Մազերն են մեղավոր

Հայաստանում մեկ տարի կամավորություն անելու ընթացքում Էվան տղամարդկանց կողմից բազմիցս ենթարկվել է սեռական ոտնձգությունների, մեկ անգամ էլ՝ բռնաբարության փորձի: Նա որոշեց չլռել, ու դա շատերին զարմացրեց։
Девушка смотрит в окно и улыбается

Մազերն են մեղավոր

Տեքստ՝ Հասմիկ Հովհաննիսյան
Խմբագիր`
Ֆյոդոր Կորնիենկո
Թարգմանություն`
Արփինե Գալֆայան, Սոֆյա Մանուկյան, Անահիտ Սիմոնյան

[post_published]

[show_post_categories show=”category” hyperlink=”no” parent=”no”]

Հայաստանում մեկ տարի կամավորություն անելու ընթացքում Էվան տղամարդկանց կողմից բազմիցս ենթարկվել է սեռական ոտնձգությունների, մեկ անգամ էլ՝ բռնաբարության փորձի: Նա որոշեց չլռել, ու դա շատերին զարմացրեց։

12 min read

Մեզ մոտ նման բան չի լինում

«Մի ձեռքով նա պինդ սեղմում էր ձեռքս, իսկ մյուսով` քարշ էր տալիս հեծանիվս: Ես հասկացել էի, որ դիմադրելն անիմաստ է. նա ինձնից ավելի արագաշարժ է և ուժեղ: Երբ հասկացա, որ գյուղում ենք, մասամբ թեթևություն զգացի, որովհետև այդտեղ մարդիկ կան, կարող եմ օգնության կանչել:
Հենց առաջինը երևացող տան դուռը բաց էր: Ձեռքս ազատեցի ու վազեցի: Ներս ընկա, սեղանի շուրջ ընտանիքը նստած ընթրում էր, խնդրեցի, որ թույլ տան մի քիչ մնալ իրենց մոտ` բացատրելով, որ դրսում մի տղամարդ կա, ով փորձում է ինձ բռնաբարել: Բայց նրանք գոռացին. «Հայաստանում նման բան չկա: Գնա՛ այստեղից»: Տանտիկինն ինձ դուրս հրեց ու շրխկոցով փակեց դուռը:
Ես նստեցի դռան կողքը դրված աթոռին, որպեսզի հանգստանամ, դադարեմ դողալ: Ամբողջ ընթացքում լսում էի հեծանվիս արգելակների ժանգոտ ձայնն ու գիտեի, որ նա մոտակայքում է: Բայց կինը դուրս եկավ և վռնդեց ինձ:
Վազեցի դեպի հարևան տունը: Այդտեղ տղամարդիկ ավտոմեքենա էին նորոգում: Գոռացի, որ ինձ օգնություն է պետք, և որ մեկը գողացել է հեծանիվս: Տղամարդկանցից մեկը մոտեցավ դարպասին ու կոպիտ տոնով առաջարկեց ոստիկանություն զանգել: Ես խնդրեցի, որ ինքը զանգի, որովհետև մոտս հեռախոս չկար: Բայց նա զայրացավ ու ասաց, որ հեռանամ: Գիտակցեցի, որ նույնիսկ գյուղում` մարդկանց մեջ լինելն ինձ չի օգնելու: Ես արտասահմանցի էի, և նրանց ավելորդ խնդիրներ պետք չէին»:
Էվան նկարիչ է Չեխիայից: Շատ հեշտ է մերվում մարդկանց հետ, ոգևորությամբ յուրացնում է նոր մշակույթներն ու ավանդույթները, ավտոստոպով և հեծանվով շրջել է աշխարհի կեսը: Նա շուրջ մեկ տարի Եվրոպական կամավորների ծրագրով կամավորություն էր անում Վանաձորում: Դեղնաշագանակագույն դռեդների կույտը կտրուկ տարբերակում է նրան տեղացիներից: Էվայի առույգ ու ծիծաղկոտ աչքերը խամրում են, երբ նա, երևի արդեն հարյուրերորդ անգամ, պատմում է, թե ինչ է տեղի ունեցել այն օրը Գուգարք գյուղում: Պատմելիս երբեմն լռում է ու գլուխը թեթև թափ տալիս, կարծես ուզում է հեռացնել աչքերի առջև հառնած չափազանց վառ պատկերը:

Photo: Fëdor Kornienko

Գիտեմ, որ ուզում ես

Մարտի առաջին օրն էր: Էվան հեծանիվ էր քշում Վանաձորի մոտակայքում՝ վայելելով գարնան գալուստն ավետող թարմ օդը: Ավարտվող օրվա ստվերները մեղմորեն պառկում էին գետնին, ձայներն աստիճանաբար մարում էին՝ տեղի տալով լռությանը: Խաղաղ էր ու զվարթ: Բայց ահա սարերն ավելի մոտեցան, իսկ տները հեռացան, այնուհետև անհետացան: Էվան հասկացավ, որ կորել է:
Հետդարձի ճանապարհը փնտրելով՝ նա որոշեց շրջանցել բլուրը և քաղաք վերադառնալ հակառակ կողմից: Մոտակա լքված տան կողքն արածող ձիերը վախեցան հեծանվից: Ձիերին անցնելուց հետո Էվան հետևում տղամարդու ձայն լսեց: Նրան թվաց, թե տղամարդը ձիերին է հանգստացնում: Բայց ձայնը մոտենում էր, և Էվան հասկացավ, որ տղամարդն իրեն է ինչ-որ բան ասում: Էվան որոշեց ուշադրություն չդարձնել նրան և շարունակեց ընթացքը: Ճանապարհը քանդված էր, և հեծանվի անիվները խրվում էին ծանր բեռնատարներից մնացած խոր փոսերի մեջ:
Տղամարդը հասավ նրան ու բռնեց հեծանիվը: Նա հասկացել էր, որ Էվան կորել է և առաջարկեց ցույց տալ Վանաձոր տանող ճանապարհը: Էվան փորձեց բացատրել, որ ինքն արդեն գտել է ճանապարհն ու գնում է քաղաքի լույսերի ուղղությամբ: Սակայն շփումը դժվար էր տրվում, որովհետև նա հայերեն շատ քիչ գիտեր: Երիտասարդը ռուսերեն չէր հասկանում:
Տղամարդն առանց ավելորդ խոսքերի Էվային քաշեց իջեցրեց հեծանվից: Էվան փորձեց ազատվել, սակայն նա հետևից բռնեց նրան ու ցավոտ սեղմեց կուրծքը: Հետո շպրտեց նրան գետնին ու փորձեց համբուրել: Նրանից ձիու հոտ էր գալիս: Էվայի ճիչերին ի պատասխան նա միայն քրքջաց և ասաց, որ այդտեղ մարդ չկա, և նրան ոչ ոք չի լսի: Եւ իրոք, շուրջը միայն կիսակառույց տներ էին և մի խնձորի այգի:
Տղամարդը երկու ձեռքով ամուր բռնեց նրա թևատակերից ու քարշ տվեց դեպի այն կողմ, որտեղ, ինչպես պարզվեց, լքված տուն էր: Արդեն մուտքի մոտ նա ուժասպառ էր և ստիպված եղավ բաց թողնել Էվային:
«Ես դիմադրում էի, աքացի տալիս, ճչում, և նա ձեռքը բերանս մտցրեց, որպեսզի լռեցնի: Հետո նա կարողացավ իջեցնել տաբատս: Ձեռքը դրեց կոկորդիս ու սկսեց խեղդել ինձ: Եթե մինչ այդ ինձ թվում էր, թե բավականին ուժեղ եմ ու կկարողանամ դուրս պրծնել, ապա այդ պահին ես զգացի, որ շնչահեղձ եմ լինում, որ նա կարող է սպանել ինձ, ու ոչ ոք օգնության չի գա»:
Տղամարդն իր ամբողջ ծանրությամբ ընկավ նրա վրա` ընթացքում հանելով իր անդրավարտիքը: Ազատելով ձեռքը` Էվան բռնեց նրա առնանդամն ու պտտեց: Ցավից տղամարդը մի պահ բաց թողեց նրան, և նա ոտքի ցատկեց: Բայց հաջորդ վայրկյանին տղամարդը նորից բռնեց նրան, այս անգամ՝ գլխից, և գլուխն իջեցրեց իր առնանդամի մոտ:

«Նա իր անդամը դեմքիս ու բերանիս էր խփում, ու այս կարգի մի բան ասաց՝ գիտեմ, որ ուզում ես»:

«Դա նողկալի էր: Ես ինձ այլևս մարդ չէի զգում»:

Էվան շարունակում էր դիմադրել: Հանկարծ նա Էվային գցեց գետնին և ասաց, որ էլ ձեռք չի տա, ապա հրամայեց լռել, որովհետև նրանք կգնան դեպի գյուղ: Էվան մտածեց, որ ավելի լավ է ենթարկվել, մինչև նրանք կհայտնվեն մարդկանց մեջ: Ճանապարհին տղամարդը վերցրեց հեծանիվը, բռնեց Էվայի ձեռքը և, կարծես ոչինչ էլ չի եղել, սկսեց հարցուփորձ անել, թե ինչ է նրա անունը, ինչ է անում Հայաստանում: Հետո նրա մտքով անցավ Էվայի հետ սելֆի անել: Սակայն դրա համար նա ստիպված եղավ թողնել հեծանիվը և Էվայի ձեռքը, որպեսզի կարգավորի հեռախոսը: Էվան կրկին փորձեց փախչել: Նա նորից հասավ Էվային, և չգիտես ինչու իր գրպանից մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ հանեց:

«Մտածեցի, որ նորից ուզում է ինձ գետնին գցել ու նույնիսկ սպանել ու մատնահետքեր չթողնել: Կարծես չէր հասկանում, որ արդեն բավականին շատ հետքեր է թողել: Բայց նա նորից բռնեց թևիցս ու քաշեց ինձ: Նա խաղ էր անում ինձ հետ, ինչպես կատուն մկան հետ»:

Ինչ-որ պահի Էվան կարողացավ փախչել բռնարարից, բայց օգնություն չստանալով երկու տներից ոչ մեկում` շարունակեց վազել և նորից նրան պատահեց: Նա բարկացած էր, գոռում էր ու Էվային «сука» (ռուս.՝ բոզ) անվանեց: Ապա նորից հանկարծակի հանգստացավ, խոստացավ վերադարձնել հեծանիվը և բաց թողնել… համբույրի դիմաց: Մինչ Էվան ապշահար նրա դեմքին էր նայում, նա հեռախոսով ինչ-որ մեկին զանգեց ու խնդրեց գալ այդտեղ: Նրանք արդեն դուրս էին եկել մայրուղի: Էվան մտածեց, որ քանի որ նա միայնակ չի հաջողել բռնաբարել իրեն, հիմա էլ ընկերներին է կանչում, այնպես որ լավ կլինի, որ ինքն արագ հեռանա այդտեղից: Նա փորձեց կանգնեցնել անցնող մեքենաները: Մի մեքենա կանգնեց, Էվան խնդրեց իրեն քաղաք հասցնել: Բայց երբ տղամարդը մոտեցավ մեքենային, վարորդը բացականչեց. «Արմե՛ն, բարև, ո՞նց ես»: Նրանք մի քիչ զրուցեցին, ու մեքենայի վարորդը քշեց, գնաց:

«Ես ցատկեցի կանգ առած հաջորդ մեքենայի մեջ ու ներսից կողպեցի դուռը: Նույն պահին տեղ հասան Արմենի ընկերներն իրենց մեքենայով: Նրանցից մեկը մոտեցավ մեքենային ու սկսեց ինձ համոզել դուրս գալ` դրան զուգահեռ վարորդին բացատրելով, որ ես սթրեսի մեջ եմ և չեմ հասկանում, թե ինչ եմ անում: Վարորդն ինձ խնդրեց դուրս գալ իր ավտոմեքենայից: Ես ասացի, որ նրանք ուզում են ինձ վնասել, բայց նա չլսեց»:

Էվան դուրս եկավ մեքենայից: Նրանցից մեկը վերադարձրեց հեծանիվը: Էվան նստեց ու անմիջապես հեռացավ. Արմենի ընկերների մեքենան որոշ ժամանակ հետապնդում էր նրան: Վանաձորի մոտ նրանք գլուխները դուրս հանեցին մեքենայի պատուհաններից, սուլեցին ու հեռացան:

Ի՞նչ կասես Հայաստանի մասին

Տուն վերադառնալով՝ Էվան հայտնաբերեց, որ ոտքից գլուխ թաց է: Փաստորեն, ուժեղ անձրևում էր, իսկ նա չէր էլ նկատել: Նրա սենյակակից հարևանուհին ասաց, որ վստահ էր՝ Էվան մի տեղ թաքնվել է անձրևից, այդ պատճառով էլ չէր անհանգստացել նրա ուշացումից: Էվան չէր ուզում խոսել ոչ մեկի հետ: Ուշքի գալու համար ժամանակ էր պետք: Պիտի գիտակցեր այն մղձավանջը, որի միջով անցել էր, որպեսզի ընդուներ, որ դա իրական է ու չի անհետանալու նոր օրվա հետ:

Հաջորդ առավոտյան Էվան իր համակարգողի հետ գնաց Գուգարքի ոստիկանական բաժանմունք: Նրանք այստեղ հասան կեսօրին, բայց դուրս եկան կեսգիշերին: Հաջորդող հինգ օրերն անցան նույն ռեժիմով: Նա ստիպված էր նորից ու նորից կրկնել իր պատմությունը:

Սկզբում նա պատմեց դա մուտքի մոտ կանգնած սպաներին, ովքեր ալարկոտ ծխում էին, հետո պատմեց ներսում գտնվող աշխատակցին, հետո՝ Լոռու մարզի քննիչին, որի հետ միասին գնացին դեպքի վայր: Նա հիշում էր հանցագործի արտաքինն էլ, անունն էլ: Նկարագրությանը համապատասխանում էր 24-ամյա Արմեն Ֆ.-ն, ով երիտասարդ կին և փոքր երեխա ուներ: Նրան ձերբակալեցին: Ինքնությունը պարզելու գործընթացի համար բռնարարին ու զոհին կանգնեցրել էին նույն սենյակում` երես առ երես: Նա նույն հագուստով էր, ինչ նախորդ օրը:

Ոստիկանությունը հենց առաջին օրը որոշեց առերեսում կազմակերպել, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը պատահածի իր տարբերակը պատմի: Նրանք բացատրեցին, որ կոնֆլիկտի կողմերը հաճախ կարողանում են վեճը լուծել խաղաղ ճանապարհով, առանց դատարան մտնելու:

«Ես ցնցված էի: Ի՞նչ խաղաղ ճանապարհի մասին էր խոսքը: Իմ երկրում բռնության զոհից ընդամենը մեկ անգամ են վկայություն վերցնում, որը ձայնագրում են, և զոհը չի հանդիպում բռնարարի հետ: Ինձ մի քանի ժամ շարունակ հարցաքննեցին, ես սպառված էի, նույնիսկ ուտելու հնարավորություն չէին տվել: Համաձայնեցին սպասել մինչև հաջորդ օրը: Հաջորդ օրը նրանք նորից ինձ հարցաքննեցին մինչև գիշեր, իսկ հետո ներս բերեցին նրան»:

Photo: Eva’s private archive

Էվան ստիպված էր մի քանի ժամ անցկացնել բռնարարի հետ նույն սենյակում փակված և կրկնել պատմությունը, այս անգամ՝ նրա ներկայությամբ: Նա պատմում էր, ոստիկանության հրավիրած թարգմանիչը թարգմանում էր, իսկ քննիչն էլ ձեռքով գրի էր առնում:

Այնուհետև Արմենը՝ բռնարարը, պատմեց իր տարբերակը: Ըստ նրա, նա Էվային տեսել էր, երբ վերջինս նստել էր գետնին՝ հանգստանալու: Նա նստել էր նրա կողքին, սկսել էր գրկել ու համբուրել, ամեն ինչ լավ էր: Բայց հետո ինչ-որ անհասկանալի բան էր պատահել և Էվան, ով մինչ այդ տրվում էր, հանկարծակի սկսել էր դիմադրել, ու նա դադարեցրել էր իր գործողությունները: Իսկ Էվայի մարմնի վրայի կապտուկներն ու քերծվածքները նա բացատրեց այսպես. Էվան կատակով կճմտել էր իրեն, իսկ ինքն ուժեղ խուտուտ ունի: Երևի թե փորձելով ազատվել` պատահաբար հրել էր նրան, նա ընկել էր ու կպել քարին:

Դատելով Էվայի ամբողջ մարմնի վրա տարածված բազմաթիվ կապտուկներից` նա շատ ուժեղ էր ընկել, հետո էլ թավալ էր եկել քարերի վրա:

«Ամենից անհեթեթն այն էր, որ նա չէր էլ հասկանում, որ վատ բան է արել: Նույնիսկ բաժանմունքում նա իրեն ոչ ադեկվատ էր պահում: Երբ ես ասացի, որ զանգել էր ինչ-որ մարդկանց, նա ճչաց, թե դա սուտ է՝ չհասկանալով, որ ոստիկանությունը հավանաբար արդեն իսկ ստուգել է նրա կատարած հեռախոսազանգերը: Երբ ես հաստատեցի նրա ինքնությունը, նա ասաց, որ մտքով էլ չէր անցնի բռնաբարել ինձ, քանի որ միայն հիմարը չգիտի, որ Եվրոպայի կեսը ՁԻԱՀ-ով է վարակված»:

Երբ նրանց հնարավորություն է տրվել միմյանց հարցեր տալու, Արմենն Էվային հարցրել է՝ «Ի՞նչ կասես Հայաստանի մասին»:

Photo: Eva’s private archive

Ինչու էիր ծիծաղում

Դատաբժշկական փորձագետը գրանցում էր Էվայի մարմնի վրա եղած կապտուկներն ու քերծվածքները: Սենյակում նստած էին ոստիկաններ, բոլորը տղամարդիկ, և ծխում էին: Բաց պատուհանից լսվում էին փողոցի ձայները:

Փորձագետն էվային զննեց անփութորեն` առանց թաքցնելու, որ խիստ կասկածում է, որ տեղի ունեցածը եղել է Էվայի կամքին հակառակ: Կարդալով նրա ցուցմունքը` հարցրեց, թե որտեղից է ճանաչում Արմենին:

«Ես պատասխանեցի, որ այդ օրը կյանքումս առաջին անգամ եմ նրան տեսել, և հուսով եմ, որ այլևս երբեք չեմ տեսնի: Բժշկական փորձագետը անտեսեց իմ պատասխանն ու նորից հարցրեց. «Իսկ ինչքա՞ն ժամանակ է՝ հանդիպում եք»:

Եւս մի քանի անգամ իրավիճակը նկարագրելուց հետո ոստիկաններն ամենայն լրջությամբ հարցրին` արդյոք նա վստա՞հ է, որ Արմենն իրոք ցանկանում էր բռնաբարել իրեն, այլ ոչ թե, ասենք, թալանել:

«Այնպիսի տպավորություն էր, թե նրանք ինձ ընդհանրապես չեն լսում: Նա չէր փորձել խլել ուսապարկս կամ գրպանս մտնել:

«Նրա ձեռքերը ներքնազգեստիս մեջ էին: Ի՞նչ էր նա ուզում գողանալ` հետո՞ւյքս»:

Արմենի նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Էվային վստահեցրին, որ մինչ այդ մեղադրանքները հերքող հանցագործը, ի վերջո, խոստովանել է իր մեղքը, ուստի դատավարությունը մեկ կամ երկու նիստից ավել չի տևի։ Սակայն այն ամիսներ տևեց։

Առաջին երկու նիստերը հետաձգվեցին, քանի որ Էվայի նոր թարգմանիչը չէր ժամանում: Երրորդ նիստի ժամանակ պաշտպանական կողմը պատրաստ չէր, քանի որ ամբաստանյալը փոշմանել էր և ետ վերցրել ինքնախոստովանական ցուցմունքը։ Այնուհետ, ամբաստանյալի փաստաբանը հրաժարվեց գործը շարունակել ֆինանսական անհամաձայնությունների պատճառով։ Հաջորդ նիստին պարզվեց, որ նոր փաստաբանը չի հասցրել ծանոթանալ գործին:

Դա վերջին նիստն էր, որին Էվան կարող էր ներկա գտնվել: Մի քանի օրից նա մեկնելու էր Չեխիա:

Պաշտպանական կողմին տրվեց երկու ժամ նախապատրաստվելու համար։ Վերադառնալով նիստին՝ փաստաբանը հայտարարեց, որ գործում նշված է, որ առաջին նիստի ժամանակ Էվան ծիծաղել է, և հարցրեց՝ գուցե՞ Էվան բնավ այնքան էլ վատ չէր, ինչպես փորձում է ներկայացնել։

«Առաջին նիստի ժամանակ Արմենը շատ ագրեսիվ էր։ Նա ինձ անդադար ընդհատում էր՝ գոռալով, որ ինքը պետք է առաջինը խոսի, որպեսզի ես կողքից լսեմ, թե ինչ է եղել իրականում ու ընդունեմ, որ ես սխալ եմ։ Ես ծիծաղեցի։ Կյանքումս առաջին դատական նիստն էր, ես շատ լարված էի, և ծիծաղս նյարդային արձագանք էր նրա անհեթեթ պահվածքին ու խոսքերին։ Հինգ րոպե անց, ցուցմունք տալիս, ես արդեն լաց էի լինում»։

Առաջին իսկ օրվանից Էվան ապշած էր, թե որքան անփույթ են վերաբերվում Հայաստանի թե՛ ոստիկանությունը, թե՛ ամբողջ դատական համակարգը սեռական ոտնձգություն վերապրած անձանց։

Դատական նիստերից մեկի ընթացքում պաշտպանական կողմը հարցրել էր՝ արդյո՞ք Արմենի առնանդամը բավականին ամուր էր հեշտոց ներթափանցելու համար, որպեսզի կարելի լինի նրան մեղադրել բռնաբարության փորձի մեջ:

«Կարծում եմ՝ բռնաբարության թեման, ինչպես նաև սեքսի հետ կապված ամեն ինչ, այնքան մեծ տաբու է, որ հայաստանցի կանայք դժկամությամբ են նման դեպքերում բողոք ներկայացնում ոստիկանություն: Եւ, իրականում, ոստիկանները պարզապես չգիտեն` ինչպես վարվել»,- ասում է Էվան:

Էվայի փաստաբանն Ինեսա Պետրոսյանն է, որն աշխատում է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունում։ Կազմակերպությունն անվճար իրավաբանական և հոգեբանական աջակցություն է տրամադրում սեռական բռնություն վերապրած անձանց։ Ինեսայի խոսքերով` սեռական բռնության դեպքերի պարագայում գլխավոր խնդիրն այն է, որ քննչական մարմիններն առաջին հերթին փորձում են մեղքը դնել զոհի ուսերին։

«Նրանք մանրակրկիտ հարցաքննում են զոհին, օրինակ` թե ինչու էր նստել մեքենան, ինչու էր գնացել այնտեղ, ինչու էր շատ ծիծաղում, ինչու էր կարճ հագնված։ Շատերը չեն դիմանում այդ ճնշմանը և դիմում չեն գրում։ Էվայի դեպքում ևս փորձում էին «կեղտ բռնել», բայց նա, բարեբախտաբար, լավ տեղեկացված էր իր իրավունքներից և գործը դատարան հասցրեց»։

Էվայի պահանջով առաջին նիստերը դռնբաց էին։ Բայց մի քանի նիստից հետո դատավորը որոշեց, որ դատավարությունը պետք է դռնփակ լինի՝ Արմենի ընտանիքին պաշտպանելու նկատառումով։ Նրա առաջին փաստաբանը պնդում էր, որ դատարանը չպետք է մոռանա, որ ամբաստանյալը կին և մանկահասակ երեխա ունի։ Ընտանիքը չպետք է խայտառակվի։

Մտածիր նրա ընտանիքի մասին

Բռնարարի ընտանիքի շահերի մասին, ի դեպ ի վնաս զոհի շահերի, հոգ տարավ նաև մամուլը: Քննությունն սկսվելու հաջորդ օրը էլեկտրոնային դեղին մամուլի` Shamshyan-ի կայքում տեղի ունեցածի մասին գրառում հայտնվեց, որտեղ հրապարակված էր Էվայի մասին մանրամասն տեղեկություն` անունը, տարիքը, աշխատանքի և բնակության հասցեները։ Մինչդեռ, մեղադրյալը նշվում էր միայն որպես «Արմեն Ֆ․»։

Տեղեկությունն արագ տարածվեց: Հոդվածը մոտ 10.000 դիտում ունեցավ, ինչը Վանաձորի պես փոքր քաղաքի համար լիարժեք բավարար էր, որ Էվան աստղ դառնա։

«Ե՛ւ մենք, և՛ ոստիկանությունը տեղեկության գաղտնիության մասին թուղթ էինք ստորագրել: Արտահոսքը, բնականաբար, իրենց մոտից է եղել»:

Հետևանքները վրա հասան անմիջապես։ Արմենի եղբայրն սկսեց հետապնդել Էվային, թարգմանչի միջոցով փոխանցել էր, որ Էվան պետք է վերանայի իր դիրքորոշումն ու հետ վերցնի բողոքը` ակնարկելով, որ խնդիրը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով։ Նաև կոչ էր արել մտածել Արմենի փոքր երեխայի մասին։

«Շատերն էին փորձում ինձ մոտ խղճահարություն առաջացնել` շահարկելով երեխայի առանց հայր մեծանալու հանգամանքը։ Չգիտես ինչու, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ նախ և առաջ Արմենը պետք է սեփական երեխայի մասին մտածեր։ Մարդիկ խնդրում էին, որ բողոքս հետ վերցնեմ, որովհետև իբրև թե բռնաբարության համար նստողներին դաժանորեն բռնաբարում են բանտում։ Թերևս, մինչ այժմ ինձ ասվածներից ամենաանհեթեթը հետևյալն էր. «իրականում բան էլ չի պատահել, նրան չի հաջողվել քեզ բռնաբարել»։

Ես գիտեմ, որ Հայաստանում ընդունված է հարցերը լուծել բռունցքներով ու կաշառքով, բայց ինձ համար դա երբևէ ճիշտ ու լավ ձև չի եղել։ Ինձ համար կարևոր է գնալ դատարան, որպեսզի նրա նմաններին հասցնեմ ուղերձս, որ նրա արածը հանցագործություն է, ուստի նա պետք է պատիժ կրի։ Նրա ընտանիքը չէր կարող ինձ կաշառել՝ շատ աղքատ են, ու պարզապես որոշել էին զգացմունքներիս հետ խաղալ»։

Էվան չգիտեր, թե դիմումը հետ վերցնելուց հրաժարվելն ինչ հետևանքների կհանգեցնի. այլևս իրեն ապահով չէր զգում Վանաձորում։ Բնակարան փոխելը չէր օգնի. բավարար էր հարցուփորձ անել «տարօրինակ մազերով» աղջկա մասին, ու հեշտությամբ հնարավոր կլիներ գտնել նրան այդ փոքր քաղաքում: Հաջորդող նիստերին Էվան գնում էր Երևանից:

Հաղթահարելով վախը

Վանաձորում Էվայի ընկերների մեծ մասը տղամարդիկ էին։

«Կին ընկերներ գտնելը միշտ ավելի դժվար էր։ Նրանց գրեթե անհնար էր բռնացնել, շատ դժվար էր նրանց հետ հանդիպելը կամ շփվելը աշխատանքից հետո։ Բոլորը շտապում էին տուն, քանի որ ծնողները թույլ չէին տալիս ուշ ժամի դրսում լինել։ Ինձ էլ էին զգուշացնում, որ դա վտանգավոր է»։

Բայց Էվան չէր ցանկանում հնազանդորեն ենթարկվել հայրիշխանության չգրված կանոններին՝ եթե չես ուզում, որ տղամարդը քեզ նեղացնի, ուրեմն կարճ մի՛ հագիր, ալկոհոլ մի՛ խմիր, մի՛ նստիր նրա մեքենան, անգամ եթե դա տաքսի է, մթին դրսում մի՛ մնա:

Photo: Eva’s private archive

«Ես միշտ սիրել եմ գիշերվա կողմ զբոսնել դատարկ փողոցներում` մտքերիս ու անցած օրվա ապրումներիս հետ մենակ մնալով։ Երբ ենթարկվում ես «վտանգներից հեռու մնալու» վերաբերյալ կանոններին, դու կարծես ինքդ ես տղամարդուն իրավունք տալիս քեզ հետ վատ վարվելու, եթե հանկարծ խախտես դրանցից որևէ մեկը»։

Էվան ասում է, որ փորձում էր սեփական վախի գերին չդառնալ, բայց դա ներքին մեծ ջանքեր էր պահանջում։ Սկզբում, երբ նրան մոտենում էր անծանոթ տղամարդ, նա նախընտրում էր փախչել։ Սոսկ միտքն այն մասին, որ որևէ մեկը կրկին կարող է փորձել բռնաբարել իրեն, անտանելի էր։

«Տղամարդկանց այլևս չէի վստահում։ Սա շատ բարդացրեց հարաբերություններն առհասարակ։ Առնանդամը կանանց նվաստացնելու գործիք էր դարձել, դոմինանտության խորհրդանիշ։ Այն ինձ մոտ նողկանքի զգացում էր առաջացնում»։

Արտասահմանցի կանայք դրդում են

Եթե բռնությունից տուժած տեղացի կանանց հանդեպ հայաստանյան հասարակությունը գոնե մի փոքր կարեկցանք է տածում, ապա արտասահմանցիների դեպքում դա այդպես չէ. անմիջապես սկսում են դատապարտել:

Երբ ոստիկանությունը որպես վկա հարցաքննել է այն տան բնակիչներին, ովքեր հրաժարվել էին Էվային օգնել, նրանք ընդունել են, որ Էվայի դիմաց փակել էին իրենց դռները, որովհետև չէին հավատացել նրան. «Բոլորը գիտեն, որ Հայաստանում «նման բան» չկա, իսկ եթե կա էլ, ուրեմն արտասահմանցի կանայք իրե՛նք են դրդում»:

Էվան այդ կարծրատիպին Հայաստանում բախվել է ամենուր՝ աշխատանքից ազատ ժամանակ ավտոստոպով Հայաստանով ճամփորդելիս, հանրային տրանսպորտից օգտվելիս և նույնիսկ փողոցում քայլելիս:

Անծանոթները նրա հասցեին մեկնաբանություններ էին անում, հատկապես մազերի հետ կապված: Ավտոբուսներում երիտասարդները մշտապես մոտենում, իրենց հեռախոսահամարներն էին ստիպողաբար տալիս, իրենց ընկերակցությունն էին առաջարկում, նման ընկերակցության, իրենց կարծիքով տրամաբանական, ավարտի մասին ակնարկներ էին անում:

Ամենահամարձակներն ուղղակիորեն սեքս էին առաջարկում:

Կենցաղային պարզությամբ, կարծես մի կտոր հաց էին գնում:

«Մի մեքենայի վարորդ իր հեռախոսի նկարներն էր ցույց տալիս. «Ահա կինս, ահա երեխաներս, տես ինչ սիրուն են», ու հետո հանկարծ «իսկ սա… հավանո՞ւմ ես»: Դա, իհարկե, նրա անդամի նկարն էր: Մի անգամ էլ մի երիտասարդ ինձ մեքենայով քաղաք հասցրեց: Հարցրեց՝ Վանաձորում ինչ եմ անում: Պատասխանեցի ու հետո իրեն հարցրի, թե ինչ է անում Վանաձորում: Ասաց, որ ինձ Վանաձոր է տանում, քանի որ սեքս է ուզում: Ես զայրացած ու վիրավորված էի, իսկ ինքը խիստ զարմացավ. «Բայց ես կվճարեմ քեզ»»:

Երբ Էվան այս հարցի շուրջ զրուցել է այլ արտասահմանցի աղջիկների հետ, պարզվել է, որ հայկական իրականության մեջ նմանատիպ ոտնձգությունն ամենևին հազվադեպ չէ: Շատերը բողոքում էին, որ տղամարդիկ իրենց ընկալում են ոչ թե որպես անձ, այլ իր, որը կարելի է ձեռք բերել ուզածդ պահին:

«Շատ տղամարդիկ ապշում էին, որ ես վիրավորվում եմ իրենց առաջարկներից: Եւ նրանք, ամենայն լրջությամբ, բացատրում էին ինձ, որ չեխերը գրեթե ռուս են, իսկ ռուս կանայք պատրաստ են ցանկացածի հետ սեքսով զբաղվել շաբաթը 7 օր, օրական 24 ժամ»:

Մեկ այլ տարածված կարծիք էլ այն է, որ արտասահմանցիները հակված են քանդելու «լավ տղայի» կյանքը: Նրանք գայթակղում են այդ տղաներին ու իրենց նենգ թակարդները գցում, որ հետո դատի տան նրանց ու փող պոկեն:

Էվան կարծում է, որ հայերն իրենց հոգում փայփայում են այն առասպելը, թե Երկիր մոլորակի վրա Հայաստանը վերջին վայրն է, ուր չեն ներթափանցել կեղտը, հանցագործությունն ու գռեհկությունը: Շատերն, ըստ նրա, պատրաստ են բոլոր մահացու մեղքերը, նաև արժեհամակարգի պակասը, ցածր բարոյական վարքն ու անառակությունն օտարներին վերագրել… Որպեսզի վերջին ապահով հանգրվանի պատրանքը չփշրվի:

Ստացվում է՝ հայկական աշխարհում բռնաբարությունը հանցանք չէ, այլ պատիժ է «անպարկեշտ» պահվածքի համար։

Photo: Eva’s private archive

Որպեսզի կանայք չլռեն

Արմեն Ֆ.-ի նկատմամբ քրեական գործ հարուցվելուց հետո Վանաձորում կային կանայք, ովքեր Էվային առաջարկում էին հետ վերցնել իր բողոքը և «չխայտառակել իրեն»:

Ամոթը, օրինապահ և դատական համակարգերի հանդեպ թերահավատությունը, սեփական իրավունքների չիմացությունը, բռնարարի բարեկամների կողմից վենդետայի վախը, ծեծկռտուքով հարցեր լուծելու ավանդույթը, հանրության կողմից դատապարտվելու վախը այն պատճառներն են, որոնցից դրդված բռնաբարության դեպքերի մասին լռում են հենց բռնության ենթարկված կանայք:

«Չեմ ակնկալում, որ իմ պատմությունը հայ կանանց մտածելակերպը միանգամից կփոխի: Բայց որոշեցի իմ դեպքի մասին բարձրաձայնել, որպեսզի մյուս կանանց էլ ոգեշնչեմ ու կոտրեմ լռությունը: Կարևոր է իմանալ, որ մենակ չես, որ մեղավորը դու չես ու չպետք է որևէ բանից ամաչես: Հակառակը՝ պետք է ոստիկանություն դիմես ու հասնես նրան, որ հանցագործը պատժվի: Զոհի լռությունն ու բռնարարի անպատժելիությունը նորանոր բռնությունների տեղիք են տալիս»:

Գործընթացային ճահիճ

Քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար հանցագործը դատապարտվում է 3-6 տարվա ազատազրկման:

Վերջին դատական նիստի ժամանակ, որին Էվան ներկա էր, Արմենը «փորձեց» կտրել երակները: Նրան դատարանից հեռացրեցին, իսկ դատական նիստը կրկին հետաձգվեց:

Հաջորդ նիստին Արմենի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու մասին: Նրա բարեկամները մեկ միլիոն դրամ (մոտ 2000 ԱՄՆ դոլար) գրավ վճարեցին, որի դիմաց նա հաջորդ դատական նիստերին արդեն ազատության մեջ էր սպասելու:

Արմենի երեխան մեկ տարեկան է: Պաշտպանությունը ենթադրել էր, որ դրա շնորհիվ Արմենի վրա կտարածվի Հայաստանում վերջերս ընդունված ամենամեծ համաներումը, բայց այդպես չեղավ:

Պաշտպանությունը նաև որպես ապացույց ներկայացրել էր ժամանակին մեղադրյալի՝ նյարդաբանական խնդիրների պատճառով բանակից ազատվելու հանգամանքը, ուստի դատարանը բժշկա-հոգեբուժական փորձաքննություն էր նշանակել: Հերթական անգամ գործընթացը երկարաձգվել էր:

Էվան սկսել է վերականգնվել և առաջ շարժվել, բայց նա սպասում է արդարության հաստատմանը: Հնարավոր է, այդ արդարությունը շատ ավելի կարևոր է Հայաստանի, քան թե Էվայի համար:

Հավելում. 2019թ. մայիսին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Արմեն Ֆ.-ին դատապարտել 3 տարվա ազատազրկման:

Հավելում. 2019թ. մայիսին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Արմեն Ֆ.-ին դատապարտել 3 տարվա ազատազրկման:

Դարձեք Պատրոն

Մենք կերտում ենք ազատ, անկողմնակալ և ոչ անտարբեր մարդկանց համամիություն։ Եթե ցանկանում եք աջակցել մեր աշխատանքին, որն ուղղված է խորը սոցիալական խնդիրները վեր հանելուն՝ սովորական մարդկանց անձնական պատմութունների միջոցով, ապա դա անելու լավագույն միջոցը մեր Պատրոնը դառնալն է։

Տեքստն ավարտվում է, պատմությունը շարունակվում է։

Մեր առաքելությունն է նպաստել փոփոխություններին հասարակության մեջ՝ կոտրելով տաբուները և ազատ քննարկելով այնպիսի կարևոր թեմաներն, ինչպիսիք են բռնությունը, աղքատությունը, խտրականությունը, ծնողական և բժշկական էթիկան և այլն։

Այստեղ պատմված պատմությունները միշտ կլինեն ազնիվ և անկողմնակալ՝ այդ թվում նաև շնորհիվ մեր Պատրոնների։ Դուք նույնպես կարող եք միանալ՝ սեղմելով կոճակն ու ընտրելով աջակցության չափը։ Շնորհակալ ենք!


Translation of the article was supported by the civic society support programme in Armenia by NESEHNUTÍ (Transition programme of Czech MFA)