Մերժվածը

Տեքստ՝ Հասմիկ Հովհաննիսյան
Խմբագիր և լուսանկար`Ֆյոդոր Կորնիենկո
Թարգմանություն` Արփի Խալաթյան

15 Ապրիլի, 2020

Երեխաների համար ո՞րն է ավելի լավ՝ մանկատունը, թե նրանց հետ կապված մայրը, ում՝ ծնող լինելու անկարողությունը, սակայն, կարող է վշտալի հետևանքների հանգեցնել: Լավ ելք կարող էր լինել դժվար կենսական իրավիճակում գտնվող ընտանիքների համար նախատեսված ցերեկային ճգնաժամային կենտրոնը, բայց Հայաստանում նմանատիպը չկա:

23 min read

Որպեսզի երեխաներին վերադարձնեն

Մարիամը, մանր սպիերով պատված ուռած մատներով, մանկական շշի մեջ է լցնում չոր կաթնախառնուրդը: Զգուշորեն ավելացնում է ջուրը և երկար թափահարում, որ խառնվի: Մոտեցնում է ծծակը փոքրիկ Արթուրի բերանին և միանգամից հետ քաշում: Կնճռոտում է ճակատը՝ ասես ուզում է ինչ-որ կարևոր բան հիշել: Հետո թեթևացած ժպտում է ու շիշը հպում իր այտին՝ կաթի ջերմաստիճանը ստուգելու համար:

Այս հասարակ մայրական գործողությունները Մարիամին հիվանդանոցում են սովորեցրել, որտեղից նա հենց նոր է վերադարձել: Այնտեղ նրա փոքրիկին օգնում էին քաշ հավաքել: Մարիամը շատ է ջանում հիշել և կիրառել այն ամենն, ինչ իրեն սովորեցրել են: Նա հավատում է, որ այդ ժամանակ իրեն թույլ կտան մանկատնից վերցնել մյուս երեխաներին:

Հանրակացարանի երրորդ հարկում գտնվող սենյակը բավականին կեղտոտ է: Սեղանի և պահարանի վրա յուղոտ սպասքի սար է գոյացել, իսկ չխմված թեյով բաժակների մեջ բորբոս է աճել: Մահճակալները, աթոռներն ու կովրոլինի կտորներով ծածկված կեղտոտ հատակը բեռնված են հին ու անպետք իրերով: Ներկը ճաքած, մեծ ու հին պատուհանները պատառոտված պոլիէթիլենով պաշտպանված են քամուց, բայց սենյակում, միևնույն է, ցուրտ է: Պատի մոտ կանգնած է կյանք տեսած, դռնակը կոտրած վառարանը, որի մեջ, ըստ հարևանների, Մարիամն այրում է ամեն ինչ, ինչ ընկնում է ձեռքի տակ՝ սկսած փայտից, վերջացրած հագուստով ու կոշիկներով:

Մարիամը փնթփնթում է, որ բանալին թողել էր քրոջ մոտ և խնդրել՝ հավաքել սենյակը մինչ իր վերադարձը, բայց երկու շաբաթվա ընթացքում քույրն այդպես էլ չէր բարեհաճել: Մարիամի քույրն ապրում է նույն հանրակացարանի առաջին հարկում:

«Մարիամ ջան, վաղն առավոտից այստեղ կմաքրենք, որպեսզի երբ վարչությունից գան, մաքուր լինի: Ուտելիք էլ կպատրաստենք, — ասում է Մարիամի հարևանուհի Քրիստինան: — Որ երեխաներին հետ բերեն»։

Երկու շաբաթից նորից ենք այցելում Մարիամին: Առանց զգուշացման: Փոքրիկ Արթուրը նստած է մանկասայլակի մեջ՝ հագին մաքուր բաց գույնի շալվարիկ և ժակետ, մի թաթիկով բռնում է շիշը, իսկ մյուս թաթիկն ինձ է մեկնում ու ժպտում:

Մարիամն էլ է ուրախ մեզ տեսնել: Սենյակը հավաքված է, սեղանին ուտելիք կա: Մարիամի մազերը կոկիկ հավաքված են: Նա պատմում է վերջին նորությունները՝ երեխան ևս կես կիլոգրամ քաշ է ավելացրել, և ինքը մարզպետարանին դիմում է գրել՝ երեխաներին վերադարձնելու մասին խնդրանքով: Առաջին անգամ եմ նրա բերանից նման երկար ու հոդաբաշխ խոսք լսում: Նկատում եմ, որ լուսավորված դեմքից անհետացել է արհեստական հնազանդ արտահայտությունը:

Մարիամը խնդրում է, որ իր համար աշխատանք գտնեմ: «Չեմ ուզում, որ ամբողջ կյանքումս ուրիշներն ինձ օգնեն: Ուզում եմ ինքս պահել իմ երեխաներին», — վստահ, ասես իր սեփական միտքը, արտաբերում է նա այն նախադասությունը, որը ես կրկնում էի մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ:

Խոստանում եմ, որ կփորձեմ և որսում եմ ինքս ինձ այն մտքի վրա, որ մեր շփման ընթացքում նա դարձել է «մերոնքական», ու ինձ շատ անհանգստացնում է նրա և երեխաների հետագա ճակատագիրը: Ու շատ ուզում եմ, որ նա օտար չլինի նաև այս պատմությունը կարդացողների համար: Ոչ անտարբեր վերաբերմունքն ու աջակցությունը պետք են, որպեսզի կոտրվի համընդհանուր մերժման շղթան, որի մեջ նա իր մեծ ընտանիքի հետ հայտնվել է:

Սովորեցրին մայր լինել

Մարիամի հետ առաջին անգամ հանդիպում եմ հիվանդանոցում: Նորածինների բաժանմունքի սպասասրահը մարդաշատ է: Մարիամը, գլուխը թեքած, լսում է հարցս, երկար դադար է տալիս, ապա պատասխանում է՝ հաճախ թարթելով ու ինձ չնայելով: Պատասխանները կցկտուր են, հակիրճ, հաճախ հորինված: Դժվար է հասկանալ նրա տարիքը՝ նայելով մռայլ, ոչինչ չարտահայտող դեմքին: Մարիամն ասում է՝ երեսունինը:

Մարիամը ժամանակ առ ժամանակ հիշեցնում է, որ երեխաները ժամանակավոր են մանկատանը, ու ինքը կվերցնի նրանց, հենց որ նորածնի վիճակը լավանա ու իրենց դուրս գրեն:

Արթուրին իր մոր հետ շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին «Արաբկիր ԲԿ» Վանաձորի հիվանդանոցից: Երեխան կշռում էր 4 կիլոգրամ. իր կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում նա ընդամենը մեկ կիլոգրամով էր ավելացել:

Բժշկական կենտրոնի միակ սոցաշխատողը՝ Աննան, մոռացել էր իր խնամակալության տակ գտնվող բոլոր մյուս հիվանդներին ու փոքրիկ Արթուրի սենյակից դուրս էր գալիս միայն մի կտոր հաց ուտելու համար:

Մարիամը հիվանդանոց եկել էր դատարկաձեռն՝ առանց փոխնորդ հագուստի, տակդիրների և մանկական կերի: Առաջին օրը նրան ժամանակավոր տվել էին սանմաքրման աշխատողի համազգեստ: Հարևան սենյակի երիտասարդ մայրիկն իր ամուսնուն ուղարկել էր Արթուրի համար տակդիրներ գնելու: Բուժանձնակազմն իր ուտելիքը կիսեց Մարիամի հետ, իսկ Աննան օգնություն խնդրեց վանաձորցի բլոգեր Լալա Մանուկյանից:

Լալան իր ֆեյսբուքյան էջում գրում է մարդկանց մասին, ովքեր օգնության կարիք ունեն: Այնուհետև կազմակերպում և ցուցաբերում է և՛ ֆինանսական, և՛ բարոյական աջակցություն՝ հաճախ միաժամանակ անելով մի քանի ՀԿ-ների, վարչությունների ու նախարարությունների հասանելիք աշխատանքը:

Լալայի ֆեյսբուքյան գրառումը մի քանի ժամվա մեջ հավաքեց տակդիրների, հագուստի, մանկական կերի, մոր համար սննդի ահռելի քանակություն, ինչպես նաև բազմաթիվ քննադատական մեկնաբանություններ: «Անմիջապես զրկել նրան ծնողական իրավունքներից, իսկ երեխաներին տանել մանկատուն», «ինչու՞ էիր ունենում, եթե պահել չես կարող», «նմաններին ստերջացնել է պետք», — վրդովվեցին օգտատերերը: Եւ նետվեցին մանկիկին փրկելու:

Մի օր անց Մարիամի սենյակն ավելի շատ պահեստի էր նման, իսկ մանկական բաժանմունքն ասես միջանցիկ բակ լիներ, որտեղ խմբված էին անհրաժեշտ իրերով լի մեծ պայուսակներով այցելուներ:

Կարիք եղավ տարրական մայրական հմտություններ սովորեցնել Մարիամին: Նա չգիտեր՝ ինչպես կաթնախառնուրդ պատրաստել, չէր էլ կասկածում, որ շիշը լվանալ է պետք, իսկ գետնին ընկած ծծակը՝ ստերիլիզացնել, մինչև երեխայի բերանը մտցնելը:

Տակդիր օգտագործել չգիտեր, երեխայի տակ փալասներ էր փռում, իսկ հագած հագուստը դեն էր նետում, «որովհետև կեղտոտ է»:

Մարիամին սովորեցրին երեխայի հագուստը լվանալ, իսկ երբ փոքրիկը մի քիչ կազդուրվեց, նաև շիլաներ պատրաստել:

«Արթուրը չի ձգվում դեպի խաղալիքը, չի փորձում նստել, իսկ եթե նստեցնում ես, ընկնում է, ասես կտորե տիկնիկ լինի, — ասում է Զիբա Գեորգիևնան՝ մինչև մեկ տարեկան երեխաների բաժանմունքի վարիչը: — Բայց, կարծես, ոչ ոք չի էլ սովորեցրել: Մարիամը չի գրկում նրան, հետը չի խաղում»:

Առաջին օրերին երեխան կաթը դուրս էր թքում: «Տպավորություն էր, թե նա չգիտի՝ դա ինչ է, — պատմում էր Աննան: Միայն ջուրն էր նորմալ խմում: Հիմա նրա այտերը կարմրել են, ժպտում է: Նա շատ տակդիրներ ու կաթնախառնուրդ ունի: Մարիամն արդեն սովորել է կերակրման ճիշտ ռեժիմը: Բայց այստեղ նա գիտի, որ մենք ցանկացած պահի մտնում ենք ու ստուգում: Իսկ երբ վերադառնա հանրակացարան, ո՞վ է նրան անընդհատ վերահսկելու»:

Հիվանդանոցում անցկացրած երկու շաբաթում երեխան ավելացավ գրեթե մեկ կիլոգրամով: Բազմաթիվ հետազոտություններից ու անալիզներից հետո նրան դուրս գրեցին՝ զարգացման հապաղում և «միկրոցեֆալիա» ախտորոշմամբ:

Երբ Աննան հարցրեց, թե ինչպես է նա տուն գնալու այդ բոլոր իրերով հանդերձ, որոնք տեղավորելու համար փոքր բեռնատար էր պետք, Մարիամը մի պահ լռեց, թեքեց գլուխն ու Աննային չնայելով (նա երբեք չի նայում աչքերի մեջ)՝ վստահ ասաց.

— Կխնդրեմ Նարեկին, որ տաքսիով գա մեր հետևից:

Նարեկը նրա վեցամյա որդին է: Նրան, եղբոր և երկու քույրերի հետ, ժամանակավոր տեղափոխեցին մանկատուն, երբ նորածինը հիվանդանոց ընկավ:

Երկու տուն

Մարիամին ու Արթուրին տանում ենք Վանաձոր: Օգնությունով լի տոպրակները, որ անծանոթ մարդիկ էին բերել Մարիամին, մի կերպ խցկում ենք չափսերով փոքր Գոլֆի մեջ: Երկու հսկայական տոպրակները վերջնականապես փակում են հետին տեսանելիությունը, լուսանկարիչ Ֆյոդորի ծնկերին է այն ամենն, ինչը չի տեղավորվել բեռնախցիկում ու սրահում: Իսկ հետևի նստատեղի վրայի կույտի ամենավերևում դրված մեծ պայուսակն ամբողջ ճանապարհին ընկնում էր կա՛մ իմ ուսին, կա՛մ Մարիամի թևին, որով նա պաշտպանում էր երեխայի գլուխը՝ կախված նրանից, թե մայրուղու վրա որ ակով ինչպիսի փոսի մեջ էինք թրմփում:

Մարիամի հեռախոսն անդադար զանգում է. ամուսինն է, քույրն է, Վանաձորի սոցաշխատող Անահիտն է: Յուրաքանչյուր հաջորդ զանգին նա պատասխանում է ծանր հոգոցով ու փնթփնթալով:

Տասը րոպեն մեկ էլ Մարիամն է զանգում: Մանկատուն է զանգում՝ հիշեցնելու, որ իրեն ու երեխային արդեն դուրս են գրել, և երկուշաբթի ինքն անպայման գնալու է երեխաներին վերցնելու: Խնդրում է՝ մեծ աղջկան կանչեն հեռախոսի մոտ:

— Նառա, ո՞նց եք: Փոքրերին լավ նայի, լսու՞մ ես: Ես շուտով կգամ, մի քանի օրից, ձեզ կվերցնեմ:

Ձայնը փափկում է, դեմքն էլ՝ լուսավորվում ինչ-որ ջերմ լույսով:

— Կուզե՞ս հիմա գնանք մանկատուն, երեխաներին կտեսնես:

Մարիամը մի պահ քարանում է, ուշադիր նայում է աչքերիս մեջ (առաջին անգամ) ու երկչոտ գլխով է անում: Սառույցը շարժվեց: Նրա դեմքն այլևս մռայլ չէ, ու հարցերիս էլ չեմ ստանում կտրուկ ու համառոտ պատասխաններ:

Վանաձորի մանկատան բակում տասնմեկամյա Նաիրան ու վեց և հնգամյա տղաները նետվում են դեպի Մարիամն ու կախվում վզից: Վերջիններիս անուններն ընտրելիս Մարիամն աչքի չի ընկել առանձնահատուկ երևակայությամբ. երկուսի անունն էլ Նարեկ է: Մի ժամանակ Մարիամը ևս մեկ Նարեկ ուներ: «Նրան ուժով խլեցին ինձնից ու տվեցին որդեգրման», — չարությամբ ասում է Մարիամն ու արագ թվարկում այն մարդկանց անուններն, ովքեր «խառն են այդ գործում»:

Երկու տարեկան Ռոզան դուրս է պրծնում մոր գրկից, սեղմվում է ավագ քրոջն ու լաց լինում:

— Ռոզա, մաման ա, — խիստ ասում է Նաիրան և պահանջկոտ հայացքով հրում նրան դեպի մայրը:

Հետո տագնապալից նայում է Մարիամին՝ ստուգելու՝ վշտացա՞վ արդյոք: Ասում է, որ աղջիկն ուղղակի կամակորություն է անում:

Նաիրայի, Ռոզայի ու Արթուրի աչքերը ջինջ կապույտ են: «Դա նրանց հոր գենն է, — անփույթ ասում է Մարիամը, — նա ռուս է»:

Երեխաների հայրն արդեն մի քանի տարի է Վանաձորի քրեակատարողական հիմնարկում է: Վերջին երկու երեխաները բանտային տեսակցությունների արդյունք են: «Կռիվ է եղել: Խանդի հողի վրա», — հակիրճ ասում է Մարիամը՝ չթաքցնելով հպարտությունը:

Նրա խոսքերով՝ իրենց մոտ սեր էր առաջին հայացքից, որը դեռ չի մարել: Ամուսինն, ում անունն Արթուր է, ինչպես վերջին տղայի անունը, օրական մի քանի անգամ զանգում է. հեռակա կարգով ղեկավարում է ընտանիքը, պահանջում է մանրամասն զեկույցներ և կյանքի տարբեր իրավիճակների համար հստակ հրահանգներ է տալիս: Մարիամի ու Արթուրի ամուսնությունը գրանցված չէ, Մարիամը միայնակ մայր է համարվում:

Վանաձորի մանկատանն ապրում է երեսունվեց երեխա: Չնայած շենքը կոսմետիկ վերանորոգման կարիք ունի՝ ներսում մաքուր է, կոկիկ ու լուսավոր: Կան խմբակներ, երեխաներն ունեն անձնական տարածություն, և փոխտնօրենի՝ Հարություն Էվոյանի խոսքով՝ անձնակազմը բավարար է, որպեսզի յուրաքանչյուր երեխա անհատական մոտեցման արժանանա:

Նաիրան մեզ տանում է դեպի խաղասենյակ՝ խոսելու: Մայրը, մանկիկը գրկին, և եղբայրները հնազանդորեն հետևում են նրան: Նաիրան նրանց հրահանգում է սպասել սրահում: Նրանք նույն հնազանդությամբ ենթարկվում են:

Նաիրան ունի ժպտուն աչքեր ու փոքր նիհարիկ մարմին: Դժվար է հավատալ, որ այս կայտառ ու հնարամիտ աղջնակն առաջ մտավոր հետամնաց երեխաների գիշերօթիկ դպրոցում է սովորել:

Նաիրան զգուշությամբ է ընտրում պատասխանները, ինչպես մայրը, ով անընդհատ վախենում է, որ մի սխալ բան կասի ու երեխաներին անմիջապես կխլեն:

«Ինձ էստեղ դուր է գալիս, — ասում է Նաիրան: -Էյստեղ նեղվածք չի, ես ունեմ ընկերներ ու զբաղմունք, — և հապճեպ ավելացնում է, — ես կուզեի ժամանակի կեսն էստեղ ապրել, իսկ մյուս կեսը մամայի հետ՝ տանը: Միշտ էստեղ չէի ուզի: Էստեղ դայակները մեկ-մեկ նենց չար են, ավելի լավ ա ձեռքի տակ չընկնես (ծիծաղում է): Իսկ մաման մի անգամ բարկանում ա ու վերջ, անցնում ա»:

Աղջկա պատասխաններից որոշներն անգիր արված են թվում: Ակամայից վերհիշում եմ Ղումաշյան Սեդայի պատմածը (Նաիրայի՝ համար 18 դպրոցի ներառական կրթության ծրագրի համակարգողն է): Մի անգամ՝ իր այցելության ժամանակ, Նարեկ ավագը, վախենալով, որ նա եկել է իրենց տանելու, անջատել էր էլեկտրական տաքացուցիչը, որպեսզի Սեդան մրսի ու հեռանա:

«Ես մամային տանը պետք եմ, — բացատրում է Նաիրան: — Ես դպրոցից գալիս եմ տուն, դասերս անում եմ ու օգնում եմ իրան: Օրինակ՝ երբ Արթուրիկը քնած ա, մաման ավլում ա հատակը, իսկ ես ափսեներն եմ լվանում»:

Նաիրան երազանք ունի. երբ մեծանա, վարսավիր կդառնա ու «աղջիկներին կսիրունացնի»: «Իսկ ես գայլ եմ դառնալու, — ծիծաղում է Նարեկ կրտսերը, երբ մենք վերադառնում ենք սրահ, — իրա նման ուժեղ»:

Լռակյաց և լուրջ Նարեկ ավագը, ում համար մանկատան փոխտնօրենը պատգամավորի ապագա է կանխատեսում, խեթ-խեթ ու անվստահությամբ նայում է ինձ: Նույնիսկ թշնամանք կա հայացքում. երևի այդպես է նայել նաև Սեդային:

Ուրիշ գնալու տեղ չկա

Վանաձորի ծայրամասում գտնվող աղբահանության ծառայության գրասենյակ տանող ճանապարհը խորդուբորդ է: Գրասենյակը բաղկացած է աղբատար մեքենաների ավտոտնակներից և մի քանի երկաթե տնակներից: Տնակներում ապրում են անտուն մարդիկ: Այստեղի գրեթե բոլոր տղամարդիկ զբաղվում են աղբահանությամբ:

Տնակներից մեկի բնակիչ Վարդուշը հավաքարար է աշխատում՝ գիշերն ավլում է քաղաքի փողոցները: Նրա ժանգոտած տնակում դժվար է շնչել՝ տհաճ հոտի և իրար գլխի լցված անպետք իրերի ահռելի քանակի պատճառով: Սենյակում կա երկու նեղ պատգարակ, որոնք որպես մահճակալ են ծառայում: Դրանցից մեկի վրա քնում է այն կինը, ում հետ Վարդուշը կիսում է տնակը: Այս տնակն այդ կնոջ համար շքեղ բնակարան է, եթե համեմատենք բեռնատար գազելի բեռնաթափքի հետ, որի մեջ նա առաջ էր ապրում:

Վարդուշն, անվրդով ժպտալով, փալասների կույտի միջից դուրս է քաշում կատվին և կրծքին սեղմում: Փորձում է թույլ չտալ, որ բակ դուրս գա: Այնտեղ շներ կան, չնայած քնքուշ են ու ոչ ագրեսիվ:

Վարդուշի պատասխանները ցաքուցրիվ են: Կամ էլ եռանդուն գլխով է անում՝ չդադարելով ժպտալ: Մի քանի հատ դեղնած ատամները և մատների դեղնած ծայրերը մատնում են, որ նա մոլի ծխող է: Մահճակալի տակ և դրսում թափթփված են էժան օղու դատարկ շշեր:

Վարդուշը Մարիամի մայրն է: Մարիամն, իր եղբայրների ու քույրերի հետ, այս տնակներում է մեծացել: Երկար ժամանակ աշխատել է աղբատարի վրա: Ապրել է այդտեղ ամուսնու և չորս երեխաների հետ:

Հինգ տարի առաջ երեխաներից մեկը մահացել է: Եռման ջրով լի կաթսան ընկել էր չորս տարեկան աղջնակի վրա, երբ Մարիամը թողել էր նրան մոր հետ և գնացել աշխատանքի: Աղջկան տնական նյութերով «մշակել» էին, ծածկոցով փաթաթել ու պառկեցրել թախտին, որ «ուշքի գա»: Նա մահացել էր այրվածքային շոկից:

Վանաձորի մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կրտսեր աշխատակից Անի Ղազարյանն իրականացնում էր հերթական ստուգիչ այցելությունը Մարիամի ընտանիքին՝ պատահմամբ հենց երեխայի մահվան օրը: Անիի խոսքերով Մարիամի խնդրային ու «սոցիալապես անառողջ» ընտանիքը միշտ եղել է վարչության աչքի տակ:

Հոգաբարձուների խորհուրդը, համոզվելով, որ երեխաներին պահելու համար Մարիամը չունի բնակավայրային ու կենցաղային համապատասխան պայմաններ, փորձեց ընտանիքին տեղավորել հանրակացարանում, բայց «այնտեղ տեղ չկար և խնդիրը լուծում չստացավ»: Երեխաներին չվերցրին նաև տարբեր ՀԿ-ների ցերեկային զարգացման կենտրոններում, որովհետև նրանք նախադպրոցական տարիքի էին: Ստացվում էր, որ դժվար կենսական իրավիճակում հայտնված երեխաներին մանկատնից բացի ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չի տեղավորել:

Բաժնի ավագ աշխատակից Նաիրա Համբարձումյանն ասում է, որ շրջակա քաղաքներից ու գյուղերից անընդհատ Վանաձոր են տեղափոխվում բազմաթիվ անապահով ընտանիքներ: Բայց քաղաքում չկա սոցիալական-հոգեբանական վերականգնողական կենտրոն, և իրենք չեն կարողանում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Մարզային վարչությունն ու քաղաքապետարանը նման ընտանիքներին «գցում» են քաղաքում գործող ՀԿ-ների վրա, սակայն նրանց հնարավորությունները ևս անսահմանափակ չեն:

Երեխաներին, ի վերջո, տարել էին մանկատուն, բայց դատարանը հրաժարվել էր Մարիամին զրկել մայրական իրավունքներից՝ վճռելով, որ «աղքատությունը հիմք չէ»: Շուտով հայտնի էր դարձել, որ Մարիամը հղի է: Նրան սենյակ էին հատկացրել համար 90 հանրակացարանում:

Անին պատմում է, որ Մարիամն անընդհատ գնում էր վարչություն և պահանջում վերադարձնել իր երեխաներին: Փողոցում բռնացնում էր աշխատակիցներին ու խնդրում, սպառնում և պնդում էր, որ ինչ գնով էլ լինի՝ վերցնելու է նրանց:

Քանի որ դատարանը Մարիամի երեխաներին առանց խնամակալության մնացած չհայտարարեց, և այդպիսով չտվեց նրանց հաստատուն կարգավիճակ, նրանք չէին կարող մանկատանը երկար մնալ: Երբ ամենափոքր աղջկա՝ Ռոզայի երկու տարեկանը լրացավ, «Առավոտ» բարեգործական կազմակերպությունը ներառեց այս ընտանիքին մանկատների և խնամքի այլ հաստատությունների բեռնաթափման ծրագրում, որն իրականացվում է ՀՀ ՍոցԱպ նախարարության հետ համատեղ արդեն 15 տարի:

Կազմակերպության պատասխանատվության ներքո՝ երեխաները վերադարձան մոր մոտ: Անկախ այն հանգամանքից, որ նրա հմտությունները, որպես մայր և տնային տնտեսուհի, մեղմ ասած, հույս չէին ներշնչում:

«Մարիամի ու երեխաների միջև եղած շատ ուժեղ հուզական կապը դարձավ մեր որոշման հիմնաքարը, — ասում է «Առավոտ» ԲՀԿ-ի նախագահ Մարգարիտա Շահվերդյանը: — Մայրեր կան, որ տարիներով չեն հիշում իրենց երեխաներին՝ վերջիններիս մանկատանը հայտնվելուց հետո: Բայց ոչ Մարիամը: Նա շաբաթական երկու անգամ այցելում էր նրանց, ամեն օր խոսում էր հեռախոսով: Տեսնել էր պետք, թե ինչպես էին երեխաներն արտասվում, երբ իրենց տանում էին»:

Երեխաների վերադարձից հետո նրանց ավելի մեծ սենյակ հատկացրին նույն հանրակացարանում: Մարիամը հղի էր հինգերորդ երեխայով:

Կրակից ազատվեց, բոցն ընկավ

«Առավոտ» ԲՀԿ-ում վրդովվեցին Մարիամի մասին գրառման տակ հայտնված զայրացած ու իրենց անբարեխղճության մեջ մեղադրող մեկնաբանություններից: Ընտանիքին կցված սոցաշխատող Անահիտ Պետրոսյանը համարում է, որ Մարիամի հետ աշխատանքում առաջ են գնում դանդաղ, բայց ճիշտ քայլերով:

Անահիտի կարծիքով շրջապատող մարդկանց նկատմամբ Մարիամի անվստահությունը շատ է բարդացնում իրենց աշխատանքը: Յուրաքանչյուր նոր մարդը թշնամի է, ով կքննադատի և կփորձի խլել իր երեխաներին: Հենց այդ պատճառով, Անահիտի պնդմամբ, նա շատ երկար չէր համաձայնում հիվանդանոց գնալ, երբ Արթուրը դադարեց քաշ հավաքել: Վախենում էր, որ մինչև ինքը հիվանդանոցում լինի, մյուս երեխաներին կտանեն մանկատուն:

Մարիամի ագրեսիան ոչ այլ ինչ է, քան ինքնապաշտպանություն հասարակության կողմից անընդհատ իր գլխին թափվող մեղադրանքներից: Նա հոգնել է քննադատությունից, հոգնել է կրկնվող «ինչու՞ ես ունեցել» հարցից ու դրան հաջորդող «իհարկե նպաստի համար» պատասխանից:

Անահիտն ասում է, որ բավականին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի Մարիամը սովորի վստահել իրեն:

«Պարզվեց՝ նա կարող է շատ հնազանդ լինել: Հանձնարարությունը տալիս ես, նա անում է: Ի տարբերություն իր մոր, Մարիամը չի ծխում, չի խմում, և բոլոր մտքերը երեխաների մասին են:

Նա հասկացավ, որ ես իր հետ հավասարի պես եմ խոսում և սկսեց ինձ ընդառաջ գալ: Սովորեց զանգել ու խորհուրդ հարցնել: Օրինակ՝ ասում է՝ մեծ աղջիկը խփում է փոքր եղբորը, ինքն ինչ անի: Խորհուրդ եմ տալիս ոչ մի դեպքում չծեծել աղջկան, չգոռալ, այլ բացատրել, որ ինքը մեծն է ու պիտի հոգ տանի եղբոր մասին: Կամ էլ տղային ուղարկել է հաց գնելու, իսկ նա հազար դրամից ութ հարյուրը ծախսել է գունավոր մարկերներ գնելու վրա: Մարիամը զայրացած զանգում է ինձ, բողոքում: Նորից զգուշացնում եմ, որ երեխային չպատժի, խոսում եմ տղայի հետ, բացատրում եմ, թե ինչ է փողը, և թե ինչու է կարևոր այն գրագետ ծախսել ու մայրիկի հետ խորհրդակցել»:

Անահիտը պատմում է, որ իրենք Մարիամի հետ աշխատանքը բաժանել են երկու մասի. սկզբում կենցաղավարման հմտություններ սովորեցնել, հետո կարգավորել շրջապատող աշխարհի հետ հարաբերությունները:

«Առավոտ»-ը գումար տրամադրեց հանրակացարանի սենյակի պատերը ներկելու, մահճակալներ, որոշ կահույք ու տնային կահ-կարասի ձեռք բերելու համար: Վառարանից բացի գնել էին ևս երկու էլեկտրական տաքացուցիչ՝ այնպիսին, որ ընկնելիս ավտոմատ անջատվում է: Ծրագրի շրջանակներում նաև էլեկտրականության վարձն է փոխհատուցվում: Մարիամն ունի փոքր շարժական գազի բալոն՝ կերակուր պատրաստելու և ջուր տաքացնելու համար: Ինչպես նաև նրան հասարակական բաղնիք հաճախելու կտրոններ են տվել:

Անահիտի խոսքերով Մարիամը սովորել է կերակուր պատրաստել, տունը հավաքել, երեխաներին լողացնել: Ամսական 55.000 դրամ նպաստից պարտաճանաչ կերպով մուծում է երկու Նարեկ-ների մանկապարտեզի վարձը՝ 5.000 դրամ:

«Այդ մարդիկ, որ գրում են, թե Մարիամի հետ ոչ ոք չի զբաղվում, նույնիսկ չեն էլ կասկածում՝ որտեղից ենք մենք նրանց դուրս հանել ու ինչ աշխատանք ենք արել», – ասում է Մարգարիտա Ստեփանովնան: Համակարգչի էկրանից Մարիամի երեխաներին մանկատուն ուղարկողներին հիշեցնում է, որ հատուկ հաստատությունները երեխայի հոգեկանի զարգացման վրա բացասաբար են ազդում:

Դժվար է չհամաձայնելը: Աղբանոցի տնակները սարսափելի վայր են, բայց մանկատների երեխաները մայրական սիրո և ուշադրության պակաս ունեն: Բայց հարկ է նշել, որ հանրակացարանը, որտեղ տեղավորել են Մարիամին, դժվար թե որևէ բարենպաստ ազդեցություն ունենա:

Տաքսիների շատ վարորդներ հրաժարվում են գնալ քաղաքի ծայրամասում գտնվող եռահարկ շենքի մոտ: Մռայլ երկար միջանցքներ, ամբողջ հարկում մեկ կեղտոտ զուգարան, որի խցիկների դռները նորմալ չեն փակվում, իսկ հատակին մեզի լճակներ են: Միջանցքների մի ծայրից դեպի մյուսը ձգվում են «բնակարանները», որոնցում որպես սենյակներն իրարից բաժանող պատ ծառայում են ծածկոցները, վարագույրն ու պահարանները:

Յուրաքանչյուր դռան հետևում ապրում են մարդիկ, ովքեր գնալու ուրիշ տեղ չունեն: Տարբեր են: Մեկն իր երեխայի հետ փախել է բռնարար ամուսնուց, մյուսին ազգականները խաբեությամբ անտուն են թողել, մի ուրիշն էլ ջանում է պետական թշվառ նպաստով իր հաշմանդամ եղբոր համար քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ապահովել: Այստեղ ապաստան են գտել նաև նախկին ազատազրկվածներ, ալկոհոլային և թմրանյութային կախվածություն ունեցող մարդիկ, կատաղի կամ լռակյաց, նրանք, ովքեր երբևէ այդտեղից դուրս պրծնելու հույս ունեն, և նրանք, ովքեր վաղուց կորցրել են ամեն տեսակի հույս:

Այստեղ շատերը Մարիամին չեն սիրում: «Որովհետև նրան շատ են օգնում», — բացատրում է հարևանուհի Քրիստինան, մեկն այն քչերից, ով լավ է վերաբերվում Մարիամին: Քրիստինան ապրում է ասթմայով հիվանդ մոր և երկու մանկահասակ որդիների հետ: Նա փախել է ամուսնուց, ով խմում էր և ծեծում իրեն:

Օգնելը հեշտ չէ

Մարիամը ֆինանսական օգնություն է ստանում «Առավոտ»-ից, այլ ՀԿ-ներից, մարզային վարչությունից, քաղաքապետարանից և մասնավոր բարեգործներից:

Ձմռանը, երբ Արթուրը նոր էր ծնվել, Լիլյա Աբրահամյանն առաջին անգամ այցելեց ընտանիքին. նա օգնում է անապահով ընտանիքներին: «Սենյակում ցուրտ էր, — վերհիշում է նա: — Երեխաները սոված էին ու կեղտոտ: Նորածինը, հագին ընդամենը մեկ շապիկ, շշից պղտոր ջուր էր խմում»:

Լիլյան, ընկերների հետ, նրանց համար գնեցին կաթնախառնուրդ, սնունդ, քաղցրեղեն, տաք հագուստ ու ձմեռային կոշիկներ: Նաև չորս խորանարդ մետր վառելափայտ:

Երկու շաբաթ չանցած՝ զանգ տվեց Մարիամը և խնդրեց էլի փայտ բերել: Նախորդ բերածն իբր թե քույրը գողացել է:

Երբ երեխաներն իրենց հին պատռված կոշիկներով հայտնվեցին դպրոցում, հարևաններն ասացին, որ Մարիամը հագուստն ու կոշիկներն այրել է վառարանում: Կաթնախառնուրդը նույնպես անհետացել էր:

Ընտանիքին այցելում էր նաև Սեդան՝ Նաիրայի դպրոցի ներառական ծրագրի համակարգողը: Նա ևս մատնանշում է հաճախակի ցուրտը, ուտելիքի բացակայությունը և Մարիամի անհոգությունը:

«Ես գրկում էի երեխային ու զգում, որ նրա տակաշորն այնքան թաց է, որ կքամվի: Տաքացուցիչի ու հեռուստացույցի լարերը, հենց այդպես՝ առանց գլխիկի, մտցված էին նույն վարդակի մեջ: Ես դրանց դիպչել անգամ չէի համարձակվի, իսկ վեցամյա տղան ճարպկորեն միացնում ու անջատում էր: Մենք գնում էինք կաթնախառնուրդը, բայց մեզնից ոչ մեկը չէր կարող ամեն օր գնալ ու ստուգել՝ արդյոք նա ճի՞շտ է պատրաստում»:

Սեդան պատմեց, որ մեծ աղջիկը մանկատնից վերադարձել էր կենցաղային ու վարքային բավականաչափ զարգացած հմտություններով: Սակայն մի քանի ամիս անց երեխային կարծես փոխել էին: Նա դադարել էր հետևել իրեն ու պահպանել իր հիգիենան: Մյուս երեխաների ծնողները բողոքում էին:

Սոցաշխատող Անահիտը Մարիամին սովորեցրել էր երեխաներին մաքուր պահել և ամեն օր լողացնել: Սեդան պատմեց, որ ձմռան մի օր Նաիրան դպրոց էր եկել թաց մազերով, որոնցից ջուրը կաթում էր: Ահա թե ինչպես էր Մարիամը երեխաներին լողացնելը սերտել:

Գողացված մանկություն

Մի քանի տարի առաջ բեռնաթափման ծրագրի շրջանակներում «Առավոտ»-ն սկսեց աշխատել հատուկ դպրոցից մի աղջնակի հետ, ով մտավոր զարգացման ոչ մի խնդիր չուներ: Խնդիր ուներ նրա մայրը: Այդ ընտանիքը ևս տնակներում էր ապրում:

«Մենք որոշեցինք աղջկա միջոցով աշխատել ընտանիքի հետ, — ասում է Մարգարիտա Ստեփանովնան: — Շատ դանդաղ ու մանր քայլերով էինք առաջ գնում: Գտանք մասնավոր բարեգործի, ում օգնությամբ հնարավոր եղավ մորից ու երեք երեխաներից բաղկացած ընտանիքին տեղափոխել հանրակացարան: Հիմա այդ աղջիկն արդեն ավարտել է քոլեջը, աշխատում է ու պահում ընտանիքը:»

Այդ աղջիկը Մարիամի զարմուհին է: «Առավոտ»-ում մտադրվել են այդ փորձը կրկնել նրա աղջկա հետ:

Նաիրան իր տարիքի համեմատ շատ հասուն է ու ինքնուրույն, և, հավանաբար, կկարողանա կրել այդ բեռը: Բայց ինչքանո՞վ է արդարացի երեխայից խլել իր մանկությունն ու 11 տարեկանում նրան ընտանիքի գլուխ կարգել: Այս հարցն է մտահոգում մանկատան փոխտնօրեն Հարություն Էվոյանին:

«Երբ Նաիրան գալիս է մեզ մոտ, նա ասես լուրջ փոքրիկ մայրիկ լինի՝ կրտսեր քրոջ խնամքի հոգսի տակ կքած: Դպրոցից գալիս է, դաստիարակն ասում է, որ գնա դասերն անելու, իսկ նա. «սկզբից ստուգեմ՝ քույրս կաթը խմել է, թե չէ»: Երբ նրանց նոր էին բերել, երեք տարեկան աղջնակը քրոջ գրկից չէր իջնում և միայն նրա ձեռքից էր ուտում: Անցնում է մի քանի օր, Նաիրան տեսնում է, որ Ռոզայի մասին այստեղ հոգ տանում են, հետո միայն ինքը թուլանում է, սկսում է ծիծաղել ու իրեն անհոգ պահել՝ երեխայի պես»:

Էվոյանը չի բացառում, որ Մարիամի հետ տարված համառ ու տևական աշխատանքը կարող է լավ արդյունքների բերել, բայց ի՞նչ գնով: «Այստեղ կարևոր է երեխայի շահի առաջնահերթությունը: Մորն օգնելը լրիվ նորմալ երևույթ է, բայց այս աղջիկը ժամանակից շուտ ինքն է մայր դարձել: «Առավոտ»-ը թող շարունակի աշխատել Մարիամի հետ, բայց քանի դեռ շոշափելի արդյունք չկա, երեխաները թող մնան մանկատանը»:

Բռնել ձեռքը և ուղորդել

Մարիամը ժամանակ առ ժամանակ զանգում է ինձ, սկզբում հարցնում է, թե գործերս ինչպես են, հետո ասում է, որ արդեն շուտով կգնա երեխաներին վերցնելու: Իրականում հոգաբարձուների խորհուրդն այս երեխաների գործով նորից դատարան դիմելու որոշում է ընդունել՝ նրան ծնողական իրավունքներից զրկելու հայցով:

Իրավունքներից կզրկեն այն երեխաների նկատմամբ, որոնք արդեն կան: Սակայն Մարիամը կարող է նորից երեխաներ ունենալ, ինչպե՞ս վարվել այդ երեխաների հետ:

Մարիամին օգնող մարդկանցից ոմանք հաստատում են մոր և երեխաների միջև առկա ուժեղ կապվածությունը: Մյուսները ենթադրում են, որ այն գումարները, որ Մարիամն ստանում է պետությունից, մեծ դեր են խաղում նրա նորանոր հղիությունների մեջ: Կամ որ Մարիամի հետ դժվար է, որովհետև նա չի ուզում փոխվել:

Այս բոլոր ենթադրությունները կարող են ճշմարիտ լինել և չբացառել միմյանց: Նպաստով ու բարերարների գումարով ապրելն, իհարկե, շքեղ կյանք չէ, բայց շատ ավելի թեթև է, քան գոյության միջոցներն ինքնուրույն ու անընդհատ հայթայթելը:

Դժվար է հրաժարվել անվճար տրվող սննդից ու իրերից: Անվերադարձ ու հիմնականում առանց վերահսկողության տրվող ֆինանսական օգնությունը մարդուն դնում է որոշակի հարմարավետության գոտու մեջ, որից դուրս գալը բարդ է: Հետևաբար, այն չի բերում կենսամակարդակի որակական փոփոխության:

Մարիամը շատ ցածր ինքնագնահատական ունի: Նույնիսկ հանրակացարանում նա ասես Հնդկաստանի ստորին՝ անհպելիների դասակարգի ներկայացուցիչ լինի: Քրիստինան պատմեց, որ հարևանները նրան նույնիսկ ծեծել են, պահանջել, որ ընդհանուր զուգարանից չօգտվի, որովհետև թափթփված է:

Նույնիսկ հարազատ քույրն է իրեն ենթարկեցրել Մարիամին: Քրիստինան պատմեց Մարիամի մի հետաքրքրիր առանձնահատկության մասին. նա աջ ու ձախ բաժանում է իր ունեցածը, հատկապես իր հետ վատ վերաբերվող մարդկանց: Կարծես այդ ձևով ուզում է արժանանալ «բարձր դասակարգերի» բարիդրացիական վերաբերմունքին:

«Ես Ձեզ վստահեցնում եմ՝ մեր մարզում Մարիամը երբեք ուշադրության պակաս չի զգացել, — ասում է Վանաձորի մարզային վարչության ընտանիքի, կանանց ու երեխաների պաշտպանության բաժնի ավագ աշխատակից Նաիրա Համբարձումյանը: — Տարբեր կազմակերպություններ ու մասնավոր անձիք օգնում են նրան, նա գրանցված է շատ սոցիալական ծրագրերում: Տնայցեր են իրականացվում վարչությունից, քաղաքապետարանից, ոստիկանությունից: Նույնիսկ մանկապարտեզ ու դպրոց ենք գնում, ստուգում ենք երեխաներին»:

Սակայն այս կինը, որը գտնվում է ուշադրության կենտրոնում, ինչ-որ կերպ հաջողացրել է ձեռք չբերել կենցաղավարման և ծնողավարման արմատացած տարրական հմտություններ, իսկ նրա երեխան քաշի պակասի խնդրով հասել է հիվանդանոց:

Ո՛չ մթերքով լի տոպրակները, ո՛չ վառելափայտը, ո՛չ էլ նույնիսկ ամենօրյա կես ժամանոց այցերը չեն կարող լուծել Մարիամի խնդիրը: Նա, այո, ենթարկվող է: Բայց նա նաև մոռացկոտ է, որովհետև չի հասկանում պատճառահետևանքային կապերը:

Մարիամը մեծացել է մտավոր խնդիրներ ունեցող ծնողների մոտ՝ աղբանոցի տնակներում: Ե՛վ նա, և՛ եղբայրներն ու քույրը սովորել են մտավոր հետամնացություն ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոցում: Մարիամը չգիտի, թե «որն է ճիշտը», որովհետև երբեք չի տեսել այդ «ճիշտը»:

Այդ պատճառով էլ նա բավականին յուրահատուկ ձևով է օգտվում օգնությունից: Օրինակ՝ բարեգործական կազմակերպությունը նրան նոր ու թանկարժեք լվացքի մեքենա էր նվիրել, և մի քանի օր անց Մարիամն ընդամենը 100 դոլարով վաճառել էր այն:

Հանրակացարանի պայմաններն ավելի լավն են, քան տնակներինը: Բայց այդտեղի բնակիչները նույն կերպ մեկուսացված են հասարակությունից ու մերժված:

«Միկրոցեֆալիա» ախտորոշումը, որով դուրս է գրվել վեց ամսական Արթուրը, շատ լուրջ է ու պահանջում է երկարատև ու գրագետ վերականգնում, որը դժվար թե հնարավոր է ապահովել այն պայմաններում, որոնցում ապրում է Մարիամը:

Սոցաշխատող Անահիտ Պետրոսյանի խնամակալության տակ կա երեսուն մեկ երեխա: Որքան էլ որ նա կարեկցող ու սրտացավ լինի, դժվար թե հասցնի նրանց բոլորին անհրաժեշտ ժամանակ ու ուշադրություն հատկացնել:

Կան ընտանիքներ, որոնց անհրաժեշտ է միայն մի փոքր հրել, դուրս բերել ճահճի միջից, իսկ դրանից հետո նրանք ինքնուրույն էլ գլուխ կհանեն: Մարիամն այդպիսին չէ: Պետք է բռնել նրա ձեռքն ու տանել: Երկար ու համառորեն:

Հիվանդանոցում՝ մի քանի օրվա մեջ, նոր հագուստի ու կոկիկ հավաքված մազերի շնորհիվ փնթի ու անհասկանալի հագնված Մարիամը կերպարանափոխվել էր: Այնտեղ նրան անընդհատ հետևում էին: Նա, իր համար սովորական դարձած, հանրակացարանից դուրս էր, այլ տեղում, որտեղ մաքրությունն է օրինաչափ, և դրան սովորելը հեշտ է:

Ամուսինը շուտով բանտից դուրս կգա: Շատ ժամանակ առաջ նրանք ապրել են գյուղում, որտեղ երկուսն էլ կթվոր են աշխատել: Մարիամը երազկոտ ժպիտով է պատմում այդ մասին: Երկչոտությամբ խնդրում է հենց այդպիսի աշխատանք գտնել իր համար:

Հանրակացարանի մաշված աստիճաններով իջնելիս՝ պատկերացնում եմ մի իդեալական լուծում Մարիամի ու իր երեխաների և նման այլ ընտանիքների համար. Լոռվա չքնաղ բնության գրկում գտնվող ժամանակավոր կացության ճգնաժամային կենտրոն՝ բաղկացած մի քանի քոթեջներից: Քոթեջների պատերն ու կահույքն անպայման բաց գույնի, պատուհանները մեծ ու լուսավոր (այնպես, որ հենց միայն մթնոլորտը դրդի սեփական կյանքը փոխելու մասին մտքերի): Տներում ապրում են ընտանիքներ, որոնք կենսական բարդ իրավիճակում են հայտնվել: Յուրաքանչյուր տանը կա մեկ սոցիալական աշխատող: Ամեն մի ընտանիքի համար կազմվում է սոցիալական և հոգեբանական աշխատանքի անհատական ծրագիր:

Կենտրոնի խնդիրն է ապագայում ինքնուրույն ապրելուն նախապատրաստել այդտեղ ժամանակավոր ապրող մարդկանց: Ինչպես նաև ստեղծել ճահճից արդեն դուրս եկած մարդկանց միություններ, որպեսզի նրանք, մեկ անգամ օգնություն ստանալուց հետո, ինքները դառնան օգնություն մատուցողներ:

Այդ կենտրոնում մարդկանց տարբեր արհեստներ կարելի էր սովորեցնել, ինչպես նաև տեղում աշխատանք ապահովել, օրինակ՝ կով պահել, ստանալ տարբեր տեսակի կաթնամթերք ու վաճառել այն: Աճեցնել, գործել, կարել, փայտ տաշել, այլ կերպ ասած, ձեռք բերել հմտություններ, որոնք նրանց կօգնեն ոտքի կանգնել: Եւ որ անպայման լինի վարսավիրական դասընթաց, որպեսզի Նաիրան, երբ մեծանա, սովորի «աղջիկներին սիրունացնել»:

Օգնել մարդուն, որ գտնի սեփական արժանապատվությունը և հավատը, որ ինքն իրեն ոչ թե հասարակությունից վտարված զգա, այլ լիիրավ անդամ, այնուհետև նրան բաց թողնել բաց ծով: Ամբողջ հանրապետության տարածքով նմանատիպ կենտրոններ ունենալը հնարավոր է, այդպես չէ՞:

Մեր վերջին հանդիպման ժամանակ Մարիամի տանը՝ հերթական բարերգործական փաթեթի մեջ, կար կաթնախառնուրդ, որը նրա որդուն հակացուցված է: Նա խնդրեց, որ ես այդ կաթնախառնուրդը մեկ այլ երեխայի տամ:

«Ինձ այդքան օգնում են: Թող մի անգամ էլ ես ինչ-որ մեկին լավություն անեմ», — մի քանի անգամ կրկնեց նա՝ ասես վայելելով իր համար բոլորովին նոր զգացողությունը՝ լինել տվող, ոչ թե խնդրող:

Translation of the article was supported by the civic society support programme in Armenia by NESEHNUTÍ (Transition programme of Czech MFA)

Դարձեք Պատրոն

Մենք կերտում ենք ազատ, անկողմնակալ և ոչ անտարբեր մարդկանց համամիություն։ Եթե ցանկանում եք աջակցել մեր աշխատանքին, որն ուղղված է խորը սոցիալական խնդիրները վեր հանելուն՝ սովորական մարդկանց անձնական պատմութունների միջոցով, ապա դա անելու լավագույն միջոցը մեր Պատրոնը դառնալն է։

Տեքստն ավարտվում է, պատմությունը շարունակվում է։

Մեր առաքելությունն է նպաստել փոփոխություններին հասարակության մեջ՝ կոտրելով տաբուները և ազատ քննարկելով այնպիսի կարևոր թեմաներն, ինչպիսիք են բռնությունը, աղքատությունը, խտրականությունը, ծնողական և բժշկական էթիկան և այլն։

Այստեղ պատմված պատմությունները միշտ կլինեն ազնիվ և անկողմնակալ՝ այդ թվում նաև շնորհիվ մեր Պատրոնների։ Դուք նույնպես կարող եք միանալ՝ սեղմելով կոճակն ու ընտրելով աջակցության չափը։ Շնորհակալ ենք!