում: Մենք խցից խուց էինք շփվում, բայց իրար չէինք տեսնում: Միայն վեց ամիսը մեկ մեզ տանում էին բաղնիք` լողանալու: Հինգերորդ հարկից իջեցնում էին երկրորդ հարկ: Բայց դա էլ ավելի շատ ձևի համար էր: «Մահվան դատապարտված սրիկաներ են, նրանց ոչ միայն լողանալ, այլև ուտել պետք չէ: Որքան շուտ սատկեն, այնքան լավ». – էսպիսին էր մեր հանդեպ հսկիչների վերաբերմունքը:

Մեկ օրվա հաշվով երեք կամ չորս հոգու համար մեզ տալիս էին ութ կեսլիտրանոց շշով ջուր: Խցում ծորակ կար, 7-ից 10-ը և 18-ից 21-ը ջուրը միացնում էին: Մենք ածելին կոտրում էինք, երկու ածելու վրա լարեր փաթաթում ու տաքացուցիչ պատրաստում: Ջուր էինք տաքացնում ու լողանում:

Մարդը ցանկացած պայմանների հարմարվում է: Թվում է, թե ոչ մի հույս չկա, միայն նստել ու սպասել մահվան, բայց չէ, լողանալը, միևնույն է, կարևոր է:

Մեկ օրվա համար մեկ մարդուն հասնում էր մեկ «բուխանկա» հաց, ձավար ու թթու կաղամբ: [Իմ բանտարկության] քսաներեք տարիների ընթացքում ամեն օր բանտային կերակուրը բաղկացած էր ձավարից ու կաղամբից: Երկու-երեք [ուղղիչ] հիմնարկներում անցած տարվանից սնունդը փոխվել է, հիմա մասնավոր ընկերություն է մատակարարում սնունդը` այնպիսին, ինչպիսին մենք ազատության մեջ ենք ուտում: Չորս տեսակ ուտեստ են բերում, ընտրում ես: Բանտի աշխատակիցներն ասում էին, որ այդ ուտելիքի վրա դեռ ամսական 200 000 դրամ էլ խնայում են: Պատկերացնու՞մ ես` այն ժամանակ ինչքան են թալանել:

Այն ժամանակ հացի միայն արտաքին շերտն էր չոր, մեջը հում, ջրիկ խմոր էր: Մենք միայն վրայի շերտն էինք ուտում, միջուկն անհնար էր ուտել: Երբ բանտապահն ինչ-որ բանից զայրանում էր, ապա կիրառում էր հատուկ պատժամիջոց` առանձնացնում էր հացի վրայի շերտն ու տալիս էր միայն միջուկը:

— Հենց միայն այդ սննդի պատճառով մահվան դեպքեր եղե՞լ են:

— Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, յոթ տարվա ընթացքում մոտ երեսուն հոգի մահացել է: Սննդից ու ծեծից: Եթե դատավճիռը մահապատիժ էր, կարող էին հենց այնպես մտնել [խուց] ու ծեծել: Նույնիսկ եթե մարդը ոչինչ չէր արել:

— Քեզ ծեծե՞լ են:

— Շատ քիչ: Իմ բախտը բերել էր: Ես և՛ իրավապահ, և՛ բանտային համակարգում ունեի ազգականներ ու ընկերներ, որոնք թույլ չէին տալիս ինձ ծեծել: Իսկ նրանք, ովքեր չունեին նման ծանոթություններ, ողբալի բախտի էին արժանանում: [Հսկիչները] կարող էին մտնել խուց, թեթև հարվածել ուսիս, իբր` մի կողմ քաշվի, ու ծեծել մյուսներին: Եվ որևէ կերպ պաշտպանել էլ չես կարող, քեզ էլ կհասնի: Մի քանի անգամ փորձել եմ միջամտել, մի քանի հարված էլ ինձ էր հասնում:

Рука Ашота с сигаретой

— Իսկ ազգականներին ի՞նչ էին ասում, երբ մահանում էին ծեծից:

— Տարբեր հիվանդություններ: Հո՞ միանգամից չէին մահանում: Ինչ-որ մեկի մոտ ծեծից երկու ամիս անց, օրինակ, սկսվում էին ներքին օրգանների խնդիրներ:

— Նման պայմաններում ինչպե՞ս կարելի էր չխելագարվել:

— Խելագարվողներ էլ կային: Հիմա էլ մենք ունենք բանտարկյալներ, որոնք խելագարության վիճակում են ու գտնվում են բանտում: Այնտեղ հոգեմետ դեղեր են ստանում: Իրենց այնտեղ պահելն, իմ կարծիքով, անմարդկային է․ նրանք հոգեբուժարանում պիտի լինեն:

Այլ իրականություն էի հորինել

— Գրքույկումդ կարդացի, որ ինքնասպանության մասին երբեք չես մտածել: Անկեղծ ասած` չհավատացի:

— Դե հա, դա այդքան էլ էդպես չէ: Մի երկու անգամ լրջորեն մտածել եմ: Բայց գործողությունների չի հասել:

— Ի՞նչն էր կանգնեցնում:

— Առաջին հերթին, ծնողներիս մասին միտքը: Շատ էի մտածում, ինքս ինձ հետ խոսում. միթե՞ ես այդքան թույլ եմ, որ չդիմանամ: Չէ՞ որ ես այնքան բան ունեմ անելու: Մտածում էի այն մասին, որ տուժող կողմի ներումը պիտի վաստակեմ…

— … և ինքնասպանությունը, բնավ, ամենաճիշտ ձևը չէ՞:

— Այո:

Սպանված զինվորների ծնողները ներել են Աշոտին և միջնորդել են նրա պայմանական վաղաժամկետ ազատման համար:

— Ինչպե՞ս հաջողվեց ստանալ զինվորների ծնողների ներումը:

— Դրա համար տարիներ պահանջվեցին: Ամբողջ ընթացքում, մինչ նստած էի, երազում էի նրանց հետ խոսել: Հենց որ հեռախոս ընկավ ձեռքս, զանգեցի: Բայց ես չսկսեցի միանգամից նրանց հետ խոսելուց, այլ խոսում էի ազգականների, հարևանների, ընդհանուր ծանոթների հետ: Ծնողներս էին հանդիպել նրանց հետ: Փաստաբանս էր գնացել նրանց մոտ: Եվ երկվորյակ եղբայրների մայրն ասել էր.

«Ինչպես ես իմ տղաներին բանակից չդիմավորեցի, այնպես էլ Աշոտի մայրն` իր որդուն: Բայց քանի որ նա դեռ կենդանի է, ես ուզում եմ, որ գոնե նա դիմավորի իր տղային»:

— Իսկ քեզ հետ նստածներից կայի՞ն մարդիկ, որ ինքնասպանություն գործեցին:

— Այո: Իմ խցից չէ, բայց հարևաններից մի երկու դեպք հիշում եմ: Զուգարանի վերևում փոքր անցք կար` պատուհան` վրան ճաղեր: Անհասկանալի է, թե ինչու էին այդտեղ ճաղեր դրել, միայն ձեռքն էր հնարավոր մտցնել: Կարծես հատուկ կախվելու համար էր արված: Հենց դրանցից էլ կախվում էին:

— Չորս տղամարդ միասին տարիներով փակված են փոքր սենյակում: Ի՞նչ են անում ամբողջ օրը:

— Հիմնական մասն ինչ-որ բան էր սարքում հացի հում խմորից: Խաչքար էին շատ պատրաստում: Կարող էին մեկ ամիս առավոտից երեկո աշխատել մեկ խաչքարի վրա` մանրամասն հղկելով: Հետո, օրինակ, տալիս էին բանտի աշխատակցին մեկ տուփ ծխախոտի դիմաց:

Ես կարդում էի: Ծրագրեր էի գրում, օրինակ, գյուղատնտեսության զարգացման մասին կամ անասնապահության: Գրածիս 80%-ը հետո դեն եմ նետել: Հասկանում էի, որ հիմարություն է:

— Դու դա գրում էիր` նստած մի խցում, որտեղից քեզ ցանկացած պահի կարող էին տանել մեռնելու՞:

— Երևի ինքս ինձ համար այլ իրականություն էի հորինում, որպեսզի ինչ-որ կերպ կտրվեմ այն մեկից, որում կայի: Մտածում եմ` ենթագիտակցորեն եմ դա արել: Միայն հետո, երբ սկսեցի հոգեբանություն ուսումնասիրել, կարողացա վերլուծել` ինչ և ինչու եմ արել:

Առաջին յոթ տարվա ընթացքում շատ էի կարդում:

Գրքերն ինձ փրկեցին:

Ես փոքր ժամանակից սիրում եմ կարդալ: Պապս մեծ գրադարան ուներ, ու այնտեղից ինձ գրքեր էր տալիս:

Մահապարտների խցում ոչինչ չէր թույլատրվում` ներառյալ տնից բերած գրքեր: Հսկիչն իր ցանկությամբ բանտի գրադարանից մի քանի գիրք էր բերում` չես ուզում, մի՛ կարդա:

— Իսկ բանտի գրադարանում ի՞նչ գրքեր կային:

— Հարյուրներով հին խորհրդային գրքեր, օրինակ` հայրենական պատերազմի մասին շատ գրքեր կային` հայերեն ու ռուսերեն: Առանձնապես ոչ մի հետաքրքիր բան: «Կարմիր խաչից» հետո (1990-ականների վերջին «Կարմիր խաչի» աշխատակիցները բանտեր մտնելու իրավունք ստացան, — Կալեմոն) անգլերեն գրքեր հայտնվեցին, «Արմավիրում» պարսկերեն գրքեր էլ կան հիմա, դեսպանատունն է տրամադրել:

Որոշ ժամանակ անց սկսեցին թաքուն ինձ փոխանցել տնից ուղարկված գրքերը: Կային աշխատակիցներ, որոնք իբր իրենց համար բերում էին ու գիշերը տալիս ինձ, իսկ առավոտյան վերցնում: Պատահել է, որ առավոտյան մոռանում էին վերցնել ու գրքերը մնում էին:

Մի անգամ ցերեկային հսկիչները հայտնաբերեցին գրքերս ու սկսեցին ոտքով խփելով խցից դուրս գցել դրանք: Ես շատ լավ եմ հիշում դա. շատ ցավալի էր նայել, թե ինչպես են նրանք դուրս տշում գրքերը:

— Կա՞ գիրք, որը հատկապես տպավորել է:

— Շատ տպավորված էի «Ոսկե մարդը» վեպից (հունգարացի գրող Մորա Յոկայիի վեպը, — Կալեմոն): Հրաշալի գիրք է: Դա դեռ մահապարտների խցում եմ կարդացել, պապիկս էր ուղարկել: Հերոսը, նրա գործողությունները վրաս շատ էին ազդել:

— Բանտին կարելի՞ է սովորել:

— Մարդը ցանկացած պայմանների հարմարվում է: Ասել, թե ազատության մասին չի մտածում, չէ, չափազանցություն կլինի: Բայց մարդն ինքնախաբեության և ցանկացած պայմաններին ընտելանալու կարողություն ունի:

Հենց այդ պատճառով յոթ տարի անց պատիժն անիմաստ է դառնում, որովհետև յոթ տարի հետո մարդն իրեն զգում է այդ միջավայրի լիարժեք մասնիկը: Նա այլևս չի ընկալում մեկուսացումն ու նեղվածքը որպես պատիժ, ազգականներից հեռու լինելուց ցավ չի ապրում: Այդ դեպքում ո՞րն է պատժի իմաստը:

— Այսինքն` յոթ տարի անց ասես բթանու՞մ ես:

— Երբ ինձ ազատ արձակեցին, հաջորդ օրը մեկնեցի գյուղ, գնացի գերեզմանոց` տատիս ու պապիս մոտ: Մենք շատ մտերիմ էինք, հատկապես պապիս հետ: Ես նրա առաջին ու սիրելի թոռն էի: Ես, երևի, մեկ ժամ այնտեղ նստած կարոտից լաց էի լինում: Պարզապես խեղդվում էի: Ես զգացել եմ այդ նույն կարոտն առաջին յոթ տարում: Իսկ մնացած տասնյոթ տարիներին մի տեսակ… սառն էի: Կարծես զգացմունքների համար պատասխանատու օրգանն այդ տարիներին չէր աշխատում, մեկ էլ հանկարծ կենդանացավ:

Բորշի ջուրը խմի՛ր, կանցնի

Հայաստանը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դարձավ 2001 թվականի հունվարի 25-ին և Խորհրդարանի ժողովի № 221 (2000) եզրակացության 13-րդ հոդվածին համապատասխան` Քրեական օրենսգրքի երկրորդ (հատուկ) մասն ընդունելու պարտականություն ստանձնեց, որով էլ դե-յուրե չեղարկեց մահապատիժը: 2003 թվականին ընդունվեց Հայաստանի նոր Քրեական օրենսգիրքը, որի համաձայն մահապատիժը չեղարկվեց և փոխարինվեց ցմահ բանտարկությամբ:

Եվրոպայի խորհուրդը մահապատժի չեղարկումը սահմանել է որպես իր գլխավոր գերակայություններից մեկը: Տարիներ շարունակ կազմակերպությունը պայքարել է հանուն նրա, որ ամբողջ Եվրոպայով մեկ մահապատիժը կորցնի իր իրավական ուժը, և դրանից հրաժարումը համընդհանուր ընդունված արժեք դառնա: Արդյունքում, Խորհրդի անդամ հանդիսացող երկրներում 1997 թվականից ի վեր ոչ մի մահապատիժ ի կատար չի ածվել:

Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի № 6 ընթացակարգը մահապատիժը չեղարկում է խաղաղ ժամանակ: Այն ուժի մեջ է մտել 1985 թվականի մարտի 1-ից: № 13 ընթացակարգը, որն ուժի մեջ է մտել 2003 թվականի հուլիսի 1-ից, անկախ հանգամանքներից արգելում է մահապատիժը, այդ թվում պատերազմի ժամանակ և պատերազմի մոտալուտ վտանգի դեպքում կատարված հանցագործությունների համար:

— 2003 թվականին մահապատիժը չեղարկվեց ու քեզ տեղափոխեցին ցմահ բանտարկյալների խուց: Պայմանները լավացա՞ն:

— Սկսած 2003 թվականից` խցերում փայտե մահճակալներ դրեցին, թույլատրեցին պահարաններ ունենալ: «Արմավիրում» մինչ այդ էլ պահարան կար, իսկ «Նուբարաշենում» չկար: Երկաթե մի բան էր դրված, որին բանտարկյալները «ղշաբուն» էին ասում. բաղկացած էր մի քանի փոքրիկ վանդակներից, որոնց մեջ կարելի էր դնել ափսեները:

Руки Ашота с сигаретой, чашка с армянским кофе на столе

«Արմավիրը» քիչ թե շատ կահավորված է, բայց այնտեղ էլ խնդիրներ կան: Ամենակարևորն օդափոխության խնդիրն է: Այնտեղ օդափոխման համակարգ չկար: Մի փոքր պատուհան կար, որը ձմռանը ցրտի պատճառով չէին բացում: Իսկ ամռանը սարսափելի շոգ էր: «Արմավիրի» մասնաշենքերը միմյանց դիմաց են տեղակայված․ յուրաքանչյուր խուցը բոլոր կողմերից փակ է: «Նուբարաշենում» դռան դիտանցքը երբ բացում էին, ու պատուհանն էլ էր բաց լինում, առաջանում էր օդի գոնե աննշան հոսք, իսկ «Արմավիրում» դա էլ չկար: Հիմա, կարծեմ, պատրաստվում են լուծել այդ հարցը:

Դեռ 2003 թվականին, երբ տեղափոխվեցի ցմահների խուց, սառնարան ունենալն էլ թույլատրեցին. դրա մեջ տնից ուղարկված ուտելիքն էինք պահում: «Իմ» խցերում այն ընդհանուր էր` բոլորը կիսվում էին: Վաղ թե ուշ լիքը հիվանդություններ ձեռք կբերեինք միայն բանտային սննդի պատճառով:

— Ի դեպ, հիվանդությունների մասին: Բանտային առողջապահության համակարգում իրավիճակն ինչպե՞ս էր և է: Ինչպե՞ս էին ձեզ բուժում:

— Համակարգում բարելավումներ եղան, սկսած 2003 թվականից, միջազգային կազմակերպությունների շնորհիվ` «Կարմիր խաչ», «Եվրոպայի խորհուրդ», «Մարդու իրավունքների պաշտպան»: Բանտարկյալներին սկսեցին բուժման համար տեղափոխել քաղաքացիական հիվանդանոցներ:

2003-2004 թվականներին ատամնաբուժական սենյակը բավականին լավ կահավորեցին, բայց անձամբ ինձ ատամնաբույժը, ճիշտն ասած, դուր չէր գալիս: Ես ատամնաբույժ ընկեր ունեի, երբ ատամներիս հետ կապված խնդիրներ էին լինում, զանգում էի, գալիս էր:

Մինչ այդ մենք բուժկետ ունեինք, որտեղ, թերևս, միայն մեթադոն էին բաժանում, որպես բուժում, նրանց, ովքեր ընդունում էին:

Երբ որևէ մեկը բժշկի կարիք էր ունենում, նա հարցնում էր, թե ինչի համար է նստած: Եթե հանցագործությունը «դուրը չէր գալիս», ասում էր. «Բորշի ջուրը խմի՛, կանցնի»: Բորշ նա անվանում էր թթու կաղամբը, ջրի մեջ լողացող կարտոֆիլի ու գազարի կտորների հետ, որը մենք ամեն օր ուտում էինք:

Մի երկու անգամ եղել է, որ ինչ-որ մեկի կույրաղիքն են հեռացրել: Սովորական քաղաքային հիվանդանոցում վիրահատում էին ու անմիջապես հետ բերում` հենց այդպես` վերքերով, որոնք բորբոքվում էին: Հրաշք էր, որ մարդիկ կենդանի էին մնում, երևի ինքնապահպանման բնազդն էր շատ ուժեղ:

Երբ ես դեռ մահապարտների խցում էի, եթե ինչ-որ մեկի ատամը ցավում էր ու պետք էր հեռացնել, այդպես այտը ուռած պահում էին մի քանի օր, որ մի քիչ ավել տառապի, հետո տանում էին ատամնաբուժական սենյակ, որն իր մսագործ-ատամնաբույժով հանդերձ ավելի շատ կտտանքների խցի էր նման, ու առանց ցավազրկելու հանում էին ատամը:

— Այդ ժամանակ կայի՞ն ձեզ այցելող իրավաբաններ: Բողոքու՞մ էիք նրանց, թե՞ վախենում:

— Ասենք, թե բողոքեինք: Ու՞ր էին հասնելու մեր բողոքները: Ու՞մ էինք մենք պետք: Հետո` միջազգային կազմակերպությունների` բանտեր մտնելու արդյունքում, իրավիճակը լավացավ. թույլ տվեցին նամակներ ուղարկել: «Կարմիր խաչի» աշխատակիցներն էին փոխանցում: Նրանք հատուկ ձևաթղթեր ունեին, դրանց վրա էինք գրում: Այն էլ սկզբում այնպիսի՜ գրաքննություն կար: Պատահում էր` տնից նամակ ես ստացել, իսկ դրա մի մասը ջնջված է, որ իմաստն անհասկանալի լինի: Այդ ի՞նչ անթույլատրելի բան պիտի գրեին ազգականները: Հենց այնպես վատություն էին անում:

— Պարզ հայացքով, գրական խոսքով, եռանդովդ դու կոտրում ես հասարակական կարծրատիպերն այն մարդու մասին, որն իր ներքին դաժան կանոններն ունեցող փակ աշխարհում անց է կացրել 24 տարի: Այն, որ պահպանել ես հոգեկան առողջությունդ և մտքիդ պարզությունը, միայն քո՞ վաստակն է, թե՞ նաև ուղղելուն կոչված համակարգինը:

— Ես շատ եմ ինքս ինձ վրա աշխատել, որպեսզի չտրվեմ այն գայթակղություններին, օրինակ` թմրանյութ կամ գումարով խաղեր, որոնք շատ են բանտում: Ինչպես նաև, ինձ բախտ է վիճակվել հանդիպել այնպիսի՜ մարդկանց… Ես շփվել եմ Արմենակ Մնջոյանի («Դրոյի գործով» ցմահ դատապարտյալ, որը 2019 թ. մահացավ հիվանդանոցում, — Կալեմոն), Աստված հոգին լուսավորի, Արսեն Արծրունու («Դրոյի գործով» ցմահ դատապարտյալ) հետ, երիտասարդ տղերքի, որոնք ոգեշնչվում էին ինձնով, ես էլ` իրենցով:

Իսկ համակարգը… այն միշտ եղել և մնում է երկու մասի բաժանված: Բանտում աշխատակիցներ կան, նույնիսկ դիպլոմավորված հոգեբաններ, որոնք մտածում են, որ մարդը կարող է փոխվել, և նրանք, ովքեր կարծում են, որ չի կարող, ու պետք չէ նրա հետ աշխատել: Ցավոք, վերջինները մեծամասնությունն են:

Բանտում եղել են աշխատակիցներ, որոնք օգնել են ինձ: Օրինակ` 2009-2010 թվականներին, երբ մեզ թույլատրվեց ստանալ հեռակա բարձրագույն կրթություն, ինձ հարցրին` ու՞ր եմ ուզում ընդունվել: Ես ուզում էի Գլաձորի համալսարանի կառավարման և մենեջմենթի ֆակուլտետ դիմել, բայց մաթեմատիկայից թույլ էի: Սոցիալ-հոգեբանական գծով աշխատակիցներից մեկն սկսեց պարապել հետս իր աշխատանքային ժամերին և նույնիսկ ընդմիջման հաշվին: Եւ՛ «Նուբարաշենում», և՛ «Արմավիրում», և՛ «Սևանում», որտեղ ես ընդամենը երկու ամիս եմ անցկացրել, եղել են այլ աշխատակիցներ, որոնք անհասկանալի առարկաները ժամերով հետս պարապում էին:

Սակայն եղել են նաև ուրիշ հսկիչներ: Օրինակ` երբ իմ ընկեր Արսեն Արծրունին ինձ հետ անգլերեն էր պարապում, իսկ մենք տարբեր խցերում էինք, Արսենն առաջադրանքները գրի էր առնում, ես դրանք կատարում էի և աշխատակիցների օգնությամբ հետ ուղարկում: Նրանք պիտի տանեին այդ թղթերն ընդամենը քսան մետր, բայց թղթերը մշտապես «կորչում» էին: Նրանց համար դա կարևոր չէր: Այդպիսի կոմունիստական մտածողություն ունեին:

Նրանք հանցագործին ընկալում էին որպես սրիկա, որը չի փոխվի: Նրա ինչի՞ն է պետք զարգանալը, գիտելիք ստանալը:

Կմեռնեք` կազատվեք

— Այնուամենայնիվ, քեզ հաջողվեց համալսարան ընդունվել:

— 2011 թվականին դիմեցի «Գլաձոր»: Բայց այնտեղ ինձնից կաշառք ուզեցին, հրաժարվեցի: Հետո փորձեցի [դիմել] «Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան» և ԵՊՀ, բայց արդեն պատմության ֆակուլտետ: Ես պատմություն շատ էի սիրում ու լավ տիրապետում էի:

«Մաշտոցում» ազնվորեն ասացին. «Կներես, բայց մենք բանտ չենք գա, հավես չունենք»: Իսկ Երևանի պետականի ռեկտորատում, կարծեմ պրոռեկտորի հետ եմ խոսել, ասացին. «Տղա ջան, ի՞նչ ես խոսում: Դու գոնե հասկանու՞մ ես, թե ուր ես զանգել»: Պատասխանեցի, որ ես ունեմ ցանկացած ԲՈԻՀ-ում հեռակա սովորելու սահմանադրական իրավունք` կպարապեմ, ռեֆերատներ կգրեմ, իսկ իրենք պարտավոր են պայմաններ ապահովել ինձ համար, մասնավորապես, դասախոսներին ուղարկել բանտ` ինձնից քննություններ վերցնելու: Մենք արդեն համակարգիչ ունեինք, բայց ինտերնետ չկար:

Արսենն արդեն սովորում էր «Ուրարտու» համալսարանի մագիստրատուրայում: Համալսարանի ռեկտորը` պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը, պատրաստակամորեն համաձայնեց [ընդունել ինձ]: Ես արդեն «Մանկավարժության և հոգեբանության» երրորդ կուրսում եմ: Վճարովի եմ սովորում: Հիմա, երբ արդեն դուրս եմ եկել, տեղափոխվել եմ ստացիոնար: Երբ դեռ նստած էի, ևս մեկ ցմահ բանտարկյալ թղթերը տվեց «Ուրարտու», իսկ իմ ազատ արձակումից հետո` ևս երեքը:

— Երբ կրթություն էիր ստանում, կարդում էիր, մտածու՞մ էիր այն մասին, որ մի օր դուրս ես գալու: Ինքդ քեզ պատրաստու՞մ էիր «ազատ աշխարհում» ապրելուն:

— Ոչ: Ինձ հետ նստած էին մարդիկ, որոնք մեկ սպանության կամ միայն մասնակցության համար ցմահ էին ստացել: Ես տեսնում էի, որ այդ մարդկանց ազատ չեն արձակում ու մտածում էի, որ ինձ առավել ևս չեն արձակի: Բայց որ նրանք կմնան, իսկ ես դուրս կգամ, ես չգիտեի:

Միշտ մտածում էի, որ բանտում կրթությունն ինձ պետք է, որովհետև երբ կրթված ես, նույնիսկ հասարակ դիմումը գրագետ ես գրում:

Երբ «Սևանում» էի, մի այսպիսի դեպք պատահեց: Ինչ-որ մեկին տնից հյութ էին բերել, դրել էր «տումբըչկայի» հետևում ու մոռացել: Հսկիչները գտան, գրեցին, որ «ինքնաշեն բրաժկա» են հայտնաբերել, գործ հարուցեցին ու պատրաստվում էին մեկ շաբաթով կարցեր նստեցնել: Հուսահատված պատմեց ինձ, ես էլ նրան ասացի` գնա, հսկիչին բացատրիր, որ քեզ տնից հյութ էին ուղարկել, ու այն թթվել է: Ինչպե՞ս կարող էիր ինքնուրույն պատրաստել դա: Ինչի՞ց:

Ашот, фото сбоку, луч света

Գնաց, ասաց: Հերթափոխի պետն ասել էր` էդ հաստատ Աշոտն ա քեզ սովորացրել (ծիծաղում է): Ահա թե ինչի համար է պետք տարրական գիտելիքը: Թե չէ բանտարկյալներն իրենց իրավունքները չգիտեն, վախից հնազանդվում են, իսկ բանտի աշխատակիցները պետք է իրենց պետերին ցույց տան, թե` ա՛յ, ես աշխատել եմ, անկարգություն եմ հայտնաբերել:

Բայց չէ՞ որ յուրաքանչյուր նմանատիպ պատիժ վեց ամսով հետ է գցում ՊՎԱ-ի հնարավորությունը:

— Բանտում կիրառվող տույժերի ու խրախուսանքների համակարգն ինչքանո՞վ է արդյունավետ: Դու ինչի՞ համար ես տույժեր ստացել:

— Ես ընդամենը հինգ տույժ եմ ունեցել, բոլորը 2008-2014 թթ.: Բոլորը հեռախոսների համար: Դրանք արգելված էին, մինչև հիմա արգելված են, բայց դրանք բանտում ավելի շատ էին, քան նույնիսկ շոկոլադը:

Դա այն ժամանակն էր, երբ ես շատ էի ուզում խոսել տուժող կողմի հետ, ուզում էի նրանց ներումը ստանալ:

Նաև ուզում էի կապ պահել ծնողներիս հետ, մարտի մեկից հետո ծնողներս ստիպված եղան լքել Հայաստանը (2008 թվականի մարտի մեկի լույս երկուսի գիշերը ոստիկանության և քաղաքացիների, որոնք Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ բողոքում էին նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ, միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է տասը մարդ, երկու հարյուրից ավելին` վիրավորվել, — Կալեմոն): Եղբայրս մասնակցել էր ցույցերին, վիրավորվել էր, նրան փնտրում էին [իրավապահ մարմինները], և ծնողներս երկրից դուրս էին տարել նրան:

2014 թվականից աշխատում էի տույժեր չստանալ: Աշխատում էի հեռախոս չպահել մոտս: Բանտում հեռախոսների օրինականացումը շատ կարևոր եմ համարում: Թող բանտարկյալը վճարի, ասենք, թե սովորական հեռախոսի համար ամսական 5000 դրամ և ինտերնետով լավ հեռախոսի համար` 10 000 դրամ: Իսկ այդ գումարը կարելի է ուղղել բանտարկյալների կրթությանը:

— Իսկ ուրիշ ինչի՞ համար են տույժեր լինում:

— Վեճերի, հայհոյանքի, կարգը խանգարելու:

Աշխատակիցներն էլ են հայհոյանքի համար տույժեր ստանում և նույնիսկ հեռացվում: Դա բանտի պետից է կախված: Կան պետեր, որ խիստ են, աշխատողներից պահանջում են օրենքի տառին համապատասխան վերաբերմունք բանտարկյալների հանդեպ: Պետեր էլ կան, որ իրենք են հայհոյում ու վատ օրինակ ծառայում:

— Իսկ ո՞ր դեպքերում են խրախուսանքներ տրվում:

— Ես երկու խրախուսանք եմ ստացել` լավ վարքի ու խցի վերանորոգման աշխատանքներին (պատն եմ ներկել) մասնակցելու համար: Բայց վերջին տարիներին դատախազությունը խստորեն արգելում էր խրախուսանքներ տալը: Իմ վարքը չէր փոխվել, ընդհակառակը, ես նաև բանակի համար գրքույկ էի հրատարակել, բանաստեղծությունների ժողովածու` նվիրված ապրիլյան պատերազմին, ընդունվել էի համալսարան, գերազանց սովորում էի: Համալսարանը միջնորդել էր խրախուսանք տալու համար: Բայց խրախուսանք չէին տալիս, ասում էին` բավարար հիմքեր չկան:

Խրախուսման մասին մեր օրենքը հստակ չէ: Օրինակ, ես ու Արսենն ուսումնասիրել ենք, Իտալիայում երբ բանտարկյալը գրադարանից գիրք է վերցնում ու վերադարձնում, գրադարանավարը նրան հարցեր է տալիս, որ հասկանա` իսկապես կարդացե՞լ է գիրքը: Եթե այո, ապա ժամկետից հանվում է երեք օր: Ընդունվեցիր համալսարան, հանվում է վեց ամիս: Փոխադրվեցիր երկրորդ կուրս` ևս երեք ամիս: Ավարտեցիր` ևս վեց ամիս:

Իսկ մեզ մոտ միայն գրում են թղթի վրա. «Ստացել է խրախուսանք» և վերջ: Այդ խրախուսման միակ օգուտն այն է, որ ՊՎԱ-ի դիմելիս նշում են, որ դրանք կան: Երկուսից ավել խրախուսանքների համար բալային համակարգով հաշվիդ գրանցում են հինգ բալ: Ուզում ես երկուսն ունեցիր, ուզում ես` հինգը: Իմ կարծիքով հիմարություն է:

— Իսկ դատախազությունն ինչու՞ չէր ողջունում խրախուսանքները:

— ՊՎԱ դիմած դեպքերի, երևի, հարյուրից մեկն է, որ դատախազությունը չի բողոքարկում: Եթե բանտարկյալը խրախուսանքներ ունի, դատարանը հաշվի է առնում դա, և դատախազության համար ավելի է բարդանում բողոքարկելու հարցը: Մեր դատախազությունը մնացել է հին գործելաոճի մեջ. այն միայն պատժել է ուզում և վերջ: Սկզբում հենց ինքն է արգելում խրախուսանքները, իսկ հետո ասում` ոչ մի ՊՎԱ, երեք տարվա մեջ, օրինակ, ոչ մի խրախուսանք չես ստացել: Նույնիսկ եթե մարդը դատապարտված է մի քանի տարվա ազատազրկման, լավ վարք է ցուցաբերել, դատախազությունը գտնում է, որ նա պետք է կրի իր պատիժը մինչև վերջին օրը:

Քսան տարվա ազատազրկումից հետո ինձ չներկայացրին ՊՎԱ-ի, չնայած ըստ օրենքի պարտավոր էին, և ես դա բողոքարկեցի դատարանում: Նիստից հետո [որի ընթացքում ինձ մերժեցին] ինձ մոտեցավ երիտասարդ դատախազը. «Ցմահին ի՞նչ ազատություն: Ձեր ազատությունը մահն է: Կմեռնեք, կազատվեք»:

Ашот говорит и улыбается

Հոգատարություն պատժի մեջ

— Ինքդ հանդիպե՞լ ես հանցագործների, ում իրենց կատարած հանցանքի համար հոգուդ խորքում «դատապարտել» ես մահապատժի:

— Այո, նման դեպքեր եղել են: Բայց դա տևում էր մի պահ, ես թույլ չէի տալիս, որ շարունակվի: Ինքս ինձ ասում էի` ո՞վ եմ ես, ի՞նչ իրավունք ունեմ նրան դատելու:

Երևի, բոլորս էլ կչարանանք, եթե մեր առջև տեսնենք մարդու, որը կատարել է ծանր հանցագործություն: Բայց նա, ով ներկայացնում է պետությունը, չարանալու իրավունք չունի: Նա հստակ գործառույթներ ունի: Նա պետք է մոռանա իր զգացմունքները և կատարի իր պարտականությունները:

Հասկանալի է, որ հանցագործություն կատարողը պիտի պատիժ կրի: Բայց նույնիսկ պատժի մեջ պիտի մարդու հանդեպ հոգատարություն լինի: Հասարակությունից, ընտանիքից, ընկերներից մեկուսացումն արդեն իսկ ծանր է:

Եթե մարդն ուղղվում է, կատարում է գործողություններ, որոնց համար կարելի է նրան խրախուսել, իսկ դատախազությունը չի անում դա, ես կարծում եմ, որ մարդուն հասարակության հաշվին բանտում անիմաստ պահելը հանցագործություն է:

Մեր [բանտային] համակարգն, իրոք, այդքան էլ արդյունավետ չէ և բարեփոխումների կարիք ունի: Լավ, լուրջ հանցագործության համար նստեցնենք, հասարակությունից մեկուսացնենք: Բայց մեզ մոտ մի մարդ էր նստած վեց շամփուր գողանալու համար, որոնք նա նույնիսկ չէր էլ գողացել: Խմած անցել էր հարևանի պատի վրայով, այգու մանղալի վրայից վերցրել շամփուրները, խորոված արել, հետո շամփուրները դրել էր տեղը:

Մեծահարուստ հարևանը նրան չէր հավանում խմելու պատճառով: Շատ աշխատող էր, գերեզմանաքարեր էր պատրաստում, բայց խմում էր: Եվ ահա, հարևանն օգտագործեց հարմար առիթն ու ոստիկանություն դիմեց: Նրան դատապարտեցին վեց տարով: Վեց շամփուրի համար, պատկերացնու՞մ ես: Նա դեռ նստած է:

Մեկ այլ դեպք: Վեց պակիստանցի էին նստած: Քանի որ ես անգլերեն գիտեմ, նրանց հետ շփվում էի: Նրանք Թուրքիայում` մեր սահմանի մոտ, ասել են, որ ուզում են գնալ Ջերմընի (Գերմանիա — Կալեմոն): Այնտեղի քրդերը, երևի թե, Էրմենի են հասկացել ու ցույց տվել դեպի սահմանը: Դե նրանք էլ անցել են սահմանն ու բռնվել: Սահմանն ապօրինաբար հատելու համար նրանցից յուրաքանչյուրին դատապարտել են երեք տարով: Հաշվի՛ր` յուրաքանչյուրի վրա ամսական 180 000 դրամ է ծախսվում, բազմապատկիր երեք տարով: Միլիոններ: Ինչու՞ նրանց ինքնաթիռ չնստեցնել ու չուղարկել տուն:

Ու ես քսանչորս տարվա ընթացքում տեսել եմ այդպես շատերին, որ անիմաստ հանցագործությունների համար անիմաստ ժամկետներով նստած են, ու միշտ մոտս հարց էր առաջանում. ահա, մեր կառավարությունն այս մարդկանց տարիներով կերակրում է, իզուր ծախսվում են այդքան գումարներ և այդ պայմաններում կործանվում են այդքան կյանքեր: Իսկ մենք կերակրում ենք նրանց մեր ծերերի, երեխաների, զինվորների հաշվին, ում վրա կարելի էր ծախսել այդ գումարները:

— Ի՞նչ եղավ պակիստանցիների հետ:

— Մինչև վերջ նստեցին, դուրս եկան: Նրանցից երկուսը քաղաքում քաղցած թափառել են, հասել Նորքի զանգված, երկու աղջիկներից գողացել հեռախոսներն ու փախել: Նրանց բռնել են, դատապարտել հինգ տարով ու վերադարձրել բանտ:

— Իրոք, աբսուրդ է: Բանտարկյալներին պահելու պայմանների մասին: Շատերը վրդովվում են, երբ լսում են, որ բանտարկյալների պահման պայմանները պետք է բարելավվեն իրենց հարկերի հաշվին: Կամ որ բանտարկյալների նկատմամբ պետք է հարգալից վերաբերմունք լինի: Հասարակությունն ինչու՞ պիտի հետաքրքրված լինի բանտարկյալների հանդեպ հոգատար վերաբերմունքով ու նորմալ պայմաններով:

— Իսկ ի՞նչ անենք նրանց հետ: Վառե՞նք բոլորին:

— Դե, ապահովենք նվազագույն պայմաններ ու վերջ:

— Մի անգամ ես հրաժարվեցի «Սևանից» գալ հերթական դատական նիստին: Հաջորդ նիստին ինձ հարցրին` ինչու չեմ ներկայացել, ասացի, որ չէի ուզում այդ նվաստացուցիչ պայմանների միջով անցնել: Դատից առաջ յոթ-տասը օրով ինձ բերում էին «Նուբարաշեն», այսպես կոչված, կարանտինի` առանց լողանալու հնարավորության, առանց մաքուր սպիտակեղենի, երբեք չփոխվող գարշահոտ ներքնակներով սարսափելի կեղտոտ սենյակ, որը երբեք չի մաքրվում, իսկ պատերի կեղտը սրտխառնոց է առաջացնում: Պայմաններն այնքան սարսափելի են, որ ինձ համար այդքան կարևոր նիստ էր ընթանում, իսկ ես չէի ուզում դրան ներկայանալ:

Երբ մարդուն ճնշում ես, կիսաքաղցած ու կիսամերկ ես պահում, ամենավատ ուտելիքն ես տալիս, մարդը չարանում է: Եվ ու՞մ նկատմամբ: Նա, եթե դուրս գա բանտից, հո՞ չի գնալու վարչապետի աշխատասենյակից գողություն անելու: Նա կգնա հասարակ քաղաքացու մոտ և նրա վրա կթափի իր չարությունը:

Մեզ մոտ խցերում մոտ 3000 բանտարկյալ կա ու այնպես չէ, որ նրանք բոլորը հանցագործ են ծնվել: Ըստ վիճակագրության` 15%-ը կրկնակի հանցանք չի գործում: Եթե ճիշտ աշխատեն մարդկանց հետ, այդ թիվը կաճի: Մենք անընդհատ 85% ռեցիդիվի մասին ենք խոսում, բայց ավելի լավ չէ՞ մյուս տասնհինգի վրա կենտրոնանալ:

— Իսկ քո կարծիքով կա՞ն այնպիսիք, որ հանցագործ են ծնվում:

— Ես հոգեբանություն եմ ուսումնասիրում ու չեմ կարող դրան հավատալ: Պայմաններ, հանգամանքներ. դրանք որոշիչ են: Ես նույնպես շուտով կսկսեմ աշխատել, և իմ հարկերից էլ այնտեղ [բանտ] գումարներ կգնան: Ես շատ կուզեի, որ դրանք կրթության վրա ծախսվեն: Բանտարկյալների բավականին մեծ մասը վեցերորդ, յոթերորդ դասարանի կրթություն ունի և բահով տարրական աշխատանք անել չի կարող:

— Բանտարկյալներին կրթելով` հասարակությունը կարծես իր անվտանգության ավելի մեծ հավանականությունն է ապահովում այն դեպքում, եթե բանտարկյալը բանտից դուրս գա:

— Այո: Երբ մարդը հանցանք է գործում, համակարգը պատժի վրա է կենտրոնանում, ոչ թե այն պատճառի բացահայտման, որից դրդված նա գործել է հանցանքը: Չի մտածում, թե նրան հասարակություն վերադարձնելու համար ինչպիսի աշխատանք է պետք տանել, որպեսզի նա իր աշխատանքով վերադարձնի իր վրա ծախսված գումարը:

«Եթե մենք դեմ ենք, որ հանցագործը կրթություն ստանա ու ճիշտ վերականգնում անցնի հանրության հաշվին, ապա նա մեր հաշվին ուղղակի կնստի: Երբեմն մի քանի անգամ: Մենք, միևնույն է, կվճարենք: Հարցն այն է, թե ինչ կստանանք արդյունքում»:

Յուրաքանչյուրին իր մոտեցումը

— Բանտերում ֆիզիկական բռնությունը, որի մասին խոսակցության սկզբում ասում էիր, դեռ ընդգրկվա՞ծ է «ուղղման» մեթոդների շարքում:

— Սկսած 2004-2005 թվականներից ֆիզիկական բռնության դեպքերը հազվադեպ են: Դա ևս կապված է «Կարմիր խաչի», «Եվրոպայի խորհրդի», «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի» ներկայացուցիչների այցելությունների հետ:

Ամենակարևորը, ինչ-որ բան փոխվել է բանտարկյալների գիտակցության մեջ: Առաջ, երբ բանտապահները ծեծում էին, բանտարկյալը մտածում էր. «Դու տղամարդ ես, լուռ դիմացիր»: Հիմա մտածում է. «Չէ, ես անասուն չեմ, որ ինձ ծեծեն, իսկ ես լուռ հանդուրժեմ»: Մարդիկ սկսել են բողոքել, պահանջել իրենց իրավունքների իրացումը, և բանտապահներն ավելի զգույշ են դարձել:

— Բանտում հոգեբանական օգնությունն ինչպե՞ս է կառուցված: Մեկ հոգեբանին քանի՞ բանտարկյալ է հասնում:

— Մեկ հոգեբանին հասնում է 300-400 բանտարկյալ: Որոշ հոգեբաններ անկեղծորեն ասել են ինձ, որ հաճախ ըստ լուսանկարի են եզրակացություն գրում` մարդուն երբեք չտեսնելով:

Բայց դրա պատճառն այն չէ, որ բոլորը վատն են ու թքած ունեն: «Արմավիրում», օրինակ, լավ հոգեբաններ կային, «Նուբարաշենում»` նույնպես: Բայց նրանք չէին հասցնում:

Հոգեբանը կարող է օրական երկու-երեք մարդ ընդունել, եթե ավել ընդունի, արդեն հենց ինքը հոգեբանի կարիք կունենա:

Զրույցը վերլուծելու, խնդիրը գտնելու կամ պարզապես իր վրա լցվող այդքան բացասականից հանգստանալու համար ժամանակ է պետք: Ուղղիչ հիմնարկներում հոգեբանների աշխատանքն անպայման ուժեղացնել է պետք` սկսած ոստիկանության բաժանմունքից, վերջացրած Պրոբացիայի ծառայությամբ: Նաև չեմ կարծում, որ նրանք լավ են վարձատրվում: Մահակով հսկիչն ավելի շատ է ստանում, քան հոգեբանը:

Ներկայումս Եվրոպայի Խորհուրդն իրականացնում է «Հայաստանի բանտերում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության բարելավում» նախագիծը: Նախագիծն աջակցում է կառավարության մարմիններին Հայաստանում բանտարկյալների բժշկական սպասարկման նորմատիվ և օպերատիվ բազայի` միջազգային ստանդարտներին համապատասխան բարեփոխման գործում:

Ուշադրության կիզակետում են հետևյալ ոլորտները. ուղղիչ հիմնարկներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց բժշկական սպասարկում ստանալու իրավունքը, կանխարգելիչ առողջապահությունը, մասնավորապես, սանիտարական ու հիգիենայի պայմանները և դրանց վերահսկման մեխանիզմը, վարակիչ հիվանդությունների բուժումը, ուղղիչ հիմնարկներում ստացիոնար բժշկական օգնությունը և ծառայությունները, Ուղղիչ բժշկության կենտրոնի աշխատակիցների վերապատրաստման դասընթացները, պրոֆիլակտիկ բժշկության և հիգիենայի մասին բանտարկյալների իրազեկվածությունը և գիտելիքը:

— Իսկ եկեղեցի՞ն:

— Բանտերում եկեղեցու դերը բավականին մեծ է: Շատերն ապրում են Աստծո անունով ու աղոթքներով: Շաբաթական գոնե մեկ անգամ քահանաներն այցելում են բանտարկյալներին: Խոսում են բանտարկյալների հետ` և՛ անհատապես, և՛ խմբերով: Քահանան խոսում է Աստծո մասին, պատմում է եկեղեցու, Քրիստոսի պատմությունը:

Ոմանց դա օգնում է, բայց քահանաներն, ամեն դեպքում, մասնագետներ չեն, որ անձի, մարդու ներաշխարհի հետ աշխատեն: Ամբողջ աշխարհում եթե մարդն ունի ներանձնային կոնֆլիկտներ, նա հոգեբանի մոտ է գնում, ոչ թե քահանայի: Կան մարդիկ, ում խնդրի արմատը ծագել է մանկության ժամանակ, ինչ-որ մի դրվագում, որը նա չի էլ հիշում, բայց լավ հոգեբանը հասնում է նրան, որ մարդը հայտնաբերում ու վերապրում է այդ դրվագը, և խնդիրը լուծվում է:

— Հոգեբաններին իրենց աշխատանքում օգնելու համար դու և ընկերդ ուզում եք անձի գնահատման թեստ ներմուծել ուղղիչ համակարգի մեջ:

— Դա հայտնի MMPI թեստն է (Մինեսոտայի բազմակողմանի անձնային հարցարան. ամենահայտնի հոգեախտորոշիչ մեթոդիկաներից է` նախատեսված անձի անհատական առանձնահատկությունների և հոգեվիճակների հետազոտման համար, — Կալեմոն), որն Արսենը թարգմանեց ու իմ աջակցությամբ ադապտացրեց մեր ազգային մտածելակերպին: Մենք պատրաստեցինք երեք օրինակ, ծախսերը, մեծ մասամբ, կրեց Արսենի ընտանիքը: Յուրաքանչյուր օրինակն արժեցավ մոտ հարյուր դոլար` ներառյալ սրբագրիչի ու տպելու ծախսը:

Բանտարկյալին այս մեթոդիկայով թեստավորելով` հոգեբանը բավականին հավաստի կարող է տեսնել, թե ինչ խնդիրների հետ է պետք աշխատել: Բանտարկյալներից մեկը կարող է ագրեսիվ լինել, մյուսն` ասոցիալ, երրորդը` հանցագործության հակված: Կամ, օրինակ, ողբերգական վթար է տեղի ունեցել կամ անզգուշությամբ սպանություն, այդ ժամանակ հանցանք կատարողը ևս կարեկցանքի կարիք ունի: Յուրաքանչյուրին անհատական մոտեցում է պետք:

Ашот, коллаж из четырёх частей

— Ենթադրենք, Արդարադատության նախարարությունը հավանություն տվեց բանտերում թեստի կիրառմանը: Բայց մենք ունե՞նք մասնագետներ, որոնք կարող են դրանով աշխատել:

— «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը պատրաստ է տարածք տրամադրել Ուղղման հոգեբանության ամբիոնի ստեղծման համար (իրավաբանական հոգեբանության ճյուղ է, որն ուսումնասիրում է իրավախախտների վերադաստիարակման և ուղղման առանձնահատկությունները և պայմանները, — Կալեմոն), որտեղ ուսանողները կսովորեն, այդ թվում, նաև թեստերի հետ աշխատել:

Պարոն Սեդրակյանը միջնորդության նամակ է ուղարկել բանտ և Արդարադատության նախարարություն` խնդրանքով, որ Արսենին տեղափոխեն կիսաբաց ռեժիմ, որպեսզի նա ղեկավարի ամբիոնը: Արսենն արդեն դոկտորականն է պաշտպանել, հրատարակվում է հոգեբանական ամսագրերում:

Մենք` Արսենի հետ, թեստն անցկացրել ենք 180 բանտարկյալների հետ: Շատերը նորմալ չէին կարողանում կարդալ: Բոլորը կարդալ գիտեին, բայց ոմանք իմաստը չէին հասկանում կրթության անբավարարության պատճառով, ու ես կամ Արսենը բացատրում էինք:

— Բանտում ստեղծվող տարբեր խմբակներին ինչպե՞ս ես վերաբերվում: Բանտարկյալներն այնտեղ սովորու՞մ են որևէ բան, որը հոգեբանական վերականգնումից բացի կարող է նրանց պետք գալ որպես գումար վաստակելու միջոց` և՛ բանտում, և՛ դուրս գալուց հետո: Պրոբացիայի ծառայությունում տեսել եմ կերամիկական աշխատանքներ: Նաև Վերնիսաժում խանութ կար, որտեղ վաճառվում էին բանտարկյալների պատրաստած տարբեր իրեր:

— Այդ խմբակները վերասոցիալականացման ծրագիր են: Գումար չեն բերում: Այո, տարին մեկ անգամ ցուցահանդես-վաճառք է տեղի ունենում, և եթե ինչ-որ բան այդ ցուցահանդեսում վաճառվի, ապա մի քիչ գումար կլինի: Ես մեկ անգամ ներկա եղել եմ գրքիս շնորհանդեսի ժամանակ: Այնտեղ երեսուն-քառասուն բանտարկյալ կար, բայց ընդամենը մոտ 7000 դրամի աշխատանքներ վաճառվեցին:

Համոզված եմ, երբ մարդը բանտից դուրս գա, չի էլ դիպչի կավին: Եւ հետո, այդ խմբակներում չեն սովորեցնում այնպես, որ որակով ստացվի: Ես հարյուր դրամ էլ չէի տա այդ աշխատանքներին:

Սովորաբար բանտարկյալները միայն ՊՎԱ-ի բալեր հավաքելու համար են գնում այդ խմբակներին: Ավելի լավ կլիներ` այդ գումարները [որ ծախսվում են խմբակների վրա] ծախսվեին իրական կրթության վրա: Սակայն հենց դրա վրա ո՛չ գումար, ո՛չ ժամանակ չեն ուզում ծախսել:

Օրինակ` երեք ամսից ավել Արսենը «Նուբարաշենում» բանտարկյալների հետ անգլերեն պարապեց: Հատկացրել էին սենյակ` աթոռներով, սեղաններով, գրատախտակով: Շաբաթական երկու անգամ մասնակցելու ցանկություն հայտնեց տասներկու բանտարկյալ: Արսենն ինքն էր գտնում գրքերը: Դաս էր անցկացնում, քննություն վերցնում:

Ու հանկարծ Վարչությունից այդ դասերն արգելելու հրահանգ եկավ, որովհետև Արսենը չունի մանկավարժի համապատասխան կրթություն: Նա Բեյրութից է, վարժ խոսում է ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն ու հայերեն: Որոշ դիպլոմավոր մանկավարժներից էլ լավ է խոսում անգլերեն: Ուներ աշակերտներ, որոնք մինչ այդ բանտի խմբակում անգլերեն էին պարապել և նույնիսկ այբուբենը նորմալ չգիտեին:

— Ի՞նչ եղավ աշակերտների հետ:

— Արսենը շարունակում էր պարապել հեռակա կարգով: Աշխատակիցները տանում-բերում էին առաջադրանքներով ու տնայիններով թղթերը, բայց շատ շուտով մնացի միայն ես: Հեռավար ուսուցումը հոգնեցրեց բոլորին, հատկապես, երբ աշխատակիցները դիտավորությամբ կամ անփութությամբ կորցնում էին թղթերը:

2006-2007 թվականներին Արսենն իր եղբոր հետ էր խոսել, որ նա ֆինանսավորի «Նուբարաշենի» վեցերորդ հարկի հինգ դատարկ սենյակների վերանորոգումը, որոնք կիպ կպած են զբոսանքի բակին: Արսենի եղբայրը պիտի փայտամշակման մի քանի հաստոց բերեր. կային բանտարկյալներ, որոնք կարողանում էին փայտի հետ աշխատել և մյուսներին էլ կսովորեցնեին:

Արսենը նույնիսկ ծրագիր գրեց, եղբայրն ասաց, որ կկազմակերպի պատրաստի արտադրանքի արտահանումն ու վաճառքը Եվրոպայում: Ըստ այդ ծրագրի` աշխատանք էր ձեռք բերելու մոտ հարյուր բանտարկյալ: Փոքր փայտե քանդակները կարող էին պատրաստել նույնիսկ խցերում: Կարող էին համատեղ աշխատել քանդակների վրա, դա իրական մասնագիտություն կլիներ, ու դուրս գալուց հետո նրանք կկարողանային արհեստանոցներում աշխատել:

Բոլորն ուրախացել էին: Բանտի վարչությունից ասացին` ո՛չ:

Հսկիչները պիտի առավոտյան ինն անց կես բանտարկյալներին տանեին վերև, երեկոյան հինգին-վեցին հետ բերեին: Կարծում եմ` մերժեցին, որ չլինի այդ շարժը: Ստացվում է, որ աշխատակիցներն ալարում են աշխատել, որպեսզի բանտարկյալներն զբաղվածություն ունենան:

Երբեմն բանտի աշխատակիցները չէին հերիքում, որ մեզ զբոսանք ապահովեն: Եվ մարդկանց ուղղակի չէին հանում դուրս: Այդպես էր դա լուծվում:

Ашот курит и говорит

Ազատություն առանց փաստաթղթերի

— Նստեցիր մինչև ժամկետիդ վերջը կամ ՊՎԱ-ով դուրս եկար: Ի՞նչ է քեզ սպասվում:

— Վերջերս ոստիկանության բաժանմունքում էի դրա մասին խոսում: Թաղային տեսուչն էր զանգել, արդեն չորրորդ անգամ կանչում էր: Ես նրան հարցրի` ինչպե՞ս տեղ հասնեմ, եթե անձնագիրս դեռ չեն տվել, ես չեմ աշխատում, ի՞նչ է, տասը կիլոմետր ոտքո՞վ գամ:

Փառք Աստծո, ծնողներս ու եղբայրներս ինձ օգնում են, մինչև տեղավորվեմ աշխատանքի: Բայց կան մարդիկ, որ դուրս են գալիս ու ոչինչ չունեն: Նրանք ոչ թե չեն կարող ադապտացվել, այլ նրանց այդ հնարավորությունը չեն տալիս:

Անձնագիրս ամիսուկես հետո են տվել: Թղթաբանություն է: Ուրիշներին կարող է ավելի ուշ տան: Ահա, ես դուրս եմ եկել, ո՛չ աշխատանք, ո՛չ փաստաթուղթ, ո՛չ փող: Ենթադրենք, ընտանիքս էլ ինձնից երես է թեքել: Գոյությունս պահպանելու ի՞նչ տարբերակներ ունեմ:

— Փող մուրալ, գողանալ ինչ-որ բան ու վաճառել, աղբամանները քչփորել: Բոլոր երեք տարբերակներում էլ հասարակության աչքում դու չես ուղղվել:

— Այո: Այսպիսով, մարդն ազատվում է ու չի կարողանում ինտեգրվել հասարակությանը: Ի՞նչ է անում նա: Կրկին հանցանք է գործում և վերադառնում բանտ: Այդտեղից էլ 85%-ը: Երբ նստած էի, բարկանում էի վերադարձածների վրա` գժվե՞լ եք, ի՞նչ է: Ասում էին` դուրս կգաս, կտեսնես: Դուրս եկա, տեսա:

Ես կուզեի Պրոբացիայի ծառայությանն առաջարկել, որ ՊՎԱ-ով ազատվող բանտարկյալին երկու-երեք ամիս շարունակեն բյուջեից գումար հատկացնել, ասես նա դեռ շարունակում է կրել իր պատիժը: Քանի դեռ անձնագիրը չի ստացել, աշխատանք չի գտել: Առանց անձնագրի նույնիսկ հավաքարարի գործին չեն ընդունի:

Այս պահին Եվրոպայի խորհուրդն իրականացնում է «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ընդլայնմանը» նախագիծը: Նախագծի նպատակն է օգնել կառավարության մարմիններին գործնականում աջակցել պրոբացիայի հայեցակարգին` այդպիսով օժանդակելով հասարակական անվտանգության բարձրացմանը և արդարադատության իրացմանը:

— Դու առաջին ազատված ցմահ բանտարկյալն ես, որը գտնվելու է Պրոբացիայի ծառայության հսկողության տակ: Պրոբացիայի ծառայությունը դեռ բանտում է սկսում աշխատանքը, չէ՞: Ի տարբերություն բանտի, Պրոբացիայից քեզ դրական եզրակացություն են տվել: Ինչպե՞ս էր ընթանում նրանց աշխատանքը:

— ՊՎԱ-ի դիմելուց 80 օր առաջ Պրոբացիայի ծառայությունը ժամանակ ունի մի քանի անգամ հանդիպել բանտարկյալի, նրա ընտանիքի և ընկերների հետ:

Երկու անգամ են եկել ինձ մոտ, հարցեր էին տալիս` ինչո՞վ եմ զբաղվելու, երբ դուրս գամ, ինչպես եմ վերաբերվում կատարածս հանցանքին: Նրանք գնահատում էին իմ վարքը, խրախուսանքները, տույժերը, անձնակազմի հետ շփումը:

Ашот, фотография сбоку

Բանտը ևս դրական բնութագիր էր տվել, երբ թղթերն ուղարկում էր [Պատիժների իրականացման] ծառայություն: Բայց Ծառայությունում համարեցին, որ հոդվածս ծանր է և կրկնահանցանքի ռիսկ կա: Ես կարծում եմ, որ նրանք ավելի շուտ իրենց «չաշխատանքն» են գնահատել, քան ռեցիդիվի հավանականությունը: Այսինքն` վստահ չէին, որ բավարար աշխատել են ինձ հետ, որ ուղղվեմ:

Մինչև անցած տարի ՊՎԱ-ով ազատվելու թեման, առհասարակ, տաբուացված էր: Նախորդ անգամները, երբ դիմում էի [ՊՎԱ-ի], և՛ դատախազը, և՛ դատավորը պարզ ասում էին` վերևից հրաման կա, որ ցմահներին բաց չթողնենք: Պիտի նախագահի ապարատից հրաման լինի: Ասում էի` ես այդքան կարևոր չեմ, որ նախագահի ապարատից ինձ համար ասեն, չէ՞ որ օրենք կա: Իսկ նրանք` օրենքը օրենք, իսկ վերևը վերև: Բայց 2018-ին հեղափոխություն տեղի ունեցավ, 2019-ին փոխվեց Պրոբացիայի ծառայության ղեկավարությունը, և այս անգամ ամեն ինչ արվեց ըստ օրենքի:

— Ի՞նչ ես պատրաստվում անել:

— Ավարտել ուսումս, աշխատանքի տեղավորվել, առաջ տանել ուղղիչ հիմնարկներում թեստի կիրառումը, մասնակցել [ուղղման հոգեբանության] ամբիոնի բացմանը: Նաև ուզում եմ շրջել զորամասերով, կիսվել զինվորների հետ իմ պատմությամբ, պատմել, թե ինչի կարող է հանգեցնել, օրինակ, հիմար վեճը, և ամեն կերպ նպաստել բանակում ներքին հանցագործությունների կանխարգելմանը: Արդեն մեկ զորամասում եղել եմ, մյուսում ելույթը հետաձգել են համաճարակի պատճառով, բայց հուսով եմ, որ սահմանափակումները հանելուց հետո կշարունակեմ:

Դարձեք Պատրոն

Մենք կերտում ենք ազատ, անկողմնակալ և ոչ անտարբեր մարդկանց համամիություն։ Եթե ցանկանում եք աջակցել մեր աշխատանքին, որն ուղղված է խորը սոցիալական խնդիրները վեր հանելուն՝ սովորական մարդկանց անձնական պատմութունների միջոցով, ապա դա անելու լավագույն միջոցը մեր Պատրոնը դառնալն է։

Տեքստն ավարտվում է, պատմությունը շարունակվում է։

Մեր առաքելությունն է նպաստել փոփոխություններին հասարակության մեջ՝ կոտրելով տաբուները և ազատ քննարկելով այնպիսի կարևոր թեմաներն, ինչպիսիք են բռնությունը, աղքատությունը, խտրականությունը, ծնողական և բժշկական էթիկան և այլն։

Այստեղ պատմված պատմությունները միշտ կլինեն ազնիվ և անկողմնակալ՝ այդ թվում նաև շնորհիվ մեր Պատրոնների։ Դուք նույնպես կարող եք միանալ՝ սեղմելով կոճակն ու ընտրելով աջակցության չափը։ Շնորհակալ ենք!