Թե չէ վատ կլինի
Տեքստ և թարգմանություն` Արփի Խալաթյան
Խմբագիր` Ֆյոդոր Կորնիենկո
Իլյուստրացիա` Լուսինե Թամազյան
[post_published]
[show_post_categories show=”category” hyperlink=”no” parent=”no”]Երբ ես քսանչորս տարեկան էի, ես ենթարկվեցի մանկաբարձական բռնության: Դրա մասին ընդունված չէ խոսել կամ առհասարակ անվանել բռնություն և ընկալել որպես այդպիսին: Սակայն 2019 թվականի տարեվերջին հրապարակվեց ՄԱԿ-ի հատուկ զեկույցը, որով հռչակվեց, որ մանկաբարձական ագրեսիան մարդու իրավունքների խախտում է, և որտեղ առաջարկվում են միջազգային մակարդակով խնդրի լուծման մեթոդներ: Ծննդաբերության ժամանակ արժանապատիվ ու հարգալից վերաբերմունք ստանալը և մանկաբարձական համապատասխան ծառայություններից լիարժեք օգտվելը կնոջ իրավունքն է: Արդյոք բոլո՞ր մանկաբարձները գիտեն այդ մասին:
Ընթերցանությունը՝ 12 րոպե
«Դու էս երեխուն արժանի չես»
Երեկոյան հինգն անց էր, երբ արթնացա ինչ-որ տարօրինակ զգացողությունից: Կանգնեցի ու «ջրերս գնացին»: «Ժամանակն է, — մտածեցի, — բայց ինչու՞ ցավեր չունեմ»: Սուր տագնապ զգացի, վայրկյանների ընթացքում հասցրեցի վատ սցենարի մի քանի տարբերակ պատկերացնել, հետո ինքս ինձ մխիթարել ու քաջալերել։ Փոխեցի հագուստս, տաքսի կանչեցինք ու գնացինք ծննդատուն:
Ճանապարհին կարծես թմբիրի մեջ լինեի. ոչինչ չէի զգում, չէի տեսնում ու չէի լսում։ Շենգավիթ ԲԿ-ն մոտ էր մեր տանը, արագ հասանք, հետո էլ ամեն ինչ շատ արագ կատարվեց: Սակայն այս երեքուկես տարիների ընթացքում այդպես էլ չանցած պոչուկիս ցավը հիշեցնում է, որ դա երազ չէր:
Լուռ բարձրանում էինք վերելակով: Երբ դռները բացվեցին, ականջիս հասան ծնարաններից մեկից լսվող աղիողորմ ճիչերը: Ավելի մոտենալով լսեցի մեկ այլ ձայն: Դա ծննդկանին «աջակցող» բժշկի ձայնն էր. նա բղավում էր. «Դու էս երեխուն արժանի չես», «Հանգստացի մի հատ», «Դու քո երեխու մասին մտածու՞մ ես, նորմալ ուժ տուր», «Երեխուդ ասելու եմ, թե քեզ ոնց ես պահել»:
Երկու օր անց այդ ծննդկանի հետ վերելակով իջնում էինք արգանդի ԳՁՀ-ի։ Նրա երեսին գույն չկար, խեղճացած ու տանջված տեսք ուներ, ասես ոչ թե նոր ծննդաբերել էր, այլ բուժվում էր դանդաղ տանջամահ անող մի հիվանդությունից։ Նայում էի նրան ու մտածում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, որ նոր ծննդաբերած կինը չպիտի Օսվենցիմից մազապուրծ փախած մարդու տպավորություն թողնի։ Պատկերացնում էի, թե որքան է ուրախացել իր հղիության լուրով, իսկ հիմա կանգնած է՝ վերելակի պատին հենված, ու տնքում է ցավից։
Նա մի կերպ էր ոտքի վրա մնում, և մենք՝ մյուս չորս թե հինգ նոր ծննդաբերածներս, լուռ նայեցինք իրար ու հասկանալով, որ ամենածանր վիճակում նա է, ԳՁՀ-ի սենյակի դռան մոտ դրված միակ աթոռը զիջեցինք նրան։ Դժվարությամբ, կողքանց տեղավորվեց աթոռի եզրին. նրան շեքահատում էին արել, ուղիղ նստել չէր կարող:
Նրա համեմատ իմ բախտը բերել էր. ինձ շեքահատում չէին արել:
Թե չէ վատ կլինի
Երեկոյան ժամը վեցն էր, երբ մտա ծնարան: Շուտով եկավ իմ գինեկոլոգն ու առանց որևէ բառ ասելու միացրեց կաթիլային համակարգը։ Ես վախվորած հարցրի, թե ինչի համար է դա, բայց նա չպատասխանեց, միայն զայրացած նայեց դեմքիս: «Ցավեր չունեմ, դրա՞ համար», — կրկին հարցրի ես: «Խի՞, ունե՞ս, — մուննաթով ընդհատեց բժիշկը, — չոր ծնունդ ա, պետք ա արագացնենք, թե չէ վատ կլինի»:
Ես չկարողացա ոչինչ պատասխանել, որովհետև բոլորովին չէի սպասում նման արձագանքի: Որոշել էի նրա մոտ ծննդաբերել, որովհետև հղիության ամիսների ընթացքում ավելորդ դեղերով չծանրաբեռնող բժշկի տպավորություն էր թողել:
Շփման մեջ նա բավական չոր էր, բայց դա արդարացնում էի նրա տարիքով և խորհրդային միության բարքերով, որոնց մեջ նա կայացել է որպես բժիշկ: Իսկ երբ ասաց, որ բացասաբար է վերաբերվում էպիդուրալ անզգայացմանը, մտածեցի, որ նա բնականամետ է, ինչն էլ ավելի ամրապնդեց վստահությունս իր հանդեպ:
Նրա պատասխանն ասես ապտակ լիներ: Միանգամից մտածեցի, որ ես ինչ-որ սխալ կին եմ, սխալ մայր եմ, որովհետև «ճիշտ» ծննդաբերության ժամանակ սկզբից պիտի լինեն ցավերը, հետո պտղաջրերի արտահոսքը։ Իսկ ինձ մոտ հակառակն է, ուրեմն ես ուր որ է կսպանեմ իմ երեխային: Դեռ ավելին, այնքան հանդուգն եմ, որ կասկածի տակ եմ դնում ամենակարող արհեստական օքսիտոցինը ներարկելու անհրաժեշտությունը։ Մեղքի զգացումը խոր արմատներ գցեց իմ հոգում, և ես երեք տարի պայքարում էի դրա դեմ, այդ թվում հոգեթերապիայի օգնությամբ:
Նա միացրեց օքսիտոցինն ու գնաց։ Մոտ քսան րոպե անց վերադարձավ ու արագացրեց կաթիլների հոսքը: Նստեց ծնարանում ու զանգեց իր որդուն: Որդին բարի ազատում մաղթեց ինձ։ Իսկ ես հաճույքով հեռախոսը դուրս կնետեի պատուհանից ու կգոռայի նրա դեմքին, որ ավելի լավ է իմ հարցերին պատասխանի, ոչ թե վայբերով շատախոսի։ Բայց ես ոչինչ չարեցի․ այդ պահին ես ինձ խոցելի էի զգում։
Օքսիտոցինն արդեն ազդում էր. ցավն ուժեղացավ։ Նա ավարտեց հեռախոսազրույցը, հրամայեց՝ քայլի՛ր, ու գնաց։
Ես սկսեցի քայլել: Յուրաքանչյուր հաջորդ կծկանքն ավելի ցավոտ էր, թվում էր, թե գոտկատեղս կոտրվում է։ Ներքնազգեստ հագնել չէր կարելի ինչ-որ պատճառով, որը դարձյալ ինձ չբացատրեցին: Դրա փոխարեն կար հնամենի մեթոդը. վերցնում ես մի կտոր, տեղավորում ոտքերիդ միջև ու քայլում ես՝ այն ազդրերով սեղմած: Ահա այդպես ոտքերս իրար սեղմած, հսկայական փորս գրկած, հպարտ միայնության մեջ քայլում էի ծնարանում, որտեղ հենվելու կամ բռնելու ոչ մի հարմարանք չկար։ Միակ բանը, որն ինչ-որ չափով օգնում էր, ֆիզլուծույթի պարկիկը պահող ձողն էր, բայց դա էլ այնքան բարակ էր, որ վախենում էի կոտրել։
Ինչ-որ մի պահի ես ուզեցի ծնկի իջնել: Զգացի, որ մարմինս հիմա այդ դիրքն ընդունելու կարիքն ունի։ Կռացա, բայց այդ պահին ծնարանի կողքով անցնող բուժքույրը, հասկանալով՝ ինչ եմ պատրաստվում անել, դռան շեմից նետեց. «Մի՛ չոքի», ու գնաց։ Ես ու ձողը կրկին մնացինք մենակ։
Բուժքրոջ «մի չոքի»-ն ամրապնդեց արդեն առաջացած մեղքի զգացումը. «Երևի դա վտանգավոր է երեխայի համար, իսկ ես միայն իմ մասին եմ մտածում»: Իսկ ծնկի իջնել, իհարկե, կարելի էր, պարզապես այդ դեպքում բուժքույրը ստիպված էր լինելու մնալ ինձ մոտ, որպեսզի օգներ հարմար դիրք ընդունել: Սակայն դա արդեն իրեն հարմար չէր:
«Ինչ համեստ ա ցավ քաշում»
Երբ կինը ծննդաբերում է առանց որևէ միջամտության, երկունքի ցավերը կարող են բավական տանելի լինել: Յուրաքանչյուր կին յուրահատուկ ձևով է ընկալում ցավը, հետևաբար ուղեղը կառավարում է արգանդի կծկանքները՝ ելնելով մարմնի անհատական առանձնահատկություններից: Բնական երկունքի ցավը դանդաղ ու աստիճանաբար է ուժեղանում՝ թույլ տալով, որ մարմինը հասցնի «մարսել» այն:
Բացի այդ, ծննդաբերության ժամանակ արտազատվում է էնդորֆին հորմոն: Դրա նպատակն է ցավազրկել մարմինը և օգնել հաղթահարել սթրեսը: Էնդորֆինը, որն անվանում են երջանկության հորմոն, բարձրացնում է կնոջ տրամադրությունը, ինչով էլ օգնում է, որ հիշողության մեջ ամրապնդվեն դրական ասոցիացիաներ և հուշեր։ Չէ՞ որ բնության տեսանկյունից կինը պիտի հնարավորինս հաճախ ծննդաբերի:
Արհեստական օքսիտոցինով խթանված ծննդաբերության դեպքում, ինչը հաճախ կիրառվում է մեր ծննդատներում, ցավը կարող է անտանելի լինել: Երբ ես ծննդաբերում էի, ցավից անշարժացել էի: Թվում էր, թե ձեռքերս ու ոտքերս կապել են ու ձգում են տարբեր ուղղություններով, ուր որ է կտոր-կտոր կլինեմ: Ի վիճակի չէի որևէ այլ բանի մասին մտածել: Ծննդկանը պիտի թուլացած լինի, իսկ իմ մարմինը կիթառի լարի պես ձգված էր: Անգամ տնքալու ուժ չունեի, իսկ կողքիս կանգնած բուժքույրերը գոհունակութամբ արձանագրում էին. «Ինչ համեստ ա ցավ քաշում»:
Ես ասես անկամ տիկնիկ լինեի: Մարմինս այլ բան էր զգում, իսկ սպիտակ խալաթավորներն այլ բան էին հրահանգում, բայց վերջին խոսքն իրենցն էր։ Ես շփոթված էի, չէի կարողանում կենտրոնանալ, չէի հասկանում, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ։ Նույնը կատարվում էր նաև իմ ուղեղում, որի բնականոն աշխատանքը դրսից խաթարվել էր: Երջանկության հորմոն արտադրելու ժամանակ չկար էլ:
«Ո՜նց եմ զզվում պպզացնելուց»
Վերջին երեք տարվա ընթացքում մանկաբարձական ագրեսիայի մասին շատ տարբեր նյութեր եմ ուսումնասիրել: Հեղինակների մեծամասնությունը նշում է, որ ամենալուրջ սխալներից մեկն այն է, որ բուժանձնակազմն է թելադրում, թե ինչ դիրք ընդունի կինը կծկանքների ժամանակ կամ ծննդաբերելիս։ Սթրեսն ավելի քիչ կլինի այն ժամանակ, երբ կինն ընդունի այն դիրքը (նստած, ծնկի իջած, կքանստած, կողքի վրա պառկած), որը հարմար է իր մարմնին: Քիչ է սթրեսը, ավելի հեշտ ու անվտանգ է ծննդաբերությունը: Մինչդեռ մեջքի վրա պառկած ծննդաբերելու համատարած պրակտիկան հակասում է ոչ միայն տրամաբանությանը, այլև ձգողականության օրենքին:
Ծննդաբերական աթոռը մեծ հաճույքով կուղարկեի կտտանքների պատմության թանգարան՝ որպես կարկառուն ցուցադրանմուշ: Անհնար է հորինել դրանից ավելի անհարմար բան ծննդաբերության համար. այն դժվարամատչելի է, չոր է ու նեղ։ Ես աշխատում էի նույնիսկ ձեռքերս չշարժել, որովհետև վախենում էի ընկնել։
Իմ ծնարանն ասես վիրահատական սենյակ լիներ՝ խիստ, օտար ու սառը: Այն բոլորովին չէր համապատասխանում իմ՝ ծննդկանի հուզական և խոցելի հոգեվիճակին:
Երբ ծննդաբերությունս մտավ ճիգերի փուլ, ես չէի հասկանում, թե ինչպես պիտի ուժ տամ։ Ինչ-որ մի պահի գինեկոլոգն ասաց մանկաբարձուհուն. «Մի քիչ էլ փորձեք, եթե չստացվի, պպզացրեք։ Ո՜նց եմ զզվում պպզացնելուց։»
Առաջ ես կարծում էի, թե ծննդաբերության ժամանակ ամեն ինչ պիտի արվի այնպես, ինչպես հարմար է ծննդկանին: Սակայն ծննդաթոռն այնքան բարձր էր, որ բուժանձնակազմին հարմար լիներ, ներսում այնքան լուսավոր էր, որ բուժանձնակազմին հարմար լիներ, կաթիլայինն առանց դադարի աշխատում էր, որպեսզի նրանց հարմար լիներ: Ես պիտի թուլանայի, բայց ինչպե՞ս թուլանալ, երբ ոտքերդ չռած պառկած ես լուսարձակների վառ լույսի տակ։
Չորս ժամ
Երեկոյան 21:50 տղաս ծնվեց: Ես ծնարան մտել էի առանց կծկանքների, բայց իմ ծննդաբերությունն ընդամենը չորս ժամ տևեց:
Որպեսզի երեխան դուրս գա, արգանդի պարանոցը պիտի լայնանա մինչև տասը սանտիմետր: Առաջին անգամ ծննդաբերող կնոջ մոտ այդ լայնացումը կարող է բավական երկար տևել:
Իմ ծննդաբերությունն արհեստականորեն արագացվեց: Ծնարան մտնելուցս մոտ տասը րոպե անց ինձ ներերակային արհեստական օքսիտոցին միացրին: Օքսիտոցինը սկզբում պետք է միացնել րոպեում ընդամենը հինգ կաթիլ, այնուհետև աստիճանաբար՝ երեսուն րոպեն մեկ, ավելացնել հնգական կաթիլով: Ես սա կարդացել եմ արհեստական օքսիտոցինի ներդիրում: Սակայն իմ գինեկոլոգն սկզբում միացրեց մոտ տասը կաթիլ, իսկ քսան րոպե անց միանգամից ուժեղացրեց հոսքը մինչև երեսունվեց կաթիլ:
Եթե նա հետևեր ներդիրի հրահանգներին, ապա կպահանջվեր երեքուկես ժամ յոթ անգամ մոտենալու համար, և դա միմիայն կաթիլային համակարգը ճիշտ կարգավորելու համար: Իհարկե, այդպես հարմար չէր լինի, և բժիշկն այնպես արեց, որ չորրորդ ժամը չլրացած ես արդեն ծննդաբերեցի:
Օքսիտոցինն այն հորմոնն է, որի միջոցով ուղեղը խթանում և կառավարում է ծննդաբերությունը: Յուրաքանչյուր կնոջ ուղեղ արտազատում է խիստ որոշակի քանակությամբ օքսիտոցին՝ ելնելով օրգանիզմի առանձնահատկություններից: Արդյոք իմ օրգանիզմի համար ընդունելի՞ էր արհեստական հորմոնի այդպիսի չափաբաժինը:
Կա երիտասարդ, սակայն արդեն անփոխարինելի դարձած, մի մասնագիտություն՝ կրծքով կերակրման խորհրդատու: Դա բժշկական մասնագիտություն չէ, սակայն մասնագետներն ունեն հիմնական բժշկական կրթություն և խորքային գիտելիք մարդու կաթնագեղձերի աշխատանքի մասին: Նրանք երիտասարդ մայրիկներին օգնում են տիրապետել կրծքով կերակրման ճիշտ տեխնիկային: Խորհրդատուները նկատում են, որ կանայք, ում ծննդաբերությունն արհեստականորեն խթանվել է, որպես կանոն ունենում են կրծքով կերակրման խնդիրներ: Ես, օրինակ, նույնպես եղել եմ նրանց շարքերում:
Բարեբախտաբար, իմ դեպքում միջամտությունները սահմանափակվեցին միայն խթանումով և Կրիստելլերի հնարքով: Երբ գինեկոլոգս տեսավ, որ լավ ուժ չեմ տալիս, որոշեց «օգնել»: Նա նախաբազկով սեղմեց փորիս վերևի մասից, որպեսզի երեխային դուրս հրի։
ԱՀԿ-ն (Առողջության Համաշխարային Կազմակերպություն) այս մեթոդը համարում է բարձր ռիսկային և խորհուրդ է տալիս չկիրառել. բժիշկը սեղմելիս չի տեսնում, թե ինչ դիրքում ու ինչ թեքության վրա են երեխայի գլուխը և մարմինը: Եթե երեխան այդ կերպ, մեծ արագությամբ անցնի ծննդուղով, նրա գլուխը կարող է սեղմվել և վնասվել:
Իհարկե կան դեպքեր, օրինակ՝ թթվածնաքաղցի ռիսկը, երբ Կրիստելլերի հնարքն արդարացված է։ Սակայն հարց է ծագում. իսկ ինչու՞ է առաջանում թթվածնաքաղցի ռիսկ: Ոչ ոք չունի այս հարցի հստակ պատասխանը, բայց որոշ դեպքերում հնարավոր է, որ դա կապված է անտեղի բժշկական միջամտությունների հետ:
Քանի դեռ արգանդի պարանոցի բացվածքը չի հասել որոշակի լայնության, մարմինը չի սկսի երեխային հրել դեպի դուրս: Արհեստական խթանման դեպքում կարող է խառնաշփոթ առաջանալ՝ արգանդն սկսում է հրել երեխային դեպի ծննդուղի, երբ բացվածք դեռ չկա: Արդյունքում առաջանում է միջամտելու անհրաժեշտություն երեխային արագ դուրս հանելու և փրկելու համար:
Սպասել չի կարելի խթանել
Հենց այնպես չէ, որ ծննդաբերող կինը պիտի շրջապատված լինի սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ: Սթրեսային իրավիճակներում մեր արյան մեջ ադրենալին է արտազատվում. հորմոն, որը կարող է վտանգի դեպքում արթնացնել մարդու ներուժը և փրկել նրա կյանքը: Սակայն դա բոլորովին այն չէ, ինչ պետք է ծննդաբերելիս, որովհետև ադրենալինը ճնշում է օքսիտոցինի արտազատումը:
Հղիությունը «հորմոնների փոթորիկ» է: Հղի կինը չափազանց զգայուն է, իսկ ծննդաբերողը՝ առավելապես խոցելի: Դժվար թե նա ի վիճակի լինի ակտիվորեն պաշտպանել իր իրավունքները: Նրան հեշտ է վախեցնել, ճնշել: Ես ևս ուժեղ չէի այդ օրը: Ես միայն ուզում էի ողջ և առողջ հեռանալ այդ վայրից՝ առողջ երեխան գրկումս:
Ծննդաբերությունից շաբաթներ անց ես սկսեցի ուսումնասիրել իմ դեպքի վերաբերյալ միջազգային մանկաբարձական փորձն ու ընդունված կարգերը: Երբեմն լինում է, որ պտղաջրերի արտահոսքը տեղի է ունենում երեսունյոթերորդ շաբաթից շուտ. դա անվանում են «վաղաժամ ծննդաբերություն»: Այդ պայմաններում երեխան այլևս չի կարող շարունակել ապրել արգանդում, և կնոջը պիտի անպայման ծննդալուծեն: Սա վտանգավոր երևույթ է, սակայն, բարեբախտաբար, հազվադեպ:
«Պտղաջրերի արտահոսք առանց կծկանքների» իրավիճակը, որը տեղի է ունենում արդեն երեսունյոթերորդ շաբաթից հետո, ավելի հաճախ է հանդիպում՝ տասը կանանցից մեկի մոտ: Դա համարվում է օրինաչափ ծննդաբերություն. կարելի է սպասել և փորձել խթանել կծկանքները բնական միջոցներով, օրինակ՝ տաք ջուր, զբոսանք, հղիների յոգա: Կարելի է ընտրել արհեստականորեն խթանելու ճանապարհը, եթե կան հիմնավոր ցուցումներ: Բժիշկները պետք է գնահատեն պտղի վիճակը ԳՁՀ-ի ու ԿՏԳ-ի միջոցով, համոզվեն, որ արտահոսած հեղուկը անգույն է ու անհոտ, ստուգեն կնոջ զարկերակային ճնշումը և այլն: Եթե այդ հետազոտությունները ցույց տան, որ ամեն ինչ նորմայի սահմաններում է, ապա հղին նույնիսկ կարող է տուն վերադառնալ:
Եթե արհեստական միջամտության ցուցումներ չկան, ինչպես իմ դեպքում էր, ապա ոչ մի վատ բան չի լինի, եթե սպասեն բնական կծկանքների սկսվելուն: Տարբեր երկրներում վիճակագրությունը մոտավորապես նույնն է. տասը կանանցից վեցի մոտ բնական կծկանքները կսկսվեն հաջորդող 24 ժամվա ընթացքում, մնացածի մոտ՝ երկու-երեք օրվա, և միայն շատ քիչ թվով կանանց մոտ բնական կծկանքները չեն սկսվի ընդհուպ այդ ժամանակ, ինչն էլ կարող է դառնալ միջամտության ցուցում:
Այստեղ գլխավոր խնդիրը վարակի ներթափանցում թույլ չտալն է, քանի որ պտղապարկի ամբողջականության խախտման հետևանքով խաթարվում է պտղաջրերի ստերիլությունը: 24 ժամ անց այդ ռիսկը մեծանում է, հետևաբար կարևոր է պահպանել հիգիենայի կանոնները՝ բացառել սեքսը, հաճախ փոխել ներքնազգեստը, չմտնել լողավազան, խուսափել մարդաշատ վայրերից, օգտագործել միջադիրներ, ոչ թե տամպոններ և պարբերաբար ցնցուղ ընդունել:
Մինչդեռ, վարակի ներթափանցման հավանականությունն ավելի մեծ է հենց ծննդատանը՝ հաճախակի մատնային ներզննումների պատճառով: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ներզննումներն անել առնվազն չորս ժամ ընդմիջումով: Մանկաբարձը, գինեկոլոգը կամ էլ այդտեղով պատահաբար անցնող ինտերնը կարող են լրացուցիչ անգամ չլվանալ ձեռքերը ձեռնոցը հագնելուց առաջ: Նաև լինում է, որ բուժաշխատողը հանում է ձեռնոցը, դնում ծննդաթոռի վրա և գնում, որպեսզի հետո վերադառնա ու հագնի այդ նույն ձեռնոցը նորից ներզննում անելու համար:
Այնուամենայնիվ, եթե դուք հարցնեք՝ ինչու են գինեկոլոգներն ու մանկաբարձները նախընտրում միջամտել կծկանքների բացակայության դեպքում, նրանք կպատասխանեն, որ ուզում են խուսափել հենց վարակի ներթափանցումից: Հայաստանյան ծննդատներում գործում է անմիջապես խթանելու սովորությունը՝ անկախ նրանից, որ Առողջապահության նախարարությունն ունի հստակ ընթացակարգ, որտեղ արձանագրված է, որ կարելի է սպասել առնվազն 24 ժամ, և որ անձնակազմը պետք է պատրաստ լինի արգանդի պարանոցի երկարատև բացմանը:
Ընթացակարգի մեջ գրված է, որ բուժանձնակազմը պարտավոր է իրազեկել կնոջն ու նրա զուգընկերոջը և՛ խթանելու, և՛ սպասողական վարման տարբերակների մասին: Եւ վարվել այնպես, ինչպես կկամենա կինը:
Ստացվում է, որ իմ գինեկոլոգը կոպտորեն խախտել է ԱՆ կողմից հաստատված ընթացակարգը և իմ իրավունքները: Ես պիտի իմանայի սպասողական վարման տարբերակի գոյության մասին, ես իրավունք ունեի հրաժարվել խթանումից, խորհրդակցել ամուսնուս հետ, ում նա, առհասարակ, արգելել էր ծնարան մտնել: Նրա դերն իմ անվտանգությունն ապահովելն էր, բայց ոչ ի վնաս իրավունքների:
Հերիք ա հարցեր տաս
Ես հիմա ավելի տեղեկացված եմ, քան ծննդաբերության ժամանակ: Օրինակ՝ գիտեմ, որ հետույքային դիրքով երեխային կարելի է ունենալ բնական եղանակով, ու չգնալ կեսարյան հատման, չնայած որ չեմ պատկերացնում, թե ինչպես կվարվեմ, եթե հայտնվեմ նման իրավիճակում: Ես գիտեմ, որ հաջորդ անգամ կաշխատեմ թույլ չտալ արհեստական խթանումը, բայց չգիտեմ՝ ինչպես կվարվեմ, եթե գինեկոլոգը պնդի:
Ես կասկածում եմ, որովհետև վախենում եմ:
Մեր ծննդատներում վախի մթնոլորտ է տիրում: Բժիշկները վախենում են պտղի կամ ծննդկանի մահից, ինչի հետևանքով էլ նախընտրում են երեխային դուրս հանել՝ կնոջը պատռելով: Նրանք վախենում են անորոշությունից, վախենում են սպասել ու բաց թողնել գործընթացի կառավարումն իրենց ձեռքից: Կանայք էլ իրենց հերթին են վախենում ու լարվում:
Խնդիրների մեծ մասը չի առաջանա, եթե բժիշկներն սկսեն խոսել կանանց հետ:
Երբ տղաս արդեն ծնվել էր, բժշկուհին մի դեղահաբ բերեց ու առանց որևէ բան ասելու՝ հրահանգեց դնել լեզվիս տակ: Հարցրեցի՝ ինչի համար է դա, ու լսեցի հետևյալ պատասխանը. «Հերիք ա հարցեր տաս, ես հոգնած եմ»: Առաջին պահին ուղղակի կորցրեցի խոսելու ունակությունս, հետո այնպես զայրացա, որ քիչ էր մնում հայհոյեի նրան՝ ամբողջ ծննդատնով մեկ:
Ես անուժ ընկած էի ծննդաթոռի վրա, ոտքերս սառել էին, թևերս, վիզս ու պոչուկս ուժեղ ցավում էին, շեքս այտուցված էր անընդհատ քաշքշելու պատճառով ու ցավում էր, տղաս չգիտեմ, թե որտեղ էր, մենակ, ես էլ էի մենակ, քաղցած ու ծարավ:
Ես հավաքեցի ինձ ու կտրուկ ասացի. «Գիտե՞ք, ես էլ եմ հոգնած»: Նա երևի չէր սպասում նման հակազդման, միանգամից փափկեց: Պարզվեց, որ ուզում է ինձ տալ մի անմեղ դեղահաբ՝ նախատեսված արգանդի կրճատման համար:
Ծննդկանին շատ քիչ բան է պետք՝ ջերմություն ու հոգատարություն, ու մեկ մարդ, ով ջուր կտա ու գոտկատեղը կմերսի: Այս բացը շատ հեշտ կարելի է լրացնել, եթե ծննդաբերությանը գնանք ամուսնու կամ այլ հարազատ մարդու կամ էլ դուլայի հետ։ Պետք չէ այդ կարևոր պահին ինքնակամ մատնվել միայնության:
Փոխել համակարգը
Երբ գնում էի ծննդատուն հերթական այցի, սկզբում երկար սպասում էի իմ հերթին, հետո մտնում էի ներս ու մի քանի րոպե էլ սպասում, որ բուժքույրն ահռելի տրցակի միջից գտնի բժշկական քարտս ու ձեռքով լրացնի։ Երբ պետք էր լինում մեկ այլ բժշկի սենյակ գնալ, նա վերցնում էր քարտն ու գալիս ինձ հետ: Այդ ամենից ոչ հերթն էր կարճանում, ոչ էլ բուժքույրը՝ երջանկանում։
— Այնքան թուղթ եք լրացնում, ասես քարտուղարուհի լինեք, — ասացի մի օր՝ կարեկցանքով լցված: Բուժքույրը խորը հոգոց հանեց: Ինձ թվաց, որ այդ թղթաբանությունը նրա մոտ զզվանք է առաջացնում:
Եթե բժշկական քարտերն էլեկտրոնային լինեին և պահվեին մեկ ընդհանուր բազայում, յուրաքանչյուր բժիշկ կկարողանար մեկ հպումով բացել իմ քարտը՝ առանց աթոռից վեր կենալու: Կարիք չէր լինի օրական տասնյակ անգամներ ձեռքով քարտ լրացնել:
Սա միայն բուժքույրերին չի վերաբերվում: Բուժանձնակազմի, տարբեր բժիշկների հետ խոսելիս հասկացա, որ ծննդատներում գրեթե միշտ կա ինչպես անձնակազմի գերծանրաբեռնվածության խնդիրը, այնպես էլ կադրերի պակասը: Զրույցներիցս մեկը գինեկոլոգ Դավիթ Աբովյանի հետ էր, ով համաձայնեց ձայնագրել մանկաբարձական ագրեսիայի, համակարգում առկա խնդիրների և հնարավոր լուծումների մասին մեր խոսակցությունը։
— Արդյո՞ք ծննդաբերության ընթացքում արվող միջամտություններն արդարացված են:
— Մանկաբարձությունը մի քիչ Աստծուն մոտ բան է, եթե ուզում ես հեշտ ծննդաբերություն, պիտի շատ չխառնվես: Աշխարհը գնում է դեպի տնային ծննդաբերությունները: Իհարկե, խոսում ենք ժամկետային, չբարդացած, առողջ կնոջ ծննդաբերության մասին: Ինչքան խառնվում ենք, այնքան ավելի վատ է լինում:
Ընդ որում, պիտի նաև պայմաններ ապահովենք, օրինակ՝ մթնեցնել սենյակը, միացնել հաճելի երաժշտություն, և ծննդկանի հետ ներս թողնել մեկ հարազատ մարդու՝ ամուսին, մայր, դուլա: Մտերիմը խանգարել չի կարող: Բայց այդ եկող մարդն էլ պիտի որոշակիորեն պատրաստված լինի: Օրինակ՝ ամուսնու հետ կինն ավելի արագ է ծննդաբերում, քան եթե օքսիտոցին միացնեմ:
Բժիշկներին թվում է՝ եթե մենք չոր ու կոպիտ լինենք, ապա դրանով կսթափեցնենք ծննդկանին, կդրդենք արագ ծննդաբերել, բայց դա այդպես չէ:
Մի դեպք պատմեմ. զույգ պտուղ, [կինը] արհեստական բեղմնավորմամբ մի կերպ հղիացել էր, ինքն էլ արդեն մեծ տարիքում էր, բայց առաջին պտուղը գլխային էր [այդպես էլ պիտի լինի]: Չնայած դրան՝ մենք որոշեցինք կեսարյան անել, որովհետև վախեցանք: Երբ այդ կինը երկունքի ցավերով հասել էր ծննդատուն, ես հայտնվել էի անհույս խցանման մեջ: Ինչ-որ մի պահի ես մեքենան կանգնեցրի առաջին իսկ հարմար տեղում ու ծննդատուն հասա վազելով:
Նրանք ինձ սպասում էին, ուզում էին, որ ներկա լինեմ, ես այդ մարդկանց մենակ թողնել չէի կարող: Բայց ուշացա, արդեն այնքան մեծ բացվածք կար, որ կեսարյան անելն անիմաստ էր: Եւ այդ մի կերպ հղիացած, մեծ տարիքով կինն ունեցավ շատ սահուն բնական ծննդաբերություն: Սա հենց այն իրավիճակն էր, երբ շատ ավելի լավ է լինում, երբ մենք չկանք:
Ի դեպ, շատ հաճախ մենք խուսափում ենք կեսարյաններից և ընդունում ենք տոտիկային, հետույքային կամ կեսարյանից հետո բնական ծնունդներ միայն այն պատճառով, որ կանայք չեն շտապում և ուշացումով են գալիս ծննդատուն: Իհարկե, կգտնվեն կոլեգաներ, որ կասեն. «Բա որ մի բան լինի», բայց վախի մեջ ապրել էլ չի կարելի:
— Իսկ ի՞նչ պատճառներ են կանգնած մանկաբարձական ագրեսիայի հետևում:
— Երբեմն լինում է, որ երեսունվեց ժամ մնում ես աշխատավայրում, օրինակ՝ գիշերը կանչել են ծնունդ ընդունելու, առավոտյան սկսվում է հերթափոխդ, դա արդեն մոտ երեսուն ժամ է, հաջորդ առավոտյան սկսվում է սովորական աշխատանքը՝ հերթագրված հիվանդներին ընդունելը, արդյունքում արդեն երկու օր է, ինչ հիվանդանոցում ես:
Ամբողջ աշխարհում կա այս խնդիրը, երևի բացի Եվրոպայից: Սա չի կարող չբերել մասնագիտական այրման, որովհետև դու ուզում ես տուն գնալ ու տեսնել երեխայիդ, ով [արդեն] մոռացել է քո դեմքը: Դա նպաստում է մանկաբարձական ագրեսիայի, անհարկի միջամտությունների շատացմանը:
Իմ օրդինատուրան անցել է Իտալիայում, այնտեղ նման բան չեմ տեսել, բժիշկն անմիջապես դուրս էր գալիս, հենց լրանում էր ութ ժամը: Նույնիսկ լինում էր, որ երեխայի գլուխն արդեն դուրս է եկել, իսկ նրա ժամը հենց այդ պահին լրացավ, և նա դուրս էր գալիս՝ առանց հետ նայելու: Ոչ ոք չէր ասում. «Լավ, վերջացնեմ, հետո գնամ»: Փոխարենը գալիս էր հաջորդ հերթափոխի գինեկոլոգը և շարունակում կիսատ մնացած գործը: Վայրկյանների հաշվարկ էր, ու դա Իտալիայում, որտեղ մարդիկ խառնվածքով մեզ նման են՝ «ջիգյարով» են:
Մեր ծննդատանը մենք աշխատում ենք թիմով աշխատել և պահպանել [մեզ մոտ հաշվառվող] հղիների որոշակի քանակ, սակայն հայկական միջավայրում երբեմն չի ստացվում մերժել: Երբեմն լինում է, որ քո երկու ծննդկանները միաժամանակ են ծննդաբերում: Երբեմն բարդություններ են լինում կամ ծագում է շտապ կեսարյան հատման անհրաժեշտություն: Արդյունքում ունենում ենք գերծանրաբեռնվածություն, ու բժիշկը վազվզում է այստեղից այնտեղ:
Իմ կյանքում մի փուլ կար, երբ ես ընդհանրապես արձակուրդ չէի գնում, հետո հասկացա, որ դա շատ վատ է: Հիմա հաճախացրել եմ գիտաժողովների մեկնելը, որովհետև դա թույլ է տալիս կտրվել սովորական առօրյայից: Երբ շփվում ես հեղինակների հետ, ում գրած գրքերը կարդացել ես, երբ լսում ես այլ մասնագետների, սովորում ես նրանցից, թարմացած ես վերադառնում:
Ծննդաբերությունը շատ անկանխատեսելի պրոցես է, և մեր նախնական հաշվարկներն ու գնահատականները հարյուր տոկոսանոց չեն: Հետևաբար, հաճախ բժիշկն անվստահ է լինում, չի իմանում, թե որն է լավ ու ճիշտ, հակված է լինում միջամտել, որպեսզի իր ձեռքում պահի վերահսկողությունը: Բայց դա արատավոր շրջան է, որից պետք է դուրս գալ:
— Այդ անվստահությա՞մբ է պայմանավորված ամենուրեք տիրող վախի մթնոլորտը:
— Ներկայում բժիշկները շատ անպաշտպան են։ Նրանք շատ են վախենում դատերից, ինչն էլ լրացուցիչ լարվածություն է մտցնում առանց այդ էլ բարդ մասնագիտության մեջ:
Օրինակ՝ աշխարհում այսօրվա չլուծված խնդիրներից մեկն այն է, որ ըստ բոլոր ցուցանիշների առողջ պտուղը ծնվում է ճիշտ ժամկետում, բայց մահացած: Ցավոք սրտի, չկա սարքավորում, որը կարող է հայտնաբերել այս խնդիրը, [հետևաբար] կանխել: Սակայն սա նաև հնարավոր չէ բացատրել մարդկանց:
Պիտի յուրաքանչյուր դեպք առանձին մանրակրկտորեն քննվի, պիտի ուսումնասիրվեն բոլոր ցուցանիշները հղիության առաջին օրվանից մինչև վերջին օրը, բայց նույնիսկ այդ դեպքում պարզ չէ՝ պատճառը կհայտնաբերվի, թե ոչ: Այսօր գոյություն ունեցող պայմաններում մենք ի վիճակի չենք անել այդ աշխատանքը: Եւ ահա, երբ նման դեպք է տեղի ունենում, հարազատները բժշկին չեն ներում երբեք:
Եթե մեկ վիրահատության ժամանակ ինչ-որ բան այնպես չլինի, հաջորդ վիրահատությանը քո ինքնավստահությունը կարող է նվազել, նույնիսկ եթե դու վարպետ ես: Բժիշկը գործ ունի մարդկային կյանքի հետ: Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք հնարավոր չէ նախօրոք հաշվի առնել, որովհետև դրանք տեղում են ծագում, և պիտի արագ լուծում գտնես: Իհարկե, այս ամենը շատ է ազդում մեզ վրա, որովհետև մենք ռոբոտ չենք:
Աշխարհում կա բժշկական սխալի ապահովագրություն: Կարծում եմ՝ հայաստանյան բժիշկները ևս համաձայն կլինեն վճարել որոշակի գումար, որ գոյություն ունենա անկախ, հատուկ մասնագիտացված խումբ, որը կզբաղվի և՛ ապահովագրությամբ, և՛ դեպքերի քննությամբ:
— Ի՞նչ կարող ենք անել, որ համակարգը դադարի այդքան փակ լինել:
— Բժիշկ-պացիենտ հոգեկան կապն ամենակարևորն է, եթե դա կա, ապա ամեն ինչ կստացվի: Երկկողմանի պիտի աշխատեն դրա վրա ու ջանքեր ներդնեն: Իսկ կանայք պիտի դադարեն համակերպվել [կամայականություններին] և հենց սկզբից լինեն տեղեկացված ու պահանջատեր:
Բարեբախտաբար, համակարգը հիմա այդքան կարծր չէ, [ինչպես առաջ,] փոխվում է: Փոփոխությունները գալիս են պացիենտներից, ովքեր շատ բան [ինքնուրույն] սովորել են ու պատրաստված են գալիս: Արդեն հնարավոր չէ աշխատել հին ձևերով։ Վաղ թե ուշ բժիշկը, ով չի ուզում փոխվել, պարզապես կմնա առանց պացիենտների: Շատ ավելի լավ կլինի, եթե [բոլոր] կանայք իրազեկված լինեն. ավելի հեշտ է փոխել նրանց, քան բժիշկներին:
Սակայն պատասխանատվությունն, իհարկե, բժշկինն է: Երբ ես մեքենաս տանում եմ վերանորոգման, մասնագետն ինչ ասում է, հավատում եմ, որովհետև այլ ելք չունեմ, ես ավտոմեխանիկ չեմ: Նույն կերպ էլ կինը կարող է շատ բաներ չիմանալ:
Սակայն կինը պիտի հստակ կարծիք ունենա, [թե ինչպես է ուզում ծննդաբերել,] ու պահանջատեր լինի: Երբ մեր առջև կին է, ում համար միևնույնն է՝ բնական ծննդաբերություն, թե կեսարյան հատում, ապա եթե բժշկին հարցնեք, թե զուտ տեխնիկապես որն է իրեն հարմար՝ տասներկու ժամ նստե՞լ ծննդկանի կողքին, թե՞ քսան րոպեում կեսարյան հատում անել, բնականաբար, երկրորդ տարբերակի գայթակղությունը շատ մեծ կլինի:
Շնորհակալություն մինչև վերջ կարդալու համար!
Եթե ցանկանում եք աջակցել նոր հոդվածների ստեղծմանը, դարձեք մեր Պատրոնը՝ սեղմելով ներքևում տեղակայված կոճակը։ Դա ձեզանից կխլի մեկ րոպե և ձեր առջև կբացի հատուկ ձեզ համար ստեղծված լրացուցիչ կոնտենտը։ Շնորհակալություն։
Դարձեք Պատրոն
Մենք կերտում ենք ազատ, անկողմնակալ և ոչ անտարբեր մարդկանց համամիություն։ Եթե ցանկանում եք աջակցել մեր աշխատանքին, որն ուղղված է խորը սոցիալական խնդիրները վեր հանելուն՝ սովորական մարդկանց անձնական պատմութունների միջոցով, ապա դա անելու լավագույն միջոցը մեր Պատրոնը դառնալն է։
Տեքստն ավարտվում է, պատմությունը շարունակվում է։
Մեր առաքելությունն է նպաստել փոփոխություններին հասարակության մեջ՝ կոտրելով տաբուները և ազատ քննարկելով այնպիսի կարևոր թեմաներն, ինչպիսիք են բռնությունը, աղքատությունը, խտրականությունը, ծնողական և բժշկական էթիկան և այլն։
Այստեղ պատմված պատմությունները միշտ կլինեն ազնիվ և անկողմնակալ՝ այդ թվում նաև շնորհիվ մեր Պատրոնների։ Դուք նույնպես կարող եք միանալ՝ սեղմելով կոճակն ու ընտրելով աջակցության չափը։ Շնորհակալ ենք!
Создание этой статьи было поддержано программой развития гражданского общества Армении НКО NESEHNUTÍ (Программа TRANSITION МИД Чехии)